Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-993-03.11.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն օրենքի նպատակներն են մարդկանց առեւտրի կանխարգելման համակարգի ստեղծումը, մարդկանց առեւտրի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական եւ մարզային հանձնաժողովների գործունեության կարգավորումը, մարդկանց առեւտրի զոհերի եւ տուժողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության ապահովումը, մարդկանց առեւտրի զոհերին եւ տուժողներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ ընտանիքում եւ հասարակության մեջ վերաինտեգրման եւ սոցիալական պաշտպանության ապահովումը, մարդկանց առեւտրին հակազդելու կոչված հասարակական կազմակերպությունների գործունեության աջակցությունը, մարդկանց առեւտրի հակազդման բնագավառում Հայաստանի Հանրապետությունում միջազգային համագործակցության ապահովումը:

Հոդված 1  Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է մարդկանց առեւտրի կանխարգելման իրավական եւ կազմակերպական հիմունքները, զոհերի իրավական կարգավիճակը, ինչպես նաեւ կարգավորում է մարդկանց առեւտրի զոհերի պաշտպանության եւ աջակցության հետ կապված այլ իրավահարաբերությունները:

Հոդված 2  Մարդկանց առեւտրի կանխարգելման մասին օրենսդրությունը

1. Մարդկանց առեւտրի կանխարգելման մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

2.  Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Հոդված 3  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը.

Մարդկանց առեւտուր` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու  սպառնալիքով կամ դրա գործադրմամբ կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խարդախության, վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի համաձայնությունը ստանալու համար՝ վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու միջոցով:

Շահագործում` այլ անձի պոռնկության ներգրավելը կան սեռական շահագործման այլ ձեւերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը նմանվող վիճակը, մարդու մարմնի մասերը կամ հյուսվածքները վերցնելը:

Սույն հասկացությունում սահմանված շահագործման ցանկացած ձեւի կիրառման վերաբերյալ մարդկանց առեւտրի զոհ հանդիսացող անձի համաձայնությունը նշանակություն չունի այն դեպքում, երբ կիրառվել է սահմանված եղանակներից որեւէ մեկը,

Շահագործման նպատակով երեխային հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, ստանալը կամ թաքցնելը` մարդու առեւտուր է անկախ սույն հասկացությունում սահմանված եղանակներից:

Զոհ` մարդկանց առեւտրի հետեւանքով բարոյական, հոգեբանական, ֆիզիկական կամ նյութական վնաս կրած անձը:

Ստրկություն` մարդու այնպիսի կարգավիճակ կամ վիճակ, երբ նրա նկատմամբ կիրառվում են սեփականության իրավունքներից բխող դրույթներ:

Ստրկությանը նմանվող վիճակ` աշխատանք պարտքի դիմաց, ճորտային աշխատանք, պարտադրված կամ հարկադրված ամուսնություն եւ հետագա շահագործման նպատակով հարկադիր  ծննդաբերություն:

Հարկադիր աշխատանք` աշխատանք կամ ծառայություններ, որոնք կատարվում են բռնություն գործադրելու սպառնալիքի կամ  բռնության գործադրմամբ կամ ազատության սահմանափակման միջոցով:

Խոցելի վիճակի օգտագործումը` ենթադրում է ցանկացած իրավիճակի շահարկում, որտեղ հայտնված անձը չունի շահարկմանը դիմակայելու ոչ մի իրատեսական-ընդունելի տարբերակ: Խոցելիությունը կարող է լինել ցանկացած տեսակի, ֆիզիկական, հոգեբանական, զգայացական, ընտանեկան բնույթի, սոցիալական կամ տնտեսական:

Մարդկանց առեւտրի զոհերի օգնության կենտրոն՝ մարդկանց առեւտրի զոհերին օրենսդրությամբ նախատեսված իրենց իրավունքների մասին համապատասխան տեղեկատվությամբ, մասնագիտական հոգեբանական եւ բժշկական օգնությամբ ապահովող, ընտանիքում եւ հասարակության մեջ զոհերի վերաինտեգրմանը աջակցող հաստատություն:

Մարդկանց առեւտրի զոհերի ժամանակավոր ապաստարան՝ մարդկանց առեւտրի զոհերի եւ նրանց ընտանիքի անդամների ժամանակավոր բնակության, անձնական անվտանգության պահպանության, սննդով եւ առաջին բուժօգնությամբ ապահովելու, զոհերի եւ իրենց հարազատների, պետական մարմինների, իրավասու պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների հետ հարաբերվելու նպատակով գործող, իր աշխատակազմում առողջապահության, հոգեբանության, մանկավարժության եւ իրավաբանության բնագավառների մասնագետներ, ինչպես նաեւ բնակվելու եւ անձնական հիգիենայի պահպանության համար պիատնի պայմաններով շինություն ունեցող հաստատություն:

ԳԼՈՒԽ 2

ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 4  Մարդկանց առեւտրի կանխարգելման համալիր ծրագիրը

1. Մարդկանց առեւտրի կանխարգելման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է մարդկանց առեւտրի կանխարգելման համալիր ծրագրով (այսուհետ՝ Համալիր ծրագիր) սահմանված ժամկետներում եւ կարգով:

2. Համալիր ծրագիրը ներառում է՝

ա) մարդկանց առեւտրի կանխարգելման ընդհանուր ռազմավարությունը

բ) ծրագրի հիմնական խնդիրները,

գ) ծրագրի կատարման սկզբունքները եւ նախատեսված հեռանկարային աշխատանքների իրականացման առաջնահերթությունները,

դ) զոհերի վերականգնման հիմնական ուղղությունները,

ե) զոհերին տրվող սոցիալական օգնության ծավալները,

զ) մարդկանց առեւտրի կանխարգելման վիճակի վերլուծությունը,

է) ծրագրի իրականացման վերահսկողության կարգը:

Հոդված 5.  Մարդկանց առեւտրի կանխարգելման տարեկան ծրագրերը

1. Մարդկանց առեւտրի կանխարգելման աշխատանքներն իրականացվում են մարդկանց առեւտրի կանխարգելման տարեկան ծրագրով (այսուհետ՝ Տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում եւ կարգով:

2. Տարեկան ծրագիրը ներառում է՝

ա) նախատեսված աշխատանքների ծավալները եւ իրականացման ժամանակացույցը,

բ) նախատեսված աշխատանքների ֆինանսավարման համամասնությունները,

գ) ծրագրի կատարման սկզբունքները եւ նախատեսված աշխատանքների առաջնահերթությունը,

դ) մարդկանց առեւտրի կանխարգելման եւ զոհերի վերականգման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները,

ե) զոհերի սոցիալական պաշտպանության աշխատանքների իրականացման եւ դրանց ֆինանսավորման (այդ թվում՝ օտարերկրյա պետություննեեւից եւ միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը,

զ) զոհերին տրամադրվող անվճար բժշկական օգնության ծավալները եւ կարգը,

է) զոհերի մասնագիտական ուսուցման, վերավորակավորման եւ որոկավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները,

ը) օտարերկրյա պետություններում գտնվող մարդկանց առեւտրի զոհերի հայրենիք վերադարձնելու միջոցառումները,

թ) մարդկանց առեւտրի զոհերի օգնության կենտրոնների եւ ժամանակավոր  ապաստարանների գործունեության վերահսկողությունը,

ժ) երկրում մարդկանց առեւտրի կանխարգելման, մարդկանց առեւտուր իրականացնողների, հավաքագրման եղանակների, հնարավոր զոհերի, մարդկանց առեւտրի վտանգների եւ հետեւանքների մասին բնակչության իրազեկման բարելավման միջոցառումները,

ժա) այլ պահանջներ, որոնք անհրաժեշտ են ծրագրի իրականացման համար:

3. Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում տարեկան բյուջեյի նախագծի կազմում:

4. Տարեկան ծրագրի հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում դրա կատարումն ապահովող իրավական ակտերի նախագծեր:

5. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեյի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է:

Հոդված 6 Մարդկանց առեւտրի կանխարգելման բնագավառում իրավասու մարմինները եւ կազմակերպությունները

1. Մարդկանց առեւտրի կանխարգելման բնագավառում իրավասու մարմինները եւ կազմակերպություններն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

բ) Հայաստանի Հանրապետության դատախազությունը,

գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը,

դ) ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը,

ե) Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները,

զ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը,

է) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը եւ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական առաքելությունները եւ հյուպատոսարանները,

ը) առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը,

թ) աշխատանքի եւ սոցիալական հարցերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը,

ժ) կրթության եւ գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը,

ժա) միգրացիայի եւ փախստականների բնադավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը,

ժբ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահագրգիռ կազմակերպությունները:

2. Մարդկանց առեւտրի կանխարգելման աշխատանքների համակարգումն իրականացնում են մարդկանց առեւտրի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական եւ մարզային, Երեւանում՝ Երեւան քաղաքի հանձնաժողովները, որոնց կազմավորման եւ գործունեության կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7 Մարդկանց առեւտրի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական հանձնաժողովի իրավասությունը.

Մարդկանց առեւտրի դեմ պայքարի հանրապետական միջգերատեսչական հանձնաժողովն օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) մշակում եւ Հայաստանի հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում Համալիր եւ Տարեկան ծրագրերը,

բ) մոնիթորինգի եւ այլ եղանակներով հավաքում եւ վերլուծում է մարդկանց առեւտրի վերաբերյալ տեղեկատվություն` ապահովելով զոհերի անձնական տվյալների  գաղտնիությունը,

գ) քննարկում է մարդկանց առեւտրի զոհերին օգնելու ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունավետությունը եւ միջոցներ ձեռնարկում այն բարելավելու ուղղությամբ,

դ) տեղեկատվություն է տարածում երկրում մարդկանց առեւտրի կանխարգելման, մարդկանց առեւտուր իրականացնողների, հավաքագրման եղանակների, հնարավոր զոհերի, մարդկանց առեւտրի վտանգների եւ հետեւանքների մասին,

ե) հաստատում է ուսուցողական ծրագրեր՝ մարդկանց առեւտրին հակազդելու բնագավառի համար պատասխանատու իշխանության եւ իրավապահպան մարմինների աշխատողների, հասարակական եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համար,

զ) առավելագույնս աջակցում է միջազգային համագործակցությանը մարդկանց առեւտրի կանխարգելման բնագավառում,

է) քննարկում է մարդկանց առեւտրին հակազդելու վերաբերյալ օրենսդրությունը, գործող Համալիր ծրագիրը եւ դրանք կատարելագործելու առաջարկությունները,

ը) նախաձեռնում է մարդկանց առեւտրի զոհերին օգնելու նպատակով ստեղծված կենտրոնների եւ ժամանակավոր ապաստարանների ստեղծումը եւ վերահսկում դրանց գործունեությունը,

թ) ղեկավարում եւ վերահսկում է մարդկանց առեւտրի կանխարգելման մարզային հանձնաժողովների գործունեությունը եւ նրանց տալիս է հանձնարարականներ:

Հոդված 8 Մարդկանց առեւտրի կանխարգելման մարզային հանձնաժողովի իրավասությունը.

Մարդկանց առեւտրի կանխարգելման մարզային, Երեւանում` Երեւան քաղաքի հանձնաժողովն օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) համակարգում է շահագրգիռ պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների գործունեությունը տվյալ տարածաշրջանում՝ սույն օրենքի պահանջների կատարման ուղղությամբ,

բ) անմիջականորեն իրականացնում է մարդկանց առեւտրի կանխարգելման ծրագրերով նախատեսված միջոցառումները՝ ըստ տվյալ մարզի համար նախապես հաստատված աշխատանքային ծրագրի եւ արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացնում հանրապետական միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին,

գ) կատարում է մարդկանց առեւտրի կանխարգելման վիճակին վերաբերող ուսումնասիրություններ եւ դրանց արդյունքների ամենամյա ամփոփումներ,

դ) հավաքում եւ վերլուծում է տեղեկատվություն տվյալ մարզին բնորոշ մարդկանց առեւտրի եղանակների վերաբերյալ` ապահովելով դրա զոհը հանդիսացող անձանց մասին տվյալների գաղտնիությունը,

ե) սերտորեն համագործակցելով պետական հաստատությունների, իրավապահ մարմինների եւ հասարակական կազմակերպությունների հետ մշտապես միջոցառումներ է իրականացնում մարդկանց առեւտրի զոհերին օգնելու, նրանց ժամանակավոր ապաստարաններով ապահովելու հարցերում,

զ) հնարավորինս աջակցում է մարդկանց առեւտրին հակազդելու բնագավառում տարաբնույթ միջոցառումներ իրականացնող հասարակական կազմակերպություններին,

է) բացատրական աշխատանք է ծավալում բնակչության, հատկապես՝ աշակերտության եւ ուսանողության շրջանում մարդկանց առեւտրի հանրային վտանգավորության եւ դրան առնչվող այլ վտանգների վերաբերյալ, հասարակությանն իրազեկում է հավաքագրման եղանակների եւ դրանից խուսափելու միջոցների մասին:

ը) սահմանված ժամկետում կատարում է մարդկանց առեւտրի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականները՝ աշխատանքներում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ,

թ) առաջարկություններ է ներկայացնում մարդկանց առեւտրի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական հանձնաժողովին՝ անհրաժեշտ միջոցառումների իրականացման եւ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու մասին:

Հոդված 9  Մարդկանց առեւտրի կանխարգելման միջոցառումները

1. Մարդկանց առեւտրի կանխարգելմանն ուղղված գործունեությունը կազ՟մակեր՟պում եւ համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը  Համալիր ծրագրին համապատ՟ասխան:

2. Մարդկանց առեւտրի կանխարգելման միջոցառումներն են.

ա) ռիսկային խմբերի համար հավասար սոցիալական եւ տնտեսական պայմանների մշակումը, այդ թվում՝ նրանց համար աշխատանքի շուկա ինտեգրվելուն ուղղված պայմանների ստեղծումը,

բ) մարդկանց առեւտրին հակազդելու հիմնախնդիրների վերաբերյալ գիտահետազոտական աշխատանքներ կատարելը,

գ) մարդկանց առեւտրին հակազդելու հիմնախնդիրների վերաբերյալ մոնիթորինգներ անցկացնելը,

դ) մարդկանց առեւտրի զոհերի ընտանիքում եւ հասարակությունում վերաինտեգրվելուն ուղղված միջոցառումների մշակումը,

ե) մարդկանց առեւտրի հանրային վտանգավորության, հավաքագրման մեթոդների եւ դրանից պաշտպանվելու վերաբերյալ հասարակության, հատկապես հնարավոր զոհերի եւ ռիսկային խմբերի իրազեկման աստիճանի բարձրացումը,

զ) մանկավարժներին, աշակերտներին, մանկատների սաներին, ուսանողությանը, գործազուրկներին եւ ռիսկային խմբերին վերաբերող կրթական ծրագրերի ընդունումը եւ իրականացումը,

է) մարդկանց առեւտրին հակազդելու համար պատասխանատու իրավապահ մարմինների աշխատակիցների եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների կադրերի պատրաստմանն ուղղված միջոցառումները:

3. Մասնագետների պատրաստումն ընդգրկում է մարդկանց առեւտուրը կանխելու մեթոդների տիրապետման, քրեական հետապնդման հարցերի, զոհերի, տուժողների, վկաների եւ քրեական դատավարության մյուս մասնակիցների պաշտպանության հնարավորությունների, մարդու իրավունքների պահպանման, գենդերային հիմնախնդիրների, հասարակական կազմակերպությունների եւ գիտահետազոտական հաստատությունների հետ համագործակցելու մասին ուսուցումը:

ԳԼՈՒԽ 3

ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ ԶՈՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 10  Մարդկանց առեւտրի զոհերի պաշտպանությունը

1. Մարդկանց առեւտրի կանխարգելման բնագավառում իրավասու մարմինները եւ կազմակերպությունները միջոցներ են ձեռնարկում մարդկանց առեւտրի զոհերին հայտնաբերելու նպատակով:

2. Զոհերը եւ նրանց ընտանիքների անդամները օրենքով սահմանված կարգով ապահովվում են պաշտպանությամբ` նրանց հետագա կախվածությունը մարդկանց առեւտուր իրականացնողներից բացառելու նպատակով:

3. Մարդկանց առեւտրի զոհերը պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեն:

4. Զոհի եւ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալները պահվում են գաղտնի, էլեկտրոնային եւ ցանկացած այլ տեղեկատվական շտեմարանները պաշտպանվում են չթույլատրված մուտքից եւ անօրինական տարածումից օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 11  Տեղեկատվության տրամադրումը մարդկանց առեւտրի զոհերին

Մարդկանց առեւտրի կանխարգելման բնագավառում իրավասու մարմինները եւ կազմակերպությունները զոհերին ապահովում են տեղեկատվությամբ՝ նրանց իրավունքների, մասնավորապես, զոհի օրինական բնակության կամ քաղաքացիության երկիրը վերադառնալու, օրինական ներգաղթողի կարգավիճակ ստանալու, իսկ այն դեպքերում, երբ զոհն անկարող է կամ չի ցանկանում վերադառնալ իր ծագման երկիրը՝ փախստականի կարգավիճակ հայցելու իրավունքի, ինչպես նաեւ դատավարական ընթացակարգերի վերաբերյալ:

Հոդված 12  Մարդկանց առեւտրի զոհերի սոցիալական պաշտպանությունը

1. Մարդկանց առեւտրի կանխարգելման բնագավառում իրավասու մարմինները եւ կազմակերպությունները մշակում են մարդկանց առեւտրի զոհերի եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության միջոցառումներ, որոնք ներառվում են մարդկանց առեւտրի կանխարգելման Համալիր եւ Տարեկան ծրագրերում եւ ֆինանսավորվում են  պետական եւ ոչ պետական աղբյուրներից:

2. Մարդկանց առեւտրի սոցիալական պաշտպանության միջոցառումները ներառում են`

ա) բնակության վայրի ապահովման,

բ) հոգեբանական խորհրդատվության,

գ) բժշկական օգնության,

դ) նյութական աջակցության,

ե)աշխատելու, սովորելու եւ մասնագիտական ուսուցում ստանալու հնարավորությունների ընձեռման,

զ) սոցիալական պաշտպանության այլ միջոցներ:

3. Մարդկանց առեւտրի կանխարգելման բնագավառում իրավասու մարմինները եւ կազմակերպությունները սոցիալական պաշտպանության ծրագրերը մշակելիս հաշվի են առնում մարդկանց առեւտրի զոհի եւ նրա ընտանիքի անդամների տարիքը, սեռը, կրթական ցենզը եւ առանձնահատուկ ալյ կարիքները:

Հոդված 13 Օտարերկրյա պետություններում մարդկանց առեւտրի զոհին ցուցաբերվող աջակցությունը

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն օտարերկրյա պետություններում ունեցած դիվանագիտական առաքելությունների եւ հյուպատոսարանների միջոցով հրատարակում եւ տարածում է տեղեկատվություն մարդկանց առեւտրի զոհերի իրավունքների մասին:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն օտարերկրյա պետություններում ունեցած դիվանագիտական ծառայություններում եւ հյուպատոսարաններում առկա հաստիքացուցակից նշանակում է պաշտոնատար անձ, որը պատասխանատու է մարդկանց առեւտրի զոհ դարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող անձի պաշտպանության ծրագրերի իրականացման եւ վերահսկման համար:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն օտարերկրյա պետություններում ունեցած դիվանագիտական առաքելությունների եւ հյուպատոսարանների միջոցով աջակցում է այլ պետությունում զոհ դարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող անձանց: Աջակցությունը ներառում է.

ա) զոհի իրազեկումը տվյալ պետության օրենքներին` գիտենալու իր իրավունքները եւ, որպես զոհ, հանցանքի մասին հայտնելու եղանակները, փոփհատուցում կամ այլ վճարումներ ստանալու հնարավորությունը,

բ) առաջին անհրաժեշտության բուժօգնություն եւ իրավաբանական խորհրդատվություն ստանալու հնարավորությունը,

գ) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ ստանալու կարգը,

դ) զոհի եւ նրա ընտանիքի անդամների՝ հայրենիք վերադառնալու համար անհրաժեշտ նյութական օգնություն ստանալու հնարավորությունը:

Հոդված 14  Մարդկանց առեւտրի զոհերին տրամադրվող պետական երաշխիքները

1. Քրեական գործով վարույթի ընթացքում մարդկանց առեւտրի զոհ հանդիսացող տուժողների, վկաների եւ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձանց պաշտպանության միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Դատարանը, դատախազը, քննիչը, հետքննության մարմինը եւ հետքննիչը պարտավոր են ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները՝ մարդկանց առեւտրի զոհերի եւ նրանց կողմից մատնացույց արված անձանց պաշտպանության համար, այն դեպքերում,  երբ նրանք ցանկություն են հայտնել համագործակցելու իրավասու մարմինների հետ մարդկանց առեւտրին առնչվող անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Հոդված 15  Մարդկանց առեւտրի զոհ երեխաների պաշտպանությունը

1. Մարդկանց առեւտրի զոհ երեխաների պաշտպանությունն իրականացնելիս ապահովվում են օրենսդրությամբ սահմանված եւ երեխայի շահերից բխող բոլոր միջոցները:

2. Մարդկանց առեւտրի կանխարգելման միջգերատեսչական եւ մարզային հանձնաժողովները, զոհերի օգնության կենտրոնները եւ ժամանակավոր ապաստարանները, խնամակալության եւ հոգաբարձության, անչափահասների գործերով հանձնաժողովները, հասարակական կազմակերպությունները մարդկանց առեւտրի զոհ դառձած կամ սեռական եւ այլ շահագործման ենթարկված երեխայի վերաբերյալ տեղեկատվություն կամ կասկած ունենալու դեպքում այդ մասին անհապաղ հայտնում են իրավապահ մարմիններին:

Հոդված 16  Մարդկանց առեւտրի զոհ երեխայի պաշտպանության հատուկ միջոցները

Սույն օրենքի 10-ից 15-րդ հոդվածներով նախատեսված պաշտպանության միջոցներից բացի, մարդկանց առեւտրի զոհ երեխայի նկատմամբ կիրառվում են նաեւ պաշտպանության հետեւյալ հատուկ միջոցները.

ա) երեխայի որպես մարդկանց առեւտրի զոհ նույնականացնելուն պետք է մասնակցեն հոգեբան եւ մանկավարժ, ըստ որում՝ զոհի անձի ինքնության տվյալները եւ նույնականացման հետ կապված մանրամասները չեն հրապարակվում,

բ) եթե զոհի տարիքը հայտնի չէ, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ նրա 18 տարին չի լրացել, ապա զոհը համարվում է երեխա եւ մինչեւ տարիքը պարզելը նրան վերաբերում են որպես երեխայի՝ նրա նկատմամբ պաշտպանության հատուկ միջոցների կիրառմամբ,

գ) զոհ երեխան ապահովվում է տեղեկատվությամբ՝ նրա տարիքին բնորոշ իրավական կարգավիճակի, իրավունքների, պաշտպանության միջոցների, հայրենադարձության եւ ընտանիքին վերամիավորվելու ընթացակարգերի վերաբերյալ,

դ) զոհ երեխան մարդկանց առեւտրի զոհերի օգնության կենտրոններում եւ ժամանակավոր ապաստարաններում գտնվում է չափահաս զոհերից առանձին,

ե) օգնության կենտրոններում եւ ժամանակավոր ապաստարաններում գտնվող երեխաները ապահովվում են կրթական հաստատություններ հաճախելու հնարավորությամբ,

զ) առանց ծնողների խնամքի մնացած կամ ծնողների գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեցող զոհ երեխայի նկատմամբ սահմանվում է խնամակալություն կամ հոգաբարձություն օրենսդրությամբ սահմանված կարգով եւ միջոցներ են ձեռնարկվում նրա ընտանիքի որոնման ուղղությամբ

է) հայրենադարձվելու կամ ընտանիք վերադառնալու ռիսկերի գնահատման եւ զոհ երեխայի հետ խորհրդատվությունից հետո, եթե պարզվում է, որ դա բխում է երեխայի կենսական շահերից, միջոցներ են ձեռնարկվում հայրենադարձությունը կամ ընտանիք վերադառնալը ապահովելու համար,

ը) եթե զոհ երեխայի հայրենադարձությունը կամ ընտանիք վերադառնալը անվտանգ չեն կամ չեն բխում երեխայի կենսական շահերից, ապա միջոցներ են ձեռնարկվում նրա խնամքը ապահովելու ուղղությամբ,

թ) զոհ երեխայի մասնակցությունը քրեական գործի վարույթին եւ նրա պաշտպանությունը իրականացվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4

ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ ԶՈՀԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԸ

Հոդված 17  Մարդկանց առեւտրի զոհերի օգնության կենտրոնները

1. Մարդկանց առեւտրի զոհերի օգնության կենտրոնները ստեղծվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համակարգում:

Մարդկանց առեւտրի զոհերի օգնության կենտրոններ կարող են ստեղծել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները՝ պարզ ընթացակարգով տրվող լիցենզիայի առկայության դեպքում :

2. Մարդկանց առեւտրի զոհերի օգնության կենտրոնները իրականացնում են իրենց գործառույթները այն պահից, երբ հիմքեր կան ենթադրելու, որ անձը դարձել է մարդկանց առեւտրի զոհ՝ անկախ իրավապահ մարմինների հետ համագործակցելու մասին նրա տված համաձայնությունից:

3. Մարդկանց առեւտրի զոհերի օգնության կենտրոնները իրականացնում են հետեւյալ գործառույթները.

ա) մարդկանց առեւտրի զոհ դարձած անձին աջակցելու նպատակով ապահովում են նրան համապատասխան տեղեկատվությամբ օրենսդրությամբ նախատեսված իր իրավունքների մասին,

բ) մարդկանց առեւտրի զոհին ապահովում են մասնագիտական հոգեբանական եւ բժշկական օգնությամբ,

գ) մարդկանց առեւտրի զոհին աջակցում են վերաինտեգրվելու ընտանիքում եւ հասարակության մեջ,

դ) միջոցներ են ձեռնարկում մարդկանց առեւտրի զոհին ժամանակավոր ապաստարանով ապահովելու ուղղությամբ:

4. Մարդկանց առեւտրի զոհերի օգնության կենտրոններում ապահովվում է մարդկանց առեւտրի զոհերի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 18  Մարդկանց առեւտրի զոհերի ժամանակավոր ապաստարանները

1. Մարդկանց առեւտրի զոհերի ժամանակավոր ապաստարանները ստեղծվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համակարգում:

2. Մարդկանց առեւտրի զոհերի ժամանակավոր ապաստարաններ կարող են ստեղծել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները՝ պարզ ընթացակարգով տրվող լիցենզիայի առկայության դեպքում:

3. Ժամանակավոր ապաստարանը տրամադրվում է այն պահից, երբ հիմքեր կան ենթադրելու, որ անձը դարձել է մարդկանց առեւտրի զոհ՝ անկախ իրավապահ մարմինների հետ համագործակցելու մասին նրա տված համաձայնությունից:

4. Մարդկանց առեւտրի զոհերի ժամանակավոր ապաստարանները ստեղծվում են մարդկանց առեւտրի զոհ դարձած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին ժամանակավոր բնակելի շինություն տրամադրելու նպատակով` մինչեւ 30 օր ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել մինչեւ 90 օր ժամկետով:

5. Ժամանակավոր ապաստարաններում բնակեցված զոհերի եւ (կամ) նրանց ընտանիքի անդամների, ապաստարանների աշխատակազմի աշխատակիցների, ինչպես նաեւ ապաստարան հանդիսացող տարածքի  անվտանգությունն ապահովում է օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

6. Մարդկանց առեւտրի զոհերի ժամանակավոր ապաստարաններում ապահովվում է մարդկանց առեւտրի զոհերի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հոդված 19 Ժամանակավոր ապաստարաններին ներկայացվող նվազագույն չափանիշները

Մարդկանց առեւտրի զոհերին եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող ժամանակավոր ապաստարանները պետք է համապատասխանեն հետեւյալ նվազագույն պահանջներին.

ա) ապահովված լինեն բնակվելու համար պիտանի եւ անձնական հիգիենայի կանոնների պահպանության համար անհրաժեշտ հնարավորություններով,

բ) հնարավորություն ունենան զոհերին եւ (կամ) նրանց ընտանիքի անդամներին ապահովելու սննդով եւ առաջին բուժօգնությամբ,

գ) իրենց աշխատակազմում ունենան առողջապահության, հոգեբանության, մանկավարժության եւ իրավաբանության բնագավառների մասնագետներ,

դ) աջակցել կարողանան զոհերի եւ նրանց ընտանիքի անդամների հարաբերվելուն իրենց հարազատների, պետական մարմինների, իրավասու պաշտոնատար անձանց եւ կազմակերպությունների հետ:

Հոդված 20 Մարդկանց առեւտրի զոհերի եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության ծրագրերի, օգնության կենտրոնների եւ ժամանակավոր ապաստարանների ֆինանսավորումը

Մարդկանց առեւտրի զոհերի եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության ծրագրերը, օգնության կենտրոնների ու ժամանակավոր ապաստարանների գործունեությունը, սույն օրենքով նախատեսված ծրագրերի շրջանակներում, ֆինանսավորվում են պետական աղբյուրներից:

Ֆինանսավորում կարող է իրականացվել նաեւ ոչ պետական աղբյուրներից:

ԳԼՈՒԽ  5

ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՐԻՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21  Միջազգային համագործակցությունը

Հայաստանի Հանրապետությունը մարդկանց առեւտրին հակազդելու բնագավառում համագործակցում է օտարերկրյա պետությունների եւ նրանց իրավասու մարմինների հետ, ինչպես նաեւ մարդկանց առեւտրին հակազդող եւ զոհերի իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպությունների հետ` միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան:

Հոդված 22 Իրավական օգնությունը մարդկանց առեւտրի վերաբերյալ քրեական գործերով

Հայաստանի Հանրապետության դատարանները, իրավապահ եւ այլ իրավասու մարմինները մարդկանց առեւտրի վերաբերյալ քրեական գործերով օտարերկրյա պետության դատարաններին, իրավապահ եւ այլ իրավասու մարմիններին  իրավական օգնություն են ցույց տալիս Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ այդ պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 25  Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրը: