Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-538-08.11.2001-ՊԻ,ԳԿ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

Սույն օրենքը կարգավորում է արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի եւ կապի, գիտության եւ կրթության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, մշակույթի, գրականության եւ արվեստի բնագավառների ականավոր գործիչներին պատվավոր կոչումներ շնորհելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է պատվավոր կոչումներ շնորհելու կարգն ու պայմանները:

Հոդված 2. Պատվավոր կոչումների մասին օրենսդրությունը

Պատվավոր կոչումների մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները

Արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի եւ կապի, գիտության եւ կրթության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, մշակույթի, գրականության եւ արվեստի բնագավառների զարգացման գործում ակնառու գործունեության եւ բացառիկ վաստակի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության հետեւյալ պատվավոր կոչումները.

ա) արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի եւ կապի բնագավառում՝

«Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարար»,

«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի վաստակավոր աշխատող»,

«Հայաստանի Հանրապետության վաստակավոր ինժեներ».

բ) գիտության եւ կրթության բնագավառում՝

«Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ»,

«Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ».

գ) առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում՝

«Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ»,

«Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ».

դ) մշակույթի, գրականության եւ արվեստի բնագավառում՝

«Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ»,

«Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ»,

«Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ»,

«Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ»,

«Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ»,

«Հայաստանի Հանրապետության ժողովրդական ճարտարապետ»,

«Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ»,

«Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ»,

«Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ»:

Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների (այսուհետ՝ պատվավոր կոչումներ) արժանացած անձանց շնորհվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումները հավաստող համապատասխան ձեւի վկայականներ:

Մշակույթի եւ արվեստի բնագավառներում «ժողովրդական» պատվավոր կոչումների արժանացած անձանց տրվում է ամենամսյա լրավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափին եւ կարգին համապատասխան:

Հոդված 4. Վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը

Վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը շնորհվում է բարձր որակավորում ունեցող շինարարներին, մոնտաժային, նախագծային, գիտահետազոտական ու այլ կազմակերպությունների աշխատողներին՝ բացառիկ արդյունավետ գործունեության եւ շինարարական կադրերի պատրաստման ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար:

Հոդված 5. Տրանսպորտի եւ կապի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը

Տրանսպորտի եւ կապի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումը շնորհվում է տրանսպորտի եւ կապի մարմինների բարձր որակավորում ունեցող աշխատողներին՝ տրանսպորտի եւ կապի անվթար աշխատանքը ապահովելու, տրանսպորտի եւ կապի միջոցների պահպանման ու զարգացման, տնտեսության եւ բնակչության օրինակելի սպասարկման համար:

Հոդված 6. Վաստակավոր ինժեների պատվավոր կոչումը

Վաստակավոր ինժեների պատվավոր կոչումը շնորհվում է տարբեր մասնագիտությունների բարձր որակավորում ունեցող ինժեներներին՝ ակնառու պրակտիկ գործունեության, տնտեսության համապատասխան ճյուղերում, գիտահետազոտական եւ նախագծային-կոնստրուկտորական կազմակերպություն-ներում արդյունավետ աշխատանքի համար:

Հոդված 7. Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է գիտնականին՝ գիտության, կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, վաստակի եւ բացառիկ մասնագիտական կարողությունների դրսեւորման ու գիտական գործունեության համար:

Հոդված 8. Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը

Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը շնորհվում է մանուկների, պատանիների ու երիտասարդության ուսուցման եւ դաստիարակության բնագավառներում բացառիկ ավանդ ունեցող կրթության ականավոր գործիչներին, դպրոցի, նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական եւ ուսումնադաստիարակչական հաստատությունների ուսուցիչներին, մանկավարժներին ու աշխատակիցներին:

Հոդված 9. Վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը

Վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը շնորհվում է մասնագիտական բացառիկ կարողություններ դրսեւորած եւ անձնվիրությամբ օժտված բժիշկներին՝ առողջապահության զարգացման գործում մեծ ավանդի եւ ակնառու հաջողությունների համար:

Հոդված 10. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ականավոր կազմակերպիչներին, գործիչներին եւ մարզիկներին, մարզական կոլեկտիվների, սպորտային կառույցների եւ կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

Հոդված 11. Ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը

Ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի, հեռուստատեսության եւ ռադիոյի ականավոր գործիչներին՝ այդ բնագավառների զարգացման, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած բացառիկ վաստակի համար:

Հոդված 12. Ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը

Ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գծանկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստի ականավոր գործիչներին՝ բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու, այդ բնագավառների զարգացման, երիտասարդ նկարիչների դաստիարակության գործում բացառիկ ավանդ ունենալու համար:

Հոդված 13. Վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը

Վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, դիրիժորներին, կոնցերտմեյստերներին, բալետմեյստերներին եւ ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության եւ արվեստի զարգացմանը նպաստող գործունեության համար:

Հոդված 14. Վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը

Վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը շնորհվում է կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դիզայնի, դեկորատիվ-կիրառական, թատերադեկորացիոն արվեստի գործիչներին եւ գեղարվեստական արվեստագործության վարպետներին՝ բարձրարժեք գեղարվեստական գործեր ստեղծելու եւ իրենց գործունեությամբ արվեստի զարգացմանը նպաստելու համար:

Հոդված 15. Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է կոմպոզիտորներին, դիրիժորներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ռեժիսորներին, նկարիչներին, քանդակագործներին եւ արվեստի մյուս գործիչներին՝ տվյալ բնագավառում ցուցաբերած վարպետության կամ ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, ինչպես նաեւ արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու համար:

Հոդված 16. Ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչումը

Ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչումը շնորհվում է ականավոր ճարտարապետներին՝ քաղաքաշինության եւ ճարտարապետության զարգացման գործում ունեցած բացառիկ վաստակի եւ ճարտարապետական գիտության մեջ ակնառու ծառայությունների համար:

Հոդված 17. Վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը

Վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը շնորհվում է ճարտարապետության զարգացման գործում վաստակ ունեցող ճարտարապետներին՝ քաղաքաշինության բնագավառում ստեղծարար գործունեության համաժողովրդական ճանաչում ստացած ճարտարապետական համալիրների, շենքերի եւ շինությունների ստեղծման համար:

Հոդված 18. Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը շնորհվում է մշակույթի, գրականության զարգացման ասպարեզում ակնառու վաստակ ունեցող գրողներին, կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդումների, մամուլի, հրատարակչությունների, ինչպես նաեւ մշակույթի բնագավառներում աշխատող անձանց՝ մասնագիտական բարձր որակավորման եւ վաստակի համար:

Հոդված 19. Վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչումը

Վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչումը շնորհվում է մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության բնագավառներում աշխատանքային փորձ ունեցող եւ մասնագիտական բարձր որակավորում ունեցող ժուռնալիստներին՝ ժուռալիստիկայի ոլորտի զարգացմանը նպաստելու, ինչպես նաեւ ակտիվ կենսադիրքորոշման շնորհիվ երկրի հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացին օժանդակելու համար:

Հոդված 20. Պատվավոր կոչումների ներկայացնելու կարգը

Պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված պետական մարմինների (կազմակերպությունների) առաջարկությունների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով:

Անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Հոդված 21. Պատվավոր կոչումներ շնորհելու կարգը

Պատվավոր կոչումների շնորհումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ հանդիսավոր արարողության եւ հրապարակայնության պայմաններում:

Պատվավոր կոչումները շնորհվում են ցմահ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 22. Պատվավոր կոչումների արժանացած անձանց իրավական կարգավիճակը

ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պատվավոր կոչումների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարվում են նաեւ Հայաստանի Հանրապետության համապատասխան պատվավոր կոչումներ կրողներ:

Հոդված 23. Անցումային դրույթ

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2001 թվականի հոկտեմբերի 11-ին ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: