Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1075-31.01.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-18-Ն, այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի`

1 . 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ .

«3. Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների կատարումը:

Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:»:

2. 5-րդ մասի 1-ին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ դ) ենթակետով`

«դ) պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու դեպքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ օրենսդրության մեջ ամրագրված ընդհանուր մոտեցումն առ այն, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց պաշտոնավարման առավելագույն տարիքը, որպես կանոն, 65 տարին է: Մինչդեռ համաձայն «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-18-Ն)` հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել մինչեւ 60 տարեկան ՀՀ քաղաքացին, այսինքն, օրինակ, 61 տարեկան քաղաքացին ունենալով դեռ չորս տարվա աշխատանքի իրավունք, փաստորեն, չի կարող նշանակվել հանձնաժողովի անդամի պաշտոնում: