Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «ջրամատակարարման, կոյուղու» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասում «Գազամատակարարման» բառից հետո լրացնել «, խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայություններ մատուցող» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից :
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Խմելու ջրի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության խմելու ջրի ոլորտը կանոնակարգելու, ի կատարում ՀՀ ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 4-րդ կետի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հստակեցնելու մասին» N 2200-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված հավելվածի 96-րդ կետի պահանջների` ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից մշակվել է «Խմելու ջրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, ինչպես նաեւ օրենսդրական լուծում պահանջող խնդիրների լուծումներով: Օրենքի նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի կուտակման, ամբարման, փոխադրման եւ բաշխման ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների եւ կանոնակարգման մեխանիզմների, դրանց անվտանգության եւ վերահսկողության սահմանումը, ինչպես նաեւ մարդկանց բարեկեցությանն ուղղված անհրաժեշտ քանակի, տեւողության եւ որակի խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման ծառայությունների մատուցման ապահովումը:
Օրենքի նախագծով նախատեսվում է կանոնակարգել խմելու ջրի հետ կապված փոխհարաբերությունները, լուծում տալ հանրապետության ամբողջ տարածքում խմելու ջրի մատակարարման եւ/կամ ջրահեռացման խնդիրներին` անկախ սեփականության ձեւից, գերատեսչական պատկանելիությունից եւ կազմակերպա-իրավական տեսակից: Բացի այդ, նախագծով նախատեսվում են համակարգի զարգացման, ոլորտում ծառայություններ մատուցող անձանց եւ մատակարար-սպառող փոխհարաբերություններում շահերի հավասարակշռման դրույթներ: Անհրաժեշտ է նաեւ նշել, որ ներկայացված օրենքի նախագծով նախատեսված է ամրագրել նաեւ խմելու ջրի համակարգերի զարգացման, ներդրումային եւ այլ հիմնահարցեր, ինչպես նաեւ կանոնակարգել մատակարարի եւ բաժանորդի կողմից սպասարկվելիք համակարգերի սպասարկման, պատկանելիության եւ այլ հարցեր: