ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան
Սույն օրենքի նպատակը գույքի եւ եկամուտների հայտարարագրման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական, համայնքների եւ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեների (այսուհետ՝ բյուջե) նկատմամբ ֆիզիկական անձանց ունեցած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության, հայտարարագիր ներկայացնողների (այսուհետ՝ հայտարարատու) գույքի եւ եկամուտների հայտարարագրման նկատմամբ հասարակության վստահության, կոռուպցիայի դեմ պայքարի գործուն կառուցակարգերի ապահովումն է:
Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է հայտարարագրի ներկայացման, հայտարարատուների գույքի եւ եկամուտների վերաբերյալ տեղեկությունների ստացման կարգերը, ժամկետները, ինչպես նաեւ պատասխանատվությունը օրենքի խախտումների համար:
Հոդված 2. Հայտարարագրման իրավական կարգավորումը
1. Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ II.
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
Հոդված 3. Հայտարարագրի հասկացությունը
1. Սույն օրենքով նախատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագիրը (այսուհետ՝ հայտարարագիր) հայտարարատուի գրավոր հայտարարությունն է՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող հայտարարագրման ենթակա գույքի, եկամուտների եւ դրանց ստացման աղբյուրների, հարկային արտոնությունների եւ բյուջեի նկատմամբ պարտավորությունները հաշվարկելու եւ վճարելու մասին:
2. Հայտարարագրի ձեւը եւ լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայտարարագիրը կարող է ունենալ հավելված: «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տարեկան եկամուտների մասին հաշվարկը սույն օրենքով սահմանված հայտարարագրի հավելվածն է, որը «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացնում են տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող անձինք:
4. Բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի՝ հայտարարագիրը ներկայացվում է հարկային տարվա համար, որն ընդգրկում է հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածը:
Հոդված 4. Հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող հիմնական պահանջները
1. Հայտարարագիրը ֆիզիկական անձի կողմից լրացվում է կապույտ կամ սեւ գույնի գնդիկավոր գրիչով, մեքենագրական տեքստով կամ հաշվողական (համակարգչային) տեխնիկայի միջոցով:
2. Հայտարարատուն ստորագրում է հայտարարագրի բոլոր էջերը:
3. Կատարված ուղղումները վավերացվում են հայտարարատուի կողմից:
4. Հայտարարագրի լրացման ենթակա տվյալները հայտարարատուն պետք է լրացնի ամբողջությամբ՝ եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
5. Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը, սեփականատերերի համաձայնությամբ, հայտարարագրում է սեփականատերերից մեկը՝ նշելով նաեւ ընդհանուր համատեղ սեփականատերերին:
6. Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքը յուրաքանչյուր հայտարարատու հայտարարագրում նշում է իր բաժնեմասի չափով:
7. Հայտարարատուն հայտարարագրում է իրեն եւ իր խնամարկյալին սեփականության (այդ թվում՝ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային) իրավունքով պատկանող (այսուհետ՝ սեփականության իրավունքով պատկանող) գույքը եւ եկամուտները:
8. Արտարժույթով արտահայտված գումարը հայտարարատուն հայտարարագրում արտացոլում է արտարժույթի անվանական արժեքով:
9. Բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված եկամուտը հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
10. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը հայտարարագրում է Հայաստանի Հանրապետությունում եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս ունեցած գույքը եւ (կամ) ստացած եկամուտը:
11. Ոչ ռեզիդենտը հայտարարագրում է Հայաստանի Հանրապետությունում ունեցած գույքը եւ (կամ) Հայաստանյան աղբյուրներից ստացած եկամուտը:
12. Սույն հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերի դրույթները չեն տարածվում բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման եւ պահպանման համար նախատեսված այն տարածքների, շինությունների, գույքի եւ այլ գույքային իրավունքների վրա, որոնք ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շինության բոլոր սեփականատերերին:
ԳԼՈՒԽ III.
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԸ, ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Հոդված 5. Հայտարարատուն
1. Սույն օրենքի համաձայն հայտարարատու է համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը՝ Հայաստանի Հանրապետությունում եւ (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սեփականության իրավունքով իրեն պատկանող սույն օրենքով սահմանված գույք եւ (կամ) եկամուտ ունենալու դեպքում:
Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է հանդիսանում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր եւ ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված է անձի ընտանեկան կամ տնտեսական շահերի կենտրոնը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը եւ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը.
2) ոչ ռեզիդենտը՝ Հայաստանի Հանապետությունում սեփականության իրավունքով իրեն պատկանող սույն օրենքով սահմանված գույք ունենալու եւ (կամ) եկամուտ ստանալու դեպքում: Ընդ որում, սույն օրենքի իմաստով ոչ ռեզիդենտ է հանդիսանում սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձը:
2. Հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնում է իր հաշվառման, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրի (այսուհետ՝ հաշվառման վայրի) հարկային մարմին:
Հոդված 6. Հայտարարագրման ենթակա գույքը
Հայտարարագրման ենթակա է հայտարարատուին սեփականության իրավունքով պատկանող հետեւյալ գույքը՝
1) անշարժ գույքը՝ հողամասը, ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտը, անտառը, բազմամյա տնկին, շենքը, շինությունը, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու: Ընդ որում, երեք միլիոն դրամը գերազանցող արժեք ունեցող բնակելի նշանակության (բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանը, ավտոտնակը, այգետնակը, բնակելի տունը եւ նրան կից տնտեսական շինությունները՝ անասնաշենք, հացատուն, ամառային խոհանոց, մարագ) շինությունները հայտարարագրվում են պարտադիր, իսկ երեք միլիոն դրամից պակաս արժեք ունեցող բնակելի նշանակության շինությունները՝ հայտարարատուի հայեցողությամբ.
2) շարժական գույքը՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենան կամ մեխանիզմը, օդային, ջրային փոխադրամիջոցը: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների շարքին են դասվում այն տրանսպորտային միջոցները, որոնց շարժիչների աշխատանքային ծավալը գերազանցում է 50 խոր. սմ, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 50 կմ/ժ, ինչպես նաեւ տարբեր բեռնատարողությամբ կցորդները կամ կիսակցորդները.
3) դրամական միջոցը, բանկերում եւ (կամ) վարկային կազմակերպություններում ունեցած հաշիվների, այդ թվում՝ ավանդների գումարները (Հայաստանի Հանրապետության դրամը, արտարժույթը).
4) արժեթուղթը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթը՝ բացառությամբ բանկային վկայագիրը) եւ (կամ) այլ ներդրումը (բաժնեմասը, փայաբաժինը եւ այլն).
5) թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորը.
6) երեք միլիոն դրամը գերազանցող ցանկացած պահանջի իրավունքը.
7) սույն հոդվածի 1-6-րդ մասերում չնշված այն գույքը, որի օտարումը հայտարարատուին կարող է ապահովել երեք միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի եկամուտ: Նշված գույքը հայտարարագրվում է հայտարարատուի հայեցողությամբ:
Հոդված 7. Հայտարարագրման ենթակա եկամուտները եւ դրանց ստացման աղբյուրները
1. Հայտարարատուն սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում հայտարարագրում է հարկային տարում ստացած՝ սույն հոդվածով սահմանված եկամուտները եւ դրանց ստացման աղբյուրները:
Հայտարարատուի եկամուտների ստացման աղբյուր է հանդիսանում այն անձը, որը հարկային տարում հայտարարատուին վճարել է սույն հոդվածով սահմանված եկամուտ: Մասնավորապես, եկամուտների ստացման աղբյուր կարող են հանդիսանալ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, առեւտրային, ոչ առեւտրային կազմակերպությունը, հիմնարկը, մասնաճյուղը, ներկայացուցչությունը, անհատ ձեռնարկատերը (այսուհետ՝ կազմակերպությունը) կամ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձը:
Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը եւ (կամ) պարտադիր այլ վճարները եկամտի ստացման աղբյուրի մոտ պահված լինելու դեպքում հայտարարատուն եկամուտները հայտարարագրում է առանց այդ գումարների: Սույնը չի տարածվում «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող անձանց վրա:
2. Սույն օրենքի համաձայն հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված հետեւյալ եկամուտները՝
1) աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները.
2) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առեւտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) եւ հեղինակային վարձատրությունը.
3) ստացված փոխառությունները (վարկերը) կամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը եւ այլ հատուցումը.
4) շահաբաժինները.
5) խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).
6) մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաեւ վիճակախաղերի իրային կամ դրամական շահումները (մրցանակները).
7) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).
8) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում՝ դրամական միջոցները).
9) ապահովագրական հատուցումները.
10) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.
11) գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց (այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածում չնշված) ստացված եկամուտը.
12) վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը.
13) միանվագ վճարները.
14) գույքային իրավունքներից ստացված եկամուտը:
3. Հայտարարագրման ենթակա են նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով չսահմանված այլ եկամուտները՝ նշելով դրանց տեսակները եւ ստացման աղբյուրները:
ԳԼՈՒԽ IV.
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 8. Հայտարարագիր ներկայացնելու կարգը եւ ժամկետները
1. Հայտարարատուները հայտարարագրերը ներկայացնում են յուրաքանչյուր հարկային տարվա համար՝ ոչ ուշ, քան հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:
2. Մինչեւ հարկային տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի ստացման աղբյուրի) դադարեցնելու եւ Հայաստանի Հանրապետությունից մշտական բնակության մեկնելու դեպքում հայտարարատուն պարտավոր է հայտարարագիրը ներկայացնել ոչ ուշ, քան՝ մեկնելուց մեկ ամիս առաջ:
3. Հայտարարատուն հայտարարագիրը կարող է ներկայացնել փոստով, օրենսդրությամբ էլեկտրոնային ստորագրության սահմանման դեպքում՝ էլեկտրոնային փոստի միջոցով, անձամբ կամ այլ անձի միջոցով: Փոստով, անձամբ կամ այլ անձի միջոցով ուղարկելու դեպքում հայտարարագրին կից ներկայացվում է հայտարարատուի՝ անձը (ինքնությունը) օրենսդրությամբ սահմանված հաստատող փաստաթղթի պատճենը՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության այլ օրենքով գույքի կամ եկամուտների հայտարարագրի ներկայացման պահանջ սահմանված լինելու դեպքում այդ հայտարարագիրը ներկայացվում է տվյալ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում:
Հոդված 9. Հայտարարագիր չներկայացնողները
1. Ֆիզիկական անձը հայտարարագիր չի ներկայացնում, եթե միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները՝
1) նրա դրամական միջոցները, բանկերում եւ (կամ) վարկային կազմակերպություններում հաշիվների, այդ թվում ավանդների գումարները հարկային տարվա դեկտեմբերի 31-ի ավարտին չեն գերազանցում երեք միլիոն դրամը (Հայաստանի Հանրապետության դրամը կամ Հայաստանի Հանրապետության դրամը եւ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը կամ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը).
2) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված հայտարարագրման ենթակա գույք չունի կամ հայտարարագրված գույքի կազմում հարկային տարում փոփոխություն չի եղել.
3) հայտարարագրման ենթակա եկամուտը հարկային տարվա ընթացքում չի գերազանցել երեք միլիոն դրամը (Հայաստանի Հանրապետության դրամը կամ Հայաստանի Հանրապետության դրամը եւ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը կամ արտարժույթի դրամով արտահայտված համարժեքը):
2. Անկախ սույն հոդվածի դրույթներից՝ հայտարարագիր են ներկայացնում
1) քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, պետական (քաղաքացիական ծառայություն, դատական ծառայություն, հատուկ ծառայություններ, ինչպես նաեւ դիվանագիտական եւ օրենքով նախատեսված այլ ծառայություններ) եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մեջ գնտվող անձինք.
2) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք:
ԳԼՈՒԽ V.
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. Գույքի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եռամսյակը մեկ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին հայտարարագրման ենթակա գույքին առնչվող տեղեկություններ է ներկայացնում գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող կազմակերպությունը, գույքի հետ կատարվող գործարքների փաստաթղթերը վավերացնող նոտարը:
2. Կազմակերպությունը, հարկային մարմնի պահանջով, պարտավոր է ներկայացնել տեղեկություններ ֆիզիկական անձանց հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում:
Հոդված 11. Եկամուտների վերաբերյալ տեղեկության ներկայացնելը
1. Կազմակերպությունները ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնին ներկայացնում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Եկամուտ վճարող անձինք պարտավոր են եկամուտ ստացած ֆիզիկական անձանց պահանջով տալ հաշվարկված եւ վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների եւ պահված եկամտահարկի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված տեղեկանք՝ հարկային մարմիններին ներկայացնելու համար:
3. Բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12. Տեղեկությունների ճշտումը եւ վերահասցեագրումը
1. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացրած տեղեկության մեջ սխալն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կազմակերպությունները հարկային մարմին են ներկայացնում ճշտված տեղեկություն, բացառությամբ այն ժամանակահատվածի, երբ հարկային մարմնի կողմից կազմակերպություններում իրականացվում են օրենքով սահմանված ստուգումներ:
2. Սույն գլխով սահմանված տեղեկությունները վերահասցեագրվում են ֆիզիկական անձանց հաշվառման վայրի հարկային մարմնին, որը դրանք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործում է ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունները ճշտելու նպատակով:
ԳԼՈՒԽ VI .
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. Հայտարարատուի իրավունքները
1. Հայտարարատուն իրավունք ունի՝
1) հարկային մարմին ներկայացվող հայտարարագրում սխալներն ինքնուրույն հայտնաբերելիս հարկային մարմին ներկայացնել այդ ժամանակաշրջանների համար ճշտված հայտարարագիր, ոչ ուշ քան այդ ժամանակաշրջանին հաջորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում.
2) լրացուցիչ գրավոր բացատրություններ ներկայացնել հայտարարագրի կամ դրան կցված փաստաթղթերի վերաբերյալ.
3) չկատարել հարկային ծառայողի օրենքից չբխող պահանջները կամ ցուցումները:
2. Հայտարարատուն ունի իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
Հոդված 14. Հայտարարատուի պարտականությունները
Հայտարարատուն պարտավոր է.
1) սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել հայտարարագրեր.
2) հարկային մարմնի կողմից հսկողություն իրականացնելիս նրա պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հիմնավորել հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը կամ եկամտի ստացման աղբյուրը եւ չափը.
3) կատարել իրավական ակտերով նախատեսված այլ պարտավորություններ:
ԳԼՈՒԽ VII.
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 15. Հարկային մարմինը
Հարկային մարմինը՝
1) ընդունում է սույն օրենքի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտեր, սահմանում է հաշվարկների ձեւերը.
2) վարում է հայտարարատուների հաշվառումը.
3) ապահովում է հայտարարագրերի հաշվառումը եւ պահպանումը.
4) կիրառում է սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
Հոդված 16. Տեղեկությունների ու տվյալների օգտագործումը եւ գաղտնիությունը
1. Հայտարարագրերում ներառված տվյալները, ինչպես նաեւ հայտարարատուների գույքի կամ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները, հարկային օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում, կարող են հիմք հանդիսանալ բյուջեի նկատմամբ հայտարարատուի պարտավորությունների հաշվարկման (վերահաշվարկման) համար:
2. Հայտարարագրում ներառվող հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հարկային մարմինն ապահովում է սույն հոդվածի 2-րդ մասում չնշված տվյալների գաղտնիությունը: Այդ տվյալները հարկային մարմնի կողմից այլ անձանց են տրամադրվում հայտարարատուի՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ:
4. Հայտարարագրում ներառվող հրապարակման ենթակա տվյալները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում ստացած մամուլի միջոցներին:
Հոդված 17. Օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը
Հայտարարագրերում ներառված տվյալների, ինչպես նաեւ հայտարարատուների գույքի կամ եկամուտների վերաբերյալ ստացված տեղեկությունների արժանահավատության նկատմամբ հսկողությունը իրականացնում է հարկային մարմինը՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ, «Հարկային ծառայության մասին» եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված կարգով:
Հայտարարատուի կողմից ներկայացված հայտարարագրի տվյալների արժանահավատությունը ճշտելու նպատակով հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով կարող է գործարքի մյուս կողմի մոտ կատարել ուսումնասիրություն:
Հոդված 18. Հայտարարատուների անձնական գործերը
1. Յուրաքանչյուր հայտարարատուի վերաբերյալ հարկային մարմինը վարում է անձնական գործ, որտեղ պահպանվում են հայտարարատուների վերաբերյալ տվյալները, հայտարարատուների հայտարարագրերը, դրանց վերաբերյալ տեղեկությունները, տեղեկանքները կամ դրանց պատճենները եւ այլ փաստաթղթերը:
2. Հայտարարատուների անձնական գործերի պահպանման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ VIII.
ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը
Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 20. Հայտարարագիր չներկայացնելը, որի հետեւանքով չի հայտարարագրվել եկամուտը
Սույն օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հայտարարագիրը չներկայացնելու հետեւանքով չհայտարարագրված եկամտի 10 տոկոսի չափով:
Սույն տուգանքը չի կիրառվում, եթե տվյալ եկամուտը չհայտարարագրելը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ առաջացնում է պատասխանատվություն:
Հոդված 21. Հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը կամ չստացված եկամուտ կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելը
1. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում եկամուտը թաքցնելը կամ այն պակաս ցույց տալն առաջացնում է տուգանքի նշանակում՝ թաքցված կամ պակաս ցույց տրված եկամտի 10 տոկոսի չափով:
Սույն տուգանքը չի կիրառվում, եթե եկամտի թաքցնելը կամ պակաս ցույց տալը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ առաջացնում է պատասխանատվություն:
2. Հայտարարատուի ներկայացրած հայտարարագրում չստացված եկամուտ կամ ստացված եկամտից ավելի եկամուտ ներառելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ եկամտի 10 տոկոսի չափով:
Հոդված 22. Կազմակերպությունների կողմից տեղեկություններ չներկայացնելը
Սույն օրենքի 10-րդ եւ 11-րդ հոդվածներով սահմանված կարգով տեղեկություններ չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր ֆիզիկական անձի վերաբերյալ չներկայացրած տեղեկության համար 5 000 դրամի չափով:
ԳԼՈՒԽ IX.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 23. Եզրափակիչ մաս
1. 2004 թվականի դեկտեմբերի 31-ից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի օգոստոսի 25-ի ՀՕ-212 օրենքը:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 24. Անցումային դրույթ
Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 22-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: