Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման Զարգացման Բանկի միջեւ կնքված համաձայնագրի (այսուհետեւ՝ համաձայնագիր) շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետեւ՝ ծրագիրն իրականացնող կազմակերպություն կամ պատվիրատու) եւ Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերության (այսուհետեւ՝ կապալառու) միջեւ կնքված պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների (այսուհետեւ՝ ծրագիր) նկատմամբ հարկային արտոնությունների սահմանման եւ դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում ծախսված միջոցների հաշվին`
1) կապալառուի կողմից պատվիրատուին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը եւծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից: Այդ կապակցությամբ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմից ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար ավելացված հարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից.
2) կապալառուն ազատվում է ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից շահութահարկի վճարումից: Այդ կապակցությամբ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմից ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից:
Սույն հոդվածով սահմանված հարկային արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկա-վճարային փաստաթղթեր եւ այլն), ինչպես նաեւ սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հաստատած կարգին համապատասխան պատվիրատուի կողմից տրված տեղեկանքը:
Հոդված 3. Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում կապալառուի կողմից պատվիրատուին մատակարարվող ապրանքների, կատարված աշխատանքների եւ մատուցվող ծառայությունների գծով հարկային հաշիվ չի լրացվում (լրացվում է սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային եւ վճարային փաստաթղթեր):
Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունները չեն տարածվում ծրագրի շրջանակերում կապալառուի` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ենթակապալառուների վրա: Այդ կազմակերպությունների կողմից կապալառուին ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ սահմանված ընդհանուր կարգով:
Հոդված 5. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունները կիրառվում են ծրագրի սկսման պահից եւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրի շրջանակներում պատվիրատուի մոտ հաշվարկված եւ չվճարված հարկային պարտավորությունները (կապալառուի փոխարեն` ավելացված արժեքի հարկը, կապալառուին վճարված եկամուտներից` շահութահարկը, ինչպես նաեւ դրանց գծով տույժերը եւ տուգանքները) ենթակա են վերահաշվարկման:
Հոդված 6. Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնությունների սահմանման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
Իրան-Հայաստան բնական գազի գազատարի Մեղրի-Քաջարան` շուրջ 40 կմ երկարությամբ հատվածի կառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման Զարգացման Բանկի (ԻԱԶԲ) միջեւ 2004թ. օգոստոսի 17-ին կնքվել է ֆինանսական համաձայնագիր (այսուհետեւ՝ համաձայնագիր), ըստ որի՝ ԻԱԶԲ-ն գազատարի Մեղրի-Քաջարան հատվածի կառուցման նպատակով հայկական կողմին է տրամադրում 28,2 մլնԱՄՆ-ի դոլար վարկ (տարեկան տոկոսադրույքը՝ LIBOR+2, մարման ժամանակաշրջանը՝ գազատարի կառուցումից հետո հինգ տարվա ընթացքում):
Համաձայնագրով` գազատարի կառուցումը ամբողջությամբ իրականացվում է իրանական «Սանիր» ընկերության կողմից (կապալառու), իսկ որպես պատվիրատու հանդես է գալիս ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, վերջինիս եւ կապալառուի միջեւ 2004թ. սեպտեմբերի 9-ին կնքվել է համապատասխան պայմանագիր (այսուհետեւ՝ պայմանագիր):
Համաձայնագրով` ԻԱԶԲ-ն կատարված աշխատանքների ծավալներին համընթաց վարկային միջոցներն ուղղակիորեն տրամադրում է կապալառուին (ձեւակերպելով որպես հայկական կողմի վարկային պարտավորություն բանկի հանդեպ), պայմանով, որ հայկական կողմի համաֆինանսավորումը (որը, ինչպես նաեւ վարկի` 3,0 մլն ԱՄՆ-ի դոլար կազմող ապահովագրական վճարը, վարկի մայր պարտավորության ու տոկոսագումարների հետ վերադարձը կատարվում են պատվիրատուի միջոցների հաշվին) կկազմի աշխատանքների 15%-ը կամ պայմանագրի 33,2 մլն ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժեքից՝ 5,0 մլն ԱՄՆ-ի դոլար գումար:
Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գազատարի կառուցման համար ներգրավվող միջոցները (իրանական բանկի կողմից տրվող 28,2 մլն ԱՄՆ-ի դոլար վարկը, 5,0 մլն ԱՄՆ-ի դոլար համաֆինանսավորումը եւ 3,0 մլն ԱՄՆ-ի դոլար ապահովագրական վճարը) ՀՀ պետական բյուջեի հետ առնչություն չունեն եւ կատարվում են պատվիրատուի սեփական միջոցների` շահույթի հաշվին, այն դեպքում, երբ պատվիրատուի միակ գործունեության` էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության համարՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի հաշվարկում գազատարի կառուցման նպատակով թե համաֆինանսավորման եւ թե վարկի, դրա սպասարկման ու տոկոսագումարների մարման ծախսեր նախատեսված չեն:
Ուստի նկատի ունենալով Իրան-Հայաստան գազատարի կառուցման կարեւորությունը հանրապետության համար, սույն օրենքի նախագծով առաջարկվում է Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ սահմանել հարկային արտոնություններ, նկատի ունենալով, որ պայմանագրով պատվիրատուի վրա են թողնված կատարվող աշխատանքների գծով Հայաստանի Հանրապետությունում առաջացող հարկերի վճարումները: Ըստ էության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի աջակցությունը ծրագրին կլինի տրամադրվող հարկային արտոնությունները: