Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պրեամբուլան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակչության զբաղվածության կարգավորման եւ այդ ոլորտում պետական քաղաքականության իրավական եւ ծրագրային հիմքերը, աշխատանքի ազատ ընտրության եւ գործազուրկների սոցիալական պաշտպանության պետական երաշխիքները:»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածից հետո ավելացնել հետեւյալ բովանդակության նոր՝ 14-րդ, 15-րդ եւ 16-րդ հոդվածներ: Այդ կապակցությամբ օրենքի 14-28-րդ հոդվածները համարել 17-31:
«Հոդված 14. Բնակչության զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության ծրագրերը
Բնակչության զբաղվածության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է զբաղվածության ապահովման տարեկան ծրագրերով (այսուհետ՝ Տարեկան ծրագրեր) սահմանված ժամկետներում եւ կարգով: Տարեկան ծրագիրը կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է տվյալ տարվա պետական բյուջեի ծախսերում:»:
Հոդված 15. Տարեկան ծրագրի բովանդակությունը
1. Տարեկան ծրագիրը ներառում է.
ա) տեղեկանք Հայաստանի Հանրապետության զբաղվածության մակարդակի վերաբերյալ՝ ըստ մարզերի.
բ) ծրագրի հիմնական խնդիրները.
դ) ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ծավալները եւ ժամանակացույցը՝ ըստ մարզերի.
ե) ծրագրի կատարման սկզբունքները եւ նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները.
զ) զբաղվածության բնագավառում իրավական եւ սոցիալական երաշխիքները.
թ) սպասվելիք արդյունքների վերլուծությունը.
ը) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:
2. Տարեկան ծրագրի հետ միասին կառավարությունը ներկայացնում է նաեւ դրա կատարումն ապահովող օրինագծերը:
3. Տարեկան ծրագիրը մշակվում է դրա համադրելիության, նախատեսված միջոցառումների ֆինանսական ապահովվածության եւ հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ:
Հոդված 16. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը
1. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասն է:
2. Տարեկան ծրագրի կատարման արդյունքներով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա Տարեկան ծրագրում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: