Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1049-18.12.2006-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337, այսուհետ` օրենք) 28-րդ հոդվածի 1-ին մասում «աշխատակազմի» բառից հետո լրացնել «(մասնագետների, կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2 . Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «աշխատակազմի» բառից հետո լրացնել «(այդ թվում առանձնացված ստորաբաժանումների)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքնուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտության մասին

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են սոցիալական աշխատանքի ինստիտուտը, սոցիալական աշխատանքի մասնագետների համար կրթական, աշխատանքային ստաժի որոշակի պահանջներ: Միաժամանակ օրենքը սահմանել է նաեւ սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների լիազորությունների շրջանակները եւ սոցիալական աշխատանքի մասնագետների իրավունքներն ու պարտականությունները: Համաձայն այդ օրենքի տարածքային մարմինների աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքը մասնագիտական է, սոցիալական ծառայություն տրամադրելու որոշման կայացումը դրված է տարածքային մարմնի վրա: Այդ իսկ պատճառով հարկ է պահանջներ սահմանելուն զուգահեռ այդ աշխատակիցներին տալ նաեւ օրենքով պաշտպանվածության որոշակի երաշխիքներ, ինչպես դա արվում է մարզերում գործող սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատակիցների համար` որպես քաղաքացիական ծառայողների: Միաժամանակ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված է, որ սոցիալական ծառայությունների տրամադրումը համայնքի ղեկավարի պատվիրակած լիազորություն է:

2002 թվականից Երեւանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն անցել են համայնքային ենթակայության եւ 2007 թվականի հունվարից համայնքային ենթակայության են անցնում եւս 5 գործակալություններ:Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 928-Ն որոշման 8-րդ կետով սահմանված է նախապատրաստել «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը նպատակ ունենալով, որ «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները տարածվեն համայնքային ենթակայության հիմնարկների կամ, որ նույնն է այս դեպքում, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատողների վրա:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածում արվող փոփոխությունն առավել հստակեցնում է համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը` սահմանելով նաեւ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում հասկացությունը, որը տալիս է տվյալ ստորաբաժանմանն առավել ինքնուրույն գործելու հնարավորություն, որոշումներ կայացնելու իր լիազորության իրականացման տեսանկյունից: Համաձայն 32-րդ հոդվածի փոփոխության առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը հաստատում է համայնքի ղեկավարը:

«Համայնքային ծառայույթյան մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունը սահմանում է, որ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողության ոլորտում է նաեւ առանձնացված ստորաբաժանումը` ապահովելով դրանց աշխատակիցների վրա «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների տարածումը:

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությամբ սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների հասկացությունը համապատասխանեցվում է դրանց համար նախորդ երկու օրենքներով սահմանված կարգավիճակին, ինչպես նաեւ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունների մեջ լրացնում է նոր կետ սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասով:

Հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այդ լիազորությունը մինչ այս իրականացնում է ՀՀ կառավարության որոշումներով սահմանված հանձնարարականներով:

Միաժամանակ առաջարկվում է օրենքների նախագծերը համարել անհետաձգելի, քանի որ 2007 թվականի հունվարից համայնքային ենթկայությանն անցնող 5 գործակալությունների աշխատակիցները մինչ այդ եղել են քաղաքացիական ծառայողներ, անցել վերապատրաստումներ, ոմանք ընդունվել են աշխատանքի մրցույթով, օգտվել են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված երաշխիքներից եւ նրանց աշխատանքային կարգավիճակի փոփոխությունները ցանկալի չեն: