Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-967-02.10.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-29, այսուհետ` օրենք) 42-րդ հոդվածի

1) 2-րդ մասը «գրասենյակի ղեկավարից» բառերից հետո լրացնել «, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի երկու օգնականներից» բառերով,

2) հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանների թվաքանակը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը` պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման սահմաններում:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 43-րդ հոդվածի հինգերորդ մասը:

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 45. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցումը

Հանրային պաշտպանների գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք ապահովի է հանրային պաշտպանների գրասենյակի բնականոն գործունեությունը:

Փաստաբանների պալատի նախագահը հանրային պաշտպանների գրասենյակի ղեկավարի համաձայնությամբ օրենքով սահմանված ժամկետում հանրային պաշտպանների գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտ) ներկայացնում է կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

Հանրային պաշտպանների գրասենյակի բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային Ժողով: Կառավարությունը Ազգային Ժողով եւ փաստաբանների պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:

Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:

Հանրային պաշտպանի գրասենյակը կարող է լրացուցիչ միջոցներ ներգրավել օրենքով չարգելված աղբյուրներից, որոնք կարող են ծախսվել գրասենյակի գործունեության բարելավման, ինչպես նաեւ հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության նպատակով դրամական խրախուսման համար։

Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում էհանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:

Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափը եւ հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերը:

Հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երեւան քաղաքի համայնքի դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով։ Անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ, որի դեպքում փոխհատուցվող գումարի չափը սահմանվում է Երեւան քաղաքի համայնքի դատախազի աշխատանքային մեկ ժամի վարձատրության չափին համարժեք:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իր գործունեության համար ստանում է փոխհատուցում` հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափի քսանհինգ տոկոսով ավելի գումարի չափով:

Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանների աշխատանքի վարձատրության համար նախատեսված գումարի երեսուն տոկոսի չափով` անկախ հանրային պաշտպանների կողմից կատարված փաստացի ծախսերից։ »:

Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի գործողության մեջ մտնելը չի կարող հանգեցնել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի աշխատավարձի նվազեցման:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: