Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածներով`
«Հոդված 150.1 Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով եւ մեխանիզմներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելը
Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով եւ մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական կատարելագործված ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հոդված 150.2 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը խախտելը.
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուների օգտագործելը ոռոգման նպատակով, երթեւեկամասի եւ կողնակների վրա կողմնակի առարկաներ թողնելը, չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը, ինժեներական շինությունների (երթեւեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն եւ հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների եւ այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների) վնասումը եւ աղտոտումը `
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկելի մասով եւ բաժանարար գոտիով անասուններ քշելը, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելը `
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկի չափով:
Հոդված 150.3 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթեւեկելը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով, առանց դրանց տնօրինողների թույլտվության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթեւեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հոդված 150.4 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին մարզական եւ հրապարակային միջոցառումների անցկացումը, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության մարզական եւ հրապարակային միջոցառումների անցկացումը, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Հոդված 150.5 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին երկաթուղային գծանցների տեղակայումը, վերակառուցումը, նորոգումը եւ վերացումը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության երկաթուղային գծանցների տեղակայումը, վերակառուցումը, նորոգումը եւ վերացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հոդված 150.6 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, ցուցանակների, գովազդային վահանակների տեղադրումը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, ցուցանակների, գովազդային վահանակների տեղադրումը, կողնակների վրա ապրանքներ վաճառելը `
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հոդված 150.7 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի եւ կառուցվածքների նախագծումը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելու, ճանապարհների հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի եւ կառուցվածքների նախագծումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հոդված 150.8 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների օգտագործման կարգը խախտելը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասով նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ կառուցելը, լեռնահետազոտական եւ արդյունահանման աշխատանքներ կատարելը, անտառահատում եւ հողածածկույթը վնասող աշխատանքների կատարումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասով նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնց հետեւանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելյեֆի տարրերի կայունության խախտում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 150.9 Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի եւ հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի եւ հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»
Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 227.1 հոդվածով`
«Հոդված 227.1 Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 150.1 - 150.9 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: