Նախաբան
Ազգային տնտեսության արդյունավետ կառուցվածքի ձեւավորումն ու համաչափ զարգացումը, ինչպես նաեւ ժողովրդավարական պետության կարեւորագույն գործառույթների անարգել իրականացումը ենթադրում է սեփականության տարբեր ձեւերի առկայություն: Դրանց կիրառումը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում՝ աշխատանքային գործունեության տվյալ ձեւին համապատասխան զգալիորեն նպաստում է միկրոտնտեսական եւ մակրոտնտեսական մակարդակներում զարգացման ձեւի եւ բովանդակության ներդաշնակության ապահովումը:
ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի համաձայն "Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը":
Հասարակության զարգացման կարեւորագույն նախապայմաններից մեկը սեփականության տարբեր ձեւերի միջեւ բնականոն փոխգործակցությունն է եւ ըստ անհրաժեշտության ազատ փոխակերպումները՝ մի ձեւից մյուսը, որը պետք է իրականացվի համապատասխան իրավական հիմքի վրա:
Գլուխ I. Ընդհանուր դրույթներ
Հոդված 1. Սեփականության մասին օրենքով կարգավորվող հարաբերությունները
Սույն օրենքը կարգավորում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող ունեցվածքը պետական սեփականության վերածելու (ազգայնացման) գործընթացում առաջացող հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է ազգայնացման իրականացման կարգն ու պայմանները, ազգայնացվող գույքի սեփականատիրոջ իրավունքների եւ շահերի երաշխիքները:
Հոդված 2. Ազգայնացման հասկացությունը
Ազգայնացումը oրենքով սահմանված մասնավոր կամ այլ սեփականության հանդիսացող գույքի վերածումն է պետական սեփականության, որը ստանում է համապատասխան ձեւակերպում եւ ամրագրում օրենքով:
Հոդված 3. Ազգայնացման էական առանձնահատկությունը
Գույքի ազգայնացումը կատարվում է փոխհատուցման հիման վրա:
Ազգայնացման ենթակա գույքի սեփականատերը ստանում է արագ, արդյունավետ եւ համարժեք փոխհատուցում:
Ազգայնացվող գույքի շուկայական արժեքը որոշվում է անկախ աուդիտի կողմից:
Ազգայնացման գործընթացի իրականացման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական նախաձեռնությունների սուբյեկտներին՝ ՀՀ Կառավարությանը եւ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 75 հոդվածով եւ ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգով:
Հոդված 4. Օրենքի կիրարկման ասպարեզը
Սույն օրենքը չի տարածվում
- բռնագրաման /ռեկվիզիցիա/,
- բռնագրավման /կոնֆիսկացիա/,
- դատարանի որոշմամբ պետական կարիքների նպատակով հողակտորի գնման,
- սեփականատիրոջ պարտավորությունների գծով գույքի առգրավման,
- օրենքով տվյալ անձին չպատկանող գույքի օտարման,
- հողակտորի առգրավման կապակցությամբ տվյալ տարածքում գտնվող անշարժ գույքի օտարման դեպքերում մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի հարկադիր առգրավման վրա:
Հոդված 5. Ազգայնացման կիրարկման առանձնահատկությունները
1. Արտասահմանյան ներդրողներին եւ արտասահմանյան ներդրումներով կազմակերպություններին պատկանող գույքի ազգայնացումը իրականացվում է սույն օրենքի հիման վրա, միաժամանակ պահպանելով Օտարերկրյա ներդրումների մասին ՀՀ Օրենքի եւ ՀՀ միջազգային պայմանգրերի դրույթները:
2.Այն դեպքում, երբ դատարանով հայտարարված է իրավաբանական անձի անվճարունակության /անկարողության/ մասին, որն իր հետ բերում է ձեռնարկության փակման եւ դրա հետագա տեխնոլոգիական քայքայման սպառնալիք, որն ուղեկցվում է զանգվածային գործազրկությամբ եւ պետական բյուջե մուտքագրվող եկամուտների հոսքի դադարեցմամբ, գույքի ազգայնացումն իրականացվում է ձեռնարկության կենսունակության, աշխատատեղերի պահպանման նպատակով՝ պետությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին պարտապանի պարտավորությունների փոխանցման կամ ետգնման միջոցով:
3. Ազգայնացումը չի կարելի կիրառել երեք տարվա ընթացքում Պետական Գույքի Մասնավորեցման /Սեփականաշնորհման/ մասին ՀՀ օրենքով մասնավորեցված գույքի նկատմամբ այն դեպքում, երբ այն նշված ժամանակահատվածում սնանկի գույք չի հայտարարվել:
Հոդված 6. Ազգայնացվող գույքի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ Սահմանադրական Դատարան կարող է ներկայացվել ՀՀ Սահմանադրությանը գույքի ազգայնացման մասին ՀՀ օրենքի համապատասխանությունը պարզելու մասին հայցը:
Ազգայնացվող գույքի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների համապատասխան:
Գլուխ II. Ազգայնացման տնտեսական եւ քաղաքական հիմքերը
Հոդված 7. Ազգային անվտանգության շահերից բխող ազգայնացում
Գույքը կարող է ազգայնացման առարկա դառնալ այն պարագայում, երբ դրա պետական սեփականության ամրագրումն ապահովում է ազգային անվտանգության շահերի պաշտպանության ավելի արդյունավետ եւ հուսալիության ավելի բարձր աստիճան:
Հոդված 8. Տնտեսական աճի եւ բարգավաճման շահերից բխող ազգայնացում
Գույքը կարող է ազգայնացման առարկա դառնալ այն պարագայում, երբ դրա պետական սեփականության ամրագրումն ապահովում է ազգային տնտեսության առավել կայուն տնտեսական աճ կամ նպաստում է զբաղվածության մակարդակի բարձրացմանը, թույլ է տալիս իրականացնել արտադրության, տնտեսության ճյուղի, ենթաճյուղի արագ եւ արդյունավետ արդիականացում, որը էական նշանակոություն ունի տնտեսական անվտանգության ապահովման գործում:
Հոդված 9. Քաղաքական կայունության եւ կարգ ու կանոնի շահերից բխող ազգայնացում
Գույքը կարող է ազգայնացման առարկա դառնալ, եթե դրա մասնավոր սեփականության կամ յուրացման այլ ձեւը հանգեցնում է օգտագործման այնպիսի վիճակի, որը լուրջ մարտահրավեր է նետում քաղաքական կայունությանը եւ իրավական կարգին, սասանում է ժողովրդավարական, իրավական պետության հիմքերը:
Հոդված 10. Հասարակական բարոյականության եւ մարդու առողջության պաշտպանության շահերից բխող ազգայնացում
Գույքը կարող է ազգայնացման առարկա դառնալ, եթե դրա յուրացման մասնավոր սեփականության ձեւը հանգեցնում է օգտագործման այնպիսի վիճակի, որն իր մեջ ներառում է ընդունաված մարդասիրական արժեքների, քրիստոնեական բարոյականության եւ առողջության նկատմամբ էական սպառնալիքներ:
Հոդված 11. Սեփականատիրոջ ազատ կամքի դրսեւորմամբ գույքը պետական սեփականության վերածելու պարագայում իրականացվող ազգայնացում
Գույքը կարող է ազգայնացման առարկա դառնալ այն պարագայում, երբ դրա սեփականատերն ազատ կամքի դրսեւորմամբ կամենում է իր գույքը վերածել պետական սեփականության:
Գլուխ III. Ազգայնացման կարգը
Հոդված 12. Ազգայնացման իրականացման նախաձեռնությունը
Ազգայնացման իրականացման /կիրարկման/ նախաձեռնությամբ կարող են հանդես գալ օրենսդրական նախաձեռնության սուբյեկտները՝ ՀՀ Կառավարությունը եւ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները:
Ազգայնացման իրականացման նախաձեռնությունը պետք է արտահայտվի օրենսդրական մարմնին գույքի ազգայնացման մասին օրենքի նախագծի ներկայացման մեջ:
Որպես հանրային սեփականություն ամրագրված գույքի ազգայնացման մասին օրենքի նախագիծը եզրակացության համար ուղարկվում է ՀՀ Կառավարություն: Կառավարությունը ներկայացման օրվանից սկսած 40 օրյա ժամկետում ներկայացնում է հիշյալ եզրակացությունը:
Անպայման կարգով ազգայնացման մասին օրենսդրական որոշման ընդունումը սահմանում է համապատասխան պահանջներ՝ փոխհատուցման մեծությանը հավասար բյուջետային ապահովման համար:
Բյուջեի սույն հոդվածը հանսդիսանում է անձեռնմխելի /պաշտպանված/:
Հոդված 13. Ազգայնացման իրականացման ժամանակ հրապարակայնության ապահովումը
ՀՀ Ազգային Ժողովին գույքի ազգայնացման մասին օրենքի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ Կառավարությունը պարտավոր է տեղեկատվություն հրապարակել իր տպագիր լրատվամիջոցում նշյալ ներկայացման մասին:
Սեփականատերը, որի գույքի հանդեպ ներկայացվում է ազգայնացման մասին օրենքի նախագիծ, իրավունք ունի մասնակցել Ազգային Ժողովի կողմից տվյալ օրենսդրական նախաձեռնության քննարկման հետ կապված բոլոր լսումներին:
Հոդված 14. Ազգայնացման մասին օրենքի բովանդակությունը
Գույքի ազգայնացման մասին օրենքը պետք է որոշի.
գույքի ազգայնացման իրականացման հիմքերն ու նպատակները;
ազգայնացման ենթական գույքը;
ազգայնացբող գույքի սեփականության իրավունքի սուբյեկտը;
ազգայնացվող գույքի սեփականատիրոջն, ինչպես նաեւ ազգայնացվող գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձանց փոխհատուցման վճարման կարգն ու չափը;
ազգայնացումն իրականացնելուց հետո գույքի օգտագործման կարգը:
ազգայնացման իրականացման ժամկետները:
Հոդված 15. Ազգայնացվող գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքի առաջացումը
Ազգայնացվող գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքն առաջանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատաեսված կարգով գույքի պետական գրանցման պահից:
Հոդված 16. Ազգայնացված գույքի սեփականատիրոջ լիազորություններն իրականացնող մարմինը
Ազգայնացված գույքի սեփականտիրոջ լիազորություններն իրականացնող մարմինը որոշվում է ՀՀ Կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Գլուխ IV. Ազգայնացվող գույքի սեփականատիրոջը փոխհատուցելու կարգը
Հոդված 17. Ազգայնացվող գույքի սեփականատիրոջը եւ ազգայնացվող գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձանց փոխհատուցման վճարման չափը
Ազգայնացվող գույքի սեփականատիրոջը փոխհատուցման վճարման չափը որոշվում է՝ ելնելով գույքի շուկայական արժեքից եւ այն վնասներից, որոնք սեփականատիրոջ մոտ կառաջանան ազգայնացման արդյունքում, ներառյալ վնասները, որոնք պայմանավորված են երրորդ անձնաց նկատմամբ սեփականտիրոջ կողմից պարտավորությունների կատարման անհնարինությամբ:
Գույքի ազգայնացման մասին օրենքում պետք է որոշված լինի վճարման պահին հիշյալ փոխհատուցման ինդեքսավորման մեխանիզմը:
Ազգայնացվող գույքի նկատմամբ սեփականտիրոջը փոխհատուցման չափը որոշվում է սույն հոդվածի առաջին կետում սահմանված կարգով:
Գրավապահի կողմից ազգայնացված գույքի փոխհատուցման չափը որոշվում է ելնելով գրավով ապահոված պահանջի գումարից: Գրավապահին վճարման ենթակա փոխհատուցման գումարը գանձվում է /պահվում է/ ազգայնացվող գույքի սեփականատիրոջը վճարման ենթակա փոխհատուցման գումարից: Ըստ որում գրավով ապահոված պահանջը դադարում է գրավապահին փոխհատուցման վճարման պահից:
Սեփականատիրոջ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող այլ անձանց /վարձակալողներին, անձանց, ում օգտին սահմանված է սերվիտուտ/ փոխհատուցման չափը որոշվում է այն վնասներից, որոնք կառաջանան նրանց մոտ գույքի ազգայնացման արդյունքում:
Հոդված 18. Փոխհատուցման չափի որոշման կարգը
Ազգայնացվող գույքի սեփականատիրոջը, ինչպես նաեւ սեփականատիրոջ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող այլ անձանց վճարման ենթակա փոխհատուցման չափի նախնական գնահատականը որոշվում է ազգայնացման մասին նորմատիվային ակտի մշակման ժամանակ:
ՀՀ Ազգային Ժողովը կարող է ձեւավորել անկախ փորձագետների հանձնաժողով, որը կպարզի ազգայնացվող գույքի սեփականատիրոջը, ինչպես նաեւ ազգայնացվող գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող այլ անձանց փոխհատուցման չափը:
Անկախ փորձագետների հանձնաժողովը պարտավոր է որոշել փոխհատուցման չափը եւ իր եզրակացությունը ներկայացնել ՀՀ Ազգային Ժողովին իր ստեղծման պահից սկսած մեկ ամսից ոչ ուշ:
Հոդված 19. Փոխհատուցման վճարման ձեւերը եւ ժամկետները
Ազգայնացվող գույքի սեփականատիրոջը, ինչպես նաեւ ազգայնացվող գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող այլ անձանց փոխհատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության ազգային դրամով, իսկ այն դեպքերում, երբ նշված անձինք հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ կամ իրավաբանական անձինք՝ իրենց նախընտրած արտարժույթով:
Մինչեւ 500 մլն դրամ փոխհատուցման վճարումը կատարվում է միանվագ՝ ազգայնացման մասին օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ 1 մլրդ դրամից ավելի փոխհատուցման գումարի դեպքում՝ համամասնորեն, ամեն եռամսյակում, մեկ տարվա ընթացքում: Այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում չի կատարվում փոխհատուցման վճարումը, ազգայնացվող գույքի սեփականատերն, ինչպես նաեւ ազգայնացվող գույքի նկատմամբ իրավունք ունեցող անձն իրավունք ունի դիմել դատարան ազգայնացման մասին օրենքը չեղյալ հայտարարելու հայցով:
Փոխհատուցման վճարման շուրջ վեճերը քննարկվում են դատարանում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով: Հիշյալ դատական մարմիններին դիմելիս ազգայնացված գույքի նախկին սեփականատերերն, ինչպես նաեւ ազգայնացված գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձինք ազատվում են պետական տուրքի վճարումից:
Հոդված 20. Ազգայնացման ժամանակ վարկատուների իրավունքների երաշխիքները
Գույքի ազգայնացումը չի ազդում ազգայնացվող գույքի սեփականատիրոջ վարկատուի իրավունքների վրա, բացառությամբ գրավով ապահոված պահանջներով վարկատուների իրավունքների: Վարկատուների պահանջները պահպանվում են նույն ծավալով, ինչ մինչ գույքի մասնավորեցման մասին օրենքի ընդունումը:
Գլուխ V. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 21.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգային տնտեսության, հասարակության եւ պետության արդյունավետ զարգացման նախապայմաններից մեկը սեփականության տարբեր ձեւերի միջեւ փոխգործակցությունն է, հասունացել է ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունը:
Սույն օրենքը կոչված է նախ, պաշտպանել օրինապահ սեփականատերերի իրավունքները: Երկրորդ, այն երաշխավորում է սահմանադրական հիմնարար ազատությունները, ներառյալ սեփականության իրավունքը` դրա հանդեպ կատարվող ոտնձգություններից: Երրորդ, օրենքը կանոնակարգում է սեփականության կամովին փոխանցումը մասնավոր տիրոջից` պետությանը եւ պաշտպանում հանրային ունեցվածքը հասարակության տարբեր խավերի կողմից բռնի յուրացումից կամ զեղծարարությամբ ձեւակերպված գործարքներից: Միջազգային փորձը վկայում է, որ ազգայնացման գործընթացը մասնավորեցման գործընթացի հակակշռող եւ հավասարակշռող գործոնն է, իսկ ազգայնացման մասին օրենքը` կարեւոր միջոց սեփականության մի ձեւից մյուսից անցումը զերծ պահելու կամայականություններից եւ կողմնակալ վերաբերմունքից:
Ակնհայտ է դառնում, որ ազգային տնտեսության մրցունակության բարձրացումն անհնարին է առանց սեփականության տարբեր ձեւերի առկայության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում դրանց լայնորեն կիրառման:
Այսպիսով, սույն օրենքը նպատակ ունի խթանել ազգայնացման գործընթացների գործնական եւ օրինական կիրառումը: Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման կարգի որոշման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ազգայնացվող գույքի փոխհատուցման կարգը: