Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-931-08.08.2006-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 1981 -րդ հոդվածի առաջին մասից հանել «պաշտոնատար անձանց նկատմամբ» բառերը, իսկ «տասնապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 207-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Զինապարտների կողմից ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-6-րդ հոդվածներով սահմանված զինվորական հաշվառման կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:

2) երկրորդ մասում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «քսանապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 208-րդ հոդվածի`

1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հաշվառման ենթակա անձանց ցուցակները, ինչպես նաեւ նրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալները պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ժամանակին եւ սահմանված ձեւով չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:

2) երկրորդ մասում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 209-րդ հոդվածի`

1) առաջին մասից հանել «եւ զորակոչիկներին ձեռնարկությունների,» եւ «, կոլտնտեսությունների» բառերը, իսկ «տասը տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով:

2) երկրորդ մասում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 210-րդ հոդվածի`

1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին չծանուցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:

2) երկրորդ մասում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 6. Վերացնել Օրենսգրքի 211-րդ հոդվածը:

Հոդված 7. Օրենսգրքի 212-րդ հոդվածի`

1) առաջին մասից հանել «եւ զորակոչիկների» եւ «պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների միջոցով» բառերը, «բժշկա-աշխատանքային» բառերը փոխարինել «բժշկասոցիալական» բառերով, հանել «նախազգուշացում կամ» բառերը, իսկ «տասը տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով:

2) երկրորդ մասում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 213-րդ հոդվածի`

1) առաջին մասից հանել «եւ զորակոչիկների», «շրջանային (քաղաքային)» բառերը, իսկ «տասը տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով:

2) երկրորդ մասում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:

Հոդված 9. Օրենսգրքի 219-րդ հոդվածից հանել «208-212» թվերը:

Հոդված 10. Օրենսգրքի 235-րդ հոդվածի`

1) առաջին մասում, երկրորդ մասի 1-ին կետում «207» թիվը փոխարինել «1981 , 207-213» թվերով:

2) երկրորդ մասից հանել «շրջանային (քաղաքային)» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 284-րդ հոդվածի առաջին մասից հանել «ձեռնարկության»,«, կոլտնտեսության» բառերը:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

Հիմնավորում

Զինվորական հաշվառման, զինվորական ծառայության նախապատրաստության ոլորտում զանցանքների համար պատասխանատվություն սահմանող օրենսդրության անկատարության հետեւանքով տարիներ շարունակ հնարավոր չի եղել կիրառել վարչական պատասխանատվության ինստիտուտը (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 207-213-րդ հոդվածներ):

Նշված ինստիտուտը վերակագնելու համար նպատակահարմար է վերանայել պատասխանատվության միջոցները, քանի որ դրանք ակնհայտ անհամաչափ են տվյալ արարքների հանրային վտանգավորության աստիճանին. որեւէ կերպ հիմնավորված չեն կարող համարվել, օրինակ, 100 կամ 300 դրամի չափով տուգանքները (այսպես, զինվորական հաշվառման կանոնները խախտելն առաջացնում է նախազգուշացում կամ 100 դրամի չափով տուգանք), քանզի միայն դրանց բռնագանձման համար անհամեմատ ավելի շատ ծախսեր են պահանջվում:

Ընդ որում, նույնաբնույթ արարքների համար սահմանված սանկցիաներն անհարկի տարբերակված են: Այսպես, զորակոչային տարիքի եւ ժամկետային զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաեւ սահմանված կարգով ժամկետային զինվորական ծառայությունից չազատված կամ ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում չունեցող արական սեռի անձանց` աշխատանքի ընդունման կանոնների խախտումով աշխատանքի ընդունելը (1981 -րդ հոդված) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Ընդ որում, ըստ նույն հոդվածի, որպես նշված զանցանքի սուբյեկտ կարող են լինել բացառապես պաշտոնատար անձինք, մինչդեռ աշխատանքի ընդունման հիշյալ կանոնները պարտադիր են նաեւ մասնավոր անձանց` օրինակ, առեւտրային կազմակերպության ծառայողների համար (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդված):

Բացի այդ, օրենսդրությամբ դեռեւս չի առանձնացվել այն մարմինը, որն իրավասու է հիշյալ զանցանքներով վարույթ իրականացնել եւ տույժեր նշանակել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 235-րդ հոդվածով այդ իրավասությունը մասամբ վերապահված է շրջանային (քաղաքային) զինվորական կոմիսարներին, որպիսիք ներկայումս չկան, իսկ գործող զինվորական կոմիսարները չեն կարող, առանց անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների, փոխարինել նրանց:Առավել անընդունելի է այն, որ զինվորական հաշվառման բնագավառում մյուս զանցանքների քննությունը հանձնված է ընդհանրապես գոյություն չունեցող մարմինների` հանձինս պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդներին առընթեր վարչական հանձնաժողովների (հիշյալ օրենսգրքի 219-րդ հոդված):

Որոշ զանցանքների համար նախատեսված չէ վարչական վարույթ հարուցելու եւ քննություն վարելու լիազորություն ունեցող որեւէ մարմին (օրինակ, 1981 -րդ եւ 213-րդ հոդվածներով ամրագրված արարքները):

Վերը նշվածին կարելի է ավելացնել այն, որ հիշյալ զանցանքների վերաբերյալ հոդվածներն ամբողջովին վերանայման կարիք ունեն նաեւ այն առումով, որ ակնհայտորեն չեն համապատասխանում ներկա իրողությանը, պետական մարմինների կառուցվածքին, սոցիալ-տնտեսական համակարգին. վերջին անգամ այդ հոդվածներում փոփոխություններ են կատարվել միայն 1994թ. սեպտեմբերի 2-ին ընդունված օրենքով:

Վարչական պատասխանատվության ինստիտուտի կիրառումը անհրաժեշտ է այն նկատառումով, որ դրանով ապահովվում է զինվորական հաշվառման բնագավառում զանազան խնդիրների արդյունավետ լուծումը` ինչպես, օրինակ, կցագրման հստակ ընթացակարգը, համապատասխան հիվանդությամբ տառապող անձանց ճշգրիտ շրջանակը, զինապարտության մասին օրենսդրության իրազեկումը եւ այլն: