Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-996-03.11.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-13-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի՝

1. «ա» կետի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով» բառերով:

2. «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«բ) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում (փողերի լվացում)` Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 190-րդ հոդվածով նախատեuված արարքը»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կասկածելի գործառնությունների դադարեցումը եւ կասեցումը, ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցումը»:

Հոդված 3. Օրենքը լրացնել 18.1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 18.1. ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազորված մարմինը պետք է ապահովի ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերին համապատասխան՝ դրանցում ներառված անձանց եկամուտների անհապաղ սառեցումը:

Սառեցման մասին որոշումը կարող են կայացնել հաշվետու անձը կամ Լիազորված մարմինը: Որոշումը գործում է յոթնօրյա ժամկետում, որը հաշվվում է հաշվետու անձի կողմից կայացվելու դեպքում՝ Լիազորված մարմնին որոշման օրինակը տրամադրելու պահից սկսած, իսկ Լիազորված մարմնի կողմից կայացվելու դեպքում՝ որոշման կայացման պահից սկսած:

2. Լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով պետք է նախատեսվի՝

ա) Լիազորված մարմնի կողմից նշված ցանկերի, ինչպես նաեւ դրանց փոփոխությունների եւ լրացումների հրապարակման ընթացակարգը, այդ ցանկերի մասին հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկման եւ ցանկերում ներառված անձանց եկամուտները հաշվետու անձանց կողմից անհապաղ սառեցնելու կարգը.

բ) ցանկերում ներառված անձանց եկամուտները Լիազորված մարմնի կողմից սառեցնելու կարգը.

գ) ցանկերում ներառված անձանց եկամուտների սառեցման համար նախատեսված ժամկետն անցնելուց հետո այդ եկամուտների վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կալանք դնելու համար քրեական հետապնդման մարմիններին նյութերը ներկայացնելու կարգը.

դ) բարեխիղճ ձեռքբերողների եկամուտների սառեցման դեպքում սառեցման որոշման մասին նրանց իրազեկելու եւ հնարավոր առարկությունները հաշվի առնելու կարգը.

ե) սառեցված եկամուտների հաշվին ցանկերում ներառված անձանց ընտանեկան, բժշկական եւ այլ անձնական նպատակներով վճարումներ կատարելու Լիազորված մարմնի իրավասությունը եւ դրա ընթացակարգը.

զ) եկամուտների սառեցման մասին որոշումը Լիազորված մարմնի կողմից վերացնելու (եկամուտներն ապասառեցնելու) կարգն այն դեպքերում, երբ այդ անձանց անունները հանվել են համապատասխան ցանկերից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Ներկայացվող «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են Եվրախորհրդի առջեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով:

Օրենքների նախագծերը նախապատրաստվել են Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի ներկայացրած խորհրդատվությունների հիման վրա: 2004 թվականին ՄԱՆԻՎԱԼ-ի փորձագետները 1-ին փուլի գնահատման չափանիշներով ներկայացրել են ՀՀ-ում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի վերաբերյալ հաշվետվությունը: Այդ հաշվետվությունը կազմվել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտների եւ հատկապես՝ ՖԱՏՖ-ի առաջարկների հիման վրա, որում տեղ են գտել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի Հայաստանի համակարգի համապատասխանության ապահովման վերաբերյալ առաջարկություններ: 2006 թվականի հունվարին կայացած ՄԱՆԻՎԱԼ-ի 18-րդ լիագումար նիստի ընթացքում գնահատվել է Հայաստանի առաջընթացը հաշվետվությանը հաջորդած ժամանակահատվածում եւ, միաժամանակ, հիշատակվել են դեռեւս չլուծված խնդիրները: Դրա հիման վրա՝ ՄԱՆԻՎԱԼ-ի նախագահի կողմից ստացվել է գրություն, որով սահմանվել են ՄԱՆԻՎԱԼ-ի հաշվետվությամբ ներկայացված այն խնդիրները եւ խորհրդատվությունները, որոնց հետ կապված ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ՀՀ օրենսդրությունը դեռեւս չի համապատասխանում հաշվետվությամբ ներկայացված խորհրդատվություններին: Ուստի, Հայաստանի իշխանություններին առաջարկվել է նշված խորհրդատվությունների հետ կապված առաջընթաց ապահովել մինչեւ հաջորդ լիագումար նիստը: ՄԱՆԻՎԱԼ-ի խորհրդատվություններն ու դիրքորոշումը քննարկվել են «Հայաստանի  Հանրապետությունում դրամանենգության, պլաստիկ քարտերի եւ այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի  նիստերի  ընթացքում, որոնց  արդյունքներով  մշակվել  եւ  հանձնաժողովի հավանությանն է արժանացել օրենսդրական նախագծերի նշված փաթեթը: Այն տրամադրվել է նաեւ ՄԱՆԻՎԱԼ-ի փորձագետներին, քննարկվել է ՄԱՆԻՎԱԼ-ի 19-րդ լիագումար նիստի ընթացքում եւ առկա դիտողությունների ընդունմամբ արժանացել է ՄԱՆԻՎԱԼ-ի հավանությանը:

Նշված նախագծերով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ունեն հետեւյալ նպատակները.

1. Հստակեցնել փողերի լվացման (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման) համար նախորդող համարվող հանցակազմերի ցանկը

ՖԱՏՖ-ի պահանջներով եւ ՄԱՆԻՎԱԼ-ի խորհրդատվությունների հիման անհրաժեշտ է որոշակիացնել, թե քրեորեն պատժելի ո՞ր արարքներց ստացված միջոցները պետք է համարել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ, որոնց թաքցնելը կամ խեղաթյուրելը կարող է փողերի լվացման համար քրեական հետապնդման հիմք հանդիսանալ: Ուստի, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով  առանձնացվել են այն հոդվածները (մասերը), որոնք սահմանում են տնտեսական բնույթի կամ շահադիտական դրդումներով զուգորդվող հանցատեսակները, որոնց կատարման արդյունքում ստացված եկամուտները կարող են ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված փողերի լվացման հանցակազմի համար համարվել հանցավոր ճանապարով ստացված գույք:

2. Հստակեցնել փողերի լվացման հասկացությունը (հանցակազմի դիսպոզիցիան)

Փողերի լվացման հասկացությունը սահմանված է «Թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» 1988թ. Վիեննայի կոնվենցիայի 3-րդ հոդվածով եւ «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» 2000թ. Պալերմոյի կոնվենցիայի 1-ին հոդվածով: Այդ բնորոշումն ընդունվում է նաեւ ՖԱՏՖ-ի առաջարկություններով: ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի դիսպոզիցիայով եւ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հասկացությունը չի համապատասխանում վերոնշյալ միջազգային պայմանագրերի բնորոշմանը: Ուստի, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծով սահմանել միջազգային պայմանագրերի համաձայն տրվող փողերի լվացման բնորոշումը, իսկ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով 1-ին հոդվածի 2-րդ մասում հղում կատարել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան բնորոշման վրա:

3. Որոշակիացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորմանը վերաբերող գույքի բռնագրավման դեպքերը

Ներկայումս գույքի բռնագրավումը, որպես լրացուցիչ պատժատեսակ, նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) եւ 217.1-րդ (ահաբեկչության ֆինանսավորում) հոդվածներում: ՄԱՆԻՎԱԼ-ի երաշխավորություններով պահանջվում է պարտադիր դարձնել ՖԱՏՖ-ի 3-րդ առաջարկությամբ նախատեսվող բռնագրավման սկզբունքները: Այդ սկզբունքներին ՀՀ քրեական օրենսգրքի անհամապատասխանությունը դրսեւորվում է հետեւյալ 2 հանգամանքներում.

- պահանջվում է բռնագանձել հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ անկախ դրա պատկանելությունից այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի հիման վրա հնարավոր է բռնագանձել միայն դատապարտյալի գույքը.

- պահանջվում է բռնագանձել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների առարկա եւ ահաբեկչության ֆինանսավորմանը վերաբերող գույքը, իսկ դրանց չհայտնաբերման դեպքում՝ համարժեք այլ գույքը, այն դեպքում, երբ երբ Քրեական օրենսգրքի հիման վրա հնարավոր է բռնագանձել միայն դատապարտյալի անձնական գույքը:

Հաշվի առնելով նշված տարբերությունները՝ Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծի` գործող օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով առաջարկվում է նախատեսել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման առարկա հանդիսացող գույքի եւ սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման արդյունքում ձեռք բերված գույքի օգտագործումից ստացված եկամուտների, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված եւ դատապարտյալի սեփականությունը հանդիսացող  հանցագործության գործիքների, իսկ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավում:

Բռնագրավման նույն սկզբունքն է նախատեսվում կիրառել նաեւ ահաբեկչության դեպքում, որը ներառվել է նախագծով նախատեսված օրենսգրքի 55-րդ հոդվածի 5-րդ մասով:

4. Որոշակիացնել ՓԼ/ԱՖ գործերով գույքի վրա կալանք դնելու կարգը

ՄԱՆԻՎԱԼ-ի խորհրդատվություններով նախատեսվում են նաեւ ՓԼ/ԱՖ առարկա գույքի վրա սառեցման եւ այլ նախնական միջոցների պարտադիր կիրառման կանոններ, այդ թվում՝ մինչեւ քրեական գործի հարուցումը: Ըստ որի, Քրեական դատավարության օրենսգրքում լրացմամբ նախատեսվում է, որ հոդվածում թվարկված հոդվածների հատկանիշներով զուգորդված հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հանցանքների  վերաբերյալ  քրեական  գործի քննության  ընթացքում վարույթն իրականացնող մարմինը սույն օրենսգրքի 232-րդ հոդվածով նախատեսված գույքի, ինչպես նաեւ դրանցից ստացված օգուտների վրա կալանք է դնում այն հայտնաբերելուց հետո անհապաղ:

5. Սահմանել ահաբեկչության հետ կապված եկամուտների սառեցման կանոններ ու ընթացակարգեր

Այս դրույթներն ավելացվել են ՖԱՏՖ-ի 9 հատուկ առաջարկների, «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1267, 1363, 1452  բանաձեւերին համապատասխան: Դրանց հիման վրա՝ պետությունները պետք  է ունենան ահաբեկչության հետ կապված անձանց միջոցներն անհապաղ սառեցնելու արդյունավետ մեխանիզմներ: Այդ նպատակով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հրապարակում է ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր, որոնց հիման վրա պետությունները պարտավոր են սառեցնել իրենց երկրում այդ անձանց բոլոր եկամուտները: Հայաստանի Հանրապետությունում բացակայում են նման պարտադիր ու անհապաղ միջոցներ ձեռնարկելու իրավական հիմքերը, որի մասին առկա է ՄԱՆԻՎԱԼ-ի հաշվետվությունում եւ, բացի այդ, դա նաեւ հանդիսանում է ֆինանսական հետախուզության մարմինների միջազգային կառույցին՝ Էգմոնտ խմբին անդամակցության հիմնական խոչընդոտներից մեկը:

Ուստի, հիմք ընդունելով միջազգային պարտավորությունները, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի փոփոխությունների նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է օրենքում լրացնել 18.1 հոդվածը:

6. Այլ փոփոխություններ ու լրացումներ

ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի եւ Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերով առաջարկվում է նաեւ իրավական ամրագրում տալ «փողերի լվացում» տերմինին, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքում որոշակիորեն խստացնել փողերի լվացման համար ազատազրկման պատժատեսակի ծանրությունը:  Այդ կապակցությամբ, Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի նոր խմբագրության մեջ առաջին մասի սանկցիայից հանվել է տուգանքին վերաբերող պատժատեսակը: