Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-994-03.11.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 1058-րդ հոդվածը լրացնել 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«5. Վնաս պատճառելու պատասխանատվությունից ազատվում է այն անձը, որն առանց շահադիտական նկատառումների օգնություն է ցուցաբերում այլ անձին եւ /կամ/ օգնության նպատակով անհատույց կարգով որեւէ գույք է տրամադրում ի շահ մեկ այլ անձի, անկախ դրա հետեւանքով պատճառված վնասից»:

Հոդված 2. Օրենսգրքի  1067-րդ հոդվածում`

ա) 1-ին կետից հանել` «եթե չեն ապացուցում, որ վնասն իրենց մեղքով չի պատճառվել» բառերը,  2-րդ կետից հանել` «եթե չի ապացուցում, որ վնասը հաստատության մեղքով չի պատճառվել» բառերը, 3-րդ կետից հանել` «եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չի պատճառվել» բառերը:

բ) Հոդվածը  լրացնել 6-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«6. Այն անձը որն օժտված չէ ծնողական իրավազորությամբ, որին սակայն, լիազորությունների փոխանցմամբ կամ որեւէ այլ ճանապարհով վստահվել է անչափահասի նկատմամբ խնամքի, հսկողության կամ դաստիարակության իրականացումը, պարտավոր է հատուցել անչափահասի գործողությունների հետեւանքով կամ նրա մեղքով պատճառված վնասը:

Սակայն անչափահասի նկատմամբ խնամք, հսկողություն կամ նրա դաստիարակությունն իրականացնող անձը չի կրի սույն կետով նախատեսված պատասխանատվությունը` անկախ նրանից, թե նա գործել է անհատույց կամ հատուցմամբ, եթե նրա մեղքն ապացուցված չէ»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր 10711 .-րդ հոդվածով, հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 10711 . Անշարժ գույքի սեփականատիրոջ պատասխանատվությունը

1. Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված  վնասի հատուցման

պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե  չի  ապացուցում,  որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետեւանքով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վնասը հատուցելու պարտականությունը   կրում է անշարժ գույքը տիրապետման կամ օգտագործման (վարձակալության իրավունք, անհատույց օգտագործման իրավունք եւ այլն) իրավունք ունեցող անձը, եթե վնասը հասցվել է իր տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող անշարժ գույքից, եւ եթե  անշարժ գույքի սեփականատիրոջ եւ անշարժ գույքը  տիրապետող կամ օգտագործող անձի միջեւ կնքված պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Սույն կետով նախատեսված դեպքերում անշարժ գույքի սեփականատերը կրում է համապարտ պատասխանատվություն  հասցված վնասի համար, եթե անշարժ գույքը այն տիրապետողի կամ օգտագործողի կողմից չի օգտագործվել ձեռնարկատիրական նպատակով, եւ եթե վնասը չի առաջացել անշարժ գույքը ձեռնարկատիրական նպատակներով օգտագործելու   հետեւանքով, բացառությամբ կառուցապատման իրավունքով տրամադրված անշարժ գույքի, որի  դեպքում անշարժ գույքի օգտագործման, տիրապետման եւ շահագործման ընթացքում  պատճառված վնասի հատուցման պարտավորությունը կրում է կառուցապատողը:

3. Անշարժ գույքի օգտագործման,  տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապտման ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած անշարժ գույքի սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեuի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը`  իր կողմից հատուցման չափով:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր 10712 . -րդ հոդվածով, հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 10712 . Կենդանիների սեփականատիրոջ պատասխանատվությունը

1. Կենդանու պատճառած վնասի հատուցման պարտավորությունը կրում է այդ կենդանու սեփականատերը, բացառությամբ այլ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը կամ խնամքին հանձնված կենդանու կողմից պատճառված վնասի, որի դեպքում վնասի հատուցման պարտականությունը կրում է կենդանին տիրապետողը կամ օգտագործողը կամ խնամողը, եթե նրանց եւ կենդանու սեփականատիրոջ միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Կենդանու սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ կենդանու պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ կենդանին դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետեւանքով:

3. Կենդանու օգտագործման,  տիրապետման կամ խնամքի ընթացքում այլ անձին պատճառված  վնասը  հատուցած  կենդանու  սեփականատերն  հետադարձ  պահանջի (ռեգրեuի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից հատուցման չափով»:

Հոդված 5. Օրենսգրքի 1072-րդ հոդվածի առաջին կետի «տիրոջը» բառը փոխարինել «սեփականատիրոջը» բառով,  2-րդ կետի «տերը» բառը եւ «տիրոջ» բառերը փոխարինել համապատասխանաբար «սեփականատերը» բառով եւ «սեփականատիրոջ» բառերով, 3-րդ կետի «տերերը» եւ «տերերին» բառերը փոխարինել համապատասխանաբար «սեփականատերերը»  եւ «սեփականատերերին» բառերով:

Հոդված 6.  Օրենսգիրքը լրացնել նոր 1091.1. -րդ հոդվածով, հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1091.1. Անբարեխիղճ գովազդի հետեւանքով պատճառված վնասի հատուցումը

1. Անբարեխիղճ գովազդի հետեւանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման գովազդատուի կողմից` անկախ նրա մեղքից:

2. Անբարեխիղճ գովազդի հետեւանքով այլ անձին պատճառված վնասը հատուցած գովազդատուն հետադարձ պահանջի (ռեգրեuի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը`  իր կողմից հատուցման չափով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: