Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1041-12.12.2006-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածից հանել «մինչեւ 14 տարեկան» բառերը:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Սույն օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի վերացնել «Փախստականների մասին» ՀՀ օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի միջեւ գոյություն ունեցող որոշակի հակասությունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ համաձայն «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի, փախստական երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե օրենքով սահմանված կարգով նրանց ծնողները ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն:Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողների մինչեւ 14 տարեկան երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, իսկ եթե ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց մինչեւ 14 տարեկան երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե առկա է ծնողների հանաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում էՀայաստանի Հանրապետությունում, եւ առկա է ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

Այսպիսով, համաձայն «Փախստականների մասին» ՀՀ օրենքի, փախստականների մինչեւ 18 տարեկան երեխաները կորցնում են փախստականի կարգավիճակը, եթե նրանց ծնողները ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն: Իսկ համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի` ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերում քաղաքացիություն ձեռք բերած փախստական ծնողների միայն մինչեւ 14 տարեկան երեխաները, կամ օրենքով չի ամրագրված ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստական ծնողների 14-18 տարեկան երեխաների իրավական կարգավիճակը:

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով ամրագրված է, որ ծնողների քաղաքացիության փոխվելու դեպքում 14-18 տարեկան երեխաների քաղաքացիությունը փոխվում է սույն օրենքով սահմանված կարգով` երեխաների համաձայնության առկայության դեպքում: Այսպիսով, ինչպես երեւում է վերոգրյալից, հակասություն կա «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 20-րդ եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ եւ 22-րդ հոդվածների միջեւ, որը հաճախ առաջ է բերում փախստական քաղաքացիների դժգոհությունը:

Վերոհիշյալ հակասությունը վերացնելու նպատակով սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածից հանել «մինչեւ 16 տարեկան» բառերը եւ ուժը կորցրած ճանաչել նույն օրենքի 22-րդ հոդվածը: