Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-011-26.06.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող կարող են համարվել իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով հայտարարագիր ներկայացրած եւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններին բավարարող՝

ա) միայն մեկ խանութի, կամ միայն մեկ կրպակի, կամ միայն մեկ տաղավարի միջոցով բացառապես առեւտրական գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպությունը եւ անհատ ձեռնարկատերը.

բ) բացառապես սեփական անշարժ գույքը վարձակալության հանձնող անհատ ձեռնարկատերը.

գ) նոտարը

դ) բացառապես սույն օրենքի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածում ընդգրկված գործունեության տեսակները միայն մեկ վայրում իրականացնող առեւտրային կազմակերպությունը եւ անհատ ձեռնարկատերը: Սույն օրենքի իմաստով վայր չեն համարվում առեւտրային կազմակերպության եւ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու եւ (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման գործունեության վայրերը, եթե այդ վայրերում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածով սահմանված գործունեության տեսակները:

Սույն մասով սահմանված դրույթները չեն տարածվում սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց, ինչպես նաեւ  սեփական արտադրանքը խանութի, կրպակի կամ տաղավարի միջոցով իրացնող առեւտրային կազմակերպության եւ անհատ ձեռնարկատիրոջ վրա:».

բ) 3-րդ մասից հանել  «ա» ենթակետի «գործունեության այդ մասով» բառերը եւ «բ», «ե», «է», «ժբ» ենթակետերը, իսկ «դ» ենթակետում «հունվարի 1-ին բառերից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ» բառերը եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  «ժգ» ենթակետով.

«ժգ) այն առեւտրային կազմակերպությունը, որը ունի ներկայացուցչություն(ներկայացուցչություններ) եւ (կամ) մասնաճյուղ (մասնաճյուղեր):»:

գ) 4-րդ մասը «նոր» բառից առաջ լրացնել «սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեություն իրականացնող» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության միայն մեկ տեսակի մասով եւ չի կարող միաժամանակ հանդիսանալ հարկման ընդհանուր կարգով կամ հաստատագրված վճարներով հարկվող:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «գ» ենթակետում «նշված՝» բառից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող» բառերը.

բ) 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«դ) իրականացնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով չսահմանված գործունեություն եւ (կամ) համատեղում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության մեկից ավելի տեսակներ:».

գ) 1-ին մասի «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ե) տվյալ տարվա որեւէ պահին իրականացրել է Հայաստանի Հանրապետություն «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.

դ) 1-ին մասից հանել «թ» ենթակետը եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժ» ենթակետով՝

«ժ) այն առեւտրային կազմակերպությունը, որը տվյալ տարվա որեւէ պահին ստեղծել է  ներկայացուցչություն եւ (կամ) մասնաճյուղ:»:

ե) 2-րդ մասից հանել  «եւ «թ»»  բառերը փոխարինել «եւ «ժ»» բառերով:

Հոդված 4.  Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Վարձակալության գործարքներ իրականացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող հանդիսացող վարձատուի իրացման շրջանառություն է համարվում այդ գործարքների համար նախատեսված հատուցումը՝ վարձավճարները:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «ե» ենթակետով՝

«ե) պարզեցված հարկ վճարողների կողմից սույն օրենքով սահմանված գործունեության մեջ օգտագործվող ակտիվների (այդ թվում՝ անշարժ գույքի) օտարման մասով՝  10 տոկոս

Հոդված 6.  Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Հաշվետու տարում պարզեցված հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողները այդ եւ դրան հաջորդող տարում կարող են վարել պարզեցված հարկային հաշվառում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե գործունեության բոլոր տեսակների մասով յուրաքանչյուր տարում մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցում 50 մլն.դրամը:»:

Հոդված 7.  Օրենքի 16-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի «բ» կետը ուժը կորցրած ճանաչել.

բ) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Պարզեցված հարկ վճարողները թաքցրած կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաեւ տուգանքը բյուջե են վճարում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

Հավելված «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

Պարզեցված հարկով հարկման ենթակա գործունեության այլ տեսակներ

1. Կոշիկի նորոգում

2. Բնական եւ արհեստական կաշվից ճամփորդական եւ գալանտերեայի ապրանքատեսակների նորոգում

3. Կենցաղային էլեկտրասարքերի նորոգում

4. Ժամացույցների նորոգում

5. Ոսկերչական արտադրատեսակների նորոգում

6. Հագուստի նորոգում

7. Մորթե եւ կաշվե հագուստի, գլխարկների նորոգում

8. Կենցաղային կահույքի նորոգում

9. Գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների նորոգում

10. Հեծանիվների նորոգում

11. Հովանոցների, վառիչների, լուսավորման սարքերի, զբոսաշրջության, սպորտային գույքի եւ հանդերձանքի նորոգում, գազայրիչների լցավորում, կտրող գործիքների, դանակային արտադրատեսակների սրում

12. Մանածագործական եւ մորթե արտադրատեսակների լվացում, քիմիական մաքրում եւ ներկում

13. Սպիտակեղենի լվացում եւ մշակում

14. Քիմիական մաքրում եւ ներկում

15. Թաղումների կազմակերպում եւ դրա հետ կապված  ծառայություններ

16. Տնային տնտեսությունների վարում սպասարկու անձնակազմի կողմից

17. Ինտերնետ ակումբների միջոցով բնակչությանը մատուցվող ինտերնետային ծառայություններ

18. Այլ կենցաղային արտադրատեսակների եւ անձնական օգտագործման իրերի վարձույթ

19. Պատրաստի համակարգչային ծրագրային ապահովման սպասարկում

20. Գրասենյակային մեքենաների եւ հաշվողական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում

21. Գործավարական եւ թարգմանչական ծառայություններ

22. Բացառապես գյուղական բնակավայրերում մրգերի եւ բանջարեղենի վերամշակում, կաթնամթերքի (բացառությամբ պաղպաղակի) արտադրություն

23. Արվեստի բնագավառի, թատերական եւ համերգային դահլիճների գործունեություն, տիկնիկային թատրոնների գործունեություն