Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-012-26.06.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1 . «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97) 28-րդ հոդվածի 9-րդ մասի «բ» կետի « ` առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:




ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը եւ դրա առջեւ դրված խնդիրները, ըստ էության, անհամատեղելի են այդ ընկերությանը տրված հաճախականություններով այլ հեռարձակվող կազմակերպությունների կողմից գործունեություն իրականացնելու համաձայնություն տալու իրավունքի հետ:

Մասնավորապես, նշված կառույցը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետության կողմից ստեղծված եւ բացառապես հանրային շահերի բավարարմանը միտված խնդիրներ լուծող «հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է», որի գործունեությունը չի կարող զուգակցվել այլ մասնավոր խնդիրների լուծմանն ուղղված հեռարձակող կազմակերպությունների գործունեության հետ:

Բացի այդ, հանրային հեռուստառադիոընկերության կողմից օգտագործվող հաճախականությունների օգտագործումը այլ հեռարձակող կազմակերպությունների կողմից հիմնավորված ու իրավաչափ չէ, քանի որառանց մրցույթի հաճախականություն ստացած ընկերությունը, ըստ էության, ձեռք է բերում լիցենզիա չունեցող այլ կազմակերպությանը իր իրավունքները վերալիազորելու եւ, այդպիսով, մրցակցության սկզբունքը խախտելու հնարավորություն, մանավանդ, որ հիշյալ ընկերության իրական հնարավորությունները` հեռարձակման սահմանների տեսանկյունից, որպես կանոն,  գերազանցում են մյուս ընկերություններին:

Հարկ է նշել նաեւ, որ գործնականում անհնարին է հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից հաճախականության օգտագործման վերաբերյալ համաձայնությունը տալու կամ մերժելու հստակ չափանիշները սահմանելը, իսկ դրանց բացակայության պայմաններում խորհրդի կողմից յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում կայացնելը կարող է խիստ կամայական բնույթ ունենալ: