Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-020-09.07.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ   ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

1. Սույն օրենքը կարգավորում է պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձանց կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաեւ պետական ծառայության  ոլորտում կոռուպցիայի կանխարգելման, հայտնաբերման, դրա հետեւանքների վերացման, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների, սոցիալական  արդարության պաշտպանության, տնտեսության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծման, օրինականության ապահովման եւ կոռուպցիոն իրավախախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերը:

2. Սույն օրենքի նպատակն է նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման բնագավառում հրապարակայնության եւ վերահսկողության ընդլայնմանը ժողովրդավարական հիմունքներով, բնակչության կողմից պետության եւ նրա մարմինների հանդեպ վստահության ամրապնդմանը, գործիմաց մասնագետների` պետական ծառայության անցնելու խթանմանը, պաշտոնատար անձանց անկաշառության համար պայմանների ստեղծմանը:

3. Այդ խնդիրների իրականացման համար սույն օրենքն ամրագրում է կոռուպցիայի կանխարգելման հիմնական սկզբունքները, որոշում է կոռուպցիոն իրավախախտումների սուբյեկտների եւ կոռուպցիայի դեմ արդյունավետ եւ ներգործուն պայքար մղող մարմինների շրջանակը, սահմանում է կոռուպցիայի կանխարգելման եղանակները, ինչպես նաեւ կոռուպցիոն իրավախախտումների հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումները:

Հոդված 2. Կոռուպցիայի կանխարգելման մասին օրենսդրությունը   

1. Կոռուպցիայի կանխարգելման մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են այդ պայմանագրերի նորմերը:

Հոդված  3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Կոռուպցիան սոցիալական, քաղաքական իրավական երեւույթ է, որն արտահայտվում է պետական ծառայողների եւ ոչ պետական կազմակերպությունների աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունները եւ կարգավիճակից բխող հնարավորություններն անձնական, խմբակային, ընկերային շահերի համար օգտագործելու մեջ:

2. Պետական գործառույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ պետության իրավասությանը, նրա մարմիններին եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ամրագրված իրավասությունները եւ կառավարման առարկաներն են:

3. Սույն օրենքի իմաստով պետական ծառայողներ են համարվում.

ա) նշանակովի կամ ընտրովի ցանկացած անձ, որը մշտական կամ ժամանակավոր հիմունքներով, վարձատրությամբ կամ առանց աշխատանքի վարձատրության որեւե պաշտոն է զբաղեցնում օրենսդիր, գործադիր կամ դատական մարմիններում.

բ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, հիմնարկներում եւ կազմակերպություններում, մշտական կամ ժամանակավոր հիմունքներով, վարձատրությամբ կամ առանց աշխատանքի վարձատրության կամ հատուկ լիազորությամբ վարչատնտեսական, կազմակերպական գործառույթներ իրականացնող անձինք:

4. Պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանց անվան տակ հասկացվում է.

Սահմանադրությամբ նախատեսված մարմիններում պաշտոն զբաղեցնող կամ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոն զբաղեցնող անձինք:

5. Սույն օրենքի իմաստով ընտանիքի անդամ է համարվում այն անձը, ով պետական ծառայողի հետ համատեղ բնակվում եւ վարում է համատեղ տնտեսություն:

6. Մերձավոր ազգականներ են ընտանիքի անդամները, ուղիղ վերընթաց եւ վայրընթաց գծով հարազատները, որդեգրողները եւ որդեգրվածները, եղբայրներն ու քույրերը:

7. Նվեր համարվում է ցանկացած գույք, որն անհատույց կամ արտոնյալ պայմաններում, որպես սեփականություն, հանձնված է մեկ ուրիշ անձի կամ ազատում գույքային պարտավորություններից, ինչպես նաեւ ակնհայտ արտոնյալ պայմաններում մատուցած ծառայություններ անձի կողմից, որն այդպիսի ծառայությունների համար սովորաբար վարձատրություն է ստանում:

Հոդված 4. Կոռուպցիայի կանխարգելման հիմնական սկզբունքները

Կոռուպցիայի կանխարգելումն իրականացվում է.

ա) պետական մարմինների համակարգի գործունեության օրինականության, հրապարակայնության, հստակ իրավական կարգավորման, ինչպես նաեւ այդ գործունեության նկատմամբ պետական ու հասարակական հսկողության միջոցով,

բ) պետական ապարատի կառուցվածքի, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը շոշափող հարցերի լուծման արարողակարգի կատարելագործման միջոցով,

գ)  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն պետական գործառույթներն իրականացնելու համար լիազորված անձանց եւ նրանց հավասարեցված անձանց  իրավունքների եւ ազատությունների սահմանափակման միջոցով,

դ) օրենքի եւ դատարանի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքի համաձայն կոռուպցիայի կանխարգելման մասին օրենսդրության խախտման համար սույն օրենքի 3-րդ հոդվածում թվարկված անձանց նկատմամբ պատասխանատվություն սահմանելու միջոցով,

ե) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց խախտված իրավունքների եւ օրինական շահերի վերականգման, կոռուպցիայի հետ կապված այլ վնասակար հետեւանքների վերացման միջոցով,

զ) պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձանց եւ նրանց հավասարեցված անձանց իրավունքների եւ օրինական շահերի պետության կողմից պաշտպանության, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով նրանց եւ նրանց ընտանիքների արժանավայել կենսամակարդակն ապահովող աշխատավարձի եւ արտոնությունների սահմանման միջոցով,

է) ձեռներեցության պետական կարգավորման եւ հսկողության գործառույթներ իրականացնող անձանց կողմից իրենց վերապահված իրավասությունների փոխանցման անթույլատրելիության միջոցով,

ը) կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման նպատակով օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, ինչպես նաեւ ապօրինի ձեռք բերված միջոցների եւ դրամական արժեքների օրինականացումը կանխելու համար օրենքով սահմանված կարգով հատուկ հսկողություն կիրառելու միջոցով:

Հոդված 5.  Կոռուպցիոն իրավախախտումների սուբյեկտները

1. Սույն օրենքի համաձայն կոռուպցիոն իրավախախտումների սուբյեկտներ են պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձինք եւ նրանց հավասարեցված անձնինք, որոնք նշված են սույն հոդվածում:

2. Պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձինք են.

ա) բոլոր պետական ծառայողները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության օրենսդրությանը համապատասխան,

բ) պետական տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաեւ այն տնտեսավարող սուբյեկտների պաշտոնատար անձինք, որոնց ունեցվածքում պետական կամ համայնքային կազմավորումների սեփական բաժինը կազմում է կեսից ոչ պակաս:

3. Սույն օրենքի կիրառման ժամանակ պետական գործառույթներ իրականացնելու լիազորություններով օժտված անձանց հավասարեցվում են.

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախարարները, Գլխավոր դատախազը, Ազգային Ժողովի պատգամավորները, տեղական ինքնակառավարման մարիմինների ընտրովի անձինք,

բ) տեղական ինքնակառավարման մարմիններում մշտական կամ ժամանակավոր հիմունքներով աշխատող (ծառայության մեջ գտնվող) ծառայողները, որոնք աշխատավարձ են ստանում համայնքի բյուջեից, տեղական ինքնակառավարման մարիմինների կողմից հիմնադրված նպատակային արտաբյուջետային կամ տարադրամային հիմնադրամներից,

գ) հասարակական հիմունքներով կամ մասնավոր գործունեության կարգով պետական եւ տեղական ինքնակառավարման մարիմինների գործառույթների  իրականացմանը մշտական հիմունքներով կամ ժամանակավորապես մասնակցող անձինք,

դ) ուսումնական հաստատությունների ղեկավար եւ դասախոսական, զինվորական ուսումնական հիմնարկների հրամանատարական կազմը,

ե) Հայաստանի Հանրապետության ընտրովի պետական պաշտոններում, ընտրովի պետական մարիմիններում, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններում օրենքով սահմանված կարգով որպես թեկնածուներ գրանցված քաղաքացիները:

4. Կոռուպցիոն իրավախախտումների սուբյեկտներ կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, ովքեր ապօրինի կարգով տրամադրում են նյութական եւ այլ բարիքներ, ծառայություններ եւ առավելություններ պետական գործառույթների իրականացման համար լիազորված կամ նրանց հավասարեցված անձանց:

Հոդված  6. Օրենքի կիրառման ոլորտը

1. Սույն օրենքը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում` միջազգային իրավական ակտերին համապատասխան` նաեւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց նկատմամբ:

2. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն իրենց իրավասությունների սահմաններում ընդունել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված իրավական այլ ակտեր, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ սույն օրենքին:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոռուպցիոն իրավախախտումների համար նախատեսվում է կարգապահական, վարչական, նյութական եւ քրեական պատասխանատվություն:

Հոդված  7.  Կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները

1. Սույն օրենքի պահանջների կատարումը Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պետական գործառույթների իրականացման համար լիազորված կամ նրանց հավասարեցված անձանց  պարտականությունն է իրենց իրավասությունների շրջանակներում:

2. Կոռուպցիոն իրավախախտումների հայտնաբերումը, խափանումը, կանխարգելումը, նախազգուշացումը, դրանց կատարման մեջ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկումը իրենց իրավասության շրջանակներում իրականացնում են` Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության  հարկային ծառայությունը, Հայաստանի Հանրապետության մաքսային պետական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն ստեղծվող այլ մարմիններ:

ԳԼՈՒԽ 2

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆՆ  ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված  8. Գործողությունների սահմանափակում

1. Պետական գործառույթների կատարմանը հավակնող անձինք կամավոր կերպով իրենց վրա են վերցնում սույն օրենքով եւ օրենսդրական այլ ակտերով նախատեսված սահմանափակումներ` թույլ չտալու այնպիսի գործողությունների կատարումը, որոնք կարող են հանգեցնել համապատասխան կարգավիճակի, այդ թվում` դրա հետ կապված հեղինակության օգտագործում անձնական, խմբակային եւ ոչ ծառայողական այլ շահերի համար:

2. Սահմանափակումների ընդունումն արտացոլվում է գրավոր պարտավորագրում, որը պահվում է համապատասխան կազմակերպությունների կադրերի ծառայություններում: Սահմանափակումների լրիվ կամ մասնակի չընդունումը հանգեցնում է համապատասխան գործառույթների կատարմանը` նշված անձանց ներգրավելու մերժմանը:

Հոդված 9.  Ծառայողական անհամատեղությունը

1.  Պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձանց եւ նրանց հավասարեցված անձանց (բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի «գ», «դ», «ե» ենթակետերում նշվածների) արգելվում է այլ պաշտոն զբաղեցնել, ինչպես նաեւ համատեղության կարգով այլ աշխատանք կատարել.

ա) օտարերկրյա բոլոր կազմակերպություններում, ինչպես նաեւ արտասահմանյան ներդրումներով կազմակերպություններում,

բ) պետական այլ մարմիններում, ինչպես նաեւ այլ կազմակերպաիրավական ձեւ ունեցող կազմակերպություններում եւ հասարակական միավորումներում, որոնց գործունեությունը ենթակա կամ հաշվետու է այն մարմնին, որտեղ նրանք գտնվում են ծառայության մեջ, կամ, որը վերահսկվում է այդ մարմնի կողմից, եթե օրենքով ուղղակիորեն այլ բան նախատեսված չէ,

գ) համատեղության կարգով կամ աշխատանքային պայմանագրով այլ աշխատանք կատարել, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական գործունեությունից, բժշկական պրակտիկայից եւ փորձագիտական աշխատանքից` պահպանելով սույն հոդվածի 1-ին կետի դրույթները. դրանց վրա դրված ծառայողական պարտականություններից եւ հանձնարարությունների ոլորտից դուրս անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,

դ) ինքնուրույն կամ ներկայացուցչի միջոցով քվեարկել ըստ իրենց պատկանող բաժնետոմսերի (փայերի, բաժնեմասերի) կամ այլ կերպ մասնակցել, անկախ սեփականության ձեւից, տնտեսավարող սուբյեկտների մարմինների կողմից որոշումներ ընդունելու գործին, քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքել ոչ իր անունով` կեղծանունով, անանուն  կամ դրածո անձանց անունով:

2. Նշված անձիք, պաշտոնի անցնելուց կամ պետական գործառույթների կատարումն այլ կերպ սկսելու 30 օրվա ընթացքում, իրենց պատկանող արժեթղթերը, ունեցվածքը, ավանդները, ինչպես նաեւ այլ արժեքներ, որոնց օգտագործումը կարող է եկամտի աղբյուր դառնալ, պարտավոր են հանձնել հավատարմագրային կառավարման եւ այդ մասին անհապաղ հայտնել բնակության վայրի հարկային մարմնին:

3. Պետական գործառույթների կատարմանը լիազորված անձինք եւ նրանց հավասարեցված անձինք (բացի սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի «ա», «գ» ենթակետերում նշվածների) չեն կարող զբաղեցնել պաշտոններ, որոնք գտնվում են իրենց մերձավոր հարազատների անմիջական ենթակայության եւ վերահսկողության տակ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 Սույն պահանջները խախտող անձինք 30 օրվա ընթացքում խախտումը կամավոր չուղղելու դեպքում տեղափոխվում են այնպիսի պաշտոնի, որը բացառում է նման ենթակայությունը եւ վերահսկողությունը: Այդպիսի պաշտոնի տեղափոխման անհնարինության դեպքում սույն հոդվածում նշված անձը կամ նրա մոտ հարազատը պաշտոնից ազատվում է: Նման հիմնավորմամբ պաշտոնից ազատված անձինք իրավունք ունեն պետական ծառայության անցնել այլ մարմիններում եւ կազմակերպություններում:

Հոդված 10. Տնտեսական հետաքրքրությունների հսկողությունը եւ հրապարակայնությունը

1. Հայտարարագիրն ունեցվածքի, պարտավորությունների, եկամուտների եւ ծախսերի մասին փաստաթուղթ է, որում պետական ծառայողը ներկայացնում է տեղեկություններ իրեն պատկանող ունեցվածքի, իր գույքային պարտավորությունների եւ այլ հանգամանքների վերաբերյալ, որը հնարավորություն է ընձեռում պարզել անձի տնտեսական հետաքրքրությունները եւ գույքային դրությունը:

2. Հայտարարագիրը ներկայացվում է յուրաքանչյուր տարի` հայտարարագրի ներկայացման ժամկետը լրանալուց կամ պաշտոն ստանձնելուց մեկ ամսվա ընթացքում, եթե այլ բան չի նախատեսված սույն օրենքով:

3. Եթե հայտարարագիրը ներկայացնելուց հետո պետական ծառայողի ունեցվածքի մեջ տեղի են ունենում փոփոխություններ, որոնց արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, անձը (պետական ծառայողը) պարտավոր է նոր հայտարարագիր ներկայացնել այդ փոփոխություններից հետո` մեկ ամսվա ընթացքում:

4. Պետական գործառույթների կատարմանը հավակնող եւ այդ մասին սահմանված կարգով հայտարարած անձինք Հայաստանի Հանրապետության  հարկային ծառայության մարմիններին տեղեկություններ են ներկայացնում.

ա) իրենց եւ ընտանիքի անդամների եկամուտների, ներառյալ` դրամի վերածած բոլոր նյութական եւ այլ բարիքների ու ծառայությունների մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անշարժ եւ արժեքավոր շարժական գույքի մասին (այդ թվում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող)` նշելով դրա գնահատելի արժեքը եւ գտնվելու վայրը,

բ) բանկերում ունեցած ավանդների եւ արժեթղթերի մասին  (այդ թվում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող)` նշելով բանկի անունը, բանկային հաշվեհամարները, որոնք ստորագրելու իրավունք ունեն միայն նշված անձինք, ֆինանսական միջոցների մասին, որոնք  իրավունք ունեն տնօրինել անձամբ կամ այլ անձանց հետ միասին,

գ) օֆշորային եւ այլ կազմակերպություններում որպես բաժնետեր կամ համատեր անմիջական կամ միջնորդավոր մասնակցության մասի` նշելով իրենց ենթակա սեփականության տոկոսը (բաժինը), համապատասխան կազմակերպությունների ճշգրիտ բանկային եւ այլ վավերապայմանները,

դ) այլ  կազմակերպությունների մասին` նշելով դրանց անվանումները եւ ճշգրիտ վավերապայմանները, որոնց հետ նշված անձինք կամ նրանց ընտանիքի անդամներն ունեն հարաբերություններ, համաձայնություններ եւ պարտավորություններ (այդ թվում նաեւ բանավոր) իրենց կամ իրենց ընտանիքի անդամներին պատկանող ֆինանսական եւ նյութական գնահատում ունեցող այլ միջոցների պահպանման մասին,

ե) ֆինանսական այլ բնույթի պարտավորությունների մասին (այդ թվում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս):

5. Անձը պետական գործառույթների կատարումը դադարեցնելուց հետո երեք տարվա ընթացքում, այդ թվում` կենսաթոշակի անցնելուց հետո, բնակության վայրի հարկային մարմիններին հայտարարագիր  է ներկայացնում, որում, բացի թվարկած տեղեկություններից, նշվում են նաեւ հետեւյալ տվյալները.

ա) նախորդ հայտարարագիրը ներկայացնելուց հետո նյութական գնահատում ունեցած գործարքների մասին, որոնց արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը,

բ) նշված ժամանակահատվածում ստացած նվերների, նյութական այլ բարիքների եւ ծառայությունների մասին, եթե դրանց ընդհանուր արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը` նշելով դրանց ցանկը, արժեքը դրամային արտահայտությամբ, եւ դրանք ստանալու աղբյուրները: Նշված անձինք հարկային մարմիններից աշխատանքի վայր տեղեկանք են ներկայացնում վերոհիշյալ տեղեկությունների տրամադրման մասին:

6. Սույն հոդվածի 1-ին կետում  թվարկած տեղեկությունները չներկայացնելը կամ ոչ լրիվ հավաստի տվյալներով ներկայացնելը, եթե կատարվածը քրեորեն պատժելի արարք չէ, հիմք է պետական գործառույթների կատարմանը հավակնող անձանց համապատասխան լիազորություններով օժտելու մերժման համար, իսկ պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձանց կամ նրանց հավասարեցված անձանց համար հիմք է նրանց նկատմամբ սույն օրենքի 11 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժերից որեւէ մեկի նշանակման համար: Տվյալ անձանց կողմից նշված պահանջների կրկնակի խախտումը հանգեցնում է պաշտոնից ազատման կամ համապատասխան  գործառույթներ կատարելուց այլ ձեւով ազատման:

7. Պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանց եկամուտների մասին տեղեկությունները ենթակա են հրապարակման Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական մամուլում` կախված տվյալ անձի կարգավիճակից: Նույնպիսի հրապարակման են ենթակա այն անձանց եկամուտների մասին տեղեկությունները, ովքեր օրենքով սահմանված կարգով գրանցվել են որպես պատասխանատու պաշտոնների  թեկնածուներ:

8. Բանկային հիմնարկները պարտավոր են համապատասխան հարկային մարմնին տասնհինգօրյա ժամկետում տեղեկություն տալ անկախ սեփականության ձեւից, տնտեսավարող սուբյեկտների կողմից հաշիվների բացման մասին, եթե 30 օրվա ընթացքում նշված գործարքները կազմում են աշխատավարձի նվազագույն չափի   հինգհարյուրապատիկը գերազանցող գումար:

9. Բանկային հիմնարկներին արգելվում է հաշիվների վարումն ըստ ներկայացնողի (առանց հաճախորդի մասին տեղեկություններ վարելու):

10. Պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձինք եւ  նրանց հավասարեցված անձինք  արտասահմանյան բանկերում հաշիվներ բացելիս պարտավոր են եռօրյա ժամկետում իրենց բնակության վայրի հարկային մարմնին գրավոր հայտնել բացված հաշվեհամարների ճշգրիտ վավերապայմանները (այդ թվում արտասահմանյան բանկերի հասցեները):

11. Պետական գործառույթներ կատարող կամ պետական սեփականությանը տնօրինող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության  հարկային ծառայություն են ներկայացնում պետական սեփականության տնօրինման եւ կառավարման հետ կապված նյութական բնույթի գործարքների մասին հաշվետվություններ: Եթե նշված անձանց գործունեությունը կապված է տեղական ինքնակառավարման մարմինների սեփականության տնօրինման եւ կառավարման հետ, հաշվետվությունը ներկայացվում է տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնին:

12. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայությանը ներկայացվող տվյալները, որոնք նախատեսված են սույն հոդվածով, ծառայողական գաղտնիք են: Դրանց հրապարակումը (բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի), եթե կատարվածի մեջ չկա քրեորեն պատժելի արարք, հանգեցնում է մեղավոր անձին պաշտոնից ազատմանը: Նշված տեղեկությունները կարող են ներկայացվել միայն սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետում նշված մարմինների պահանջով:

ԳԼՈՒԽ 3

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ

Հոդված 11.   Սույն օրենքով արգելված արարքներ

1. Պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձանց եւ  նրանց հավասարեցված անձանց արգելվում է.

ա) պետական եւ ոչ պետական մարմինների, կազմակերպությունների գործերին միջամտելը` օգտագործելով իր կարգավիճակը եւ դրա հետ կապված հեղինակությունը, եթե դա չի մտնում իր իրավասության շրջանակների մեջ եւ օրենքով հիմնավորված չէ,

բ) իր անձնական եւ իր մերձավոր հարազատների շահերին վերաբերող հարցերի լուծման ժամանակ իր կարգավիճակի օգտագործումը,

գ) որոշումների նախապատրաստման եւ ընդունման ժամանակ անօրինական կերպով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից որեւէ մեկին նախապատվություն տալը,

դ) այն պետական մարմինների, կազմակերպությունների գործերում` որպես ֆիզիկական եւ իրավաբանական անձի վստահված անձ մասնակցելը, որտեղ նրանք գտնվում են ծառայության մեջ, կամ որոնք գտնվում են իրենց ենթակայության, վերահսկողության տակ կամ հաշվետու են իրենց,

ե) ձեռներեցության պետական կարգավորման եւ վերահսկողության լիազորությունների փոխանցումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ովքեր իրականացնում են այդ գործունեությունը,

զ) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ իրենց փոխհարաբերությունները կարգավորող իրավական ակտերի մասին տեղեկություններն այդ անձանց ոչ ժամանակին կամ ոչ լրիվ հասցնելը,

է) իրավական ակտերով նախատեսված տեղեկությունների կամ տվյալների տրամադրման մերժումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, կամ դրանց միտումնավոր ոչ ժամանակին կամ էլ կիսատ, անստույգ տրամադրումը,

ը) օրենքով չնախատեսված տեղեկություններ պահանջելը ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից,

թ) պետական  կամ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական եւ այլ նյութական պաշարների տրամադրումն օրենքով սահմանված կարգով գրանցված թեկնածուների եւ հասարակական միավորումների նախընտրական հիմնադրամներին,

ժ) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմումների`  օրենքով սահմանված կարգով քննարկման եւ իրենց իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի լուծման կարգի խախտումը,

ժա) վերադաս պաշտոնատար անձանց նվերներ տալը, նյութական կամ այլ բարիքներ տրամադրելը, արտածառայողական ծառայություններ մատուցելը` բացառությամբ պաշտոնական միջոցառումների ժամանակ խորհրդանշական հուշանվերների մատուցումը,

ժբ) վերադաս կամ ստորադաս անձանց համար կամ իրենցից այս կամ այլ կերպ ծառայողական կամ աշխատանքային կախում ունեցող անձանց հետ դրամական կամ այլ գույքային բնույթ ունեցող մոլախաղերին մասնակցելը,

ժգ) ոչ պետական կառույցներին կամ հասարակական միավորումներին ֆինանսական եւ այլ նյութական պաշարների փոխանցումը, որոնք պատկանում են պետական  կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնցում պետական կամ համայնքային սեփականության բաժինը կեսից պակաս չէ, կամ որոնցում պետությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինն անմիջականորեն կամ իրենց կողմից հիմնադրված (անկախ հիմնադրման ժամկետներից) կազմակերպությունների կամ այլ կառույցների միջոցով տիրապետում է բաժնետոմսերի հսկիչ փաթեթին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով,

ժդ) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օրինական իրավունքների եւ շահերի իրականացմանը խանգարող արհեստական արգելքների ստեղծումը:

2.  Պետական գործառույթների իրականացմանը լիազորված անձանց, նրանց հավասարեցված անձանց կողմից սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավախախտումներից որեւէ մեկի կատարումը, եթե այն քրեորեն պատժելի արարք չէ, հանգեցնում է օրենքով սահմանված կարգով հետեւյալ կարգապահական տույժերից որեւէ մեկի նշանակմանը` նկատողություն, պաշտոնի իջեցում, ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին նախազգուշացում:

Առաջին իրավախախտման համար կարգապահական տույժի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում, նշված իրավախախտումների կրկնման դեպքում նշված անձինք օրենքով սահմանված կարգով ազատվում են պաշտոնից կամ ազատվում են պետական գործառույթների կատարումից այլ կերպ:

Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում թվարկված անձանց կողմից նշված իրավախախտումներից որեւէ մեկի կատարման դեպքում կոռուպցիայի դեմ պայքարող մարմինները տեղյակ են պահում համապատասխան ընտրական հանձնաժողովին, որը պարտավոր է համապատասխան նյութերի ստացումից հետո` հնգօրյա ժամկետում, անցկացնել ստուգում եւ որոշում ընդունել իր իրավասությունների սահմաններում:

3. Պետական գործառույթների կատարման կարգի մասին օրենսդրությամբ, սույն օրենքում թվարկվածից բացի, կարող են սահմանվել այլ սահմանափակումներ եւ արգելքներ, որոնք ուղղված են կոռուպցիայի կանխարգելմանը: Սահմանվում է նաեւ այդ սահմանափակումների եւ արգելքների խախտման համար կարգապահական պատասխանատվության հատուկ կարգ:

Հոդված 12. Նյութական  եւ այլ բարիքների, ծառայությունների եւ առավելությունների ստացման հետ կապված կոռուպցիոն  իրավախախտումները

1. Կոռուպցիոն   իրավախախտումներ են համարվում պետական գործառույթների իրականացման համար  լիազորված անձանց նաեւ հետեւյալ արարքները.

ա) պետական  եւ տեղական ինքնակառավարման մարմիններից եւ կազմակերպություններից, ինչպես նաեւ ոչ պետական կազմակերպություններից, հասարակական միավորումներից, ֆիզիկական անձանցից, որտեղ  համապատասխան գործառույթներ չի իրականացնում, իր գործունեության համար լրացուցիչ փոխհատուցում ընդունելը դրամական եւ այլ բարիքների տեսքով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով: Պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձի կամ նրան հավասարեցված անձի` սույն պահանջների խախտմամբ ստացած դրամական մուտքագրված միջոցները, ինչպես նաեւ առանց իրենց գիտության իրենց հաշիվներին մուտքագրված միջոցները, դրանց հայտնաբերման կամ ստացման օրվանից եռօրյա ժամկետում ենթակա են փոխանցման համապատասխան պետական  կամ համայնքային բյուջե` այդ միջոցների ստացման հանգամանքների վերաբերյալ բացատրություն ներկայացնելով,

բ) պետական գործառույթների իրականացման հետ կապված նվերների, նյութական  եւ այլ բարիքների, ծառայությունների ընդունումն այն անձանցից, որոնք ծառայության բերումով ենթակա դիրքում են, բացառությամբ արարողակարգային պաշտոնական այլ միջոցառումների ժամանակ խորհրդանշական հուշանվերներից: Ընդ որում, դրանց ընդհանուր արժեքը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը: Նշված գումարը գերազանցող նվերները (այդ թվում պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձի կամ նրան հավասարեցված անձի իմացության մուտքագրվածները) ենթակա են յոթնօրյա ժամկետում անհատույց հանձման պետական հատուկ հիմնադրամ կամ տվյալ անձի ցանկությամբ եւ վերադաս պաշտոնատար անձի համաձայնությամբ` նշված հիմնադրամից հետգնման Հայաստանի Հանրապետությունում գործող շուկայական գներով: Հետգնումից ստացված դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կամ համայնքային բյուջե` պետական հատուկ հիմնադրամի միջոցով,

գ) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական  անձանց հաշվին ներպետական եւ օտարերկրյա, տուրիստական, բուժառողջարանական եւ այլ ուղեւորությունների, հրավերների ընդունումը, բացառությամբ այն ուղեւորությունների, որոնք իրականացվում են մերձավոր հարազատների հաշվին կամ միջազգային համաձայնագրերով նախատեսված համապատասխան կազմակերպությունների հաշվին,

դ) պետական գործառույթների իրականացման համար տրամադրված տարածքների, կապի եւ տրանսպորտի միջոցների, հաշվիչ եւ էլեկտրոնային տեխնիկայի, դրամական միջոցների եւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարիմինների այլ գույքի օգտագործումն անձնական, խմբակային եւ ոչ ծառայողական այլ նպատակների համար, եթե  օրենքով այլ բան սահմանված չէ,

ե) առավելությունների օգտագործումը փոխառությունների, վարկերի, արժեթղթերի, անշարժ եւ շարժական այլ գույքի ձեռքբերման համար:

2. Պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձի կամ նրան հավասարեցված անձի ընտանիքի անդամներն իրավունք չունեն ընդունել նվերներ, նյութական եւ այլ բարիքներ, տուրիստական, բուժառողջարանական եւ այլ ուղեւորությունների հրավերներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա իրավաբանական ու  ֆիզիկական  անձանց հաշվին այլ ծառայություններ, որոնց հետ նշված անձը կապված է ծառայությամբ: Պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձը կամ նրան հավասարեցված անձը պարտավոր է իր ընտանիքի անդամների կողմից անօրինական ստացված նյութական  արժեքները յոթնօրյա ժամկետում հանձնել պետական հատուկ հիմնադրամ եւ հատուցել իր ընտանիքի անդամներին ապօրինի մատուցված ծառայությունների արժեքը:

3. Պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձի կամ նրան հավասարեցված անձի կողմից կոռուպցիոն իրավախախտումներից որեւէ մեկի կատարման համար, եթե այն քրեորեն պատժելի արարք չէ, անձը ենթակա է սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժերից որեւէ մեկի նշանակման կամ պետական գործառույթների կատարումից հեռացման կամ ազատման այլ ձեւով օրենքով սահմանված կարգով:

Անօրինականորեն ստացված նվերները, դրամական միջոցները դատարանի որոշմամբ ենթակա են բռնագանձման, անօրինական ստացված բարիքների եւ ծառայությունների արժեքը ենթակա է բռնագանձման դատարանի որոշմամբ:

Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձանց կողմից վերոհիշյալ կոռուպցիոն իրավախախտումներից որեւէ մեկի կատարման դեպքում կոռուպցիայի դեմ պայքարող մարմիններն այդ մասին ծանուցում են  համապատասխան ընտրական հանձնաժողովին, որը պարտավոր է համապատասխան նյութերի ստացումից հետո հնգօրյա ժամկետում կատարել ստուգում եւ իր իրավասությունների սահմաններում որոշում ընդունել:

Հոդված 13.  Անօրինական նյութական վարձատրության, նյութական եւ այլ բարիքների, ծառայությունների, առավելությունների տրամադրման համար իրավաբանական եւ  ֆիզիկական  անձանց պատասխանատվությունը

1. Ֆիզիկական  անձանց կողմից պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձին կամ նրան հավասարեցված անձին պետական գործառույթների իրականացման համար անօրինական նյութական վարձատրության, նվերների, նյութական եւ այլ բարիքների, ծառայությունների եւ առավելությունների տրամադրումը առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Կազմակերպությունների, հասարակական միավորումների եւ իրավաբանական այլ անձանց կողմից պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձին կամ նրան հավասարեցված անձին օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված չափերից ավելի նյութական վարձատրության, նվերների եւ այլ բարիքների, ծառայությունների եւ առավելությունների տրամադրումը  պատժվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ծանոթություն. Պատասխանատվության չեն ենթարկվում այն ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ովքեր պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձին կամ նրան հավասարեցված անձին տրամադրել են անօրինական նյութական վարձատրություն, նվերներ, նյութական եւ այլ բարիքներ, ծառայություններ  կամ առավելություններ եւ այդ մասին հայտնել են համապատասխան մարմիններին:

Հոդված 14. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարիմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների պատասխանատվությունն անօրինական ձեռնարկատիրական գործունեության եւ անօրինական եկամուտների ստացման համար

Պետական կամ  համայնքային բյուջեից կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարիմինների կողմից հիմնադրված նպատակային արտաբյուջետային կամ արժույթային հիմնադրամից ֆինանսավորվող պետական կամ տեղական ինքնակառավարման մարիմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն օրենքով իրենց վերապահված լիազորություններից բացի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ ֆինանսավորման նշված աղբյուրներից բացի այլ աղբյուրներից նյութական միջոցներ ընդունելու համար ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 4

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

Հոդված 15. Անօրինականորեն ստացված գույքի եւ ծառայությունների արժեքի բռնագանձումը

1. Կոռուպցիոն իրավախախտումների հետեւանքով անօրինական հարստացման բոլոր դեպքերում պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձանց կամ նրանց հավասարեցված անձանց անօրինական ստացած գույքը ենթակա է բռնագրավման, իսկ անօրինական ստացած ծառայությունների արժեքը բռնագանձման հօգուտ պետության: Պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձանց կամ նրանց հավասարեցված անձանց անօրինական ստացած գույքը կամավոր հանձնելուց կամ պետությանը նրա արժեքը մուծելուց, ինչպես նաեւ անօրինական ստացած ծառայությունների արժեքը մուծելուց հրաժարվելու դեպքում գույքը ենթակա է բռնագրավման, իսկ անօրինական ստացած ծառայությունների արժեքը դատարանի որոշմամբ բռնագանձման պետության օգտին, իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց հայցի հիման վրա:

2. Եթե  պետական գործառույթների իրականացման համար լիազորված անձինք կամ նրանց հավասարեցված անձինք կոռուպցիոն իրավախախտումներ կատարելու համար համապատասխան գործառույթներից ազատվելուց կամ հեռացվելուց հետո հրաժարվում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները կատարելուց, ապա ազատման կամ հեռացման մասին որոշում ընդունած մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության  հարկային ծառայությանը նշված անձանց անօրինական եկամուտների մասին ծանուցում է ուղարկվում:

Հոդված 16. Կոռուպցիոն իրավախախտումների հետեւանքով առաջացած գործողությունների վերացումը եւ ընդունված ակտերի չեղյալ համարումը

Կոռուպցիոն իրավախախտումների հետեւանքով առաջացած գործողությունների հետեւանքները եւ համապատասխան ակտերը, որոնք նախատեսված են սույն օրենքի 11-րդ եւ 12-րդ հոդվածներով, չեղյալ են համարվում այն մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որը լիազորված է ընդունել կամ չեղյալ հայտարարել համապատասխան ակտերը կամ դատարանի որոշմամբ` դատախազի, շահագրգիռ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցի հիման վրա:

Հոդված 17. Կոռուպցիայի դեմ պայքարի գործում աջակցություն ցուցաբերած անձանց անվտանգության երաշխիքները

1. Կոռուպցիոն իրավախախտման փաստի մասին հայտնած կամ այլ ձեւով կոռուպցիայի դեմ պայքարի գործում աջակցություն ցուցաբերած անձինք գտնվում են պետության պաշտպանության ներքո:

2. Կոռուպցիոն իրավախախտման փաստի մասին հայտնած կամ այլ ձեւով կոռուպցիայի կանխման գործում աջակցություն ցուցաբերած անձանց մասին տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք եւ ներկայացվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետում նշված մարմինների կամ դատարանի հարցումների հիման վրա` օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված տեղեկությունների տարածումն առաջ է բերում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Անհրաժեշտության դեպքում կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող մարմիններն ապահովում են կոռուպցիայի կանխարգելման եւ բացահայտման գործում աջակցություն ցուցաբերած անձանց անվտանգությունը:

Հոդված 18. Կոռուպցիոն իրավախախտումների մասին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդած անձանց պատասխանատվությունը

Կոռուպցիոն իրավախախտումների մասին ակնհայտ սուտ տեղեկություն հաղորդած անձինք ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 19. Կոռուպցիայի կանխարգելման միջոցներ չընդունելու համար պետական եւ տեղական ինքնակառավարման մարիմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների պատասխանատվությունը

Պետական եւ  տեղական ինքնակառավարման մարիմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների կողմից սույն օրենքով նախատեսված կոռուպցիոն իրավախախտումների կատարման մեջ մեղավոր, իրենց ենթակայության տակ գտնվող անձանց նկատմամբ իրենց լիազորությունների սահմաններում միջոցներ չընդունելը կամ նշված  միջոցներն ընդունելը սույն օրենքի դրույթների խախտմամբ կամ Հայաստանի Հանրապետության  հարկային ծառայություն համապատասխան տեղեկություններ չներկայացնելը առաջացնում է պատասխանատվություն  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 20. Օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթների եւ պետական մարմինների ջանքերի համակարգման օրենսդրական կարգավորման հրամայականով, ինչպես նաեւ պետական ծառայության ոլորտում կոռուպցիայի կանխման, հայտնաբերման, դրա հետեւանքների վերացման, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների, սոցիալական արդարության պաշտպանության, տնտեսության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծման, օրինականության ապահովման եւ կոռուպցիոն իրավախախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերի բացակայությամբ: Օրինագիծը մշակելիս տարաբնույթ նյութերից բացի օգտագործվել են նաեւ մի շարք կոնվենցիաներ, ինչպես նաեւ 2001 թվականի սեպտեմբերի 27-ին մի խումբ պատգամավորների կողմից (Էդմոնդ Ծատուրյան, Վահան Հովհաննիսյան, Խորեն Սարգսյան, Գուրգեն Եղիազարյան, Մուշեղ Մովսիսյան, Արմեն Մխիթարյան, Մանուկ Գասպարյան եւ Հրանտ Խաչատչյան) Ազգային Ժողով ներկայացրած, բայց չքննարկված «Կոռուպցիայի կանխարգելման  մասին» նախագիծը: