Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի ՀՕ-528-Ն) (այսուհետ՝ օրենսգիրք) 266-րդ՝
ա) հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 5-րդ ենթակետով հետեւյալ բովանդակությամբ. «կրկին անգամ»:
բ) հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սահմանել սույն գլխում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը՝ համաձայն հավելվածի 1-ի ( կցվում է )»,
գ) հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «Սույն գլխով նախատեսված հանցագործությունները համարվում են կրկին անգամ կատարված, եթե այն կատարվել է նախկինում սույն օրենսգրքի 266-րդ, 269-275-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի կողմից»:
Հոդված 2. Օրենսգրքի 269 հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 5-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ՝ «կրկին անգամ»:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր 269.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 269.1 Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ դրանց պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը, կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը
1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ դրանց պատրաստման կամ արտադրության համար պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը, կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
ա) կրկին անգամ,
բ) մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով՝
պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:»
Հոդված 4. Օրենսգրքի 270-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Շահադիտական կամ այլ անձնական դրդումներով, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է կրկին անգամ՝
պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Հոդված 5. Օրենսգրքի 271-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 5-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ՝ «կրկին անգամ»:
Հոդված 7. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ ենթակետով հետեւյալ բովանդակությամբ՝ «կրկին անգամ»:
Հոդված 8. Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ. «կրկին անգամ»:
Հոդված 9. Օրենսգրքի 275-րդ հոդվածի՝
ա) 2-րդ մասը լրացնել նոր 3-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ՝ «կրկին անգամ»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը պայմանավորված է բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Ներկա օրենսդրական կարգավորման գիտական վերլուծությունը, քննչական պրակտիկան եւ միջազգային փորձը (Լիտվիա, Էստոնիա, ՈՒկրաինա, Ռուսաստան եւ այլն) ցույց են տալիս, որ թմրամիջոցների գործածումը հանցանք դիտելը եւ բացառապես քրեաիրավական միջոցներով այդ երեւույթի դեմ պայքարելն ակնկալվող արդյունք չեն կարող տալ: Թմրամոլության դեմ պայքարը պետությունը պետք է իրականացնի համակարգված՝ հիմնականում սոցիալ-վերականգնողական, բուժկանխարգելիչ միջոցառումներով: Վիճակագրական տվյալներով վերջին տարիներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները, հատկապես ապօրինի գործածումը Հայաստանի Հանրապետությունում ոչ թե նվազել են, այլ ընդհակառակը՝ տեղի է ունեցել այդ հանցագործությունների կտրուկ աճ, ինչը վկայում է այդ երեւույթի դեմ քրեաիրավական պայքարի անարդյունավետության մասին:
Անհիմն քրեականացման մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր ապօրինի գործածման համար սահմանում է պատիժ տուգանքի ձեւով, ինչը կարող էր սահմանվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում որպես վարչական պատասխանատվության միջոց:
Բացի այդ, հարկ է անդրադառնալ թմրամիջոցներ եւ հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի, ինչպես նաեւ խիստ ներգործող կամ թունավոր նյութերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանելու իրավասությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին վերապահելու օրինաչափությանը:
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության «Հայաստանի Հանրապետության նախարարներին եւ Երեւանի քաղաքապետին օրենքներով եւ իրավական այլ ակտերով չեն կարող տրվել սույն հոդվածի 6-րդ մասում նշված լիազորությունները: Նման լիազորություն վերապահող ներմերը անվավեր են»: Նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության նախարարների հրամաներով. . . չեն կարող սահմանվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները, ազատությունները ու արտոնությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը փոփոխող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող . . . , ինչպես նաեւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր: Նշված օրենքի 9-րդ հոդվածի համաձայն քրեական վարչական, տնտեսական, կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները միայն օրենքով պետք է սահմանվեն:
Հաշվի առնելով, որ թմրամիջոցներ եւ հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի, ինչպես նաեւ խիստ ներգործող կամ թունավոր նյութերի չափերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանելը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին, ուստի կոնկրետ դեպքում իրավաչափ է հիշյալ չափերը սահմանել համապատասխան օրենսգրքերով:
Քրեաիրավական նորմերը ու դրանցով կանոնակարգվող հասարարակական հարաբերությունների օբյեկտիվ վիճակի համապատասխանությունն ապահովելու նկատառումով ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ հանցատեսակներում կրկնակիությունը որպես տվյալ հանցատեսակների որակյալ հատկանիշ չի նախատեսվել:
Հանցագործության բազմակիությունը քրեական իրավունքի ընդհանրական հասկացություն է, որը ենթադրում է միեւնույն անձի կողմից մեկից ավելի հանցագործությունների կատարում, եթե վերջին հանցանքը կատարվել է մինչեւ նախորդ հանցանքի համար քրեաիրավական հետեւանքների անցնելը: Վերլուծվող արարքների կապակցությամբ առանձնակի նշանակություն պետք է տալ հանցագործությունների կրկնակիությանը եւ համակցությանը: Գործնական վերլուծությունը հիմք է տալիս փաստելու, որ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի հանցավոր շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում օբյեկտիվորեն չի գնահատվել տվյալ հանցագործությունների դեմ պայքարում կրկնակիության իստիտուտի կիրառությունը նախկինում, ինչպես նաեւ այլ երկրներում:
Միեւնույն ժամանակ ներկա հասարակական հարաբերությունները հիմք են տալիս նաեւ վերանայելու հիշյալ ոլորտում քրեաիրավական կարգավորման հիմնախնդիրները՝ թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ստանալու իրավունք տվող փաստաթղթերի կեղծման, կեղծ փաստաթղթի օգտագործման կամ իրացման առումով: Առկա հարաբերությունների վերլուծությունը, պրակտիկան ցույց են տալիս, որ անհրաժեշտություն է առաջացել տարբերակված մոտեցում ցուցաբերել հիշյալ արարքներին որպես առանձին քրեաիրավական կարգավորման առարկա: