Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-582-08.02.2002-ՊԻ,ՍԱ,ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները եւ նպատակները, կարգավորում է երիտասարդների, երիտասարդ ընտանիքների, ինչպես նաեւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների եւ պետության փոխհարաբերությունները:

ԳԼՈՒԽ 1.

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 1. Երիտասարդության զարգացման պետական քաղաքականությունը

1. Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության զարգացման պետական քաղաքականությունը (այսուհետ՝ երիտասարդական քաղաքականություն) ազգային եւ համամարդկային արժեքներին հաղորդակից, հայրենիքի եւ սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվություն կրող երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման, ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման համար պայմաններ եւ երաշխիքներ ստեղծելու նպատակով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող սոցիալական, տնտեսական, քաղաքական, կազմակերպական եւ իրավական միջոցառումների համակարգն է:

2. Երիտասարդական քաղաքականությունն իրականացվում է երիտասարդության զարգացման ծրագրերով։

3. Երիտասարդական քաղաքականությունը պետության սոցիալական քաղաքականության կարեւորագույն եւ անբաժանելի մասն է:

Հոդված 2. Երիտասարդական քաղաքականության սուբյեկտները

Երիտասարդական քաղաքականության սուբյեկտներն են՝

1) 18-ից 30 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (այսուհետ՝ երիտասարդներ).

2) առնվազն մեկ երիտասարդից բաղկացած ընտանիքները (այսուհետ՝ երիտասարդ ընտանիքներ).

3) բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող մինչեւ 35 տարեկան քաղաքացիները.

4) առնվազն 2/3-ով երիտասարդներից կամ մինչեւ 35 տարեկան գիտաշխատողներից կազմված երիտասարդական հասարակական կազմակերպությունները (այսուհետ՝ երիտասարդական կազմակերպություններ).

5) երիտասարդական քաղաքականությունն իրականացնող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները:

Հոդված 3. Երիտասարդական քաղաքականության սկզբունքները

Երիտասարդական քաղաքականության սկզբունքներն են՝

1) երիտասարդական քաղաքականության իրականացման նկատմամբ ծրագրային մոտեցումը.

2) երիտասարդական քաղաքականության բնագավառում պետության, հասարակության, քաղաքացիների եւ երիտասարդների օրինական շահերի, իրավունքների եւ պարտականությունների հավասարակշռվածության ապահովումը.

3) երիտասարդությանն առնչվող հիմնահարցերի լուծման գործընթացում երիտասարդական կազմակերպությունների մասնակցությունը.

4) երիտասարդների ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը, կրթական մակարդակի ապահովումը, հոգեւոր եւ ֆիզիկական դաստիարակությունը, նրանց շրջանում ազգային արժեքների արմատավորումը.

5) երիտասարդության առողջության պահպանման, համակողմանի զարգացման, մասնագիտական պատրաստման, աշխատանքով ապահովման նպատակով պետության կողմից երաշխավորված միջոցառումների իրականացումը.

6) երիտասարդության սոցիալական, հոգեւոր եւ ֆիզիկական զարգացման ոլորտում նախաձեռնությունների պետական աջակցությունը եւ դրանցով պայմանավորված միջոցառումների եւ ծրագրերի առաջնահերթ ֆինանսավորումը.

7) հրապարակայնությունը:

Հոդված 4. Երիտասարդական քաղաքականության նպատակը եւ իրականացման ուղղությունները

1. Երիտասարդական քաղաքականության նպատակը երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժը՝ ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու համար, սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական, հոգեւոր, մշակութային, կազմակերպական պայմաններ եւ երաշխիքներ ստեղծելն է։

2. Երիտասարդական քաղաքականությունն իրականացվում է հետեւյալ ուղղություններով.

1) երիտասարդության գործունեությունն ապահովող իրավական համակարգի ստեղծումը.

2) երիտասարդության զբաղվածության եւ աշխատանքի ապահովման ոլորտում երաշխիքների ապահովումը, պետական կադրային քաղաքականության իրականացումը.

3) երիտասարդ ընտանիքներին պետական օժանդակությունը.

4) երիտասարդներին երաշխավորված սոցիալական ծառայությունների մատուցումը.

5) արտակարգ ընդունակություններ դրսեւորած երիտասարդներին պետական աջակցությունը.

6) երիտասարդների հոգեւոր եւ ֆիզիկական զարգացման, նրանց քաղաքական եւ հայրենասիրական դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

7) երիտասարդական կազմակերպությունների գործունեության պետական աջակցությունը.

8) այլ երկրների երիտասարդության եւ հատկապես սփյուռքահայության հետ համագործակցության ապահովումը։

Հոդված 5. Երիտասարդական քաղաքականության հրապարակայնությունը

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներով հասարակությանը նախապես տեղեկացնել երիտասարդական քաղաքականության բնագավառում մշակվող եւ իրականացվող միջոցառումների մասին:

ԳԼՈՒԽ 2.

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Երիտասարդական քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

Երիտասարդական քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն) օրենքով սահմանված կարգով՝

1) ապահովում է երիտասարդական քաղաքականության իրականացումը.

2) պետական բյուջեի նախագծի կազմում Ազգային ժողով է ներկայացնում երիտասարդության զարգացման տարեկան ծրագիրը (այսուհետ՝ Տարեկան ծրագիր), որը պետական բյուջեի նախագծի բացատրագրի բաղկացուցիչ մասն է.

3) սահմանում է երիտասարդներին եւ երիտասարդ ընտանիքների նպաստների հատկացման կարգը.

4) սահմանում է պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների կրթաթոշակների եւ դրանց ամենամսյա հավելումների չափերը.

5) սահմանում է երիտասարդական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման կարգը:

Հոդված 7. Երիտասարդական քաղաքականության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունը

Երիտասարդական քաղաքականության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) իրականացնում է երիտասարդական քաղաքականությունը.

2) վերահսկում է երիտասարդության մասին օրենսդրության պահանջների կատարումը.

3) մշակում է Տարեկան ծրագիրը եւ մասնակցում դրա իրականացմանը.

4) համագործակցում է երիտասարդական կազմակերպությունների եւ երիտասարդության խնդիրներով զբաղվող այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ.

5) ապահովում է երիտասարդների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը.

6) պատվիրում է երիտասարդական քաղաքականությանն առնչվող գիտական հետազոտություններ եւ ուսումնասիրություններ.

7) կազմակերպում է երիտասարդությանն առնչվող հարցերի հասարակական քննարկումներ.

8) կազմակերպում եւ համակարգում է երիտասարդության վերաբերյալ սոցիոլոգիական եւ վիճակագրական աշխատանքներ:

Հոդված 8. Երիտասարդական քաղաքականության բնագավառում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

1. Երիտասարդական քաղաքականության բնագավառում տարածքային կառավարման մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝

1) երիտասարդական քաղաքականության բնագավառում իրենց լիազորությունների շրջանակում ապահովում են օրենսդրության պահանջների կատարումը.

2) մասնակցում են երիտասարդական քաղաքականության բնագավառի ծրագրերի մշակմանը.

3) համակարգում են պետական համապատասխան կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ եւ համաձայնեցված գործունեությունը։

2. Երիտասարդական քաղաքականության բնագավառում իրենց լիազորությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով սահմանված կարգով աջակցում են համայնքի տարածքում օրենսդրության պահանջների կատարմանը։

3. Երիտասարդական քաղաքականության հարցերի նախապատրաստման եւ նախնական քննարկման, ինչպես նաեւ որոշումների կատարման նպատակով մարզերում եւ համայնքներում ստեղծվում են երիտասարդության հարցերով զբաղվող համապատասխան կառույցներ, որոնց աշխատանքներում ներգրավվում են տվյալ տարածքում գործող երիտասարդական կազմակերպությունների եւ երիտասարդության խնդիրներով զբաղվող այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հոդված 9. Երիտասարդական քաղաքականության իրականացմանը նպաստող այլ կառույցները

1. Երիտասարդական քաղաքականության իրականացումն ապահովելու նպատակով օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել այլ կառույցներ (պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ստորաբաժանումներ, ֆոնդեր, հիմնադրամներ, հանձնաժողովներ եւ այլն), որոնք իրականացնում են՝

1) երիտասարդների հոգեբանական, մանկավարժական եւ իրավաբանական խորհրդատվությունը.

2) զբաղվածության եւ աշխատանքի տեղավորման, կրթության, մասնագիտական կողմնորոշման եւ պատրաստման, մշակույթի, հանգստի, զբոսաշրջության ոլորտներում երիտասարդների հետաքրքրությունների մասին տեղեկատվության մատուցումը.

3) երիտասարդներին եւ երիտասարդ ընտանիքներին սոցիալական օգնությունը.

4) ազատազրկման վայրերից եւ հատուկ ուսումնադաստիարակչական հաստատություններից ազատված երիտասարդների սոցիալական վերականգնումը (ռեաբիլիտացիան)։

2. Նշված կառույցները երիտասարդական քաղաքականության բնագավառի միջոցառումների իրականացման ընթացքում համագործակցում են երիտասարդական կազմակերպությունների եւ երիտասարդության խնդիրներով զբաղվող այլ կազմակերպությունների հետ:

ԳԼՈՒԽ 3.

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Երիտասարդների կրթության իրավունքի իրականացումը

1. Երիտասարդների կրթության պետական աջակցությունն իրականացվում է նրանց մասնագիտական կողմնորոշման, պատրաստման եւ վերապատրաստման համար արտոնյալ պայմանների սահմանմամբ, ինչպես նաեւ սոցիալական այլ միջոցառումների ձեռնարկմամբ։

2. Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողները Կառավարության կողմից սահմանված կարգով ստանում են կրթաթոշակ, որի չափը չի կարող լինել օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձից պակաս։

3. Պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողները Կառավարության կողմից սահմանված կարգով ստանում են կրթաթոշակ, որի չափը չի կարող լինել օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 0.94-ապատիկից պակաս։

4. Հավատարմագրված ոչ պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողները կարող են տվյալ հաստատության կողմից սահմանված կարգով ստանալ կրթաթոշակ, որի չափը չի կարող լինել սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով համապատասխան պետական մասնագիտական ուսումնական հաստատության համար սահմանված գումարից պակաս։

5. Բարձրագույն եւ միջին մասնագիական ուսումնական հաստատություններում պետական պատվերով գերազանց առաջադիմությամբ անվճար հիմունքներով սովորողների կրթաթոշակը կառավարության կողմից սահմանված կարգով ավելացվում է ամենամսյա հավելումով, որի չափը չի կարող լինել օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 1.22 -ապատիկից պակաս ։

6. Պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով չորս կիսամյակ անընդմեջ գերազանց առաջադիմությամբ սովորողների ուսման վարձը հաջորդ տարում կառավարության կողմից սահմանված կարգով փոխհատուցվում է 80-100 %-ի չափով։

7. Բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի չափը, մինչեւ նրանց ուսման ավարտը չի կարող գերազանցել առաջին տարվա համար սահմանված ուսման վարձի չափը՝ հաշվի առնելով տվյալ տարում դրամի արժեզրկման չափը։

Հոդված 11. Արտակարգ ընդունակություններ դրսեւորած երիտասարդներին պետական աջակցությունը

Հասարակության ստեղծագործական եւ մտավոր ներուժի պահպանման եւ զարգացման նպատակով արտակարգ ընդունակություններ դրսեւորած երիտասարդների համար կառավարությունը սահմանում է պարգեւատրումներ, թոշակներ եւ խրախուսման այլ ձեւեր, ինչպես նաեւ դրանց տրամադրման կարգերը։

Հոդված 12. Երիտասարդ ընտանիքներին պետական աջակցությունը

1. Ընտանիքում առաջին երեխայի ծնվելու դեպքում այդ ընտանիքին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 1.18-ապատիկի չափով տրվում է միանվագ դրամական նպաստ։

2. Ընտանիքում երրորդ երեխայի ծնվելու դեպքում այդ ընտանիքին տրվում է միանվագ դրամական նպաստ՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ քառասնապատիկի, իսկ հինգերորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում՝ հիսնապատիկի չափով։

3. Ընտանիքում երրորդ երեխայի ծնվելու դեպքում բնակարանային պայմանների ստեղծման (բարելավման), բնակելի տան կառուցման նպատակով այդ ընտանիքին կառավարության կողմից սահմանված կարգով տրամադրվում է հողամաս եւ որպես աջակցություն՝ բյուջետային վարկ։

4. Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով սովորող երիտասարդ ընտանիքի մեկ անդամի ուսման վարձի դիմաց կառավարության կողմից սահմանված չափով եւ կարգով ցուցաբերվում է աջակցություն։

Հոդված 13. Երեխա ունեցող երիտասարդ ընտանիքներին օժանդակությունը

1. Երեխայի ծնվելու ամսվան հաջորդող ամսվանից սկսած մինչեւ նրա 2 տարին լրանալը երիտասարդ ընտանիքները՝ անմիջականորեն երեխայի խնամքն իրականացնող մայրը (հայրը) կամ ընտանիքի այլ անդամը, երեխային խնամելու համար կառավարության կողմից սահմանված կարգով ստանում են ամենամսյա նպաստ, որի չափը չի կարող լինել օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 0.46-ապատիկից պակաս։ Եթե նշված նպաստն ստացող անձն անցնում է աշխատանքի, ապա այդ նպաստը պակասեցվում է 50%-ի չափով։

2. Տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններն իրավունք ունեն երեխայի ծննդյան եւ (կամ) խնամքի համար օրենսդրությամբ սահմանված կարգով երիտասարդ ընտանիքներին հատկացնել լրացուցիչ նպաստներ եւ այլ օգնություններ:

ԳԼՈՒԽ 4.

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Երիտասարդական կազմակերպություններին պետական աջակցությունը

1. Երիտասարդական կազմակերպություններին պետական աջակցությունն այդ կազմակերպությունների գործունեության իրավական, տնտեսական եւ կազմակերպական պայմանների, երաշխիքների եւ ազդակների ստեղծման նպատակով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների համակարգ է։

2. Պետական պատվերի սահմաններում նախատեսվող երիտասարդական քաղաքականության միջոցառումների (ծրագրերի) իրականացման ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում երիտասարդական կազմակերպություններն ունեն առաջնահերթության իրավունք։

3.Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակում երիտասարդական կազմակերպությունների համար կարող են սահմանել այլ արտոնություններ։

4. Երիտասարդական կազմակերպություններին պետական աջակցությունն իրականացվում է կառավարության կողմից սահմանված կարգով եւ արտացոլվում է Տարեկան ծրագրում։

Հոդված 15. Երիտասարդական կազմակերպություններին պետական աջակցության սկզբունքները

1. Երիտասարդական կազմակերպություններին պետական աջակցությունն իրականացվում է հետեւյալ սկզբունքներով.

1) երիտասարդական քաղաքականության նպատակների առաջնայնությունը.

2) երիտասարդական կազմակերպությունների իրավահավասարությունը.

3) երիտասարդական կազմակերպությունների աջակցությունն իրականացնող այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական օժանդակությունը։

2. Երիտասարդական կազմակերպություններին պետական աջակցության միջոցառումները մշակելիս պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները հաշվի են առնում նրանց առաջարկությունները:

ԳԼՈՒԽ 5.

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 16. Տարեկան ծրագիրը

1. Երիտասարդական քաղաքականությունն իրականացվում է Տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում եւ կարգով։

2. Տարեկան ծրագիրը կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է տվյալ տարվա պետական բյուջեի ծախսերում։

Հոդված 17. Տարեկան ծրագրի բովանդակությունը եւ դրա մշակման սկզբունքները

1. Տարեկան ծրագիրը ներառում է՝

1) երիտասարդական քաղաքականության բնագավառի վիճակի վերլուծությունը.

2) դրա նպատակները, խնդիրները եւ իրականացման սկզբունքները.

3) նախատեսվող միջոցառումների գերակայությունները եւ ուղղությունները.

4) նախատեսվող աշխատանքների ծավալները, առաջնահերթությունները եւ կատարման ժամանակացույցը, ֆինանսավորման համամասնությունները.

5) նախատեսված աշխատանքները՝ ըստ լիազորված մարմինների.

6) նախատեսված աշխատանքների կատարման եւ ֆինանսավորման վերահսկողության կարգը.

7) երիտասարդների, երիտասարդ ընտանիքների եւ երիտասարդական կազմակերպությունների սոցիալական ապահովման պետական միջոցառումները եւ նրանց տրամադրվող արտոնությունները.

8) երիտասարդների կրթության իրավունքի իրականացման համար սահմանվող արտոնությունները, այդ թվում նրանց կրթաթոշակների հավելումների չափերը եւ պետական պատվերով բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվողների թվաքանակը.

9) երիտասարդների աշխատանքով ապահովման պետական աջակցության, այդ թվում՝ երիտասարդ մասնագետների աշխատանքի տեղավորման համար իրականացվող միջոցառումները.

10) երեխայի ծննդյան կապակցությամբ երիտասարդ ընտանիքներին տրամադրվող գումարը, ինչպես նաեւ երեխային խնամելու համար տրամադրվող ամենամսյա նպաստը.

11) արտակարգ ընդունակություններ դրսեւորած երիտասարդների պետական աջակցության միջոցառումները.

12) երիտասարդական կազմակերպություններին պետական աջակցության միջոցառումները.

13) այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար։

2. Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաեւ այդ ծրագրի կատարումն ապահովող օրինագծերը։

Հոդված 18. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

1. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության բաղկացուցիչ մասն է:

2. Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա Տարեկան ծրագրում։

ԳԼՈՒԽ 6.

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 19. Երիտասարդական քաղաքականության իրականացման ֆինանսավորումը

1. Երիտասարդական քաղաքականությամբ նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։

2. Երիտասարդական քաղաքականության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվել համապատասխան ֆոնդեր։

3. Երիտասարդական քաղաքականությամբ նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են կատարվել նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացումներ (օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից հանգանակություններ, նվիրատվություններ եւ այլ հատկացումներ), որոնք օգտագործվում են բացառապես երիտասարդության զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով։


ԳԼՈՒԽ 7.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը կառավարության կողմից ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։