Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-004-20.06.2007-ԳԿ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է թատերական գործունեության իրավական հիմքերը եւ պետական աջակցության ձեւերը, կարգավորում է թատերական ներկայացումների ստեղծման եւ ցուցադրման հետ կապված հարաբերությունները:


ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը եւ խնդիրները

1. Սույն օրենքի նպատակը քաղաքացիների եւ այլ անձանց գեղարվեստական ստեղծագործության ազատության, թատերական գործունեությանը մասնակցության, թատրոնների եւ թատերական կազմակերպությունների ծառայություններից օգտվելու, թատերական արվեստի ստեղծագործությունների մատչելիության իրավունքների ապահովումն ու պաշտպանությունն է:

2. Օրենքի խնդիրն է ստեղծել իրավական երաշխիքներ՝ ազգային թատերական արվեստի ինքնատիպության պահպանման եւ միջազգային մշակութային կապերի զարգացման, պետական թատրոնների պահպանման, կազմակերպաիրավական այլ ձեւեր ունեցող թատրոնների զարգացման եւ թատերական գործունեության բնագավառում նորամուծությունների իրականացման, բեմադրիչի եւ դրասանների թատերական բեմականացման իրավունքների պաշտպանության, թատերական մշակույթի, թատրոնների, իրենց կանոնադրությամբ թատերական գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների նկատմամբ պետական հովանավորչական քաղաքականության անցկացման, թատրոնների գործունեության ֆինանսատնտեսական ապահովման, թատրոնների աշխատողների սոցիալական պաշտպանության համակարգի, թատրոնների ստեղծագործական կազմերի նորացման պայմաններ ապահովելու համար:

Հոդված 2. Թատերական գործունեության մասին օրենսդրությունը

Թատրոնի եւ թատերական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից։

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

1. Օրենքը տարածվում է գործող եւ նոր ստեղծվող թատրոնների, թատերական կազմակերպությունների, ինչպես նաեւ իրենց կանոնադրությամբ թատերական գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների վրա:

2. Օրենքի գործողությունը չի տարածվում հեղանակային եւ հարակից այլ իրավունքները կարգավորող հարաբերությունների վրա:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքի իմաստով օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

թատրոն - կազմակերպություն, որի հիմնական գործունեությունը կենդանի կատարմամբ թատերական բեմադրությունների եւ այլ ներկայացումների ստեղծումը եւ հրապարակային ցուցադրումն է,

թատերական կազմակերպություն - կազմակերպություն, որի հիմնական նպատակը թատրոնների եւ /կամ/ թատրոնների ստեղծագործական աշխատողների գործունեության ապահովումն է,

ոչ առեւտրային թատրոն, թատերական կազմակերպություն - քաղաքացիական օրենսդրությամբ ոչ առեւտրային կազմակերպությունների համար նախատեսված որեւէ կազմակերպա-իրավական ձեւով ստեղծված թատրոն, թատերական կազմակերպություն,

առեւտրային թատրոն, թատերական կազմակերպություն - քաղաքացիական օրենսդրությամբ առեւտրային կազմակերպությունների համար նախատեսված որեւէ կազմակերպա-իրավական ձեւով ստեղծված թատրոն, թատերական կազմակերպություն,

պետական թատրոն, թատերական կազմակերպություն - պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ստեղծված թատրոն, թատերական կազմակերպություն,

տեղական թատրոն, թատերական կազմակերպություն - տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ինքնուրույն կամ քաղաքացիական իրավունքի այլ սուբյեկտների մասնակցությամբ ստեղծված թատրոն, թատերական կազմակերպություն,

ոչ պետական թատրոն, թատերական կազմակերպություն - քաղաքացիական իրավունքի սուբյեկտների կողմից, առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցության ստեղծված թատրոն, թատերական կազմակերպություն,

թատերական գործունեություն - թատերական արվեստի ստեղծագործությունների ստեղծման, տարածման եւ պահպանման գործունեություն,

թատերական բեմադրություն - ընդհանուր մտահղացում եւ կոնկրետ անվանում ունեցող, դրամատիկական կամ երաժշտա-դրամատիկական ստեղծագործական հիմքով ստեղծված թատերական արվեստի ստեղծագործություն,

ներկայացում - կենդանի կատարմամբ թատերական բեմադրության հրապարակային ցուցադրում,

բեմադրիչ /ռեժիսոր - բեմադրիչ, բալետմեյստր - բեմադրիչ, դիրիժոր - բեմադրիչ, նկարիչ - բեմադրիչ/ - թատերական ներկայացման կամ նրա առանձին մասի ինքնուրույն գեղարվեստական լուծում իրականացնող անձ,

պրոդյուսեր - թատրոնը, այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որը կազմակերպում եւ ֆինանսավորում է թատերական ներկայացման պատրաստումը եւ /կամ/ ցուցադրումը:

Հոդված 5. Թատրոնի գործունեության նպատակը եւ հիմնական տեսակները

1. Թատրոնի գործունեության նպատակը թատերական արվեստի զարգացումն է, բեմական արվեստում, բնակչության պահանջմունքների ձեւավորումն ու բավարարումն է:

2. Թատրոնի գործունեության հիմնական տեսակներն են՝

ա) հիմնական բեմերի վրա, հյուրախաղերում եւ ուղեւորությունների ժամանակ թատերական բեմադրությունների եւ թատերական արվեստի այլ ստեղծագործությունների ստեղծումն ու ցուցադրումը, փառատոնների, մրցույթների եւ ստուգատեսներ կազմակերպումը.

բ) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ կնքված պայմանագրերի հիման վրա սեփական կամ վարձակալված բեմահարթակներում, հեռուստատեսությամբ ցուցադրելու, ռադիոհեռարձակման, կինո եւ տեսանկարահանման համար թատերական բեմադրությունների եւ համերգների պատրաստումը՝ հեղինակային եւ հարակից իրավունքների պահպանմամբ.

գ) սեփական կամ հրավիրված կոլեկտիվների եւ կատարողների ուժերով գեղարվեստաստեղծագործական բնույթի այլ միջոցառումների կազմակերպումը,

դ) թատրոնի առաջավոր վարպետների եւ գործիչների միջոցով թատերական արվեստի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպումը.

ե) բեմադրությունների, ներկայացումների եւ համեգների անցկացման համար կազմակերպություններին պայմանագրային հիմունքներով ծառայությունների մատուցումը եւ միջոցների տրամադրումը.

զ) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատվերներով թատերական բեմադրությունների, համերգների եւ ներկայացումների գեղարվեստական ձեւավորման առարկաների պատրաստումը.

է) հյուրախաղային եւ շրջագայական միջոցառումների, համատեղ թատերական նախագծերի եւ ծրագրերի իրականացման համար այլ թատրոններին սեփական բեմահարթակների տրամադրումը.

ը) թատրոնի գեղարվեստաստեղծագործական գործունեության հետ կապված տեղեկատվական եւ գովազդային նյութերի, տեսաերիզների եւ ֆոնոգրամաների պատրաստումը, բազմացումը եւ իրացումը՝ հեղինակային եւ հարակից իրավունքների պահպանմամբ.

թ) թատերական գործունեության իրականացման համար արհեստական բնույթի առարկաների /բուտաֆորիաների/, կոստյումների, կոշիկի, սարքավորումների, դիմահարդարման պարագաների վարձույթը եւ իրացումը:


ԳԼՈՒԽ 2.

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքականությունը

1. Թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքականությունը ելնում է հասարակության զարգացման գործում թատրոնի ունեցած դերից, լեզվի զարգացման եւ պահպանման անհրաժեշտությունից:

2. Թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝

ա) թատերական ստեղծագործության եւ թատերական արվեստի հետ առնչվելու բնագավառում քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը.

բ) տվյալ բնագավառում բարձր դիրքի եւ վաստակի ճանաչումը եւ դրանց իրացման համար անհարեժշտ պայմանների ստեղծման գործում պետության պատասխանատվությունը,

գ) թատրոնների եւ թատերական կազմակերպությունների ինքնուրույնության, դրանց գործունեության պետական աջակցության, հայրենական եւ համաշխարհային թատրոնների համագործակցության ապահովումը:

Հոդված 7. Թատերական գործունեության պետական աջակցության ձեւերը եւ միջոցները

Թատերական գործունեության պետական աջակցության հիմնական ձեւերն ու միջոցներն են՝

ա) թատերական գործունեության, դրա իրականացման ենթակառուցվածքների զարգացման, թատրոնների ցանցի, այդ թվում՝ մանկական թատրոնների ընդլայնման համար պայմանների ստեղծումը.

բ) թատերական շենքերի եւ շինությունների կառուցման, վերանորոգման, սարքավորություների արդիականացման իրականացումը.

գ) պետական թատրոնների ֆինանսավորումը.

դ) միջազգային թատերական գործընթացներին հայրենական թատերական արվեստի ներկայացուցիչների մասնակցության ապահովումը եւ արտաքին աշխարհում ազգային թատերական արվեստի ներկայացումը.

ե) թատերական արվեստի նկատմամբ հանրության պահանջմունքները բավարարելու նպատակով նորամուծությունների խրախուսումը եւ պետական պատվերի տեղադրումը.

զ) թատերական արվեստի հայտնի գործիչների եւ դրա զարգացմանը նպաստող ստեղծագործողների գործունեության խրախուսումը եւ նրանց համար դրամաշնորհների սահմանումը.

է) դերասանների, ռեժիսյորների, բալետմեյստրների, թատերական քննադատների եւ թատերական արվեստի այլ մասնագետնմերի պատրաստումը եւ վերապատրաստումը.

ը) զանգվածային լրատվամիջոցներով թատերական արվեստի պրոպագանդումը.

թ) պետական թատրոնների եւ թատերական կազմակերպությունների համար կոմունալ ծառայությունների (էլեկտրականություն, ջերմամատակարարում, ջրամատակարարում եւ այլն) դիմաց վճարների փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով։

Հոդված 8. Պետական մարմինների եւ թատերական գործունեությանը առնչվող հասարակական կազմակերպությունների համագործակցությունը

1. Պետական իրավասու մարմինները՝

ա) համագործակցում են թատերական միությունների, թատերական արվեստի զարգացման եւ թատերական գործունեության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ դրանց միավորումների հետ.

բ) ապահովում են թատերական միությունների եւ հասարակական միավորումների մասնակցությունը մշակույթի բնագավառում պետական քաղաքականության մշակմանը.

գ) աջակցում են թատերական միությունների նախագծերի եւ ծրագրերի իրականացմանը։

Պետական մարմինների եւ նրանց պաշտոնատար անձանց միջամտությունը թատրոնի աշխատողների հասարակական միավորումների գործունեությանը արգելվում է, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:


ԳԼՈՒԽ 3.

ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ եւ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Թատրոնի իրավունքները գեղարվեստական ստեղծագործական գործունեության բնագավառում

1. Թատրոնն անկախ է գեղարվեստական ուղղության եւ խաղացանկի ընտրության մեջ:

2. Թատրոնի գեղարվեստա-ստեղծագործական գործունեության սահմանափակումը, այդ թվում՝ գրաքննության նկատառումներով արգելվում է, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

3. Պետական իրավասու մարմինները կարող են արգելել թատերական բեմադրության հրապարակային կատարումը, նրա այլ տեսակների օգտագործումը, ինչպես նաեւ տեղեկատվական եւ գովազդային նյութերի հրապարակումը միայն դատարանի որոշման հիման վրա՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:

Հոդված 10. Թատրոնի, թատերական կազմակերպության իրավունքները կազմակերպա-տնտեսական գործունեության բնագավառում

1. Թատրոնը, թատերական կազմակերպություններն սեփական գործունեությունը պլանավորում են եւ զարգացման ծրագրերը մշակում են ինքնուրույն՝ իրենց կանոնադրությանը համապատասխան:

2. Թատրոնը, թատերական կազմակերպությունները ներկայացումների տոմսերի գները որոշում են ինքնուրույն: Նրանց կողմից իրացվող վճարովի ծառայությունների եւ թատերական արտադրանքի գները (սակագները) սահմանվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Թատրոնի, թատերական կազմակերպությունների աշխատողի վարձատրության չափը, նյութական խրախուսման ձեւը, հավելավճարների եւ աշխատանքը խթանող այլ վճարների տեսակները եւ չափերը սահմանվում են նրանց կողմից ինքնուրույն՝ օրենսդրությանը համապատասխան:

4. Թատրոնը, թատերական կազմակերպությունները իրենց աշխատանքի ռեժիմը սահմանում են ինքնուրույն, եթե նրանց կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Հոդված 11. Թատրոնի, թատերական կազմակերպության խորհրդանիշը

1. Թատրոնը, թատերական կազմակերպությունը ունեն սեփական խորհրդանիշ (պաշտոնական անվանում, էմբլեմ, ապրանքային նշան եւ այլն) կրելու իրավունք:

2. Սահմանված կարգով գրանցված խորհրդանիշը թատրոնին, թատերական կազմակերպությանը տալիս է դրա օգտագործման բացառիկ իրավունք:

3. Այլ անձանց կողմից խորհրդանիշի օգտագործումը թույլատրվում է միայն թատրոնի կամ թատերական կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա:

4. Խորհրդանիշը ապօրինի օգտագործող անձինք թատրոնի կամ թատերական կազմակերպության պահանջով պարտավոր են դադարեցնել դրա օգտագործումը եւ փոխհատուցել նրանց պատճառված վնասը:

Հոդված 12. Թատրոնի, թատերական կազմակերպությունների պարտականությունները

1. Թատրոնը, թատերական կազմակերպությունները պարտավոր են՝

ա) ժամանակին վճարել իրենց աշխատողների աշխատավարձը, ապահովել նրանց օրենսդրությամբ երաշխավորված աշխատավարձի նվազագույն չափը, աշխատանքի եւ դրա պաշտպանության պայմանները, կրել պատասխանատվություն՝ աշխատողների առողջությանը եւ կյանքի պատճառված վնասի համար.

բ) ապահովել իրենց հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքած անձանց ժամանակին վարձատրությունը.

գ) իրականացնել աշխատողների սոցիալական, բժշկական եւ այլ տեսակի ապահովագրությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.

դ) վարել հաշվապահական հաշվառումը եւ հաշվետվությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Թատերական բեմադրության հրապարակային ցուցադրում իրականացնող թատրոնը, թատերական կազմակերպությունները պարտավոր են՝

ա) ապահովել հանդիսատեսի կյանքի եւ առողջության պաշտպանությունը, ինչպես նաեւ նրանց ի պահ վերցված գույքի պահպանությունը.

բ) հանդիսատեսի համար մատչելի վայրերում տեղադրել աֆիշներ, թատրոնի, թատերական ներկայացման, դրա հիմքում ընկած ստեղծագործության, վերջինիս հեղինակի /հեղինակների/, ներկայացման բեմադրիչների եւ դերասանների մասին տեղեկատվությամբ.

գ) տրամադրել հանդիսատեսին տեղեկություն ներկայացման անցկացման տեղի, ժամանակի, տոմսերի գների, նրանց ձեռք բերման վայրերի, հանդիսատեսի առանձին խմբերի համար նախատեսված արտոնությունների, ներկայացումը դիտելու տարիքային սահմանափակումների մասին.

դ) ներկայացման տոմսի վրա նշել դրա գինը, թատրոնի եւ ներկայացման անվանումը, վերջինիս ցուցադրման տեղը, ժամը եւ ամսաթիվը, ինչպես նաեւ հանդիսասրահում նստատեղը.

ե) վերադարձնել քաղաքացուն նախօրոք ձեռք բերված տոմսի արժեքը կամ նրա ցանկությամբ տոմսը փոխարինել նորով, եթե ներկայացումը փոխվել է կամ հետաձգվել է, նախապես հայտարարված գլխավոր դերակատարը կամ դերակատարները փոխարվել են:

3. Սույն հոդված 2 կետով նախատեսված նորմերը տարածվում են թատերական ներկայացումների հրապարակային ցուցադրում իրականացնող այլ կազմակերպությունների վրա:


ԳԼՈՒԽ 4.

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 13. Թատերական ներկայացման իրավունքի սուբյեկտները

1. Թատերական ներկայացման իրավունքի սուբյեկտներ են բեմադրիչը, թատերական ներկայացման դերերը /պարտիաները/ կատարող դերասանները /այսուհետ՝ դերասաններ/ եւ պրոդյուսերը:

2. Թատերական ներկայացման իրավունքը ծագում է հրապարակային ցուցադրման մասին որոշում ընդունելու պահից, եթե թատերական ներկայացման իրավունքի սուբյեկտների միջեւ կնքված պայմանագրով նախատեսված չէ այդ իրավունքի առավել վաղ ծագում:

3. Պրոդյուսերը թատերական ներկայացման նկատմամբ իրականացնում է իր գույքային իրավունքները, միաժամանակ պահպանելով հեղինակային եւ հարակից, ինչպես նաեւ դերասանների եւ բեմադրիչների ոչ գույքային իրավունքները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Թատերական ներկայացման ցուցադրման մասին որոշումը ընդունվում է բեմադրիչի եւ պրոդյուսերի հետ համատեղ, եթե նրանց միջեւ պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 14. Թատերական ներկայացման նկատմամբ բեմադրիչների եւ դերասանների իրավունքները

1. Թատերական ներկայացման նկատմամբ բեմադրիչներին եւ դերասաններին վերապահված է գովազդային հրապարակումներում, աֆիշներում եւ թատերական ներկայացման հետ կապված այլ տեղեկատվական նյութերում իրենց անունը նշելու իրավունք:

2. Բեմադրիչն ունի թատերական ներկայացումն աղավաղումներից պաշտպանելու իրավունք: Աղավաղումներ են համարվում առանց բեմադրիչի գիտության կամ թույլտվության դերասանների կազմի, միզանացենաների, խորեոգրաֆիայի, ստենոգրաֆիայի, լուսային պարտիտուրայի, թատերական կոստյումների, դերասանների կողմից օգտագործվող աքսեսուարների, թատերական ներկայացման երաժշտական լուծումների փոփոխությունները: Բեմադրիչի եւ պրոդյուսերի միջեւ կնքված պայմանագրով կարող են սահմանվել թատերական ներկայացման աղավաղումների այլ հայտանիշեր:

3. Պրոդյուսերի, բեմադրիչի եւ դերասանների միջեւ կնքված պայմանագրով կարող են նախատեսվել սույն հոդվածում սահմանվածներից բացի այլ իրավունքներ:

4. Դերասանի անվան իրավունքը գործում է թատերական ներկայացման մեջ նրա մասնակցության ամբողջ ընթացքում:

5. Թատերական ներկայացման նկատմամբ բեմադրիչի իրավունքները գործում են հրապարակային ցուցադրման ամբողջ ընթացքում:

Հոդված 15. Թատերական ներկայացման հրապարակային ցուցադրման նկատմամբ պրոդյուսերի իրավունքը

Թատերական ներկայացման ստեղծման կամ ցուցադրման վերաբերյալ բեմադրիչի եւ պրոդյուսերի միջեւ կնքված պայմանագրով թատերական ներկայացման հրապարակային ցուցադրման իրավունքը կարող է փոխանցվել պրոդյուսերին:

Այդ դեպքում պրոդյուսերն իրավունք ունի որոշել՝

ա) թատերական ներկայացման հրապարակային ցուցադրման տեղը եւ ժամը, իրականացնել ցուցադրումն իր անունից, սահմանել տոմսերի գները.

բ) թատերական ներկայացման հրապարակային ցուցադրումների քանակը, դադարեցնել եւ վերսկսել թատերական ներկայացման հրապարակային ցուցադրումը.

գ) թատերական ներկայացումը կամ նրա առանձին մասերը այլ ներկայացումներում օգտագործելու, թատերական ներկայացումը տեխնիկական միջոցներով (հեռուստատեսություն, ռադիո, կաբելային հեռուստատեսություն եւ այլն) եթեր հեռարձակելու, ցանկացած նյութական կրիչի վրա թատերական ներկայացման տեսագրման եւ դրա վերարտադրության պայմանները.

դ) թատերական ներկայացման վերարտադրությունը հրապարակային ցուցադրման իրավունքով այլ անձանց տրամադրելու հարցը՝ սույն հոդվածով սահմանված նորմերի պահպանմամբ, եթե պրոդյուսերի եւ այդ անձանց միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 16. Թատերական ներկայացման դեղարվեստական լուծման պահպանության գործում պրոդյուսերի պարտականությունները

Պրոդյուսերը բեմադրիչին, եթե նրանց միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ, պարտավոր է սեղմ ժամկետներում տեղեկացնել՝

ա) թատերական ներկայացման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության, ինչպես նաեւ բեմադրիչին առաջարկվող այլ պայմանների,

բ) առանց բեմադրիչի մասնակցության թատերական ներկայացման մեջ կատարված հրատապ փոփոխությունների եւ դրանց պատճառների.

գ) թատերական ներկայացման հրապարակային ցուցադրումների դադարեցման, ներկայացման պայմանագրով նախատեսված քանակի կրճատման կամ ավելացման մասին:

Թատերական ներկայացումն աղավաղումներից պաշտպանելու համար բեմադրիչը ներկայացման գեղարվեստական լուծումը վերականգնելու նպատակով կարող է պահանջել պրոդյուսերից դադարեցնել դրա հրապարակային ցուցադրումը:

Հոդված 17. Թատերական բեմադրության նկատմամբ իրավունքի պաշտպանությունը

Թատերական բեմադրության նկատմամբ իրավունքի սուբյեկտները կարող են խախտողից պահանջել վերականգնել մինչեւ խախտման պահը գոյություն ունեցած վիճակը:

Պրոդյուսերի եւ թատերական բեմադրության նկատմամբ իրավունքի սուբյեկների միջեւ կնքված պայմանագրով կարող է նախատեսվել նյութական կամ այլ պատասխանատվություն, եթե կողմերից մեկը խախտում է կատարել:


ԳԼՈՒԽ 5.

ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 18. Թատրոնների կազմակերպա-իրավական ձեւերը

Պետական ոչ առեւտրային թատրոնները կարող են ստեղծվել հիմնարկության կամ ոչ առեւտրային կազմակերպության ձեւով:

Սեփականության այլ ձեւ ունեցող ոչ պետական թատրոններ կարող են ստեղծվել օրենսդրությամբ նախատեսված կազմակերպա-իրավական ձեւերից որեւէ մեկով:

Հոդված 19. Պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնների գույքը

1. Պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնները օրենսդրությանը եւ իրենց կանոնադրությանը համապատասխան համալրվում են թատերական գործունեության համար անհրաժեշտ գույքով /շենքեր, շինություններ, սարքավորումներ, բեմադրության միջոցներ, սոցիալական, սպառողական, մշակութային եւ այլ նշանակության գույք/:

2. Հիմնարկության ձեւով ստեղծված պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոններին գույքը ամրակցվում է օպերատիվ կառավարման իրավունքով:

Պետական եւ տեղական ոչ առեւտրային կազմակերպության ձեւով ստեղծված թատրոնների հիմնադիրները դրանց ամրակցված գույքը պայմանագրային հիմունքներով հանձնում են հավատարմագրային կառավարման:

3. Պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոններին ամրակցված անշարժ գույքը տրամադրվում է դրանց անհատույց՝ մշտական /անժամկետ/ օգտագործման իրավունքով:

4. Հիմնարկության ձեւով ստեղծված պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնները կարող են գործել կազմակերպա-իրավական այլ ձեւերի հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պետության կողմից հիմնադրված ոչ առեւտրային թատրոնների պարտականությունների եւ գույքային իրավունքերի կատարման վերահսկողությունը իրականացնում է մշակույթի բնագավառի պետական լիազորված մարմինը /այսուհետ՝ լիազորված մարմինը/:

6. Գույքային իրավունքները ու պարտականությունները, ինչպես նաեւ տեղական ոչ առեւտրային թատրոնների գույքային վերահսկողությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

7. Պետական կամ տեղական ոչ առեւտրային թատրոնների լուծարման դեպքում, դրանց պարտավորությունների կատարումից հետո մնացած, ներառյալ անշարժ գույքը հանձնվում է լիազորված մարմնին կամ տեղական ինքնակառավարման մարմնին:

Հոդված 20. Պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնների ֆինանսավորումը

1. Պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնների ֆինանսավորումը կատարվում է համապատասխան բյուջեներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Պետական թատրոնների ֆինանսավորման նպատակով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում նախատեսվում են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։

2. Հիմնարկության ձեւով ստեղծված պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնների եկամուտները, որոնք գոյանում են պետական եւ տեղական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից օգտագործվում են այդ թատրոնների կողմից՝ իրենց կանոնադրական նպատակներին համապատասխան:

3. Այլ աղբյուրներից ստացված միջոցները չեն կարող նվազեցնել պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնների համապատասխան բյուջեներից կատարվող հատկացումների ծավալը:

4. Պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնների հիմնադիր համարվող իրավաբանական եւ /կամ/ ֆիզիկական անձինք նրանց ֆինանսավորումը իրականացնում են հիմնադիր պայմանագրերով նախատեսված կարգով եւ չափերով:

Հոդված 21. Պետական եւ տեղական ոչ առեւտրային թատերական կազմակերպությունները

Պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնների համար սույն օրենքի 18-րդ , 19-րդ եւ 20-րդ հոդվածներով նախատեսված դրույթները տարածվում են պետական եւ տեղական ոչ առեւտրային թատերական կազմակերպությունների վրա:

Հոդված 22. Պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնների կառավարումը

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն այլ հիմնադիրների հետ միասին մասնակցում են պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնների կառավարմանը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնների գործունեության անմիջական ղեկավարումը, նրանց հիմնադիրի կողմից նախատեսված կարգով իրականացվում է՝

ա) միանձնյա ղեկավարման սկզբունքով՝ տնօրենի կամ գեղարվեստական ղեկավարի կողմից, որի հետ հիմնադիրը կնքում է աշխատանքային պայմանագիր մինչեւ հինգ տարի ժամանակով.

բ) լիազորությունների տարանջատման սկզբունքով՝ տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի կողմից, որոնցից յուրաքանչյուրի հետ հիմնադիրը կնքում է աշխատանքային պայմանագիր մինչեւ հինգ տարի ժամանակով:

Հոդված 23. Ոչ պետական թատրոնները եւ թատերական կազմակերպությունները

Ոչ պետական առեւտրային եւ ոչ առեւտրային թատրոնները եւ թատերական կազմակերպությունները պետական եւ տեղական ոչ առեւտրային թատրոնների եւ թատերական կազմակերպությունների հետ համահավասար իրավունք ունեն մասնակցելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտարարված մրցույթներին:

Ոչ պետական առեւտրային եւ ոչ առեւտրային թատրոնների եւ թատերական կազմակերպությունների կառավարումն իրականացվում է նրանց հիմնադիր փաստաթղթերով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով:


ԳԼՈՒԽ 6.

ԹԱՏՐՈՆՈՒՄ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 24. Ստեղծագործական թատերական մասնագիտությունները եւ թատերական գործունեության յուրահատուկ այլ պրոֆեսիաները

Ստեղծագործական թատերական մասնագիտությունների եւ թատերական գործունեության յուրահատուկ այլ պրոֆեսիաների ցանկը հաստատում է ՀՀ Կառավարությունը:

Հոդված 25. Թատերական ստեղծագործական մասնագիտությունների աշխատողների հետ պայմանագրերը

Թատերական ստեղծագործական մասնագիտությունների աշխատողների գործունեությունն իրականացվում է աշխատանքային եւ /կամ/ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:

Թատրոնում ստեղծագործական թատերական մասնագիտության պաշտոնում գործունեությունն իրականացվում է աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ մինչեւ երեք տարի ժամանակով։

Ստեղծագործական թատերական մասնագիտությամբ աշխատողի եւ թատրոնի ղեկավարության միջեւ կնքված պայմանագրում օրենսդրությամբ սահմանված պարտադիր նորմերից բացի նշվում են նաեւ հեղինակային, հարակից եւ կենդանի կատարմամբ թատերական բեմադրության իրավունքների իրացման պայմանները եւ կարգը:

Հոդված 26. Թատրոնների ստեղծագործական աշխատողների սոցիալական աշտպանությունը

1. Թատրոնների եւ թատերական կազմակերպությունների աշխատողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

2. Հայրենական թատրոնի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող թատերական գործիչների պետական կենսաթոշակներին նախատեսվում է հավելավճարներ, անվճար բժշկա-առողջարանային սպասարկում, ինչպես նաեւ սոցիալական պաշտպանության այլ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:


ԳԼՈՒԽ 7.

ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. Թատրոնների եւ թատերական կազմակերպությունների գործունեությունը միջազգային ասպարեզում

1. Իրենց իրավասությունների շրջանակում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները նպաստում են թատրոնների եւ թատերական կազմակերպությունների միջազգային կապերի զարգացմանը, աջակցում են թատրոնների եւ թատերական կազմակերպությունների մասնակցությանը միջազգային թատերական փառատոններին եւ ստուգատեսներին:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թատրոններն ու թատերական կազմակերպությունները իրավունք հաստատել անմիջական կապեր օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ։

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

«ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրենքի ընդունումը պայմանավորված է տվյալ  բնագավառի հիմնահարցերը առաջին անգամ կանոնակարգելու անհրաժեշտությամբ, քանի որ որ առ այսօր չկա օրենք թատրոնի եւ թատերական գործունեության  վերաբերյալ:

Օրենքի նախագիծը մշակվել է Վարդան Բոստանջյանի հետ միասին:

Նախագիծը մշակելիս  օգտագործվել է տարբեր երկրների համանման օրենսդրությունը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների մոդելային օրինագիծը:

Օրինագիծը քննարկվել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության  ընդլայնված նիստում, որին  մասնակցել են Հանրապետության բոլոր հիմնական թատրոնների ղեկավարները: Քննարկումների արդյունքում օրինագիծն արժանացել է նրանց եւ  այլ մասնագետների բարձր գնահատականին: