Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-767-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.Սույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների եւ դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նաեւ հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2.Սույն օրենքը չի տարածվում պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ ընթացքում սակարկությունների կազմակերպման, ինչպես նաեւ պետության եւ համայնքների կարիքների համար իրականացվող գնումների հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3.Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի անվճարունակության /սնանկության/ առնչությամբ կազմակերպվող հրապարակային սակարկությունների առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

4.Սույն օրենքը չի տարածվում օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա։ Օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով։

5.Սույն օրենքը չի տարածվում ֆոնդային եւ ապրանքային բորսաների միջոցով հրապարակային սակարկությունների կազմակերպման, այդ թվում՝ արժեթղթերի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ հարկադիր աճուրդների կազմակերպման դեպքերի:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

հրապարակային սակարկությունների կազմակերպիչ կամ կազմակերպիչ՝ աճուրդ կամ մրցույթ անցկացնող անձ.

մրցույթի պայմաններ՝ սույն օրենքի համապատասխան մրցույթ առաջարկողի եւ/կամ/ մրցույթի կազմակերպչի կողմից նախատեսված էական պայմանների համալիր.

լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, սույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում՝ նաեւ մեկնարկային գին:

Լոտը կարող է լինել կատարման ենթակա աշխատանք կամ մատուցման ենթակա ծառայություն.

աճուրդավար` անձ, որն անմիջականորեն վարում է աճուրդը.

մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին.

գնային հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս լինել սակարկության կազմակերպչի կողմից նախապես սահմանված նվազագույն հավելման չափից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով.

գնման գին՝ աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի կողմից ներկայացված գնային հայտ.

աճուրդի կամ մրցույթի ծախսերը` աճուրդի կամ մրցույթի կազմակերպչի կողմից կատարված ծախսերը, կապված աճուրդի կամ մրցույթի կազմակերպման ու անցկացման հետ:

Հոդված 3. Սակարկությունների մասնակիցները

1.Սակարկությունների մասնակից կարող է հանդիսանալ ?ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները:

2.Սակարկություններին չեն կարող մասնակցել իրավաբանական անձ հանդիսացող սակարկությունների կազմակերպչի հիմնադիրները /մասնակիցները/, ինչպես նաեւ նրա աշխատակիցները:

Սակարկությունների մասնակիցներ չեն կարող հանդիսանալ ֆիզիկական անձ հանդիսացող սակարկությունների կազմակերպիչը:

Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը:

3.Սակարկությունների մասնակից չեն կարող հանդիսանալ այն անձինք, որոնք՝ սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Հոդված 4. Իրավունքների փոխանցման պահը

1.Եթե սակարկություններով վաճառվելիք լոտն անշարժ կամ շարժական գույք է, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը:

2.Այլ շարժական գույքի վաճառքի դեպքում սեփականության իրավունքը փոխանցվում է գնման գինն ամբողջությամբ վճարելու պահից:

3.Եթե լոտն իրավունք է` այդ թվում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու առաջարկ, ինչպես նաեւ օգտագործման իրավունք, սակարկություններում հաղթողի հետ արձանագրությունը ստորագրելու պահից նրան է անցնում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունքը:

4.Սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում համապատասխան պայմանագրեր կնքելիս նրանց էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պահանջներին:

5.Հրապարակային սակարկությունների ընթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով։
 


ԳԼՈՒԽ 2.

ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 5. Աճուրդի կազմակերպման ընդհանուր պայմանները

1.Աճուրդի կազմակերպման վայրը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի մասնակիցների առավել մասնակցություն:

2.Աճուրդի բացումը պետք է տեղի ունենա ժամը 9.00 մինչեւ ժամը 19.00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ սեփականատիրոջ /իրավատիրոջ/ կողմից կազմակերպվող աճուրդի, որը պետք է տեղի ունենա ժամը 8.00 մինչեւ ժամը 23.00 ընկած ժամանակահատվածում:

Աճուրդները պետք է ավարտվեն հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:

3.Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի զանգվածային լրատվական միջոցով:

Աճուրդի կազմակերպիչը պետք է աճուրդի կայացման վայրում ցուցատախտակի վրա զետեղի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:

4.Աճուրդին ներկա գտնվող անձինք /աճուրդի մասնակիցները եւ սույն օրենքով նախատեսված դեպքերում` այլ անձինք/ պարտավոր են չխոչընդոտեն աճուրդի անցկացմանը եւ ենթարկվեն աճուրդավարին` աճուրդի վարման կանոնակարգին համապատասխան:

5.Աճուրդի կազմակերպչի որոշմամբ աճուրդին կարող են ներկա լինել այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճարը:

Աճուրդի մասնակիցները եւ մասնակից չհամարվող այլ անձինք աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:

Հոդված 6. Աճուրդի անցկացման մասին պայմանագիրը

1.Եթե աճուրդն անց է կացվելու այլ անձի կողմից, ապա նրա եւ սեփականատիրոջ /իրավատիրոջ/ միջեւ կնքվում է գրավոր պայմանագիր:

2.Աճուրդի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի.

ա/ առաջարկողի եւ կազմակերպչի անունները /անվանումները/ եւ գտնվելու վայրերը /բնակության վայրերը/.

բ/ աճուրդին ներկայացվելիք լոտի անվանումը.

գ/ լոտի մեկնարկային գինը.

դ/ կազմակերպչի վարձատրության չափը եւ վճարման կարգը, բացառությամբ անվճար աճուրդ անցկացնելու դեպքում:

3.Եթե կազմակերպիչը լիազորված է նվազեցնելու լոտի մեկնարկային գինը, ապա աճուրդ անցկացնելու մասին պայմանագիրը պետք է պարունակի նաեւ համապատասխան դրույթներ, նշելով մեկնարկային գինը նվազեցնելու թույլատրելի սահմանները:

4.Լոտը կազմակերպչին ի պահ հանձնելու դեպքում` պայմանագիրը պետք է պարունակի պահատվության վերաբերող դրույթներ:

Հոդված 7. Աճուրդի կազմակերպչի վարձատրությունը

1.Կազմակերպչի կողմից աճուրդի կազմակերպման վարձատրության կարգը եւ պայմանները սահմանվում են աճուրդի անցկացման մասին պայմանագրով:

2.Լոտը մեկնարկային գնից ավել գնով վաճառելու դեպքում կազմակերպիչն իրավունք ունի ստանալ վաճառված եւ մեկնարկային գների տարբերության 5 տոկոսը, եթե կողմերի միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

3.Լուծարվող իրավաբանական անձի գույքը վաճառքի դեպքում առաջարկողի եւ աճուրդի կազմակերպչի միջեւ կնքված պայմանագրով վարձատրության չափը չի կարող գերազանցել վաճառվող գույքի մեկնարկային գնի տասը տոկոսը:

Հոդված 8. Աճուրդի մասին ծանուցումը

1.Ծանուցումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկություններ աճուրդի մասին

ա/ աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը,

բ/ աճուրդի կազմակերպչի անունը /անվանումը/,

գ/ աճուրդի կազմակերպման վայրը /հասցեն/,

դ/ աճուրդի ձեւը եւ անցկացման կարգը,

ե/ վաճառվող լոտի /լոտերի/ անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է , ապա նրա ?ֆիզիկական վիճակը /մաշվածությունը/, իսկ հնարավորության դեպքում` նաեւ արտադրման տարեթիվը,

զ/ աճուրդին մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

է/ աճուրդում հաղթողին որոշելու կարգը եւ մեկնարկային գինը,

ը/ վաճառվող լոտն իրավունք լինելու դեպքում` նրա գործողության ժամկետը,

թ/ աճուրդին մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաեւ վճարման կարգը եւ ժամկետները

ժա/ լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը եւ վայրը,

ժբ/ ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը:

2.Աճուրդի մասին ծանուցումը պետք է կատարվի աճուրդի բացումից առնվազն տասնհինգ օր առաջ:

3.Շուտ փչացող ապրանքների վաճառքի մասին ծանուցումը կարող է կատարվել աճուրդի բացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

4.Անշարժ գույքի վաճառքի, ինչպես նաեւ այլ դեպքերում օրենքով կարող են սահմանվել ծանուցման առավել երկար ժամկետներ:

Հոդված 9. Ծանուցման փոփոխությունները եւ լրացումները

1.Այն պայմանները եւ տեղեկությունները, որոնք նշվել են աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ ենթակա չեն փոփոխման, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխություններ են տեղի ունեցել աճուրդով վաճառվելիք լոտի նկատմամբ իրավունքների եւ պարտականությունների եւ այլ սահմանափակումների մասով, կամ փոփոխություններ են տեղի ունեցել կապված լոտի ֆիզիկական վիճակի հետ, կամ նախնական ծանուցման մեջ նախատեսվել է փոփոխությունների հնարավորությունը:

Սույն մասով նախատեսված դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է անհապաղ կատարել աճուրդի ծանուցման համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, այն ձեւով, ինչպես կատարվել էր սկզբնական ծանուցման մեջ:

2.Եթե փոփոխությունների մասին ծանուցումը չի կատարվել կամ կատարվել է սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ապա աճուրդի կազմակերպիչը կրում է մասնակիցների կողմից կրած իրական վնասների ռիսկը։

3.Նախնական հրապարակային ծանուցումից հետո թույլատրվում է կատարել ցանկացած լրացում, եթե դրանով էականորեն չեն փոփոխվում ծանուցման մեջ նշված նախնական տվյալները:

Հոդված 10. Աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը

1.Աճուրդի մասին ծանուցման մեջ սահմանված չափով, ժամկետներում եւ կարգով աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք մուծում են նախավճար /մասնակցության վճար/, որի չափը չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի հինգ տոկոսը:

2.Մասնակցության վճարը մուծվում է աճուրդի կազմակերպչին: Նախավճարը կարող է վճարվել կանխիկ ձեւով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3.Մասնակցության վճարը կանխիկ ձեւով վճարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է տրամադրել մասնակցի տոմս` որտեղ նշվում է աճուրդի կազմակերպչի անվանումը, վճարված գումարի չափը, աճուրդի անցկացման վայրը /հասցեն/ եւ ժամանակը:

4.Աճուրդին ներկա գտնվելու ցանկացող անձանց համար աճուրդի կազմակերպչի կողմից կարող է սահմանվել մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի քսան տոկոսը:

5.Աճուրդի մասնակիցներին, ինչպես նաեւ աճուրդին ներկա գտնվելու ցանկացողներին տոմսերի վաճառքը պետք է դադարի աճուրդի բացումից երեսուն րոպե առաջ, եթե աճուրդի կազմակերպման մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:

Հոդված 11. Լոտի ուսումնասիրումը

1.Նախքան աճուրդի բացումը, մասնակիցներն պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ աճուրդի մասին ծանուցման մեջ նշված վաճառվելիք լոտին /լոտերին/:

2.Լոտն ուսումնասիրելու կարգն ու ժամկետները սահմանվում են աճուրդի կազմակերպչի կողմից, հաշվի առնելով շարժական գույքի պահվելու կամ անշարժ գույքի գտնվելու վայրը:

Աճուրդի կազմակերպիչը, ծանուցման պահից պարտավոր է հնարավորություն ընձեռել լոտի /լոտերի/ ուսումնասիրության համար:

3.Անշարժ գույքի զննության անհրաժեշտության դեպքում, ինչպես նաեւ այլ տեղերում պահվող շարժական գույքի ուսումնասիրության համար աճուրդի կազմակերպիչը նախատեսում է համապատասխան օրեր եւ ժամեր եւ պարտավոր է նշված ժամանակահատվածում ապահովել լոտի /լոտերի/ ամբողջական ուսումնասիրության հնարավորությունը ցանկացողների համար:

4.Լոտի /լոտերի/ ուսումնասիրության համար ընդհանուր ժամաքանակը չի կարող պակաս լինել անշարժ գույքի համար` քառասուն ժամից, շարժական գույքի համար` տասը ժամից:

5.Լոտի ուսումնասիրության համար կարող են պահանջվել միայն անձի ինքնությունը հաստատող փաստաթղթեր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

6.Եթե վաճառվող լոտն իրավունք է , ապա սույն հոդվածի համապատասխան պետք է հնարավորություն տրվի ուսումնասիրելու համապատասխան օբյեկտը, որի նկատմամբ գոյություն ունի իրավունքը, ինչպես նաեւ համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը:

Հոդված 12. Աճուրդից հրաժարվելը

1.Բացառությամբ օրենքով կամ աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված դեպքերի, կազմակերպիչն իրավունք ունի հրաժարվել աճուրդից բացման օրվանից առնվազն երեք օր առաջ:

2.Աճուրդի բացմանը նախորդող երեք օրվա ընթացքում աճուրդից հրաժարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է հատուցել մասնակիցների կողմից կրած իրական վնասը:

Սեփականատիրոջ /իրավատիրոջ/ մեղքով աճուրդից հրաժարվելու հետեւանքով կրած վնասները կազմակերպիչը կարող է վերականգնել հետադարձ պահանջի կարգով:

3.Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, կազմակերպիչն աճուրդից պարտավոր է հրաժարվել, եթե`

ա/ առկա է սեփականատիրոջ /իրավատիրոջ/ գրավոր դիմումն աճուրդից հրաժարվելու մասին,

բ/ կան տվյալներ այն մասին, աճուրդն առաջարկողը չունի բավարար իրավունքներ լոտի նկատմամբ,

գ/ լոտը կամ դրա մի մասը ներառված է սնանկության հետեւանքով լուծարվող իրավաբանական անձի կամ անվճարունակ ճանաչված ֆիզիկական անձի գույքի կազմում,

դ/ առկա է դատարանի որոշումը լոտի վաճառքի սահմանափակման վերաբերյալ,

ե/ լոտի վերաբերյալ առկա է հարկադիր աճուրդով վաճառելու որոշումը:

4.Կազմակերպիչը կարող է աճուրդից հրաժարվել, եթե աճուրդի առաջարկողը`

ա/ աճուրդի մասին պայմանագրով սահմանված կարգով ու չափով չի վճարել նախատեսված վարձատրությունը,

բ/ խոչընդոտներ է ստեղծում լոտի ուսումնասիրության համար:

5.Աճուրդից հրաժարվելու մասին ծանուցումը պետք է արվի այնպես, ինչպես կատարվել էր աճուրդի մասին նախնական հրապարակային ծանուցումը:

Հոդված 13. Ընդհանուր աճուրդներ

1.Ընդհանուր աճուրդ է համարվում այն աճուրդը, որի ընթացքում վաճառվում է մեկից ավելի լոտ:

2.Աճուրդի կազմակերպիչը պարտավոր է պահպանել ծանուցման մեջ նշված լոտերի վաճառքի հերթականությունը:

Հոդված 14. Աճուրդի ընթացքը

1.Աճուրդը սկսվելուց առաջ մասնակիցներին աճուրդին ներկա գտնվելու ցանկություն հայտնած անձանց պետք է հնարավորություն տրվի մուտք գործել աճուրդի անցկացման վայր:

2.Աճուրդի կազմակերպիչը գրանցում է աճուրդի մասնակիցներին՝ ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթերը:

3.Աճուրդը բացվում է հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է աճուրդում վաճառվելիք լոտի անվանումը եւ նկարագրությունը, նրա մեկնարկային գինը, լոտի նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաեւ աճուրդի անցկացման ձեւը եւ գնային հայտերի ներկայացման կարգը:

4.Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը:

Ցանկացած մասնակից իրավունք ունի նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կողմից կատարված նախորդը նվազագույն հավելման չափով:

5.Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո՝ համարվում է աճուրդում հաղթած մասնակից:

6.Եթե մի քանի մասնակիցներ միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտի ներկայացում չի կատարվել, ապա աճուրդավարը վիճակահանության միջոցով որոշում է հաղթող մասնակցին:

7.Աճուրդի այլ ընթացակարգային հարցերը կարգավորվում են կազմակերպչի կողմից, որի պայմանների հետ կազմակերպիչը պարտավոր է մասնակիցներին ծանոթացնել նախքան սակարկությունների սկսվելը:

8.Լոտի /լոտերի/ վաճառքից հետո հաղթողը եւ կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը եւ աճուրդը համարվում է ավարտված:

9.Եթե լոտը չի վաճառվում, ինչպես նաեւ եթե հաղթող ճանաչված անձը եւ/կամ աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց, ապա աճուրդը համարվում է չկայացած:

10.Աճուրդը հայտարարվում է չկայացած սույն հոդվածի 9-րդ մասում նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:

Հոդված 15. Կրկնակի աճուրդներ

1.Աճուրդը չկայացած համարվելու դեպքերում կարող են կազմակերպվել կրկնակի աճուրդներ:

2.Աճուրդը չկայացած համարվելու դեպքում կրկնակի աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:

3.Կրկնակի աճուրդները կազմակերպվում եւ անց են կացվում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 16. Անվավեր աճուրդներ

1.Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:

2.Սույն օրենքով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

3.Աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերությանը:

4.Աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդի պայմանները կարող են փոփոխվել, եթե աճուրդի անվավերությունը կապված է եղել նախնական որեւէ պայմանի հետ , ինչպես նաեւ եթե տեղի է ունեցել լոտի վիճակի փոփոխություն, այդ թվում` կապված նրա նկատմամբ իրավունքների եւ պարտականությունների փոփոխման հետ:

5.Անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվում եւ անց է կացվում սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 17. Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը

1.Սակարկությունների արդյունքների մասին արձանագրության մեջ նշվում է.

ա/ աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը եւ ժամանակը,

բ/ լոտի անվանումը, լոտի նկատմամբ իրավունքներն ու պարտականությունները եւ այլ սահմանափակումները, ինչպես նաեւ լոտի վիճակը /արտադրության տարին, ?ֆիզիկական մաշվածության աստիճանը եւ այլը/,

գ/ լոտի մեկնարկային գինը,

դ/ լոտը վաճառողի անունը /անվանումը/ եւ բնակության /գտնվելու/ վայրը,

ե/ աճուրդը կազմակերպչի, եթե նա սեփականատեր /իրավատեր/ չէ, անունը /անվանումը/ եւ բնակության /գտնվելու/ վայրը,

զ/ հաղթող ճանաչված մասնակցի անունը /անվանումը/ եւ բնակության /գտնվելու/ վայրը,

է/ լոտի գնման գինը:

2.Արձանագրությունը ստորագրվում է հաղթող ճանաչված մասնակցի, ինչպես նաեւ աճուրդի կազմակերպչի կողմից:

3.Եթե հաղթող ճանաչված մասնակիցն արձանագրության վերաբերյալ առարկություններ ունի, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:

4.Եթե աճուրդն ավարտվում է մեկնարկային գնի չափով գնային հայտ չներկայացնելու պատճառով, ապա կազմակերպիչն անհապաղ կազմում է արձանագրություն աճուրդը չկայանալու մասին:

5.Ընդհանուր աճուրդի դեպքում արձանագրությունը կարող է կազմվել սակարկությունների ընթացքում: Լոտն աճուրդում վաճառելուց հետո տվյալ լոտի համար հաղթող ճանաչված մասնակիցը հրավիրվում է ստորագրելու արձանագրությունը:

Հոդված 18. Լոտի գնի վճարումը

1.Եթե այլ ժամկետ սահմանված չէ ծանուցման մեջ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:

2.Աճուրդում գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում վճարվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը:

3.Լոտի գնման գնի վճարման պարտավորությունը ենթակա չէ հաշվանցման:

4.Սեփականատեր /իրավատեր/ չհանդիսացող աճուրդի կազմակերպիչն փոխանցում է լոտի գինը սեփականատիրոջը /իրավատիրոջը/` հաշվանցելով իր կողմից կատարված ծախսերը` աճուրդի կազմակերպման մասին պայմանագրին համապատասխան:

5.Նախավճարը` աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում, աճուրդի կազմակերպիչը վերադարձնում է այն աճուրդում չհաղթած մասնակիցներին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 19. Աճուրդի ձեւերը

1.Աճուրդի անցկացման կոնկրետ ձեւը, ինչպես նաեւ սույն օրենքով չնախատեսված այլ ընթացակարգային պայմանները սահմանում աճուրդի կազմակերպիչը՝ համաձայնեցնելով լոտի սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2.Աճուրդի բացման ժամանակից երեսուն րոպե առաջ կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն ընձեռել մասնակիցներին ծանոթանալ աճուրդի անցկացման պայմաններին` մասնակիցների համար հասանելի տեղում այն փակցնելու միջոցով:
 


ԳԼՈՒԽ 3.

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 20. Մրցույթի անցկացման մասին պայմանագիրը

1.Եթե մրցույթն անց է կացվելու մրցույթի կազմակերպչի կողմից, ապա նրա եւ առաջարկողի միջեւ կնքվում է գրավոր պայմանագիր:

2.Մրցույթի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի.

ա/ առաջարկողի եւ կազմակերպչի անունները /անվանումները/ եւ գտնվելու վայրը /բնակության վայրը/,

բ/ նշում այն մասին, թե ում անունից պետք է հանդես գա մրցույթի կազմակերպիչը,

գ/ մրցույթում առաջարկվող լոտի նկարագրությունը եւ/կամ մրցույթի հիմնական պայմանները,

դ/ կազմակերպչի վարձատրության չափը եւ վճարման կարգը, բացառությամբ անվճար մրցույթներ անցկացնելու դեպքերի:

3.Մրցույթի մասին պայմանագրից բխող պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով, տուժանքով, նախավճարով եւ այլ միջոցներով:

Հոդված 21. Մրցույթի մասին հրապարակային ծանուցումը

1.Մրցույթի կազմակերպիչը մրցույթի անցկացման մասին կատարում է հրապարակային ծանուցում՝ սույն օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով:

2.Հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները մրցույթի մասին.

ա/ մրցույթի կազմակերպչի անունը /անվանումը/,

բ/ մրցույթի կազմակերպման վայրը /հասցեն/,

գ/ մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի,

դ/ մրցույթի ձեւը եւ անցկացման կարգը,

ե/ մրցույթի լոտի նկարագրությունը /անվանումը/, մրցույթի հիմնական պայմանները,

զ/ մրցույթին մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

է/ մրցույթում հաղթողին որոշելու կարգը,

ը/ մրցույթի մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաեւ վճարման կարգը եւ ժամկետները,

թ/ մրցույթում ծածկագրերի կիրառման կարգը,

ժ/ մրցույթի հայտերի բացման նիստի օրը եւ ժամը:

Հոդված 22. Հրապարակային ծանուցման փոփոխությունները եւ լրացումները

1.Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչը պարտավոր է անհապաղ կատարել մրցույթի հրապարակային ծանուցման համապատասխան փոփոխություններ եւ/կամ լրացումներ, այն ձեւով, ինչպես կատարվել էր սկզբնական հրապարակային ծանուցումը:

2.Եթե փոփոխությունների մասին հրապարակային ծանուցումը կատարվել է նախքան մրցույթի հաղթողին որոշելու օրը` երեսուն օրվա ընթացքում, ապա աճուրդի կազմակերպիչը կրում է մասնակիցների կողմից կրած իրական վնասների ռիսկը, եթե օրենսդրությամբ կամ հրապարակային ծանուցմամբ այլ բան նախատեսված չէ:

3.Նախնական հրապարակային ծանուցումից հետո թույլատրվում է կատարել ցանկացած լրացում, եթե դրանով էականորեն չեն փոփոխվում ծանուցման մեջ նշված նախնական տվյալները:

Հոդված 23. Մրցույթային հանձնաժողովը

1.Նախքան մրցույթի մասին ծանուցումը հրապարակելը սակարկությունների կազմակերպիչը ստեղծում է առնվազն երեք անձից բաղկացած մրցույթային հանձնաժողով:

2.Մրցույթային հանձնաժողովը հաստատում է մրցույթի անցկացման մասին ծանուցման տեքստը, բացում եւ գնահատում է մրցույթի հայտերը, ինչպես նաեւ որոշում է մրցույթի հաղթողին:

3.Մրցույթային հանձնաժողովն որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ, եթե մրցույթի կազմակերպչի կողմից նախորոք այլ կարգ չի սահմանվում:

Մրցույթի կազմակերպիչը կարող է սահմանել մրցութային հանձնաժողովի գործունեության ընթացակարգեր:

Հոդված 24. Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման կարգը

1.Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք, մրցույթի մասին ծանուցման պահանջներին համապատասխան, կազմակերպչին են ներկայացնում մրցույթային հայտեր:

2.Մրցույթի հայտում ներառվող տեղեկությունների ցանկը սակարկությունների մասին հրապարակային ծանուցման տվյալների հիման վրա սահմանում է սակարկությունների կազմակերպիչը:

3.Սակարկությունների մասնակիցները մրցույթի հայտը, ինչպես նաեւ անհրաժեշտ հավելվածները եւ օժանդակ այլ փաստաթղթերը, ներկայացնում են սոսնձված, կնքված եւ/կամ ստորագրված ծրարով:

Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից եւ մրցույթի մասին ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում է «բնօրինակ» եւ «կրկնօրինակ» բառերը:

Սակարկությունների կազմակերպչի որոշմամբ ծրարի վրա կարող են կատարվել հետեւյալ գրառումներ.

ա/ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը /հասցեն/,

բ/ մրցույթի ծածկագիրը,

գ/ «չբացել մինչեւ մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը:

4.Մրցույթի հայտը գրանցվում է առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը:

Սակարկությունների կազմակերպչի կողմից մասնակցին տրվում է տեղեկանք մրցույթի հայտն ընդունելու մասին:

5.Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող հայտերը, ինչպես նաեւ մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացելու մերժվում են եւ վերադարձվում են ներկայացնողին:

6.Մրցույթի մասնակիցը, մինչեւ մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել այն:

Հայտի փոփոխությունը կատարվում է սույն օրենքով հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

7.Մրցույթին մասնակցելու ցանկացողները կարող են մրցույթի հայտերն ուղարկել կազմակերպչին պատվիրված նամակով:

Նույն կարգով մասնակիցները կարող են ետ վերցնել հայտը:

8.Մրցույթի ծանուցմամբ նախատեսված կարգով, չափով եւ ժամկետներում մասնակիցները մուծում են նախավճար:

Հոդված 25. Մրցույթի հայտերի բացումը եւ արդյունքների ամփոփումը

1.Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի հայտերում նշված ժամկետը լրանալու օրը, մրցույթային հանձնաժողովի հատուկ նիստում: Հայտերի բացման օրը եւ ժամը պետք է համընկնի դրա ներկայացնելու վերջին ժամկետին:

2.Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են.

ա/ հայտը ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը եւ եթե տվյալ անձը չի առարկում, ապա նաեւ նրա անվանումը/անունը/,

բ/ մրցույթի հայտերի ներկայացման համապատասխանությունը սույն օրենքի եւ հրապարակային ծանուցման պահանջներին,

գ/ ամփոփ տվյալներ` մրցույթի ներկայացված հայտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

3.Մրցույթի մասնակիցները եւ նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել հայտերի բացման նիստին: Նրանք կարող են պահանջել մրցույթի բացման նիստի արձանագրության պատճենը, որն նրանց տրամադրվում է անհապաղ:

4.Մրցույթի հայտերն ամփոփելուց հետո մրցույթային հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշում է .

ա/ մրցույթի հայտերի բացման վայրը, ամսաթիվը եւ ժամը, ինչպես նաեւ մրցութային հանձնաժողովի անդամների անունները եւ ազգանունները,

բ/ մրցույթի մասնակիցների անվանումները /անունները/ եւ գտնվելու /բնակության/ վայրը,

գ/ տեղեկություններ մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների եւ դրանց պատասխանների մասին,

դ/ այլ անհրաժեշտ տեղեկություններ:

5.Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրում են մրցութային հանձնաժողովի բոլոր անդամները, ինչպես նաեւ հաղթող ճանաչված մրցույթի մասնակիցը:

Մրցութային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը եւ համարվում է նրա անբաժանելի մասը:

Հոդված 26. Սակարկվող մրցույթներ

1.Մրցույթի կազմակերպիչը կարող է անց կացնել սակարկվող մրցույթներ, եթե սակարկություններում հաղթողին որոշելու համար էական նշանակություն ունի միայն մասնակիցների կողմից ներկայացվող գնային պայմանները:

2.Սակարկվող մրցույթների մասին հրապարակային ծանուցումը պետք է համապատասխանի սույն օրենքի պահանջներին:

3.Սակարկվող մրցույթներն անց են կացվում սույն օրենքով աճուրդների համար սահմանված կարգով՝ աճուրդավարի մասնակցությամբ:

4.Մասնակիցների կողմից կատարվում է գնային հայտերի ներկայացում: Առավել ցածր գին ներկայացրած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:

5.Եթե մի քանի մասնակիցների կողմից կատարվում է միեւնույն չափով գնային հայտի ներկայացում, ապա հաղթողն որոշվում է վիճակահանությամբ:

Հոդված 27. Չկայացած եւ անվավեր մրցույթներ

1.Մրցութային հանձնաժողովը չկայացած է համարում մրցույթը, եթե.

ա/ ոչ մի հայտ չի ներկայացվել,

բ/ ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին, ինչպես նաեւ երբ հայտերի ներկայացումը չի համապատասխանել սույն օրենքի եւ մրցույթի հրապարակային ծանուցման պահանջներին,

գ/ արտակարգ իրավիճակների պատճառով դառնում է անհնար մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:

2.Մրցույթը չկայացած հայտարարելու դեպքում կրկնակի մրցույթներ կարող են կազմակերպվել սույն օրենքով սահմանված կարգով:

3.Սույն օրենքի պահանջների խախտմամբ կազմակերպված եւ անցկացված մրցույթը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:

4.Մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

ԳԼՈՒԽ 4.

ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐ

Հոդված 28. Հարկադիր աճուրդի հասկացությունը

1.Հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անց է կացվում կատարողական թերթի համապատասխան պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նպատակով:

2.Հարկադիր աճուրդի լոտ կարող է հանդիսանալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3.Հարկադիր աճուրդը կազմակերպում եւ անց է կացնում հարկադիր կատարողը:

4.Շուտ փչացող, ինչպես նաեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող մեկնարկային գին ունեցող լոտը կարող է իրացվել առեւտրային կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով:

Հոդված 29. Լոտի գնահատումը

1.Հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է կատարողական թերթի կատարման օրը գործող շուկայական գնի 75 տոկոսի չափով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2.Լոտի մեկնարկային գինն որոշելու համար հարկադիր կատարողն, ինչպես նաեւ պահանջատերը կամ պարտապանն իրավունք ունեն նշանակել փորձագետ:

Սահմանված լոտի մեկնարկային գնի վաղեմությունը չպետք է գերազանցի նախքան աճուրդի անցկացնելը` վեց ամիսը:

3.Պահանջատերն ողջամիտ սահմաններում իրավունք ունի որոշելու լոտում ընդգրկվող գույքի կազմը եւ քանակը։

Հոդված 30. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը

1.Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի այն անցկացնելու օրվանից առնվազն տասն օր առաջ՝ սույն օրենքով նախատեսված կարգով:

2.Բացի սույն օրենքով նախատեսված տեղեկություններից հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է ցուցում պարունակի աճուրդի հարկադիր լինելու հանգամանքի մասին:

3.Հարկադիր աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումն աճուրդն անցկացնելուց առնվազն տասն օր առաջ ուղարկվում է պարտապանին:

Հոդված 31. Հարկադիր աճուրդի կազմակերպումը

1.Հարկադիր աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման պահից մինչեւ աճուրդի անցկացման նախորդ օրը ժամը 16.00-ն հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության /այսուհետ՝ ծառայություն/ ստորաբաժանում:

2.Հայտին կից ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ հայտով նախատեսված լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար մուծելու մասին:

3.Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

4.Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի կանխիկ մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո, իսկ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը՝ երեք բանկային օրվա ընթացքում:

Նախավճարն ենթակա է վերադարձման նաեւ այն դեպքում, երբ աճուրդը չի կայացել:

5.Լոտի զննման, պահպանության, գնահատման /այդ թվում՝ փորձագետի միջոցով/, ծառայության շինությունների պահպանման, սակարկությունների կազմակերպման ու անցկացման այլ ծախսերն իրականացվում են իրացվող լոտի գնման գնի հինգ տոկոսի, իսկ տասը միլիոն դրամից ավելի արժողությամբ լոտի դեպքում՝ գնման գնի երեք տոկոսի չափով պարտապանից գանձվող գումարների հաշվին:

Հոդված 32. Հարկադիր աճուրդի ընթացքը

1.Հարկադիր աճուրդն անց է կացվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-7 մասերով սահմանված կարգով:

2.Աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետեւյալ չափեր՝

ա/ լոտի մեկնարկային գնի մինչեւ 50.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափ չի սահմանվում.

բ/ լոտի մեկնարկային գնի 50.001-100.000 դրամի դեպքում՝ 500 դրամ.

գ/ լոտի մեկնարկային գնի 100.001-500.000 դրամի դեպքում՝ 1.000 դրամ.

դ/ լոտի մեկնարկային գնի 500.001-1.000.000 դրամի դեպքում՝ 10.000 դրամ.

ե/ լոտի մեկնարկային գնի 1.000.001-10.000.000 դրամի դեպքում՝ 50.000 դրամ.

զ/ լոտի մեկնարկային գնի 10.000.000-ից ավելիի դեպքում՝ 100.000 դրամ:

3.Աճուրդում հաղթած մասնակիցը եւ հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Եթե աճուրդում հաղթած մասնակիցը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:

Եթե հարկադիր կատարողը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթած մասնակցին վերադարձնել նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաեւ հատուցել աճուրդին մասնակցելու հետեւանքով նրա կրած վնասները:

4.Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախօրոք մուծած նախավճարը: Գնման գինը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում եւ մնում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում:

5.Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո՝ եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

6.Լոտի վաճառքից ստացված գումարը եռօրյա ժամկետում փոխանցվում կամ հանձնվում է պարտատիրոջը:

Հոդված 33. Հարկադիր աճուրդը չկայացած հայտարարելը

1.Հարկադիր աճուրդը հարկադիր կատարողի կողմից չկայացած է հայտարարվում հետեւյալ դեպքերում՝

ա/աճուրդին չի ներկայացել ոչ մի մասնակից.

բ/աճուրդի ընթացքում մասնակիցների կողմից ոչ մի գնային հայտ չի ներկայացվել.

գ/աճուրդում հաղթած մասնակիցը չի մուծել գնման գինը:

2.Հարկադիր աճուրդը պետք է հայտարարվի չկայացած ոչ ուշ, քան նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:

Հոդված 34. Կրկնակի հարկադիր աճուրդներ

1.Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում, անցկացվում է կրկնակի հարկադիր աճուրդ:

2.Կրկնակի աճուրդի մասին առնվազն յոթ օր առաջ սույն գլխով սահմանված սահմանված կարգով կատարվում է հրապարակային ծանուցում:

3.Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերով նախատեսված հիմքերով աճուրդն չկայացած հայտարարվելու դեպքում յուրաքանչյուր կրկնակի հարկադիր աճուրդում լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի մեկնարկային գնի տասը տոկոսի չափով:

4.Երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական կրկնակի աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում, այն առաջարկվում է պարտատիրոջը՝ տվյալ աճուրդի մեկնարկային գնով, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտատեր են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմինները:

5.Եթե միեւնույն պարտապանի գույքի նկատմամբ կան բռնագանձման մասին երկու կամ ավելի կատարողական թերթեր, ապա լոտը չի առաջարկվում պահանջատերերին, իսկ աճուրդային գործընթացը շարունակվում է։

6.Պահանջատերը լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր համաձայնությունը կարող է հայտնել ծառայությանը մինչեւ աճուրդի անցկացման նախորդ օրվա ժամը 16.00-ն:

Եթե պահանջատերը հրաժարվում է լոտը ստանալուց, ապա աճուրդային գործընթացը շարունակվում է:

7.Եթե պահանջատերը համաձայնվում է ստանալ գույք /լոտը/, ապա նրա եւ հարկադիր կատարողի միջեւ կնքվում է գույքը հանձնելու մասին համապատասխան պայմանագիր: Գույքը /լոտը/ պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից աճուրդի ծախսերը ծառայությանը վճարելուց հետո:

8.Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչեւ պայմանագրի կնքումը եւ լոտի հանձնումը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջեւ եղած տարբերությունը:

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 35. Փաստաթղթերի պահպանման պարտականությունը

Սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ եւ պահպանել աճուրդի հետ կապված փաստաթղթերը /պայմանագրերը, արձանագրությունները եւ այլն/ սակարկությունների ավարտից երկու տարվա ընթացքում:

Հոդված 36. Սակարկությունների կազմակերպչի պատասխանատվությունը

1.Սակարկությունների կազմակերպիչը պատասխանատվություն է կրում լոտի այն էական թերությունների համար , որոնց մասին տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ, սակայն չի զգուշացրել սակարկությունների մասնակիցներին:

2.Սակարկությունների կազմակերպիչը պատասխանատվություն է կրում իր տիրապետման տակ գտնվող լոտի վնասվածքների համար եւ կրում է լոտի պատահական կորստի ռիսկը, եթե սակարկությունների կազմակերպման մասին պայմանագրով այլ բան սահմանված չէ:

3.Սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է ապահովել լոտերի պահպանումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական եւ այլ պարտադիր նորմերին համապատասխան:

Հոդված 37. Անցումային դրույթներ

Սույն օրենքով նախատեսված կանոնները տարածվում են այն սակարկությունների կազմակերպման եւ անցկացման վրա, որոնց մասին հրապարակային ծանուցումը կատարվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

Հոդված 38. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: