Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1093-06.02.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում.

1). «ա» կետի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« - մինչեւ 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման եւ ցածր ճնշման գազի համակարգերում` էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ`  սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պահանջների, ինչպես նաեւ պատահարների տարեկան վերլուծության արդյունքներով, էներգատեղակայանքների շահագործումն ու կառավարումն իրականացնող անձանց հետ համատեղ, մարդկանց կյանքի, գույքի եւ շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կատարումն ապահովելու նպատակով:»:

2). «գ» կետի «5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր» բառերը փոխարինել «5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության» բառերով, իսկ «գազամատակարարման» բառը փոխարինել «գազի» բառով,

3). «դ» կետում «վիճակագրություն» բառից հետո լրացնել «եւ կատարում դրանց վերլուծությունը» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիմնավորում

«Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

«Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) կարգավորում է  էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց եւ սպառողների, ինչպես նաեւ պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի փոխհարաբերությունները, սահմանում նրանց լիազորությունները:

Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված լիազոր մարմնի գործառույթներում նշված է, որ «Լիազոր մարմինը`

ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց եւ սպառողների էներգատեղակայանքներում կատարում է տեխնիկական ստուգումներ, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ.

- էլեկտրաէներգետիկական համակարգում՝ 110 կՎ եւ բարձր լարման, գազամատակարարման համակարգում՝ գազի միջին եւ բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության եւ անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,

- մինչեւ 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման, գազի ցածր ճնշման գազամատակարարման համակարգերում,  ինչպես նաեւ սպառման էներգետիկական ցանցերի շահագործման եւ սպասարկման գործունեություն իրականացնող անձանց մոտ՝ մարդկանց կյանքի, գույքի եւ շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով եւ օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.»

Քանի որ, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5 հոդվածի 3-րդ կետի` «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`

իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում` ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը», ուստի անհրաժեշտություն է առաջանում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի երրորդ պարբերությունը հստակեցնել եւ սահմանել տեխնիկական ստուգումներ իրականացնելու կոնկրետ դեպքերը:

Նախագծով լիազոր մարմնի գործառույթները լրացվել է տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերաբերյալ վերլուծության իրականացմամբ, հստակեցվել են նաեւ օրենքում օգտագործվող ջերմային եւ գազի տեղակայանքների հետ կապված արտահայտությունները: