Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-773-23.12.2002-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 4-րդ հոդվածում`

ա) «հարկային ծառայության ընթացակարգեր` ըստ հարկային ծառայության մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների եւ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց՝ հարկային ծառայության մարմնի կողմից հաստատվող գործառույթներ:» պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«հարկային ծառայության գործառույթներ՝ վերադաս հարկային մարմնի եւ հարկային տեսչությունների՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատվող գործառութային պարտականություններ.»,

բ) լրացնել նոր պարբերություններ հետեւյալ խմբագրությամբ`

«հարկային վարչարարություն՝ հարկային մարմնի՝ սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունները՝ ուղղված հարկային օրենսդրության համատարած եւ ճիշտ կիրառման ապահովմանը, հարկային մարմնի խնդիրների իրագործմանը.

հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտներ ՝ Հայաստանի Հանրապետության պետական եւ համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի եւ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարների, դրանց նկատամամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի եւ տուգանքների ամբողջությունը, որոնց հաշվառումը, հաշվառման եւ (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունը օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին.

հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ՝ վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները, հարկային մարմնի հարկային տեսչությունները:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածից հետո նոր 51 հոդված հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 51 . Հարկային մարմինը

Հարկային մարմինը հարկային օրենդրության կատարման նկատմամբ հսկողության իրականացնող միասնական պետական կառավարման հանրապետական մարմին է, որը կոչված է իրագործելու սույն օրենքով սահմանված խնդիրները, ապահովելու բյուջեների՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները, նպաստելու Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր կետերով հետեւյալ խմբագրությամբ`

«6) ֆիզիկական անձանց եկամուտների, գույքի եւ ծախսերի հայտարարագրման մասին օրենսդրության պահանջների կատարման եւ կիրառման նկատմամբ հսկողության իրականացումը,

7) հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերի կիրառման վերաբերյալ հարկային ծառայողների եւ հարկ վճարողների ուսուցման կազմակերպումը:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

« Հոդված 8. Հարկային մարմնի համակարգը

1. Հարկային մարմնի համակարգը ներառում է վերադաս հարկային մարմինը, հարկային մարմնի հարկային տեսչությունները (այսուհետեւ, նաեւ՝ հարկային մարմիններ) եւ հարկային մարմնի առանձնացված ստորաբաժանումները:

2. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարութjունը:

3. Հարկային մարմնի հարկային տեսչությունները ստեղծում, վերակազմակերպում եւ լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարութjունը:

4. Հարկային մարմնի առանձնացված ստորաբաժանումները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

5. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանոմների եւ հարկային տեսչությունների կառուցվածքը եւ գործառույթները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

6. Հարկային մարմնի եւ հարկային մարմնի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, ինչպես նաեւ հարկային մարմնի համակարգի հաստիքների թվաքանակը՝ ըստ համակարգի հարկային ծառայողների, քաղաքացիական ծառայողների եւ վարչատեխնիկական աշխատողների, հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում 1-ին մասի`

ա) 2-րդ կետը «անձանց մոտ» բառերից առաջ լրացնել հետեւյալ բառերով` «, եկամուտներ, գույք եւ ծախսեր հայտարարգրող»,

բ) 4-րդ եւ 5-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4) ստուգման կամ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող սուբյեկտի գրասենյակային, առեւտրային, արտադրական, պահեստային, արխիվային, դրամարկղային տարածքներ եւ ստուգվող այլ ստորաբաժանումներ, ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով կապարակնքել, կնքել այդ տարածքները, ընթերակայի ներկայությամբ՝ այցելել հարկային մարմիններում օրենդրությամբ սահմանված կարգով գրանցված հարկային հաշվառման գրքերում նշված հասցեներ.

5) օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույն հաշվարկել, վերահաշվարկել, ճշգրտել հարկ վճարողի, հարկային գործակալի, հարկային պարտավորություն ունեցող այլ անձի հարկերի եւ պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունները, այդ թվում երրորդ անձանցից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրնեից ստացված տեղեկատվության հիման վրա, կատարել չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ գնումներ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանած կարգով.»

գ) 13-րդ կետից հետո լրացնել նոր կետեր հետեւյալ խմբագրությամբ`

«14) դատարան ներկայացվելիք հայցերի ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում արգելադրել գույքը, որի վրա տարածվելու է բռնագանձումը եւ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին դատարանի օրինական վճռից հետո մասնակցել գույքի իրացմանը եւ հսկել ստացված միջոցների պետական բյուջե մուտքագումը,

15) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրումը:»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածից հետո լրացնել նոր 111 հոդված հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 111 . Հարկային մարմնի ղեկավարը

Հարկային մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով սահմանված գործառույթներ, կրում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված պարտականություններ եւ իրավունքներ, այդ թվում՝

- օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է նորմատիվ ակտեր, որոնց կատարումը պարտադիր է պետական մարմինների, համայնքների, հիմնարկների, կազմակերպությունների, քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող կամ եկամուտ ստացող (վճարող) այլ ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների համար,

- տալիս է ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված հանձնարարագրեր,

- տալիս է բանավոր եւ գրավոր հանձնարարություններ հարկային ծառայողներին եւ հարկային մարմնի համակարգի քաղաքացիական ծառայողներին եւ այլ աշխատակիցներին,

- սույն օրենքից ելնելով, սահմանում է հարկային մարմնի ղեկավարի տեղակալների, վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների պետերի, հարկային տեսչությունների պետերի իրավասությունների շրջանակները, գործունեության բնագավառները եւ պատասխանատվությունը,

- սահմանում է վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանոմների եւ հարկային տեսչությունների գործառույթները, հարկային տեսչությունների գործունեության բնագավառները,

- հաստատում է վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների եւ հարկային տեսչությունների կառուցվածքային հաստիքացուցակը,

- Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հարկային մարմնի տարեկան աշխատանքային ծրագիրը,

- հաստատում է հարկային մարմնի տարեկան հաշվեկշիռը, տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, ֆինանսական հաշվետվությունները,

- վերահսկողություն է իրականացնում հարկային մարմնին ամրացված պետական սեփականության պահպանման եւ արդյունավետ օգտագործման նկատմամբ,

- կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հարկային մարմնի համակարգում ընդունված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող իրավական ակտերը,

- չեղյալ է ճանաչում հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող որոշումները,

- տնօրինում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի միջոցները,

- ըստ անհրաժեշտության ստեղծում է աշխատանքային եւ փորձագիտական հանձնաժողովներ եւ խմբեր,

- պատասխանատվություն է կրում հարկային վարչարարոթյան՝ սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպման եւ իրականացման համար:»:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածից հետո լրացնել նոր 112 հոդված հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 112 . Հարկային մարմնի իրավունքների իրականացումը

Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի՝

1), 2), 3), 4), 5) կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը, հարկային ոստիկանության ծառայողը.

6) կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը, հարկային մարմնի ղեկավարի տեղակալը, հարկային մարմնի ղեկավարը.

7) կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում են հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը, հարկային մարմնի ղեկավարի տեղակալը, հարկային մարմնի ղեկավարը.

8) կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը, հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը.

9) կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային ոստիկանության ծառայողը, հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը.

10) կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում է հարկային ոստիկանության ծառայողը.

11) կետով սահմանված հարկային մարմնի իրավունքներն իրականացնում են հարկային ոստիկանության ծառայողը, ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող հարկային ծառայողը` ստուգման ընթացքում.

12) կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում է հարկային մարմնի ղեկավարը.

13) կետով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում են հարկային մարմնի ղեկավարը, հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային ծառայողը.

14), 15) կետերով սահմանված հարկային մարմնի իրավունքն իրականացնում են հարկային տեսչության պետը, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետը, հարկային մարմնի ղեկավարի տեղակալը, հարկային մարմնի ղեկավարը.

Հարկային տեսչության պետի, վերադաս հարկային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող ստորաբաժանման պետի, հարկային մարմնի ղեկավարի իրավունքներն անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց փոխարինող պաշտոնատար անձինք:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել նոր գլխով հետեւյալ բովանդակությամբ՝

«ԳԼՈՒԽ 21 .

ՀԱՐԿԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 113 . Հարկային ոստիկանությունը

Հարկային ոստիկանությունը հարկային հանցագործությունների եւ իրավախախտումների կանխման, խափանման, բացահայտման նպատակով վերադաս հարկային մարմնում գործող կառուցվածքային ստորաբաժանում է:

Հարկային մարմնի ղեկավարը հաստատում է հարկային ոստիկանության կառուցվածքը եւ գործառույթները:

Հոդված 114 . Հարկային ոստիկանության հիմնական գործառույթները

Հարկային ոստիկանությունը՝

ա) իրականացնում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ոլորտում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հետաքննչական մարմնի գործառույթներ,

բ) հարկային հանցագործությունների եւ իրավախախտումների ոլորտում հանցագործությունների կանխման, խափանման եւ բացահայտման նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ,

գ) օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ձերբակալում է հարկային հանցագործության մեջ կասկածվող անձանց,

դ) հարկային մարմինների հետ մասնակցում է իրականացվող միջոցառումներին, հայտնաբերված փաստերի, հարկային հանցագործությունների եւ իրավախախտումների մասին կազմում է ակտեր, արձանագրություններ, եզրակացություններ,

ե) իրականացնում է հարկային մարմնի համակարգի հարկային ծառայողների անվտանգության ապահովումը,

զ) աջակցում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներին՝ պետության տնտեսական անկախությանը եւ տնտեսության բնականոն զարգացմանը խոչընդոտող տնտեսական հանցագործությունների բացահայտման, նախազգուշացման եւ կանխարգելման համար:

Հոդված 115 . Հարկային ոստիկանության ծառայողները

Հարկային ոստիկանության ծառայողները ղեկավարվում են օրենքով եւ ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին: Նրանց գործունեությանը միջամտելու իրավունք ունեն միայն օրենքով նախատեսված մարմինները եւ պաշտոնատար անձինք:

Անօրինական հրաման, կարգադրություն կամ ցուցում ստանալու դեպքում հարկային ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել օրենքով:

Հոդված 116 . Հարկային ծառայողների զենքը

1. Զենք պահելու, կրելու եւ օգտագործելու իրավունք ունեն հարկային ոստիկանության ծառայողները եւ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Հարկային մարմնին զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահպանելու կարգը, զենքի ու ռազմամթերքի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 117 . Հատուկ միջոցների կիրառում

1. Հարկային ծառայողները հատուկ միջոցները (ձեռնաշղթաներ, փականքները բացելու գործիքներ) կիրառում են՝

1) իրենց եւ (կամ) այլ անձանց վրա հարձակումը կանխելու համար,

2) հարկային մարմնի համակարգին պատկանող կամ վերջիններիս հսկողության տակ գտնվող շինությունների, կառույցների եւ փոխադրամիջոցների վրա հարձակումը կանխելու համար,

3) դիմադրություն ցույց տվող իրավախախտում կատարող անձին ձերբակալելու կամ ծառայողական շինություն հասցնելու համար, եթե այդ դիմադրությունը կարող է վնաս պատճառել շրջապատին կամ իրենց:

Հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց եւ անչափահասների նկատմամբ հատուկ միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, խմբակային կամ այլ հարձակումների, մարդկանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողությունների դեպքերի:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցներ հարկային ծառայողները կիրառում են Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հոդված 118 . Զենքի գործադրումը

1. Զենք կրելու իրավունք ունեցող հարկային ծառայողն իրավունք ունի դա գործադրել՝

1) իր կամ այլ անձի վրա զինված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգ,

2) զենքի հափշտակման փորձը կանխելու համար:

2. Մինչ զենքի գործադրումը հարկային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:

3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ հարկային ծառայողի կյանքին եւ առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:»:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել նոր 5-րդ կետ հետեւյալ խմբագրությամբ՝

«5) խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից:»:

Հոդված 10. Օրենքի 15-րդ հովածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 15. Հարկային ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Հարկային մարմնի համակարգում սահմանվում են հարկային ծառայության հետեւյալ պաշտոնները.

Ա խումբ. հարկային ծառայության բարձրագույն պաշտոններ՝

Հարկային մարմնի ղեկավար, հարկային մարմնի ղեկավար տեղակալ, վերադաս հարկային մարմնի վարչության պետ, վերադաս հարկային մարմնի վարչության պետի տեղակալ, հարկային տեսչության պետ.

Բ խումբ. հարկային ծառայության գլխավոր պաշտոններ՝

վերադաս հարկային մարմնի բաժնի պետ, հարկային տեսչության պետի տեղակալ, վերադաս հարկային մարմնի գլխավոր օպերլիազոր, վերադաս հարկային մարմնի գլխավոր հարկային տեսուչ, վերադաս հարկային մարմնի գլխավոր մասնագետ, վերադաս հարկային մարմնի ավագ հետաքննիչ, հարկային տեսչության բաժնի պետ.

Գ խումբ. հարկային ծառայության առաջատար պաշտոններ՝

Հարկային ծառայության ուսումնական կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, վերադաս հարկային մարմնի ավագ օպերլիազոր, վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչ, վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետ, վերադաս հարկային մարմնի հետաքննիչ, վերադաս հարկային մարմնի օպերլիազոր, վերադաս հարկային մարմնի հարկային տեսուչ, հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչ, հարկային տեսչության գլխավոր մասնագետ, հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ, հարկային տեսչության առաջատար մասնագետ,

Դ խումբ. հարկային ծառայության կրտսեր պաշտոններ՝

վերադաս հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետ, վերադաս հարկային մարմնի 2-րդ կարգի մասնագետ, հարկային տեսչության հարկային տեսուչ, հարկային տեսչության 1-ին կարգի մասնագետ, հարկային տեսչության 2-րդ կարգի մասնագետ:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվող հարկային մարմնի այլ առանձնացված ստորաբաժանումների հարկային ծառայողների պաշտոնների անվանացանկը հաստատվում է առանձնացված ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ:

3. Հարկային մարմնի ղեկավարի եւ հարկային մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման եւ վերապատրաստման հետ կապված նորմերը:»:

Հոդված 11. Օրենքի 20-րդ հովածի 9-րդ մասում «հարկային մարմնի օպերատիվ ստորաաժանումներում». բառերը փոխարինել «հարկային ոստիկանությունում» բառերով:

Հոդված 12. Օրենքի 23-րդ հովածի 1-ին եւ 3-րդ մասերում «Հարկային մարմնի օպերատիվ ստորաաժանման» բառերը փոխարինել «հարկային ոստիկանության» բառերով:

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածի աղյուսակ 1-ում «տարածքային (մարզային)» բառերը հանել, իսկ «հարկային մարմնի» բառերի փոխարեն գրել «վերադաս հարկային մարմնի» բառերը:

Հոդված 14. Օրենքի 28-րդ հովածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 28. Հարկային մարմնի զարգացման ֆոնդը

1. Հարկային վարչարարության իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ (այսուհետեւ՝ ֆոնդ):

2. Ֆոնդը կազմավորվում է՝

ա) հարկային մարմինների կողմից հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները եւ եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետեւանքով պետական բյուջե լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից եւ դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից (այսուհետեւ՝ լրացուցիչ գումարներ) տաս տոկոս մասհանումների հաշվին:

Հարկային մարմինների կողմից հարկային օրենսդրությամբ սահմանված եւ հաշվառված տույժերից ֆոնդի մասհանումներ չեն կատարվում, եթե առկա չեն թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի, տուրքի, պարտադիր այլ վճարի գումարներ:

բ) հարկային ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն կիրառվող նյութական պատասխանատվության արդյունքում գանձվող գումարների հաշվին:

3. Ֆոնդը ծախսվում է՝

ա) համակարգչային, կապի եւ տրանսպորտային միջոցների ձեռքբերման ու շահագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ նյութատեխնիկական ապահովվածության,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական եւ հետաքննչական միջոցառումներ իրականացնելիս` ծախսեր կատարելու համար,

գ) լրացուցիչ գումարներ անմիջապես հայտնաբերողների եւ դրանում առանձնահատուկ ներդրում ունեցողների, պետական բյուջեի եկամուտների կատարման հարցում աչքի ընկնողների եւ առանձնահատուկ աշխատանքներ կատարողների դրամական պարգեւատրման համար,

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հսկիչ գնումների իրականացման համար,

ե) շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար,

զ) հարկային մարմնի կամ հարկային ծառայողի հարկային օրենսդրության դրույթների խախտման հետեւանքով սույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված գումարները հարկ վճարողին փոխհատուցելու համար:

4. Լրացուցիչ գումարի օգտագործումն իրականացվում է միայն տվյալ գումարին համապատասխանող հայտնաբերված լրացուցիչ գումարն ամբողջությամբ պետական բյուջե մուտքագրումից (վերականգնումից) հետո: Սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակներով ֆոնդի միջոցները մուտքագրվում եւ օգտագործվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:

Հոդված 15. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 32-րդ եւ 33-րդ հոդվածները:

Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել նոր կետով հետեւյալ բովանդակությամբ խմբագրությամբ՝

«4. Հարկային ծառայողը ներկայացնելով ծառայողական վկայականը կարող է օրենքով սահմանված կարգով պահանջել եւ ստուգել իրավախախտում կատարած կամ իրավախախտման մեջ կասկածվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը՝ ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված եւ հարկային մարմնի իրավասությունների շրջանակներում գործողությունների իրականացման նպատակով:»:

Հոդված 17. Օրենքի 39-րդ հոդվածի 8-րդ կետում եւ 41-րդ հոդվածի 2-րդ կետում «ընթացակարգերի» բառը փոխարինել «գործառույթների» բառով, իսկ 42-րդ հոդվածում՝ «ընթավակարգերին» բառը փոխարինել «գործառույթներին» բառով:

Հոդված 18. Օրենքի 42-րդ հովածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) եթե խախտման հետեւանքով բյուջե վճարման ենթակա ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) հարկային պարտավորության գումարը կազմում է 5.000.000 դրամից ավելի՝ վճարում է (են) տուգանք ավելի կամ թերի հաշվարկված (առաջադրված) գումարի մինչեւ քսան տոկոսի չափով կամ ազատվում է (են) հարկային ծառայությունից՝ ծառայողական անհամապատասխանության հիմնավորմամբ:»:

Հոդված 19. Օրենքի 5-րդ գլուխը լրացնել նոր 431 հոդվածով հետեւյալ բովանադակությամբ՝

«Հոդված 431 . Հարկային մարմնի եւ հարկային ծառայողի գոծողությունների գանգատարկումն ու բողոքարկումը

Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գոծողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:

Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գոծողությունների, անգործության, ինչպես նաեւ հարկային վեճերի լուծման նպատակով գործում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը:

Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այսուհետեւ՝ Գանգատարկման հանձնաժողով) ստեղծվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ եւ գործում է հարկային մարմնի ղեկավարի հաստատած կանոնադրության համաձայն: Գանգատարկման հանձնաժողովը վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը կազմված է վերադաս հարկային մարմնի՝ հարկային ծառայությունը ներկայացնող բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների մեկական ներկայացուցիչներից:»:

Հոդված 20. Օրենքի 44-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարունակել հետեւյալ բառերով՝ «, բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետով նախատեսված դեպքերի»:

Հոդված 21. Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել ետեւյալ խմբագրությամբ՝

«2. Վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների եւ հարկային տեսչությունների գործառույթների հաստատվելուց հետո հարկային մարմնի համակարգի համապատասխան պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են հարկային ծառայողներ:»:

Հոդված 22. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել՝

«Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման եւ սոցիալական զարգացման ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մարտի 5-ի ՀՕ-106 օրենքը: