Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-987-27.10.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1-ը սեպտեմբերի 1998թ. ՀՕ-248) 56-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3) Հայաստանի փրկարար ծառայության մարմինները` հրդեհների, ինչպես նաեւ փրկարարական գործունեության հետ կապված այլ գործերով» :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

Պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում 2005 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի փրկարար ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքը: Նախկին Արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանվեց Հայաստանի փրկարար ծառայության, իսկ համակարգում զինվորական ծառայության փոխարեն ներդրվեց փրկարարական ծառայություն : Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու, պետական հրդեհային տեսչություն ստեղծելու, պետական հրդեհային տեսչության կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 383-Ն որոշմամբ Արտակարգ իրավիճակների վարչության կառուցվածքային ստորաբաժանում համարվող Պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպվել եւ ծառայության կազմից առանձնացվել է ստուգման, տեսչական գործառույթներ իրականացնող մասը` «Պետական հրդեհային տեսչություն» անվամբ, առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

Նախքան փրկարարական ծառայության անցնելը, Հայաստանի փրկարար ծառայության մարմինները համարվում էին հետաքննության մարմիններ` ծառայության հետ կապված հարցերով: Փրկարարական ծառայությունը հատուկ ծառայություն է, ծառայողների իրավունքները եւ պարտականությունները, պատասխանատվության աստիճանը համանման է զինված ուժերի, ազգային անվտանգության եւ ոստիկանության ծառայողների  իրավունքներին ու պարտականություններին, պատասխանատվության աստիճանին, ծառայության ղեկավարումն իրականացվում է միանձնյա ղեկավարման սկզբունքով, անհրաժեշտ է Հայաստանի փրկարար ծառայության մարմիններին տալ հետաքննության մարմնի իրավասություններ` փրկարարական ծառայության հետ կապված գործերով:

Պետական հրդեհային տեսչության մարմինները հրդեհների վերաբերյալ գործերով իրականացնում են օրենքով հետաքննության մարմնին տրված իրավասությունները` հրդեհի փաստի հայտնաբերումից սկսած փորձաքննությունների, հետազոտությունների իրականացում եւ նշանակում, բացատրություններ վերցնել եւ այլ հետաքննական գործողությունները :