Armenian ARMSCII Armenian
Կ-1089-02.02.2007-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-18-Ն) 7-րդ հոդվածում`

ա) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

« 3. Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցողՀայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների կատարումը:

Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:».

բ) 5-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով`

«դ) պաշտոնավարման առավելագույն տարիքը լրացնելու դեպքում»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 12. Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկումը

1. Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով:

2. Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում:

Դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտի գործողությունը:

3. Սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը ստուգում է դրա համապատասխանությունն օրենքներին:

Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը` իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում:

Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը եւ ընդունում համապատասխան որոշում:

4. Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:»:

Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: