Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-947-13.09.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  1. Օրենքի կարգավորման  առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային գործունեության կազմակերպման եւ իրականացման իրավական եւ տնտեսական հարաբերությունները, այդ գործընթացին մասնակից իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների շահագործման, ուղեւորների, ուղեբեռի եւ բեռների փոխադրումների, սպասարկման ծառայությունների եւ փոխադրումների անվտանգության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Հոդված  2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ավտոտրանսպորտային գործունեություն կազմակերպող կամ իրականացնող բոլոր սուբյեկտների վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում զինվորական փոխադրումների եւ փրկարարական, օպերատիվ գործողությունների, անձնական ու ծառայողական օգտագործման նպատակներով, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում եւ օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացվող ավտոտրանսպորտային գործունեության վրա:

Հոդված  3. Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը

Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, եւ այլ իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի   նորմերը:

Հոդված 4. Օրենքում օգտագործված հիմնական  հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

ավտոմոբիլային տրանսպորտ` ավտոտրանսպորտային միջոցների, հաղորդակցության ուղիների (ավտոմոբիլային ճանապարհների) եւ տեխնիկական  կառուցվածքների ու շինություների (ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտների) ամբողջությունը.

ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառ` տրանսպորտային համակարգի բնագավառ, որն ընդգրկում է ավտոտրանսպորտային միջոցները, բեռնման-բեռնաթափման աշխատանքների, տրանսպորտային սպասարկման եւ առաքման ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցների եւ ավտոմոբիլային ճանապարհների շահագործման ու սպասարկման հետ կապված ավտոմոբիլային տրանսպորտի այլ օբյեկտների տեխնոլոգիական շաղկապված համակարգը.

ավտոտրանսպորտային գործունեություն` ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների, ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների  կազմակերպման եւ իրականացման  գործընթացի, ինչպես նաեւ այդ գործընթացում ավտոկայարանային կամ երթակարգավարական սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն.

տրանսպորտային աշխատանք`   տրանսպորտային միջոցով փոխադրված բեռի (ուղեւորների)  քանակով եւ փոխադրման հեռավորությամբ բնութագրվող ցուցանիշ.

ավտոտրանսպորտային գործունեության մասնակից` ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող, փոխադրումների կազմակերպման գործընթացի հետ կապված ավտոկայարանային կամ երթակարգավարական սպասարկման ծառայություն մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական  անձ.

ավտոմոբիլային տրանսպորտի օբյեկտ` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի պահպանումը, տեխնիկական պատրաստականությունը եւ փոխադրումների գործընթացի կազմակերպումն ապահովող շինություն կամ կառույց, ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների հավաքակայանները, ավտոհավաքատեղերը, ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկման կայաններն ու կետերը, ավտոնորոգման գործարանները, ավտոկայարանները, ավտոկայանները, երթակարգավարական կետերը, ավտոմոբիլային ճանապարհները, կամուրջները, թունելները, դրանց սպասարկման եւ նորոգման այլ օժանդակ կառույցներն ու շինությունները.

ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտ` ավտոտրանսպորտային միջոց, ավտոմոբիլ կամ ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ, որոնցով փոխադրողը պարտավոր է ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու  կամ իրավաբանական անձի պահանջով եւ փոխադրման պայմանագրով.

ավտոտրանսպորտային միջոց` ավտոմոբիլային ճանապարհներով ուղեւորներ եւ բեռներ փոխադրելու, ինչպես նաեւ ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար սարքավորված անիվավոր տրանսպորտային միջոց.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմ (շարժակազմ)` ավտոմոբիլային ճանապարհներով ուղեւորներ, ուղեբեռներ եւ բեռներ փոխադրելու, ինչպես նաեւ ոչ տրանսպորտային աշխատանքներ կատարելու համար նախատեսված եւ այդ նպատակով սարքավորված` անիվավոր ինքնագնաց կամ ավտոմոբիլի միջոցով քարշարկումով ավտոտրանսպորտային  միջոցների ընդհանրություն.

ավտոկայարան` բնակավայրերում ուղեւորների սպասարկումն ապահովող շինությունների համալիր, որը ներառում է 75 մարդուց ավելի տեղատարողությամբ սպասասրահ, տոմսարկղեր, ուղեւորների նստեցման եւ իջեցման  հարթակներ, ավտոբուսների  կայանման հրապարակ, ավտոբուսների զննման եւ մաքրման կետեր.

ավտոկայան` բնակավայրերում ուղեւորների սպասարկումն ապահովող շինությունների համալիր, որը ներառում է մինչեւ 75 մարդ տեղատարողությամբ սպասասրահ, տոմսարկղեր, ուղեւորների նստեցման եւ  իջեցման  հարթակներ, ավտոբուսների  կայանման հրապարակ. բեռների փոխադրում կազմակերպող եւ սպասարկում իրականացնող ավտոկայանը համարվում է բեռնատար ավտոկայան.

երթակարգավարական կետ` երթակարգավարի կողմից կամ այլ տեխնիկական միջոցով ըստ չվացուցակների կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման համար նախատեսված շինություն, որտեղ սպասարկման ծառայություններ չեն մատուցվում.

ավտոբուս` ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացի վարորդի նստատեղի, գերազանցում է ութը. 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս.

թեթեւ մարդատար ավտոմոբիլ`  ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացի վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը.

մարդատար-տաքսի ավտոմոբիլ` թեթեւ մարդատար ավտոմոբիլ, որի միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացվում է սպասարկման ծառայությունների մատուցում.

ներքաղաքային  փոխադրում` քաղաքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում.

մերձքաղաքային  փոխադրում` փոխադրումների սկզբնակետից մինչեւ  վերջնակետ` մինչեւ 50 կմ ներառյալ հեռավորությամբ փոխադրում, որի սկզբնակետը կամ վերջնակետը գտնվում է քաղաքի (բնակավայրի) վարչական տարածքի սահմաններից դուրս.

միջքաղաքային փոխադրում` փոխադրումների սկզբնակետից մինչեւ վերջնակետ` 50 կմ-ից ավելի հեռավորության վրա իրականացվող փոխադրում.

ներմարզային  փոխադրում` մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում.

միջմարզային փոխադրում` մարզերի միջեւ` այլ  մարզերի  վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

միջպետական փոխադրում` պետությունների միջեւ` այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում.

կանոնավոր փոխադրում` սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով, առաջարկված փոխադրավարձով, ուղեւորների նստեցման-իջեցման հաստատված կանգառներով  ինչպես նաեւ  երթուղային տաքսու ռեժիմով  իրականացվող փոխադրում.

ոչ կանոնավոր փոխադրում` կազմակերպությունների կամ քաղաքացիների առանձին պատվերներով իրականացվող փոխադրում, որի իրականացման պայմանները յուրաքանչյուր առանձին դեպքում որոշվում է պատվիրատուի եւ փոխադրողի փոխհամաձայնությամբ.

երթուղի` փոխադրման սկզբնակետից մինչեւ վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի շարժման համար սահմանված ուղեգիծը.

լեռնային երթուղի` երթուղի, որի ճանապարհային մակերեւույթի տեսանելիությունը պակաս է 60, իսկ հանդիպակաց ավտոտրանսպորտային միջոցից 120 մետրից, հորիզոնական կտրվածքով ունի ուռուցիկությամբ 1500 եւ գոգավորությամբ 1200 մետրից պակաս շառավիղ, ընդգրկում է լեռնազանգվածներով անցումներ եւ կիրճերով ուղեկցվող բարդ, խիստ կտրտված կամ ոչ բավարար կայունությամբ ժայռեր, մեկ կամ մի քանի միջինը 40-ից 60 տոկոս եւ ավելի հորիզոնական թեքություն ունեցող համապատասխանաբար 2 կմ-ից մինչեւ 1 կմ երկարությամբ կամ մինչեւ 1 կմ երկարության վրա 100 մետրից պակաս շառավղով 6 ոլորան երկու եւ ավելի ճանապարհային հատվածով.

երթ (ուղերթ)` փոխադրման սկզբնակետից մինչեւ վերջնակետ ավտոտրանսպորտային միջոցի անցած ճանապարհը.

չվացուցակ՝ աղյուսակ (ժամանակացույց), որը պարունակում է  ավտոբուսների շարժման ժամանակի, տեղի եւ երթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ։

երթուղային ավտոբուս`  միայն սահմանված երթուղու կանգառներում ուղեւորների նստեցում  եւ իջեցում կատարելով  կանոնավոր փոխադրում  իրականացնող  ավտոբուս.

երթուղային տաքսի` միկրոավտոբուս, որով իրականացվում է կանոնավոր փոխադրում՝ սահմանված երթուղով,. միայն սահմանված կանգառներում նստատեղերի թվով ուղեւորների նստեցում եւ  ուղեւորների պահանջով երթուղու ցանկացած կետում  իջեցում կատարելով.

երթուղու սխեմա`  երթուղու սպասարկման հիմնական փաստաթուղթ (գրքույկ), որը պարունակում է տեղեկություններ երթուղու կանգառների, միջկանգառային հեռավորությունների, երթուղու ճանապարհային պայմանների մասին.

ապրանքա-տրանսպորտային բեռնագիր` տրանսպորտային միջոցով փոխադրվող բեռի (ապրանքա-նյութական արժեքների) շարժի հիմնական հաշվառման փաստաթուղթ, որի հիման վրա բեռնառաքիչը դուրս է  գրում բեռը, իսկ բեռն ստացողը մուտքագրում է  այն.

ճանապարհային թերթիկ` ավտոտրանսպորտային միջոցի աշխատանքի առաջնային հաշվառման փոստաթուղթ, որը ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, պետհամարանիշը, սեփականատրրոջ (տնորինողի) անվանումը, փոխադրման երթուղին, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի եւ վարորդի առողջական վիճակի ամենօրյա ստուգումը հավաստող նշագրում,   ավտոտրանսպորտային միջոցի աշխատանքի ժամանակահատվածը, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատրրոջ (տնորինողի) կողմից սահմանվող` նրան անհրաժեշտ այլ տվյալներ:

երթուղային թերթիկ`   ուղեւորափոխադրումները սպասարկող կազմակերպության կողմից տրվող փաստաթուղթ, որը կցվում է ավտոբուսի ճանապարհային թերթիկին եւ ներառում է ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, պետհամարանիշը, ճանապարհային թերթիկի համարը եւ տրման ամսաթիվը, փոխադրման երթուղին  եւ  ըստ հաստատված չվացուցակի  ու  փաստացի կատարված երթերի սկզբի ու ավարտի ժամերը:

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական  շահագործում`   ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի շահագործման արդյունավետության ու անվտանգության ապահովման   եւ շրջակա միջավայրի վրա ավտոմոբիլի վնասակար ազդեցության նվազագույն մակարդակի ապահովման համար իրականացվող տեխնիկական, տնտեսական եւ կազմակերպչական միջոցառումների համակարգ, որն  իր  մեջ  ներառում  է  ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի  պահպանումը,  տեխնիկական  սպասարկումները,  ընթացիկ  եւ  հիմնական  նորոգումները  եւ այդ  աշխատանքների  կատարման հաշվառումը:

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի վնասվածքները հայտնաբերելու, անսարքությունները կանխելու եւ վերացնելու, ավտոմասերի մաշման հաճախականությունը նվազեցնելու եւ մինչեւ հիմնական նորոգումը ծառայության ժամկետը երկարացնելու նպատակով իրականացվող պարտադիր տեխնիկական համալիր միջոցառումներ.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի ընթացիկ նորոգում` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի, շահագործման ընթացքում առաջացած  անսարքությունների  եւ  խափանումների  վերացման նպատակով իրականացվող տեխնիկական համալիր միջոցառումներ.

ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի հիմնական նորոգում` ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի, դրա բաղկացուցիչ մասերի գոյապաշարի վերականգնման եւ ավտոտրանսպորտային միջոցի շահագործման պիտանիության ժամկետը երկարացնելու նպատակով իրականացվող տեխնիկական համալիր միջոցառումներ.

արտադրական բազա` տեխնիկական միջոցներով եւ սար՟քավորումներով կահավորված արտադրական շենքեր եւ շինություններ ունե՟ցող համապատասխան տարածք, որտեղ կազմակերպվում են ավտոտրանսպորտային միջոցների կայանումը եւ պահպանումը (գիշերակացը), տեխնիկական սպասար՟կումների, ընթացիկ նորոգումների կատարումը եւ հաշվառումը, փաստաթղթերի վարումը, ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական եւ վարորդների առողջա՟կան վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը.

հավաքակայան` շարժական կազմի միջհերթափոխային պահպանման կայանատեղ, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման եւ գիծ դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր եւ իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների ամենօրյա վազքի, տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառումը.

ավտոմոբիլային ճանապարհի վտանգավոր տեղամասեր` ավտոմոբիլային ճանապարհի տեղամասեր, որոնցով ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը կապված է շարժման  ռեժիմի կտրուկ փոփոխությունների հետ եւ որտեղ` կապված ճանապարհատրանսպորտային պատահարների առավել հնարավոր առաջացման հետ, տեղադրված են կամ պետք է տեղադրվեն նախազգուշացնող ճանապարհային նշաններ կամ ձեռնարկված են այլ կազմակերպչա-տեխնիկական  միջոցառումներ.

ավտոտրանսպորտային միջոցի արագությունների նորմավորում` երթուղու կանգառների միջեւ կամ երթուղով ավտոտրանսպորտային միջոցների շարժման (արագության) նորմաների սահմանումը.

բեռնարկղ (կոնտեյներ)` չփաթեթավորվող բեռների փոխադրման  համար նախատեսված` բազմակի օգտագործման  նշանակությամբ եւ մեքենայացված բեռնման-բեռնաթափման, ինչպես նաեւ բեռի ժամանակավոր պահման համար  նախատեսված` 1մ3 ծավալը գերազանցող տարա (ապրանքաման).

Երթուղիներում երթեւեկության սովորական ռեժիմ` երթեւեկության չվացուցակով նախատեսված բոլոր կանգառներով իրականացվող  ուղեւորափոխադրումներ.

Երթուղիներում երթեւեկության կիսաճեպընթաց ռեժիմ` երթուղու սկզբնակետից մինչեւ վերջնակետ, սահմանափակ կանգառներով (ուղեւորների մասսայական հաճախման կետերում` մեծ թվաքանակով աշխատողներ ունեցող կազմակերպությունների,  կայարանների մոտ, քաղաքի կենտրոնում, արդյունաբերական հանգույցներում) իրականացվող ուղեւորափոխադրումներ

Երթուղիներում երթեւեկության ճեպընթաց ռեժիմ   երթուղու սկզբնակետից մինչեւ վերջնակետ առանց կանգառների իրականացվող ուղեւորափոխադրումներ:

ԳԼՈՒԽ 2.

ՊԵՏԱԿԱՆ  ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ  ԵՎ  ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ  ՏՐԱՆՍՊՈՐՏԻ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 5. Պետական կարգավորման հիմունքները  ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական կարգավորումն իրականացվում է հետեւյալ նպատակներով`

ա) պետության, ավտոմոբիլային տրանսպորտի ծառայություններից օգտվողների եւ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող քաղաքացիների եւ իրավաբանական անձանց շահերի  պաշտպանության ապահովում,

բ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի համալիր զարգացման, ամբողջական, արդյունավետ, անվտանգ եւ որակյալ գործունեության ապահովում:

2. Պետական կարգավորումը ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրականացվում է հետեւյալ ձեւերով`

ա) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացում,

բ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական կարգավորման մարմինների խնդիրների եւ իրավասությունների սահմանում,

գ) ավտոմոբիլային  տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ու նորմատիվ տեխնիկական ակտերի եւ ավտոմոբիլային  տրանսպորտի բնագավառի գործունեությունը կարգավորող գերատեսչական նորմատիվ ակտերի  ընդունում.

դ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում գործունեության առանձին տեսակների լիցենզավորում,

ե) ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների եւ բեռների փոխադրումների ժամանակ  իրականացվող որոշակի աշխատանքների (ծառայությունների)  եւ  որոշակի տեխնիկական միջոցների ու օբյեկտների, համապատասխանության հավաստումը` «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով,

զ) ավտոմոբիլային տրանսպորտում մոբիլիզացիոն պատրաստության եւ քաղաքացիական պաշտպանության ղեկավարում,

է) ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման անվտանգության նկատմամբ հսկողության իրականացում,

ը) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության մասին վիճակագրական տեղեկատվության հավաքման, կուտակման եւ վերլուծության կարգի սահմանում,

թ) Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում

3. Պետական կարգավորումը ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրականացվում է պետական կառավարման այն մարմինների կողմից, որոնց Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ վերապահված են համապատասխան գործառույթներ:

Հոդված  6. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական  կառավարումը

1. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի պետական կառավարումն իրականացնում է  Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

2. Լիազոր մարմինը`

ա) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին առնչվող պետական ծրագրերի, հայեցակարգերի, տեխնիկական եւ ռազմավարական  քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

բ) իր իրավասությունների սահմաններում ապահովում է ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտի երթուղային ցանցի բարեփոխման եւ ներդաշնակեցման, ավտոկայարանային ծառայությունների համալիրի բարելավման եւ ընդլայնման, ինչպես նաեւ ուղեւորների սպասարկման բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

գ) ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

դ)   ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի հաղորդակցության ուղիների, ճանապարհային ցանցի կատարելագործման եւ ներդաշնակեցման ռազմավարության քաղաքականության  մշակումը եւ իրականացումը.

ե) իր իրավասությունների սահմաններում տարածքային կառավարման եւ տեղական  ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով, ապահովում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության  կառավարման  համակարգումը.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմանվող կարգով իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառը կանոնակարգող իրավական եւ տեխնիկական նորմատիվ ակտերի մշակումը` անկախ սեփականության ձեւից.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է տրանսպորտային միջոցների  եւ դրանց կցորդների  պարտադիր  պետական  տեխնիկական զննություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի  լիցենզավորումը.

ը) իր իրավասության սահմաններում իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների եւ միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն.

թ) իր իրավասության սահմաններում ապահովում է շրջակա միջավայրի վրա ավտոտրանսպորտային միջոցների վնասակար ներգործության նվազեցման աշխատանքների եւ միջոցառումների իրականացումը.

ժ) իրականացնում է օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված լիազորություններ:

Հոդված  7. Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական  փոխադրումները

Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումները կազմակերպվում եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի պահանջներին եւ Հայաստանի Հանրապետության տարածքից ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին  համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքից ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 8. Լիցենզավորումը  եւ  ապահովագրությունը   ավտոմոբիլային տրանսպորտում

1. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումներն իրականացվում են լիցենզիայի հիման վրա՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.  Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտում  փոխադրողները  պարտավոր են ապահովագրել երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասի  հատուցման իրենց քաղաքացիական պատասխանատվության ռիսկը` Հայաստանի Հանրապետության   օրենսդրությանը համապատասխան:

ԳԼՈՒԽ  3.

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ  ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ  ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ  ԵՎ  ՈՒՂԵԲԵՌԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված  9. Ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները

1. Ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրումները (ուղեւորափոխադրումներ) իրականացվում են`

ա) կանոնավոր փոխադրումների դեպքում` երթուղային ավտոբուսներով, երթուղային տաքսիներով, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` առանձին պատվերներով ավտոբուսներով.

բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով.

գ) ավտոտրանսպորտային միջոցն արտադրողի տեխնիկական  պայմաններով  նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով սահմնվող կարգով վերասարքավորված բեռնաուղեւորատար ավտոմոբիլներով:

2. Ուղեւորափոխադրումների երթուղային ցանցը ձեւավորվում է երթուղիների կազմակերպման միջոցով: Երթուղիներն ըստ աշխատանքային ռեժիմի կազմակերպվում են մշտական, լրացուցիչ, սեզոնային, հատուկ եւ ժամանակավոր, ըստ երթեւեկության ռեժիմի` սովորական, կիսաճեպընթաց եւ ճեպընթաց ռեժիմով:

Ուղեւորափոխադրումներն ըստ վարչական տարածքի հատկանիշի կազմակերպվում են` ներքաղաքային, ներմարզային, միջմարզային, միջպետական, ըստ կազմակերպման բնույթի` կանոնավոր եւ ոչ կանոնավոր, ըստ նշանակության` ընդհանուր օգտագործման, զբոսաշրջային եւ հատուկ սկզբունքներով:

3. Միկրոավտոբուսային փոխադրումները կազմակերպվում են ավտոբուսային փոխադրումների կազմակերպման ընդհանուր, ինչպես նաեւ սույն օրենքով միկրոավտոբուսային փոխադրումների համար սահմանված այլ պահանջներին համապատասխան:

Հոդված 10. Կանոնավոր  ուղեւորափոխադրումների երթուղային ցանցի կազմակերպումը

1. կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիների սպասարկումն իրականացվում է չվացուցակի եւ երթուղու սխեմայի հիման վրա: Չվացուցակը պետք է ապահովի ուղեւորների փոխադրման փաստացի պահանջարկի բավարարումը ավտովարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի կազմակերպումը, ավտոբուսների արդյունավետ շահագործումը եւ փոխադրումների անվտանգությունը: Առանց չվացուցակի եւ երթուղու  սխեմայի երթուղիների սպասարկումն արգելվում է:

2. Միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում  է Լիազոր մարմինը` համագործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ, Երեւան քաղաքի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերը համաձայնեցնելով Երեւանի քաղաքապետի հետ:

Ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան տարածքային կառավարման մարմինը` նախապես համաձայնեցնելով Լիազոր մարմնի հետ:

Երեւան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երեւանի քաղաքապետը` քաղաքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման  մարմնի եւ Լիազոր մարմնի հետ:

Հայաստանի Հանրապետության այլ քաղաքների ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը` քաղաքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը  նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման  մարմնի եւ Լիազոր մարմնի հետ:

3. Միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների  չվացուցակները եւ երթուղիների  սխեմաները մշակում եւ հաստատում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող  համապատասխան մարմինը:

4. Միկրոավտոբուսային  կանոնավոր փոխադրումների երթուղիները  կարող  են կազմակերպվել  նաեւ երթուղային տաքսու ռեժիմով` մշտական ուղեւորահոսքի առկայության պայմաններում` չվացուցակներով, փոփոխական ուղեւորահոսքի դեպքերում` ըստ ուղեւորակուտակումների առաջացման միջակայքերի:

Հոդված 11. Կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ):

2.  Միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակերպում եւ անցկացնում է Լիազոր մարմնի, ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներինը` համապատասխան մարզպետի, իսկ ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներինը` համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի (Երեւանի քաղաքապետի) կազմած մրցութային հանձնաձողովները` մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:

3. Մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի անցկացման, մրցույթի մասնակցության պայմաններն  ու  մրցույթի հաղթողին որոշելու կարգը, ինչպես  նաեւ  մրցույթում  հաղթողին որոշելու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Մրցույթի ներկայացվող տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի ու շրջակա միջավայրի պահպանության եւ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին եւ արտադրողի կողմից նախատեսված լինեն տվյալ տեսակի  փոխադրումներին:

5. Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմա՟կեր՟պության կողմից առաջարկված եւ մրցութային հանձնաժողովի  կողմից ընդունված փոխադրավարձով:

Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատ՟ճառ՟ներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուկային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների աճ) կազմակերպության կողմից ներկայացված հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնա՟ժո՟ղո՟վի ներկայացմամբ եւ երթուղային ցանցը կազմակերպող  համա՟պա՟տասխան մարմնի որոշմամբ:

6. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորվում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող  համապատասխան մարմնի եւ փոխադրումներն իրականացնող կազմակերպության միջեւ կնքված համապատասխան պայմանագրով, որի պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

7. Հայաստանի Հանրապետության տարածքում ուղեւորների եւ ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը կարգավորվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային  տրանսպորտով ուղեւորափոխադրումների կազմակերպման կարգով:

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 12. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքից զրկումը

1. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված համապատասխան մարմնի որոշմամբ` վերահսկողություն իրականացնող մարմնի ներկայացմամբ եւ մրցութային հանձնաժողովի  եզրակացությամբ:

2. Երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք կարող են հանդիսանալ`

ա) մրցույթին մասնակցության համար սահմանված պայմանների խախտումը, կամ դրանց գնահատված ցուցանիշների նվազում այն սահմանից, որի շնորհիվ կազմակերպությունն առավելություն Էր ստացել մրցույթի արդյունքում իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ.

բ) առանց փոխադրումներն իրականացնող կազմակերպության կողմից տրվող ճանապարհային թերթիկի կամ դրան կից երթուղային թերթիկի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից  կատարվող համապատասխան նշումի  բացակայությունը.

գ) կազմակերպության լուծարումը կամ զրկումը ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու իրավունքից.

դ) հաստատված չվացուցակներով սահմանված երթերի չկատարելը, մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները եւ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները.

ե) երթուղու սպասարկման ընթացքում մրցույթում առաջարկված եւ  մրցութային հանձնաժողովի  կողմից  ընդունված փոխադրավարձից բարձր փոխադրավարձով փոխադրումների կատարումը.

զ) սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասում նշված համապատասխան մարմնի հետ կնքած պայմանագրում նշված այլ պայմանների  խախտումները` ներառյալ բնապահպանական նորմերի ու պահանջների.

է) ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանված նորմատիվների գերազանցումը:

Կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները սույն մասի «ա», «բ», «դ», «ե», «զ», «է» կետերով նախատեսված դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմնի կողմից նախազգուշացվում են Հայաստանի Հանրապետության  տրանսպորտային տեսչության կողմից  խախտումը  հայտնաբերելու օրվանից 5-օրյա ժամկետում:

Նախազգուշացումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում խախտումը չվերացնելու, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է երթուղու սպասարկման  իրավունքից:

Սույն մասի «գ» կետում նշված դեպքերում կազմակերպությունն առանց նախազգուշացման զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից, խախտումը հայտնաբերվելու օրվանից 10-օրյա  ժամկետում:

Մինչեւ նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունք՟ների ամփոփումը, անհրաժեշտության դեպքում, երթու՟ղու սպա՟սարկումը ժամանակավորապես, բայց ոչ ավելի վեց ամսից, կարող է իրականաց՟վել պայմանագրային հիմունքներով : Նշված դեպքերում պայմանագիրը կնքվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված մարմնի եւ անհրաժեշտ տրանսպորտային  միջոցներ ունեցող կազմակերպության միջեւ :

3. Խախտման վերաբերյալ նախազգուշացումը եւ երթուղու սպասարկման իրավունքից զրկման որոշումը ստանալուց հետո կազմակերպությունն իրավունք ունի վիճարկել դրանք եւ կարող է բողոքարկել դատարանում:

Հոդված 13.  Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիներին եւ սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Ներքաղաքային եւ մերձքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառները պետք է տեղաբաշխվեն ուղեւորների կուտակման հանգուցային կետերում, միջքաղաքայինը` միջանկյալ ավտոկայաններում եւ ապահովեն ուղեւորների հարմարավետ ու մատչելի սպասարկումը, անվտանգ մոտեցումը եւ համապատասխանեն կանգառների շահագործման կանոններին: Փոխադրումների առանձնահատկություններին համապատասխան երթուղու կանգառները կարող են լինել հիմնական, ժամանակավոր եւ ըստ ուղեւորի պահանջի:

2. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան երթուղին արտահայտող ցուցատախտակով, երթուղու սխեմայով, սպասարկող կազմակերպության անվանման եւ գտնվելու վայրի նշումով ցուցանակով, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող արտաքին եւ ներքին կահավորում: Կահավորման պահանջները սահմանվում են տեխնիկական  կանոնակարգերով  եւ ստանդարտներով:

3. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահում, ուղեւորների համար տեսանելի կենտրոնական մասում փակցվում է ցուցանակ, որը պարունակում է անհրաժեշտ տեղեկատվություն ուղեւորների եւ ուղեւորափոխադրումն իրականացնող վարորդների իրավունքների ու պարտականությունների մասին:

4. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառների տեղաբաշխումը պետք է համաձայնեցվի ճանապարհային, տեղաբաշխման վարչական տարածքի ճարտարապետական, բնապահպանական, պետավտոտեսչության մարմինների, երթուղում երկաթուղային գծանցի առկայության դեպքում` նաեւ երկաթուղային գծանցները տնօրինող համապատասխան մարմինների հետ:

Հոդված 14.  Ուղեւորների եւ ուղեբեռի կանոնավոր փոխադրումների կազմակերպումը

1. Ավտոբուսներով ուղեւորների եւ ուղեբեռի կանոնավոր փոխադրումները իրականացվում են ուղետոմսերի եւ ուղեբեռային անդորրագրերի հիման վրա:

2. Միջքաղաքային եւ միջպետական երթուղիների  ուղեւորների տոմսավորումն իրականացվում է ավտոկայարանների եւ ավտոկայանների, ինչպես նաեւ դրանց հետ պայմանագրր ունեցող այլ կազմակերպության տոմսարկղերից, իսկ միջանկյալ կանգառներում` ավտովարորդների կողմից:

Ավտոկայարաններում, ավտոկայաններում, ինչպես նաեւ այլ կազմակերպություններում իրականացվում է նաեւ միջքաղաքային եւ միջպետական երթուղիների ուղետոմսերի նախնական  վաճառք: Տոմսերի նախնական վաճառքով կարող են իրացվել ոչ ավելի, քան ավտոբուսի տվյալ երթի ուղետոմսերի 80 տոկոսը:

3. Ուղեւորների նստեցումն ու իջեցումը թույլատրվում է երթուղու համար սահմանված կանգառներում, միկրոավտոբուսներում` ազատ նստատեղերի առկայության դեպքում, իսկ երթուղային տաքսու ռեժիմով աշխատող միկրոավտոբուսներում իջեցումը նաեւ թույլատրելի տեղերում`  ըստ  ուղեւորների պահանջի:

Լրիվ զբաղեցված նստատեղերով երթեւեկելու դեպքում ուղեւորի նստեցման նպատակով միկրոավտոբուսի կանգառումն արգելվում է:  Նստատեղերը լրիվ զբաղված լինելու դեպքում երթուղու սահմանված կանգառներում միկրոավտոբուսի կանգառումն իրականացվում է ըստ ուղեսրահում գտնվող ուղեւորների պահանջի:

Երեւան  քաղաքում` ելնելով  տրանսպորտային միջոցներով ծանրաբեռնվածությունից Երեւանի  քաղաքապետի ուոշմամբ կարող է արգելվել  առանձին փողոցներում  կամ  փողոցների առանձին հատվածներում     կանգռներից  դուրս  ուղեւորների պահանջով նրանց   իջեցումը:

4. Մերձքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող ավտոբուսներով քաղաքի վարչական տարածքում երթեւեկողներից վճարը գանձվում է ներքաղաքային ավտոբուսային երթուղիների համար սահմանված փոխադրավարձի չափով:

5. Երթուղու սկզբնակետում, ինչպես նաեւ միջանկյալ կանգառներում` ուղեւորի մեղքով ավտոբուսի մեկնումից ուշացման դեպքում ձեռք բերված ուղետոմսը չի վերաձեւակերպվում եւ վճարված գումարը չի վերադարձվում:

Ուղեւորի  հիվանդության կամ դժբախտ պատահարի պատճառով ավտոբուսի մեկնումից հետո մինչեւ 3 ժամ ուշանալու դեպքում` ուղեւորի ցանկությամբ ավտոբուսի մեկնման պահից 3 օրվա ընթացքում կարող է վերականգնվել ուղետոմսը` դրա արժեքի 25 տոկոս լրավճարով կամ  վերադարձվել վճարված գումարի 75 տոկոսը: Ուղետոմսի վերականգնումը կամ գումարի վերադարձը կատարվում է հիվանդության վերաբերյալ բժշկական հաստատության կողմից հաստատված տեղեկանքի կամ դժբախտ պատահարի մասին համապատասխան մարմինների կողմից կազմված արձանագրության հիման վրա:

Անհաղթահարելի ուժի, դժբախտ պատահարի կամ հիվանդության (առողջական վիճակի անբավարարության) հետեւանքով` ուղեւորի կողմից ուղեւորությունը չշարունակելու կամ հրաժարվելու  դեպքում ուղեւորին է վերադարձվում փոխադրավարձի` մինչեւ ուղեւորության նշանակման վայր մնացած հեռավորությանը համեմատական մասը:

6. Երթուղու սպասարկման համար նախատեսված ավտոբուսի փոխարեն ավելի ցածր   կարգի ավտոբուս հատկացնելու դեպքում` ուղեւորն իրավունք ունի վերադարձնել ուղետոմսը, ստանալ ուղեբեռի, ուղետոմսի եւ նախնական վաճառքի համար վճարված գումարները: Հատկացված ցածր կարգի ավտոբուսով երթեւեկելու ուղեւորի համաձայնության դեպքում` ուղեւորին պետք է վերադարձվի ուղետոմսերի  արժեքների  տարբերությունը:

Նախատեսված ավտոբուսի փոխարեն ավելի բարձր կարգի ավտոբուս հատկացնելու դեպքում` ուղեւորն իրավունք ունի առանց  լրավճարի ուղեւորվել մինչեւ այդ մասին տեղեկություն հաղորդելը կամ նախնական վաճառքով ձեռք բերված ուղետոմսով:

7. Ավտոբուսի մեկնումից մինչեւ 2 ժամ առաջ ուղետոմսն ավտոկայանի, կամ տվյալ երթուղու  համար ուղետոմս վաճառող այլ տոմսարկղ վերադարձնելու դեպքում, ուղեւորին է վերադարձվում փոխադրավարձը, իսկ նշված ժամկետից մինչեւ ավտոբուսի մեկնումը` ուղետոմսի համար  վճարված գումարի  85 տոկոսը:

8. Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով խմբերի փոխադրման պատվերով ուղետոմսերի նախնական տրամադրումը իրականացվում է մեկնման օրվանից առնվազն 7 օր առաջ ներկայացված գրավոր հայտերով եւ 20 տոկոս կանխիկ վճարով: Պատվիրված ուղետոմսերը պետք է պահանջվեն ոչ ուշ, քան ավտոբուսի մեկնումից 24 ժամ առաջ: Չպահանջված ուղետոմսերը իրացման են տրվում ընթացիկ վաճառքի տոմսարկղերին: Հայտերով ձեռք բերված ուղետոմսերն ավտոբուսի մեկնումից մինչեւ 3 օր առաջ ավտոկայանի տոմսարկղ վերադարձնելու դեպքում պահվում է  երթեւեկության  արժեքի 10 տոկոսը, իսկ  3 օրից  պակաս ժամկետի դեպքում` ոչ ավելի, քան 20 տոկոսը:

9. Եթե ավտոբուսի մեկնումը չի կայացել կամ տարբեր պատճառներով ավտոբուսի մեկնումը հետաձգվել է մեկ  ժամից ավելի ժամանակով, անկախ  ուղետոմսերի վերադարձնելու ժամկետից  ուղետոմսերի արժեքից պահում չի կատարվում:

10. Փաթեթավորման թերություններ ունեցող ուղեբեռը, որը կորստի, պակասորդի կամ վնասվածքի կասկած է հարուցում, փոխադրման կարող է ընդունվել փոխադրման փաստաթղթերում  այդ թերությունների նշումով:

11. Ուղեբեռը հանձնվում է ուղեբեռային անդորրագիրը ներկայացնող ուղեւորին: Ուղեբեռային անդորրագրի բացակայության դեպքում` փոխադրողը ուղեբեռը հանձնում է այն անձին, որը հիմնավորում է (ուղեբեռում առկա իրերի պարունակության եւ նկարագրության հայտարարում) այդ ուղեբեռի իրեն պատկանելիությունը: Առանց ուղեբեռային անդորրագրի ուղեբեռի ստացմանը հավակնող ուղեւորի կողմից ուղեբեռի իրեն պատկանելու ոչ բավարար հիմնավորման դեպքում` փոխադրողն իրավունք ունի նրանից պահանջել ուղեբեռի հայտարարված արժեքը:

12. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում է`

ա) ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործումը եւ ծխելը  ուղեսրահում.

բ) ուղեւորների  կողմից դռների բացումն առանց ավտովարորդի թույլտվության.

գ) ավտովարորդի եւ ուղեւորների կողմից ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումներում եւ առանց ուղեւորների համաձայնության երաժշտություն միացնելը միջքաղաքային, միջպետական փոխադրումներում.

դ) պայթունավտանգ, հրդեհավտանգ, ռադիոակտիվ, քիմիական քայքայիչ նյութերի, առանց պատյանի զենքի, ռազմամթերքի, ավտոտրանսպորտային միջոցը եւ ուղեւորների հագուստն աղտոտող կամ վնասող նյութերի  եւ իրերի, տհաճ, սուր հոտ ունեցող իրերի, սույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասում նշված թույլատրելի չափերն ու քաշերը գերազանցող իրերի եւ առարկաների, օրենքով արգելված այլ նյութերի եւ իրերի փոխադրումը:

13. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների ընթացքում ուղեւորության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 15. Ավտոկայարանային գործունեության կազմակերպմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Ավտոկայարանները, ավտոկայանները եւ երթակարգավարական կետերը փոխադրումների սպասարկման ծավալին համապատասխան պետք է ունենան ավտոտրանսպորտային միջոցների աշխատանքային ռեժիմի կարգավորման, չվացուցակներով սահմանված սպասարկման ռեժիմի սահմաններում ուղեւորության կազմակերպման  անհրաժեշտ արտաքին եւ ներքին կահավորում: Կահավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով: Ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ավտոկայարաններն ու ավտոկայանները պետք է ունենան ուղեւորների եւ ավտովարորդների  կենցաղային, սանիտարա-հիգենիկ, բժշկական սպասարկման, հանրային սննդի կետեր, փոխադրումներն սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական եւ ավտովարորդների առողջական վիճակի նախաուղերթային զննման հնարավորություն, ուղեբեռի ժամանակավոր պահման  սենյակներ, ապահովեն ուղեբեռի ընդունումը, ձեւակերպումը, հաշվառումը, նաեւ կորցված կամ մոռացված իրերի հաշվառումը, պահպանումը եւ հանձնումը: Ուղեբեռի պահման պահանջները, հաշվառման եւ հանձնման ընթացակարգը` սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:

3. Ավտոկայարանների, ավտոկայանների, ինչպես նաեւ երթակարգավարական կետերի աշխատանքային ռեժիմը պետք է ամբողջությամբ ապահովի չվացուցակով նախատեսված երթուղիների սպասարկումը, սպասարկման ծառայությունների անընդմեջ գործունեությունը, փոխադրողին, ինչպես նաեւ ավտովարորդին երթուղու ճանապարհային պայմանների մասին պարբերաբար տեղեկացումը:

Հոդված 16. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների կազմակերպումը

1. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղեւորների նույն խմբի նշանակման  վայր եւ (կամ) ետվերադարձի ուղղությամբ փոխադրումների կազմակերպման միջոցով:

2. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպումը, ավտոտրանսպորտային միջոցների ընտրությունը, դրանց շարժման արագությունների նորմավորումը եւ չվացուցակների կազմումն ըստ ճանապարհակլիմայական պայմանների իրականացնում է փոխադրողը:

3. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների պատվերների ձեւակերպումը եւ փոխադրումների կազմակերպումն ու սպասարկման ռեժիմը յուրաքանչյուր առանձին դեպքում սահմանվում են պատվիրատուի եւ փոխադրողի համաձայնությամբ եւ իրականացվում են փոխադրավարձի վճարման անդորրագրի հիման վրա:

Ոչ կանոնավոր միջպետական փոխադրումներ իրականացնող ավտովարորդի մոտ պետք է գտնվի  ուղեւորների անվանացուցակը:

4. Ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման ընթացքում ուղեւորների եւ փոխադրողների հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ  պայմանագրով:

Հոդված 17. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորների փոխադրումների կազմակերպման հիմնադրույթները

1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումները (տաքսամոտորային  փոխադրումները) կազմակերպվում են բնակչությանը կամ կազմակերպություններին  ծառայություններ մատուցելու նպատակով:

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների եւ տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները եւ (կամ) անհատ ձեռնարկատերերը` լիցենզիայի առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն`

ա) տաքսոմետրով (սակաչափիչով).

բ) զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչներով.

գ) տաքսի-ծառայություն մացուցող կազմակերպության եւ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի մասին տեղեկատվությունով:

Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան` արտաքին դեղին (կամ նարնջագույն) երանգավորում եւ թափքի կողային մասում շախմատաձեւ  տարբերանշմամբ  գծանշում:

3 Երկդռնանի (չհաշված բեռնախցիկի դուռը), աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ, ձեռքի միջոցով արգելակային կառավարմամբ թեթեւ մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային փոխադրումների կազմակերպումն (իրականացումն) արգելվում է:

4. Մարդատար- տաքսի  ավտոմոբիլների նստեցումները կատարվում են `

ա) տաքսի ավտոմոբիլների համար հատուկ նախատեսված կանգառներում,

բ) ճանապարհա-փողոցային ցանցի տեղամասերում, որտեղ թույլատրված է համապատասխան ավտոտրանսպորտային միջոցների կանգառը,

գ) ուղեւորների պատվերով` ուղեւորի նշված վայրում:

Հոդված 18. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով  ուղեւորության  կազմակերպումը

1. Տաքսի ավտոմոբիլների կանգառներում ուղեւորների նստեցումը կատարվում է ընդհանուր հերթակարգով:

2. Չզբաղեցված տաքսին կարող է կանգնել եւ ուղեւորի նստեցում կատարել ճանապարհա-փողոցային ցանցի թույլատրելի տեղերում, տաքսամոտորային կանգառների առկայության դեպքում` այդ կանգառներից 200 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:

3. Տաքսի ավտոմոբիլների կանգառներում  տաքսուց մի քանի անձանց միաժամանակ օգտվելը թույլատրվում է հերթակարգի առաջին ուղեւորի համաձայնության, իսկ  շարժման մեջ գտնվող ազատ նստատեղերով տաքսուց օգտվելը` միայն տաքսու մեջ գտնվող ուղեւորի (ուղեւորների) համաձայնության  դեպքում:

4. Տաքսու ուղեսրահում ծխելը եւ դռների բացումը, դռների ապակիների իջեցումը  թույլատրվում է ուղեւորների եւ ավտովարորդի փոխհամաձայնությամբ: Գազաբալոնային համակարգով կահավորված ավտոմոբիլներում եւ «Ունիվերսալ» թափքով ավտոմոբիլների լրացուցիչ նստոցներում ծխելն արգելվում է:

5. Պատվերների ընդունման, ավտոմոբիլների տրամադրման կարգը եւ փոխադրման սակագները սահմանվում են փոխադրողների կողմից: Փոխադրողը պարտավոր է ապահովել պատվիրատուի տեղեկացումը մատուցվող ավտոմոբիլի դասի, կահավորման եւ փոխադրման պայմանների մասին, պատվիրված ժամին եւ տեղում պատվերի կատարումը:

Անկախ ուղեւորների թվից եւ փոխադրվող ուղեբեռի ծավալից, ուղեւորության համար վճարումը կատարվում է ուղեբեռի բեռնաթափումից հետո: Վճարումից հրաժարվելու դեպքում գումարը գանձվում է օրենքով սահմանված կարգով: Տաքսամոտորային ուղեւորափոխադրումներ իրականացնողն ուղեւորի պահանջով պարտավոր է ապահովել փոխադրավարձի վճարումը հավաստող փաստաթղթի հանձնումը:

Պատվերի, եւ ուղեւորության  համար վճարումը կատարվում է կանխիկ` սահմանված սակագնով կամ տաքսոմետրի (սակաչափիչի) ցուցմունքով:

Տրամադրված տաքսի-ավտոմոբիլի ծառայությունից հրաժարվելու դեպքում պատվիրատուից կարող է գանձվել սպասարկող կազմակերպության արտադրական բազայից մինչեւ տրամադրման  կետ եւ ետ վերադարձի կատարած փաստացի վազքի համար` սահմանված սակագներով բացառությմաբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Ոչ ավտովարորդի մեղքով, ինչպես նաեւ ուղեւորի պահանջով ուղեւորին պայմանավորված վայր չհասցնելու դեպքում` վճարումը կատարվում է ուղեւորության դադարեցման պահի վիճակով: Ավտոմոբիլի անսարքության  դեպքում  տաքսի ավտոմոբիլի վարորդը պետք է ապահովի ուղեւորի արագ հասցնելը  պայմանավորված վայրը կամ ուղեւորատար տրանսպորտի  մոտակա կանգառը, որի համար վճարում է ուղեւորը:

7. Տաքսի  վարձած ուղեւորի  համաձայնությամբ նույն ուղղությամբ այլ ուղեւորների նստեցման  դեպքում յուրաքանչյուր ուղեւորից ուղեւորության վճարը գանձվում է ըստ նրա երթեւեկության հեռավորության:

8. Մարդատար տաքսի-ավտոմոբիլներով փոխադրումը պետք է իրականացվի երթեւեկության համար թույլատրելի ամենակարճ ուղեգծով, եթե ուղեւորի կողմից այլ ուղեգծով երթեւեկելու ցանկություն չի հայտնվել:

ԳԼՈՒԽ 4.

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված  19.  Բեռնափոխադրումների կազմակերպման հիմնադրույթները եւ հիմնական պահանջները

1. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպումը պետք է բացառի փոխադրվող բեռի կամ նյութի մթնոլորտ արտանետումը:

2. Ավտոմոբիլային տրանսպորտով տարբեր տեսակի բեռների փոխադրումների կազմակերպմանը ներկայացվող պայմանները սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման կարգով, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 20. Բեռների բեռնարկղերով, տակդիրներով, կապոցներով եւ այլ մասնագիտացված փոխադրումները

1. Բեռների փոխադրումը բեռնարկղերի փոխատեղմամբ իրականացնելու դեպքում կազմակերպվում է բեռի առաքման եւ ստացման այն կետերի միջեւ, որտեղ առկա են բեռնարկղերի բեռնման-բեռնաթափման հետ կապված գործողությունների կատարման պայմաններ:

Բեռնարկղերով փոխադրումները կարող են կազմակերպվել բեռնարկղերի փոխատեղման կարգով: Բեռնարկղերը պետք է լինեն չափերով եւ տարողությամբ իրար համարժեք եւ համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի  պահանջներին:

2. Թունավոր եւ ուտիչ, առանց տարայի սորուն բեռների, ինչպես նաեւ բեռնարկղն աղտոտող կամ վնասող այլ նյութերի եւ բեռների փոխադրումն ավտոմոբիլային բեռնարկղերով արգելվում է:

3. Բեռները բեռնարկղերում պետք է տեղավորվեն այնպես, որ բացառվի փոխադրման  ընթացքում դրանց տեղաշարժը բեռնախցիկի ներսում եւ ապահովի բեռնվածության  հավասարաչափ բաշխումը բեռնարկղի հատակին:

Բեռնարկղերում բեռների սխալ տեղավորման  կամ  ամրացման  հետեւանքով բեռի փչացման եւ վնասվածքի համար փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե տեղավորման կամ ամրացման պատասխանատվություն չի ստանձնել:

4. Բեռների` տակդիրներով, կապոցներով եւ այլ մասնագիտացված փոխադրումներին ներկայացվող պայմանները սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների կազմակերպման կարգով:

ԳԼՈՒԽ 5.

ՓՈԽԱԴՐՈՂԻ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ,ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված  21. Փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության փոխադրողները կամ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում գրանցված օտարերկրյա քաղաքացիներն ու կազմակերպությունները, եթե այդ փոխադրումներն իրականացվում են նրանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցներով (միջոցով):

2. Փոխադրողն իրավունք ունի հրաժարվել ուղեւորների, ուղեբեռի եւ բեռների փոխադրման պայմանագրով ստանձնած պարտավորություններից, եթե փոխադրման փաստաթղթերը, ուղեբեռի եւ բեռի չափերն ու քաշը չեն համապատասխանում սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին, արգելված են փոխադրման համար կամ օրենքով սահմանված դեպքերում հնարավոր չէ իրականացնել տվյալ փոխադրումը:

Միկրոավտոբուսային փոխադրումների իրականացման դեպքում փոխադրողն իրավունք ունի ուղեբեռների փոխադրումը կազմակերպել ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցով:

3. Փոխադրողը պարտավոր է ապահովել`

ա) օրենքով սահմանված կարգով պետական գրանցումով, տեխնիկապես սարքին, սանիտարական նորմերին եւ տվյալ փոխադրմանը համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներով (միջոցով) փոխադրումների իրականացումը.

բ) օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցների (միջոցի) տեխնիկական զննության ներկայացումը,

գ) արտադրողի կողմից եւ տեխնիկական շահագործման կարգով երաշխավորված ժամկետներում սեփական կամ պայմանագրային հիմունքներով անհրաժեշտ կահավորումով արտադրական բազայում ավտոտրանսպորտային միջոցների (միջոցի) տեխնիկական սպասարկումների եւ նորոգումների անցկացումը (սեփական արտադրական բազայում անցկացնելու դեպքում` նաեւ հաշվառումը).

դ) օրենքով սահմանված պահանջներին ավտովարորդների որակավորման համապատասխանությունը.

ե) օրենքով սահմանված պահանջներին համապատասխան` ավտովարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի պահպանումը.

զ) ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կանոնները.

է) ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական եւ ավտովարորդների առողջական վիճակի ամենօրյա զննումը:

Միջքաղաքային հաղորդակցության մեծ հեռավորության երթուղիներում, երբ ավտովարորդի աշխատանքն ավարտվում է փոխադրողի արտադրական բազայից դուրս եւ փոխադրողի արտադրական բազայից կտրվածությամբ փոխադրումներ իրականացնելիս  ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական եւ ավտովարորդների առողջական վիճակի ամենօրյա զննումը պետք է իրականացվի այդ հնարավորությունն ունեցող  կազմակերպության միջոցով:

4. Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է`

ա) ապահովել հաստատված չվացուցակների պահանջների կատարումը, թույլ չտալ երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ, ավտոտրանսպորտային միջոցների մատուցման ուշացումներ.

բ) երթուղու սպասարկման ընթացքում ապահովել ուղեւորների տոմսավորումը եւ թույլ չտալ սահմանված փոխադրավարձի խախտում.

գ) ապահովել ուղեւորների բարեկիրթ եւ անվտանգ սպասարկումը, ավտովարորդների բարյացակամ վերաբերմունքը եւ պատշաճ արտաքին տեսքը.

դ) սպասարկումն իրականացնել սույն օրենքով եւ օրենսդրական այլ ակտերով սահմանված կահավորման պահանջներին համապատասխան   ավտոտրանսպորտային միջոցներով.ե) փոխադրումներն իրականացնել ճանապարհային թերթիկների եւ տոմսահաշվառման փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Տոմսով նշանակման վայր ուղեւորին հասցնելու անհնարինության դեպքում  փոխադրողը պարտավոր է նրան վերադարձնել ուղեւորության ընդհատման կետից մինչեւ ժամանման կետ հաշվարկված փոխադրավարձը կամ ուղեւորին հասցնել երթուղու ուղեգծի մոտակա ավտոկայան, երկաթուղային կայարան, օդանավակայան կամ ուղեւորի համաձայնությամբ միջոցներ ձեռնարկել նշանակման  վայր հասցնելու համար:

Երթուղուց հանված ավտոբուսը  վերջինը լինելու դեպքում (այլ ավտոբուսի բացակայության  դեպքում), եթե ուղեւորության  դադարեցման հետեւանքով ավտոբուսը վերադարձվում է մեկնման սկզբնակետ, փոխադրողը չի ազատվում սույն  մասով նախատեսված պարտականությունից եւ պետք է ապահովի ուղետոմսով (ուղեբեռային անդորրագրով) կնքված պայմանագրային պարտավորությունների կատարումը:

6. Ուղեւորների նստեցման ժամանակ տաքսու ավտովարորդը պարտավոր է աջակցել ուղեբեռի տեղավորմանը, ուղեւորության ավարտին հիշեցնել ուղեւորին` իրերի եւ ուղեբեռի բեռնաթափման մասին, ապահովել մոռացված իրերի պահպանումը կամ պահպանման հանձնումը եւ ուղեւորի պահանջով (հիմնավորմամբ) վերադարձնելը:

7. Փոխադրողը պարտավոր է փոխադրումն իրականացնել ավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկության համար գործող ճանապարհային ցանցի ամենակարճ ուղեգծով, բացի կանոնավոր փոխադրումներ իրականացնելու եւ այնպիսի դեպքերի, երբ ճանապարհային պայմաններից ելնելով, ավելի նախընտրելի է հավելյալ վազքով արդյունավետ փոխադրումը, ինչի մասին փոխադրողը նախապես  պետք է  տեղեկացնի պատվիրատուին:

8. Այն փոխադրողները, որոնք իրականացնում են ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ, պարտավոր են`

ա) ապահովել ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմ արտադրողի կողմից ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի շահագործման հրահանգով երաշխավորված ծավալներով աշխատանքների կատարումը եւ հաշվառումը.

բ) իրենց կողմից սպասարկված կամ նորոգված ավտոտրանսպորտային միջոցի վթարի դեպքում իրավասու մարմիններին տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:

Հոդված 22. Բեռն առաքողի եւ բեռը ստացողի իրավունքներն ու պարտականությունները

1. Բեռների փոխադրման դեպքում բեռն առաքողն իրավունք չունի միավոր ավտոտրանսպորտային միջոցով փոխադրման ներկայացնել տարբեր հատկություններ ունեցող բեռներ, եթե դրանց համատեղ փոխադրումը կարող է հանգեցնել որեւէ բեռի փչացմանը:

2. Բեռն առաքողն (բեռը ստացողը) իրավունք ունի փոխադրողի համաձայնությամբ փոխադրման ներկայացնել օրենքով չարգելված` հայտարարված արժեքով բեռներ: Բեռների հայտարարված արժեքը պետք է  համապատասխանի դրանց ողջամիտ արժեքին:

Չի թույլատրվում հայտարարել սորուն, լցովի, խուռնային, արագ փչացող, բեռնառաքողի կողմից կապարակնքված բեռների, ինչպես նաեւ մեկ ապրանքա-տրանսպորտային բեռնագրով ձեւակերպված բեռի որոշակի մասի արժեքը:

3. Բեռն առաքողը իրավունք չունի փոխադրման ներկայացնել բեռներ, եթե`

ա) օրենքով այդպիսի բեռների փոխադրումն ավտոմոբիլային տրանսպորտով արգելվում է.

բ) ներկայացված բեռը նախատեսված չէ հայտով կամ  բեռնափոխադրման պայմանագրով կամ ներկայացված է` ոչ պատշաճ փաթեթավորված, տարավորված կամ բեռի ձեւակերպման ու ապրանքա-տրանսպորտային փաստաթղթերը թերի են.

գ) ներկայացված բեռի քաշը գերազանցում է  հայտի համաձայն  բեռնման  ներկայացված ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի բեռնվածությանը, չափերով կամ առանձնահատկություններով անթույլատրելի են տվյալ ավտոտրանսպորտային միջոցով փոխադրում իրականացնելու համար.

դ) տարերային աղետների, ճանապարհա-կլիմայական ոչ բարենպաստ պայմանների հետեւանքով դադարեցվել կամ սահմանափակվել է փոխադրումների իրականացումը երթուղու ավտոմոբիլային ճանապարհներով.

ե) առանց բեռն առաքողի (բեռը ստացողի) առաքիչի կողմից ուղեկցման են ներկայացված այնպիսի բեռներ, որոնք իրենց բնույթով պահանջում են հատուկ պայմաններով եւ խնամքով փոխադրում, եթե առաքման  պարտավորությունը չի ստանձնում փոխադրողը:

Հոդված 23.  Ուղեւորների իրավունքները եւ պարտականությունները

1. Ուղեւորության համար ուղեւորը պետք է ունենա ուղետոմս կամ երթեւեկելու իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ (մշտական ուղետոմս, անվճար երթեւեկության իրավունքի վկայական եւ այլն), ուղեբեռի առկայության դեպքում` ուղեբեռային անդորրագիր, տեղ զբաղեցնի ուղետոմսում նշված տեղին համապատասխան, պահպանի ուղետոմսն ամբողջ ուղեւորության ընթացքում եւ ներկայացնի ավտովարորդի (տոմսավաճառի) կամ վերահսկողություն իրականացնող անձանց պահանջով:

Միջպետական եւ միջքաղաքային երթուղիներում մինչեւ ավտոբուսի մեկնումն ուղետոմս (ուղեբեռային անդորրագիր) չստացած ուղեւորն ավտոկայարանից (ավտոկայանից) ուղեւորության (ուղեբեռ փոխադրելու) իրավունք չունի:

2. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղեւորն իրավունք ունի իր հետ անվճար տեղափոխել մինչեւ 7 տարեկան մեկ երեխա, եթե վերջինս առանձին նստատեղ չի զբաղեցնում: Առանձին նստատեղ զբաղեցնելու, ինչպես նաեւ մինչեւ 7 տարեկան մի քանի  երեխաների ետ երթեւեկելիս վճարվում է սահմանված փոխադրավարձի 50 տոկոսը` յուրաքանչյուր երեխայի համար:

Միջքաղաքային հաղորդակցության ավտոբուսներով երթեւեկելիս ուղետոմսի 50 տոկոս արժեքով ուղետոմս է ձեռք բերվում 7-12 տարեկան երեխաների համար: 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների երթեւեկության համար վճարը գանձվում է սահմանված փոխադրավարձի  չափով:

3. Արտոնություններով երթեւեկելու իրավունք ունեցող ուղեւորների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային  տրանսպորտով  ուղեւորների եւ ուղեբեռի փոխադրման  պայմանների կատարումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:

4. Երթուղում ավտոբուսի անսարքության, վթարի, ինչպես նաեւ ոչ փոխադրողի մեղքով (ճանապարհա-կլիմայական անբարենպաստ պայմաններ, անհաղթահարելի ուժի հանգամանքներ եւ այլն) կամ այլ պատճառներով ուղեւորությունը դադարեցվելու դեպքերում ուղեւորն իրավունք ունի ձեռք բերված ուղետոմսով շարունակելու ուղեւորությունը նույն երթուղու այլ ավտոբուսով (միջքաղաքային ավտոբուսային  երթուղիներով` ազատ  նստատեղերի առկայության դեպքում):

5. Ուղեբեռը փոխադրման  հանձնելիս, ուղեւորն իրավունք ունի հայտարարել դրա արժեքը` վճարելով  սահմանված գումարը:

6. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղեւորն իրավունք ունի ձեռք բերված մեկ ուղետոմսին համապատասխան  տեղափոխել`

ա) անվճար` 60 X 40 X 20 (սմ) չափերը եւ 20 կգ-ը չգերազանցող քաշով մեկ ձեռքի  ծանրոց, այդ թվում` փոքր կենդանիներ, թռչուններ, փոքր չափերի կենցաղային այլ իրեր.

բ) առանց ուղեբեռային բաժանմունքների ավտոբուսներում վճարովի` 100 X 50 X 30 (սմ) չափերը չգերազանցող եւ մինչեւ 50 կգ քաշով մեկ ուղեբեռ, բացի անվճար փոխադրվող ձեռքի ծանրոցից.

գ) ուղեբեռային բաժանմունք ունեցող ավտոբուսներում վճարովի` 100 X 50 X 30 (սմ) չափերը չգերազանցող եւ մինչեւ 50 կգ-ական քաշով երկու ուղեբեռ, բացի անվճար փոխադրվող ձեռքի ծանրոցից.

դ) միկրոավտոբուսներով` սույն մասի «ա»  կետով սահմանված կարգով,

7. Ուղեւորն իրավունք ունի տաքսի-ավտոմոբիլների ուղեսրահում փոխադրել այնպիսի իրեր եւ առարկաներ, որոնք կարող են տեղավորվել  դռների թույլատրելի բացվածքներով (առանց դռների սահմանափակիչների հանման), չեն վնասի կամ աղտոտի ուղեսրահի պաստառը եւ սարքավորումը, չեն խանգարում ավտովարորդին ղեկավարել ավտոմոբիլը:

«Ունիվերսալ» թափքով տաքսիներով թույլատրվում է փոխադրել փոքր չափերի կենցաղային առարկաներ եւ սարքեր, որոնք չեն վնասի կամ փչացնի ուղեսրահի պաստառը եւ սարքավորումը:

Թույլատրվում է փոխադրել պայուսակներում տեղավորված փոքր կենդանիներ եւ վանդակներով թռչուններ, դնչակալներով շներ` տարիչների եւ տապաստակների առկայությամբ,  մրգերն ու  բանջարեղենը կարող են փոխադրվել փակ հատակ  ունեցող  զամբյուղներով:

8. Հայաստանի Հանրապետություն կառավարության կողմից հաստատված հիվանդությունների ցանկով` շփման միջոցով վարակ տարածող հիվանդություններ ունեցող քաղաքացիներին չի թույլատրվում օգտվել ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցներից:

Հոդված 24. Պատասխանատվությունը փոխադրումների կազմակերպման ընթացքում

1. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումների եւ նորոգումների, բեռնման-բեռնաթափման աշխատանքների կատարման ընթացքում տեխնիկայի անվտանգության պահանջների խախտման հետեւանքով առաջացած դժբախտ դեպքերի եւ պատահարների համար փոխադրողը եւ պատվիրատուն պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. Կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում ուղեւորների անտոմս երթեւեկությունը, ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում չձեւակերպված փաստաթղթերով, զբաղեցված մարդատար-տաքսի ավտոմոբիլներով չմիացված լուսացուցիչով փոխադրումների իրականացումն առաջացնում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 25. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ եւ նորոգում իրականացնող սուբյեկտների պատասխանատվությունը

Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ եւ նորոգում իրականացնող կազմակերպություններն իրենց կողմից կատարած տեխնիկական սպասարկումից մինչեւ հաջորդ տեխնիկական սպասարկումը սահմանված վազքի (ժամկետի) լրանալը անորակ սպասարկման պատճառով առաջացած անսարքությունների, դրանց հետեւանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների եւ հասցված նյութական վնասի համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6.

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 26.  Ավտոտրանսպորտային  միջոցների  անվտանգությանը  ներկայացվող պահանջները

1. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը պետք է համապատասխանի ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար օրենքով սահմանվող պահանջներին:

2. Կազմակերպությունների արտադրական բազաներում կատարվող ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայությունները ենթակա են տեխնիկական պահանջներին ծառայությունների համապատասխանության հավաստման` «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով  սահմանված  կարգով:

3. Շահագործման մեջ գտնվող ավտոմոբիլների վերասարքավորումները, որոնք ազդեցություն են ունենում ճանապարհային երթեւեկության անվտանգության եւ ավտոտրանսպորտի վնասակար ազդեցությունից շրջակա միջավայրի պաշտպանության վրա, իրականացվում են  Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված եւ տրանսպորտային համակարգի պետական  կառավարման լիազոր մարմնի կողմից  հաստատված տեխնիկական փաստաթղթերի հիման վրա:

4. Ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներում օգտագործվող  ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահի նստատեղերի խտացումը, այլ հարմարադասումը, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար չնախատեսված այլ նստոցների տեղադրումը, ինչպես նաեւ պատառոտված պաստառներով  նստոցների  առկայության դեպքում փոխադրումների իրականացումն արգելվում է:

5. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ապահովման նպատակով   Հայաստանի Հանրապետության կառավարությունը`  տրանսպորտային համակարգի պետական  կառավարման  լիազոր մարմնի  ներկայացմամբ,  հաստատում է ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը, ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ եւ նորոգումներ իրականացնող կազմակերպությունների   արտադրական բազային եւ կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման ու ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետների որակավորմանը ներկայացվող  պահանջները:

6. Արտադրողի կողմից տեղական նշանակության փոխադրումների համար նախատեսված, ինչպես նաեւ 17-ից ավելի նստատեղ եւ ուղեւորների նստեցման-իջեցման մեկ դուռ ունեցող ավտոբուսներով ընդհանուր օգտագործման նշանակությամբ փոխադրումների իրականացումն արգելվում է:

7. Լեռնային երթուղիների սպասարկմանը թույլատրվում են արտադրողի կողմից սահմանված առնվազն 60 տոկոս գոյապաշար ունեցող կամ նորոգման միջոցով այդ չափանիշն ապահովող ավտոբուսները, ընդ որում ավտոբուսի անվադողերի պահպանաշերտի նախշի մնացորդային բարձրությունը պետք է լինի 3 մմ-ից ոչ պակաս: Լեռնային երթուղիները սպասարկող ավտոբուսները պետք է կահավորվեն նաեւ առջեւի հակամառախուղային եւ հետընթացի օժանդակ լուսարձակներով:

Հոդված  27. Փոխադրումների անվտանգությանը ներկայացվող պահանջները

1. Ավտոտրանսպորտային միջոցների քաշային (լրիվ քաշը եւ կամրջակի վրա բեռնվածությունը) եւ եզրաչափային պարամետրերը փոխադրումների իրականացման ընթացքում պետք է համապատասխանեն փոխադրման երթուղու ավտոմոբիլային ճանապարհի փաստացի տեխնիկական կարգին եւ չգերազանցեն երթուղու ուղեգծով տեղաբաշխված կամուրջների, էստակադաների, այլ արհեստական կառույցների բեռնվածության եւ եզրաչափային պարամետրերի առավելագույնը:

Փոխադրումների պահանջներին չբավարարող, ինչպես նաեւ փոխադրումների անվտանգությանը սպառնացող երթուղիներով փոխադրումների կազմակերպումն արգելվում է:

2. Փոխադրումների ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների շարժման արագությունները չպետք է գերազանցեն չվացուցակով կամ ճանապարհային պայմաններով սահմանված արագություններին, շարժման ուղղությունները պետք է համապատասխանեն չվացուցակով նախատեսված ուղեգծին, եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

3. Երեխաների եւ դպրոցականների զբոսաշրջային եւ զանգվածային փոխադրումների կազմակերպումը երեք եւ ավելի ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվում է պետավտոտեսչության մարմինների տեղեկացմամբ, ավտոշարասյան հատուկ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցմամբ, փոխադրումն ուղեկցող ավտոտրանսպորտային միջոցներում չափահաս անձանց (15 երեխային մեկ ուղեկցող անձի հաշվարկով) ուղեկցմամբ եւ պայմանով, որ`

ա) ավտոբուսների շարժումը պետք է  իրականացվի օրվա լուսավոր ժամերին.

բ) միանգամյա` մինչեւ երկու ավտոտրանսպորտային միջոցով փոխադրումների իրականացման դեպքում` 60 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ եւ մոտակա լուսարձակների միացմամբ.

գ) զանգվածային փոխադրումների իրականացման ընթացքում` ավտոշարասյան ուղեկցմամբ` 40 կմ/ժ-ը չգերազանցող արագությամբ:

Զբոսաշրջային եւ հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում խմբերի ղեկավարների ընտրությունը, ավտոբուսից օգտվելու եւ ուղեւորության ընթացքում վարքագծի մասին հրահանգավորումն իրականացնում է պատվիրատուն:

Երեխաների զբոսաշրջային եւ հատուկ փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտոբուսի լուսամուտները շարժման ընթացքում պետք է լինեն փակ, ուղեկցողները գտնվեն յուրաքանչյուր դռան մոտ:

4. Ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական պատրաստականության ապահովման համար սպասարկումներ եւ նորոգումներ իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է համապատասխանեն սպասարկվող ավտոտրանսպորտային միջոցների դասերին, իսկ սպասարկումների ու նորոգումների գործունեություն իրականացնող պատասխանատու աշխատողներն ունենան համապատասխան մասնագիտական որակավորում:

5. Ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների փոխադրումների իրականացումը թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցների` արտադրող գործարանի կողմից կամ օրենքով սահմանված կարգով թույլատրված նստատեղերի եւ բեռնվածության  սահմաններում:

6. Ավտովարորդի աշխատանքային հերթափոխի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմատիվային տեւողությունը գերազանցող միջպետական եւ միջքաղաքային երթուղիների սպասարկումը պետք է կազմակերպվի երկու ավտովարորդով, ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն քնելու տեղով:

Հոդված  28. Ավտովարորդներին ներկայացվող պահանջները

1. Ավտովարորդը պետք է ունենա «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված  համապատասխան  ավտոտրանսպորտային միջոցը վարելու անհրաժեշտ որակավորում:

2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրւմներ իրականացնելու դեպքում ավտովարորդները` բացի որակավորման ընդհանուր պահանջներից պետք է  ունենան`

ա) կցորդով կամ կիսակցորդով փոխադրումների համար` բեռնատար ավտոմոբիլի կամ թամբային քարշակի բազային դասի ավտոմոբիլի` վերջին 2 տարիների, իսկ լեռնային երթուղիների համար` վերջին 3 տարիների անընդմեջ վարման  աշխատանքային փորձ.

բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների համար` B կարգի ավտոտրանսպորտային միջոցի վարման առնվազն մեկ տարվա փորձ.

գ) միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար՝ D կարգի ավտոտրանսպորտային միջոցի վարման վերջին 1 տարվա, կամ մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների վերջին 2 տարվա աշխատանքային փորձ

դ) ավտոբուսային փոխադրումների համար` միկրոավտոբուսային փոխադրումների իրականացման վերջին երկու տարիների աշխատանքային փորձ.

ե) լեռնային ավտոբուսային փոխադրումների համար` ավտոբուսային փոխադրումների իրականացման վերջին երկու տարիների աշխատանքային փորձ.

զ) միջքաղաքային, միջպետական եւ լեռնային երթուղիներով մինչեւ 16 տարեկան երեխաների խմբի  փոխադրումների համար` վերջին երեք տարիներին նշված երթուղիներով փոխադրումների իրականացման անընդմեջ աշխատանքային փորձ:

Գործող լեռնային երթուղուց ավտովարորդին այլ երթուղու սպասարկմանը տեղափոխելու դեպքում պետք է անցկացվի փորձաշրջան երկու օր, իսկ լեռնային երթուղում ավտոբուսի մակնիշի փոփոխության դեպքում` չորս օր տեւողությամբ:

3. Օրվա ընթացքում ավտովարորդի կողմից ավտոմոբիլի վարման առավելագույն տեւողությունը ներառյալ` արտաժամ աշխատանքը չպետք է գերազանցի 9 ժամը, շաբաթվա ընթացքում` 48 ժամը: Ավտովարորդների ամենօրյա անդադար հանգստի ժամանակը չպետք է պակաս լինի 10 ժամից, բացառությամբ իրավասու մարմինների թույլտվությամբ շաբաթվա 2 օրը 8 ժամից ոչ պակաս տեւողությամբ: Առանց ընդմիջման 4 ժամից ավելի տեւողությամբ ընդհանուր օգտագործման ավտոտրանսպորտային միջոցի վարելն արգելվում է:

ԳԼՈՒԽ  7.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված  29. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում  օրենքն ուժի մեջ մտնելու պահից 6 ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: