Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10323-30.11.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության (2004 թվականի դեկտեմբերի 14-ի, ՀՕ-29-Ն) օրենքը լրացնել նոր 29.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 29.1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆԸ

1. Հավատարմագիրը փաստաբանին տրամադրվում է օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:

2. Հավատարմագիր ստանալու համար փաստաբանը յուրաքանչյուր տարի` նոյեմբերի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին:

3. Դիմումի հետ միասին ներկայացվում են հավատարմագիր տրամադրելու վերաբերյալ Պալատի տասը այլ փաստաբանների գրավոր համաձայնությունները: Յուրաքանչյուր փաստաբան օրացուցային տարվա ընթացքում իրավունք ունի միայն մեկ փաստաբանի հավատարմագիր տրամադրելու համար համաձայնություն տալ: Եթե միեւնույն փաստաբանը տվել է մեկից ավելի փաստաբանի հավատարմագրման համաձայնություն, ապա նախապատվությունը տրվում էվճռաբեկ դատարան ավելի վաղ ներկայացված համաձայնությանը:

4. Դիմումը եւ դրան կից փաստաթղթերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի գրասենյակ: Դիմումը եւ դրան կից փաստաթղթերը ընդունելիս դրանց վրա նշվում է հանձնման օրը եւ ժամը:

5. Հավատարմագրերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի կողմից` տվյալ փաստաբանին հավատարմագրելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, ստանալով փաստաբանի դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, ստուգում է դրանց համապատասխանությունը օրենքով նախատեսված պահանջներին եւ հավատարմագրում է փաստաբանին դեկտեմբերի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում:

Հավատարմագիրը տրամադրվում է տասներեք ամիս գործողության ժամկետով:

7. Հավատարմագրի գործողությունը դադարեցված է ճանաչվում, եթե՝

ա) լրացել է հավատարմագրի ժամկետը.

բ) դադարեցվել է արտոնագրի գործողությունը.

գ) փաստաբանը գրավոր դիմել է հավատարմագրի գործողությունը դադարեցնելու համար:

8.Եթե վճռաբեկ բողոք բերած փաստաբանի հավատարմագրի գործողությունը դադարեցված է ճանաչվում բողոքը ներկայացնելուց հետո, սակայն մինչեւ վճռաբեկ դատարանում բողոքի քննության պահը, բերված բողոքը ենթակա է քննության:

9. Փաստաբանական պալատի նախագահը փաստաբանների արտոնագրերի գործողությունը դադարեցված ճանաչելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին:

10. Փաստաբանին տրամադրված փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տրամադրված հավատարմագրի գործողության կասեցման:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: