Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1031-29.11.2006-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՍԻ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում որսի եւ որսորդական տնտեսության ոլորտում (բնագավառում) հարաբերությունները, ապահովելով որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման, որսահանդակների  պաշտպանության եւ բարելավման, որսի եւ որսորդական տնտեսության վարման իրավական հիմունքները, որսի օգտատիրոջ օրինական իրավունքների ձեռքբերման եւ պաշտպանման պետական քաղաքականության հիմունքները:

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները ունեն հետեւյալ իմաստները՝

Որսի կենդանիներ - բնական ազատ պայմաններում ապրող վայրի կենդանիներ, որոնք օրենքով սահմանված կարգով համարվում են որսի օբյեկտներ,

Որսահանդակ - որսի կենդանիների բնակության միջավայր` անտառային, դաշտային, ջրածածկ տարածքներ, որոնք կարող են օգտագործվել որպես որս իրականացնելու վայր,

Որս - ազատ պայմաններում ապրող վայրի կենդանիների հայթայթում (որսորդություն, ձկնորսություն, հավաք)` Հայաստանի Հանրապետության օրենքով թույլատրված միջոցներով, եղանակներով, չափաքանակներով եւ ժամանակահատվածներով,

Որսի արգասիք - որսի ընթացքում հայթայթած վայրի կենդանու միսը, կաշին, մորթին, ոսկորները, կենսագործունեության արտադրանքը, օրգաններն ու հյուսվածքները, ինչպես նաեւ որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասերը,

Որսի ռեսուրսի օգտագործում - որսի կենդանիների եւ նրանց արգասիքների օգտագործման նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գործողություն,

Որսի կենդանիների հաշվառում - որսի կենդանիների տեսակային կազմի, թվաքանակի եւ նրանց տարածվածության որոշում,

Որսի կենդանիների պետական մոնիտորինգ - որսահանդակներում եւ որսահանդակներից դուրս որսի կենդանիների պետական դիտանց՝ որսի կենդանիների տեսակների, թվաքանակի, վիճակի եւ տարածվածության վերաբերյալ,

Որսի կենդանիների պետական կադաստր - որսի կենդանիների տեսակային կազմի, քանակական եւ որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային եւ տնտեսական արժեքների, աշխարհագրական եւ վարչատարածքային տարածվածության, պաշարների եւ օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ,

Որսորդ - սույն օրենքով սահմանված կարգով լիազորված մարմնի կողմից տրված Հայաստանի Հանրապետության տարածքում որսորդությամբ զբաղվելու իրավունք ունեցող քաղաքացի,

Որսորդական տնտեսություն - գործառնական տարածք, որում ապահովվում է որսի կենդանիների եւ նրանց բնակության միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը վերարտադրությունը եւ կայուն օգտագործումը,

Կենսատեխնիկական միջոցառումներ - որսահանդակներում կենսաբանական արտադրանքի` որսի կենդանիների քանակի եւ տեսակային կազմի ավելացմանն ուղղված միջոցառումներ,

Որսի օգտատեր - իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը սույն օրենքով սահմանված կարգով որսորդական տնտեսություն վարելու իրավունք է ստացել,

Որսի թույլտվություն - որսի իրավունքը հաստատող փաստաթուղթ,

Որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների տեսակներ - վայրի կենդանիներ, այդ թվում եւ Կարմիր գրքում գրանցված, որոնց որսն իրականացվում է խիստ սահմանափակ քանակությամբ` միայն անվանական թույլտվությունների հիման վրա,

Անվանական թույլտվություն - փաստաթուղթ, որը իրավունք է տալիս տվյալ որսորդին իրականացնել որս՝ որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների   որոշակի տեսակի համար,

Որսորդական ուղեգիր - որսահանդակներում որս իրականացնելու համար սույն օրենքով սահմանված կարգով տրված միանվագ կամ սեզոնային այցելության անվանական թույլտվություն, որում նշված է որսի վայրը, որսի ձեւը, այցելության ժամկետները, որսատեսակները եւ յուրաքանչյուր որսատեսակի քանակը,

Որսված կենդանիների գրանցման կտրոն - փաստաթուղթ, որը լրացվում է որսորդի կողմից իրեն տրված որսի թույլտվությամբ նախատեսված կենդանիների որսի իրականացված արդյունքի վերաբերյալ,

Որսորդական մինիմում - սույն օրենքի դրույթների համապատասխան, որսի անվտանգության տեխնիկայի,  որսորդական զենքի հետ վարվելու կանոնների եւ որսի կենդանիների կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ սպորտային եւ սիրողական որսի համար մշակված գիտելիքների պահանջներ,

Որսահանդակների գնահատում - տնտեսության որսահանդակների, բնասահմանի /բնավայրի (գետ, անտառ, լեռ եւ այլն) որակական ընդհանուր գնահատական: Որսահանդակների գնահատումը որոշվում է որոշակի կենդանատեսակի, բուսածածկույթի, կերային, պաշտպանական եւ բնադրավայրի պիտանիության արժեքով:

Հոդված 2. Որսի կենդանիների պաշտպանությունը, վերարտադրությունը եւ կայուն օգտագործումը, որսահանդակների պահպանությունը եւ բարելավումը, որսի եւ որսորդական տնտեսության վարումը կարգավորող օրենսդրությունը

Որսի կենդանիների պաշտպանության, վերարտադրության եւ կայուն օգտագործման, որսահանդակների  պահպանության եւ բարելավման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառներում հասարակական հարաբերությունները կարգավորվում են «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 3. Օրենքի նպատակը

Սույն օրենքի նպատակն է՝

ա) որսի կենդանիների պահպանության, պաշտպանության ու կայուն օգտագործման ապահովումը,

բ) որսահանդակների պահպանությունը, ամբողջականության ապահովումը եւ բարելավումը,

գ) որսորդական տնտեսությունների ստեղծումը եւ զարգացումը,

դ) որսորդների եւ որսօգտագործողների իրավունքների  եւ պարտականությունների սահմանումը,

ե) որսի կարգավորումը:

ԳԼՈՒԽ II

ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍԻ ՌԵՍՈՒՐՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ՕԲՅԵԿՏՆԵՐԸ  ԵՎ  ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 4. Որսի եւ որսի ռեսուրսի օգտագործման օբյեկտները

Որսի եւ որսի ռեսուրսի օգտագործման (որսօգտագործման) օբյեկտներ են հանդիսանում որսի կենդանիները եւ որսահանդակների հետ մեկտեղ նաեւ նրանց օգտագործման իրավունքները:

Հոդված 5. Որսի կենդանիները

Որսի կենդանիների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որսի կենդանիների օգտագործման իրավունքները տարանջատվում են դրանց բնակավայրերի եւ կեցության վայրերի (հող, ջուր, օդ, անտառ) օգտագործման իրավունքներից:

Հոդված 6. Որսահանդակները

Հայաստանի Հանրապետությունում որսահանդակները կարող են գտնվել անտառային եւ գյուղատնտեսական հողերի, ինչպես նաեւ ջրատարածքների վրա:

Հոդված 7. Որսի եւ որսօգտագործման փոխհարաբերությունների մասնակիցները

Որսի եւ որսօգտագործման փոխհարաբերությունների մասնակիցներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունը,

բ)  Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիները,

գ)  ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

Նրանց փոխհարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության անունից որսի եւ որսօգտագործման փոխհարաբերությունների մասնակիցները

Հայաստանի Հանրապետության անունից որսի եւ որսօգտագործման փոխհարաբերությունների մասնակիցներն են

ա)  Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

բ)  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը,

գ)  պետական կառավարման տարածքային մարմինները,

դ)  տեղական ինքնակառավարման մարմինները:

ԳԼՈՒԽ III

ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ  ՈՐՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն օրենքով վերապահվող իրավասությունները

Որսի կենդանիների եւ որսահանդակների պաշտպանության, պահպանության եւ կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են՝

ա) որսի կենդանիների եւ որսահանդակների պահպանությունը, պաշտպանությունը եւ կայուն օգտագործումը, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառներում պետական քաղաքականության իրականացունը,

բ)  պետական ծրագրերի հաստատումը,

գ)  որսի կենդանիների պետական կադաստրի վարման կարգի սահմանումը,

դ)  որսահանդակների սահմանումը,

ե) որսորդական տնտեսություն  վարելու իրավունքի տրամադրման մրցույթի անցկացման կարգի սահմանումը,

զ)  որսորդական մինիմումի սահմանումը,

է)  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի  իրավասությունները

Որսի կենդանիների եւ որսահանդակների, պահպանության, պաշտպանության եւ կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) իրավասություներն են՝

ա) որսի կենդանիների եւ որսահանդակների պահպանության, պաշտպանության եւ կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

բ)  որսի կանոնների հաստատումը,

գ) որսի թույլտվությունների, պայմանագրերի եւ ուղեգրերի օրինակելի ձեւերի մշակումն ու հաստատումը,

դ) որսի կենդանիների, այդ թվում եւ որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանիների օգտագործման թույլտվություններ տալը եւ պայմանագրերի կնքումը,

ե) տարբեր տեսակի կենդանիների որսի չափաքանակի տարեկան հաստատումը,         նրանց օգտագործման թույլատրելի չափաքանակների, որսի ժամկետների սահմանումը,

զ)  որսի կենդանիների պետական կադաստրի վարումը,

է)   որսի կենդանիների ցանկի հաստատումը,

ը) պետական ծրագրերի մշակումը եւ իր լիազորության սահմաններում դրանց իրականացումը,

թ)  որսի կենդանիների պետական հաշվառման կազմակերպումը եւ իրականացումը,

ժ) որսի կենդանիների եւ որսահանդակների պետական մոնիտորինգի կազմակերպումն ու իրականացումը,

ժա) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության   իրականացումը,

ժբ) որսորդական վկայականի միասնական ձեւի հաստատումը,

ժգ) ոլորտի քաղաքականության եւ ռազմավարության մշակումը,

ժդ) որսորդական վկայականի տրամադրումը լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով,

ժե) պետական անտառներում եւ  անտառային ֆոնդի հողերում  սույն հոդվածի  «ը» եւ «ժա» կետերով  սահմանված իրավասությունները  տրվում է դրանց կառավարումն իրականացնող պետական կառավարման մարմնին,

ժզ) որսի ընթացքում ձեռք բերված արգասիքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից եւ ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլտվության տրամադրում,

ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 11. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները

Հայաստանի Հանրապետությունում որսի կենդանիների եւ որսահանդակների պաշտպանության, պահպանության եւ կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառներում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասություններն են`

ա) մասնակցություն պետական ծրագրերի մշակմանը եւ իրենց իրավասության սահմաններում դրանց իրականացմանը,

 բ)մասնակցություն որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրման, մրցույթի անցկացման հանձնաժողովի աշխատանքներին,

գ) որսի կենդանիների եւ որսահանդակների պաշտպանության, պահպանության, բարելավման եւ կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառներում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեության աջակցում` օրենքով իրենց տրված լիազորությունների սահմաններում,

դ) որսագողության դեմ կազմակերպվող միջոցառումներին աջակցելը,

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 12. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

Հայաստանի Հանրապետությունում որսի կենդանիների եւ որսահանդակների պաշտպանության, պահպանության եւ կայուն օգտագործման, որսի եւ որսորդական տնտեսության վարման բնագավառներում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են՝

ա) մասնակցություն պետական ծրագրերի մշակմանը,

բ) որսահանդակների եւ կենդանական աշխարհի օգտագործման եւ պահպանման   միջոցառումների կազմակերպումը

գ) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ IV

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հոդված 13.  Որսորդական տնտեսության ստեղծումը եւ լուծարումը

Պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում՝ որսորդական տնտեսության կազմակերպման համար առանձնացվող տեղամասերը եւ դրանց չափերը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, օրենքով սահմանված կարգով:

Որսորդական տնտեսությունը կարող է ստեղծվել միայն հատուկ պահպանվող տարածքների (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների), անտառային, ջրային տարածքների, ինչպես նաեւ  գյուղատնտեսական նշանակության հողերի ու արոտավայրերի  վրա:

Որսորդական տնտեսության տարածքներում թույլատրվում է տեղադրել մինչեւ 50 քմ. տիպային կառույցներ, որոնց նախագծերը հաստատվում են քաղաքաշինության  բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից, առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության:

Նշված տարածքներում այլ տիպի շինությունների կառուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում որսորդական տնտեսության ստեղծման առաջարկությունը նախապատրաստվում եւ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը, օրենքով եւ այլ իրավական ակտերով  սահմանված կարգով: Առաջարկության մեջ պետք է նշվի որսորդական տնտեսության կազմակերպմանն առաջարկվող տեղադրությունը, տարածքի չափը, հողամասի նպատակային նշանակությունը եւ դրա օգտագործման նկատմամբ պահանջներն ու սահմանափակումները, որսորդական կենդանիների հաշվառման տվյալները:

Առաջարկությունների նախապատրաստման եւ ներկայացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 14. Որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրումը

Որսորդական տնտեսության կազմակերպման իրավունքը որսի օգտատերը ստանում է սույն օրենքով սահմանված կարգով` մրցութային եղանակով:

Պետության եւ համայնքային  սեփականություն հանդիսացող հողամասերը որսորդական տնտեսության կազմակերպման համար հատկացվում են վարձակալության եւ կառուցապատման իրավունքով` մրցութային կարգով:

Որսորդական տնտեսություններ կարող են կազմակերպվել նաեւ ??ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի վրա  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական օրենսգրքով սահմանված  կարգով՝ սույն օրենքի պահանջների համապատասխան:

Հողօգտագործման պայմանագիրը կնքվում է հողի սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի հետ` օրենքով սահմանված կարգով:

Պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի մրցույթը անցկացնելու համար ստեղծվում է մրցութային հանձնաժողով` լիազոր մարմնի, մարզպետարանների եւ համապատասխան գիտական եւ հասարակական կազմակերպությունների կողմից լիազորված մասնագետների պարտադիր մասնակցությամբ:

Պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հայտատերերի հետ կնքվում է համապատասխան հողօգտագործման պայմանագիր, որից հետո օգտատերը օրենքով սահմանված կարգով ստանում է տվյալ տարածքում որսորդական կենդանիների օգտագործման թույլտվություն:

Հոդված 15. Որսորդական տնտեսության վարումը

Որսի օգտատերը իրականացնում է որսորդական տնտեսության վարումը, որը ներառում է հետեւյալ գործառույթները.

ա) որսորդական կենդանիների պահպանության, պաշտպանության եւ կայուն օգտագործման միջոցառումների իրականացում,

բ) որսահանդակների որակի բարելավման եւ պահպանման միջոցառումների իրականացում,

գ) որսահանդակների գնահատում եւ կենդանիների հաշվառումը,

դ) կենդանիների քանակի կարգավորումը օրենքով սահմանված կարգով` ըստ որսահանդակի տարողության` ապահովելով կենդանիների կողմից բնության վրա բացասական ազդեցության  նվազեցում,

ե) կենդանիների բազմացում եւ վերարտադրություն

զ) կենդանիների բնականոն զարգացում եւ վերարտադրությունն ապահովող անհրաժեշտ տարածքների եւ  պայմանների ապահովում,

է) կենսատեխնիկական միջոցառումների իրականացում,

ը) որսորդների կենցաղային պայմանների եւ որսի իրականացման անհրաժեշտ պայմանների ապահովում:

Հոդված 16. Որսորդական տնտեսության օգտագործումը եւ օգտագործման համար վճարումները

Որսորդական տնտեսության օգտագործումը վճարովի է: Վճարումների չափը եւ վճարումների կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ համապատասխան պայմանագրով: Վճարները իրենց մեջ ներառում են որսորդական տնտեսության գույքի, նրա զբաղեցրած հողամասի վարձակալության վճարները, որսի ռեսուրսի օբյեկտների օգտագործման համար բնօգտագործման վճարները եւ դրանց հետ կապված ծառայությունների դիմաց գանձվող վճարները:

Պետության սեփականություն հանդիսացող հողամասերում նոր ստեղծված որսորդական տնտեսությունները` խրախուսման նպատակով, ազատվում են հողամասի վարձավճարից, հողամասի տրամադրման պահից մինչեւ 10 տարի ժամկետով: Նշված ժամկետի երկարաձգումը կատարվում է ՀՀ կառավարության կողմից 10 տարին լրանալուց հետո:

Հողամասի նկատմամբ վարձակալության վճարները որսորդական տնտեսությունների համար, սահմանվում եմ ՀՀ կառավարության կողմից:

Սույն հոդվածով սահմանված գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:

Հոդված 17. Որսորդական տնտեսությունից օգտվելու համար վճարումները

Որսորդական տնտեսությունում որսը եւ նրա հետ կապված ծառայությունների մատուցումը վճարովի է:

Որսի կենդանիների օգտագործման վճարները /բնօգտագործման դրույքաչափերը/  եւ դրանց վճարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Որսորդական տնտեսություններում ծառայությունների մատուցման համար վճարի չափերը սահմանվում են պայմանագրային հիմունքներով:

ԳԼՈՒԽ V

 ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 18. Լիազորված մարմնի իրավունքներն ու պարտավորությունները

Լիազորված մարմինը իրավունք ունի.

ա) օրենքով սահմանված կարգով դադարեցնել որսորդների կամ որսի օգտատերերի հետ կնքված թույլտվություներն ու պայմանագրերը,

բ) ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն որսորդական տնտեսության վարման կամ գործունեության մասին,

գ) համապատասխան պայմանագրի հիման վրա, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով տրամադրել որսի օգտատիրոջը որսահանդակներ` որսորդական տնտեսության ստեղծման եւ զարգացման նպատակով:

Լիազորված մարմինը  պարտավոր է.

ա) ապահովել որսի օգտատիրոջը որսի կենդանիների պահպանության եւ որսի կանոնների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ,

բ) աջակցել որսի օգտատիրոջը կենսատեխնիկական միջոցառումների եւ ծրագրերի իրականցմանը, որսի կենդանիների հաշվառումների անցկացմանը, տնտեսության եւ որսահանդակների գնահատմանը:

ԳԼՈՒԽ VI

ՈՐՍԻ ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 19. Որսի օգտատիրոջ իրավունքները

Որսի օգտատերը իրավունք ունի`

ա) տնօրինել իրեն տրամադրված որսահանդակը եւ վարել որսորդական տնտեսություն` համաձայն որսորդական տնտեսության վարման համար տարածքը տրամադրելու պայմանագրի,

բ) իրականացնել որսահանդակների օգտագործում համաձայն պայմանագրում ամրագրված տարածքների, ժամկետների, օգտագործման ձեւերի եւ ծավալների,

գ) իրեն ամրագրված որսահանդակներում ինքնուրույն իրականացնել որսորդական տնտեսության գործունեություն` սույն օրենքով սահմանված, իր պարտավորություններին, որսորդական տնտեսության նախագծերին եւ որսի կանոններին համապատասխան,

դ) պայմանագրային պայմաններին համապատասխան սահմանել անցակետեր, արգելքի վայրեր, վերարտադրության տեղամասեր, կերակրման կետեր, կենդանիների բնականոն զարգացման համար առանձնացված հանգստի գոտիներ, իրականացնել այլ կենսատեխնիկական միջոցառումներ,

ե) տնտեսության զարգացման նպատակով սահմանված կարգով իրականացնել որսորդական տնակների, թաքստոցների, հյուղակների, դիտակետերի, կառույցների, ճանապարհների, այլ օբյեկտների կառուցում, համաձայնեցնելով  համապատասխան լիազոր մարմնի հետ,

զ) սեփական միջոցներով վարել որսի կենդանիների հաշվառում եւ դրա արդյունքների հիման վրա լիազորված մարմնին ներկայացնել որսի կենդանիների օգտագործման հայտ,

է) իրականացնել որսի կենդանիների վերարտադրման աշխատանքները «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության առկայության դեպքում,

ը) որսի կազմակերպման եւ այլ ծառայությունների համար ստանալ վճարներ,

թ) ստանալ որսորդական կենդանիների օգտագործման թույլտվություն,

ժ) իրեն տրամադրված տարածքում իրականացնել հսկողություն,

Ժա) տեղադրել ցուցանակներ, վահանակներ,

ժբ) մշակել եւ վերամշակել անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված  որսի արգասիքը,

ժգ) վաճառել որսի արգասիքը եւ դրա մշակումից եւ վերամշակումից ստացված արտադրանքը,

ժդ) տնօրինել որսի արգասիքի եւ դրա վաճառքից առաջացած եկամուտը,

ժե) իրավաբանական անձերի եւ քաղաքացիների, այդ թվում նաեւ օտարերկրյա քաաքացիների հետ, կնքել պայմանագրեր որս իրականացնելու նպատակով ծառայություններ տրամադրելու մասին,

ժզ) վաղաժամ դադարեցնել պայմանագիրը համաձայն գործող օրենսդրության եւ պայմանագրի դրույթների:

Հոդված 20. Որսի օգտատիրոջ պարտականությունները

Որսի օգտատերը պարտավոր է`

ա) կատարել բնապահպանական, կենդանական աշխարհի  պահպանության նորմերով, սույն օրենքով եւ  որսի կանոններով ամրագրված դրույթները,

բ) տրամադրված որսահանդակը օգտագործել ըստ նպատակի եւ համաձայն պայմանագրի,

գ) կատարել պայմանագրի ու թույլտվության մեջ նշված պարտականությունները,

դ) ժամանակին մուծել օրենքով սահմանված վճարները,

ե) իրականացնել կենսատեխնիկական միջոցառումներ` ուղղված որսորդական տնտեսության զարգացմանը, որսահանդակների պահպանությանը եւ բարելավմանը, վայրի կենդանիների պաշտպանությանը, բազմացմանը եւ կայուն օգտագործմանը,

զ) աջակցել իրեն տրամադրված տարածքում որսի կանոնների կատարմանը եւ որսագողության կանխմանը,

է) որսի արգասիքների տեղափոխման եւ իրացման գործընթացներն իրականացնել օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով սահմանված ուղեկցող փաստաթղթերի առկայության  դեպքում,

ը) վեց ամիսը մեկ անգամ լիազորված մարմնին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն որսորդական տնտեսության վարման կամ գործունեության մասին,

թ) թույլ չտալ այլ հողօգտագործողների իրավունքների խախտում,

ժ) աշխատանքները իրականացնել այնպես, որպեսզի թույլ չտա որսահանդակի վիճակի վատթարացում,

Ժա) պահպանել որսի կանոնները եւ սահմանված ժամկետները, ձեւերը, չափաքանակները եւ միջոցները,

Ժբ) մշտապես իրականացնել միջոցառումներ ուղղված որսահանդակների եւ որսի կենդանիների պահպանությանը,

Ժգ) մշակել եւ պայմանագրով սահմանված ժամկետում լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնել որսորդական տնտեսության վարման եւ զարգացման ծրագիրը,

ժդ) որսորդական տնտեսության ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում նշել տարածքի սահմանները համապատասխան վահանակներով եւ պահպանել նրանց վիճակը,

Հոդված 21. Որսի օգտատիրոջ գործունեության դադարեցումը

Որսի օգտատիրոջ գործունեության դադարեցումը կարող է առաջանալ հետեւյալ պատճառներով՝

ա) տարածքը տրամադրելու պայմանագրի ժամկետը լրանալու, կամ լուծելու դեպքում,

բ) որսի թույլտվության ու պայմանագրի ժամկետը լրանալու կամ լուծարելու դեպքում,

գ) իրավաբանական անձի լուծարման դեպքում,

դ) որսորդական տնտեսության լուծարման դեպքում:

ԳԼՈՒԽ VII

ՈՐՍԸ Հոդված 22. Որսի իրավունքը

Հոդված 22. Որսի իրավունքը

Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն՝

ա) 18-տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում եւ օրենքով սահմանված կարգով ստացել են որսորդական զենք կրելու եւ սույն օրենքի 25-րդ հոդվածում նշված որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր,

բ) օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել որսորդական զենք կրելու եւ որս իրականացնելու իրավունք:

Հոդված 23. Որսորդական վկայականը

Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված միասնական ձեւի որսորդական վկայական: Որսորդական վկայականը տրվում է լիազորված մարմնի կողմից որսորդական մինիմումի քննությունը հանձնած եւ օրենքով սահմանված չափով  եւ կարգով պետական տուրք մուծած քաղաքացիներին:

Հոդված 24. Որսորդական մինիմումը

Որսորդական մինիմումի քննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որսորդական մինիմումի քննությունը ընդունում է լիազորված մարմնի ներքո ստեղծված մասնագիտական հանձնաժողովը: Որսորդական մինիմումի հանձնաժողովի կարգավիճակը եւ լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 25. Որս  կատարելու անհրաժեշտ փաստաթղթերը

Որսորդության փաստաթղթերն են հանդիսանում՝

ա) որսորդական զենք կրելու վկայականը,

բ) կենդանիների որսի թույլտվությունը,

գ) որսորդական վկայականը

Հոդված 26. Որսի կանոնները

Որսի կանոնները հաստատվում են սույն օրենքով սահմանված կարգով եւ նեռարում են հետեւյալ տվյալները`

ա) որսի ժամկետները եւ կարգը,

բ) որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների  ցանկը,

գ) որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների ցանկը,

դ) կենդանիների որսի սահմանային թույլատրելի չափաքանակները,

ե) որսի արգելված միջոցները եւ գործիքները,

զ) որսի արգելված տարածքների ցանկը,

է) գնված որսի արգասիքի փաստաթղթերի ձեւակերպման կարգը,

ը) օգտագործման հանձնված որսորդական տնտեսությունների եւ որսահանդակների ցանկը,

թ) որսորդների եւ որսի օգտատերերի պարտականությունները:

Հոդված 27. Թույլատրելի որսի ձեւերը եւ մեթոդները

Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է սիրողական (անհատական եւ կոլեկտիվ) որս: Որսի ընթացքում կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով որսորդական ողորկափող եւ ակոսավոր հրազեն, որսորդական սառը զենք: Սույն օրենքով  որպես թույլատրված որսամիջոցներ են համարվում որսորդական շները, որսկան թռչունները, խայծերը, խրտվիլակները, թաքստոցները եւ 5-ից ոչ խոշոր թակարդները, որոնց օգտագործման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:

Հոդված 28. Արգելված որսի մեթոդները

Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է՝

ա) որսի համար օրենքով չնախատեսված զենքի, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով չգրանցված որսորդական զենքի կիրառումը

բ) ռազմական ակոսավոր զենքի օգտագործումը,

գ) ինքնանետերի, աղեղների, ինքնաձիգ հրացանների, օդամղիչ զենքի, ծուղակների (փոսերի) եւ N 5-ից խոշոր թակարդների օգտագործումը,

դ) քիմիական եւ պայթուցիկ նյութերի կիրառումով վայրի կենդանիների որսը՝ բացառությամբ հոտավետ  խայծերի,

ե) լուսարձակների  կամ լուսային այլ հզոր աղբյուրների կիրառումով որսը,

զ) տրանսպորտային կամ մեխանիկական միջոցների կիրառումով որսը,

է) ձվերի եւ ձագերի հավաքը, գազանների եւ թռչունների բների ու որջերի քանդելը,

ը) կենդանիների ապրելավայրերի եւ հավաքատեղերի վնասումը եւ ոչնչացումը,

թ) բնական աղետներից, այդ թվում եւ սովից փրկվող կենդանիների որսը,

ժ) էլեկտրոնային ձայն վերարտադրող սարքերի եւ ձայնարձակիչների կիրառումը,

ժա) ցանցերի, օղակների կիրառումը,

ժբ) առանց թույլտվության վայրի գազաններին եւ թռչուններին անազատ պայմաններում պահելը,

ժգ) կենդանիներին ծխի միջոցով որսալը,

ժդ) էլեկտրական հոսանքի կիրառումով որսը։

ԳԼՈՒԽ VIII

ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 29. Որսորդական տնտեսության օգտագործման պայմանագիր

Որսորդական տնտեսության օգտագործման պայմանագիրը սույն օրենքով սահմանված կարգով կնքվում է լիազորված մարմնի եւ այն իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջեւ, որը հաղթող է ճանաչվել տվյալ որսորդական տնտեսության ստեղծման համար սահմանված կարգով հայտարարված մրցույթում:

Հոդված 30. Որսի կենդանիների օգտագործման թույլտվությունները

Որսի կենդանիների օգտագործման համար տրվում են հետեւյալ թույլտվությունները՝

ա) երկարաժամկետ թույլտվություն - տրվում է մինչեւ 50 տարի ժամկետով լիազորված մարմնի կողմից օգտատիրոջը որսորդական տնտեսության օգտագործման պայմանագրի հիման վրա եւ թույլ է տալիս վերջինիս օգտագործել տարածքի որսորդական կենդանիները համաձայն թույլտվություն մեջ սահմանված տեսակների, քանակների եւ ժամկետների,

բ) կարճաժամկետ թույլտվություն - տրվում է լիազորված մարմնի կամ օգտատիրոջ կողմից որսորդին որսի հատուկ թույլտվություն չպահանջող կենդանիների տեսակների որսի համար կոնկրետ վայրում կամ վայրերում եւ որոշակի ժամանակահատվածում,

գ) անվանական թույլտվություն - տրվում է որսորդին լիազորված մարմնի կամ օգտատիրոջ կողմից` լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով, որսի հատուկ թույլտվություն պահանջող կենդանու տեսակի որսի համար կոնկրետ վայրում եւ որոշակի ժամանակահատվածում: Անվանական թույլտվության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 31. Որսորդական ուղեգիրը

Որսորդական ուղեգիրը տրվում է որսորդին լիազորված մարմնի կամ օգտատիրոջ կողմից եւ իրավունք է տալիս որսալ որոշակի տեսակների որսի կենդանիներ, համաձայն ուղեգրում նշված այցելության ժամկետներին, որսահանդակների, որսատեսակներին, յուրաքանչյուր որսատեսակի քանակի:

ԳԼՈՒԽ IX

ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հոդված 32. Որսի կենդանիների պահպանության եւ պաշտպանության խնդիրները

Որսի կենդանիների պահպանության եւ պաշտպանության խնդիրները կարգավորվում են «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 33. Որսահանդակների պահպանության եւ պաշտպանության խնդիրները

Որսահանդակների պահպանության եւ պաշտպանության խնդիրներն են`

ա) ապահովել որսահանդակների բազմազանության ամբողջականության պահպանությունը,

բ) կանխել որսահանդակների ոչ նպատակային օգտագործումը,

գ) որսահանդակների նպատակային օգտագործումը իրականացնել, հաշվի առնելով այդ տարածքների արժեքը որպես որսի կենդանիների բնակության միջավայր` պահպանելով եւ բարելավելով նրանց բնապահպանական արժեքները,

դ) որսահանդակները որսի եւ տնտեսական նպատակներով շահագործելիս ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը,

ե) կանխել որսահանդակներում կենդանական աշխարհի օբյեկտների ապօրինի ներմուծումը:

Հոդված 34. Որսի կենդանիների պետական մոնիտորինգը

Որսի կենդանիների պետական մոնիտորինգը նպաստում է որսի կենդանիների քանակության պահպանությանը եւ որսաչափերի սահմանմանը: Որսի կենդանիների պետական մոնիտորինգն իրականացվում է որսի կենդանիների տարածվածության, քանակի, վիճակի, ինչպես նաեւ դրանց բնակավայրերի եւ կեցության վայրերի որակի գնահատման, բացասական երեւույթների ժամանակին հայտնաբերման, կանխարգելման եւ վերացման նպատակով կենսատեխնիկական միջոցառումների իրականացման:

Հոդված 35. Որսի կենդանիների պետական հաշվառումը եւ կադաստրը

Որսի կենդանիների պետական հաշվառման եւ կադաստրի նպատակն է բացահայտել որսի կենդանիների տեսակների, դրանց ապրելավայրերի քանակական եւ որակական փոփոխությունները: Որսի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է յուրաքանչյուր տարի` մինչեւ որսի սեզոնի բացումը:

Հոդված 36. Որսի կենդանիների պահպանության իրավական միջոցները

Հայաստանի Հանրապետությունում որսի կենդանիները, որպես կենդանական աշխարհի օբյեկտներ ենթակա են իրավական պահպանության: Որսի կենդանիների եւ դրանց ապրելավայրերի (որսահանդակների) անվտանգության, կենսագործունեության անխաթարությունն ապահովելու նպատակով նախատեսվող ցանկացած գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 

ԳԼՈՒԽ X

ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՍԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 37. Որսի կենդանիների, որսորդական տնտեսության եւ որսի մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը

Որսի կենդանիների, որսորդական տնտեսության եւ որսի մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ XI

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 38. Միջազգային պայմանագրերը

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ XII

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, որսորդական տնտեսության եւ որսի վարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, որսորդական տնտեսության եւ որսի վարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է «Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի» 6 եւ 10 հոդվածների դրույթներին համապատասխան, համաձայն որոնց յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ մշակում է կենսաբանական բազմազանության պահպանման եւ կայուն օգտագործման ռազմավարություններ եւ քաղաքականություն, պահպանում եւ խրախուսում է կենսաբանական պաշարների օգտագործման ավանդական եղանակները եւ կենսաբանական ռեսուրսների օգտագործման ոլորտում երկրի կառավարման մարմինների եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցությունը:

Սույն օրենքը կարգավորում է որսի կենդանիների պահպանությունը, պաշտպանությունը եւ կայուն օգտագործումը, որսորդական տնտեսության եւ որսի վարումը, որսի եւ որսօգտագործման մասնակիցների եւ օբյեկտների շրջանակը, ոլորտի պետական կառավարումը, ինչպես նաեւ սահմանում է ոլորտը կարգավորող մի շարք անհրաժեշտ իրավական ակտերը: