Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1017-21.11.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները:

Հոդված 2.Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որպես ազգային եկեղեցի, եւ նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն  իր նվիրապետության սահմաններում:

Հոդված 3. Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս  ընտրված անձը, որպես  գլուխ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ստանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները` «Խղճի     ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով եւ միջազգային պայմանագրերով, իսկ առանձնահատուկ հարաբերությունները` որպես պետության եւ նրա կողմից ազգային ճանաչված Եկեղեցու հարաբերություններ, սույն օրենքով:

Հոդված 5. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական եւ մշակութային ժառանգությունը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգեւոր, մշակութային եւ վավերագրական ժառանգությունը ազգային ինքնության հենքի կարեւոր եւ անբաժանելի մասն է:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական, հոգեւոր, մշակութային եւ վավերագրական ժառանգության` պետական սեփականություն հանդիսացող հատվածը կարող է պահպանման վայրից փոխադրվել կամ օտարվել միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համաձայնությամբ:

Հոդված 6. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու  պաշտամունքային կառույցները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կառուցել նոր եկեղեցիներ,   գործող դարձնել  պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիները: Այդ եկեղեցիների եւ պաշտամունքային այլ կառույցների պահպանությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ պետությունը իրականացնում են համատեղ:

Հոդված 7. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող մշակութային հաստատությունները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականությունը եւ ազգային մշակութային ժառագության բաղկացուցիչ մասը հանդիսացող կրոնական եւ մշակութային հաստատությունների, հավաքածուների, թանգարանների, գրադարանների, արխիվների պահպանության եւ հարստացման համար պետք է հատկացվի նույն պետական աջակցությունն, ինչ նախատեսված է բյուջեով նմանատիպ պետական մշակութային հաստատությունների համար:

Հոդված 8. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կարող է հիմնել կամ հովանավորել մանկապարտեզներ, տարրական, միջակարգ կամ բարձրագույն կրթության հաստատություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի

- որոշելու պետական հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցուն պատմություն» առարկայի, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքի եւ դրան առնչվող դասընթացների բովանդակությունը, սահմանել այդ դասընթացներն իրականացնող ուսուցիչների որակավորման պահանջները, համաձայնություն տալ այդ ուսուցիչների ընտրության գործընթացին,

-պետական բարձրագույն եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպել՝ օգտագործելով  դրանց շենքերն ու ռեսուրսները,

-նպաստել հասարակության հոգեւոր կրթությանը պետական կրթական հաստատություններում` օրենքով սահմանված կարգով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանության պաշտոնական լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով կամ զանգվածային միջոցառումների ժամանակ կարող է իրականացվել միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համաձայնությամբ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ստեղծած ուսումնական հաստատությունները պետք է ստանան այն աջակցությունը, որը պետությունը ցուցաբերում է մասնավոր հաստատություններին:

Պետությունը պետք է երաշխավորի կրոնական կրթության իրավունքի իրացումը` կամավորության հիման վրա:

Հոդված 9. Ամուսնությունների գրանցումը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից կանոնական ծեսով  իրագործված ամուսնությունների քաղաքացիական ուժը: Նման ամուսնությունը համարվում է օրինական պսակադրության պահից: Լիակատար` իրավական ճանաչման համար նման ամուսնությունը պետք է գրանցվի քաղաքացիական ռեգիստրում, ինչը կարող է կատարվել ամուսնության գոյությունը հավաստող եկեղեցական վկայականի ներկայացմամբ:

Եկեղեցու կողմից հռչակված ամուսնալուծությունը ճանաչվում է պետության կողմից:

Հոդված 10. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեխնամ գործունեությունը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալ մշտական հոգեւոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, զառամյալների եւ հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում` ներառյալ քննչական մեկուսարարաններում:

Հոդված 11. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարկումից ազատ եկամուտները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ  Եկեղեցին հասարակական դրամահավաքներ կազմակերպելու եւ նվիրատվություններ ու ընծաներ ստանալու իրավունք ունի, որոնք ազատ են հարկումից:

Հոդված 12.  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ իրավապահ մարմինների հարաբերությունները

Եթե հոգեվորականը հանցանք է գործել, ապա այդ մասին իրավապահ մարմինները պետք է անհապաղ տեղեկացնեն համապատասխան թեմի առաջնորդին կամ եկեղեցական կառույցի ղեկավարին: Եթե նա եպիսկոպոս է, ապա պետք է տեղեկացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Պաշտամունքի շինություն` ծառայողական պարտականությունների կատարման նպատակով ոստիկանը միայն օրենքով սահմանված դեպքերում կարող է մուտք գործել` առանց նախապես տեղեկացնելու եկեղեցու ներկայացուցչին:

Հոդված 13. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը այլ երկրներում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաեւ այլ երկրներում, գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո` միջազգային իրավական նորմերի համապատասխան:

Հոդված 14. Օրենքն ուժի մեջ մտնելը

Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո՝ 10-րդ օրը: