Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է փաստաթղթերի հատուկ առաքման իրականացման տեսակները, փաստաթղթերի ընդունման, ձեւակերպման, հանձնման ընդհանուր կարգը:
Հոդված 2. Փաստաթղթերի հատուկ առաքումը եւ դրա իրականացման ձեւերը
1. Փաստաթղթերի հատուկ առաքումը (այսուհետ` հատուկ առաքում) հասցեատիրոջը փաստաթղթերի առաքման հատուկ տեսակ է, որն ապահովում է առաքվող փաստաթղթերի նույնականությունը եւ ամբողջականությունը: Հատուկ առաքման կարգով փաստաթղթերի առաքումն իրականացվում է իրավական ակտերով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ ուղարկողի ցանկությամբ:
2. Հատուկ առաքմամբ ուղարկված եւ հանձնված փաստաթղթերը համարվում են նույնական եւ ամբողջական, եթե դատական կարգով այլ բան ապացուցված չէ:
3. Հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը:
4. Հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային կապի ազգային օպերատորի միջոցով:
Հոդված 3. Հատուկ առաքումն ընդունող սուբյեկտները
1. Ֆիզիկական անձին հասցեագրված առաքվող փաստաթղթերը (այսուհետ՝ առաքման փաթեթ) հանձնվում են անմիջապես նրան կամ նրա լիազորած անձին:
2. Օրենքով սահմանված կարգով սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձին հասցեագրված առաքման փաթեթը կարող է հանձնվել նաեւ նրա օրինական ներկայացուցչին կամ օրինական ներկայացուցչի լիազորած անձին:
3. Իրավաբանական անձին հասցեագրված առաքման փաթեթը հանձնվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին:
4. Եթե որպես հասցեատեր հանդես է գալիս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա առաքման փաթեթը պետք է հանձնվի ընդհանուր բաժնին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու այլ ստորաբաժանմանը:
5. Եթե որպես հասցեատեր հանդես է գալիս հարկադիր բուժման մեջ գտնվող անձը կամ ձերբակալված, կալանավորված կամ դատապարտված եւ ազատազրկման վայրում պատիժ կրող անձը, ապա առաքման փաթեթը հանձնվում է համապատասխան հաստատության ղեկավարին, ընդհանուր բաժնին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու այլ ստորաբաժանմանը: Նրանք պարտավոր են ընդունել առաքման փաթեթը եւ այն անհապաղ հանձնել հասցեատիրոջը:
Հոդված 4. Հատուկ առաքումը փոստով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հասցեատերերին
1. Ուղարկողն առաքվող փաստաթղթերը փոստային կապի ազգային օպերատորին է հանձնում բաց փաթեթով, առանց ծրարի: Առաքվող փաթեթն ընդունող փոստային ծառայողն առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի յուրաքանչյուր էջին փակցնում է լիազոր մարմնի սահմանած նմուշի համարակալված դրոշմանիշ, լրացնում է հանձնման/ստացման ծանուցագիրը (այսուհետ` ծանուցագիր) եւ ուղարկողին տալիս է հատուկ առաքման անդորրագիր: Ծանուցագրի եւ անդորրագրի ձեւերը, ծանուցագրի լրացման կարգը, ինչպես նաեւ համարակալված դրոշմանիշների հաշվառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
2. Եթե առաքվում է նոտարի կողմից վավերացված կարված փաստաթուղթ, ապա համարակալված դրոշմանիշը դրվում է փաստաթղթի միայն առաջին էջում:
3. Հատուկ առաքման անդորրագիրը պետք է պարունակի`
1) առաքման ամսաթիվը.
2) հասցեատեր իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը եւ հասցեն, ուր պետք է կատարվի առաքումը, իսկ հասցեատեր ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, ըստ ցանկության՝ հայրանունը, ինչպես նաեւ հասցեն, ուր պետք է կատարվի առաքումը.
3) ուղարկողի անվանումը եւ հասցեն, իսկ ուղարկող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը եւ հասցեն.
4) հանձնված էջերի քանակը (նոտարի կողմից վավերացված կարված փաստաթղթերի քանակը).
5) դրոշմանիշների համարները.
6) առաքման փաթեթն ընդունող փոստային ծառայողի նույնականացման համարը եւ ստորագրությունը.
7) գանձվող գումարի չափը.
8) առաքվող փաթեթի քաշը:
4. Ծանուցագրում նշվում են`
1) առաքման ամսաթիվը.
2) հատուկ առաքման անդորրագրի համարը.
3) հասցեատեր իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը եւ հասցեն, ուր պետք է կատարվի առաքումը, իսկ հասցեատեր ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը եւ հասցեն, ուր պետք է կատարվի առաքումը.
4) ուղարկողի անվանումը եւ հասցեն, իսկ ուղարկող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը եւ հասցեն.
5) հանձնված էջերի քանակը (նոտարի կողմից վավերացված կարված փաստաթղթերի քանակը).
6) դրոշմանիշների համարները.
7) փոստային կապի ազգային օպերատորի սահմանած այլ տեղեկություններ:
5. Նախքան փաթեթի հանձնումը փոստատարը հավաստիանում է, որ փաթեթն հանձնվում է սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված անձին եւ այդ մասին նշում է կատարում ծանուցագրի վրա` նշելով իրեն ներկայացված` անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
6. Առաքման փաթեթն ստացող անձը ծանուցագրի վրա անձամբ նշում է իր անունը, ազգանունը եւ հայրանունը, ստացման ամսաթիվը, ստացված էջերի քանակը (նոտարի կողմից վավերացված կարված փաստաթղթերի քանակը), դրոշմանիշների համարները, որից հետո ստորագրում է ծանուցագիրը եւ այն վերադարձնում փոստատարին:
7. Հասցեատիրոջ` փաթեթը ստանալուց հրաժարվելու կամ սխալ կամ թերի հասցեի դեպքում համապատասխան նշում է կատարվում հետվերադարձի տեղեկանքի վրա: Առաքման փաթեթը, ծանուցագիրը եւ հետվերադարձի տեղեկանքը սահմանված կարգով վերադարձվում են ուղարկողին: Հասցեատիրոջ` փաթեթը ստանալուց հրաժարվելու դեպքում հետվերադարձի տեղեկանքում նշում է կատարվում հրաժարվելու պատճառի մասին:
8. Հասցեատեր ֆիզիկական անձի` նշված հասցեից բացակայելու դեպքում ձեռնարկվում են փոստային կապի ազգային օպերատորի սահմանած միջոցները` հասցեատիրոջն առաքման փաթեթը հանձնելու համար: Եթե փաթեթն առաքելու համար փոստային բաժանմունք հանձնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում չի հաջողվում հանձնել հասցեատիրոջը, ապա հետվերադարձի տեղեկանքի վրա համապատասխան նշում է կատարվում: Առաքման փաթեթը, ծանուցագիրը եւ հետվերադարձի տեղեկանքը սահմանված կարգով վերադարձվում են ուղարկողին:
9. Հասցեատեր իրավաբանական անձին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին հանձնումը պետք է կատարվի աշխատանքային օրերին` աշխատանքային ժամերի ընթացքում: Ընդունող անձի բացակայության դեպքում փոստային կապի ազգային օպերատորը ձեռնարկում է սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված գործողությունները:
Հոդված 5. Հատուկ առաքումը փոստով այլ պետություններում գտնվող հասցեատերերին
1. Եթե հատուկ առաքումը փոստով կատարվում է այլ պետությունում գտնվող հասցեատիրոջը, ապա առաքման փաթեթը փոստային կապի ազգային օպերատորի համապատասխան ստորաբաժանումն ընդունում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կարգով: Փոստային ծառայողը լրացնում է ծանուցագիրը եւ առաքում է փաթեթը: Ուղարկողին տրվում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հատուկ առաքման անդորրագիր:
2. Առաքման փաթեթը համարվում է պատշաճ ուղարկված, եթե ուղարկողի մոտ առկա է առաքման փաթեթը փոստային կապի ազգային օպերատորի համապատասխան ստորաբաժանմանը հանձնելը հավաստող` սույն օրենքի պահանջներին համապատասխան տրված հատուկ առաքման անդորրագիր:
3. Առաքման փաթեթը համարվում է պատշաճ առաքված, եթե ուղարկողի մոտ առկա է հատուկ առաքման անդորրագիրը եւ փոստային կապի ազգային օպերատորի տված տեղեկանքը` առաքման փաթեթը հանձնված լինելու մասին:
Հոդված 6. Փոստային կապի ազգային օպերատորի պատասխանատվությունը
1. Առաքման փաթեթի կորստի, վնասվածքի, ներդրվածքի պակասորդի, առաքման հսկիչ ժամկետները խախտելու դեպքում փոստային կապի ազգային օպերատորը պատասխանատվություն է կրում գրանցվող փոստային այլ առաքանու համար` «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափերով:
2. Այն դեպքերում, երբ առաքման փաթեթը հանձնվում է սույն օրենքի 3-րդ հոդվածով չնախատեսված անձին, սակայն դա չի արտացոլվում ծանուցագրում, ապա փոստային կապի ազգային օպերատորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սույն օրենքի պահանջների խախտման հետեւանքով ուղարկողին, հասցեատիրոջը կամ երրորդ անձին պատճառած վնասի համար:
3. Սույն օրենքով նախատեսված կարգով առաքման դեպքում փոստային կապի ազգային օպերատորը պատասխանատվություն չի կրում առաքվող փաստաթղթերը փոստին բաց փաթեթով, առանց ծրարի հանձնելու հետեւանքով առաջացած տեղեկատվության արտահոսքի արդյունքում ուղարկողին, հասցեատիրոջը կամ երրորդ անձին պատճառած վնասի համար:
Հոդված 7. Հատուկ առաքման սակագինը
Հատուկ առաքման սակագնի ձեւավորման կարգը եւ uկզբունքները սահմանվում են «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 8. Հատուկ առաքումն առձեռն հանձնմամբ
1. Առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը` փաթեթի ստացման փաստի եւ ամսաթվի վերաբերյալ եւ նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը` նաեւ առաքման փաթեթն ընդունող անձի անունը եւ ազգանունը:
2. Այն դեպքում, երբ առաքվում է նոտարի կողմից վավերացված կարված փաստաթուղթ, առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց առաջին էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը` փաթեթի ստացման փաստի եւ ամսաթվի վերաբերյալ, նրա անունը, ազգանունը եւ ստորագրությունը:
Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: