Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-075-07.09.1999-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ազգային ժողովի պատգամավորը

1. Սույն օրենքը սահմանում է Ազգային ժողովի պատգամավորի, նրա օգնականների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ամրագրում նրանց գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավական եւ սոցիալական երաշխիքները։

2. Պատգամավորը ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, ընտրողների կամքի ազատ արտահայտմամբ ընտրված ժողովրդի ներկայացուցիչն է։

3. Սահմանադրության 64-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։

4. Սահմանադրության 65-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից։

5. Սահմանադրության 66-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով։

6. Պատգամավորի կարգավիճակի մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքից, սույն օրենքից, Ազգային ժողովի որոշումներից եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից։

7. Համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները օժտված են հավասար իրավունքներով, կրում են հավասար պարտականություններ, ընտրողների եւ պետության հանդեպ կրում են հավասար պատասխանատվություն։

Հոդված 2 . Պատգամավորի լիազորությունների ժամկետը

Պատգամավորի լիազորությունները սկսվում են նրա ընտրության օրից եւ դադարում նրա ընտրությանը հաջորդող չորրորդ տարվա հունիսին՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

Հոդված 3. Պատգամավորի լիազորությունների վաղակետ դադարումը

1. Պատգամավորի լիազորությունները վաղակետ դադարում են հետեւյալ դեպքերում՝

ա) Ազգային ժողովը արձակելու.

բ) Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, պետական այլ պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու.

դ) մեկ նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով անհարգելի բացակայելու.

ե) ազատազրկման դատապարտվելու,

զ) անգործունակ ճանաչվելու,

է) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով հրաժարական տալու.

ը) ընտրության գրանցումը չեղյալ հայտարարելու մասին սահմանադրական դատարանի որոշումը ուժի մեջ մտնելու.

թ) անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու.

ժ) մահանալու։

2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «ե», «զ», «ը», «թ» եւ «ժ» ենթակետերով նախատեսված դեպքերում, համապատասխան փաստաթղթերի հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը եւ հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հոդված 4 Պատգամավորի գործունեության ձեւերը

Պատգամավորն իր պատգամավորական գործունեությունն իրականացնում է հետեւյալ կազմակերպչական ձեւերով՝

ա) Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերին մասնակցելով.

բ) խորհրդարանական լսումներին մասնակցելով.

գ) Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների որոշումները կատարելով.

դ) Ազգային ժողովի քննարկմանը օրենքների եւ Ազգային ժողովի որոշումների նախագծեր ներկայացնելով.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարության) անդամներին հարցերով դիմելով.

զ) ընտրողների հետ աշխատանքներ կատարելով.

է) Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի աշխատանքներին մասնակցելով.

ը) Ազգային ժողովի միջխորհրդարանական աշխատանքներին մասնակցելով։

Հոդված 5. Պատգամավորի աշխատանքն ընտրողների հետ

1. Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն ընտրողների հետ աշխատանքն իրականացնում են համապատասխան ընտրատարածքներում, իսկ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները՝ համապատասխան կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կողմից սահմանված տարածքներում։

2. Պատգամավորը օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում իր ընտրողների իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու համար։

3. Պատգամավորը պարբերաբար կազմակերպում է ընդունելություններ եւ հանդիպումներ, ուսումնասիրում է հասարակական կարծիքը եւ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիներից ստացված առաջարկություններին, դիմումներին եւ բողոքներին։

4. Ընտրողների իրավունքները եւ օրինական շահերն ապահովելու նպատակով պատգամավորը համագործակցում է պետական կառավարման տարածքային մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ։

5. Պատգամավորը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների, զորամասերի, ռազմականացված ստորաբաժանումների ղեկավարների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից անհետաձգելի ընդունելության իրավունք ունի։

6. Հանրապետության տարածքում կապ հաստատելու համար, հատուցելի հիմունքներով, օգտվել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հեռախոսային եւ էլեկտրոնային կապի միջոցներից։

Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են, պատգամավորի պահանջով, ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել պատգամավորին՝ քաղաքացիների ընդունելության եւ նրանց հետ հանդիպման համար:

7. Մարզպետները (Երեւանի քաղաքապետը) իրենց իրավասության շրջանակներում աջակցում են մարզերի (Երեւան քաղաքի) տարածքում ընտրողների հետ սույն հոդվածի 5-րդ կետում նշված աշխատանքների պատշաճ կազմակերպմանը։

Հոդված 6. Պատգամավորի անձեռնմխելիությունը

1. Պատգամավորական լիազորությունների ընթացքում եւ դրանից հետո անձը չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրված Ազգային ժողովի համաձայնության։

2. Պատգամավորի անձեռնմխելիությունը տարածվում է իրեն պատկանող գույքի եւ ծառայողական աշխատասենյակի վրա։

ԳԼՈՒԽ 2

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 7. Պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքը

Սահմանադրության 75-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորն օժտված է օրենսդրական նախաձեռնության իրավունքով։ Պատգամավորն իր այդ իրավունքն իրականացնում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ։

Հոդված 8. Պատգամավորի մասնակցությունը Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովի նիստերին

Պատգամավորն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով մասնակցում է Ազգային ժողովի եւ նրա հանձնաժողովների նիստերին։

Հոդված 9. Կառավարությանը հարցերով դիմելու պատգամավորի իրավունքը

Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան՝ պատգամավորն իրավունք ունի հարցերով դիմել Կառավարությանը։ Հերթական նստաշրջանի յուրաքանչյուր շաբաթվա մեկ նիստում վարչապետը եւ Կառավարության անդամները «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանում են պատգամավորների հարցերին։

Հոդված 10. Տեղեկություններ ստանալու եւ դրանք տարածելու պատգամավորի իրավունքը

Ազգային ժողովի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ) պատգամավորին ապահովում է ՀՀ պաշտոնական տեղեկագրերով եւ օրաթերթերով։

Հոդված 11. Տրանսպորտային միջոցներից օգտվելու պատգամավորի իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում պատգամավորն իրավունք ունի հատուցելի հիմունքներով օգտվել օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտից, քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից, բացառությամբ տաքսուց, ինչպես նաեւ արտահերթ կարգով ձեռք բերել ուղետոմսեր։

2. Պատգամավորին հատուցելի հիմունքներով ուղետոմս է տրամադրվում պատգամավորական վկայականի հիման վրա, որի առնչությամբ տրանսպորտային կազմակերպության ուղետոմս վաճառող անձը կատարում է համապատասխան գրանցում՝ նշելով պատգամավորի անունը, ազգանունը, ուղետոմսի արժեքը եւ այն տրամադրելու ժամանակը։

3. Պատգամավորն իրավունք ունի հատուցելի հիմունքներով օգտվել օդանավակայաններում եւ երկաթուղային կայարաններում պաշտոնատար անձանց եւ պատվիրակությունների համար նախատեսված սրահներից եւ սենյակներից։

4. Պատգամավորին տրամադրված, ինչպես նաեւ պատգամավորական լիազորությունների իրականացման համար օգտագործվող եւ պատգամավորին պատկանող անձնական ավտոտրանսպորտային միջոցներին օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացվում են հատուկ գրանցման պետական համարանիշեր։

Պատգամավորին պատկանող եւ նրա լիազորությունների իրականացման համար օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցներն Ազգային ժողովի աշխատանքային օրվա ընթացքում կայանվում են Ազգային ժողովի նստավայրի բակում՝ այդ նպատակի համար առանձնացված վայրում։

Հոդված 12. Հյուրանոցում արտահերթ բնակվելու պատգամավորի իրավունքը

Հյուրանոցների վարչությունները, անկախ նրանց գերատեսչական պատկանելիությունից եւ սեփականության ձեւից պարտավոր են մեկ ժամվա ընթացքում պատգամավորին եւ նրան ուղեկցող անձանց տրամադրել հեռախոսով կահավորված առանձին համարներ։

Հոդված 13. Կապի միջոցներից օգտվելու պատգամավորի իրավունքը

Պատգամավորը իր լիազորությունները իրականացնելու համար իրավունք ունի հանրապետության տարածքում կապ հաստատելու համար հատուցելի հիմունքներով օգտվել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հեռախոսային եւ էլեկտրոնային կապի միջոցներից։

Հոդված 14. Որպես վկա ցուցմունքներ տալուց հրաժարվելու պատգամավորի իրավունքը

Պատգամավորը պարտավոր չէ իր կարգավիճակից բխող գործողությունների առնչությամբ ցուցմունք տալ այլ անձանց դեմ։

Հոդված 15. Ժամկետային զինվորական ծառայությունից եւ զորահավաքներից եւ ռազմական հավաքներից պատգամավորին ազատելը

Պատգամավորն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից եւ ռազմական հավաքներից։

ԳԼՈՒԽ 3

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 16. Պատգամավորական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ պատգամավորի մահվան դեպքում նրա ընտանիքի սոցիալական պաշտպանությունը

Պատգամավորական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ պատգամավորի մահվան դեպքում նրա ընտանիքի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, գլխավոր դատախազի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ մահվան դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Հոդված 17. Ազգային ժողովի արձակման դեպքում պատգամավորի իրավունքները

Ազգային ժողովի արձակման դեպքում պատգամավորին տրվում է միանվագ դրամական նպաստ՝ նրա ամսական աշխատավարձի չափով։

Հոդված 18. Պատգամավորի վարձատրությունը

Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովի նախագահի եւ պատգամավորի վարձատրությունը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների եւ մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով։

Հոդված 19. Պատգամավորին ամենամյա վճարովի արձակուրդ տրամադրելը

1. Պատգամավորներին միաժամանակ տրվում է ամենամյա արձակուրդ՝ 36 աշխատանքային օր տեւողությամբ, որից 12-ը՝ ձմռանը, իսկ 24-ը՝ ամռանը:

2. Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների եւ մշտական հանձնաժողովների նախագահների արձակուրդի ժամանակացույցը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 20. Պատգամավորին բնակելի տարածություն տրամադրելը

Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է Ազգային ժողովի նախագահը:

Հոդված 21. Պատգամավորի բժշկական, սանիտարա-առողջարանային, կենցաղային սպասարկումը եւ կենսաթոշակային ապահովումը

1. Պատգամավորի բժշկական, սանիտարա-առողջարանային, եւ կենցաղային սպասարկումը ապահովվում է Կառավարության անդամի համար սահմանված կարգով։

2. Իր գործունեության ընթացքում հիվանդություն, խեղում կամ այլ վնասվածք ստացած պատգամավորի համար պատգամավորական լիազորությունների դադարումից հետո պահպանվում է սույն հոդվածով սահմանված բժշկական, սանիտարա-առողջարանային, եւ կենցաղային ապահովումը։

3. Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի պատգամավորի (դեպուտատի) լիազորությունների ընթացքում եւ դրանից հետո օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրացած անձանց կենսաթոշակն ավելացվում է տվյալ պահին գործող Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի 75 տոկոսի չափով։

4. Սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված իրավունքը չի պահպանվում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ տարուց պակաս պատգամավորական ստաժ կամ որոնց լիազորությունները վաղակետ դադարել են սույն օրենքի 3-րդ հոդվածի «բ», «գ», «դ», «ե», «ը», «թ» եւ «ժ» ենթակետերով նախատեսված դեպքերում։

Հոդված 22. Պատգամավորի աշխատանքային իրավունքները

Պատգամավորի լիազորությունների ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես ընդհանուր ստաժ: Անընդհատ աշխատանքային ստաժը պահպանվում է, եթե պատգամավորն իր լիազորությունների ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ընդունվում է աշխատանքի:
 


ԳԼՈՒԽ 4

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 23. Պատգամավորի օգնականը

1. Պատգամավորը կարող է ունենալ հասարակական հիմունքներով աշխատող երկու օգնական:

2. Օգնականը պատգամավորի հանձնարարությամբ՝

ա) նախապատրաստում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը.

բ) նախապատրաստում է պատգամավորի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ վերլուծական, տեղեկատվական եւ այլ նյութեր.

գ) կազմակերպում է պատգամավորի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

դ) վարում է գործավարությունը:

3. Պատգամավորի ներկայացմամբ Աշխատակազմը գրանցում է նրա օգնականին եւ տալիս է վկայական, որը պատգամավորի օգնականին իրավունք է տալիս հանդես գալ պատգամավորի անունից եւ մուտք գործել Ազգային ժողովի նստավայր։

4. Ազգային ժողովի կողմից գործուղման դեպքում պատգամավորի օգնականի գործուղման ծախսերը փոխհատուցվում են Աշխատակազմի աշխատակիցների գործուղման համար սահմանված կարգով եւ չափերով։

5. Պատգամավորի օգնական կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

Հոդված 24. Պատգամավորի պատգամավորական վկայականը եւ կրծքանշանը

1. Պատգամավորի լիազորությունները հաստատում են պատգամավորական վկայականը եւ կրծքանշանը, որոնք նրան են տրվում իր լիազորությունների ժամկետով։

2. Պատգամավորի վկայականը նրան իրավունք է տալիս օրենքով սահմանված կարգով օգտվելու իր իրավունքներից։

3. Պատգամավորական վկայականի նմուշը հաստատում է Աշխատակազմը, իսկ պատգամավորական կրծքանշանի նկարագրությունը հաստատվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Հոդված 25. Պատգամավորի դիվանագիտական անձնագիրը

Պատգամավորին իր լիազորությունների ժամկետով օրենքով սահմանված կարգով տրվում է դիվանագիտական անձնագիր։

Հոդված 26. Պատգամավորի ծառայողական աշխատասենյակը

Պատգամավորին Ազգային ժողովի նստավայրում հատկացվում է կահավորված, տեխնիկական եւ Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների համար նախատեսված կապի միջոցներով հագեցված ծառայողական տարածք:

ԳԼՈՒԽ 5

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոդված 27. Պատգամավորի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար պատասխանատվությունը

Պատգամավորի իր կարգավիճակից բխող գործողություններին խոչընդոտելը առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն։

Հոդված 28. Պատգամավորի եւ նրա մերձավոր հարազատների նկատմամբ ապօրինի գործողությունների համար պատասխանատվությունը

Պատգամավորի գործունեությունը հարկադրաբար դադարեցնելու կամ դրան հրամայական բնույթ տալու նպատակով պատգամավորի եւ (կամ) նրա մերձավոր հարազատների նկատմամբ կիրառված գործողությունը եւ (կամ) այդպիսի գործողություն կատարելու սպառնալիքը առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն։