Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-927-24.07.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» (06.12.1985թ.), այսուհետեւ օրենսգիրք, Հոդված 169.1.-ի վերնագրից ու երկրորդ պարբերություններից հանել «հայտարարագիրը», իսկ առաջին պարբերությունից՝ «հայտարագրի» բառերը:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր՝ հետեւյալ բովանդակությամբ 169.17. հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 169.17. ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԻ ՄԵՋ ԿԵՂԾ ՏՎՅԱԼՆԵՐ ՄՑՆԵԼԸ, ԵՐԲ ԴԱ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՑՆԵԼ (ԱՌԱՋԱՑՐԵԼ Է) ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ, ԿԱՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հայտարագրի մեջ այնպիսի կեղծ տվյալներ մտցնելը, որոնք կարող են առաջացնել (առաջացրել են) հարկի վճարման նվազեցում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ քսանհինգապատիկի չափով:

Հայտարագիրը հարկային տեսչության մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը՝

առաջացնում է նախազգուշացում՝ նոր ժամկետի նշումով:

Հայտարագիրը նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում չներկայացնելը    առաջացնում է տուգանքի նշանակում՝  սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի ընդունումով կտրուկ ավելանում  եւ բազմաշերտ է դառնում  այն անձանց թիվը, որոնք պարտադիր ամեն տարի պետք է ներկայացնեն գույքի եւ եկամուների հայտարարագրեր: Ամենայն հավանականությամբ անփորձությունը, հնարավոր է նաեւ անիրազեկ լինելը շատ շատերին հնարավորություն չի տալու հայտարարագրերը ճիշտ լրացնել եւ /կամ ճիշտ ժամանակին ներկայացնել:

Հաշվի առնելով վերոնշյալը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի առաջարկվող նախագծով.

1. Հայտարարագրման հետ կապված վարչական իրավախախտումները եւ համապատասխան պատժամիջոցները առանձնացվում են եւ նկարագրվում են առանձին հոդվածով,դրանով հանդերձ առավել ընդգծելով պետության համար հայտարարագրման կարեւորությունը:

2. Պատժամիջոցները համեմատաբար մեղմացվում են՝ ներառելով նաեւ նախազգուշացումը, եթե հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացվում, ինչը   կօգնի, որպեսզի հայտարարագիր  ներկայացնողների շարքերը նոր անձանցով «համալրումը» ընթանա առավել բնականոն: