Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0201-09.07.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

Սույն օրենքը կարգավորում է կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի համակարգված որոշում կայացնող պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) իրավական կարգավիճակը եւ գործունեության ոլորտը,ինչպես նաեւ Ծառայության   պաշտոնատար անձանց գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:

Հոդված 2. Ծառայության գործառույթները կարգավորող օրենսդրությունը

1. Ծառայության գործառույթները կարգավորող օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, «Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են այդ պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Ծառայության իրավական կարգավիճակը

1. Ծառայությունը հանդիսանում է գործառութային անկախությամբ օժտված պետական մարմին է, որն իրականացնում է կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի սույն օրենքով ամրագրված լիազորությունները, ինչպես նաեւ կուսակցությունների եւ դրանց միավորումների ֆինանսավորման կարգերի իրականացման նկատմամբ վերահսկողություն:

2. Ծառայությունն ունի հաշվեհամար եւ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով  ծառայության  ամբողջական  անվանումով կնիք:

3. Ծառայությունը  հանդիսանում է օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին:

ԳԼՈՒԽ 2

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 4.  Ծառայության կառուցվածքը եւ Ծառայության խորհուրդը

1. Ծառայության կազմի մեջ են մտնում Ծառայության կենտրոնական աշխատակազմը եւ տարածքային ստորաբաժանումները: Ծառայության տարածքային ստորաբաժանումները իրավաբանական անձի կարգավիճակ չունեն:

2. Ծառայության ղեկավարը, նրա տեղակալները, կենտրոնական աշխատակազմի եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները մտնում են Ծառայության խորհրդի կազմի մեջ:

3. Խորհրդի խնդիրներն  են`

ա) ի կատարումն սույն օրենքով նախատեսված լիազորությունների` հաստատել Ծառայության  գործունեության ծրագիրը.

բ) հաստատել Ծառայության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը եւ դրա կանոնադրությունը.

գ) ընդունել որոշում Ծառայության տարածքային ստորաբաժանումների ստեղծման մասին, սահմանել գործունեության տարածքը, կառուցվածքը եւ հաստատել դրանց  կանոնադրությունը.

դ) ստեղծել եւ պահպանել արդյունավետ երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններ` օտարերկրյա պետությունների նմանատիպ գործունեությամբ զբաղվող գերատեսչությունների հետ.

 ե) քննարկել Ծառայության ղեկավարի իրավասության տակ գտնվող ցանկացած հարց, եթե դրա քննարկումը Ծառայության խորհրդում առաջարկվել է Ծառայության   ղեկավարի կամ Ծառայության  խորհրդի անդամի կողմից:

4. Ծառայության  խորհրդի նիստերը հրավիրվում են Ծառայության  ղեկավարի կամ Ծառայության  խորհրդի անդամների պահանջով:

Հոդված  5. Ծառայության   ղեկավարը

1. Ծառայության  գործունեությունը համակարգում է Ծառայության  ղեկավարը, որն այդ պաշտոնում 5 տարի ժամկետով` Ազգային ժողովի խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա նշանակվում եւ ազատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից: Ծառայության ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահը նշանակում եւ ազատում է Ծառայության  ղեկավարի տեղակալներին:

2. Ծառայության  ղեկավարի պաշտոնի թեկնածու կարող է առաջադրվել այն անձը, որը համապատասխանում է հետեւյալ պարտադիր պահանջներին`

ա) հանդիսանում է  միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի.

բ) տիրապետում է հայերեն լեզվին եւ առնվազն մեկ օտար լեզվի.

գ) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն եւ համապատասխան պաշտոնում աշխատելու համար աշխատանքային փորձ.

դ) չունի դատվածություն:

3. Ծառայության  ղեկավարը`

ա) կազմակերպում եւ ղեկավարում է Ծառայության աշխատանքները եւ պատասխանատվություն է կրում դրա գործունեության համար.

բ)  հրավիրում եւ նախագահում է Ծառայության  նիստերը.

գ) հանդիսանում է Ծառայության  ֆինանսական միջոցների համակարգողը.

դ) ֆինանսավորման համաձայն հաստատում է Ծառայության կենտրոնական աշխատակազմի եւ տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների հաստիքացուցակը եւ համապատասխան իրավական ակտերի համաձայն կարգավորում է նրանց պարգեւատրումը.

ե) սահմանում է Ծառայության  կենտրոնական աշխատակազմի պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների, ինչպես նաեւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավունքները եւ պարտականությունները.

զ) ուսումնասիրում է Ծառայության  պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների գործողությունների դեմ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բողոքները.

է) պարգեւատրում եւ կարգապահական պատասխանատվության է ենթասրկում Ծառայության   պաշտոնատար անձանց եւ աշխատակիցներին.

ը) իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների համապատասխան ծառայությունների հետ կնքում է համագործակցության պայմանագրեր.

թ) հաստատում է Ծառայության  գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերը.

ժ) իրականացնում է վարչարարական, տեխնիկական եւ կազմակերպչական անհրաժեշտ միջոցառումներ, տեղեկատվության գաղտնիության ապահովման, չթույլատրվող տեղեկատվության հասանելիության, դրա փոփոխության, տարածման կամ ոչնչացման կանխարգելման ուղղությամբ.

ժա) սահմանում է Ծառայության ստացվող տեղեկատվության գրանցման, ուսումնասիրության, պահպանման եւ ոչնչացման կարգը.

ժբ) առանց հատուկ լիազորության ներկայացնում է Ծառայության կենտրոնական աշխատակազմի պաշտոնատար անձանց եւ աշխատակիցներին, ինչպես նաեւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տալիս է ուղիղ հանձնարարություններ.

ժգ) ոչ շուտ քան ամիսը 6 անգամ սահմանված կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հաշվետվություն է ներկայացնում Ծառայության  գործունեության մասին.

ժդ) մշակում եւ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից Ծառայության  անհրաժեշտ ծախսերի նախագիծը.

ժե) որոշում է նյութերի նախապատրաստման, ընթացք տալու եւ որոշումների ընդունման հարցերը:

4. Ծառայության ղեկավարի բացակայության դեպքում նրա պարտականությունները ստանձնում է Ծառայության ղեկավարի տեղակալը:

Հոդված 6. Ծառայության պաշտոնատար անձինք, նրանց պաշտոնի նշանակումը եւ  ազատումը

1. Ծառայության  գործառույթների իրականացման ապահովման եւ դրա համար պատասխանատվություն կրող են հանդիսանում Ծառայության    պաշտոնատար անձինք` Ծառայության ղեկավարը, նրա տեղակալը, կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները  եւ հետաքննություն իրականացնող անձինք:

2. Ծառայության պաշտոնատար անձանց աշխատանքային իրավահարաբերությունները  կարգավորվում են աշխատանքային հարաբերությունները կարգավորող` Հայաստանի Հանրապեության աշխատանքային օրենսգրքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Ծառայության պաշտոնատար անձ չի կարող լինել այն անձը`

ա) ով դատական կարգով ճանաչվել է ահգործունակ կամ սահմանափակ անգործունակ.

բ) ով դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

դ) ով դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար եւ դատվատությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ.

ե) ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

զ) ով օրենքով սահմանված կարգով զրկվել է պետական կան ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին ծանոթանալու իրավունքից:

4. Ծառայության կենտրոնական աշխատակազմի եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին պաշտոնի նշանակում եւ  ազատում է  Ծառայության   ղեկավարը:

5. Ծառայության կենտրոնական աշխատակազմի եւ տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակում եւ  ազատում է  Ծառայության ղեկավարը` համապատասխան ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:

6. Պաշտոնատար անձինք պաշտոնից ազատվում են հետեւյալ դեպքերում, եթե`

ա) նա դիմում է այդ մասին.

բ) անձն ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում.

գ) անձն ընդունակ չէ կատարել իր պարտականություններն առողջական վիճակից ելնելով.

դ) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

ե) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ ազատությունից զրկող դատարանի մեղադրական դատավճիռը, կամ նա օրենքով սահմանված կարգով ճանաչվել է պաշտոնական հանցագործություն կատարած անձ.

զ) պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ կամ անփույթ կատարման համար.

է) պաշտոնի անհապատասխանելիության.

ը)  կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ընդունել է այլ պետության քաղաքացիություն.

թ) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը` 65 տարին.

7.  Պաշտոնատար  անձի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

8. Սույն օրենքում ամրագրված դեպքերում Ծառայության ղեկավարի ազատման նպատակով Հայաստանի Հանրապետության վարաչապետը սահմանված կարգով ստեղծում է խորհուրդ, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

9. Եթե Ծառայության պաշտոնատար անձի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, ապա Ծառայության ղեկավարը գլխավոր դատախազի միջնորդությամբ տվյալ պաշտոնատար անձին հեռացնում է իր պաշտոնական պարտականությունների կատարումից` դադարեցնելով նրա վարձատրությունը:

10. Եթե պարտականություններից հեռացված պաշտոնատար անձին դատարանը ճանաչում է մեղավոր, ապա պաշտոնատար անձը համարվում է աշխատանքից հեռացված:

Հոդված  7. Ծառայության  աշխատակիցները, նրանց աշխատանքի ընդունումը եւ ազատումը

1. Ծառայության աշխատակիցների աշխատանքային իրավահարաբերությունները  կարգավորվում են աշխատանքային հարաբերությունները կարգավորող` Հայաստանի Հանրապեության աշխատանքային օրենսգրքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Ծառայության  աշխատակից չի կարող հանդիսանալ օրենքով սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ կրող անձանց թույլատրված պահանջներին չհամապատասխանող անձը:

3. Ծառայության կենտրոնական աշխատակազմի եւ տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներին աշխատանքի  նշանակում եւ  ազատում է  Ծառայության ղեկավարը` համապատասխան ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:

ԳԼՈՒԽ 3

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 8. Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի Ծառայության   գործառույթները

1. Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի Ծառայության   գործառույթներն  են`

ա) կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության եւ պետական ծրագրի մշակումը, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.

բ) ռազմավարության եւ պետական ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով այլ մարմինների` այդ թվում իրավապահ մարմինների հետ համագործակցության համակարգումը.

գ) «Հայաuտանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների  հայտարարագրման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի պահնջների կատարման վերահսկումը.

դ) իր իրավասությունների սահմաններում` կոռուպցիոն իրավախախտումներին առընչվող դիմումների եւ բողոքների ընդունումը եւ ընթացք  տալը, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Հայաuտանի Հանրապետության վարչապետի եւ Գլխավոր դատախազի նախաձեռնությամբ ստուգումներ իրականացնելը.

ե) պետական պաշտոնատար անձանց կողմից տրված հայտարարագրերի, դրանց ներկայացման ժամանակ արձանագրված խախտումների եւ օրենքով սահմանված սահմանափակումներին չհետեւելու մասին իրականացված ստուգումների վերաբերյալ տեղեկատվության ընդհանրացումն ու վերլուծումը.

զ) պետական  եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ ոչ պետական մարմիններում կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի փորձի վերլուծումը եւ դրա հիման վրա արձանագրված բացթողումները, ծնող պատճառներն  ու պայմանները վերացնելու նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

զ) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ ոչ պետական մարմիններում կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, ինչպես նաեւ ազգային հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում որոշակի նախագծերի եւ  մեթոդիկաի մշակումը.

զ) այլ պետություններում կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի փորձի ընդհանրացնումն ու վերլուծումը.

է) իրավական ակտերի կամ դրանց նախագծերի վերլուծությունը, հակասություններն ու անհամապատասխանությունը բացահայտելը, որոնք կարող են օգտագործվել շահադիտական նպատակներով եւ դրանց վերաբերյալ համապատասխան առաջարկություն ներկայացնելը.

ը) հանրային կարծիքի ուսումնասիրությունը եւ վերլուծությունը.

թ) կոռուպցիայի` հասարակական հնչեղություն ունեցող դեպքերի, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ոլորտում իրականացվող միջոցառումների մասին զանգվածային լրատվության միջոցներով հանրությանը հրապարակայնորեն ներկայացնելը.

ժ) այլ մարմինների կողմից կատարված ստուգումներն ու ուսումնասիրությունները  իր իրավասության սահմաննորում գնահատելը.

 ժա) ներկայացված հայտարարագրերը «Հայաuտանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների  հայտարարագրման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքին համապատասխանության նպատակով ստուգելը.

ժբ) կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի ոլորտում իրավախախտների նկատմամբ հետաքննություն  իրականացնելը եւ օրենքով սահմանված դեպքերում պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության  ենթարկելը.

2. Օրենքով ամրագրված օպերատիվ գործունեություն իրականացնող այլ սուբյեկտները պարտավոր են Ծառայության պահանջով ապահովել հատուկ մեթոդով  օպերաըիվ գործողության անհրաժեշտ միջոցառման անցկացումը:

Հոդված 9. Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի Ծառայության   գործառույթները կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության ժամանակ

Կուսակցությունների եւ դրանց միավորումների ֆինանսավորման գործընթացը վերահսկելիս Ծառայության գործառույթներն են`

ա) «Կուսակցությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի կատարման վերահսկումը.

բ) կուսակցությունների  ֆինանսական գործունեության, հայտարարագրերի, դրանց ներկայացման կարգի խախտումների մասին տեղեկատվության ընդհանրացնումն ու վերլուծումը.

ա) կուսակցությունների կողմից օրենքի խախտման արտահայտիչ դեպքերի մասին, ինչպես նաեւ այդ ոլորտում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին հանրությանը տեղեկացնելը:

Հոդված 10. Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի Ծառայության  պաշտոնատար անձանց եւ աշխատակազմի աշխատակիցների իրավունքները

Ծառայության   պաշտոնատար անձն իր իրավասության սահմաններում իրավունք ունի`

ա) օրենքով սահմանված կարգով կատարել հետաքննություն.

բ) իրականացնել օրենքով սահմանված օպերատիվ գործողության կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում հանցավոր գործողությունների բացահայտման եւ կանխարգելման նպատակով.

գ) բացահայտված իրավախախտումների վերաբերյալ կազմել վարչական արձանագրություններ, օրենքով սահմանված կարգով քննել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր.

դ)  պետական  եւ տեղական ինքնակառավարման մարիմինների, հիմնարկների, կազմակերպությունների  պաշտոնատար եւ այլ անձանցից պահանջել եւ անվճար ստանալ տեղեկատվություն, փաստաթղթեր եւ այլ նյութեր` անկախ դրանց գաղտնիության աստիճանից.

ե) ձեռք բերել, ստանալ, գրանցել, մշակել, տարածել, վերլուծել եւ պահել Ծառայության լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվություն, որի օգտագործման կարգը որոշում է Ծառայության   ղեկավարը.

զ) իրավախախտման նշանների հայտնաբերման դեպքում իրավախախտին հայտարարել նախազգուշացում օրենքի խախտման անթույլատրելիության մասին.

է) ծառայողական վկայագիրը նորկայացնելու դեպքում անարգել այցելել պետական  եւ տեղական ինքնակառավարման մարիմիններ, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող կամ նրանց կողմից օգտագործվող արտադրական տարածքներ,պահեստներ, առեւտրային եւ ոչ բնակելի տարածքներ.

ը) Հայաստան Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահել, կրել եւ օգտագործել ծառայողական զենք, ինչպես նաեւ հատուկ միջոցները.

թ) անհրաժեշտության դեպքում Ծառայություն հրավիրել քննվող նյութի հետ կապված ցանկացած անձի.

ժ) Գլխավոր դատախազի հանձնարարությամբ քննվող նյութը քննությունը շարունակելու նպատակով հանձնել նախաքննություն իրականացնող մարմնին կամ մեկ այլ մարմնից Ծառայության իրավասության շրջանակներում հետաքննություն իրականացնելու նպատակով ստանալ նյութեր:

Հոդված 11. Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի Ծառայության   պաշտոնատար անձանց եւ աշխատակազմի աշխատակիցների պարտականությունները

1. Ծառայության պաշտոնատար անձինք եւ աշխատակազմի աշխատակիցները Ծառայության իրավասությունների իրականացման նպատակով հանրության եւ պետության շահերից ելնելով պարտավոր են`

ա) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները.

բ) պաշտոնավարման ընթացքում եւ պաշտոնաթողությունից հետո` հինգ տարվա ընթացքում պահպանել պաշտոնեական պարտականությունները կատարելու ժամանակահատվածում իրեն հայտնի դարձած` օրենքով պահպանվող պետական, ծառայողական եւ առեւտրային գաղտնիքները.

 գ) բարեխղճորեն եւ անձնական պատասխանատվությամբ կատարել պաշտոնեական  եւ աշխատանքային պարտականությունները:

2. Սույն օրենքի 8 եւ 9 հոդվածներով սահմանված գործառույթների իրականացման նպատակով Ծառայությունը համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

3. Ծառայությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու դեպքերում ունեն նաեւ այլ պարտականություններ:

Հոդված 12. Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի Ծառայության ֆինանսավորումը

Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի Ծառայությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 13. Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի Ծառայության   պաշտոնատար անձանց եւ աշխատակազմի աշխատակիցների վարձատրությունը

Ծառայության պաշտոնատար անձանց եւ աշխատակազմի աշխատակիցների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային եւ մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերի միջինի եռապատիկը:

Հոդված 14. Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի Ծառայության   պաշտոնատար անձանց եւ աշխատակազմի աշխատակիցների անկախությունը

1. Ծառայության պաշտոնատար անձինք եւ աշխատակազմի աշխատակիցները իրենց պաշտոնեական գործառույթները իրականացնելիս հանդես են գալիս պետության անունից,գտնվում են պետության պաշտպանության ներքո,անկախ են պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից եւ ենթարկվում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքին:

2. Ծառայության պաշտոնատար անձանց եւ աշխատակազմի աշխատակիցների նկատմամբ որեւէ ներգործություն անթույլատրելի է եւ հետապնդվում է օրենքով։

Հոդված 15. Կոռուպցիայի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի Ծառայության   պաշտոնատար անձանց եւ աշխատակազմի աշխատակիցների պատասխանատվությունը

1. Ծառայության պաշտոնատար անձինք եւ աշխատակազմի աշխատակիցները  Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն են կրում իրենց անօրինաչափ գործողության կամ անգործության համար:

2. Ծառայության պաշտոնատար անձանց եւ աշխատակազմի աշխատակիցների գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության եւ (կամ) դատական կարգով:

Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթների եւ պետական մարմինների ջանքերի համակարգման օրենսդրական կարգավորման հրամայականով, ինչպես նաեւ պետական ծառայության ոլորտում կոռուպցիայի կանխման, հայտնաբերման, դրա հետեւանքների վերացման, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների, սոցիալական արդարության պաշտպանության, տնտեսության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծման, օրինականության ապահովման եւ կոռուպցիոն իրավախախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերի բացակայությամբ: