ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ու կառավարման, ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման ու պահպանման, դասակարգման, գրանցման տնտեսական, իրավական եւ կազմակերպական հիմքերը, ինչպես նաեւ կարգավորվում է այդ գործառույթները իրականացնող մարմինների ու կազմակերպությունների իրավահարաբերությունները:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոմոբիլային ճանապարհների վրա, բացառությամբ բնակավայրերի փողոցների կամ փողոցների մաս կազմող հատվածների, որոնք չեն հանդիսանում սույն օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մասեր:
3. Սույն օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս չհանդիսացող բնակավայրերի փողոցների կամ փողոցների հատվածների կարգավիճակը, դրանցից օգտվելու, դրանց կառավարման, շինարարության, նորոգման, պահպանման եւ ֆինանսավորման հետ կապված հարցերը սահմանվում են քաղաքաշինական օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը`
ավտոմոբիլային ճանապարհ - համալիր ինժեներական կառույց, որը նախատեսված է ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության համար.
օտարման շերտ - երկրի մակերեւույթի, ընդերքի եւ օդային տարածքի շերտ, որտեղ գտնվում է ավտոմոբիլային ճանապարհը.
հողային պաստառ - օտարման շերտի մաս, որն ընդգրկում է ճանապարհի երթեւեկամասը, մայթերը, հարակից հեծանվային ուղիները կողային առուները, կողնակները եւ բաժանիչ գոտին.
արհեստական կառույցներ - բնական կամ արհեստական խոչընդոտներով ճանապարհն անընդհատ դարձնող կամ նրա ամրությունն եւ երթեւեկության անվտանգությունը ապահովող շինություններ: Դրանք են կամուրջները, ուղեանցները, թունելները, էստակադները, հենապատերը եւ այլն.
բաժանիչ գոտի - բազմաշերտ ճանապարհների հանդիպակաց ուղղությամբ երթեւեկային մասերն առանձնացնող գոտի.
ճանապարհային կահավորանք - ավտոմոբիլային ճանապարհի երթեւեկության անվտանգությունը ապահովող տարրերի համակարգ: Դրանք են ճանապարհային նշանները, լուսացույցները, ազդանշանային սյուները, պարսպող հարմարանքները, հորիզոնական եւ ուղղաձիգ գծանշումները եւ այլն.
տարանցիկ ճանապարհ քաղաքի (բնակավայրի) միջով անցնող, ավտոմոբիլային ճանապարհի անվանացանկում ընդգրկված ճանապարհի մաս, որը կապում է քաղաքի (բնակավայրի) վարչական սահմանի երկու կետերը.
ճանապարհի պաշտպանական գոտի - ճանապարհի երկու կողմերում դասավորված, որոշակի լայնությամբ եւ հատուկ օգտագործման պայմաններ ունեցող հողաշերտ.
վճարովի ավտոմոբիլային ճանապարհ վճարելիության սկզբունքով օգտագործվող (շահագործվող) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ կամ դրանց առանձին հատվածներ եւ ճանապարհային արհեստական կառույցներ.
ճանապարհային ծառայություն - ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման գործառույթներ իրականացնեղ ծառայություններ (կազմակերպություններ).
ճանապարհային ծառայության շինություններ - ավտոմոբիլային ճանապարհի մասեր, որոնք ծառայում են դրանց շինարարությանը, նորոգմանը եւ պահպանմանը: Դրանք են արտադրական բազաները, վարչական եւ բնակելի շենքերը, ճանապարհների պահպանության հենակետերը, շինանյութերի պահեստները եւ այլն.
ճանապարհային պահպանության հենակետ - ճանապարհների ձմեռային պահպանության, ինչպես նաեւ կամուրջների, թունելների պահպանության ծառայությունների շենքեր ու շինություններ.
ճանապարհային ինժեներական շինություններ - ճանապարհի մասեր, որոնք ապահովում են ճանապարհների շահագործման եւ դրանցից օգտվելու պահանջները: Դրանք են կանգառները, ավտոտաղավարները, արագացման եւ արգելակման գոտիները, տրանսպորտային միջոցների կայանատեղերը, հանգստյան գոտիները, տեսահարթակները, ձյունապաշտպան անտառաշերտերը, տնկիները, օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիները, հակահեղեղային եւ հակաձնահոսային կառույցները, հակավթարային գրպանները, ճանապարհային կապի եւ լուսավորության շինությունները եւ այլն:
ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
1. Հայաս՟տանի Հանրապետության ճանապարհները ըստ օգտագործման տեսակի դասակարգվում են`
ա) ընդհանուր օգտագործման ճանապարhներ,
բ) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարhներ:
2. Հայաս՟տանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհները դասակարգվում են`
ա) ավտոմոբիլային ճանապարհների.
բ) բնակավայրերի (համայնքների) փողոցների ճանապարհների:
3. Ըստ սեփականության ձեւի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարhները դասակարգվում են `
ա) պետական ավտոմոբիլային ճանապարհներ,
բ) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:
4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ըստ նշանակության դասակարգվում է հետեւյալ խմբերի.
ա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածները),
բ) հանրապետա՟կան նշանակության ավտոմոբիլային ճանապարհները (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատ՟վածները),
գ) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհները (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածները).
5. Բնակավայրերի (համայնքների) փողոցները (ճանապարհները) ըստ նշանակության դասակարգվում է հետեւյալ խմբերի.
ա) Երեւանի քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպետական եւ հանրապետա՟կան նշանակության ավտոմո՟բի՟լա՟յին ճանա՟պարհների տարանցիկ հատվածների),
բ) քաղաքային նշանակության ճանապարհներ (բացա՟ռու՟թյամբ միջպետական, հանրապետա՟կան եւ մարզային նշանակության ավտոմո՟բիլային ճանա՟պարհ՟ների տարանցիկ հատվածների),
գ) գյուղա՟կան նշանակության ճանապարհ՟ներ (բացառու՟թյամբ գյուղա՟կան համայնքի միջով անցնող միջպետական, հանրապետա՟կան եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանա՟պարհների տարանցիկ հատված՟ների).
6. Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարhներն այն ճանապարհներն են, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին եւ ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը.
7. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներն այն ճանապարհներն են, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի եւ միմյանց, մշակութային, հոգեւոր կենտրոնների եւ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ.
8. Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ կարող են լինել նաեւ խոշոր բնակավայրերի, օդանավակայանների, պատմական հուշարձանների, լեռնանցքների մոտեցումներն ու շրջանցները, ինչպես նաեւ տրանսպորտային հանգույցները, որոնք չունեն առանձին պայմանանիշ ու համար, եւ նշվում են անվանացանկում հիմնական ճանապարհներից հետո, հանդիսանալով այդ ճանապարհի մասեր:
9. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհները այն ճանապարհներն են, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական եւ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
10. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարhները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են եւ օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային եւ այլ կարիքների համար, եւ այդ ճանապարհներով երթեւեկել կարող են միայն տնօրինողի կողմմից թույլատրված տրանսպորտոյին միջոցներով:
11. Ավտոմոբիլային ճանապարհները ըստ երթեւեկության հաշվարկային ինտենսիվության եւ գործառական նշանակության դասակարգվում են կարգերի, որը կարգավորվում է քաղաքաշինության բնագավառի կառավարման պետական լիազորված մարմնի կողմից սահմանված շինարարական նորմերով:
ՀՈԴՎԱԾ 4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Երեւանի քաղաքային նշանակության ճանապարհների, ներառյալ Երեւանի միջով անցնող միջպետական եւ հանրապետա՟կան նշանակության ավտոմոբիլային ճանապարհները) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետեւ` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության եւ կառավարման ներքո: Պետական ճանապարհային մարմինը`
ա) մշակում եւ իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության նորոգման ու պահպանման ծրագրերը.
բ) ապահովում է ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի ձեռքբերումը, տեղադրումն ու շահագործումը,
գ) իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում ճանապարհային երթեւե՟կության կազմա՟՟կերպման կահավորանքի տեղադրման վերաբերյալ.
դ) իրականացնում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների իրականացման պատվիրատուի իրավասություններն.
ե) հաստատում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների նկարագիրը.
զ) հսկողություն է իրականացնում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ.
է) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանմանն է ներկայացնում ճանապարհային նշաններին եւ լուսացույցերին ներկայացվող պահանջները:
ՀՈԴՎԱԾ 5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկության անվտանգության եւ շահագործման պայմանների ապահովման նպատակով ճանապարհների կառուցման եւ (կամ) շահագործման թույլտվությունը տալիս է պետական ճանապարհային մարմինը:
2. Թույլտվոությունը տրվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ցանկը ինչպես նաեւ թույլտվություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ II
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին տրվում է` անվանում, պայմանանիշ եւ հերթական համար, որոնք գրանցվում են ճանապարհների անվանացանկում:
2. Ճանապարհի անվանումը կազմվում է նրա սկզբնակետի եւ վերջնակետի, առանձին դեպքերում նաեւ` միջանկյալ կետերի անվանումներից:
3. Ճանապարհի համարակալումը կատարվում է ըստ պայմանանիշերի` հաջորդական համարներով:
4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը` դասակարգված ըստ նշանակության, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 7. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
1. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, նորոգումը պահպանումը իրականացվում է ըստ գործող շինարարական նորմերի:
2. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի համաձայնեցումն ու հաստատումը եւ կառուցման նորոգման ու պահպանման աշխատանքների շահագործման հանձնումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունների կողմից առնվազն 18 ամիս սպասարկման ժամկետով:
4. Գնման առարկային ներկայացվող ընդհանուր չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա միջպետական ճանապարհային ցանցի հետ կապող առնվազն մեկ ավտոմոբիլային ճանապարհ` ապահովված անցանելիությամբ:
6. Նախագծային աշխատանքներ կատարող կազմակերպությունները եւ անձիք ավտոմոբիլային ճանապարհների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի, դրանց հետ կապված աշխատանքների սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցվում են պետական ճանապարհային մարմնի հետ: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկության կազմակերպման կահավորանքին (ճանապարհային նշաններին, լուսացույցերին) ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 8. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման եւ պահպանման ֆինանսավորումը իրականացվում է օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլայինճ ճանապարհերի նախագծման, շինարարության, նորոգման եւ պահպանման ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման պահպանման ֆինանսավորումը իրականացվում է օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջի միջոցների հաշվին: Բյուջետային ծախսայն ծրագրերի գլխավոր կարգադիրչը հանդիսանում է պետական ճանապարհային մարմինը:
ԳԼՈՒԽ III
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 9. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը սահմանվում է սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:
2. Պատվարների եւ ամբարտակների վրայով անցնող ճանապարհահատվածներից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 10. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկությունը թույլատրվում է առանց սահմանափակումների`
ա) տրանսպորտային միջոցների (մարդատար, բեռնատար. եւ հատուկ նշանակության ավտոմեքենաներ, ավտոբեռնասայլակներ, ավտոբուսներ, պիկապներ, մոտոցիկլետներ, մոտոռոլլերներ եւ օդաճնշման դողերով այլ ինքնագնաց մեքենաներ եւ մեխանիզմներ) համար` ճանապարհի երթեւեկամասով.
բ) հետիոտնի եւ սայլակներով տեղաշարժվող հաշմանդամների համար` մայթերով եւ կողնակներով,
գ) հեծանվորդների համար` մայթերով, կողնակներով եւ հեծանվային արահետներով:
2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային եւ կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում երթեւեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել պետական ճանապարհային մարմնի ցուցումով:
3. Այն դեպքում, երբ ճանապարհից օգտվելը սպառնում է երթեւեկության անվտանգությանը, երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է ճանապարհի առանձին տեղամասերում սահմանափակել կամ դադարեցնել երթեւեկությունը` անհապաղ իրազեկ պահելով պետական ճանապարհային մարմնին կամ ճանապարհի սեփականատիրոջը, նշելով սահմանափակման կամ դադարեցման պատճառը, մոտավոր ժամկետը:
4. Մշտական, ինչպես նաեւ վթարային իրավիճակների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի կապակցությամբ տեղադրվող ժամանակավոր նշան՟նե՟րի տեղադրման եւ սպասարկման ծախսերը կատարվում եւ այդ նշանները տեղա՟դր՟վում են ճանապարհի սպա՟սար՟կումն իրականացնող կապալառու կազմա՟կեր՟պու՟թյան կողմից` սպասարկման պայմանագրին համապատասխան:
5. Վթարային իրա՟վի՟ճակից եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ՟ման՟ված այլ դեպքերից բացի, այլ հիմքով երթեւեկության ժամանակավոր կարգավոր՟ման նպատակով տեղադրվող ժամա՟նա՟կավոր նշանների տեղադրման եւ սպասարկման ծախսերը կատարվում են նշան՟նե՟րի տեղադրման պատվիրատուի կողմից եւ հաշվին:
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում է`
ա) թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաների եւ մեխանիզմների երթեւեկությունը ասֆալտբետոնե եւ սեւ խճային եւ կոպճային ծածկով (այսուհետեւ կատարելագործված ծածկով) ավտոճանապարհներով,
բ) երթեւեկամասի եւ կողնակների վրա մեքենաներ եւ մեխանիզմներ, կողմնակի առարկաներ, շինարարական նյութեր, ձյուն, շինարարական եւ կենցաղային աղբ թողնելը կամ թափելը,
գ) ոռոգման նպատակով կողային առուների օգտագործելը,
դ) չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը,
ե) կողնակների վրա ապրանքներ վաճառելը,
զ) երթեւեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն եւ հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների եւ այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների վնասումը եւ աղտոտումը,
է) ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը առանց ճանապարհը տնօրինողների հետ երթեւեկության երթուղին համաձայնեցնելու:
ը) առանց ճանապարհը տնօրինողների հետ համաձայեցնելու ճանապարհային հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի եւ կառուցվածքների նախագծումը: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը եւ սահմանափակումները սահմանում են դրանց սեփականատերերը:
ՀՈԴՎԱԾ 11. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԱՐՁԸ
1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելն անվճար է: Այլընտրանքների առկայության դեպքում առանձին ավտոմոբիլային ճանապարհներ կամ դրանց հատվածներով երթեւեկելը կարող են լինել վճարովի: Ծանրաքարշ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ըմդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության համար օրենքով սահմանվում է վճար:
2. Մինչեւ վճարովի ավտոմոբիլային ճանապարհի մուտքը` երթեւեկության մասնակիցները ճանապարհային նշանների միջոցով պետք է տեղեկացվեն տվյալ ուղղությամբ վճարովի ավտոմոբիլային ճանապարհի առկայության եւ հնարավոր շրջանցիկ անվճար ճանապարհների մասին:
3. Պետական ճանապարհային մարմինը կազմում եւ կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում վճարովի ավտոմոբիլային ճանապարհների ցանկը:
4. Պետական վճարովի ավտոմոբիլային ճանապարհները տիրապետման են հանձնվում մրցույթով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Վճարովի ավտոմոբիլային ճանապարհից օգտվելու վճարը մուծում է դրանից օգտվողը ավտոմոբիլային տրանսպորտի մուտքի կամ ելքի ժամանակ:
6. Պետական վճարովի ավտոմոբիլային ճանապարհից անվճար օգտվելու իրավունք ունեն`
ա) պետական փրկարարական ծառայության, շտապօգնության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության տրանսպորտային միջոցները, որոնք կահավորված են հատուկ ազդանշաններով,
բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ազգային ժողովի աշխատակազմերի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության, փրկարարական ծառայության, հարկային, մաքսային, առողջապահության բնագավառների պետական կառավարման լիազորած մարմնների, ինչպես նաեւ հսկողության գործառույթներ իրականացնող պետական կառավարման այլ մարմինների, հանրապետական գործադիր մարմնինների ղեկավարների, հարկադիր կատարման ծառայության եւ քրեակատարողական ծառայության աշխատակիցների, բարեգործական եւ միջազգային առաքելության պատվիրակների, Կարմիր Խաչի տրանսպորտային միջոցները` հատուկ անցաթղթերի առկայության դեպքում,
դ) Հայաստանի Հանրապետության դատախազության տրանսպորտային միջոցները` հատուկ անցաթղթի առկայության դեպքում,
գ) ճանապարհային ծառայություններ եւ ստուգումներ իրականացնող պետական մարմինների տրանսպորտային միջոցները` հատուկ անցաթղթերի առկայության դեպքում:
7. Հատուկ անցաթղթերի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Արտակարգ իրավիճակների ժամանակ արտակարգ իրավիճակների վայր մեկնող հատուկ ծառայությունների կամ այդ վայրերից հարկադրաբար մեկնող անձանց համար վճարովի ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելը ազատ եւ անվճար է:
9. Վճարովի ավտոմոբիլային ճանապարհի տիրապետող կարող են լինել պետությունը, իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը եւ համայնքները:
10. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար օրենքով սահմանվում է վճար:
11. Ընդհանուր օգտագործման ոչ պետական եւ ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վարձաչափը եւ վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանում է դրա սեփականատերը:
ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ
1. Ավտոմոբիլային ճանապարհների հատումը ոռոգման առուներով, կապի եւ էլեկտրականության գծերով, խողովակաշարերով եւ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով եւ երկաթուղագծերով, դրանց տեղադրումը եւ վերատեղադրումը օտարման շերտում եւ (կամ) պաշտպանական գոտում կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` դրանց տնօրինողների համաձայնությամբ: Եթե հաղորդակցուղիների եւ այլ կառույցների շինարարության իրականացման հետեւանքով առաջանում է պետական ճանապարհի վերակառուցման կամ նորոգման անհրաժեշտություն, ապա դա կատարվում է շինարարությունը կատարողի հաշվին:
2. Հաղորդակցուղիների եւ այլ շինությունների ու հարմարանքների տեղադրումը ճանապարհի օտարման շերտում չպետք է հակասի ճանապարհի շահագործմանը եւ անվտանգ երթեւեկությանը ներկայացվող պահանջներին:
3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում եւ (կամ) պաշտպանական գոտում գտնվող հաղորդակցուղիները եւ այլ շինություններն ու հարմարանքները պետք է պահվեն պատշաճ վիճակում եւ ճանապարհի վերակառուցման կամ նորոգման դեպքում տեղափոխվեն կամ վերաշինվեն դրանց սեփականատիրոջ հաշվին:
4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա բոլոր տեսակի աշխատանքները կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից կատարվում են դրանց տնօրինողների եւ շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցված պայմաններով:
ՀՈԴՎԱԾ 13. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ
1. Ավտոմոբիլային ճանապարհներն ունեն օտարման շերտ, իսկ բնակավայրերից դուրս գտնվող վայրերում` նաեւ պաշտպանական գոտիներ: Օտարման շերտի չափերը հաշվարկվում են շինարարական նորմաների պահանջներին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը հաշված ճանապարհի առանցքից սահմանվում է`
ա) 1-ին կարգի ճանապարհների համար` 70 մետր,
բ) 2-րդ եւ 3-րդ կարգի ճանապարհների համար` 50 մետր,
գ) 4-րդ կարգի ճանապարհների համար` 30 մետր:
3. Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման աշխատանքները չպետք է խոչընդոտեն պաշտպանական գոտու մելիորատիվ համակարգի եւ կառուցվածքների անխափան գործունեությանը կամ սահմանափակեն դրանց առավելագույն հաշվարկային թողունակությունը նորմալ գործունեության եւ հիդրոլոգիական ռեժիմի ապահովմանը:
4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը գտնվում են պետական ճանապարհային մարմնի, իսկ ընդհանոուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը ավտոմոբիլային ճանապարհների սեփականատերերի տնօրինության տակ:
5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողերը գտնվում են հողի սեփականատերերի տնօրինության տակ:
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում առանց այդ ճանապարհները տնօրինողների եւ շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու արգելվում է`
ա) կառուցել շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ, կատարել լեռնահետազոտական եւ արդյունահանման աշխատանքներ,
բ) կատարել անտառահատում եւ վնասել հողածածկույթը,
գ) իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետեւանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեւֆի տարերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում),
դ) տեղադրել ճանապարհային երթեւեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ, կատարել ճանապարհային տեսանելիությանը խանգարող ծառատնկումներ եւ լուսավորություն:
7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարող կազմակերպությունները ու ֆիզիկական անձինք պատասխանատու են համաձայնեցված տեխնոլոգիայի, կատարման ժամկետների պահպանման եւ աշխատանքների կատարման գոտում եւ ժամանակավոր շրջանցներում կամ ելքերում ճանապարհային երթեւեկության անվտանգության պահպանման համար: Նրանք պարտավոր են աշխատանքները ավարտելուց հետո անհապաղ վերականգնել աշխատանքների կատարման արդյունքում վնասված ճանապարհի հողապաստառը, ճանապարհային կահավորանքը, տեխնոլոգիական կապն ու կանաչ տնկիները, հավաքել եւ հեռացնել ավելորդ հողը, աղբը, չօգտագործված նյութերն ու կոնստրուկցիաները:
8. Աշխատանքների կատարման վայրը պետք է ցանկապատվի տեսանելի պարսպով եւ կահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով, իսկ օրվա մութ ժամերին ու անբավարար տեսանելիության պայմաններում` նաեւ լրացուցիչ ազդանշանային լուսավորությամբ: Դրանց տեղադրումն իրականացվում է պետական ճանապարհային մարմնի եւ երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցված կարգով:
9. Բնահողային ծածկով ճանապարհի միացումները կատարելագործված ծածկով ճանապարհների հետ պետք է իրականացվեն խճային կամ կոպճային ամուր ծածկով ճանապարհով:
10. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ճանապարհի երկարությամբ հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների եւ շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցմամբ:
11. Անմիջական ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից եւ լուսավորումից որեւէ հաղորդակցուղի տեղադրելն արգելվում է:
12. Քաղաքային կամ գյուղական համայնքներում եւ այլ բնակավայրերում, բացառության կարգով, թույլատրվում է դրանց տնօրինողների հետ համաձայնեցված` կապի եւ էլեկտրահաղորդման գծերը, խմելու ջրի եւ կոյուղու խողովակաշարերը տեղադրել ճանապարհի կողնակի կամ մայթի արտաքին եզրով:
13. Բնակավայրերի փողոցներ հանդիսացող ընդհանուր օգտագործման ճանապարհներում հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան եւ դրանց տնօրինողների համաձայնությամբ` երթեւեկելի մասի սահմաններից դուրս:
14. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում գտնվող հաղորդակցուղիների, շինությունների անսարքության պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների համար պատասխանատվություն են կրում դրանց սեփականատերերը:
15. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները շահագործող եւ պահպանող մարմինները պարտավոր են`
ա) ժամանակին իրազեկել պաշտպանական գոտիների հողի սեփականատերերին եւ հողօգտագործողներին ճանապարհի պահպանության աշխատանքների` այդ գոտիների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ եւ միջոցներ ձեռնարկել դրանք կանխելու ու հետեւանքները վերացնելու ուղղությամբ,
բ) ժամանակավոր շրջանցումների ու ճանապարհների օգտագործման ժամկետը լրանալուց եւ ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներն ավարտելուց հետո վերականգնել պաշտպանական գոտու հողերի նախնական տեսքը,
գ) օրենքով սահմանված կարգով փոխհատուցել ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման աշխատանքների կատարման ժամանակ հողի սեփականատերերին եւ հողօգտագործողներին պատճառած վնասներն ու կորուստները:
16. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերը եւ հողօգտագործողները պարտավոր են.
ա) կառուցել պաշտպանական գոտում գտնվող օբյեկտները ճանապարհի հետ միացնող ուղիներ նախորոք համաձայնեցնելով ճանապարհը տնօրինողների եւ երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ,
բ) իրենց հողատարածքի սահմաններում ճանապարհի օտարման շերտին հարող տարածքները եւ ցանկապատերը պահել նորոգված ու բարեկարգ վիճակում,
գ) թույլ չտալ իրենց կողմից աղբի, ձյան, շինանյութերի եւ կոնստրուկցիաների կուտակում` ճանապարհի կողեզրից 10 մ-ից պակաս հեռավորության վրա,
դ) կանխել իրենց հողատարածքից տրանսպորտային միջոցների եւ անասունների ճանապարհ դուրս գալը` այդ նպատակի համար չնախատեսված տեղերում,
ե) թույլատրել ճանապարհի ձմեռային պահպանության համար անհրաժեշտ շարժական վահանների, ավազի ու խարամի տեղադրումը ճանապարհից անհրաժեշտ հեռավորության վրա,
զ) ավտոմոբիլային ճանապարհի նորմալ շահագործման պայմանների ապահովման նպատակով, ինչպես նաեւ նորոգման կամ վերանորոգման անհրաժեշտության դեպքում պետական ճանապարհային մարմնի պահանջով վերացնել կամ տեղափոխել պաշտպանական գոտում գտնվող կառույցները կամ տեսանելիությանը խանգարող ծառերը, ինչպես նաեւ թույլատրել պետական ճանապարհային մարմնին` օրենքով սահմանված կարգով կառուցելու ժամանակավոր շրջանցումներ եւ ճանապարհներ:
ՀՈԴՎԱԾ 14. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՎ
1. Տրանսպորտային միջոցների, վարորդների եւ ուղեւորների սպասարկման համար ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում եւ պաշտպանական գոտիներում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրվում են ավտոլցավորման, տեխնիկական սպասարկման կայաններ, ավտոկայաններ, առեւտրի եւ սպասարկման այլ օբյեկտներ, ինչպես նաեւ գովազդի միջոցներ:
2. Ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում եւ պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների եւ գովազդի տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան դրանց տնօրինողների թույլտվությամբ:
3. Oրենքով կարող է սահմանվել վճար ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար:
4. Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման հատակագիծը եւ այլ պայմանները հանրապետության քաղաքային համայնքներում նախատեսվող օբյեկտների համար պետական ճանապարհային մարմին են ներկայացնում քաղաքապետը, իսկ գյուղական համայնքներում կամ դրանցից դուրս` մարզպետը:
5. Համայնքի գլխավոր հատակագծի կամ գոտիավորման փաստաթղթերի բացակայության դեպքում ճանապարհի պաշտպանական գոտում շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով հողամասի տրամադրումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով` ընդ որում հողահատկացման առաջարկությունը նախապես համաձայնեցվում է պետական ճանապարհային մարմնի եւ երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ:
6. Ընդհանուր օգտագործման պետական եւ ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՈԴՎԱԾ 15. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման եւ երթեւեկության անվտանգության ապահովման համար ճանապարհի տնօրինողները իրականացնում են`
ա) ճանապարհների խնամքի եւ պահպանման համալիր աշխատանքները,
բ) ճանապարհների կահավորումը ճանապարհային նշաններով,
գ) ճանապարհների գծանշում եւ պարսպում,
դ) ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրում եւ դրանց կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում:
2. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն ու երթեւեկության անվտանգությունն ապահովում են դրանց սեփականատերերը:
ՀՈԴՎԱԾ 16. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման նպատակով հողամասերի տրամադրումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ IV
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 17. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Սույն օրենքի պահանջները խախտողները կրում են պատասխանատվություն օրենքին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 18. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Ավտոմոբիլային ճանապարհների անսարքության պատճառով դրանցից օգտվողներին հասցված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով:
Սույն հոդվածը ուժի մեջ է մտնում 2009 թվսկսնի հունվարի 1-ից միջպետական նշանակության ճանապարհների համար եւ 2012 թվսկսնի հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների համար:
ՀՈԴՎԱԾ 19. ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման եւ պահպանման ընթացքում վնասի հատուցման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
ԳԼՈՒԽ V
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
ՀՈԴՎԱԾ 20. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
ԳԼՈՒԽ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 21. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնլու պահից ուժը կորցրած ճանաչել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության (1996 թվակնի մայիսի 13-ի N ՀՕ-56) օրենքը:
2. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1996 թվակնի մայիսի 13-ի N ՀՕ-56) հիման վրա եւ ի կատարումն դրան ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին, մինչեւ սույն օրենքի հիման վրա նոր իրավական ակտերի ընդունումը:
3. Սույն օրենքի դրույթները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀՈԴՎԱԾ 22. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: