Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1078-31.01.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի /18 ապրիլի 2003 թվականի/ 296-րդ հոդվածի`

ա/ 1-ին մասի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկը» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը» բառերով,

բ/ 2-րդ մասի «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկը» բառերը փոխարինել «վեցհարյուրապատիկից հազարապատիկը» բառերով,

գ/ 4-րդ մասի «հիսնապատիկից երկուհարյուրապատիկը» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը» բառերով, «երկուհարյուրապատիկից» բառը փոխարինել «յոթհարյուրապատիկից» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունման  անհրաժեշտության

ՀՀ քրեական օրենսգրքով մինչեւ 2005 թվականի փետրվար ամիսը ապօրինի անտառհատումների համար նվազագույն պատիժ նախատեսվում էր խոշոր վնաս պատճառելու դեպքում, իսկ խոշոր վնաս էր համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը:

Նշված ժամանակաշրջանում, 30 սմ տրամագծով մեկ ծառի ապօրինի հատման դեպքում վնասի չափը հետեւյալն էր` թանկարժեք ծառատեսակ` գիհի-13 640 դրամ, հաճար-13 272 դրամ, բոխի- 8 872 դրամ: Վնասի չափերի նման հաշվարկի դեպքում ստացվում էր, որ օրենսգրքով սահմանված նվազագույն պատիժ կարող էր ստանալ /200 հազ. դրամից ավելի վնաս/ այն ապօրինի անտառհատողը, որի կողմից կհատվեր 30 սմ տրամագծով 14-ից ավելի գիհի, կամ 15-ից ավելի հաճարենի, կամ 22-ից ավելի բոխի:

2005 թվականի փետրվարից օրենսգրքի 296- րդ հոդվածը գործում է նոր խմբագրությամբ, ըստ որի ապօրինի անտառհատումների համար նվազագույն պատիժ նախատեսվում է զգալի վնաս պատճառելու դեպքում, իսկ զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկը չգերազանցող գումարը:

Վնասի չափերի վերը նշված հաշվարկի դեպքում ստացվում էր, որ օրենսգրքով սահմանված նվազագույն պատիժ կարող էր ստանալ /50-200 հազ. դրամ վնաս պատճառելով/ այն ապօրինի անտառհատողը, որի կողմից կհատվեր 30 սմ տրամագծով 3-ից ավելի գիհի, կամ 3-ից ավելի հաճարենի, կամ 5-ից ավելի բոխի:

200 հազ. դրամի շեմը չորս անգամ իջեցնելուց բացի, 2005 թվականի մայիսին ընդունված «Բնապահպանական իրավախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով սահմանվել է վնասի հաշվարկման նոր կարգ, ըստ որի` 30 սմ տրամագծով մեկ ծառի ապօրինի հատման դեպքում վնասի չափը` թանկարժեք ծառատեսակի համար /գիհի, հաճար եւ այլն/ սահմանվել է 67 500 դրամ, այլ ծառատեսակի /բոխի եւ այլն/` 30  000 դրամ, ինչի արդյունքում քրեական գործ պետք է հարուցվի 30 սմ տրամագծով  մեկ թանկարժեք ծառի կամ 2 եւ ավելի այլ ծառի հատման դեպքում:

Հաշվի առնելով, հանրապետության սոցիալական վիճակը, ջեռուցման խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել օրենսգրքում կատարելու փոփոխություններ: