Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (18 ապրիլի 2003 թվականի) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3471 եւ 3472 հոդվածներով`
«Հոդված 3471 . Քրեական դատավարությանը մասնակցող անձի նկատմամբ ձեռնարկված պետական պաշտպանության միջոցը չիրականացնելը կամ իրականացնելուց խուսափելը
1. Քրեական դատավարությանը մասնակցող անձի նկատմամբ ձեռնարկված պետական պաշտպանության միջոցը չիրականացնելը կամ իրականացնելուց խուսափելը այն անձի կողմից, որի վրա է դրվել ձեռնարկված պետական պաշտպանության միջոցն իրականացնելու պարտականությունը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ`առավելագույնը երկու տարի ժամկետով`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամանակով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը հանգեցրել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքի առաջացմանը`
պատժվում է տուգանքով երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ`առավելագույնը երեք տարի ժամկետով`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամանակով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ`
պատժվում է ազատազրկմամբ`առավելագույնը հինգ տարի ժամկետով`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամանակով:
Հոդված 3472 .Քրեական դատավարությանը մասնակցող անձի նկատմամբ ձեռնարկված կամ իրականացվող կամ իրականացված պաշտպանության միջոցների մասին տեղեկությունները հրապարակելը
1. Քրեական դատավարությանը մասնակցող անձի կամ նրա մերձավոր ազգականի, ազգականի, մերձավորի նկատմամբ իրականացվող պաշտպանության միջոցների մասին տեղեկությունները ապօրինի հրապարակելը, եթե այդ արարքը կատարվել է այն անձի կողմից, ում դրանք վստահվել են չհրապարակելու պայմանով կամ հայտնի են դարձել` կապված իրենց ծառայական պարտականությունները կատարելու հետ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ`առավելագույնը երկու տարի ժամկետով`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որո-շակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամանակով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը հանգեցրել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքի առաջացմանը`
պատժվում է տուգանքով երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ`առավելագույնը երեք տարի ժամկետով`որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամանակով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը առաջացրել է ծանր հետեւանքներ`
պատժվում է ազատազրկմամբ`առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամանակով:»:
Հոդված 2 .
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ քրեական արդարադատության ոլորտում իրականացվող քաղաքականության պահանջներից է ձեռնարկել իրավական այնպիսի միջոցներ, որոնք առավել արդյունավետ կդարձնեն քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը:
Այս առումով, հատկապես կարեւորվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց անվտանգության ապահովման իրավական կարգավորման կատարելագործմանն ուղղված քայլերը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ քր. դատ. օր.) 12 -րդ գլուխը նվիրված է քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը1 : Սակայն քր. դատ. օր.-ում քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության հետ կապված մի շարք սկզբունքային հարցեր կարգավորված չեն: Օրենսդրությամբ սահմանված չեն՝
-պետական պաշտպանության սկզբունքները,
-պետական պաշտպանության մասին օրենսդրությունը,
-անձանց սոցիալական պաշտպանության երաշխիքները եւ միջոցները,
-ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովման խնդիրները,
-անհատական, երկկողմ եւ բազմակողմ պատասխանատվությունը,
-անձի մահվան, առողջությանը վնաս պատճառելու եւ հաշմության դեպքում ծագող, փոփոխվող եւ դադարող քաղաքացիաիրավական հարաբերությունները:
Թերի են սահմանվել՝
1. պետական պաշտպանության ենթակա անձանց շրջանակը,
2.պաշտպանությունն ապահովող մարմինների ցանկը,
3.անվտանգությունն ապահովող մարմինների տարանջատման հիմքերը պաշտպա՟նություն իրականացնող մարմիններից:
Հատկապես կարեւորվում է այն հանգամանքը, որ պաշտպանության համակարգը պետք է լինի այնպիսին, որ հստակորեն տարանջատվեն պաշտպանության միջոցներ ձեռնարկող մարմինները այդ միջոցներն իրականացնող մարմիններից:Դա կնպաստի պաշտպանության միջոցի օբյեկտիվ ընտրությանը, պատասխանատվության տարանջատմանը եւ անհատականացմանը:
Բացի այդ, անհրաժեշտ է վերանայել պաշտպանվող անձի նկատմամբ` քրեական դատավարությանը մասնակցելու կապակցությամբ ծագած սպառնալիքների բնույթը, պաշտպանության հիմքերը եւ պայմանները ու այլ հիմնահարցեր: Այդ առումով անհրաժեշտ է օբյեկտիվ չափանիշների միջոցով ամրագրել քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանության հիմքերը եւ պայմանները: Օրենքների նախագծերով վերանայվել եւ հստակեցվել են նաեւ պետական պաշտպանության ապահովման ուղղությամբ միջազգային համագործակցության եւ օգնություն ցուցաբերելու կառուցակարգերը:
Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» 2000 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների գերակայությամբ:2 Այդ կոնվենցիայի` «Վկաների պաշտպանությունը » եւ «Տուժողներին օգնելը եւ նրանց պաշտպանությունը» վերնագրերով 24-րդ եւ 25-րդ հոդվածներում ամրագրված են պետությունների համապատասխան պարտավորությունները:
Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետության ծախսերի փոփոխություն3
:
1
Տե’ս ՀՀ պաշտոնական տեղեկագիր, N 22/55/, 21 սեպտեմբերի, 1998:
2
Հայաստանի Հանրապետությունը սույն կոնվենցիան վավերացրել է 2002թ. ապրիլի 26-ին:
3
Սույն հիմնավորմանը կցվում է Ռուսաստանի Դաշնությունում այդ ծախսերի հաշվարկման կառուցակարգը: