ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Ընդհանուր սկզբունքները եւ գործողության ոլորտը
1. Սույն օրենքի դրույթները հիմնվում են հետեւյալ սկզբունքների վրա եւ պետք է մեկնաբանվեն այդ սկզբունքներին համապատասխան.
1) արբիտրաժի իրականացման նպատակն է առանց անհարկի ձգձգումների կամ ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում,
2) կողմերն ազատ են իրենց միջեւ վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնվելու հարցում, որը ենթակա է միայն օրենքով նախատեսված սահմանափակումների:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է առեւտրային արբիտրաժին առնչվող հարաբերությունների վրա, Հայաստանի Հանրապետության եւ այլ պետության կամ պետությունների միջեւ գործող պայմանագրերի պահպանման պայմանով:
3. Սույն օրենքի գործողությունը, բացառությամբ Հոդված 8-ի, Հոդված 9-ի, Հոդված 35-ի, Հոդված 36-ի, տարածվում է միայն այն արբիտրաժի վրա, որի վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում է:
4. Սույն օրենքի գործողությունը չի բացառում Հայաստանի Հանրապետության մեկ այլ օրենքի գործողություն, որի համաձայն որոշակի վեճեր չեն կարող հանձնվել արբիտրաժի լուծմանը կամ կարող են հանձնվել արբիտրաժի լուծմանը միայն այն դրույթների համապատասխան, որոնք սահմանված չեն սույն օրենքով:
Հոդված 2. Սահմանումները եւ մեկնաբանման կանոնները
1. Սույն օրենքի իմաստով.
1) «արբիտրաժ» նշանակում է ցանկացած արբիտրաժ, անկախ դրա` մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից կամ առանց նման հաստատության իրականացվելու հանգամանքից,
2) «արբիտրաժային տրիբունալ» նշանակում է միանձնյա արբիտր կամ արբիտրների կազմ,
3) «դատարան» նշանակում է որեւէ պետության դատական համակարգի մասը կազմող մարմին կամ դատարան,
4) «Առեւտրային» հասկացությունը ներառում է առեւտրային բնույթի բոլոր հարաբերությունները` ինչպես պայմանագրային, այնպես էլ ոչ պայմանագրային: Առեւտրային բնույթի հարաբերությունները մասնավորապես ներառում են հետեւյալ գործարքները` բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների եւ նրանց հաճախորդների միջեւ կնքված, ապրանքների ու ծառայությունների մատակարարման եւ փոխանակման, առեւտրային ներկայացուցչության կամ գործակալության, ֆակտորինգի, վարձակալության, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձեւերի, ծովային, օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային փոխադրումների:
5) այնտեղ, ուր սույն օրենքի դրույթները, բացառությամբ Հոդված 28-ի, կողմերին վերապահում են որեւէ կոնկրետ հարց լուծելու ազատություն, ապա այն ներառում է նաեւ կողմերի իրավունքը` այդ հարցը լուծելու նպատակով լիազորել երրորդ անձի, ներառյալ որեւէ հաստատության,
6) այնտեղ, ուր սույն օրենքի դրույթները հիշատակում են, որ կողմերը համաձայնվել են, կամ կարող են համաձայնվել, կամ ցանկացած այլ կերպ հղում են կատարում կողմերի համաձայնության վրա, այդպիսի համաձայնությունը ներառում է համաձայնության մեջ նշված ցանկացած արբիտրաժային կանոններ,
7) եթե սույն օրենքի դրույթները, բացառությամբ Հոդված 25-ի 1-ին մասի 1)-ին կետի եւ Հոդված 32-ի 2-րդ մասի 1)-ին կետի, կիրառելի են հայցի նկատմամբ, դրանք հավասարապես կիրառելի են նաեւ հակընդդեմ հայցի նկատմամբ, եւ երբ կիրառելի են պատասխանի նկատմամբ, հավասարապես կիրառելի են նաեւ հակընդդեմ հայցի պատասխանի նկատմամբ:
Հոդված 3. Գրավոր հաղորդակցություններ ստանալը
1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա
1) ցանկացած գրավոր հաղորդակցություն համարվում է ստացված, եթե դա հասցված է անձամբ հասցեատիրոջը կամ նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայր կամ մշտական բնակության վայր կամ փոստային հասցեով: Այն դեպքում, երբ ողջամիտ հարցումներ կատարելուց հետո նշված հասցեներից ոչ մեկը չի կարող պարզվել, գրավոր հաղորդակցությունը համարվում է ստացված, եթե դա ուղարկված է հասցեատիրոջ՝ ուղարկողին հայտնի վերջին գործունեության վայր, մշտական բնակության կամ փոստային վերջին հայտնի հասցեով՝ պատվիրված նամակով կամ նշված գրավոր հաղորդակցությունն հասցնելու փորձի գրանցումն ապահովող որեւէ այլ ձեւով,
2) հաղորդակցությունը համարվում է ստացված այն հասցեատիրոջը սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին կետին համապատասխան հասցվելու օրը:
2. Այս հոդվածի դրույթները չեն վերաբերում դատարաններում վարույթի շրջանակներում իրականացվող հաղորդակցություններին:
Հոդված 4. Առարկելու իրավունքից հրաժարվելը
1. Եթե կողմին հայտնի է, որ սույն օրենքի որեւէ դրույթ, որի կիրառումը իրենց նկատմամբ կողմերը կարող են սահմանափակել, կամ արբիտրաժային համաձայնության որեւէ պահանջ չի պահպանվել, եւ այդուհանդերձ կողմը շարունակում է արբիտրաժային վարույթը` չհայտնելով իր առարկությունները այդպիսի չպահպանման վերաբերյալ առանց անհարկի ձգձգման, կամ այդպիսի առարկություն ներկայացնելու համար կոնկրետ ժամկետ սահմանված լինելու դեպքում` այդ ժամկետի ընթացքում, ապա համարվում է, որ տվյալ կողմը հրաժարվել է առարկություն ներկայացնելու իր իրավունքից:
2. Եթե արբիտրաժային համաձայնության կողմը հայցային պահանջ է ներկայացնում համաձայնության մյուս կողմի դեմ դատարան` հայցելով վերջնական որոշման կայացում այն վեճի վերաբերյալ, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն եւ եթե մյուս կողմը չի առարկում դատարանում գործի քննությանը` արբիտրաժային համաձայնության առկայության հիմքով, ապա համարվում է, որ կողմերը հրաժարվել են վեճը արբիտրաժի միջոցով կարգավորելու իրենց իրավունքից:
Հոդված 5. Դատական միջամտության սահմանները
1. Արգելվում է որեւէ դատական միջամտություն սույն օրենքով կարգավորվող հարցերին` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 6. Արբիտրաժին աջակցող եւ վերահսկող դատարանը
1. Սույն օրենքի Հոդված 9-ով, Հոդված 11-ի 3-րդ եւ 4-րդ մասերով, Հոդված 13-ի 3-րդ մասով, Հոդված 14-ով, Հոդված 27-ով, Հոդված 34-ի 2-րդ մասով նախատեսված գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից:
ԳԼՈՒԽ 2.
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 7. Արբիտրաժային համաձայնության հասկացությունը, ձեւը եւ գործողությունը
1. Արբիտրաժային համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջեւ կնքված համաձայնությունն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերն արբիտրաժի լուծմանը հանձնելու վերաբերյալ: Արբիտրաժային համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում արբիտրաժային վերապահման, այնպես էլ առանձին պայմանագրի (արբիտրաժային համաձայնագիր) ձեւով:
2. Արբիտրաժային համաձայնությունը կնքվում է գրավոր: Համաձայնությունը համարվում է գրավոր ձեւով կնքված, եթե դա կատարվել է կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելով կամ կնքված է նամակներով, հեռատիպով, հեռագրով, էլեկտրոնային կամ այդպիսի համաձայնության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ` հաղորդումներ փոխանակելու միջոցով կամ հայցի ու պատասխանի վերաբերյալ հաղորդումների փոխանակմամբ, որտեղ մի կողմը վկայակոչում է արբիտրաժային համաձայնության առկայությունը, իսկ մյուս կողմը չի առարկում դրա դեմ: Պայմանագրում կատարված հղումը այնպիսի փաստաթղթին, որը պարունակում է արբիտրաժային վերապահում, համարվում է արբիտրաժային համաձայնություն` պայմանով, որ պայմանագիրը կնքված է գրավոր ձեւով եւ տվյալ հղումը այնպիսին է, որ նշված վերապահումը դարձնում է պայմանագրի մաս: Արբիտրաժային համաձայնությունը համարվում է գրավոր ձեւով կնքված նաեւ, եթե արբիտրաժային համաձայնության մասին մի կողմի գրավոր առաջարկությունը որեւէ ձեւով ընդունվել է մյուս կողմի կողմից:
3. Արբիտրաժային համաձայնության կողմերից մեկի մահը չի հանգեցնում արբիտրաժային համաձայնության դադարման, եթե այլ բանն նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ կամ վիճելի իրավահարաբերությունը չի բացառում իրավահաջորդություն:
Հոդված 8. Արբիտրաժային համաձայնությունը եւ հայցի հարուցումը դատարան` ըստ վեճի էության
1. Դատարանը, որին հայց է ներկայացված այն վեճի վերաբերյալ, որի շուրջ առկա է արբիտրաժային համաձայնություն, պարտավոր է կողմերից մեկի միջնորդության հիման վրա, որը բերվել է ոչ ուշ քան վեճի էության շուրջ այդ կողմի առաջին հայտարարության ներկայացումը, հայցը թողնել առանց քննության` բացառությամբ, եթե գտնում է, որ այդ համաձայնությունն առոչինչ է, ուժը կորցրել է կամ չի կարող կատարվել:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցի առկայության դեպքում արբիտրաժային վարույթն այդուհանդերձ կարող է սկսվել կամ շարունակվել, եւ կարող է վճիռ կայացվել` հարցը դատարանում գտնվելու ընթացքում:
Հոդված 9. Արբիտրաժային համաձայնությունը եւ դատարանի կողմից հայցի ապահովման միջոցների կիրառումը
1. Արբիտրաժային համաձայնության հետ անհամատեղելի չի համարվում եւ արբիտրժային համաձայնությամբ նախատեսված իրավունքներից հրաժարում չի հանդիսանում արբիտրաժի կողմի` արբիտրաժից առաջ կամ դրա ընթացքում ցանկացած պահի հայցի ապահովման միջոցներ կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելը եւ դատարանի` նման ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին որոշում կայացնելը:
ԳԼՈՒԽ 3.
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԿԱԶՄԸ
Հոդված 10. Արբիտրների թիվը
1. Արբիտրների թիվը որոշվում է կողմերի համաձայնությամբ եւ պետք է լինի կենտ: Այն դեպքում, երբ արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված է արբիտրաժային տրիբունալի ձեւավորում զույգ կազմով, ապա արբիտրների թիվը պետք է մեկով ավելացվի: Այս դեպքում ավելացվող արբիտրը ընտրվում է սույն օրենքի Հոդված 11-ի 3-րդ մասի 1) կետով սահմանված կարգով:
2. Արբիտրների թվի շուրջ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում արբիտրաժային տրիբունալը ձեւավորվում է երեք արբիտրի կազմով:
Հոդված 11. Արբիտրների նշանակումը
1. Կողմերը ազատ են արբիտրաժային համաձայնությամբ սահմանելու արբիտրին ներկայացվող ցանկացած պահանջ: Ոչ ոք չի կարող իր քաղաքացիության պատճառով զրկվել արբիտր նշանակվելու իրավունքից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: Արբիտր կարող է լինել 18 տարին լրացած ցանկացած գործունակ ֆիզիկական անձ, եթե կողմերի համաձայնությամբ ավելի բարձր տարիք նախատեսված չէ:
2. Կողմերն ազատ են համաձայնեցնելու արբիտրի կամ արբիտրների նշանակման ընթացակարգը` սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի դրույթների պահպանմամբ:
3. Վերոհիշյալ համաձայնության բացակայության դեպքում.
1) երեք կամ ավելի արբիտրներով իրականացվող արբիտրաժի դեպքում, յուրաքանչյուր կողմը նշանակում է հավասար թվով արբիտր, եւ այդ կերպ նշանակված արբիտրները ձայների մեծամասնությամբ նշանակում են վերջին արբիտրին, որը հանդես է գալիս որպես տրիբունալի նախագահող: Եթե մի կողմը` արբիտր նշանակելու մասին մյուս կողմի պահանջը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում չի նշանակում արբիտր, կամ կողմերի նշանակած արբիտրներն իրենց նշանակման օրվանից 30-օրյա ժամկետում համաձայնություն ձեռք չեն բերում վերջին արբիտրի նշանակման շուրջ, ապա կողմի խնդրանքով նշանակումը կատարում է Հոդված 6-ով սահմանված դատարանը.
2) միանձնյա արբիտրի մասնակցությամբ արբիտրաժի դեպքում, եթե կողմերը չեն համաձայնվում արբիտրի նշանակման շուրջ, ապա կողմի խնդրանքով նշանակումը կատարում է այն կողմերի արբիտրաժային համաձանությամբ նախատեսված նշանակողը, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` Հոդված 6-ով սահմանված դատարանը:
4. Եթե նշանակման ընթացակարգի վերաբերյալ համաձայնությունը չի նախատեսում նշանակումն ապահովող այլ միջոցներ, կողմերից յուրաքանչյուրն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պահանջով կարող է դիմել Հոդված 6-ով սահմանված դատարան այն դեպքերում, երբ կողմերի համաձայնեցրած ընթացակարգը կիրառելիս.
1) կողմերից մեկը չի գործում դրա պահանջներին համապատասխան, կամ
2) կողմերը կամ կողմերի նշանակած արբիտրները չեն կարողանում համաձայնության գալ սահմանված ընթացակարգի համաձայն, կամ
3) սահմանված ընթացակարգի շրջանակներում երրորդ կողմը, ներառյալ հաստատությունը, չի կատարում իրեն վերապահված որեւէ գործառույթ:
5. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված հարցերի վերաբերյալ Հոդված 6-ով սահմանված դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն: Դատարանը արբիտրին նշանակելիս պարտավոր է հաշվի առնել նրա որակավորման վերաբերյալ կողմերի համաձայնության մեջ առկա պահանջները եւ այն հանգամանքները, որոնք կարող են ապահովել անկախ եւ անաչառ արբիտրի նշանակումը, իսկ միանձնյա կամ երրորդ արբիտր նշանակելիս պարտավոր է հաշվի առնել նաեւ կողմերի երկրների քաղաքացի չհանդիսացող անձին որպես արբիտր նշանակելու նպատակահարմարությունը:
Հոդված 12. Բացարկ հայտնելու հիմքերը
1. Որպես արբիտր հնարավոր նշանակման մասին առաջարկ ստացած անձը պարտավոր է հայտնել ցանկացած այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են հիմնավոր կասկած առաջացնել նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ: Արբիտրը, իր նշանակման պահից եւ արբիտրաժի ամբողջ ընթացքում՝ մինչեւ արբիտրաժային տրիբունալի կողմից վերջնական վճռի կայացումը կամ արբիտրաժային վարույթի որեւէ այլ ձեւով ավարտը, պարտավոր է անհապաղ կողմերին հայտնել ցանկացած այդպիսի հանգամանքների մասին, եթե նա ավելի վաղ չի հայտնել վերջիններիս դրանց մասին:
2. Արբիտրին բացարկ կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ կամ նա չունի կողմերի համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում:
3. Կողմը կարող է բացարկ հայտնել իր կողմից կամ իր մասնակցությամբ նշանակված արբիտրին միայն այնպիսի հիմքերով, որոնք իրեն հայտնի են դարձել նշանակումից հետո:
Հոդված 13. Բացարկման ընթացակարգը
1. Կողմերն, իրենց հայեցողությամբ եւ սույն հոդվածի 3-րդ մասի դրույթների պահպանմամբ, կարող են համաձայնվել արբիտրի բացարկման ընթացակարգի վերաբերյալ:
2. Նման համաձայնության բացակայության դեպքում, արբիտրին բացարկ հայտնելու մտադրություն ունեցող կողմը պարտավոր է արբիտրաժային տրիբունալի ձեւավորման կամ Հոդված 12-ի 2-րդ մասում նշված որեւէ հանգամանքի մասին իրեն հայտնի դառնալուց հետո 15-օրյա ժամկետում արբիտրաժային տրիբունալին ուղարկել գրավոր բացարկ` բացարկի հիմքերի շարադրմամբ: Եթե արբիտրը, որին բացարկ է հայտնվել, ինքնաբացարկ չի հայտնում կամ մյուս կողմը չի համաձայնվում բացարկին, ապա բացարկի հարցը որոշում է արբիտրաժային տրիբունալը:
3. Եթե կողմերի համաձայնեցրած կամ սույն հոդվածի 2-րդ մասում նախատեսված կարգով հայտնված բացարկը մերժվում է, ապա բացարկ հայտնած կողմը, բացարկի մերժման մասին որոշումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, կարող է դիմել սույն օրենքի Հոդված 6-ով սահմանված դատարան` բացարկի վերաբերյալ որոշում ընդունելու խնդրանքով, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ: Քանի դեռ կողմի նման դիմումի վերաբերյալ որոշում ընդունված չէ, արբիտրաժային տրիբունալը, ներառյալ այն արբիտրը, որին բացարկ է հայտնվել, կարող է շարունակել արբիտրաժային վարույթը եւ վճիռ կայացնել
Հոդված 14. Պարտականությունների կատարման անհնարինությունը կամ չկատարումը
1. Այն դեպքում, երբ արբիտրը իրավաբանորեն (de jure) կամ փաստացի (de facto) ի վիճակի չէ կատարել կամ այլ պատճառներով չի կատարում իր գործառույթները առանց անհարկի ձգձգման, նրա լիազորությունները դադարում են ինքնաբացարկ հայտնելով կամ երբ կողմերը համաձայնվում են նրա լիազորությունների դադարեցման մասին: Այլ դեպքերում, երբ առկա են տարաձայնություններ այդ հիմքերից որեւէ մեկի վերաբերյալ, արբիտրի լիազորությունների դադարեցման հարցը լուծելու նպատակով կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հոդված 6-ով սահմանված դատարան, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ:
2. Եթե սույն հոդվածի կամ Հոդված 13-ի 2-րդ մասի համաձայն, արբիտրն ինքնաբացարկ է հայտնում կամ կողմը համաձայնվում է նրա մանդատի դադարեցմանը, ապա դա չի ենթադրում սույն հոդվածով կամ Հոդված 12-ի 2-րդ մասով սահմանված հիմքերից որեւէ մեկի ընդունում:
Հոդված 15. Արբիտրի փոխարինումը
1. Եթե արբիտրի լիազորությունները դադարում են սույն օրենքին Հոդված 13-ում կամ Հոդված 14ում նախատեսված հիմքերով կամ որեւէ այլ պատճառով ինքնաբացարկ հայտնելու կամ կողմերի համաձայնության ուժով կամ այլ հիմքերով, ապա նոր արբիտրը նշանակվում է նույն կարգով, որով նշանակվել էր փոխարինվող արբիտրը:
2. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, երբ Հոդված 12-ին, Հոդված 13-ին, Հոդված 14-ին համապատասխան փոխարինվում է միանձնյա արբիտրը կամ արբիտրաժային տրիբունալի նախագահողը նախկինում անցկացված բոլոր լսումները նորից են վերսկսվում, իսկ եթե փոխարինվում է ցանկացած այլ արբիտր, այդպիսի լսումները կարող են վերսկսվել արբիտրաժային տրիբունալի հայեցողությամբ:
ԳԼՈՒԽ 4.
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. Արբիտրաժային տրիբունալի` իր իրավասության վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը
1. Արբիտրաժային տրիբունալը իրավասու է որոշում կայացնել իր իրավասության, ներառյալ` արբիտրաժային համաձայնության առկայության կամ վավերականության վերաբերյալ: Այս նպատակով արբիտրաժային վերապահումը, որը հանդիսանում է պայմանագրի բաղկացուցիչ մասը, պետք է մեկնաբանվի որպես պայմանագրի մյուս մասերից անկախ համաձայնություն: Պայմանագրի ուժը կորցրած լինելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումն չի հանգեցնում արբիտրաժային վերապահման անվավերությանը:
2. Արբիտրաժային տրիբունալի իրավասության բացակայության վերաբերյալ հայտարարությունը կարող է արվել ոչ ուշ, քան մինչեւ հայցի վերաբերյալ պատասխան ներկայացնելը: Կողմի` արբիտր նշանակելու կամ արբիտրի նշանակմանը մասնակցելու հանգամանքը նրան չի զրկում այդպիսի հայտարարություն անելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի կողմից իր իրավասությունը գերազանցելու վերաբերյալ հայտարարությունը պետք է արվի, անմիջապես այն բանից հետո, երբ կողմի կարծիքով արբիտրաժի ընթացքում շոշափվում է այնպիսի հարց, որը դուրս է արբիտրաժային տրիբունալի իրավասության շրջանակներից: Արբիտրաժային տրիբունալը ցանկացած դեպքում կարող է ընդունել ուշացված հայտարարությունը, եթե ուշացումը համարի հարգելի:
3. Աույն հոդվածի 2-րդ մասում նշված հայտարարության վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը կարող է կայացնել որոշում` կամ որպես նախնական բնույթ ունեցող հարցի վերաբերյալ, կամ անդրադառնալ դրան գործն ըստ էության լուծող որոշման մեջ: Եթե արբիտրաժային տրիբունալը իր իրավասության վերաբերյալ, որպես նախնական բնույթ ունեցող հարցի, կայացնում է որոշում, ապա կողմերից յուրաքանչյուրն այդ որոշման մասին տեղեկացում ստանալուց հետո 30-օրյա ժամկետում կարող է դիմել սույն օրենքի Հոդված 6-ով սահմանված դատարան` տվյալ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու հայցով, որի կայացրած ակտը բողոքարկման ենթակա չէ: Մինչեւ դատարանի կողմից այդ հարցի լուծումը արբիտրաժային տրիբունալը կարող է շարունակել արբիտրաժային վարույթը եւ վճիռ կայացնել:
Հոդված 17. Արբիտրաժային տրիբունալի` հայցի ապահովման միջոցների կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասությունը
1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, արբիտրաժային տրիբունալը, կողմերից յուրաքանչյուրի միջնորդությամբ կարող է որոշում կայացնել հայցի ապահովման այնպիսի միջոցներ կիրառելու վերաբերյալ, որոնք նա գտնի անհրաժեշտ` հաշվի առնելով վեճի առարկան: Արբիտրաժայինն տրիբունալը կարող է ցնակացած կողմից պահանջել տրամադրել ձեռնարկվող միջոցներին համապատասխանող ապահովում՝ հայցի ապահովման միջոցնե՟րի կիրառմամբ մյուս կողմին պատճառվելիք հնարավոր վնասների կանխման կամ հատուց՟ման նպատակով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները կարող են ամրագրվել միջանկյալ վճռի ձեւով:
3. Հայցի ապահովման միջոցները, որոնք պահանջել կամ կարգադրել է ձեռնարկել արբիտրաժային տրիբունալը` կայացնելով միջանկյալ վճիռ սույն հոդվածով սահմանված կարգով, կարող են ճանաչվել, հարկադիր կատարվել կամ չեղյալ ճանաչվել Հոդված 6-ով սահմանված դատարանի կողմից՝ Հոդված 34-ի, Հոդված 35-ի, Հոդված 36-ի պահանջների պահպանմամբ:
ԳԼՈՒԽ 5
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 18. Կողմերի նկատմամբ հավասար մոտեցումը
1. Արբիտրաժում կողմերի նկատմամբ պետք է կիրառվի հավասար մոտեցում եւ յուրաքանչյուր կողմին պետք է տրամադրվեն բոլոր հնարավորություններն իր գործի ներկայացման համար:
Հոդված 19. Ընթացակարգի կանոնների որոշումը
1. Կողմերը, սույն օրենքի դրույթների պահպանմամբ, կարող են իրենց հայեցողությամբ համաձայնվել արբիտրաժային տրիբունալի կողմից վարույթի իրականացման ընթացակարգի շուրջ:
2. Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում, արբիտրաժային տրիբունալը, սույն օրենքի դրույթների պահպանմամբ, կարող է արբիտրաժային վարույթն իրականացնել այն ձեւով, որը նպատակահարմար /պատշաճ, համապատասխան/ կհամարի: Արբիտրաժային տրիբունալին տրված լիազորությունները ներառում են ցանկացած ապացույցի թույլատրելիության, վերաբերելիության, էականության եւ նշանակալիության որոշման լիազորությունը:
Հոդված 20. Արբիտրաժի վայրը
1. Կողմերն իրենց հայեցողությամբ կարող են համաձայնության գալ արբիտրաժի վայրի վերաբերյալ: Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում, արբիտրաժի վայրը որոշվում է արբիտրաժային տրիբունալի կողմից` հաշվի առնելով գործի հանգամանքները` ներառյալ կողմերի համար հարմարությունը:
2. Չնայած սույն հոդվածի 1-ին մասի դրույթներին, արբիտրաժային տրիբունալը կարող է, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, նիստ գումարել ցանկացած այլ վայրում, որը հարմար է համարում, արբիտրների միջեւ խորհրդակցություն իրականացնելու, վկաներին, փորձագետներին կամ կողմերին լսելու կամ ապրանքներ, այլ գույք կամ փաստաթղթեր զննելու/ ուսումնասիրելու/ նպատակով:
Հոդված 21. Արբիտրաժային վարույթի սկիզբը
1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա տվյալ վեճի հետ կապված արբիտրաժային վարույթը համարվում է սկսված վեճն արբիտրաժին փոխանցելու մասին ծանուցումը պատասխանողի կողմից ստանալու օրը:
Հոդված 22. Արբիտրաժի լեզուն
1. Կողմերն իրենց հայեցողությամբ կարող են պայմանավորվել արբիտրաժի վարույթի ընթացքում կիրառվող լեզվի (լեզուների) շուրջ: Նման համաձայնության բացակայության դեպքում, արբիտրաժային տրիբունալն ինքն է որոշում արբիտրաժի ժամանակ կիրառելի լեզուն (լեզուները): Այդ համաձայնությունը կամ որոշումը, եթե նրանցում այլ բան չի նշվում, վերաբերում են կողմերի ցանկացած գրավոր հայտարարություններին, գործի ցանկացած լսումներին կամ արբիտրաժային տրիբունալի ցանկացած վճռին, որոշմանը կամ հաղորդակցությանը:
2. Արբիտրաժային տրիբունալը կարող է որոշել, որ ցանկացած գրավոր ապացույց ուղեկցվի այն լեզվի կամ լեզուների թարգմանությամբ, որի մասին կողմերը պայմանավորվել են, կամ որի վերաբերյալ արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացրել:
Հոդված 23. Հայցադիմումը եւ պատասխանը
1. Կողմերի համաձայնեցրած կամ արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված ժամկետում հայցվորը պարտավոր է ներկայացնել իր հայցային պահանջները եւ դրանք հիմնավորող փաստերը, ապահովման կամ հատուցման մասին պահանջները, իսկ պատասխանողը ներկայացնում է իր առարկությունները դրանց վերաբերյալ, եթե կողմերն այդ հաղորդումների անհրաժեշտ տարրերի վերաբերյալ այլ բան չեն պայմանավորվել: Կողմերը կարող են իրենց հաղորդումներին կից ներկայացնել բոլոր այն փաստաթղթերը, որոնք ըստ իրենց առնչվում են գործին, կամ հղում կատարել ապագայում իրենց կողմից ներկայացվելիք փաստաթղթերին կամ այլ ապացույցներին:
2. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային վարույթի ընթացքում յուրաքանչյուր կողմ կարող է փոփոխել կամ լրացնել իր հայցը կամ պատասխանը, եթե արբիտրաժային տրիբունալն աննպատակահարմար չհամարի այդպիսի փոփոխության թույլատրումը` հաշվի առնելով այն կատարելու ուշացումը:
Հոդված 24. Գործի լսումները եւ փաստաթղթային վարույթը
1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում գործի վարույթն իրականացնել կամ բանավոր լսումների, կամ միայն փաստաթղթերի եւ այլ նյութերի հիման վրա: Այնուամենայնիվ, արբիտրաժային տրիբունալը պարտավոր է իրականացնել բանավոր լսումներ արբիտրաժային վարույթի համապատասխան փուլում` կողմերից որեւէ մեկի խնդրանքով, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը պայմանավորվել են չիրականացնել բանավոր լսումներ:
2. Կողմերը պետք է նախապես պատշաճ ձեւով իրազեկվեն արբիտրաժային տրիբունալի ցանկացած նիստի կամ ապրանքների, այլ գույքի զննման կամ փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով ցանկացած հանդիպման մասին:
3. Արբիտրաժային տրիբունալին կողմերից մեկի ներկայացրած բոլոր հայտարարությունները, փաստաթղթերը կամ այլ տեղեկատվություն պետք է տրամադրվեն մյուս կողմին: Ցանկացած փորձագիտական եզրակացություն կամ ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր, որոնց վրա արբիտրաժային տրիբունալը կարող է հիմնվել վճիռ կայացնելիս, պետք է ուղարվի կողմերին:
4. Եթե օրենքով կամ դատարանի որոշմամբ այլ բան չի նախատեսվում կամ եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա բոլոր արբիտրաժային վարույթներն գաղթնի են եւ դռնփակ, եւ ոչ մի փաստաթուղթ կամ ներկայացված այլ ապացույց կամ արբիտրաժի ժամանակ երբեւէ կատարված հայտարարություն չեն կարող տրամադրվել այլ անձանց, կամ որեւէ դատարանի կամ այլ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները տրամադրվում են դատարանի որոշմամբ կամ անհրաժեշտ են դատարանում վարույթի շրջանակներում` արբիտրաժի վճռի ճանաչման, հարկադիր կատարման կամ չեղյալ հայտարարելու համար: Սույն մասով նախատեսված դրույթները չեն տարածվում առանց որեւէ չհրապարակման պարտավորության խախտման նախկինում հրապարակված փաստաթղթերի, ապացույցների կամ հայտարարությունների վրա:
Հոդված 25. Կողմի անպարտաճանաչությունը /կողմի կողմից իր պարտականությունների չկատարումը/
1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա եթե առանց հարգելի պատճառի.
1) հայցվորը չի ներկայացնում իր հայցադիմումը Հոդված 23-ի 1-ին մասին համապատասխան` արբիտրաժային տրիբունալը դադարեցնում է վարույթը,
2) պատասխանողը չի ներկայացնում իր առարկությունները հայցի նկատմամբ Հոդված 23-ի 1-ին մասին համապատասխան` արբիտրաժային տրիբունալը շարունակում է վարույթը` առարկություններ չներկայացնելը ինքնին չդիտելով որպես պատասխանողի կողմից հայցվորի պնդումների ընդունում,
3) կողմերից որեւէ մեկը չի ներկայանում նիստին կամ արբիտրաժային տրիբունալի կողմից կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետում, չի ներկայացնում գրավոր ապացույցներ` արբիտրաժային տրիբունալը կարող է շարունակել վարույթը եւ վճիռ կայացնել` իր մոտ առկա ապացույցների հիման վրա:
Հոդված 26. Արբիտրաժային տրիբունալի կողմից նշանակված փորձագետը
1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, արբիտրաժային տրիբունալը կարող է.
1) նշանակել մեկ կամ մի քանի փորձագետ արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու համար,
2) պահանջել կողմից` փորձագետին տրամադրել գործին վերաբերող ցանկացած տեղեկություն կամ ուսումնասիրության համար ներկայացնել գործին վերաբերող փաստաթղթեր, ապրանքներ եւ այլ գույք կամ այդպիսի փաստաթղթերի, ապրանքների եւ այլ գույքի ուսումնասիրության հնարավորություն ստեղծել:
2. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, կողմերից մեկի պահանջով կամ եթե արբիտրաժային տրիբունալը դա անհրաժեշտ համարի, փորձագետը պարտավոր է իր գրավոր կամ բանավոր եզրակացությունը ներկայացնելուց հետո մասնակցել նիստին, որտեղ արբիտրաժային տրիբունալին եւ կողմերին հնարավորություն կտրվի նրան հարցեր տալ, ինչպես նաեւ կողմերը կարող են ներկայացնել փորձագետ-վկաներ` քննվող հարցերի շուրջ բացատրություններ տալու նպատակով:
Հոդված 27. Դատական աջակցությունն ապացույցներ ձեռք բերելիս
1. Արբիտրաժային վարույթի ցանկացած փուլում, արբիտրաժային տրիբունալը կամ կողմը` արբիտրաժային տրիբունալի համաձայնությամբ, կարող է դիմել Հոդված 6-ով սահմանված դատարան կամ իրավասու ցանկացած այլ դատարան տվյալ անձի կողմից` արբիտրաժի մեկ կամ մեկից ավելի կողմերին կամ արբիտրաժային տրիբունալին վարույթին առնչվող ցանկացած փաստաթղթի կամ ապացույցի տրամադրումը պարտադրելու, կամ լսումներին ցանկացած անձի` որպես վկայի ներկայությունն ապահովելու կամ որեւէ այլ կերպ ապացույցներ ձեռք բերելուն օժանդակելու միջնորդությամբ: Դատարանը կարող է բավարարել այդ միջնորդությունն իր իրավասության շրջանակներում:
ԳԼՈՒԽ 6
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ
Հոդված 28. Վեճի էության նկատմամբ կիրառելի նորմերը
1. Արբիտրաժային տրիբունալը վեճերը լուծելիս կիրառում է կողմերի համաձայնությամբ ընտրված իրավունքի նորմերը: Ցանկացած պետության իրավունքին կամ իրավական համակարգին կատարված հղումը պետք է մեկնաբանվի որպես տվյալ պետության իրավունքի նյութական, այլ ոչ թե կոլիզիոն նորմերին կատարված հղում:
2. Կողմերի համաձայնության բացակայության դեպքում, արբիտրաժային տրիբունալը կիրառում է այն իրավունքը, որը որոշված է իր կողմից կիրառելի համարվող կոլիզիոն նորմերով:
3. Անկախ ընտրված իրավունքից՝ կողմերը, մինչեւ վճռի կայացումը, կարող են արբիտրաժային տրիբունալին ուղղակիորեն լիազորել՝ վեճը լուծելու արդարության ընդհանուր սկզբունքների հիման վրա (ex aequo et bono) կամ որպես հաշտարար միջնորդ (amiable compositeur):
4. Բոլոր դեպքերում արբիտրաժային տրիբունալը վճիռ է կայացնում պայմանագրի պայմանների համաձայն եւ հաշվի առնելով տվյալ գործարքի համար կիրառելի առեւտրային սովորույթները:
Հոդված 29. Արբիտրաժային տրիբունալի կողմից վճռի կայացումը
1. Մեկից ավելի արբիտրների մասնակցությամբ վեճի քննության դեպքում արբիտրաժային տրիբունալը վճիռ է կայացնում իր անդամների ձայների մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Այնուամենայնիվ, նախագահողը կարող է որոշում կայացնել վարույթին առնչվող հարցերի շուրջ, եթե դրա համար լիազորված է կողմերի կամ արբիտրաժային տրիբունալի բոլոր անդամների կողմից:
Հոդված 30. Հաշտության համաձայնությունը
1. Եթե արբիտրաժի ընթացքում կողմերը հաշտությամբ լուծում են վեճը, ապա արբիտրաժային տրիբունալը դադարեցնում է գործի քննությունը եւ կողմերի խնդրանքով, արբիտրաժային տրիբունալի կողմից առարկությունների բացակայության դեպքում, համաձայնեցված պայմաններով կայացնում է վճիռ հաշտության համաձայնության մասին:
2. Համաձայնեցված պայմանների շուրջ կայացված հաշտության համաձայնության վերաբերյալ վճիռը պետք է կայացվի Հոդված 31-ի պահանջների պահպանմամբ եւ պետք է պարունակի նշում այն մասին, որ այն հանդիսանում է արբիտրաժային տրիբունալի վճիռ: Այդպիսի վճիռն ունի նույն կարգավիճակը եւ ուժը, ինչպես արբիտրաժային տրիբունալի կողմից ըստ գործի էության կայացվող ցանկացած այլ վճիռ:
Հոդված 31. Արբիտրաժային տրիբունալի վճռի ձեւը եւ բովանդակությունը
1. Արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է կայացվի գրավոր ձեւով եւ ստորագրվի միանձնյա արբիտրի կամ արբիտրների կողմից: Մեկից ավելի արբիտրների մասնակցությամբ արբիտրաժային վարույթի դեպքում բավական է արբիտրաժային տրիբունալի անդամների մեծամասնության ստորագրությունների առկայությունը` պայմանով, որ վճռում նշվեն բացակայող ստորագրությունների պատճառները:
2. Արբիտրաժային տրիբունալի վճռում պետք է նշվեն դրա հիմքում ընկած հանգամանքներ, բացառությամբ, երբ կողմերը համաձայնվել են, որ այդպիսիք չպետք է նշվեն վճռում, կամ եթե սույն օրենքի Հոդված 30-ին համապատասխան կայացվել է համաձայնեցված պայմանների շուրջ վճիռ: Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալի վճռում պետք է նշվեն նաեւ արբիտրաժային ծախսերը եւ դրանց բաշխումը կողմերի միջեւ:
3. Վճռում նշվում են արբիտրաժի անցկացման ամսաթիվը եւ վայրը` սույն օրենքի Հոդված 20-ի 1-ին մասին համապատսախան: Արբիտրաժային տրիբունալի վճիռը համարվում է կայացված վճռում նշված վայրում:
4. Վճռի կայացումից հետո յուրաքանչյուր կողմին պետք է ուղարկվի դրա պատճենը` ստորագրված արբիտրների կողմից սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:
Հոդված 32. Արբիտրաժի ավարտը
1. Արբիտրաժն ավարտվում է արբիտրաժային տրիբունալի կողմից վճռի կամ սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն որոշման կայացմամբ:
2. Արբիտրաժային տրիբունալը արբիտրաժի ավարտի վերաբերյալ կայացնում է որոշում այն դեպքում, երբ.
1) հայցվորը հրաժարվում է հայցից, բացառությամբ, երբ պատասխանողն առարկում է գործի վարույթի ավարտման դեմ եւ արբիտրաժային տրիբունալը ճանաչում է նրա օրինական շահը վեճի վերջնական կարգավորման հարցում,
2) կողմերը պայմանավորվում են վարույթի դադարեցման վերաբերյալ,
3) արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ գործի քննության շարունակումը որոշակի պատճառներով դարձել է ավելորդ կամ անհնարին:
3. Արբիտրաժային տրիբունալի լիազորությունները դադարում են արբիտրաժի ավարտի հետ միաժամանակ սույն օրենքի Հոդված 33-ով եւ Հոդված 34-ի 4-րդ մասով նախատեսված դրույթների հաշվառմամբ:
Հոդված 33. Վճռի ուղղումը եւ մեկնաբանումը. լրացուցիչ վճիռը
1. Վճիռը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, եթե կողմերի համաձայնությամբ այլ ժամկետ չի սահմանվել`
1) կողմը, տեղեկացնելով մյուս կողմին, կարող է դիմել արբիտրաժային տրիբունալին` խնդրելով ուղղել վճռում տեղ գտած թվաբանական սխալները, վրիպակները կամ գրասխալները, կամ նմանաբնույթ այլ սխալները,
2) կողմերի միջեւ համապատասխան համաձայնության առկայության դեպքում կողմը, տեղեկացնելով մյուս կողմին, կարող է դիմել արբիտրաժային տրիբունալին` խնդրելով պարզաբանել վճռի որեւէ առանձին կետ կամ մաս:
3) Արբիտրաժային տրիբունալը կողմի դիմումը հիմնավոր գտնելու դեպքում, պարտավոր է այն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում կատարել համապատասխան ուղղումները կամ տալ պարզաբանում: Այդ պարզաբանումը դառնում է վճռի բաղկացուցիչ մասը:
2. Արբիտրաժային տրիբունալը վճռի կայացման օրվանից 30-օրյա ժամկետում կարող է իր նախաձեռնությամբ ուղղել սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին կետում նշված ցանկացած սխալ:
3. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա կողմը, մյուս կողմին տեղյակ պահելով, կարող է վճիռը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում դիմել արբիտրաժային տրիբունալին` խնդրելով կայացնել լրացուցիճ վճիռ արբիտրաժային վարույթի ժամանակ ներկայացված, սակայն վճռում չարտացոլված պահանջների մասով: Արբիտրաժային տրիբունալը, դիմումը հիմնավոր գտնելու դեպքում, պարտավոր է այն ստանալուց հետո 60-օրյա ժամկետում կայացնել լրացուցիչ վճիռ:
4. Անհրաժեշտության դեպքում արբիտրաժային տրիբունալը կարող է երկարաձգել սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով նախատեսված սխալների ուղղման, պարզաբանման կամ լրացուցիչ վճռի կայացման ժամկետները:
5. Վճռի ուղղման, պարզաբանման կամ լրացուցիչ վճռի կայացման դեպքերում կիրառվում են Հոդված 31-ի հոդվածի դրույթները:
ԳԼՈՒԽ 7
ՎՃՌԻ ՎԻՃԱՐԿՈՒՄԸ
Հոդված 34. Չեղյալ ճանաչումը` որպես արբիտրաժային տրիբունալի վճռի վիճարկման բացառիկ միջոց
1. Արբիտրաժային տրիբունալի վճռի վիճարկումը դատարանում կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան այն չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմելու ճանապարհով:
2. Արբիտրաժային տրիբունալի վճիռը կարող է չեղյալ ճանաչվել Հոդված 6-ով սահմանված դատարանի կողմից միայն այն դեպքում, եթե.
1) դիմում ներկայացնող կողմն ապացույցներ ներկայացնի այն մասին, որ.
ա) Հոդված 7-ով նախատեսված արբիտրաժային համաձայնության կողմերից մեկն իր հանդեպ կիրառելի իրավունքի համաձայն եղել է անգործունակ, կամ արբիտրաժային համաձայնությունը, կողմերի ընտրած իրավունքի կամ այդպիսին ընտրած չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն անվավեր է, կամ
բ) տվյալ կողմը պատշաճ ձեւով տեղեկացված չի եղել արբիտրի նշանակման կամ արբիտրաժի մասին, կամ այլ պատճառներով զրկված է եղել իր գործը ներկայացնելու հնարավորությունից, կամ
գ) վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին, կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, պայմանով սակայն, որ եթե արբիտրաժային համաձանությամբ նախատեսված մասով կայացված որոշումները կարող են առանձնացվել այն որոշումներից, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա կարող է չեղյալ ճանաչվել արբիտրաժային տրիբունալի վճռի միայն այն մասը, որը ներառում է արբիտրաժային համաձայնությամբ չնախատեսված հարցեր, կամ
դ) արբիտրաժային տրիբունալի կազմը կամ ընթացակարգը չի համապատասխանել կողմերի արբիտրաժային համաձայնությանը, եթե այդ համաձայնությունը հակասության մեջ չէ սույն օրենքի պարտադիր դրույթների հետ, կամ, նման համաձայնության բացակայության դեպքում, չի համապատասխանել սույն օրենքին, կամ
2) դատարանը պարզի , որ`
ա) համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության վեճի առարկան ենթակա չէ լուծման արբիտրաժի կողմից, կամ
բ) վճիռը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:
3. Չեղյալ ճանաչման մասին դիմումը չի կարող ներկայացվել արբիտրաժային տրիբունալի վճիռը ստանալուց երեք ամիսը լրանալուց հետո, իսկ այն դեպքում, երբ դիմում է ներկայացվել Հոդված 33-ով սահմանված կարգով` արբիտրաժային տրիբունալի կողմից այդ դիմումի կապակցությամբ կայացված վճռի օրվանից երեք ամիսը լրանալուց հետո:
4. Դատարանը, որին ներկայացվել է վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը, կարող է կողմերից մեկի խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ որոշակի ժամանակով դադարեցնել այդ հարցի քննությունը, որպեսզի հնարավորություն ընձեռնի արբիտրաժային տրիբունալին վերսկսելու արբիտրաժային վարույթը կամ ձեռնարկելու այլ միջոցներ, որոնք արբիտրաժային տրիբունալի կարծիքով կարող են վերացնել արբիտրաժային տրիբունալի վճռի բեկանման հիմքերը:
ԳԼՈՒԽ 8
ՎՃՌԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 35. Արբիտրաժային տրիբունալի վճռի Ճանաչումը եւ կատարումը
1. Արբիտրաժային տրիբունալի վճիռը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման եւ կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որեւէ այլ պետության տարածքում, պետք է ճանաչվի որպես պարտադիր եւ, համապատասխան դատարանին գրավոր միջնորդելու դեպքում, կատարվի սույն հոդվածին եւ 36-րդ հոդվածին համապատասխան:
2. Վճռի վրա հիմնվող կամ վճռի կատարման համար միջնորդող կողմը պետք է ներկայացնի վճռի պատշաճ ձեւով վավերացված բնօրինակը կամ պատշաճ ձեւով վավերացված պատճեն, ինչպես նաեւ Հոդված 7-ում նշված արբիտրաժային հանաձայնության բնօրինակը, կամ դրա պատշաճ ձեւով վավերացված պատճեն: Եթե վճիռը կամ համաձայնությունը շարադրված չեն հայերենով, ապա կողմը ներկայացնում է դրա պատշաճ ձեւով վավերացված հայերեն թարգմանությունը:
3. ՀՀ տարածքից դուրս կայացված արբիտրաժային վճիռները փոխադարձության սկզբունքով ճանաչվում եւ ի կատար են ածվում ՀՀ տարածքում՝ սույն օրենքին, այլ իրավական ակտերին եւ ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան: Ընդ որում փոխադարձությունը համարավում է առկա, եթե այլ բան ապացուցված չէ:
Հոդված 36. Ճանաչումը կամ հարկադիր կատարումը մերժելու հիմքերը
1. Արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչումը կամ հարկադիր կատարումը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման եւ կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որեւէ այլ պետության տարածքում, կարող է մերժվել միայն.
1) այն կողմի խնդրանքով, որի դեմ այն ուղղված է, եթե այդ կողմն ապացույցներ ներկայացնի դատարանին, որտեղ հայցվում է վճռի ճանաչումը կամ հարկադիր կատարումը, այն մասին, որ.
ա) Հոդված 7-ով նախատեսված արբիտրաժային համաձայնության կողմերից մեկն իր հանդեպ կիրառելի իրավունքի համաձայն եղել է անգործունակ, կամ արբիտրաժային համաձայնությունը անվավեր է` կողմերի ընտրած իրավունքի կամ այդպիսին ընտրած չլինելու դեպքում` վճռի կայացման երկրի օրենսդրությամբ, կամ
բ) տվյալ կողմը պատշաճ ձեւով տեղեկացված չի եղել արբիտրի նշանակման կամ արբիտրաժի մասին, կամ այլ պատճառներով զրկված է եղել իր գործը ներկայացնելու հնարավորությունից, կամ
գ) վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին, կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, պայմանով սակայն, որ եթե արբիտրաժային համաձանությամբ նախատեսված մասով կայացված որոշումները կարող են առանձնացվել այն որոշումներից, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա կարող է չեղյալ ճանաչվել արբիտրաժային տրիբունալի վճռի միայն այն մասը, որը ներառում է արբիտրաժային համաձայնությամբ չնախատեսված հարցեր, կամ
դ) արբիտրաժային տրիբունալի կազմը կամ ընթացակարգը չի համապատասխանել կողմերի արբիտրաժային համաձայնությանը, կամ, նման համաձայնության բացակայության դեպքում, չի համապատասխանել վճռի կայացման երկրի օրենսդրությանը,
ե) վճիռը դեռեւս չի դարձել պարտադիր կողմերի համար կամ չեղյալ է ճանաչվել, կամ դրա կատարումը կասեցվել է այն պետության դատարանի կողմից, որտեղ կամ որի իրավունքին համապատասխան կայացվել է այդ վճիռը, կամ
2) դատարանը պարզի, որ`
ա) համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության վեճի առարկան ենթակա չէ լուծման արբիտրաժի կողմից, կամ
բ) վճիռը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի ե) ենթակետով նախատեսված դատարանին միջնորդություն է ներկայացվել վճիռը ճեղյալ ճանաչելու կամ վճռի կատարումը կասեցնելու վերաբերյալ, ապա դատարանը, որտեղ հայցվում է վճռի ճանաչումը եւ հարկադիր կատարումը, կարող է իր հայեցողությամբ հետաձգել իր կողմից կայացվելիք որոշումը, ինչպես նաեւ վճռի ճանաչումը եւ հարկադիր կատարումը հայցող կողմի միջնորդության հիման վրա` պարտադրել մյուս կողմին ներկայացնել համազոր ապահովում:
Հոդված 37. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված միջնորդ համաձայնությունների վավերականությունը պետք է որոշվի «Միջնորդ դատարանների եւ միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը միջնորդ դատարանների վարույթներում գտնվող գործերը պետք է քննվեն «Միջնորդ դատարանների եւ միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Կողմերի համաձայնությամբ իրենց վեճի քննումը կարող է շարունակվել սույն օրենքի համաձայն:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը միջնորդ դատարանի վճռի հիման վրա հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու պահանջով եւ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատարաններում գտնվող գործերը քննվում են «Միջնորդ դատարանների եւ միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Միջնորդ դատարանների եւ միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. մայիսի 5-ի ՀՕ 219 օրենքը:
5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: