Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-767-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1.Սույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների եւ դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նաեւ հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Սույն օրենքով չեն կարգավորվում փակ սակարկությունների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2.Սույն օրենքը չի տարածվում պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ ընթացքում սակարկությունների կազմակերպման, ինչպես նաեւ պետության եւ համայնքների կարիքների համար իրականացվող գնումների հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3.Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի անվճարունակության /սնանկության/ առնչությամբ կազմակերպվող հրապարակային սակարկությունների առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

4.Սույն օրենքը չի տարածվում օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա։ Օտարերկրյա արժույթի հրապարակային վաճառքը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով։

5.Սույն օրենքը չի տարածվում ֆոնդային եւ ապրանքային բորսաների միջոցով հրապարակային սակարկությունների կազմակերպման վրա, ինչպես նաեւ արժեթղթերի հրապարակային վաճառքի հետ կապված հարաբերությունների վրա, բացառությամբ հարկադիր աճուրդների կազմակերպման դեպքերի:

6.Սույն օրենքը չի տարածվում էլեկտրոնային համակարգերի միջոցներով կազմակերպվող սակարկությունների վրա:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.հրապարակային սակարկություններ կամ սակարկություններ` աճուրդի կամ մրցույթի կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել սույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ.

աճուրդ` սակարկությունների ձեւ, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին.

մրցույթ` սակարկությունների ձեւ, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ.

հրապարակային սակարկությունների առաջարկող կամ առաջարկող` գույքի սեփականատեր կամ գույքային իրավունքների տիրապետող, որն անմիջականորեն չի կազմակերպում հրապարակային սակարկությունների անցկացումը.

հրապարակային սակարկությունների կազմակերպիչ կամ կազմակերպիչ՝ աճուրդ կամ մրցույթ անցկացնող գույքի սեփականատեր, գույքային իրավունքների տիրապետող, ինչպես նաեւ պայմանագրով կամ օրենքով հրապարակային սակարկություններ կազմակերպելու լիազորություններով օժտված անձ կամ մարմին.

աճուրդի /մրցույթի/ կանոնակարգ` հրապարակային սակարկությունների կազմակերպչի կողմից սահմանված փաստաթուղթ, որում նախատեսվում են սույն օրենքի համապատասխան կազմակերպչի կողմից սահմանման ենթակա դրույթներ.

հրապարակային սակարկությունների մասնակիցներ կամ մասնակիցներ` սույն օրենքով սահմանված կարգով նախավճար վճարած եւ հրապարակային սակարկությունների միջոցով համապատասխան պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած անցինք.

աճուրդի /մրցույթի/ պայմաններ՝ օրենքով սահմանված ու աճուրդ /մրցույթ/ առաջարկողի եւ/կամ/ կազմակերպչի կողմից նախատեսված սակարկություններով կնքվող պայմանագրի էական պայմանների համալիր.

լոտ`աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, սույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում՝ նաեւ մեկնարկային գին:

Լոտը կարող է լինել կատարման ենթակա աշխատանք կամ մատուցման ենթակա ծառայություն.

աճուրդավար` անձ, որն անմիջականորեն վարում է աճուրդը.

մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին.

գնային հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս լինել սակարկության կազմակերպչի կողմից նախապես սահմանված նվազագույն հավելման չափից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով.

գնման գին՝ աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի կողմից ներկայացված վերջին գնային հայտ.

աճուրդի կամ մրցույթի ծախսերը` աճուրդի կամ մրցույթի կազմակերպչի կողմից կատարված ծախսերը, կապված աճուրդի կամ մրցույթի կազմակերպման ու անցկացման հետ:

Հոդված 3. Սակարկությունների մասնակիցները

1.Սակարկությունների մասնակից կարող է հանդիսանալ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ համայնքները:

2.Սակարկություններին չեն կարող մասնակցել սակարկությունների կազմակերպիչը, իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպչի հիմնադիրները /մասնակիցները/, կազմակերպչի աշխատակիցները, իսկ մրցությների դեպքում` մրցութային հանձնաժողովի անդամները:

Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը, ինչպես նաեւ աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը :

3.Սակարկությունների մասնակից չեն կարող հանդիսանալ այն անձինք, որոնք՝ սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Հոդված 4. Սակարկությունների միջոցով պայմանագրեր կնքելու պայմանները

1.Եթե սակարկություններով վաճառվելիք լոտն անշարժ կամ շարժական գույք է, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը:

2.Եթե լոտն իրավունք է` այդ թվում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու առաջարկ, ինչպես նաեւ օգտագործման իրավունք, սակարկություններում հաղթողի հետ արձանագրությունը ստորագրելու պահից նրան է անցնում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունքը:

3.Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում համապատասխան պայմանագրեր կնքելիս նրանց էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին:

4.Սակարկությունների ընթացքում վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության դրամով։

ԳԼՈՒԽ 2.

ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 5. Աճուրդի կազմակերպման ընդհանուր ընթացակարգային պայմանները

1.Աճուրդը պետք է սկսվի ժամը 9.00 մինչեւ ժամը 19.00 ընկած ժամանակահատվածում, բացառությամբ սեփականատիրոջ /իրավատիրոջ/ կողմից կազմակերպվող աճուրդների, որոնք պետք է սկսվեն ժամը 8.00 մինչեւ ժամը 23.00 ընկած ժամանակահատվածում:

Լոտի վաճառքը պետք է ավարտվի հրապարակային ծանուցման մեջ նշված օրը:

2.Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի զանգվածային լրատվական միջոցով կամ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ:

Աճուրդի կազմակերպիչը պետք է աճուրդի կայացման վայրում ցուցատախտակի վրա զետեղի աճուրդի մասին հրապարակային ծանուցումը` աճուրդի կայացման օրվանից` մեկ օր առաջ:

3.Աճուրդի կանոնակարգով նախատեսված կարգով աճուրդին կարող են ներկա գտնվել աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճարը /այսուհետ` մասնակից չհամարվող անձինք/:

Աճուրդի մասնակիցները եւ մասնակից չհամարվող անձինք աճուրդի անցկացման դահլիճում զբաղեցնում են առանձին նստատեղեր:

4.Աճուրդի մասնակիցները եւ մասնակից չհամարվող անձինք պարտավոր են չխոչընդոտել աճուրդի անցկացմանը եւ ենթարկվել աճուրդի կանոնակարգով սահմանված կանոններին:

Հոդված 6. Աճուրդի անցկացման մասին պայմանագիրը

1.Եթե աճուրդն անց է կացվելու սեփականատեր կամ իրավունքի տիրապետող չհանդիսացող անձի կողմից, ապա առաջարկողի եւ կազմակերպչի միջեւ կնքվում է աճուրդի անցկացման մասին գրավոր պայմանագիր:

2.Աճուրդի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի.

ա/ առաջարկողի եւ կազմակերպչի անունները /անվանումները/ եւ գտնվելու վայրերը /բնակության վայրերը/.

բ/ աճուրդին ներկայացվելիք լոտի անվանումը.

գ/ լոտի մեկնարկային գինը.

դ/ սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ:

3.Եթե կազմակերպիչը լիազորված է նվազեցնելու լոտի մեկնարկային գինը, ապա աճուրդ անցկացնելու մասին պայմանագիրը պետք է պարունակի նաեւ համապատասխան դրույթներ, նշելով մեկնարկային գինը նվազեցնելու թույլատրելի սահմանները:

4.Լոտը կազմակերպչին ի պահ հանձնելու դեպքում` պայմանագիրը պետք է պարունակի պահատվության վերաբերող դրույթներ:

Հոդված 7. Աճուրդի կազմակերպչի վարձատրությունը

1.Կազմակերպչի կողմից աճուրդի կազմակերպման դեպքում կազմակերպչի վարձատրության կարգը եւ պայմանները սահմանվում են աճուրդի անցկացման մասին պայմանագրով:

2.Լուծարվող իրավաբանական անձի գույքը վաճառքի դեպքում առաջարկողի եւ աճուրդի կազմակերպչի միջեւ կնքված պայմանագրով վարձատրության չափը չի կարող գերազանցել վաճառվող գույքի մեկնարկային գնի տասը տոկոսը:

Հոդված 8. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը

1.Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկություններ աճուրդի մասին

ա/ աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը,

բ/ աճուրդի կազմակերպչի անունը /անվանումը/,

գ/ աճուրդի կազմակերպման վայրը /հասցեն/,

դ/ աճուրդի ձեւը եւ անցկացման կարգը,

ե/ աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի /լոտերի/ անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է , ապա նրա ‎ֆիզիկական վիճակը /մաշվածությունը/ եւ/կամ արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտն իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաեւ այլ էական պայմանները,

զ/ աճուրդին մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

է/ աճուրդում հաղթողին որոշելու կարգը,

ը/ կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաեւ վճարման կարգը եւ ժամկետները

թ/ լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը եւ վայրը,

ժ/ ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը,

ժա/ աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը եւ կանոնակարգի պատճենը տրամադրման կարգը:

Աճուրդի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանաջել միայն կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:

2.Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի աճուրդի բացումից առնվազն տասնհինգ օր առաջ:

3.Շուտ փչացող ապրանքների դեպքում աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կարող է կատարվել աճուրդի բացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:

4.Անշարժ գույքի վաճառքի, ինչպես նաեւ այլ դեպքերում օրենքով կարող են սահմանվել աճուրդի մասին հրապարակային ծանուցման առավել երկար ժամկետներ:

Հոդված 9. Աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխությունները եւ լրացումները

1.Այն պայմանները եւ տեղեկությունները, որոնք նշվել են աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ ենթակա չեն փոփոխման, բացառությամբ այն դեպքերի, երբ փոփոխություններ են տեղի ունեցել աճուրդով վաճառվելիք լոտի նկատմամբ սահմանափակումների մասով, կամ փոփոխություններ են տեղի ունեցել կապված լոտի ‎ֆիզիկական վիճակի հետ, կամ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նախատեսվել է փոփոխությունների հնարավորությունը:

Սույն մասով նախատեսված դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մինչեւ նախորդող 3 օրը կատարել աճուրդի մասին հրապարակային ծանուցման փոփոխություններ եւ լրացումներ /այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն/, այն ձեւով, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:

