Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-955-25.09.2006-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության  (2000 թվականի նոյեմբերի 9, ՀՕ-97) օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հեռուստատեսության եւ ռադիոյի բնագավառը կարգավորվում է սույն օրենքով, միջազգային պայմանագրերով եւ այլ իրավական ակտերով:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1) 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հեռուստառադիոհաղորդում՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածման համար նախատեսված  պատկերներ եւ (կամ) հնչյուններ եւ (կամ)  այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ տեսագրված եւ /կամ/ ձայնագրված եւ /կամ/ ամրագրված սահմանափակ տեւողության նյութ, որն ինքնուրույն եւ ավարտուն է բովանդակության եւ կազմակերպչական իմաստով,  հանդիսանում է հեղինակային եւ (կամ) հարակից իրավունքի  օբյեկտ:.»,

2) 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հեռուստառադիոհաղորդաշար` հեռուստառադիոհաղորդումներ, որոնք հեռարձակվում են նույն անվանմամբ եւ որոշակի պարբերականությամբ (ոչ պակաս, քան տարին մեկ անգամ).»,

3) 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հեռուստառադիոծրագիր՝ հեռարձակման համար նախատեսված, հեռուստառադիոընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստառադիոհաղորդումների, գովազդի եւ այլ նյութերի ամբողջություն.»,

4) 7-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հեռուստառադիոընկերություն      (հեռուստաընկերություն եւ (կամ) ռադիոընկերություն)` իրավաբանական անձ, որը հեռարձակում կամ վերահեռարձակում է հեռուստառադիոծրագրեր եւ պատասխանատվություն է կրում լիցենզավորման պայմանների (բացառությամբ Հանրային հեռուստառադիոընկերության), սույն օրենքի եւ այլ իրավական նորմերի կատարման համար.»,

5) 9-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

6) 10-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«լիցենզավորված անձ՝ հեռուստաընկերություն եւ (կամ) ռադիոընկերություն, որն օրենքով սահմանված կարգով ստացել է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա.»,

7) 11-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոհաղորդումներ արտադրող  ընկերությունների կողմից կամ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձի պատվերով արտադրված կամ հայերեն թարգմանված հաղորդում.»,

8) 12-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«սեփական հեռուստառադիոհաղորդում՝ հաղորդում, որը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքը պատկանում է տվյալ հեռուստառադիոընկերությանը.»,

9) 14-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բաժանորդային հեռարձակում` հեռարձակում, որը նախատեսված է հեռարձակողի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձանց համար.

10) 23-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պաշտոնական հաղորդագրություն /տեղեկատվություն/` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության կողմից պետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների հետ կապված պաշտոնապես ներկայացված լրատվություն.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի գործողությունը տարածվում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում իրականացնելու հետ կապված հարաբերությունների վրա:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում ինտերնետային ցանցի միջոցով տարածվող աուդիովիզուալ նյութի հեռարձակման վրա:»:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ պարբերություններում, 28-րդ հոդվածի 9-րդ մասի բ/ կետում, 43-րդ հոդվածի 3-րդ մասում, 54-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 59-րդ հոդվածի 5-րդ մասում «հաճախություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «հաճախականություն» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է լիցենզիայի հիման վրա: Առանց լիցենզիայի հեռարձակումն իրականացնում են հանրային հեռուստառադիոընկերությունը եւ միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակողները:»,

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով՝

«Ոչ սեփական հեռուստառադիոհաղորդումները կարող են հեռարձակվել միայն դրանց հեռարձակման իրավունքը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:

Հեռուստառադիոհաղորդման արտադրության եւ հեղինակի մասին տեղեկատվության (տիտրեր, ձայնային ներկայացում) ամբողջական հեռարձակումը պարտադիր է:»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) առաջին մասում «չի կարող» բառից հետո լրացնել «եռամսյակային» բառը,

2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի դրույթները չեն գործում բաժանորդային հեռարձակման եւ ամբողջական վերահեռարձակվող օտարերկրյա հեռուստառադիոծրագրերի վրա:»:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենքի 5-րդ եւ» բառերը հանել, «հոդվածների» բառը փոխարինել «հոդվածի» բառով:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «Հանրաքվեների եւ ընտրությունների քարոզչությանը նախորդող ու դրանց անցկացման ժամանակաշրջանում» բառերը փոխարինել «Նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում» բառերով,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Նշված ժամանակահատվածում հեռուստատեսությամբ քարոզչական հաղորդումների սփռումը պետք է ուղեկցվի պարտադիր անընդմեջ լուսագրով՝ «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում», իսկ ռադիոսփռման դեպքում՝ յուրաքանչյուր հաղորդման ընթացքում, ոչ պակաս, քան երեք անգամ, պետք է հիշեցվի դրա մասին:»:

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասից հանել «հեռուստառադիոհաղորդման հեղինակների եւ հեռարձակողի անունը, ազգանունը» բառերը,

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մասնավոր հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները ներկայացնում են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով: Հաշվառման մատյանի վարման եւ տվյալների  ներկայացման կարգը սահմանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը:

3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հաշվառման մատյանի տվյալների հիման վրա Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը վերահսկում է հեռուստառադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը  օրենսդրության եւ լիցենզիայի պայմաններին: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստառադիոընկերությունների կողմից  հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ՝ յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Դիտարկման արդյունքները համադրվում են հեռուստառադիոընկերությունների կողմից ներկայացված հաշվառման մատյանների տվյալների հետ:»:

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 15. ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հովանավորությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից հեռուստառադիոհաղորդման ուղղակի անշահախնդիր ֆինանսավորումն է, որի նպատակը հաղորդումների արտադրությանը եւ որակի բարձրացմանը օժանդակելն է:

Հովանավոր չեն կարող լինել պետական մարմինները, պետական մարմինների պաշտոնատար անձինք, կրոնական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները եւ դրանց դաշինքները, քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները:

Հովանավորը չի կարող ազդել հաղորդման բովանդակության վրա կամ որեւէ կերպ խախտել հեռուստառադիոընկերության խմբագրական անկախությունը:

Արգելվում է լրատվական (բացառությամբ մարզական լրատվության եւ եղանակի տեսության, որոնք հեռարձակվում են առանձին հաղորդման տեսքով) եւ քաղաքական հաղորդումների, պաշտոնական հաղորդագրությունների հովանավորությունը:

Հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում կարող են միայն մեկ անգամ լուսագրերի կամ հայտարարությունների տեսքով նշվել տեղեկություններ հովանավորողների մասին:»:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իրավունք ունի իրավասու պետական մարմնից պահանջել եւ ստանալ տեղեկատվություն հեռուստառադիոընկերության մասնակցի (բաժնետիրոջ) կամ կանոնադրական կապիտալում բաժնեմասերի փոփոխության վերաբերյալ:»:

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հայաստանի Հանրապետության տարածքում վերահեռարձակվող օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ընդգրկված գովազդի վերահեռարձակումն արգելվում է:»:

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ օրվա հաղորդումների ծրագրերը» բառերը,

2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Ելքային տվյալների փոփոխության դեպքում հեռուստառադիոընկերությունը այդ մասին տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին՝ մինչեւ նոր ելքային տվյալների օգտագործումը:»:

Հոդված 15. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասությունից հանել «մասնավոր» բառը եւ երկրորդ նախադասության «հեռուստաընկերությունն» բառը փոխարինել «հեռուստառադիոընկերությունն» բառով:

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածի՝

ա) չորրորդ մասը ճանաչել ուժը կորցրած,

բ) վեցերորդ մասի «ա» կետը ճանաչել ուժը կորցրած,

գ) ութերորդ մասի «ա», «բ»  կետերը ճանաչել ուժը կորցրած,

դ) տասնմեկերորդ մասում «կանոնադրություն» բառը փոխարինել «կանոնակարգ» բառով,

ե) ութերորդ մասի «դ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) համար պետք է ընտրվի հեռուստադիտողին այն մատուցելու առավել արդյունավետ եթերաժամը` չխախտելով Հանրային հեռուստառադիոընկերության խմբագրական ազատությունը, իսկ արտակարգ իրավիճակներին վերաբերող պաշտոնական հաղորդագրությունները (տեղեկատվությունը)` անհապաղ:»:

Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի՝

1)  «դ» կետում «ֆինանսական միջոցների օգտագործման» բառերից հետո լրացնել «, զուտ շահույթի (կուտակված շահույթի)  բաշխման» բառերը, «կարգը» բառը փոխարինել «կարգերը» բառով,

2) «ե» կետից հանել «նրանց հետ կնքվող պայմանագրերի ձեւերը, պայմանները» բառերը, «վարձատրման» բառից հետո լրացնել «չափերը եւ» բառերը,

3) «է» կետում «մրցույթի» բառից հետո լրացնել «եւ վերստուգող հանձնաժողովի կազմավորման» բառերը, «կարգը» բառը փոխարինել «կարգերը» բառով:

Հոդված 18. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 34. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը եւ վարձատրման չափերը Խորհրդի նախագահի ներկայացմամբ հաuտատում է Խորհուրդը` ապահովելով նույնանման պաշտոնների միջեւ դրույքաչափերի համապատասխանությունը»:

Հոդված 19. Օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի «մարտի 1-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով:

Հոդված 20. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 37. ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով՝ օրենքով ստեղծվում է անկախ կարգավորող մարմին՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով (Ազգային հանձնաժողով): Ազգային հանձնաժողովի գործունեությունն առնչվում է մասնավոր հեռուստառադիոընկերությունների գործունեության լիցենզավորման, դրանց եւ միջպետական պայմանագրի հիման վրա հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների գործունեության վերահսկողության հետ:

Ազգային հանձնաժողովը՝

ա) հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման նպատակով հատկացնում է եթերային հաճախականություններ.

բ) հատկացնում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիաներ.

գ) յուրաքանչյուր տարի հրապարակում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված եթերային հաճախականությունների ցանկը.

դ) վերահսկում է հեռուստառադիոընկերությունների կողմից լիցենզիայի պայմանների եւ սույն օրենքի պահանջների կատարումը.

ե) կիրառում է վարչական տույժեր.

զ) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ իրավական ակտեր.

է) հրապարակում է լիցենզավորված անձանց ցուցակը.

ը) հաստատում է լիցենզիայի ձեւերը.

 թ) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:

Հոդված 21. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովը բաղկացած է ութ անդամից, որոնցից կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից՝ վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի: Ազգային ժողովն այդ մարմնի անդամներին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:

Հոդված 22. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Ազգային հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, նրանց վարձատրության կարգը

Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի լրագրության, հեռուստատեսության եւ ռադիոյի, մշակույթի, արվեստի, տեխնիկայի, գիտության եւ իրավագիտության բնագավառներում  աշխատանքային փորձ, բարձրագույն կրթություն եւ տիրապետում է հայոց լեզվին:

Ազգային հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել՝

ա) կուսակցության ղեկավար մարմնի անդամ.

բ) հեռուստառադիոընկերության ղեկավար.

գ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ կամ աշխատող.

դ) հեռուստառադիոընկերության բաժնետեր կամ մասնակից:

Ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող միաժամանակ զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացառությամբ մանկավարժական, գիտական եւ ստեղծագործական գործունեության:

Ազգային հանձնաժողովի անդամները գործում են վճարովի հիմունքներով, որոնց վարձատրության կարգը սահմանվում է օրենքով:»:

Հոդված 23. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 45. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի անդամը՝

ա) հրաժարական է տվել.

բ) ընտրվել կամ նշանակվել է որեւէ այլ պաշտոնում.

գ) դատապարտվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով.

դ) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

ե) մահացել է:

Նշված հիմքերով Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրան փոխարինող անձը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է տվյալ անդամին նշանակած (ընտրած) մարմնին, որը պարտավոր է տեղեկացվելուց հետո մեկամսյա ժամկետում նշանակել նոր անդամ:

Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրան փոխարինող անձը Ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնավարության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ այդ մասին գրավոր տեղեկացնում է տվյալ անդամին նշանակած (ընտրած) մարմնին:

Նոր անդամի պաշտոնավարման լիազորություններն ուժի մեջ են մտնում նախորդ անդամի պաշտոնավարման լիազորությունները դադարելու օրվան հաջորդող օրը:»:

Հոդված 24. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 47. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս օգտվել որոշակի հաճախականությունից, կաբելային (լարային) ցանցից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման նպատակով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիան տրվում է մրցութային կարգով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Ազգային հանձնաժողովը:

Լիցենզավորված անձը չի կարող լիցենզիան փոխանցել կամ վաճառել այլ անձի:»:

Հոդված 25. Օրենքի 48-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 48. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` Իրավասու մարմին), Հեռահաղորդակցության միջազգային միության հաճախականությունների ցանկին համապատասխան Ազգային հանձնաժողովին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված հաճախականությունների ցանկը: Ազգային հանձնաժողովը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է այն:

Ազգային հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, հայտարարում է ազատ (չզբաղեցված) հաճախականությամբ հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթ:

Յուրաքանչյուր մրցույթի համար Ազգային հանձնաժողովը սահմանում է մրցույթի պայմաններ:

Լիցենզավորման արդյունքների մասին Ազգային հանձնաժողովը տասնհինգօրյա ժամկետում տեղեկացնում է Իրավասու մարմնին:

Ամիսը մեկ անգամ, բայց ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 15-ը Իրավասու մարմինը Ազգային հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունների փաստացի սփռման տարածքների ամսական ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ: Յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության սփռման տարածքի ուսումնասիրությունը կատարվում է ոչ ուշ, քան վեց ամիսը մեկ անգամ:

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված ապօրինի հեռարձակման դեպքերի մասին Իրավասու մարմինը մեկ շաբաթյա ժամկետում տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին:»:

Հոդված 26. Օրենքի 49-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 49. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա ստանալու համար ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը՝

ա) դիմում.

բ) հիմնադիր փաստաթղթի պատճենը նոտարական կարգով վավերացված.

գ) պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիա ստանալուն համար դիմողը ներկայացնում է նաեւ մրցութային առաջարկ, որը պարունակում է դիմողի առաջարկությունները մրցույթի պայմաններում նշված պահանջների եւ հեռուստառադիոհեռարձակման իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաեւ դրանց իրագործման տեխնիկական եւ ֆինանսական հիմնավորումները:

Հեռուստառադիոհաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա ստանալուն համար դիմողը ներկայացնում է նաեւ`

ա) տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնությունը կապի կազմակերպման ներկայացված սխեմայով եւ սփռման տարածքի քարտեզով հեռուստառադիոհեռարձակման կաբելային ցանց ստեղծելու վերաբերյալ.

բ) տեղեկություններ նախատեսվող հեռուստառադիոծրագրերի եւ մատուցվելիք այլ հեռահաղորդակցական ծառայությունների մասին.

գ) հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար տեխնիկական եւ ֆինանսական հիմնավորումներ:

Դիմումի ձեւը եւ փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանում է Ազգային հանձնաժողովը:

Ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում, եթե՝

ա) ամբողջական չեն կամ ուղղումների կարիք ունեն եւ օրենքով սահմանված ժամկետում նշված թերությունները չեն վերացվել.

բ) դիմողը սույն օրենքի համաձայն չի կարող լինել լիցենզավորված անձ:»:

Հոդված 27. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 50. ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Հեռուստառադիոհաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա տալու մասին որոշումը կայացվում է դիմումը ներկայացնելու օրվանից 60 օրվա ընթացքում:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային  հեռարձակման լիցենզիան տրվում են մրցույթ հայտարարելու օրվանից 6 ամսվա ընթացքում:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչելիս Ազգային հանձնաժողովը հաշվի է առնում՝

ա) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.

բ) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը:

Դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները գնահատվում են՝ ելնելով ներկայացված ծրագիրն իրագործելու համար դրանց բավարար կամ ոչ բավարար լինելու սկզբունքից:

Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով հիմնավորի լիցենզավորված անձին ընտրելու, լիցենզիա տալը մերժելու եւ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները:»:

Հոդված 28. Օրենքի 51-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 51. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը մերժվում է, եթե դիմողը մրցույթում հաղթող չի ճանաչվել:

Հեռուստառադիոհաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը մերժվում է, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերում նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը.

բ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման տեխնիկական կամ ֆինանսական հնարավորությունները կամ հայտարարված տեխնիկական կամ ֆինանսական հնարավորությունները բավարար չեն:

Լիցենզիա ստանալու դիմումի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:

Հոդված 29. Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 52.  ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Լիցենզիան պարունակում է հետեւյալ տեղեկությունները`

ա) լիցենզավորող մարմնի անվանումը.

բ) լիցենզիայի համարը եւ տրման ամսաթիվը.

գ) լիցենզավորվող անձի լրիվ անվանումը.

դ)  լիցենզավորվող անձի գտնվելու վայրը.

ե) կապուղին եւ սփռման տարածքը.

զ) լիցենզիայի գործողության ժամկետը:

Հեռուստառադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզիայի անքակտելի մաս է համարվում մրցութային առաջարկը:»:

Հոդված 30. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 53. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա տալու մասին որոշում կայացնելուց հետո տասնօրյա ժամկետում լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձը պետք է մուծի պետական տուրք` հեռուստառադիոհեռարձակում իրականացնելու, հաճախականություն /ներ/ օգտագործելու եւ դրա /դրանց/ պետական սպասարկման համար:

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը ենթակա է վճարման «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափերով:»:

Հոդված 31. Օրենքի 58-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 58. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Սույն օրենքի դրույթների, Ազգային հանձնաժողովի որոշումների եւ սույն բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաեւ լիցենզիայի պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում Ազգային հանձնաժողովն իրավասու է իրավախախտում կատարած հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) նկատմամբ կիրառել վարչական տույժ (գրավոր նախազգուշացում, տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով, լիցենզիայի գործողության կասեցում):

Միջպետական պայմանագրի հիման վրա վերահեռարձակում իրականացնող կազմակերպության կողմից թույլ տրված իրավախախտման դեպքում Ազգային հանձնաժողովը վարչական տույժ է կիրառում վերահեռարձակում իրականացնող կազմակերպության նկատմամբ` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կողմից միջպետական պայմանագրի կողմ հանդիսացող մարմնին: Վերահեռարձակում իրականացնող կազմակերպության կողմից մեկ տարվա ընթացքում երեք անգամ իրավախախտում թույլ տալը հիմք է հանդիսանում նրա եւ Հայաստանի Հանրապետության կողմից միջպետական պայմանագրի կողմ հանդիսացող մարմնի միջեւ վերահեռարձակում իրականացնելու պայմանագրի դադարեցմանը:»:

Հոդված 32. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 59-րդ հոդվածի 9-րդ մասը:

Հոդված 33. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 2200-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում 2006 թվականին փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի» 54-րդ կետի հանձնարարականից:

 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունմամբ: