Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ Գլուխ 2. Օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը, Հայաստանի Հանրապետությունից ելքը եւ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկելը Գլուխ 3.Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների կացության կարգավիճակները Գլուխ 4.Օտարերկրացիների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում Գլուխ 5.Օտարերկրացիների կամավոր հեռանալը եւ արտաքսումը Հայաստանի Հանրապետության տարածքից Գլուխ 6. Օտարերկրացիների պահումը կամ ձերբակալումը սույն օրենքը խախտելու դեպքոում Գլուխ 7.Օտարերկրացու հանձնումը եւ ազատազրկման ձեւով հետագա պատիժը կրելու համար փոխանցումը Գլուխ 8. Սույն օրենքով նախատեսված` օտարերկրացիների վերաբերյալ անհատական տվյալների պաշտպանությունը Գլուխ 9.Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում Գլուխ 10. Եզրապակիչ եւ անցումային դրույթներ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքը կարգավորում է օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու եւ բնակվելու, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի, ինչպես նաեւ օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչություններում աշխատելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացիների եւ նրանց ընտանիքների անդամների վրա տարածվում է այնքանով, որքանով վերջիններիս հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունները սահմանված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
3. Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ կամ քաղաքական ապաստան հայցող օտարերկրացուն ապաստան եւ համապատասխան կարգավիճակ տալու կամ այն մերժելու, կորցնելու հիմքերի հետ կապված հարաբերությունների վրա:
Հոդված 2. Օտարերկրացիները
Սույն օրենքով «օտարերկրացիներ» հասկացության մեջ ներառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որեւէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք):
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.
անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (այսուհետ՝ անձնագիր) ` միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, որը տրված է օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից եւ իրավունք է տալիս հատելու պետական սահմանը.
արտոնագիր կամ մուտքի վիզա (այսուհետ` մուտքի վիզա) ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մուտք գործելու Հայաստանի Հանրապետություն, տարանցիկ երթեւեկելու Հայաստանի Հանրապետության տարածքով, գտնվելու Հայաստանի Հանրապետությունում եւ դուրս գալու Հայաստանի Հանրապետությունից` դրանում նշված նպատակներով, պայմաններով եւ ժամկետներում.
ժամանակավոր կացության կարգավիճակ ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում որոշակի ժամկետով.
մշտական կացության կարգավիճակ ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մշտապես բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում.
հատուկ կացության կարգավիճակ ` Հայաստանի Հանրապետության Նախագահի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.
աշխատանքի թույլտվություն ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս աշխատելու Հայաստանի Հանրապետությունում.
ծագման պետություն ` պետություն, որի քաղաքացին է համարվում այն անձը կամ այն պետությունը, որում բնակվում է քաղաքացիություն չունեցող անձը կամ այն անձը, որի քաղաքացիությունը հնարավոր չէ հաստատել.
հրավեր կամ միջնորդագիր (այսուհետ՝ հրավեր) ` փաստաթուղթ, որը հիմնավորում է օտարերկրացու մուտքը եւ գտնվելը Հայաստանի Հանրապետւթյան տարածքում՝ դրանում նշված նպատակներով եւ ժամկետներով.
արտաքսում ` օտարերկրացու հարկադիր հեռացումը Հայաստանի Հանրապետությունից նրա՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում.
կոլեկտիվ արտաքսում ` առնվազն երկու օտարերկրացիներից բաղկացած խմբի արտաքսումը` առանց խմբի յուրաքանչյուր անդամի անհատական տվյալները եւ առանձնահատուկ վիճակը հաշվի առնող օբյեկտիվ եւ ողջամիտ քննարկման հիման վրա ընդունված որոշման.
փոխադրող ` ցամաքային եւ օդային տրանսպորտով միջազգային ուղեւորափոխադրում իրականացնող կազմակերպություն.
ուղեկցող ` մշակութային, մարզական, երիտասարդական միջոցառումներին մասնակցելու կամ խմբակային զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մինչեւ 18 տարեկան օտարերկրացիների խմբի ղեկավար.
ընդունող կազմակերպություն ` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, որը կազմակերպում է մինչեւ 18 տարեկան օտարերկրացիների մասնակցությամբ մշակութային, մարզական, երիտասարդական միջոցառումներ կամ զբոսաշրջային տուրեր:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների իրավական վիճակի մասին օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների կարգավիճակին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների իրավական վիճակի սկզբունքները
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով եւ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիները պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրացիները կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԹԵՎԵԿԵԼԸ
Հոդված 6. Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը
1. Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա եւ սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2. Մինչեւ 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որեւէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:
3. Առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության տարածք, եւ հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել փախստականի կարգավիճակ կամ քաղաքական ապաստանի իրավունք հայցելու նպատակով:
4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված օտարերկրացիների սեփական միջոցների բացակայության դեպքում նրանց վերադարձի ծախսերը միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կատարում են փոխադրողները, որոնք իրականացրել են այդ օտարերկրացիների փոխադրումը Հայաստանի Հանրապետություն, կամ Հայաստանի Հանրապետությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 7. Առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելը
1. Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված օտարերկրացիների անձնագրում հատուկ նշում է կատարվում նրանց՝ Հայաստանի Հանրապետություն ժամանման ամսաթվի վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 8. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը
1. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե՝
ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, եւ արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
բ) նա սույն օրենքը խախտելու դեպքում ենթարկվել է վարչական պատասխանատվության, եւ այդ մասին որոշման ընդունման պահից չի անցել 1 տարի.
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.
դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն՝ նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ
զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:
2. Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կարող է մերժվել, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվել կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել, եթե նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, եւ դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել:
Սույն մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում մերձավոր ազգականներ (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, եղբայր, տատ, պապ) ունեցող անձանց վրա:
3. Օտարերկրացուն տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետությունում առանց աշխատանքի թույլտվության:
4. Բացառության կարգով սույն հոդվածի առաջին մասի «ա» եւ «բ» կետերում նշված հիմքերի առկայության դեպքում օտարերկրացիների մուտքը կարող է թույլատրվել խիստ հիմնավորված դեպքերում:
5. Սույն հոդվածով մուտքի վիզայի տրամադրման (ժամկետի երկարաձգման) մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրացու անձնագրում կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի նշում:
6. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց մասին տվյալները մտցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկ:
Տվյալների բանկը վարում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, որն էլ անհրաժեշտ տեղեկություններ է մուտքագրում տվյալների բանկ: Տվյալների բանկում տեղեկություններ մուտքագրելու նպատակով ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:
Տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության դատարանները, Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները:
Տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու եւ դրանից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան
1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են Հայաստանի Հանրապետությունում մինչեւ 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչեւ 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են մեկանգամյա մուտքի համար:
3. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ խմբակային:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ եւ հյուպատոսական հիմնարկներ եւ միայն սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում նաեւ միակողմանիորեն որոշ պետությունների քաղաքացիների համար կարող է սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կամ որոշակի կատեգորիայի անձանց կարող է ազատել մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
6. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:
7. Օրենքով որոշ պետությունների քաղաքացիներ կամ որոշակի կատեգորիայի անձինք կարող են ազատվել մուտքի վիզայի համար սահմանված պետական տուրքից կամ կարող են նվազեցվել կամ ավելացվել պետական տուրքերի դրույքաչափերը:
8. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը եւ խմբակային մուտքի վիզաների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տեսակները
1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տեսակներն են`
ա) այցելության մուտքի վիզա` հարազատներին (ընկերներին) այցելելու կամ տեսակցելու, ընտանիքի վերամիավորման (սույն օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի «գ» կամ «դ» կետերով նախատեսված դեպքերում), զբոսաշրջության (hանգստի), բուժման, Հայաստանի Հանրապետության կրթական հաստատություններում ուսանելու, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող մշակութային, մարզական, գիտական եւ այլ միջոցառումներին, խորհրդաժողովներին մասնակցելու, Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական աջակցության, մարդասիրական, բարեգործական, ֆինանսական օգնության կարճատեւ ծրագրերի իրականացման, գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առեւտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու, ապրանքների եւ ծառայությունների ներմուծում եւ արտահանում իրականացնելու) նպատակով այցելության համար, ինչպես նաեւ միջազգային օդային կամ ցամաքային ուղեւորաբեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի անդամների համար` մեկանգամյա մուտքի կամ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.
բ) պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց համար`
- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների եւ հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների դիվանագիտական կարգավիճակ չունեցող աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչեւ 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,
- Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավերով ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց՝ մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,
- սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար` մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.
գ) դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար`
- Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների եւ հյուպատոսական հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում նստավայր ունեցող միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչությունների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների համար՝ մինչեւ 3 տարի ժամկետով բազմակի մուտքի համար,
- պաշտոնական, պետական, աշխատանքային այցով կամ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակության անդամներին եւ նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց համար՝ մեկ մուտքի կամ մինչեւ 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար,
- ոչ ծառայողական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ժամանողների համար` մինչեւ 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար.
դ) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթեւեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` մինչեւ 3 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչեւ 4 օր երկարաձգելու հնարավորությամբ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մուտքի վիզաները կոդավորվում են ըստ այցելության տեսակի:
3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տալիս են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կամ անհրաժեշտության դեպքում նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ինչպես նաեւ արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:
4. Արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը տրամադրում եւ երկարաձգում է սույն հոդվածի առաջին մասի «բ» եւ «գ» կետերում նշված մուտքի վիզաները, ինչպես նաեւ տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը տալիս եւ երկարաձգում է սույն հոդվածի առաջին մասի «ա» եւ «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները:
5. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող մեկանգամյա մուտքի վիզայի վավերականության ժամկետը երկու ամսով գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետը, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետում կամ անհրաժեշտության դեպքում նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում տրվող մեկ մուտքի վիզայի ժամկետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամկետին: Դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում տրվող մուտքի վիզայի վավերականության ժամկետը կարող է համապատասխանեցվել օտարերկրացու կողմից գրավոր հայտարարված Հայաստանի Հանրապետություն մուտքի ժամկետի հետ:
6. Օտարերկրացին կարող է դիմել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու խնդրանքով նախատեսվող այցից առավելագույնը 4 ամիս առաջ:
7. Վիզա տրամադրող մարմինները մուտքի վիզա ստացած անձանց տվյալները մտցնում են համապատասխան տվյալների բանկ, որը վարում է ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը: Մուտքի վիզա ստացած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 11.Հրավերը
1. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ`
ա) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին.
բ) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին.
գ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք.
դ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները եւ միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:
2. Հրավերը պարունակում է հրավիրվողի եւ հրավիրողի տվյալները, հրավերի նպատակը, հրավիրվողի` Հայաստանի Հանրապետությունում մնալու ժամկետները:
Հրավերի տիպային ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հրավերը վավերական է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատվելուց հետո, որի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:
4. Հրավերը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելիս սույն հոդվածի առաջին մասի «ա» կետում նշված քաղաքացիները ներկայացնում են անձնագիր, «բ» կետում նշված անձինք` անձնագիր եւ կացության քարտ (Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր), իսկ սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված իրավաբանական անձինք` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի տված գրանցման վկայականի պատճենը:
Սույն մասում նշված անձինք ներկայացնում են նաեւ տեղեկատվություն հրավիրվողի կողմից իր կեցության ծախսերը, այդ թվում` նրա հնարավոր բուժօգնության եւ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին, կամ պարտավորություն այդ ծախսերը իր կողմից հոգալու մասին` երկու դեպքում էլ ներկայացնելով պետական տուրքի վճարման անդորրագիր:
5. Իրավասու մարմնի կողմից հրավերի հաստատումը կարող է մերժվել, եթե առկա են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը, կամ հրավիրողը նախկինում խախտել է սույն հոդվածի 4-րդ մասում նշված իր պարտավորությունները:
6. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները եւ մուտքի վիզան երկարաձգելու միջնորդագրերը առավելագույնը 15-օրյա ժամկետում հաստատում է`
ա) սույն հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերում նշված դեպքերում` ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը.
բ) սույն հոդվածի 1-ին մասի «գ» եւ «դ» կետերում նշված դեպքերում` արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը.
գ) Հայաստանի Հանրապետությունում աշխատելու նպատակով հրավերի դեպքում` օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
Հրավերների հաստատման եւ հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունից ելքը
1. Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի եւ մինչեւ դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում նրա օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ օրենքով կամ միջազգային պայմանագրերով:
2. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացու ելքն արգելվում է, եթե օրենքով սահմանված կարգով`
ա) նրա նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին` մինչեւ գործի վարույթի ավարտը կամ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը.
բ) նրա նկատմամբ նշանակվել է այնպիսի պատիժ, որի կրումը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետությունում մինչեւ պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ պատիժը կրելուց օրենքով սահմանված կարգով ազատվելը:
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկելը
1. Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկություն է համարվում որեւէ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտի միջոցներով դեպի երրորդ պետություն օտարերկրացիների երթեւեկությունը:
2. Տարանցիկ երթեւեկության դեպքում օտարերկրացիները ներկայացնում են դեպի երրորդ երկիր ուղետոմսեր եւ (կամ) երրորդ երկրի մուտքի վիզա եւ կարող են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում 72 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի:
3. Եթե օտարերկրացին գտնվում է տարանցիկ գոտում եւ չի մտնելու Հայաստանի Հանրապետության տարածք, ապա նա կարող է գտնվել տարանցիկ գոտում 48 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքերի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ
Հոդված 14. Օտարերկրացիների կացության կարգավիճակները
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետեւյալ կարգավիճակները.
ա) ժամանակավոր.
բ) մշտական.
գ) հատուկ:
2. Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական եւ հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը եւ հատուկ անձնագիրը, որոնց ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
Հոդված 15. Ժամանակավոր կացության կարգավիճակ տալու հիմքերը եւ ժամկետները
1. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի եւ ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ:
Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝
ա) ուսումը, կամ
բ) սույն օրենքի 4-րդ գլխի համաձայն` աշխատանքի թույլտվության առկայությունը, կամ
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող օտարերկրացու հետ ամուսնությունը, կամ
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու մերձավոր ազգականը (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ) լինելը կամ
ե) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը:
2. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետում նշված հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացին Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը լուծվելու կամ անվավեր ճանաչվելու դեպքում կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումով, եթե նա ամուսնության մեջ է գտնվել եւ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվել է առնվազն մեկ տարի:
Հոդված 16. Մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը եւ ժամկետները
1. Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա՝
ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում մերձավոր ազգականների (ծնող, ամուսին, եղբայր, քույր, զավակ, տատ, պապ, թոռ) առկայությունը եւ
բ) Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով եւ գոյության միջոցներով եւ
գ) մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում:
Մշտական կացության կարգավիճակ կարող է տրվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրացուն:
Սույն մասի «բ» կետում նշված պայմանները համարվում են բավարար, եթե օտարերկրացին ունի միջոցներ, որոնք բավարար են իր եւ իր խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների գոյության ծախսերը կատարելու համար, կամ ունի ընտանիքի անդամ կամ անդամներ, որոնք ի վիճակի են եւ պարտավորվել են միջոցներ հատկացնել նրա կեցության համար:
2. Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:
Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:
Հոդված 17. Ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը, քննարկումը եւ ժամանակավոր ու մշտական կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիների հաշվառումը
1. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին:
2. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը ՝ դիմումը ներկայացնելու օրվանից 30- օրյա ժամկետում:
4. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին հաշվառում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
5. Մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավել բացակայելու դեպքում այդ մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:
Հոդված 18. Հատուկ կացության կարգավիճակ տալու հիմքերը եւ ժամկետները
1. Հատուկ կացության կարգավիճակ տրվում է ծագումով հայ օտարերկրացիներին:
Հատուկ կացության կարգավիճակ կարող է տրվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:
2. Հատուկ կացության կարգավիճակ տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:
3. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին, իսկ օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
4. Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
5. Հատուկ կացության կարգավիճակ տալու կամ մերժելու որոշում կայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Այդ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:
6. Հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 19. Կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը
Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
ա) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից, եւ արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
բ) նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, եւ դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել.
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.
դ) նա տառապում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով.
ե) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ եւ հիմնավորված սպառնալիքներ.
զ) կացության կարգավիճակ հայցելիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
է) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, եւ այդ մասին որոշման ընդունման պահից չի անցել մեկ տարի:
Հոդված 20. Կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման բողոքարկումը
1. Բացառությամբ հատուկ կացության կարգավիճակի, կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով:
2. Եթե մինչեւ դատարանի կողմից գործի քննությունը կամ դատարանի կողմից կայացված որոշման ուժի մեջ մտնելը սպառվում է օտարերկրացու մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը նրան տալիս է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր մնալու թույլտվություն՝ մինչեւ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
3. Եթե կացության կարգավիճակ ստանալը կամ երկարաձգելը մերժելու մասին որոշումը դատարանը թողնում է ուժի մեջ, ապա օտարերկրացին պարտավոր է դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում, կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից:
4. Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, ինչի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ:
Հոդված 21. Կացության կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումն ուժը կորցրած ճանաչելու, կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու հիմքերը, կացության կարգավիճակից զրկելու հետեւանքները եւ կացության կարգավիճակից զրկելու բողոքարկումը
1. Օտարերկրացուն տրված կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում, եւ օտարերկրացին զրկվում է կացության կարգավիճակից, եթե`
ա) պարզվել է, որ կացության կարգավիճակ ստանալիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
բ) լուծվել կամ անվավեր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը, որը հիմք է հանդիսացել օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու համար, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի.
գ) մշտական կացության կարգավիճակ ունենալու դեպքում առանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին իր մեկնելու մտադրության մասին ծանուցելու 6 ամսից ավելի բացակայել է Հայաստանի Հանրապետությունից կամ մշտապես մեկնել է Հայաստանի Հանրապետությունից.
դ) Հայաստանի Հանրապետությունում նրա գտնվելը սպառնում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին:
Սույն մասի «ա», «գ» եւ «դ» կետերով նախատեսված հիմքերով կարող է մերժվել օտարերկրացու` կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը:
2. Կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու, ինչպես նաեւ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշման մեջ նշվում են նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրացու կամավոր հեռանալու ժամկետները մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրը, ինչպես նաեւ առանց թույլտվության այդ բնակության վայրը թողնելու արգելքը:
3. Կացության կարգավիճակից զրկված օտարերկրացին, ինչպես նաեւ այն օտարերկրացին, որի կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում է կայացվել, պարտավոր է կացության կարգավիճակից զրկելու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշման մեջ նշված ժամկետում հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, եթե կացության կարգավիճակից զրկելու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշումը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, որոշումը չի բողոքարկել դատական կարգով:
4. Կացության կարգավիճակից զրկված, ինչպես նաեւ այն օտարերկրացու վերաբերյալ տվյալները, որի նկատմամբ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու որոշում է կայացվել, մտցվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալների բանկ:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հոդված 22. Օտարերկրացիների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում
1. Օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության եւ գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, քաղաքացիությունից եւ աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:
2. Հայաստանի Հանրապետության գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու եւ նրա աշխատանքն օգտագործելու` լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա: Օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գործատուի համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:
4. Օտարերկրացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու աշխատանքային գործունեություն` գործատուի կողմից իրեն տրված աշխատանքի թույլտվությունը փոխանցելու դեպքում:
Հոդված 23. Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները
Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել`
ա) Հայաստանի Հանրապետության մշտական եւ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները, ինչպես նաեւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները.
բ) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հիմքերով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.
գ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա.
դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաեւ կարճ ժամկետով ժամանող մշակութային եւ սպորտային մասնագիտություն ունեցող անձինք.
ե) օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները.
զ) օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով.
է) օտարերկրյա առեւտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առեւտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները տեղադրելու, վերանորոգելու եւ դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները.
ը) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք.
թ) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները.
ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները.
ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով.
ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները:
Հոդված 24. Աշխատանքի թույլտվության տրամադրումը եւ մերժումը
1. Աշխատանքի թույլտվության տրամադրումը եւ մերժումն իրականացնում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում:
2. Օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրվում է ոչ ավելի, քան մեկ տարվա ժամկետով եւ այն կարող է երկարաձգվել նույն ժամկետով միայն մեկ անգամ` պահպանելով սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Օտարերկրյա քաղաքացուն կարող է տրամադրվել նոր աշխատանքի թույլտվություն, եթե նա ոչ պակաս, քան մեկ տարի անընդմեջ բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
3. Աշխատանքի թույլտվության մեջ նշվում են այն աշխատանքը, որը պետք է կատարի օտարերկրացին, եւ այն գործատուն, որի մոտ նա անցնում է աշխատանքի: Աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրվում կամ դրա ժամկետը երկարաձգվում է աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով:
4. Աշխատանքի թույլտվություն ստանալու, ինչպես նաեւ պահանջվող թույլտվությունների ժամկետների երկարաձգման համար գործատուից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:
Հոդված 25. Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժելու հիմքերը
Աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժվում է, եթե`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի վիճակը վերջինիս լուրջ վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը.
բ) տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով պահանջվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
գ) պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը կեղծված են.
դ) գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացին, նախկինում խախտել է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները.
ե) գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը սպառնացող պատճառներ.
զ) գործատուն չունի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա:
Հոդված 26. Աշխատանքի թույլտվության մերժման բողոքարկումը
1. Աշխատանքի թույլտվության մերժման մասին օտարերկրացուն ծանուցվում է գրավոր:
2. Օտարերկրացին կարող է աշխատանքի թույլտվության մերժումը մերժման պահից հինգ օրվա ընթացքում բողոքարկել դատական կարգով:
Հոդված 27. Աշխատանքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագրի) կնքումը
1. Աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան` միայն աշխատանքի թույլտվության վավերականության ժամկետով: Աշխատանքային պայմանագրում (ծառայությունների մատուցման պայմանագրում) պետք է ներառվեն նաեւ օտարերկրացի աշխատողի եւ նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետություն փոխադրման, սոցիալական ապահովության եւ ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման եւ բնակության վայրում հաշվառման եւ վերադարձի հետ կապված հարցերը:
2. Գործատուի գործունեության դադարեցման դեպքում օտարերկրացի աշխատողն իրավունք ունի աշխատանքի թույլտվության գործողության մնացած ժամկետով կնքելու նոր աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) այլ գործատուի հետ` պայմանով, որ նշված ժամկետի ավարտին մնացել է առնվազն երեք ամիս, եւ նոր գործատուն ստացել է լիազորված մարմնի համաձայնությունը:
3. Օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիրը (ծառայությունների մատուցման պայմանագիրը) կնքելուց հետո` եռօրյա ժամկետում, գործատուն դրա պատճենը ներկայացնում է օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմին՝ գրանցման համար:
Հոդված 28. Աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելը եւ գործողության դադարումը
1. Աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
ա) օտարերկրացին աշխատանքի թույլտվությունը ձեռք է բերել կեղծիքով.
բ) օտարերկրացին աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) չի կնքել աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, կամ այլ աշխատանքի է անցել առանց թույլտվության:
Աշխատանքի թույլտվության գործողությունը դադարում է, եթե լրացել է աշխատանքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագրի) ժամկետը, կամ պայմանագիրը լուծվել է:
2. Աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչում լիազորված մարմինը:
3. Աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու որոշման մասին լիազորված մարմինը 5-օրյա ժամկետում գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին, գործատուին եւ օտարերկրացուն:
Հոդված 29. Անօրինական միգրացիայի դեմ պայքարը
1. Եթե գործատուն Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած օտարերկրացի աշխատողին չի ապահովում այն աշխատանքով, որի համար վերջինս ստացել է աշխատանքի թույլտվություն, ապա գործատուն հոգում է նրա, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, վերադարձի ծախսերը, ծագման պետություն հասնելու` տեղափոխման եւ ապրուստի, ինչպես նաեւ անձնական ունեցվածքի փոխադրման ծախսերը:
2. Օտարերկրացի աշխատողներին ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու նպատակով օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինն իրականացնում է անվճար օգնություն եւ ծառայություն, ապակողմնորոշիչ տեղեկատվության դեմ պայքարին ուղղված խորհրդատվություն: Օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը պարտավոր է օտարերկրացուն անվճար խորհրդատվություն տալ նախքան իր` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը գործատուի եւ իր միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի դրույթների վերաբերյալ, ինչպես նաեւ ստուգել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելուց հետո դրանց փաստացի համապատասխանությունը:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ԿԱՄԱՎՈՐ ՀԵՌԱՆԱԼԸ ԵՎ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ
Հոդված 30. Օտարերկրացիների կամավոր հեռանալը Հայաստանի Հանրապետությունից
Օտարերկրացին պարտավոր է կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե՝
ա) լրացել է նրա մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը.
բ) մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվել սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում նշված հիմքերով.
գ) մերժվել է նրա` կացության կարգավիճակ ստանալու կամ ժամկետը երկարաձգելու համար դիմումը.
դ) նա սույն օրենքի 21-րդ հոդվածում նշված հիմքերով զրկվել է կացության կարգավիճակից:
Հոդված 31. Օտարերկրացու արտաքսման վերաբերյալ գործի հարուցումը
Եթե սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրացին կամավոր չի հեռացել Հայաստանի Հանրապետության տարածքից, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը արտաքսման վերաբերյալ գործ է հարուցում եւ ներկայացնում դատարան:
Հոդված 32. Օտարերկրյա քաղաքացիների արտաքսումն արգելող հանգամանքները
1. Արգելվում է օտարերկրացիներին արտաքսել այն պետություն, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, մասնավորապես, եթե նրան սպառնում է հետապնդում ռասայական, կրոնական պատկանելության, սոցիալական ծագման, քաղաքացիության կամ քաղաքական համոզմունքների պատճառով, կամ եթե տվյալ օտարերկրացիները կարող են ենթարկվել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կամ մահապատժի:
Հետապնդման սպառնալիքի կամ խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ մահապատժի իրական վտանգի գոյության մասին ապացույցները դատարան է ներկայացնում տվյալ օտարերկրացին:
2. Արգելվում է արտաքսել Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացուն, եթե նա`
- անչափահաս է, եւ նրա ծնողները օրինական հիմքերով բնակվում են Հայաստանի Հանրապետությունում կամ
- իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա, կամ
- 80 տարեկանից բարձր տարիքի է:
3. Արգելվում է օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումը:
Հոդված 33. Օտարերկրացիների իրավունքները եւ պարտականությունները արտաքսման վերաբերյալ գործի քննության ընթացքում
Օտարերկրացին, որը ենթակա է արտաքսման Հայաստանի Հանրապետությունից, օգտվում է դատական պաշտպանության համար Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված բոլոր իրավունքներից:
Հոդված 34. Օտարերկրացու արտաքսման մասին որոշումը
1. Արտաքսման վերաբերյալ գործի քննության արդյունքում դատարանը կայացնում է որոշում օտարերկրացու արտաքսման կամ արտաքսումը մերժելու մասին:
2. Արտաքսման մասին դատարանի որոշման մեջ նշվում են օտարերկրացու արտաքսման օրը, երթուղին, պետական սահմանի անցման կետը, արտաքսման ծախսերը հոգալու, մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրի, որոշակի պարբերականությամբ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան ստորաբաժանում ներկայանալու պարտավորության, ինչպես նաեւ առանց թույլտվության բնակության վայրը թողնելու արգելքի մասին, սույն օրենքի 6-րդ գլխով նախատեսված դեպքերում ձերբակալված լինելու դեպքում մինչեւ արտաքսումը ձերբակալման մեջ պահելու կամ ազատ արձակելու մասին:
3. Արտաքսումը մերժելու մասին դատարանի որոշման մեջ նշվում է ժամանակավոր կացության կարգավիճակ տալու` ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի պարտականության մասին:
Հոդված 35. Արտաքսման մասին որոշման բողոքարկումը
1. Արտաքսման մասին որոշումը օտարերկրացին կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:
2. Արտաքսման մասին որոշման բողոքարկման դեպքում օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից կասեցվում է:
Հոդված 36. Արտաքսման մասին որոշումն ի կատար ածելը
1. Արտաքսման մասին որոշման վերաբերյալ նշում է կատարվում օտարերկրացու անձնագրում:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինն ի կատար է ածում օտարերկրացու արտաքսման մասին որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինն իրականացնում է արտաքսված օտարերկրացիների առանձին հաշվառում, որոնց մասին տվյալները մտցվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալների բանկ:
4. Արտաքսման մասին արտաքսվող օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացվում է եռօրյա ժամկետում:
5. Արտաքսման ծախսերը օտարերկրացու կողմից չհոգալու դեպքում կատարվում են Հայաստանի Հանրապետական պետական բյուջեից:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՊԱՀՈՒՄԸ ԿԱՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 37 . Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների պահումը
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` օտարերկրացուն ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից նա ժամանել է, վերադարձնելու անհնարինության դեպքում, առանց անձնագրի, անվավեր անձնագրով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիները կարող են պահվել տարանցիկ գոտում կամ այլ տեղ` այդ նպատակով ստեղծված հատուկ կացարանում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված օտարերկրացիներն ընտանիքի անդամներ են, ապա նրանք պահվում են համատեղ:
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի ուղեկցությամբ երթեւեկող 18 տարին չլրացած անձ է, ապա նա չի կարող պահվել հատուկ կացարանում եւ անմիջապես պետք է ուղեկցվի ծնողի (ծնողների) կամ օրինական ներկայացուցչի մոտ:
4. Սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը հատուկ կացարանում օտարերկրացուն տեղավորելուց հետո` 24 ժամվա ընթացքում, դիմում է դատարան՝ օտարերկրացուն մինչեւ 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:
Դատարանի կողմից որոշում կայացնելու նպատակով օտարերկրացին դատարան է տեղափոխվում սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ:
5. Եթե 90 օրվա ընթացքում անհնար է լինում օտարերկրացու վերադարձը ծագման պետություն, ապա օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրվում է ժամանակավոր թույլտվություն մինչեւ օտարերկրացու հեռացումը Հայաստանի Հանրապետությունից, սակայն ոչ ավել, քան 1 տարի ժամկետով:
6. Սահմանային անցման կետերում եւ տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության եւ օտարերկրացիներին պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 38. Արտաքսման նպատակով օտարերկրացու ձերբակալումը
1. Օտարերկրացին սույն օրենքով սահմանված կարգով կարող է ձերբակալվել եւ պահվել հատուկ կացարանում, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ նա կարող է թաքնվել մինչեւ դատարանում արտաքսման մասին գործի քննությունը կամ օրինական ուժի մեջ մտած արտաքսման որոշման կատարումը:
Օտարերկրացուն ձերբակալելուց եւ հատուկ կացարանում տեղավորելուց հետո` 48 ժամվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը դիմում է դատարան` օտարերկրացուն մինչեւ 90 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը ձերբակալման մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է ձերբակալված օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությանը եւ(կամ) տվյալ օտարերկրացու` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մերձավոր ազգականներին:
3. Ձերբակալված օտարերկրացին հատուկ կացարանում կարող է պահվել մինչեւ արտաքսման մասին գործի քննության արդյունքում դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ մտնելը, բայց ոչ ավել, քան 90 օր: Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրացու նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 36-րդ հոդվածի դրույթները:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ կացարանների գործունեության եւ ձերբակալված օտարերկրացիներին պահելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 39. Ձերբակալված կամ պահվող օտարերկրացու իրավունքները
Սույն օրենքի 37-րդ եւ 38-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում պահվող կամ ձերբակալված օտարերկրացին ունի հետեւյալ իրավունքները.
- իրեն հասկանալի լեզվով կամ թարգմանչի միջոցով իմանալ իր ձերբակալման եւ պահման պատճառների մասին,
- բողոքարկել դատարանի` իր վերաբերյալ կայացրած ցանկացած որոշում,
- փաստաբանի կամ այլ իրավական ներկայացուցչի (ներառյալ` հասարակական կազմակերպությունների), ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի պաշտոնյայի այցելության,
- դիմել դատարան իրեն ազատ արձակելու դիմումով,
- ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԵՏԱԳԱ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 40. Օտարերկրացիների հանձնումը եւ ազատազրկման ձեւով հետագա պատիժը կրելու համար փոխանցումը
1. Օտարերկրացիների հանձնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
2. Այն օտարերկրացիները, որոնք ազատազրկման են դատապարտվել Հայաստանի Հանրապետությունում, կարող են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով փոխանցվել իրենց ծագման պետություն՝ հետագա պատիժը կրելու նպատակով:
Հոդված 41. Օտարերկրացիների հանձնումը բացառող հանգամանքները
Օտարերկրացիների հանձնումն արգելվում է, եթե այն արարքի համար, որի կատարման համար օտարերկրացիները պատասխանատվության են կանչվում, նախատեսված է մահապատիժ, կամ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ կարող են ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 42. Օտարերկրացիների վերաբերյալ անհատական տվյալների պաշտպանությունը
Սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մուտքի վիզա ստացած օտարերկրացիների տվյալների բանկում, 11-րդ հոդվածի 6-րդ մասի հրավերների հաշվառման ընթացքում, 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների հաշվառման ընթացքում, 18-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների հաշվառման ընթացքում, ինչպես նաեւ 36-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արտաքսված օտարերկրացիների հաշվառման ընթացքում օտարերկրացիների, ինչպես նաեւ այլ անձանց անհատական տվյալները մշակելիս այդ անհատական տվյալներն օգտվում են «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանությունից:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 43. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում
Սույն օրենքը խախտելու դեպքում օտարերկրացիները, հրավիրողները, ինչպես նաեւ գործատուները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 44. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (17 հունիսի 1994 թվականի, ՀՕ-110):
Հոդված 45. Անցումային դրույթներ
1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տրված կացության կարգավիճակը գործում է մինչեւ դրա վավերականության ժամկետի ավարտը: Ժամկետի ավարտից հետո օտարերկրացիները կարող են սույն օրենքով նախատեսված կացության կարգավիճակ ստանալ սույն օրենքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության դեպքում:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունից պարտավոր են հեռանալ կամ դիմել սույն օրենքով նախատեսված կարգով համապատասխան կացության կարգավիճակ ստանալու նպատակով այն պետությունների քաղաքացիները, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունն ունի առանց մուտքի վիզայի ռեժիմ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում աշխատող սույն օրենքով նախատեսված աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, պարտավոր են դիմել աշխատանքի թույլտվություն ձեռք բերելու համար:
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, առանց սույն օրենքով նախատեսված աշխատանքի թույլտվության, օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքած գործատուները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, այդ պայմանագրերը համապատասխանեցնում են սույն օրենքով սահմանված պահանջներին եւ գրանցման նպատակով դրանց պատճենները ներկայացնում լիազորված մարմին: