Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-943-08.09.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում եւ կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրհներգի նկարագրությունը եւ պաշտոնական գործածման կարգը:

Հոդված 2.  Հայաստանի Հանրապետության  օրհներգը

Հայաստանի Հանրապետության օրհներգը «Մեր հայրենիքն է» :

Հայաստանի Հանրապետության օրհներգը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:

Հայաստանի Հանրապետության օրհներգը երաժշտական, պոետիկ ստեղծագործություն է, որը կատարվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում:

Հայաստանի Հանրապետության օրհներգը կարող է կատարվել նվագախմբային (օրկեստրային), երգչախմբային, ննվագախմբային-երգչախմբային կամ այլ երգեցողական (վոկալ) եւ գործիքային եղանակով: Ընդ որում կարող են օգտագործվել ինչպես ձայնագրություններ եւ տեսագրություններ, այնպես էլ` հեռուստատեսային եւ ռադիո հեռարձակումներ:

Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է կատարվի սույն օրենքով հաստատված երաժշտական խմբագրությամբ եւ տեքստով:

Հայաստանի Հանրապետության  օրհներգի երաժշտությունը եւ տեքստը ներկայացվում են սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 1 եւ 2 հավելվածներում:

Հոդված 3.  Հայաստանի Հանրապետության օրհներգի գործածումը

Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է`

- Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահի երդման արարողության ժամանակ,

- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստաշրջանների բացման եւ փակման ժամանակ,

- Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման եւ այլ պաշտոնական արարողությունների ժամանակ,

- Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած պետությունների գլուխներին, արտասահմանյան երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներին, ինչպես նաեւ միջպետական եւ միջկառավարական կազմակերպությունների ղեկավարներին դիմավորելիս եւ ճանապարհելիս` դիվանագիտական արարողակարգին համապատասխան,

- զինվորական միջոցառումների անցկացման ժամանակ` սույն օրենքով եւ զինվորական կանոնադրություններով նախատեսված դեպքերում,

- Հայաստանի Հանրապետության պետական տոներին նվիրված հանդիսավոր արարողությունների բացման եւ փակման ժամանակ,

- Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգով նախատեսված դեպքերում:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության օրհներգի հեռարձակումը ռադիոյով եւ հեռուստատեսությամբ

Հայաստանի Հանրապետության օրհներգը հեռարձակվում է հեռուստատեությամբ եւ ռադիոյով`

- յուրաքանչյուր օր` հեռարձակումն սկսելուց առաջ եւ հետո, իսկ շուրջօրյա հեռարձակման դեպքում` 06:00-ին եւ 24:00-ին:

- ամանորի գիշերը` Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձից եւ Հանրապետության հրապարակի ժամացույցի ղողանջներից հետո ժամը 24:00-ին:

Հոդված  5. Հայաստանի Հանրապետության  օրհներգի կատարումը սպորտային միջոցառումներում

Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարվում է Հանրապետության տարածքում եւ նրանից դուրս անցկացվող սպորտային մրցումների պաշտոնական միջոցառումների ժամանակ` մրցումների անցկացման կանոններին համապատասխան:

Հոդված 6. Անձանց պարտականությունները Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ

Հայաստանի Հանրապետության օրհներգի հրապարակային կատարման ժամանակ ներկաներն այն լսում են հոտնկայս, տղամարդիկ` գլխարկները հանած:

Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի  կատարումն ուղեկցվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի բարձրացմամբ, ներկաները դեմքով շրջվում են դեպի Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության օրհներգի գործածության սահմանափակումները

Հայաստանի Հանրապետության օրհներգի օգտագործումը այլ երաժշտական եւ այլ մշակութային ստեղծագործություններում թույլատրվում է միայն ՀՀ կառավարության կողմից սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված 8. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում

Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումը եւ օգտագործումը սույն օրենքի պահանջների խախտմամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի անարգումը առաջացնում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 10. Օրենքի  ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(երաժշտությունը` Բարսեղ Կանաչյան)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՏԵՔՍՏԸ
(խոսքերը`  Միքայել Նալբանդյան)


Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պիտ՛ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

2005 թվականի նոյեմբերի 27-ի համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրական փոփոխություններում նախանշված էր նաեւ ՀՀ պետական Օրհներգի` օրենքով սահմանելու դրույթը:

Հիշյալ խնդիրը չէր պարտադրում անպայման ներկայիս գործող «Մեր Հայրենիք» օրհներգի փոփոխություն, այլ թույլ էր տալիս նաեւ գործողի պահպանում, միայն օրենքով սահանելով։

Օրհներգը հանդիսանում է երկրի պետական խորհրդանիշներից մեկը, որն արտահայտում է այդ երկրի անցյալը, ներկան եւ ապագան, իր մեջ ընդհանրացնում սերունդների շարունակականությունը, հոգեկերտվածքը, պատմությունը։

Այդ իսկ պատճառով, երկրի Օրհներգ չի կարող լինել պատվիրված, հանպատրաստից մշակումը` անկախ նրա գեղագիտական արժեքից: Հիմնը ծնվում եւ հանրության սեփականությունն է դառնում միայն պատմական, քաղաքական եւ ազգային տրամաբանական մթնոլորտի արդյունքում: Ինչպես ծնվել եւ այսօր շարունակում է գոյությունը երրորդ դարը թեւակոխած, հայ ժողովրդի ազատագրական պայքարի, պետականաշինության անբաժան ծնունդ ու ուղեկից «Մեր Հայրենիք»-ը:

Այն ստեղծվել է ժողովրդի հոգում առաջին հերթին, ակունք առնելով դեռ 19-րդ դարում հայ ազատագրության մեծ երգիչ Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը»  բանաստեղծության հիման վրա։ Այդ բանաստեղծությունը, ըստ գրականագետների երբեք կապ չի ունեցել իտալական միջավայրի հետ, այլ՝ պայմանավորված այդ ժամանակաշրջանի համար ազատագրման խորհրդանիշ Ջուզեպպե Գարիբալդիի կերպարով տարազ է ստացել իտալացու կերպարով։

Կարճ ժամանակահատվածում երգը դարձել է արդեն ժողովրդական, ազգային ստեղծագրոծություն, վերնագիրն ինքնաբերաբար փոխելով եւ ստանալով «Մեր Հայրենիք» անվանումը։

«Մեր Հայրենիքը» դարձել է հայության ազատագրության խորհրդանիշ։ Այն կատարել են բազում ժողովրդային հանդիսությունների ժամանակ։ Այն եղել է Վանի ինքնապաշտպանության ժամանակ հայությանը ոգեշնչող ստեղծագործություն։ Այդ օրերին ձեւավորված մանկական փողային նվագախումբը այն պարբերաբար կատարել է պաշտպանական ուժերի դիրքերում։

Հետագայում եւս «Մեր Հայրենիքը» միշտ ունեցել է մեր ժողովրդի հավաքական ազատագրման խորհրդանիշ իմաստը։

Եւ պատահական չէ, որ 1918 թվականի օգոստոսի 1-ին, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի առաջին նիստի բացման ժամանակ իբրեւ օրհներգ կատարվել է հենց «Մեր Հայրենիքը»։

Նույն կերպ նաեւ Միացյալ Հայաստանի հռչակման ժամանակ, Փետրվարյան ապստամբության օրերին, Արցախյան Զարթոնքի տարիներին, բոլորի համար անառարկելի է եղել, որ իբրեւ քայլերգ պետք է կատարվի հենց «Մեր Հայրենիքը»։

Ավելին, իբրեւ շարունակություն այդ ավանդույթի Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ «Մեր հայրենիքը» ընդունվել է իբրեւ նորանկախ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգ:

Այս ամենը մեկ անգամ եւս փաստում է, որ այն ունի համաժողովրդական ընդունելություն, իր մեջ ամփոփում է տարբեր ժամանակաշրջաններում հայության շրջադարձային պահերն ու ապրումները։