ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ
ԳԼՈԻԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը նպատակ ունի խթանել գիտության նվաճումների գործնական կիրառումը, պահանջարկված դարձնել մտավոր կարողության արդյունքները, լրացուցիչ միջոցներ ապահովել գիտության եւ տեխնիկայի զարգացման համար: Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գիտության հարկի որոշման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գիտության հարկ վճարողների շրջանակը, դրույքաչափերը. հաշվարկման եւ վճարման կարգը։
Հոդված 2. Գիտության հարկի հասկացությունը
Գիտության հարկը հարկ վճարողների կողմից սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է։
Հոդված 3. Գիտության հարկի հաշվարկման ընդհանուր հիմքը
Գիտության հարկը որոշելիս հաշվառվումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը եւ ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների եւ կանոնների հիման վրա, եթե սույն օրենքով չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկությունները։
ԳԼՈՒԽ II.
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ
Հոդված 4. Գիտության հարկ վճարողները
1. Հայաստանի Հանրապետությունում գիտության հարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները (այսուհետ՝ ռեզիդենտ) եւ ոչ ռեզիդենտները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների:
2. Սույն օրենքի իմաստով՝
ա) ռեզիդենտ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները, բացառությամբ սույն կետի »բ« ենթակետում նշված կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների.
բ) ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները:
Հոդված 5. Հարկվող օբյեկտը
1. Ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս ստացվող ըստ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի հարկվող շահույթը:
ԳԼՈՒԽ III.
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 9. Գիտության հարկի դրույքաչափը սահմանվում է 1 տոկոս՝ հարկվող շահույթի նկատմամբ:
Հոդված 10.
Գիտության հարկի զրոյական դրույքաչափ է սահմանվում սույն օրենքի 9 հոդվածում նշված հարկվող շահույթի նկատմամբ` համաձայն արտոնությունների սահմանված կարգի։
ԳԼՈՒԽ IV.
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 11.Գիտության հարկի նպատակով համախառն եկամտի նվազեցումները
Գիտության հարկի հաշվարկվող բազան` հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել սույն հոդվածով նախատեսված նվազեցումները (ծախսեր եւ այլ նվազեցումներ)։ Նվազեցումների միեւնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ։
Գիտության հարկի նպատակով համախառն եկամտի նվազեցումները կատարվում են.
1) հարկ վճարողի մոտ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ ներդրված գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների, կազմակերպական միջոցառումների, տեխնոլոգիական նորարարությունների եւ առաջավոր փորձի արդյունքում համախառն ծախսերի նվազեցված գումարի`
ա) 100 %-ի չափով, եթե հարկատուի մոտ արձանագրված ծախսերի նվազումը ՀՀ-ում եւ արտերկրում այլ կազմակերպությունների կողմից իրականացված գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների ներդրման արդյունք է,
բ) 80%-չափով եթե հարկատուի մոտ արձանագրված ծախսերի նվազումը սեփական ուժերով իրականացված գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների ներդրման արդյունք է,
գ) 60%-ի չափով, եթե եթե հարկատուի մոտ արձանագրված ծախսերի նվազումը արդյունքը կազմակերպական միջոցառումների, տեխնոլոգիական նորարարությունների եւ առաջավոր փորձի ներդրման արդյունք է:
2) հարկ վճարողի մոտ արտահանվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գումարային մեծության աճի վրա կատարված ծախսերի 80%-ի չափով, եթե չեն կիրառվել սույն հոդվածի ա/,բ/, գ/, ենթակտերով սահմանված նվազեցումները: Դրանց կիրառման դեպքում` 20%-ի չափով:
3) հարկ վճարողի ոչ ռեզիդենտներին իրացված ծառայությունների, աշխատանքների գումարային աճի վրա կատարված ծախսերի 80%-ի չափով, եթե չեն կիրառվել սույն հոդվածի ա/,բ/, գ/, ենթակտերով սահմանված նվազեցումները: Դրանց կիրառման դեպքում` 20%-ի չափով:
Հոդված 12. Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը
Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը կատարվում է «Շահութհարկի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածին համապատասխան կարգով:
ԳԼՈՒԽ V.
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 13. Գիտության հարկի դրույքաչափերը
Գիտության հարկի գումարը ըստ «Շահւոթահարկի մասին» ՀՀ օրենքի հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է -- տոկոս դրույքաչափով։
Հոդված 14. Գիտության հարկի հաստատագրված վճարները
Առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել գիտության հարկին փոխարինող հաստատագրված վճարներ։
ԳԼՈՒԽ VI.
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 15. Գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտը
1. Գիտության հարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները՝ իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաեւ հիմնական միջոցների եւ այլ ակտիվների իրացումից ստացված եւ այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը։
2. Գյուղատնտեսական արտադրանք են համարվում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված արտադրանքները:
Հոդված 16. Առանձին օրենքներով հարկային արտոնությունների սահմանումը
Օրենքով կարող են սահմանվել գիտության հարկից ազատվելու եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնություններ։
ԳԼՈՒԽ VII.
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 17. Հաշվեգրման եղանակով հաշվառումը
Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների եւ ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:
Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում հարկատուն եկամուտների եւ ծախսերի հաշվառումն իրականացնում է, համապատասխանաբար ելնելով հարկատուի կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրանց համար այդ ծախսերը ճանաչելու պահից, անկախ եկամտի փաստացի ստացման, կամ վճարումների իրականացման ժամկետից:
Հոդված 18. Հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվառման առանձնահատկությունները
Հաշվեգրման եղանակով եկամուտները հաշվառելիս հարկատուն հաշվի է առնում հետեւյալ առանձնահատկությունները՝
ա) եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է հարկատուին անվերապահ վճարման (հատուցման), կամ հարկատուն կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մասմաս.
բ) հարկատուի կողմից ծառայություններ մատուցելու դեպքում նշված իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքից բխող ծառայությունների մատուցումն ավարտելու (այդ թվում նաեւ՝ ըստ փուլերի) պահից.
գ) տոկոսների տեսքով կամ գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտներ ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված՝ պարտքի կամ վարձակալական պայմանագրի ժամկետը լրանալու պահից: Եթե պարտքը կամ վարձակալության պայմանագրի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա հաշվետու ժամանակաշրջանում եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան։
ԳԼՈՒԽ VIII.
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 19. Գիտության հարկի գումարի որոշումը
1. Հարկատուները շահութահարկի գումարները որոշում են յուրաքանչյուր տարվա արդյունքներով՝ սույն սույն օրենքի 9 հոդվածով սահմանված դրույքաչափերով:
Հոդված 20. Գիտության հարկի հաշվարկների ներկայացումը
1. Գիտության հարկ վճարողները իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով ներկայացնում են գիտության հարկի հաշվարկը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:
2. Գիտության հարկ հաշվարկի չեն լրացնում (եւ չեն ներկայացնում)՝
ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների եւ այլ ակտիվների իրացումից ստացված եւ այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.
բ) ոչ առեւտրային կազմակերպությունները,
գ) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող եւ (կամ) միայն պարզեցված հարկ վճարող հանդիսացող հարկատուները։
Հոդված 21. Գիտության հարկի գումարի վճարումը
Հարկատուն պարտավոր է գիտության հարկի գումարը վճարել պետական բյուջե մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ։
Հոդված 22. Գիտության հարկի հաշվարկների ճշտումը
Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված գիտության հարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերվելու դեպքում (որոնք չեն բխում հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) հարկատուն կարող է հարկային տեսչության մարմիններին ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանի համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ։
ԲԱԺԻՆ 2.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ IX.
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 23. Սույն օրենքը խախտելու համար վճարողների եւ դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը
Սույն օրենքը խախտելու համար վճարողները եւ դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքներ չեն կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչեւ հարկային տեսչության մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների գիտության հարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ եւ այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին:
Հոդված 24. Հարկային գործակալի պատասխանատվությունը
Սույն օրենքի դրույթների համաձայն՝ գիտության հարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պատասխանատվությունը (եւ գիտության հարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը։
ԳԼՈՒԽ X.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ, ընդ որում, տնտեսական եւ այլ առեւտրային գործունեության տեսակների վերաբերյալ պարզաբանումները համաձայնեցվում են նաեւ Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության վարչության հետ, իսկ ապրանքների բնորոշումների վերաբերյալ պարզաբանումները՝ Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության եւ սերտիֆիկացման վարչության հետ։
Հոդված 26. Օրենքն ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մտավոր կարողությունը եւ հատկապես գիտությունը երկրի մրցակցային առավելություններից մեկն է եւ ունակ է լուրջ ներդրում ունենալ տնտեսական առաջընթացում, ինչպես նաեւ ոլորտին հատկացվող սահմանափակ գումարներով գիտության զարգացման խնդիրները, անհրաժեշտություն է առաջացել ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ ձեւավորել: Միաժամանակ, «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում 14.12.2001 փոփոխություն է կատարվել, որի արդյունքում 23-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունում «սկսած 2002 թվականից, պետությունը միջոցներ է հատկացնում պետական բյուջեի տարեկան ծախսային մասի երեք տոկոսից ոչ պակաս չափով» բառերը փոխարինվել են «պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ» բառերով: Այս ամենը բավարար հնարավորություն չի տալիս ոչ միայն ֆինանսավորելու գիտությունը, այլեւ պահանջարկված դարձնելու գիտության եւ տեխնիկայի նվաճումները: Գիտական գործունեության նկատմամբ պահանջարկի ցածր մակարդակը հանգեցնում է նաեւ "ուղեղների արտահոսքի", որը տնտեսական անվտանգության սպառնալիքներից մեկն է:
Ակնհայտ է դառնում, որ ազգային տնտեսության մրցունակության բարձրացումն անհնարին է առանց գիտության եւ տեխնիկայի, նոր տեխնոլոգիաների, ինովացիոն գործունեության նվաճումների նպատակային եւ արդյունավետ կիրառման: Միաժամանակ, Ինովացիոն գործունեության պաշտպանության մասին ՀՀ օրենքի դրույթները որեւէ կերպ չեն հարկադրում տնտեսվարողներին հարկ եղած կարգով օգտվել այդ նվաճումներից կամ լինել ինովացիոն գործունեության նախաձեռնող, աջակից եւ պատվիրատու: Ստեղծված պայմաններում անհրաժեշտ է մշակել գիտության նվաճումները կյանքի կոչելու տնտեսական հարկադրանքի մեխանիզմ: Այլապես, դժվար իրագործելի կլինեն տեխնոպոլիսների, տեխնոպարկերի, տեխնոլոգիական ինկուբատորների, ինովացիոն, վենչուրային հիմնադրամների ձեւավորման մասին բոլոր մտորումները ու առաջարկները: Մեր կարծիքով, հարկային խթանները կարող են դառնալ մտավոր ներուժի պահպանման ու ամրապնդման արդյունավետ միջոց: Այս նպատակով մշակված օրենքը նպատակ ունի ոչ միայն լրացուցիչ աղբյուրներ ձեւավորել գիտության ֆինանսավորման համար, այլեւ որպես առաջարկվող հարկ մուծելու այլընտրանք` կիրառել ինովացիաներ, գիտության եւ տեխնիկայի տարբեր բնագավառների ձեռքբերումներ եւ պահանջարկված դարձնել հանրապետության մտավոր ներուժը:
Այսպիսով, սույն օրենքը նպատակ ունի խթանել գիտության նվաճումների գործնական կիրառումը, պահանջարկված դարձնել մտավոր կարողության արդյունքները, լրացուցիչ միջոցներ ապահովել գիտության եւ տեխնիկայի զարգացման համար: Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գիտության հարկի որոշման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գիտության հարկ վճարողների շրջանակը, դրույքաչափերը. հաշվարկման եւ վճարման կարգը։