2.Եթե հրապարակային ծանուցման փոփոխությունը չի կատարվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում եւ կարգով, ապա աճուրդի կազմակերպիչը կրում է մասնակիցների կողմից կրած իրական վնասների ռիսկը։

3.Աճուրդի մասին հրապարակային ծանուցում կատարելուց հետո թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

Հոդված 10. Աճուրդի մասնակցության պայմանները

1.Աճուրդի մասին ծանուցման մեջ սահմանված չափով, ժամկետներում եւ կարգով աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք մուծում են նախավճար, որի չափը չի կարող գերազանցել աճուրդում վաճառվող ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի գնի մինչեւ հինգ տոկոսը:

2.Նախավճարը մուծվում է աճուրդի կազմակերպչին: Նախավճարը կարող է վճարվել կանխիկ ձեւով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3.Նախավճարը վճարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է մասնակցին տրամադրել մասնակցի վկայական, որտեղ նշվում է աճուրդի կազմակերպչի անվանումը, վճարված նախավճարի չափը, աճուրդի անցկացման վայրը /հասցեն/ եւ ժամանակը:

4.Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի կանոնակարգով կարող է սահմանվել մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

5.Աճուրդի մասնակիցներին մասնակցի վկայականների տրամադրումը, ինչպես նաեւ աճուրդի մասնակից չհանդիսացող անձնաց տոմսերի վաճառքը պետք է դադարի աճուրդի բացումից առնվազն երեսուն րոպե առաջ, եթե աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:

Հոդված 11. Լոտի ուսումնասիրումը

1.Նախքան աճուրդի բացումը, մասնակիցներն պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ աճուրդի մասին ծանուցման մեջ նշված վաճառվելիք լոտին /լոտերին/:

2.Լոտն ուսումնասիրելու կարգն ու ժամկետները սահմանվում են աճուրդի կանոնակարգով, հաշվի առնելով շարժական գույքի պահվելու կամ անշարժ գույքի գտնվելու վայրը:

Աճուրդի կազմակերպիչը, ծանուցման պահից պարտավոր է հնարավորություն ընձեռել լոտի /լոտերի/ ուսումնասիրության համար:

3.Անշարժ գույքի զննության անհրաժեշտության դեպքում, ինչպես նաեւ այլ տեղերում պահվող շարժական գույքի ուսումնասիրության համար աճուրդի կազմակերպիչը նախատեսում է համապատասխան օրեր եւ ժամեր եւ պարտավոր է նշված ժամանակահատվածում ապահովել լոտի /լոտերի/ ամբողջական ուսումնասիրության հնարավորությունը ցանկացողների համար:

4.Լոտի /լոտերի/ ուսումնասիրության համար ընդհանուր ժամաքանակը չի կարող պակաս լինել անշարժ գույքի համար` քառասուն ժամից, շարժական գույքի համար` տասը ժամից:

5. Եթե վաճառվող լոտն իրավունք է , ապա սույն հոդվածի համապատասխան պետք է հնարավորություն տրվի ուսումնասիրելու համապատասխան օբյեկտը, որի նկատմամբ գոյություն ունի իրավունքը, ինչպես նաեւ համապատասխան իրավահաստատող փաստաթղթերը:

Հոդված 12. Աճուրդից հրաժարվելը

1.Աճուրդի բացմանը նախորդող երեք օրվա ընթացքում աճուրդից հրաժարվելու դեպքում աճուրդի կազմակերպիչը պարտավոր է հատուցել մասնակիցների կողմից կրած իրական վնասը:

Սեփականատիրոջ /իրավատիրոջ/ մեղքով աճուրդից հրաժարվելու հետեւանքով կրած վնասները կազմակերպիչը կարող է վերականգնել հետադարձ պահանջի կարգով:

2.Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, կազմակերպիչն աճուրդից պարտավոր է հրաժարվել, եթե`

ա/ առկա է սեփականատիրոջ /իրավատիրոջ/ գրավոր դիմումն աճուրդից հրաժարվելու վերաբերյալ, բացառությամբ աճուրդի անցկացման մասին պայմանագրով նախատեսված դեպքերի,

բ/ լոտը կամ դրա մի մասը ներառված է սնանկության հետեւանքով լուծարվող իրավաբանական անձի կամ անվճարունակ ճանաչված ֆիզիկական անձի գույքի կազմում,

գ/ առկա է դատարանի որոշումը լոտի վաճառքի սահմանափակման վերաբերյալ,

3.Կազմակերպիչը կարող է աճուրդից հրաժարվել, եթե աճուրդի առաջարկողը`

ա/ աճուրդի մասին պայմանագրով սահմանված կարգով ու չափով չի վճարել նախատեսված վարձատրությունը,

բ/ խոչընդոտներ է ստեղծում լոտի ուսումնասիրության համար:

4.Աճուրդից հրաժարվելու մասին ծանուցումը պետք է արվի այնպես, ինչպես կատարվել էր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը:

Հոդված 13. Ընդհանուր աճուրդներ

1.Ընդհանուր աճուրդ է համարվում այն աճուրդը, որի ընթացքում վաճառվում է մեկից ավելի լոտ:

2.Աճուրդի կազմակերպիչը պարտավոր է պահպանել ծանուցման մեջ նշված լոտերի վաճառքի հերթականությունը:

Հոդված 14. Աճուրդի ընթացքը

1.Նախքան աճուրդի սկսվելը կազմակերպիչը գրանցում է աճուրդի մասնակիցներին՝ ստուգելով նրանց ինքնությունը, լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաեւ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթերը:

2.Աճուրդը բացվում է հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է աճուրդում վաճառվելիք լոտի անվանումը եւ նկարագրությունը, նրա մեկնարկային գինը, լոտի նկատմամբ սահմանափակումները, ինչպես նաեւ աճուրդի անցկացման ձեւը, այդ թվում` գնային հայտերի ներկայացման կարգը:

3.Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը:

Ցանկացած մասնակից իրավունք ունի նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կողմից կատարված նախորդը նվազագույն հավելման չափով:

4.Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո՝ համարվում է աճուրդում հաղթած մասնակից:

5.Եթե մի քանի մասնակիցներ միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտի ներկայացում չի կատարվել, ապա աճուրդավարը վիճակահանության միջոցով որոշում է հաղթող մասնակցին:

6.Աճուրդի անցկացման այլ ընթացակարգային պայմանները կարող են նախատեսվել աճուրդի մասին կանոնակարգով, որի դրույթներին կազմակերպիչը պարտավոր է մասնակիցներին ծանոթացնել նախքան աճուրդի սկսվելը:

7.Լոտի /լոտերի/ վաճառքից հետո հաղթողը եւ կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը եւ տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:

Հոդված 15. Չկայացած աճուրդներ

1.Եթե լոտը չի վաճառվում, այդ թվում` ոչ մի գնորդ չներկայանալու դեպքում, ինչպես նաեւ եթե հաղթող ճանաչված անձը եւ/կամ աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց, ապա տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է չկայացած:

2.Տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը հայտարարվում է չկայացած սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:

3.Աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:

4.Յուրաքանչյուր հաջորդ աճուրդ կազմակերպվում եւ անց է կացվում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 16. Անվավեր աճուրդներ

1.Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:

2.Սույն օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ եւ 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

3.Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերությանը:

4.Անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդը կազմակերպվում եւ անց է կացվում սույն օրենքով սահմանված կարգով:

5.Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում նոր աճուրդի պայմանները կարող են փոփոխվել, եթե աճուրդի անվավերությունը կապված է եղել նախնական որեւէ պայմանի հետ , ինչպես նաեւ եթե տեղի է ունեցել լոտի վիճակի փոփոխություն, այդ թվում` կապված նրա նկատմամբ իրավունքների եւ պարտականությունների փոփոխման հետ:

Հոդված 17. Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը

1.Աճուրդի արդյունքների մասին արձանագրության մեջ նշվում է.

ա/ աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը եւ ժամանակը,

բ/ լոտի անվանումը, լոտի նկատմամբ իրավունքներն ու պարտականությունները եւ այլ սահմանափակումները, ինչպես նաեւ լոտի վիճակը /արտադրության տարին, ‎ֆիզիկական մաշվածության աստիճանը եւ այլը/,

գ/ լոտի մեկնարկային գինը,

դ/ կազմակերպչի անունը /անվանումը/ եւ բնակության /գտնվելու/ վայրը,

ե/ հաղթող ճանաչված մասնակցի անունը /անվանումը/ եւ բնակության /գտնվելու/ վայրը,

զ/ լոտի գնման գինը:

2.Արձանագրությունը ստորագրվում է աճուրդն անցկացնելու օրը` հաղթող մասնակցի եւ աճուրդի կազմակերպչի կողմից:

3.Եթե հաղթող ճանաչված մասնակիցն արձանագրության վերաբերյալ առարկություններ ունի, ապա դրանք նշվում են արձանագրության մեջ:

4.Ընդհանուր աճուրդի դեպքում արձանագրությունը կարող է կազմվել սակարկությունների ընթացքում: Լոտն աճուրդում վաճառելուց հետո տվյալ լոտի նկատմամբ հաղթող ճանաչված մասնակիցը հրավիրվում է ստորագրելու արձանագրությունը:

Հոդված 18. Լոտի գնի վճարումը

1.Եթե այլ ժամկետ սահմանված չէ աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ, աճուրդի արդյունքների մասին արձանագրությամբ կամ պայմանագրով աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից տասն օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը` հաշվանցելով մուծված նախավճարի գումարը:

2.Աճուրդում գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում վճարվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը:

3.Լոտի գնման գնի վճարման պարտավորությունը ենթակա չէ հաշվանցման:

4.Սեփականատեր /իրավատեր/ չհանդիսացող աճուրդի կազմակերպիչն փոխանցում է լոտի գինը սեփականատիրոջը /իրավատիրոջը/` հաշվանցելով իր կողմից կատարված ծախսերը` աճուրդի կազմակերպման մասին պայմանագրին համապատասխան:

5.Նախավճարը` աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, աճուրդի կազմակերպիչը վերադարձնում է այն աճուրդում չհաղթած մասնակիցներին, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ:

Հոդված 19. Աճուրդի ձեւերը

1.Աճուրդի անցկացման որոշակի ձեւը, ինչպես նաեւ սույն օրենքով չնախատեսված այլ ընթացակարգային պայմանները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` աճուրդի կազմակերպիչի կողմից:

2.Աճուրդի բացման ժամանակից երեսուն րոպե առաջ կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն ընձեռել մասնակիցներին ծանոթանալ աճուրդի կանոնակարգին` մասնակիցների համար հասանելի տեղում այն փակցնելու միջոցով:

ԳԼՈՒԽ 3.

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 20. Մրցույթի անցկացման մասին պայմանագիրը

1.Եթե մրցույթն անց է կացվելու մրցույթի կազմակերպչի կողմից, ապա նրա եւ առաջարկողի միջեւ կնքվում է գրավոր պայմանագիր:

2.Մրցույթի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի.

ա/ առաջարկողի եւ կազմակերպչի անունները /անվանումները/ եւ գտնվելու վայրը /բնակության վայրը/,

բ/ նշում այն մասին, թե ում անունից պետք է հանդես գա մրցույթի կազմակերպիչը,

գ/ մրցույթում առաջարկվող լոտի նկարագրությունը եւ/կամ մրցույթի պայմանները,

դ/ կազմակերպչի վարձատրության չափը եւ վճարման կարգը, բացառությամբ անվճար մրցույթներ անցկացնելու դեպքերի:

3.Մրցույթի մասին պայմանագրից բխող պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով, տուժանքով, նախավճարով եւ այլ միջոցներով:

Հոդված 21. Մրցույթի մասին հրապարակային ծանուցումը

1.Եթե այլ բան սահմանված չէ օրենքով, մրցույթի կազմակերպիչը մրցույթի անցկացման մասին կատարում է մրցույթի մասին հրապարակային ծանուցում՝ մրցույթը սկսվելուց առնվազն 30 օր առաջ:

2.Հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները մրցույթի մասին.

ա/ մրցույթի կազմակերպչի անունը /անվանումը/,

բ/ մրցույթի կազմակերպման վայրը /հասցեն/,

գ/ մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի,

դ/ մրցույթի ձեւը եւ անցկացման կարգը,

ե/ մրցույթի լոտի նկարագրությունը /անվանումը/, մրցույթի պայմանները,

զ/ մրցույթին մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,

է/ մրցույթում հաղթողին որոշելու կարգը,

ը/ մրցույթի մասնակցության նախավճարի չափը, ինչպես նաեւ վճարման կարգը եւ ժամկետները,

թ/ մրցույթում ծածկագրերի կիրառման կարգը,

ժ/ մրցույթի հայտերի բացման, ինչպես նաեւ մրցույթի հայտերի ամփոփման նիստերի օրը եւ ժամը,

ժա/ մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը եւ կանոնակարգի պատճենը տրամադրման կարգը:

Մրցույթի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանաջել միայն կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:

3.Մրցույթի հայտերի բացման նիստի օրը կարող է նշանակվել մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 3 օր հետո:

Հոդված 22. Հրապարակային ծանուցման փոփոխությունները եւ լրացումները

1.Մրցույթի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչը պարտավոր է անհապաղ կատարել մրցույքի մասին հրապարակային ծանուցման համապատասխան փոփոխություններ եւ/կամ լրացումներ /այսուհետ` հրապարակային ծանուցման փոփոխություն/, այն ձեւով, ինչպես կատարվել էր մրցույթի մասին հրապարակային ծանուցումը:

2.Եթե հրապարակային ծանուցուման փոփոխությունը կատարվել է նախքան մրցույթի հաղթողին որոշելու օրը` երեսուն օրվա ընթացքում, ապա կազմակերպիչը կրում է մասնակիցների կողմից կրած իրական վնասների ռիսկը, եթե օրենքով կամ մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ այլ բան նախատեսված չէ:

3.Հրապարակային ծանուցման փոփոխությամբ թույլատրվում է կատարել ցանկացած լրացում, եթե դրանով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

Հոդված 23. Մրցույթային հանձնաժողովը

1.Նախքան մրցույթի մասին ծանուցումը հրապարակելը սակարկությունների կազմակերպիչը ստեղծում է առնվազն երեք անձից բաղկացած մրցույթային հանձնաժողով:

Մրցույթային հանձնաժողովի անդամ չեն կարող հանդիսանալ օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:

2.Մրցույթային հանձնաժողովը հաստատում է մրցույթի մասին հրապարակային ծանուցման տեքստը, բացում եւ գնահատում է մրցույթի հայտերը, ինչպես նաեւ որոշում է մրցույթի հաղթողին:

3.Մրցույթային հանձնաժողովն որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ, եթե մրցույթի կանոնակարգով այլ կարգ չի սահմանվում:

Մրցույթի կանոնակարգով սահմանում է մրցութային հանձնաժողովի գործունեության ընթացակարգը:

Հոդված 24. Մրցույթի հայտերի ներկայացման կարգը

1.Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք, մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան, կազմակերպչին են ներկայացնում մրցույթի հայտեր:

2.Մրցույթի հայտում ներառվող տեղեկությունների եւ փաստաթղթերի ցանկը մրցույթի մասին հրապարակային ծանուցման տվյալների հիման վրա սահմանվում է մրցույթի կանոնակարգով:

3.Մրցույթի հայտերը ներկայացնում են սոսնձված, կնքված եւ/կամ ստորագրված ծրարով:

Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից եւ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում է «բնօրինակ» եւ «կրկնօրինակ» բառերը:

Մրցույթի կանոնակարգով նախատեսված դեպքում ծրարի վրա կարող են կատարվել հետեւյալ գրառումներ.

ա/ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրը /հասցեն/,

բ/ մրցույթի ծածկագիրը,

գ/ «չբացել մինչեւ մրցույթի հայտերի բացման նիստը» բառերը:

4.Մրցույթի հայտը գրանցվում է առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամը:

Կազմակերպչի կողմից մասնակցին տրվում է տեղեկանք մրցույթի հայտն ընդունելու մասին:

5.Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը, ինչպես նաեւ մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը լրանալուց հետո տրված մրցույթի հայտերն առանց բացվելու մերժվում են եւ վերադարձվում են ներկայացնողին:

6.Մրցույթի մասնակիցը, մինչեւ մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող է փոփոխել կամ հետ վերցնել այն:

Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է սույն օրենքով մրցույթի հայտ ներկայացնելու համար նախատեսված կարգով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

7.Մրցույթին մասնակցելու ցանկացողները կարող են մրցույթի հայտերն ուղարկել կազմակերպչին պատվիրված նամակով:

Նույն կարգով մասնակիցները կարող են ետ վերցնել մրցույթի հայտը:

8.Հրապարակային ծանուցմամբ նախատեսված կարգով, չափով եւ ժամկետներում մասնակիցները մուծում են նախավճար:

Հոդված 25. Մրցույթի հայտերի բացումը եւ արդյունքների ամփոփումը

1.Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը եւ ժամին, մրցույթային հանձնաժողովի հատուկ նիստում:

2.Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են.

ա/ մրցույթի հայտը ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը եւ եթե տվյալ անձը չի առարկում, ապա նաեւ նրա անվանումը/անունը/,

բ/ մրցույթի հայտերի ներկայացման համապատասխանությունը սույն օրենքի եւ մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին,

գ/ ամփոփ տվյալներ` մրցույթի ներկայացված մրցույթի հայտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

3.Մրցույթի մասնակիցները եւ նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաեւ մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Նրանք կարող են ծանոթանալ մրցույթի նիստերի արձանագրությունների հետ մրցույթի կանոնակարգով նախատեսված կարգով:

4.Մրցույթի հայտերն ամփոփելու օրը մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշում է .

ա/ մրցույթի հայտերի բացման, ինչպես նաեւ մրցույթի հայտերի ամփոփման վայրը, ամսաթիվը եւ ժամը, ինչպես նաեւ մրցութային հանձնաժողովի անդամների անունները եւ ազգանունները,

բ/ մրցույթի մասնակիցների անվանումները /անունները/ եւ գտնվելու /բնակության/ վայրը,

գ/ տեղեկություններ մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների եւ դրանց պատասխանների մասին,

դ/ մրցույթյում հաղթողի անունը /անվանումը/,

ե/ այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Մրցութային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը եւ համարվում է նրա անբաժանելի մասը:

5.Մրցույթի արդյունքների ամփոփման եւ մրցույթում հաղթողին ճանաչելու օրը կազմակերպիչը եւ հաղթող ճանաչված մրցույթի մասնակիցը ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:

Հոդված 26. Սակարկվող մրցույթներ

1.Մրցույթի կազմակերպիչը կարող է անցկացնել սակարկվող մրցույթներ, այն է` առաջարկել մասնակիցներին վաճառել իրեն միեւնույն հատկանիշներով օժտված լոտեր:

Սակարկություններում հաղթողին որոշելու համար նշանակություն ունի միայն մասնակիցների կողմից վաճառվող կամ առաջարկվող լոտերի գնային պայմանը:

2.Սակարկվող մրցույթը կազմակերպվում եւ անց է կացվում սույն օրենքով մրցույթների համար նախատեսված ընթացակարգով, եթե այլ բան չի բխում սակարկվող մրցույթի էությունից:

Սակարկվող մրցույթների այլ ընթացակարգային պայմանները սահմանվում են սակարկվող մրցույթի կանոնակարգով:

3.Սակարկվող մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեված տեղում, օրը եւ ժամանակին, սակարկվող մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվում են առաջարկություններ իրենց կողմից վաճառվող լոտերի գնի վերաբերյալ:

Առավել ցածր գին առաջարկած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:

4.Եթե մի քանի մասնակիցների կողմից կատարվում է միեւնույն չափով գնի առաջարկ, ապա հաղթողն որոշվում է վիճակահանությամբ:

5.Սակարկվող մրցույթում հաղթողին որոշելու օրը նրա եւ կազմակերպչի կողմից ստորագրվում է սակարկվող մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:

Հոդված 27. Չկայացած եւ անվավեր մրցույթներ

1.Մրցութային հանձնաժողովը չկայացած է համարում մրցույթը, եթե.

ա/ ոչ մի հայտ չի ներկայացվել,

բ/ ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին, ինչպես նաեւ երբ հայտերի ներկայացումը չի համապատասխանել սույն օրենքի եւ մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին,

գ/ արտակարգ իրավիճակների պատճառով դառնում է անհնար մրցույթով նախատեսված աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:

2.Սույն օրենքի 21-րդ, 22-րդ, 24-րդ, 25-րդ եւ 26-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմակերպված եւ անցկացված մրցույթը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:

3.Մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

Հոդված 28. Մրցույթի ձեւերը

1.Մրցույթի անցկացման որոշակի ձեւը, ինչպես նաեւ սույն օրենքով չնախատեսված այլ ընթացակարգային պայմանները սահմանվում է մրցույթի կանոնակարգով` մրցույթի կազմակերպիչի կողմից:

2.Մրցույթի մաիսն հրապարակային ծանուցման պահից մրցույթի կազմակերպիչը պարտավոր է ցանկացողներին տրամադրել մրցույթի կանոնակարգը ծանոթանալու համար, ինչպես նաեւ տրամադրել նրանց կանոնակարգի պատճենը` սույն օրենքով նախատեսված կարգով:

ԳԼՈՒԽ 4.

ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐ

Հոդված 29. Հարկադիր աճուրդի հասկացությունը

1.Հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անց է կացվում կատարողական թերթի համապատասխան:

1.Հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անց է կացվում կատարողական թերթի համապատասխան:

2.Հարկադիր աճուրդի լոտ կարող է հանդիսանալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3.Հարկադիր աճուրդը կազմակերպում եւ անց է կացնում հարկադիր կատարողը:

4.Շուտ փչացող, ինչպես նաեւ սակավարժեք /սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսունապատիկի չափով/ լոտը կարող է իրացվել սակարկություններով կամ առեւտրային կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով:

Հոդված 30. Լոտի գնահատումը

1.Հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է կատարողական թերթի կատարման օրը գործող շուկայական գնի 75 տոկոսի չափով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2.Լոտի մեկնարկային գինն որոշելու համար հարկադիր կատարողն, ինչպես նաեւ պահանջատերը կամ պարտապանն իրավունք ունեն նշանակել փորձագետ:

Սահմանված լոտի մեկնարկային գնի վաղեմությունը չպետք է գերազանցի նախքան աճուրդի անցկացնելը` վեց ամիսը:

3.Պահանջատերն ողջամիտ սահմաններում իրավունք ունի բռնագանձում տարածված գույքի վերաբերյալ որոշելու լոտում ընդգրկվող գույքի կազմը եւ քանակը։

Հոդված 31. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը

1.Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է կատարվի այն անցկացնելու օրվանից առնվազն տասն օր առաջ՝ սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով:

2.Բացի սույն օրենքով նախատեսված տեղեկություններից հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է ցուցում պարունակի աճուրդի հարկադիր լինելու հանգամանքի մասին:

3.Հարկադիր աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումն, ինչպես նաեւ աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ ներառված տվյալներն աճուրդն անցկացնելուց առնվազն տասն օր առաջ ուղարկվում է պարտապանին եւ պարտատիրոջը:

Հոդված 32. Հարկադիր աճուրդի կազմակերպումը

1.Հարկադիր աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից մինչեւ աճուրդի անցկացման նախորդ օրը ժամը 16.00-ն հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության /այսուհետ՝ ծառայություն/ ստորաբաժանում:

2.Հայտին կից ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ հայտով նախատեսված լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով, բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար մուծելու մասին:

3.Մինչեւ սակարկությունների սկսվելը լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում:

4.Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

5.Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի կանխիկ մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո, իսկ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը՝ երեք բանկային օրվա ընթացքում:

Նախավճարն ենթակա է վերադարձման նաեւ այն դեպքում, երբ աճուրդը չի կայացել:

6.Լոտի զննման, պահպանության, գնահատման /այդ թվում՝ փորձագետի միջոցով/, ծառայության շինությունների պահպանման, սակարկությունների կազմակերպման ու անցկացման այլ ծախսերն իրականացվում են իրացվող լոտի գնման գնի հինգ տոկոսի, իսկ սահմանված նվազագույք աշխատավարձի տասը հազարապատիկից ավելի արժողությամբ լոտի դեպքում՝ գնման գնի երեք տոկոսի չափով` պարտապանից գանձվող գումարների հաշվին:

Հոդված 33. Հարկադիր աճուրդի ընթացքը

1.Հարկադիր աճուրդն անց է կացվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-7 մասերով սահմանված կարգով:

2.Աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետեւյալ չափեր՝

ա/ լոտի մեկնարկային գնի մինչեւ 50.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափ չի սահմանվում.

բ/ լոտի մեկնարկային գնի 50.001-100.000 դրամի դեպքում՝ 500 դրամ.

գ/ լոտի մեկնարկային գնի 100.001-500.000 դրամի դեպքում՝ 1.000 դրամ.

դ/ լոտի մեկնարկային գնի 500.001-1.000.000 դրամի դեպքում՝ 10.000 դրամ.

ե/ լոտի մեկնարկային գնի 1.000.001-10.000.000 դրամի դեպքում՝ 50.000 դրամ.

զ/ լոտի մեկնարկային գնի 10.000.000-ից ավելիի դեպքում՝ 100.000 դրամ:

3.Աճուրդում հաղթած մասնակիցը եւ հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Եթե աճուրդում հաղթած մասնակիցը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:

Եթե հարկադիր կատարողը չի ստորագրում արձանագրությունը, ապա երեք բանկային օրվա ընթացքում աճուրդում հաղթած մասնակցին վերադարձվում է նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաեւ հատուցվում են աճուրդին մասնակցելու հետեւանքով նրա կրած վնասները:

4.Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախօրոք մուծած նախավճարը: Գնման գինը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում եւ մնում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում:

5.Աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո՝ եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

6.Լոտի վաճառքից ստացված գումարը եռօրյա ժամկետում փոխանցվում կամ հանձնվում է պարտատիրոջը:

Հոդված 34. Հարկադիր աճուրդը չկայացած հայտարարելը եւ անվավեր ճանաչելը

1.Հարկադիր աճուրդը հարկադիր կատարողի կողմից չկայացած է հայտարարվում`

ա/ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում,

բ/ հաղթող ճանաչված եւ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած մասնակցի կողմից սահմանված ժամկետում լոտի գնման գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում:

2.Հարկադիր աճուրդը պետք է հայտարարվի չկայացած ոչ ուշ, քան նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:

3. Սույն օրենքի 30-րդ, 31-րդ, 32-րդ եւ 33-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Հարկադիր աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր աճուրդ` սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 35. Երկրորդ եւ հետագա հարկադիր աճուրդները

1.Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում, անցկացվում է կրկնակի հարկադիր աճուրդ:

2.Սույն հոդված 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքերով աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում երկրորդ կամ յուրաքանչյուր հերթական հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի մեկնարկային գնի տասը տոկոսի չափով:

3.Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված հիմքերով աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում, իսկ աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով:

4.Հինգերորդ աճուրդից հետո անշարժ գույքի գնի իջեցում չի կատարվում վեց ամսվա ընթացքում, որից հետո աճուրդային գործընթացը շարունակվում է սույն օրենքով սահմանված կարգով:

5.Երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական հարկադիր աճուրդի մասին առնվազն յոթ օր առաջ կատարվում է աճուրդի մասին հրապարակային ծանուցում:

6.Երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական աճուրդներից հետո լոտը չվաճառվելու դեպքում, այն առաջարկվում է պարտատիրոջը՝ տվյալ աճուրդի մեկնարկային գնով, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտատեր են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմինները:

7.Պահանջատերը լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր համաձայնությունը կարող է հայտնել ծառայությանը մինչեւ աճուրդի անցկացման նախորդ երրորդ օրվա ժամը 16.00-ն:

Եթե պահանջատերը հրաժարվում է լոտը ստանալուց, ապա աճուրդային գործընթացը շարունակվում է:

8.Եթե միեւնույն պարտապանի գույքի նկատմամբ կան բռնագանձման մասին երկու կամ ավելի կատարողական թերթեր, ապա լոտը պահանջատերերին առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ եւ 71-րդ հոդվածներով սահմանված կարգով:

9.Եթե պահանջատերը համաձայնվում է ստանալ գույք /լոտը/, ապա նրա եւ հարկադիր կատարողի միջեւ կնքվում է գույքը հանձնելու մասին համապատասխան պայմանագիր: Գույքը /լոտը/ պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից աճուրդի ծախսերը ծառայությանը վճարելուց հետո:

10.Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչեւ պայմանագրի կնքումը եւ լոտի հանձնումը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջեւ եղած տարբերությունը:

ԳԼՈՒԽ 5

.ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 36. Փաստաթղթերի պահպանման պարտականությունը

Սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ եւ պահպանել աճուրդի հետ կապված փաստաթղթերը /պայմանագրերը, արձանագրությունները եւ այլն/ սակարկությունների ավարտից երկու տարվա ընթացքում:

Հոդված 37. Սակարկությունների կազմակերպչի պատասխանատվությունը

1.Սակարկությունների կազմակերպիչը պատասխանատվություն է կրում լոտի այն թերությունների համար , որոնց մասին տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ, սակայն չի զգուշացրել սակարկությունների մասնակիցներին:

2.Սակարկությունների կազմակերպիչը պատասխանատվություն է կրում իր տիրապետման տակ գտնվող լոտի վնասվածքների համար եւ կրում է լոտի պատահական կորստի ռիսկը, եթե սակարկությունների կազմակերպման մասին պայմանագրով այլ բան սահմանված չէ:

3.Սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է ապահովել լոտերի պահպանումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական եւ այլ պարտադիր նորմերին համապատասխան:

Հոդված 38. Անցումային դրույթներ

Սույն օրենքով նախատեսված կանոնները տարածվում են նաեւ այն սակարկությունների կազմակերպման եւ անցկացման վրա, որոնց մասին հրապարակային ծանուցումը կատարվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

Հոդված 39. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: