ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, սույն օրենքին համապատասխան խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ոլորտում գործունեություն իրականացնող անձանց եւ խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայություններից օգտվողների` սպառողների փոխհարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է սպառողներին խմելու ջրով ապահովման պետական երաշխիքները:
2. Սույն օրենքը չի կանոնակարգում խմելու ջրի շշալցման եւ հանքային ջրերի արտադրության ու սպառման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի կուտակման, ամբարման, փոխադրման եւ բաշխման ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների եւ կանոնակարգման մեխանիզմների, դրանց անվտանգության եւ վերահսկողության սահմանումը, ինչպես նաեւ մարդկանց բարեկեցությանն ուղղված անհրաժեշտ քանակի, տեւողության եւ որակի խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման ապահովումն է:
Հոդված 3. Խմելու ջրի ոլորտը կարգավորող օրենսդրությունը
1. Խմելու ջրի ոլորտը կարգավորող օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքից, սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.
Ապօրինի ջրօգտագործում` առանց ջրամատակարարի կողմից համապատասխան տեխնիկական պայմանների տրամադրման խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման համակարգերից միացում, ինչպես նաեւ առանց խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրի ջրօգտագործում եւ/կամ ջրահեռացում.
Բաժանորդ՝ անձ, որն իրավական ակտերով սահմանված կարգով եւ տեխնիկական պայմաններին համապատասխան ջրամատակարարի հետ կնքել է ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր.
Ենթաբաժանորդ՝ անձ, որը բաժանորդի գրավոր համաձայնությամբ, ջրամատակարարի հետ կնքված պայմանագրի համաձայն, բաժանորդի ներքին ցանցի միջոցով օգտվում է ջրամատակարարի մատուցած ծառայություններից.
Խմելու ջրի մատակարարման նպատակով օգտագործվող ջրային ռեսուրս` այն ջրային ռեսուրսները, որոնք համապատասխան մշակման ենթարկվելուց հետո կամ առանց դրա կարող են օգտագործվել խմելու, առողջարարական, տնտեսական, կոմունալ եւ կենցաղային կարիքների բավարարման համար` առանց նվազեցնելու ազգային ջրային պաշարը.
Ջրամատակարարման եւ ջրահեռացման կենտրոնացված ծառայություն` հիդրոտեխնիկական կառուցվածքների միջոցով ջրային ռեսուրսներից ջրառի, ջրի մշակման, ամբարման, փոխադրման, բաշխման եւ/կամ ջրահեռացման իրականացում ջրամատակարարման եւ ջրահեռացման մասնագիտացված կազմակերպության կողմից բաժանորդներին պայմանագրային հիմունքներով` սահմանված սակագներով, խմելու ջրով ապահովում.
Ջրամատակարարման եւ ջրահեռացման համայնքային ծառայություն` պատմականորեն ձեւավորված տեղական (համայնքային) նշանակության, համայնքների կամ ջրօգտագործողների կողմից օգտագործվող եւ սպասարկվող հիդրոտեխնիկական կառուցվածքների միջոցով ջրային ռեսուրսներից ջրառի, ջրի մշակման, ամբարման, փոխադրման, բաշխման եւ/կամ ջրահեռացման իրականացում համայնքի բնակչությանն ու այլ ջրօգտագործողներին սահմանված կարգով խմելու ջրով ապահովում.
Խմելու ջրի մատակարարման այլընտրանքային ծառայություններ` խմելու ջրի մատակարարման համակարգի բացակայության պայմաններում սույն օրենքով սահմանված կարգով խմելու ջրով ապահովում.
Խմելու ջուր` Հայաստանի Հանրապետության պետական ստանդարտների պահանջներին համապատասխանող խմելու որակի ջուր.
Կարգավորման հանգույց` ջրամատակարարի կողմից սպասարկվող հիդրոտեխնիկական կառուցվածք` կահավորված չափիչ կամ կարգավորիչ, կամ փակող-բացող սարքավորումներով, որոնց միջոցով ապահովվում է խմելու ջրի բաշխումը եւ/կամ ճնշման կարգավորումը` ըստ սպառման ուղղությունների.
Կեղտաջրերի մաքրում` պայմանագրային հիմունքներով` սահմանված սակագնով (վճարով), ջրահեռացման համակարգից ընդունված կեղտաջրերի մաքրում եւ հեռացում ջրային ռեսուրս կամ շրջակա միջավայր, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացած կեղտաջրերի սեփական ուժերով (միջոցներով) մաքրում.
Ջրամատակարար՝ ջրառ իրականացնող, ջուր ամբարող, խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման համակարգերի օգտագործման թույլտվություն ունեցող անձ, որը բաժանորդներին (սպառողներին) պայմանագրային հիմունքներով, սահմանված սակագնով կամ վճարով մատուցում է խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ.
Ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման համակարգ՝ բաժանորդներին խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր.
Ջրահեռացում` պայմանագրային հիմունքներով` սահմանված սակագնով (վճարով) կոմունալ, կենցաղային եւ արտադրական կեղտաջրերի ընդունում եւ հեռացում.
Ջրահեռացման այլընտրանքային ձեւեր` ջրահեռացման համակարգի բացակայության պայմաններում ջրահեռացման ապահովում.
Ջրաչափ` սարք (սարքավորում), որի միջոցով որոշվում է ջրամատակարարի կողմից ջրաղբյուրներից իրականացված ջրառի եւ/կամ բաժանորդին (ենթաբաժանորդին) կամ կարգավորման հանգույցից որեւէ ուղղությամբ մատակարարված (տեղափոխված) ջրի ծավալը.
Տեխնիկական պայմաններ` խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման համակարգին միանալու, սպառված խմելու ջուրը հաշվառելու, ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման համակարգերի անվտանգ ու հուսալի օգտագործումն ապահովելու նպատակով ջրամատակարարի կողմից առաջադրվող պայմաններ:
Հոդված 5. Օրենքի հիմնական սկզբունքները
1. Սույն օրենքի հիմնական սկզբունքներն են`
ա) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման ապահովումը խմելու ջրի տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին համապատասխան.
բ) սպառված խմելու ջրի հաշվառումը եւ մատուցվող ծառայությունների դիմաց վճարումը.
գ) խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայություններին առնչվող տեղեկատվության հրապարակայնության ապահովումը.
դ) խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման տեւողության շարունակականության, անվտանգության, հուսալիության, համակարգի կառավարելիության եւ շրջակա միջավայրի պահպանման ապահովումը.
ե) խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման մատչելիության եւ հասանելիության աստիճանի բարձրացման ապահովումը.
զ) սպառողների եւ ոլորտում ծառայություններ մատուցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումն ու պարտավորությունների սահմանումը.
է) բնակչության նվազագույն կենսաապահովման բավարարման համար անհրաժեշտ քանակի եւ որակի խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների ապահովումը.
ը) խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ոլորտում գիտատեխնիկական առաջընթացի եւ նոր տեխնոլոգիաների ներդրման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման խրախուսումը.
թ) ջրառի, ջրի մշակման, ամբարման, չմշակված կամ խմելու ջրի փոխադրման, բաշխման ու ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման շուկային մատուցվող ծառայությունների գործառույթների կանոնակարգումը.
ժ) խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման համակարգերի պահպանությանը, օգտագործմանը, կառավարմանը եւ զարգացմանն ուղղված ներդրումների խրախուսումը:
2. Սույն օրենքով նախատեսված ջրամատակարարմանը վերաբերող բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաեւ ջրահեռացման վրա, եթե վերջինիս վերաբերյալ սույն օրենքով, իրավական այլ ակտերով եւ/կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ոլորտը
1. Խմելու ջրի մատակարարման ոլորտը ներառում է`
ա) ջրառը (ստորերկրյա կամ մակերեւութային),
բ) ջրի մշակումը,
գ) ջրի ամբարումը,
դ) ջրի փոխադրումը դեպի սպասարկման գոտիներ,
ե) ջրի բաշխումը սպառողներին:
2. Ջրահեռացման ոլորտը ներառում է`
ա) սպառման օբյեկտներից կեղտաջրերի հավաքումը եւ դրանց հեռացումը (փոխադրումը) սպասարկման գոտուց մինչեւ մաքրման կայաններ.
բ) կեղտաջրերի մաքրումը, մաքրված ջրերի արտանետումը ջրային ռեսուրս կամ շրջակա միջավայր, մաքրման ընթացքում գոյացած թափոնների փոխադրումը նշանակված վայր` բնապահպանական եւ սանիտարական նորմերի պահանջների համաձայն:
ԳԼՈՒԽ 2.
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 7. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման օբյեկտները
1. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման օբյեկտներն են այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց միջոցով իրականացվում է.
ա) ջրային ռեսուրսից ջրառի (կապտաժավորված, ինքնաշատրվանող, բաց հունից),
բ) խմելու ջրի մաքրման,
գ) խմելու ջրի մղման եւ տեղափոխման,
դ) խմելու ջրի ամբարման եւ բաշխման,
ե) կեղտաջրերի հեռացման, տեղափոխման եւ մղման,
զ) կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցումը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման օբյեկտների համար ծառայությունները կարող են տրամադրվել ինչպես ամբողջությամբ (համալիր) մեկ կազմակերպության կողմից, այնպես էլ ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված առանձին համակարգերի եւ տարածքների` մեկից ավելի կազմակերպությունների կողմից:
Հոդված 8. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման հարաբերությունների սուբյեկտները
1. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման հարաբերությունների սուբյեկտներն են.
ա) կենտրոնացված, համայնքային եւ այլընտրանքային ծառայություններ ստացող սպառողները,
բ) կենտրոնացված, համայնքային եւ այլընտրանքային ծառայություններ մատուցող անձինք:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված կենտրոնացված ծառայություններ մատուցող անձինք կարող են հանդիսանալ՝ պետական եւ/կամ համայնքային սեփականության բաժնեմաս ունեցող առեւտրային կազմակերպությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված մասնավոր կառավարում իրականացնող անձինք:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված համայնքային ծառայություններ մատուցող անձինք կարող է հանդիսանալ տեղական ինքնակառավարման մարմինը:
4. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով սահմանված այլընտրանքային ծառայություններ մատուցող անձինք կարող են հանդիսանալ համապատասխան տեխնիկական միջոցներ եւ ջրի որակին ներկայացված փաստաթուղթ ունեցող անձինք:
5. Տեղական ինքնակառավարման մարմինները եւ/կամ խմելու ջուր սպառողները խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման որակի բարելավման, շահագործման ծախսերի նվազեցման, ներդրումային ծրագրերի իրականացման եւ կառավարման նպատակներով իրենց պատկանող ջրային համակարգերը կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության կամ օգտագործման իրավունքով հանձնել ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց:
Հոդված 9. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ մատուցելու իրավունքը
Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ մատուցելու իրավունք ունեն` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն ջրային համակարգի օգտագործման թույլտվություններ ունեցող անձինք, բացառությամբ խմելու ջրի մատակարարման այլընտրանքային ծառայություններ մատուցող անձանց:
Հոդված 10. Ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը
1. Ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման կենտրոնացված ծառայություններ մատուցող կազմակերպություններն իրենց տարեկան հաշվապահական հաշվեկշիռները եւ ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաեւ դրանց հաստատման վերաբերյալ անկախ եւ լիցենզավորված աուդիտորական ծառայությունների տված եզրակացությունները պարտավոր են հրապարակել ոչ պակաս, քան 1000 տպաքանակ ունեցող մամուլում եւ իրենց ինտերնետային կայքերում` մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը:
2. Ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման կենտրոնացված եւ համայնքային ծառայություններ մատուցող կազմակերպությունները պարտավոր են հրապարակել եւ տրամադրել օրենքով եւ/կամ իրավական այլ ակտերով սահմանված կարգով տեղեկատվություններ եւ հաշվետվություններ:
Հոդված 11. Խմելու ջրի ջրատարների վրա հիդրոէլեկտրոկայանների կառուցման ժամանակ ջրատարից օգտվելու թույլտվությունը
Խմելու ջրի ջրատարների վրա հիդրոէլեկտրոկայանների կառուցման ժամանակ ջրատարներից օգտվելու թույլտվությունը տրվում է` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 3.
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ
Հոդված 12. Խմելու ջրի օգտագործման նպատակները
1. Ջրային ռեսուրսները խմելու ջրի մատակարարման ծառայություններ մատուցելու նպատակով կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ջրօգտագործման թույլտվության առկայության դեպքում:
2. Խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրային ռեսուրսների օգտագործումը բնակչության խմելու ջրի մատակարարման նպատակով առաջնային է:
Խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրային ռեսուրսների այլ նպատակներով օգտագործումը թույլատրվում է միայն խմելու, կոմունալ-կենցաղային եւ առողջարարական նպատակներով ջրի պահանջը լիովին բավարարելուց հետո` այլ ջրային ռեսուրսների բացակայության դեպքում:
3. Խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրային ռեսուրսների այլ նպատակներով օգտագործումը թույլատրվում է նաեւ`
ա) արտակարգ իրավիճակներում` օրենքով սահմանված կարգով.
բ) այն դեպքերում, երբ սպառողի ծավալած գործունեության տեխնոլոգիական գործընթացում պահանջվում է խմելու ջրի օգտագործում:
4. Այն դեպքերում, երբ ջրամատակարարի օգտագործմանը հանձնված խմելու ջրի որակին համապատասխանող ջրային ռեսուրսն ըստ նշանակության օգտագործելուց հետո մնում է ազատ ջրաքանակ, ապա այլ սպառողներ ի հայտ գալու դեպքում վերջիններս սահմանված կարգով կարող են ձեւակերպվել բաժանորդ` ջրամատակարարի հետ կնքելով ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրեր:
Հոդված 13. Խմելու ջրի որակի ապահովումը եւ սանիտարական պահպանության գոտիները
1. Խմելու ջրի մատակարարման համակարգերով բաժանորդներին մատակարարվող խմելու ջրի որակի եւ քանակի ապահովման համար պատասխանատու է ջրամատակարարը:
2. Համայնքային ջրամատակարարման կամ սեփական կարիքների համար խմելու, կոմունալ-կենցաղային եւ առողջարարական նպատակներով օգտագործվող ջրի որակի եւ քանակի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների ապահովման համար պատասխանատու են այդ համակարգերն օգտագործող համայնքները եւ/կամ ջրօգտագործողները:
3. Ազատ ջրօգտագործումը խմելու նպատակով թույլատրվում է միայն ջրի որակի եւ անվտանգության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական լիազոր մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:
4. Խմելու ջրի որակի եւ անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են սանիտարական պահպանման գոտիներ, իրականացվում է խմելու ջրի որակի նկատմամբ հսկողություն, ինչպես նաեւ խմելու ջրի որակի ապահովման համար այլ միջոցառումներ:
5. Սանիտարական պահպանման գոտիների չափերը եւ սահմանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվի առնելով խմելու նպատակով օգտագործվող ջրային ռեսուրսների տեսակը, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական եւ հիդրոքիմիական պայմանները:
6. Սանիտարական պահպանման գոտիների տարածքում արգելվում կամ սահմանափակվում է ցանկացած գործունեություն, որը հակասում է դրա նպատակային նշանակությանը եւ սահմանված իրավական ռեժիմին:
7. Խմելու ջրի մատակարարման ծառայություններ տրամադրելիս ջրային համակարգերում օգտագործվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով թույլատրված սարքավորումներ, սարքեր, նյութեր, ռեագենտներ եւ մաքրման տեխնոլոգիաներ:
ԳԼՈՒԽ 4.
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 14. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններին ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները
1. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման կենտրոնացված ծառայություններին ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները սահմանում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հաշվի առնելով առկա տեխնիկա-տնտեսական հնարավորությունները եւ զարգացման հեռանկարները:
2. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման այլընտրանքային ծառայություններին ներկայացվող սպասարկման որակի պահանջները սահմանում է տեղական ինքնակառավարման մարմինը՝ նկատի ունենալով
ա) սպառողներին այլընտրանքային եղանակով խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխան ջրով ապահովումը` յուրաքանչյուր համայնքի համար սահմանված կարգով հաստատված հաճախությամբ եւ քանակով.
բ) ջրամատակարարման միջոցների մասնագիտացված օգտագործման եւ սպասարկման ապահովումը.
գ) հաստատված հաճախության եւ քանակի, ջրամատակարարման այլ պայմանների եւ դրանց փոփոխման մասին տեղեկատվության տրամադրումը:
ԳԼՈՒԽ 5.
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 15. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցումը պայմանագրային հիմունքներով
1. Խմելու ջրի մատակարարումը եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցումը բաժանորդներին իրականացվում է պայմանագրային հիմունքներով, որով ջրամատակարարը պարտավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ կնքված պայմանագրով մատուցել համապատասխան ծառայություններ, իսկ բաժանորդը` օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել մատուցված ծառայությունների համար:
2. Ջրամատակարարը պարտավոր է իր սպասարկման տարածքի բաժանորդներին մատակարարել պայմանագրով սահմանված, ինչպես նաեւ սպասարկման որակի առնվազն նվազագույն պահանջներին համապատասխան խմելու ջուր: Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա ջրամատակարարը պարտավոր է տեխնիկական պայմաններին համապատասխան ջրահեռացման ցանցին միացված եւ ջրամատակարարի հետ համապատասխան պայմանագիր կնքած բաժանորդներին ապահովել ջրահեռացման ծառայություններով:
3. Ջրամատակարարի եւ բաժանորդի միջեւ կնքվող ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրով կարող են նախատեսվել նաեւ այլ իրավունքներ եւ պարտականություններ` ապահովելով կողմերի միջեւ փոխհարաբերությունների հստակեցում եւ պարտավորությունների հավասարակշռում, որոնք պետք է համապատասխանեն սույն օրենքին եւ իրավական այլ ակտերին:
4. Ջրամատակարարի կողմից տրված ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերին միանալու, կատարված միացումները փոփոխելու, տեխնիկական պայմանների տրամադրման կարգը, ինչպես նաեւ ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Սույն օրենքով նախատեսված` բաժանորդին վերաբերող բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաեւ ենթաբաժանորդի վրա, եթե վերջինիս վերաբերյալ սույն օրենքով կամ այլ իրավական ակտերով կամ ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 16. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների դիմաց վճարումը
1. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունները վճարովի են, որոնք ջրամատակարարի կողմից մատուցվում են սահմանված կարգով բաժանորդ հանդիսացող անձանց:
2. Բաժանորդին մատակարարված խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ մաքրման ծավալների հաշվառման եւ դրանց դիմաց վճարի չափի հաշվարկման ու վճարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման կենտրոնացված համակարգով ծառայությունների մատուցման սակագները օրենքով սահմանված կարգով սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
4. Ջրամատակարարի կողմից բաժանորդի ներքին ցանցի տեխնիկական սպասարկման դեպքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կարող են սահմանվել վճարներ:
5. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման համայնքային ծառայությունների մատուցման դեպքերում վճարների չափերը սահմանում է տեղական ինքնակառավարման մարմինը:
6. Խմելու ջրի մատակարարման այլընտրանքային ծառայությունների մատուցման դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են սահմանվել ծառայությունների մատուցման առավելագույն վճարներ:
7. Այն տարածքները (բնակավայրերը), որոնք ընդգրկված չեն ջրամատակարարի սպասարկման տարածքում, սակայն սույն օրենքով սահմանված կարգով այդ տարածքներում գտնվող սպառողները ցանկություն են հայտնում իրենց ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման գործառույթների իրականացումը հանձնել մասնագիտացված ջրամատակարար կազմակերպությանը, ապա տվյալ ջրամատակարար կազմակերպությունը ֆինանսատնտեսական եւ տեխնիկական նպատակահարմարության առկայության դեպքերում կարող է ընդունել եւ իրականացնել այդ տարածքների (բնակավայրերի) ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման համակարգերի օգտագործման ու պահպանման գործառույթները, ինչպես նաեւ այդ տարածքի խմելու ջուր սպառողների հետ կնքել ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրեր եւ իրականացնել ծառայությունների մատուցումը:
Հոդված 17. Կենտրոնացված կարգով խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների հաշվառումը եւ պայմանները
1. Կենտրոնացված կարգով խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների հաշվառումն իրականացվում է ջրաչափերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլընտրանքային հաշվառման կարգին համապատասխան` նկատի ունենալով ջրաչափի տեղադրման խթանումը:
2. Խմելու ջրի ջրաչափերը ձեռք են բերվում եւ սահմանված կարգով տեղադրվում են բաժանորդների միջոցների հաշվին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Այն դեպքերում, երբ ջրաչափերը ծառայում են ջրային ռեսուրսից իրականացվող ջրառի հաշվառման, ջրամատակարարի կողմից օգտագործվող ջրամատակարարման համակարգերի կարգավորման հանգույցներով տեղափոխվող եւ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցերի մուտքագծերին մատակարարվող ծավալները հաշվառելու համար, ապա ջրաչափերը գնվում եւ տեղադրվում են ջրամատակարար կազմակերպությունների կողմից:
Հոդված 18. Խմելու ջրամատակարարման համայնքային ծառայությունների հաշվառումը եւ պայմանները
Խմելու ջրի մատակարարման համայնքային ծառայությունների հաշվառումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի որոշմամբ սահմանված կարգով` հաշվի առնելով համակարգի սպասարկման եւ հետագա զարգացմանն ուղղված ծախսերը, ինչպես նաեւ ծառայություններից օգտվողների թվաքանակը:
Հոդված 19. Խմելու ջրի մատակարարման այլընտրանքային ծառայությունների հաշվառումը եւ պայմանները
Խմելու ջրի մատակարարման այլընտրանքային ծառայություն իրականացնող անձը խմելու ջուրը բաշխում, հաշվառում եւ իրացնում է սպառողներին` տեղական ինքնակառավարման մարմնի որոշմամբ սահմանված կարգով:
Հոդված 20. Ջրահեռացման այլընտրանքային ծառայության հաշվառումը եւ պայմանները
1. Այլընտրանքային եղանակով ջրահեռացման ծառայություն իրականացնող կազմակերպությունը պայմանագրով սահմանված կարգով իրականացնում է այլընտրանքային ջրահեռացման ծառայություններ մատուցում` ապահովելով կեղտաջրերի տեղափոխումը, հաշվառումը եւ դրանք կենտրոնացված ջրահեռացման համակարգ, ջրային ավազան կամ շրջակա միջավայր բաց թողումը:
2. Այլընտրանքային եղանակով կեղտաջրերի հեռացումը կենտրոնացված ջրահեռացման համակարգից դուրս կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության եւ բնապահպանության պետական լիազոր մարմինների կողմից սահմանած կարգի համաձայն:
ԳԼՈՒԽ 6.
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 21. Ջրամատակարարի իրավունքները
Ջրամատակարարն իրավունք ունի.
1) բաժանորդին պատկանող ջրաչափի աշխատանքի ճշտության վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում (ստուգաչափման դրոշմակնիքի խախտում, վնասում, կեղծում)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, պահանջել իրականացնել բաժանորդի ջրաչափի ստուգաչափում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, բացառությամբ բնակիչ-բաժանորդների, ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց վճարումները չկատարելու դեպքում դադարեցնել բաժանորդի ջրամատակարարումը եւ ջրահեռացումը, եթե տեխնիկապես հնարավոր է կատարել անհատական անջատում.
3) բնակիչ-բաժանորդների ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց վճարումները չկատարելու դեպքում տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում սահմանափակել բաժանորդի ջրամատակարարումը մինչեւ օրական 1 ժամ.
4) խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց երեք ամսից ավելի վճարում չկատարած բնակիչ-բաժանորդի նկատմամբ գումարի բռնագանձում իրականացնել դատական կարգով.
5) ժամանակավորապես` մինչեւ պատճառի վերացումը, սահմանափակել կամ դադարեցնել բաժանորդի ջրամատակարարումը եւ/կամ ջրահեռացումը, եթե բաժանորդի ներքին ցանցի սարքերի անբավարար վիճակը սպառնում է վթարներ առաջացնել կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների գույքի, կյանքի եւ (կամ) առողջության համար` նախօրոք տեղյակ պահելով բաժանորդին.
6) չթույլատրել նոր սպառողների միացումը` ջրամատակարարման ցանցին (բացառությամբ բնակիչ-բաժանորդների), եթե դրա հետեւանքով կարող է վատթարանալ այդ ջրամատակարարման համակարգից սնվող բաժանորդների ջրամատակարարումը.
7) արտակարգ իրավիճակների դեպքում` առանց բաժանորդների եւ/կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցնելու, իրականացնել ջրամատակարար-ման տեւողության եւ ճնշման նվազեցում, ինչպես նաեւ մատակարարման ռեժիմի փոփոխություն, ընդհուպ մինչեւ ջրազրկում` ապահովելով բնակչությանը սահմանված որակի ջրի այլընտրանքային մատակարարումը.
8) բաժանորդի կողմից օգտագործված ջրի ծավալի նվազեցման նպատակով ջրաչափի բնականոն աշխատանքի խախտման, ջրաչափի կապարակնիքների վնասման (պոկման, կեղծման) եւ այլ դիտավորյալ խախտումների հայտնաբերման դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կատարելու բաժանորդի կողմից օգտագործված ջրաքանակի վերահաշվարկ (ճշգրտում).
9) ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման դիմաց, բացառությամբ բնակիչ-բաժանորդների, բաժանորդի կողմից վճարումներն ուշացնելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկել եւ գանձել 0.1 % տուժանք՝ օրենքով կամ պայմանագրով սահմանված կարգով.
10) ջրի ապօրինի սպառում (ջրօգտագործում) հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցնել ապօրինի սպառումն ու ապօրինի սպառողից պահանջել վճարելու մինչեւ ապօրինի սպառումը հայտնաբերելը սպառված խմելու ջրի արժեքը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 22. Բաժանորդի իրավունքները
Բաժանորդն իրավունք ունի`
1) ջրամատակարարից պահանջել պայմանագրով սահմանված պարտականություն-ների ժամանակին եւ որակով կատարումը.
2) հրաժարվել վճարման պարտականությունների կատարումից եւ պահանջել վնասի փոխհատուցում, եթե ջրամատակարարը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտականությունները, այդ թվում` իր պարտականությունների չկատարմամբ վնաս է պատճառել բաժանորդին.
3) միակողմանի լուծել ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիրը` դրա մասին ջրամատակարարին տեղեկացնելով առնվազն 10 օր առաջ՝ մատուցված ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով.
4) ջրամատակարարից պահանջել պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն.
5) ստուգել իրեն ներկայացվող հաշիվները եւ բողոքարկել դրանց ճշտության համար (այդ թվում` ջրաչափի աշխատանքի):
Հոդված 23. Ջրամատակարարի պարտավորությունները
Ջրամատակարարը պարտավոր է`
1) սույն օրենքով եւ կնքված պայմանագրի համաձայն բաժանորդներին մատուցել խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ.
2) բաժանորդի դիմումն ստանալուց հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետում, ապահովել ջրաչափի ստուգաչափումը եւ հաշվի ճշտումը.
3) ջրամատակարարումը եւ/կամ ջրահեռացումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին ոչ ուշ, քան երկու օր առաջ զանգվածային լրատվական կամ կապի այլ միջոցներով նախազգուշացնել բաժանորդներին, իսկ վթարների կամ արտակարգ իրավիճակների դեպքում զանգվածային լրատվական միջոցներով հնարավորինս սեղմ ժամկետում բաժանորդներին տեղեկացնել դրա մասին.
4) բաժանորդի կողմից սույն օրենքով եւ պայմանագրով սահմանված պահանջների ապահովման դեպքում` մեկ օրյա ժամկետում, իսկ վերջինիս անհնարինության դեպքում` հնարավորինս սեղմ ժամկետում, վերականգնել ծառայության մատուցումը դադարեցված բաժանորդի ջրամատակարարումն ու ջրահեռացումը.
5) խմելու ջրի մատակարարման համակարգի գործունեության խափանման դեպքում, որը հանգեցրել է բնակավայրի կամ դրա առանձին մասերում խմելու ջրի մատակարարման լրիվ ընդհատմանն ավելի քան երկու օրով, անկախ դրա պատճառներից, մինչեւ ջրամատակարարման վերականգնումը ջրամատակարարը համապատասխան համայնքի ղեկավարի հետ պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպել եւ իրականացնել այլընտրանքային ջրամատակարարման ծառայություններ.
6) կատարել կեղտաջրերի հեռացումը եւ/կամ մաքրումը` պայմանագրով սահմանված կարգով.
7) իրականացնել հսկողություն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի, կառուցվածքների, սարքերի եւ սարքավորումների տեխնիկական վիճակի ու օգտագործման նկատմամբ.
8) հայտնաբերել եւ կանխել ջրի հոսակորուստները, հաշվառել ու հսկել իր կողմից մատակարարվող եւ բաժանորդի կողմից օգտագործվող (սպառվող) ջրաքանակները.
9) ապահովել իր կողմից օգտագործվող ջրամատակարարման համակարգում տեղադրված հրշեջ հիդրանտների սարքին վիճակը եւ իրականացնել հսկողություն դրանք ըստ նշանակության օգտագործելու նկատմամբ.
10) ջրամատակարարման եւ ջրահեռացման սակագների փոփոխման ցանկության դեպքում առնվազն մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով բաժանորդներին տեղեկացնել դրա մասին.
11) բաժանորդի պահանջի դեպքում՝ 5-օրյա ժամկետում ներկայացնել խմելու ջրի որակը հավաստող փաստաթուղթ.
12) իր մեղքով բաժանորդի ջրաչափի, ներքին ցանցի սարքերի եւ կառուցվածքների վնասման դեպքում իր միջոցների հաշվին կատարել դրանց փոխարինման, տեղադրման ու նորոգման աշխատանքները կամ փոխհատուցել պատճառված վնասները.
13) առնվազն մեկ ամիս առաջ բաժանորդին գրավոր ծանուցել ջրաչափի ստուգաչափման ժամկետի լրանալու մասին:
Բաժանորդի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետում ջրաչափի ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելուց եւ ջրամատակարարին հանձնելուց հետո Բաժանորդին հատկացնել անվճար ջրաչափ` վերջինիս կողմից այն, ապամոնտաժված ջրաչափի փոխարեն ժամանակավորապես տեղադրելու նպատակով.
14) Բաժանորդի կողմից ջրաչափի տեղադրման մասին տեղեկություն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայանալ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այն ընդունելու եւ կապարակնքելու համար.
15) մեկ ամսից ավելի ժամանակավորապես բացակայելու մասին բաժանորդի կողմից տեղեկացվելուց հետո 3-օրյա ժամկետում ներկայանալ բաժանորդի ջրի ծորակները կապարակնքելու համար (բացառելով դրանցից ջրի հոսքը).
16) ապօրինի ջրօգտագործում հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետու-թյան կառավարության սահմանած կարգով կազմել խախտման ակտ, ինչպես նաեւ ապօրինի միացում կատարած սուբյեկտին ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի տեխնիկական պայմանների հնարավորության առկայության դեպքում, տալ հնարավորություն` խախտման ակտով հաշվարկված գումարն ամբողջությամբ մարելու դեպքում կնքելու ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր.
17) տեխնիկական կանոնների պահանջներին չհամապատասխանող խմելու ջուր մատակարարելու դեպքում մատակարարված ջրաքանակի համար բաժանորդին վճարել տուժանք տվյալ ամսվանը նախորդող երեք ամսվա միջին արժեքի քառապատիկի հաշվարկով, ինչպես նաեւ փոխհատուցել բաժանորդի առողջությանը հասցված վնասը:
Կողմերի համաձայնությամբ այդ գումարը կարող է հաշվանցվել բաժանորդի կողմից վճարվելիք վճարներով:
18) ապահովել խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման համակարգերի անխափան աշխատանքը, ինչպես նաեւ իրականացնել կապիտալ ներդրումներ եւ նորոգման աշխատանքներ.
19) իրականացնել իր տնօրինության, տիրապետման եւ/կամ օգտագործման տակ գտնվող սարքավորումների շահագործումը, տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը` ապահովելով քաղաքացիների, սպասարկող անձնակազմի կյանքի եւ առողջության անվտանգությունը.
20) ապահովել իր գործունեության ընթացքում օգտագործվող սարքավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերին եւ գործունեության թույլտվության մեջ նախատեսված պայմաններին.
21) բնակչությանը իրազեկ պահել անվտանգության տեխնիկայի կանոններին, այլ նորմերով սահմանված կողմերի իրավունքներին եւ պարտականություններին, որոնք առնչվում են իր գործունեությանը եւ պայմանագրերին.
22) իրականացնել տեխնիկական եւ (կամ) ֆինանսական ամենամյա աուդիտ` անկախ փորձագետների ներգրավմամբ:
Հոդված 24. Բաժանորդի պարտավորությունները
Բաժանորդը պարտավոր է`
1) ապահովել իր սեփականությունը հանդիսացող ներքին ցանցերի, կառուցվածքների, ջրաչափերի եւ կապարակնիքների պահպանությունը.
2) չդադարեցնել ենթաբաժանորդների ջրամատակարարումը, իսկ դադարեցնելու դեպքում, բացառությամբ բնակիչ-բաժանորդների` սահմանված կարգով, առնվազն 3 ամիս առաջ, դրա մասին գրավոր նախազգուշացնել Ենթաբաժանորդին եւ ջրամատակարարին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
3) պայմանագրով նախատեսված ժամկետում վճարել ջրամատակարարի կողմից մատուցված ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների դիմաց.
4) իր սեփականությունը հանդիսացող ներքին ցանցերի, կառուցվածքների եւ սարքերի տեխնիկական օգտագործումն իրականացնել պատշաճ կարգով.
5) չխոչընդոտել օրվա աշխատանքային ժամերին ջրամատակարարի ներկայացուցչի մուտքն իր բնակարան եւ/կամ տարածք` ծառայողական վկայականը ներկայացնելու դեպքում, տեղադրված ջրաչափի ցուցմունքների համատեղ գրառման համար.
6) պահպանել (բացառությամբ բնակիչ-բաժանորդների) պայմանագրով նախատեսված հեռացվող կեղտաջրերի չափն ու բաղադրությունը.
7) խմելու ջրի չմատակարարման եւ կեղտաջրերի չհեռացման կամ դրանց ոչ պատշաճ մակարդակով կատարման, ջրաչափի անսարքության, կապարակնիքների խախտման, ինչպես նաեւ ջրի որակի նկատմամբ կասկածներ առաջանալու դեպքում անհապաղ տեղեկացնել ջրամատակարարին.
8) ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի ներքին ցանցերի ու կառուցվածքների միացումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան.
9) մեկ ամսից ավելի ժամանակավորապես բացակայելու դեպքում ապահովել իր խմելու ջրի սպառման կետերից ջրի հոսքի դադարեցումը, իսկ ջրաչափ (ջրաչափեր) տեղադրած չլինելու դեպքում, 5 օր առաջ դրա մասին գրավոր տեղեկացնել (ծանուցել) ջրամատակարարին` իր խմելու ջրի սպառման կետերը կապարակնքելու` բացառելով այդ կետերից ջրի հոսքը՝ պահպանելով այլ անձանց անվտանգ եւ անխափան ջրամատակարարման ու ջրահեռացման հնարավորությունը.
10) ջրաչափի ստուգաչափման ժամկետը լրանալու վերաբերյալ ջրամատակարարից ստացած գրության (ծանուցման) հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան սահմանած կարգով կատարելու ջրաչափի փոխարինման աշխատանքները.
11) ջրաչափը տեղադրելուց հետո գրավոր տեղեկացնել ջրամատակարարին` սահմանված կարգով ջրաչափն ընդունելու եւ կապարակնքելու համար.
12) բացառությամբ բնակիչ-բաժանորդների` ունենալ պաշարապահ ջրավազան, եթե արտադրական, հակահրդեհային կամ աշխատանքային առանձնահատուկ պայմանները պահանջում են անընդմեջ ջրամատակարարում:
ԳԼՈՒԽ 7.
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 25. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների սահմանափակման եւ դադարեցման պայմանները
1. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման մատուցած ծառայությունների դիմաց վճարները բաժանորդների կողմից չվճարելու դեպքում, եթե տեխնիկապես հնարավոր է կատարել անհատական անջատումներ, բաժանորդների (բացառությամբ բնակիչ-բաժանորդի) ջրամատակարարումը կարող է դադարեցվել, իսկ վճարները կարող են գանձվել դատական կարգով:
2. Բաժանորդների ջրամատակարարումը կարող է դադարեցվել, եթե բաժանորդի ներքին ցանցի անբավարար վիճակը սպառնում է առաջացնել վթարներ կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների գույքի, կյանքի եւ/կամ առողջության համար` մինչեւ բաժանորդի կողմից թերությունների վերացումը, իսկ դրա արդյունքում այլ բաժանորդների պատճառած վնասների փոխհատուցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
3. Եթե ջրամատակարարման սահմանափակումը եւ/կամ դադարեցումը կապված են օրենքով սահմանված կարգով անհաղթահարելի ուժի դեպքերի, ինչպես նաեւ ջրաղբյուրներում ու ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման համակարգերում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, ապա խմելու ջրի մատակարարումը դադարեցվում է առանց նախազգուշացման եւ ապահովում է բնակչությանը սահմանված որակի ջրի այլընտրանքային մատակարարումը:
4. Արտակարգ իրավիճակներում բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար աղտոտումից եւ աղբոտումից պաշտպանված ստորերկրյա ջրային ռեսուրսների բազայի վրա կատարվում է աղբյուրների պահուստավորում` Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 8.
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ, ԿԱՌՈՒՑՈՒՄ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
Հոդված 26. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման նոր համակարգերի նախագծում, կառուցում կամ վերակառուցում
1. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման համակարգերի նախագծման եւ կառուցման թույլտվությունը տրամադրվում է ջրամատակարար կազմակերպությունների դրական եզրակացությունների առկայության դեպքում:
2. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կամ մրցութային եղանակներով օտարման ժամանակ, որոնք տրվում են կառուցապատման աշխատանքների իրականացման նպատակով, խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման պայմանները պետք է համաձայնեցված լինեն տվյալ տարածքը սպասարկող ջրամատակարար կազմակերպության հետ:
3. Կառուցապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով հողերն օտարելու կամ տրամադրելու ժամանակ որպես պայման նախատեսվում է նաեւ կառուցապատողի կողմից կառուցվող խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման խողովակների անցկացման կարգն ու պայմանները: Սույն մասով նախատեսված աշխատանքները կարող է իրականացվել նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ջրամատակարար կազմակերպության կողմից՝ համապատասխան փոխհատուցմամբ:
4. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման համակարգերի նախագծային փաստաթղթերի մշակումն իրականացվում է ջրամատակարար կազմակերպության հետ համաձայնեցված տեխնիկական առաջադրանքի հիման վրա:
5. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման համակարգերի շինարարական, մոնտաժային, տեխնոլոգիական-կարգաբերման, փորձարկման եւ գործարկման աշխատանք-ները պետք է իրականացվեն ջրամատակարար կազմակերպության մասնագետների հսկողությամբ եւ/կամ մասնակցությամբ:
ԳԼՈՒԽ 9.
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Հոդված 27. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների զարգացումը
1. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների ոլորտի տնտեսական զարգացումն ապահովելու եւ ներդրումները խթանելու նպատակով խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպություններին կարող է տրամադրվել ֆինանսական օժանդակություն` օրենքով, կառավարության որոշմամբ, ինչպես նաեւ համապատասխան անձանց կողմից:
2. Ֆինանսական օժանդակության տրամադրումն իրականացվում է ջրային համակարգերի կառավարման լիազոր պետական մարմնի համաձայնությամբ:
ԳԼՈՒԽ 10.
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 28. Սպառողների շահերի պաշտպանության երաշխիքները
1. Ջրային համակարգի օգտագործման թույլտվությունից կամավոր հրաժարվելու կամ ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը կասեցնելու կամ անձին թույլտվությունից զրկելու դեպքերում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու նպատակով կարգավորող հանձնաժողովը մինչեւ ջրային համակարգերի օգտագործման նոր թույլտվություն տալը, իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրել թույլտվությունից կամավոր հրաժարված կամ զրկված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը` կարգավորող հանձնաժողովի սահմանած պայմաններին եւ դրույթներին համապատասխան: Այդ որոշումը չկատարելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները:
2. Կարգավորող հանձնաժողովը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր թույլտվություն տալու գործընթացն արագացնելու համար: Թույլտվությունից զրկված անձը սահմանված պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմել կարգավորող հանձնաժողովին` նոր թույլտվություն ստանալու համար:
3. Եթե թույլտվությունից զրկված անձը չի բավարարում ջրային համակարգերի օգտագործման նոր թույլտվություն ստանալու անհրաժեշտ պայմանները կամ հրաժարվում է նոր թույլտվություն ստանալու իրավունքից, ապա նա կարող է ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ գույքն օտարել կամ օգտագործման իրավունքով հանձնել այն կազմակերպությանը, որը պետք է տվյալ տարածքում իրականացնի ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ: Թույլտվությունից զրկված անձի ջրային համակարգերի օգտագործման նոր թույլտվություն ստանալու պայմանները չբավարարելու եւ ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ իր սեփականությունը կազմող գույքը չօտարելու կամ օգտագործման իրավունքով չհանձնելու դեպքում նշված գույքը կարող է օտարվել՝ օրենքով սահմանված կարգով: Գույքի օտարման ընթացքում սպառողների շահերի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է ջրային համակարգերի օգտագործման թույլտվությունից զրկված անձի գույքի ժամանակավոր կառավարիչ:
Հոդված 29. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպություններում գործադուլի անցկացումը
Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպություններում գործադուլ անելու մասին որոշումն ընդունվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 30. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների լուծարումը եւ սնանկացումը
1. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
2. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպության սահմանված կարգով սնանկացման վարույթ կարող է ընդունվել կամ լուծարման գործընթացը կարող է սահմանված կարգով իրականացվել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում միայն տվյալ կազմակերպության կողմից սպասարկվող բնակավայրի (բնակավայրերի) խմելու ջրի մատակարարումը եւ/կամ ջրահեռացումն այլ ձեւով կամ այլ կազմակերպության կողմից սպասարկվելու դեպքում:
3. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների սնանկացումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 31. Հասարակությանը տեղեկատվության տրամադրումը
1. Ջրամատակարարում իրականացնող կազմակերպությունները հասարակությանը տեղեկացնում են ընդունված նորմերին խմելու ջրի որակի անհամապատասխանության մասին: Ջրի որակը սահմանված նորմերին չհամապատասխանելու դեպքում նրանք պարտավոր են.
ա) անհամապատասխանության մասին անհապաղ տեղեկացնել բնակչությանը զանգվածային լրատվական կամ կապի այլ միջոցներով (առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում),
բ) առողջության համար առավել վտանգավոր դեպքերում բնակչությանը տեղեկացնել նաեւ հայտարարությունների, զգուշացումների տարածումով` վտանգված տարածքների շենքերի եւ անհատական տների մասին,
գ) նշել այն ժամկետները, որոնց ընթացքում կվերացվեն այդ անհամապատասխանությունները:
2. Ջրամատակարար կազմակերպությունները պարտավոր են բնակչությանը տեղեկացնել նաեւ.
ա) ջրամատակարարման դադարեցման մասին,
բ) ջրամատակարարման ժամանակացույցերի փոփոխության մասին` նշելով դրանց ժամկետները:
ԳԼՈՒԽ 11.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 32. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար
1. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ջրամատակարարումը, ջրօգտագործումն ու ջրահեռացումն առաջացնում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
2. Խմելու ջրի համակարգերի օգտագործումն ու պահպանումը չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու դեպքում, որի արդյունքում անհնարին է դառնում առանձին բնակավայրերի բնակչությանը եւ կազմակերպություններին խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցումը, ջրամատակարարը կրում է պատասխանատվություն սույն օրենքով եւ խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված կարգով.
3. Այն դեպքերում, երբ ջրաղբյուրները բնակչության եւ/կամ կենսաապահովման այլ օբյեկտների ջրամատակարարման համար օգտագործվում են առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական լիազորված մարմնի համապատասխան եզրակացության, իսկ ոչ ազատ ջրօգտագործման դեպքում` առանց Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական լիազոր մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվության, ջրառն իրականացնող սուբյեկտը կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով.
4. Խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների դիմաց կողմերից որեւիցե մեկն իր ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում վճարում է տուժանք` օրենքով եւ պայմանագրով սահմանված կարգով.
5. Սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով խմելու ջրի որակի եւ ջրամատակարարման չափորոշիչները չապահովելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքեր հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան լիազոր մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում, իրավասու են տալ հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականներ, ինչպես նաեւ կիրառել տույժեր` օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 12.
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33. Խմելու ջրի ոլորտում պետական վերահսկողությունը
Խմելու ջրի ոլորտում պետական վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում են համապատասխան մարմինները՝ իրենց իրավասությունների սահմաններում:
ԳԼՈՒԽ 13.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 34. Եզրափակիչ դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հոդված 35. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից պատմականորեն ձեւավորված տեղական (համայնքային) նշանակության, համայնքների կամ ջրօգտագործողների կողմից օգտագործվող եւ սպասարկվող հիդրոտեխնիկական կառուցվածքներով համայնքներում խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են մեկ տարվա ընթացքում ջրային համակարգերի կառավարման պետական լիազոր մարմին ներկայացնել իրենց համայնքների ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման իրականացման հեռանկարային ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ իրենց համայնքների ջրային համակարգերի համար կատարված գույքագրման արդյունքների մասին:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում պատմականորեն ձեւավորված տեղական (համայնքային) նշանակության, համայնքների կամ ջրօգտագործողների կողմից օգտագործվող եւ սպասարկվող հիդրոտեխնիկական կառուցվածքներով համայնքներում խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հիմնադրել ջրամատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ մատուցող առեւտրային կազմակերպություններ կամ սույն կետով նշված ծառայությունները համայնքի բնակչությանը եւ այլ ջրօգտագործողներին մատուցել համայնքի բյուջեի հաշվին կամ սույն կետում նշված ծառայությունները մատուցել օրենսդրությանը չհակասող այլ ձեւերով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Խմելու ջրի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության խմելու ջրի ոլորտը կանոնակարգելու, ի կատարում ՀՀ ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հստակեցնելու մասին» N 2200-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված հավելվածի 96-րդ կետի պահանջների` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից մշակվել է «Խմելու ջրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, ինչպես նաեւ օրենսդրական լուծում պահանջող խնդիրների լուծումներով: Օրենքի նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի կուտակման, ամբարման, փոխադրման եւ բաշխման ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների եւ կանոնակարգման մեխանիզմների, դրանց անվտանգության եւ վերահսկողության սահմանումը, ինչպես նաեւ մարդկանց բարեկեցությանն ուղղված անհրաժեշտ քանակի, տեւողության եւ որակի խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման ապահովումը:
Օրենքի նախագծով նախատեսվում է կանոնակարգել խմելու ջրի հետ կապված փոխհարաբերությունները, լուծում տալ հանրապետության ամբողջ տարածքում խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման խնդիրներին` անկախ սեփականության ձեւից, գերատեսչական պատկանելիությունից եւ կազմակերպա-իրավական տեսակից: Բացի այդ, նախագծով նախատեսվում են համակարգի զարգացման, ոլորտում ծառայություններ մատուցող անձանց եւ մատակարար-սպառող փոխհարաբերություններում շահերի հավասարակշռման դրույթներ: Անհրաժեշտ է նաեւ նշել, որ ներկայացված օրենքի նախագծով նախատեսված է ամրագրել նաեւ խմելու ջրի համակարգերի զարգացման, ներդրումային եւ այլ հիմնահարցեր, ինչպես նաեւ կանոնակարգել մատակարարի եւ բաժանորդի կողմից սպասարկվելիք համակարգերի սպասարկման, պատկանելիության եւ այլ հարցեր: