ՀՈԴՎԱԾ 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 նոյեմբերի 1994 թվականի, ՀՕ 121 ) 21-րդ հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները շինարարական հրապարակից դուրս տարածվելու կանխարգելման նպատակով շինարարությունն իրականացնող կազմակերպությունը` շինարարություն իրականացնելու ընթացքում պարտավոր է.
ա/ պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ եւ արտաքուստ վերանորոգվող շենքերը եւ շինությունները ծածկել համապատասխան բարձրության անթափանց թաղանթով,
բ/ շինարարական հրապարակից դուրսեկող ավտոմեքենաների անվադողերը լվանալ,
գ/ ավազը, ցեմենտը, գաջը, խիճը եւ շինարարական աղբը տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով,
դ/ օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը, բացառությամբ վերանորոգվող եւ վերակառուցվող փողոցների, օրվա ընթացքում պարբերաբար ջրել, բացառելով կեղտաջրերի թափանցումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս,
ե / հղկման աշխատանքներ իրականացնելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր եւ տեխնոլոգիաներ,
զ/ սորուն նյութերը (ավազ, գաջ, ցեմենտ) պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով,
է/ շինարարական աղբը տեղափոխել դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր եւ հատուկ սահմանված երթուղով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի մարտի 1-ին:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետության որոշ քաղաքների օդային ավազանում անօրգանական փոշու ֆոնային կոնցենտրացիան գերազանցում է սահմանային թույլատրելի չափաքանակները 2-3 անգամ: Այդ աղտոտվածության գերակշռող մասը (90%) առաջանում է շինարարական եւ այլ չհաշվառված փոշու աղբյուրների արտանետումներից: Այս արտանետումները նվազեցնելու կամ լիակատար բացառելու նպատակով մշակվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով հստակեցվում է շինարարությունն իրականացնող կազմակերպության պարտավորությունները` շինարարությունն իրականացնելու ընթացքում փոշու արտանետումները կանխարգելելու նպատակով: