ՀՈԴՎԱԾ 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «պատերազմի,» բառը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ այլ պետություններում մարտական գործողությունների,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել նոր մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տարվա ընթացքում կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով եւ չափով:»
ՀՈԴՎԱԾ 3 . Օրենքի 32-րդ հոդվածի՝
ա) վեցերորդ մասից հետո լրացնել նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Զինծառայողը եւ նրա ընտանիքի անդամները, արձակուրդը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հանգստյան տներում անցկացնելու դեպքում, օգտվում են ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից: ՈՒղեգրի գնի փոխհատուցման կարգը եւ չափերը սահմանում է ՀՀ կառավարությունը:»
բ) վերջին մասում «երրորդ եւ վեցերորդ» բառերը փոխարինել «երրորդ, վեցերորդ եւ յոթերորդ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.
«Զինծառայողները, առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, ինչպես նաեւ սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները եւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում անհատույց պետական ֆինանսական աջակցություն:
Մինչեւ բնակարանով ապահովվելը, զինծառայողները (բացի ժամկետային պարտադիր զինծառայողներից) եւ նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում, բնակելի տարածությունների վարձակալության համար, նրանց վճարվում է դրամական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Պետական սեփականություն հանդիսացող եւ համապատասխան բնագավառի պետական լիազոր մարմնի հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին սեփականության իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում «վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում» բառերը փոխարինել «մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասում «զինծառայողների մահվան դեպքում» բառերից հետո լրացնել «(ինչպես նաեւ զինծառայությունից սահմանված կարգով արձակված եւ հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը)»:
ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքի գործող տեքստում զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված էին որոշակի իրավունքներ, որոնք բավականին չափով հստակեցված չէին, ինչպես նաեւ բացակայում էին այդ իրավունքների իրացման (կիրառման) կարգերն ու պայմանները: Բացի այդ, սահմանվել է, որ հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման համար տրվող փոխհատուցումը տարածվում է նաեւ զինծառայությունից սահմանված կարգով արձակված եւ հետագայում մահացած այն զինծառայողների վրա, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղում: Օրենքի նախագծերի փաթեթի ընդունումը մեծապես կնպաստի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածության բարելավմանը: