Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-777-29.12.2002-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

1. Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ ապահովագրական, ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց միջեւ առաջացող ապահովագրական հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության սկզբունքները:

2. Սույն օրենքի հիմնական խնդիրն ապահովագրողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց եւ շահառուների շահերի պաշտպանության ապահովումն, ապահովագրական համակարգի զարգացման, հուսալիության եւ բնականոն գործունեության ապահովումն ու ապահովագրողների գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմանների ստեղծումն է:

ՀՈԴՎԱԾ 2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 3. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈԻԹՅՈԻՆԸ

Ապահովագրությունը գործունեություն է, ըստ որի ապահովագրողները ստանձնում են պարտավորություն՝ հատուցել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարների հետեւանքով ապահովագրվողների (ապահովադիրների) կամ պայմանագրով նախատեսված այլ անձանց կրած փաստացի վնասը կամ կորուստները:

ՀՈԴՎԱԾ 4. ԿԱՄԱՎՈՐ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Կամավոր ապահովագրության յուրաքանչյուր տեսակի իրականացման ստանդարտ կանոնները մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան եւ հաստատվում են ապահովագրողի կամ ապահովագրողների միության կողմից: Ապահովագրության կանոնները հանդիսանում են ապահովագրության պայմանագրի եւ ապահովագրական վկայագրի անքակտելի մասը եւ պետք է կցված լինեն դրան: Եթե ապահովագրության պայմանագիր կնքելիս եւ ապահովագրական վկայագիր տրամադրելիս, ապահովագրողն ու ապահովագրվողը (ապահովադիրը) պայմանավորվում են ապահովագրության ստանդարտ կանոնների առանձին դրույթներ կամ դրանցում պարունակվող առանձին պայմաններ փոփոխելու կամ լրացնելու կամ վերացնելու վերաբերյալ, ապա այս դեպքում պայմանագիր կնքելիս կամ վկայագիր տրամադրելիս պարտադիր է տվյալ ապահովագրության պայմանների հանձնումն ապահովագրվողին, ինչը հավաստվում է պայմանագրի կամ վկայագրի մեջ կատարվող գրառմամբ: Ապահովագրողի կողմից սահմանված ապահովագրության յուրաքանչյուր տեսակի կանոնները պետք է ընդգրկեն՝

ա) ապահովագրության օբյեկտը,

բ) ապահովագրական պատահարների սահմանումը,

գ) ապահովագրության ժամկետները,

դ) ապահովագրավճարի (պարգեւի) վճարման կարգը եւ ժամկետները,

ե) կողմերի փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները,

զ) ապահովագրական հատուցումների հնարավոր մերժման դեպքերը,

է) վեճերի լուծման կարգը եւ պայմանների հստակությունը՝ ըստ ապահովագրության պայմանագրերի:

Մինչեւ ապահովագրության առանձին տեսակների իրականացումը ապահովագրողը պարտավոր է հաստատել, որից հետո 10-օրյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել տվյալ ապահովագրության տեսակի իրականացման ստանդարտ կանոնները, դրանցում կատարված փոփոխությունները, ինչպես նաեւ տվյալ ապահովագրության տեսակի գծով ապահովագրվողներին (ապահովադիրներին) տրվող ապահովագրական վկայագրերի (պոլիսների) ձեւերը:

2. Պարտադիր ապահովագրության տեսակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով: Պարտադիր ապահովագրության առանձնահատկությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, պարտադիր ապահովագրության առանձին տեսակների մասին օրենքներով եւ այլ օրենսդրական ակտերով:

ՀՈԴՎԱԾ 5. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

1. Ապահովագրության օբյեկտ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այն գույքային շահերը, որոնք կապված են`

ա) ապահովագրված անձի կյանքի, լրակեցության (անձի որոշակի տարիքի հասնելու), կենսաթոշակային ապահովագրության, ինչպես նաեւ նրա կյանքում ապահովագրության պայմանագրով նախատեսված որոշակի իրադարձության (կենսաթոշակային տարիքի հասնելը, ամուսնությունը, մահը եւ այլն) երեւան գալու հետ, երբ ապահովագրական պատահարին բնորոշ է պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ի հայտ գալու որոշակի հավանականությունն ու պատահականությունը, իսկ ապահովագրության պայմանագրի ժամկետի ավարտի դեպքում` ապահովագրական պատահարի պարտադիր տեղի ունենալը, այն է` պայմանագրի գործողության ժամկետի ավարտը (կյանքի ապահովագրության ենթատեսակներ) .

բ) ապահովագրվողի (ապահովադրի), ապահովագրված անձի կամ շահառուի կյանքին, առողջությանը, աշխատունակությանը, գույքին, դրա տիրապետման, օգտագործման եւ տնօրինման, ապահովագրվողի (ապահովադրի) կամ այլ անձի կողմից երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառած վնասի հատուցման հետ, երբ ապահովագրական պատահարին բնորոշ է ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ի հայտ գալու որոշակի հավանականությունն ու պատահականությունը (ոչ կյանքի ապահովագրության ենթատեսակներ ):

2. Սույն հոդվածով սահմանված կյանքի ապահովագրության ենթատեսակները , ինչպես նաեւ ոչ կյանքի ապահովագրության այն ենթատեսակները , որոնք կապված են պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարի հետեւանքով ֆիզիկական անձանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաեւ նրանց կյանքում պայմանագրով նախատեսված որոշակի իրադարձության երեւան գալու դեպքերում պայմանագրով պայմանավորված ապահովագրական գումարի վճարման հետ, հանդիսանում են անձնական ապահովագրության ենթատեսակներ :

3. Սույն հոդվածով սահմանված ոչ կյանքի ապահովագրության այն ենթատեսակները , որոնք կապված են պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարի հետեւանքով ապահովագրված անձի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում բժշկական ծախսերը կամ գույքային շահերի հետ կապված այլ վնասները` պայմանագրով որոշված ապահովագրական գումարի սահմաններում հատուցելու հետ, կամ կապված են ապահովագրված գույքին պատճառված կամ ապահովագրվողի (շահառուի) այլ գույքային շահերի հետ կապված վնասները, այն է` որոշակի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի ռիսկի, ձեռնարկատիրական ռիսկի, այլ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու հետեւանքով ծագած պարտավորություններով պատասխանատվության, ինչպես նաեւ պայմանագրերով քաղաքացիական պատասխանատվության ռիսկի հետ կապված վնասները` ապահովագրության պայմանագրով որոշված ապահովագրական գումարի սահմաններում հատուցելու հետ (ապահովագրական հատուցման հետ), հանդիսանում են գույքային ապահովագրության ենթատեսակներ:

4. Սույն հոդվածով սահմանված կյանքի ապահովագրության տեսակները կուտակային ապահովագրության բնույթ ունեն:

5. Սույն հոդվածով սահմանված ոչ կյանքի ապահովագրության տեսակները չեն կարող ունենալ կուտակային ապահովագրության բնույթ :

6. Կյանքի ապահովագրության պայմանագրով՝ մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է, մյուս կողմի (ապահովագրվողի)՝ ապահովագրության պայմանագրով պայմանավորված՝ միանվագ կամ պարբերաբար վճարվող ապահովագրավճարի դիմաց, միանվագ կամ պարբերաբար վճարել պայմանագրով պայմանավորված գումարը (ապահովագրական գումարը) կամ երաշխավորված եկամուտը՝ ապահովագրվողի կամ պայմանագրում նշված այլ քաղաքացու (ապահովագրված անձի) մահվան, որոշակի տարիքի հասնելու, նրա կյանքում ապահովագրության պայմանագրով նախատեսված որոշակի իրադարձության (կենսաթոշակային տարիքի հասնելը, ամուսնությունը եւ այլն) երեւան գալու դեպքերում կամ ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետի լրանալու դեպքում՝ կապված այն հանգամանքից, թե նշված ապահովագրական պատահարներից որն է ավելի շուտ տեղի ունենում:

ՀՈԴՎԱԾ 6. ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂՆԵՐԸ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԸ)

Ապահովագրվողներ (ապահովադիրներ) են համարվում ապահովագրողների հետ ապահովագրության պայմանագիր կնքած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Ապահովագրվողներն (ապահովադիրներն) իրավունք ունեն ապահովագրողների հետ ապահովագրական պայմանագրեր կնքել հօգուտ երրորդ անձանց (ապահովագրված անձանց, շահառուների), ինչպես նաեւ պայմանագրում նշել ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանց, որոնք ապահովագրական պատահարի ժամանակ նույնպես ձեռք են բերում հատուցում ստանալու իրավունք (շահառուներ):

Ապահովագրված անձինք են հանդիսանում բոլոր այն ֆիզիկական անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետ կապված ապահովագրական պատահարի ի հայտ գալը, ինչպես նաեւ նրանց կյանքում պայմանագրով նախատեսված որոշակի իրադարձության երեւան գալը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:

ՀՈԴՎԱԾ 7. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԸ

1. Ապահովագրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված եւ լիցենզավորված իրավաբանական անձանց կողմից (այսուհետեւ՝ ապահովագրողներ կամ ապահովագրական ընկերություններ ), որոնք Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հիմնադրվում են որպես բաժնետիրական ընկերություններ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ:

Ապահովագրական բառը կամ դրա ածանցյալներն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն ապահովագրական կամ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրողները Հայաստանի Հանրապետությունում եւ նրա տարածքից դուրս կարող են ստեղծել մասնաճյուղեր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ապահովագրողները, ինչպես նաեւ նրանց մասնաճյուղերը չեն կարող իրականացնել արտադրական, առեւտրամիջնորդային եւ բանկային գործունեություն:

3. Ապահովագրողները, սույն մասով օրենքի ուժի մեջ մտնելու հետո, չեն կարող հանդիսանալ արտադրական եւ առեւտրամիջնորդային գործունեություն իրականացնող կազմակերպության հիմնադիր: Ապահովագրողները կարող են հանդիսանալ արտադրական եւ առեւտրամիջնորդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասնակից՝ իրենց կանոնադրական կապիտալի գումարի 10%-ը չգերազանցող չափով, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով ավելի ցածր սահման նախատեսված չէ:

Լիազորված պետական կառավարման մարմինը, սույն մասով նշված՝ ապահովագրողների կողմից արտադրական եւ առեւտրամիջնորդային գործունեություն իրականացնող կազմակերպություններում մասնակից հանդիսանալու սահմափակման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար, հիմք է ընդունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ապահովագրաողների կողմից իրեն ներկայացվող հաշվետվություններում պարունակվող համապատասխան տվյալները:

ՀՈԴՎԱԾ 8. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ապահովագրողները կարող են իրականացնել ֆինանսական գործունեության հետ կապված ցանկացած գործառնություններ, բացառությամբ բանկային, արտադրական եւ առեւտրամիջնորդային գործունեության, եւ կնքել քաղաքացիա-իրավական ցանկացած գործարքներ, եթե դրանք անհրաժեշտ են եւ նպաստում են ապահովագրական գործունեության իրականացմանը եւ չեն վտանգում ապահովագրվողների (ապահովադիրների) եւ ապահովագրված անձանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, բացառությամբ այն ակտիվային գործառնությունների, որոնց համար աղբյուր են հանդիսանում ապահովագրական պահուստները: Ապահովագրական պահուստների հաշվին իրականացվող ակտիվային գործառնությունները սահմանվում են ապահովագրողների գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

ՀՈԴՎԱԾ 9. ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ

1. Ապահովագրավճար է համարվում ապահովագրության համար նախատեսվող այն գումարը, որն ապահովադիրն ապահովագրության պայմանագրի կամ պարտադիր ապահովագրության դեպքում օրենքի համաձայն պարտավոր է մուծել ապահովագրողին:

2. Ապահովագրական սակագինը սահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի դրույքաչափն է:

Պարտադիր ապահովագրության տեսակների համար ապահովագրական սակագների չափերը սահմանվում են պարտադիր ապահովագրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Կամավոր ապահովագրության տեսակների համար ապահովագրական սակագները հաշվարկում են ապահովագրողները: Ապահովագրական սակագնի չափը կողմերի համաձայնությամբ որոշվում է ապահովագրության պայմանագրով:

3. Ապահովագրողները կյանքի ապահովագրության գծով ապահովագրական սակագները հաշվարկում են ակտուարային մեթոդի հիման վրա՝ օգտագործելով մահացության աղյուսակը եւ ապահովագրական պահուստների ներդրման եկամտաբերության նորմաները:

4. Կյանքի ապահովագրության գծով ապահովագրավճարների համար հարկային եւ այլ պարտադիր վճարների մասին օրենքներով սահմանվում են հարկային եւ այլ պարտադիր վճարումների գծով արտոնություններ, մասնավորապես՝ ֆիզիկական անձանց եկամտահարկի, սոցիալական ապահովագրության վճարների եւ այլ պարտադիր վճարումների հաշվարկման ժամանակ կյանքի ապահովագրության գծով վճարվելիք ապահովագրավճարի չափով համախառն եկամտի նվազեցման մասով:

ՀՈԴՎԱԾ 10. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԻՍԿԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐԸ

1. Ապահովագրական ռիսկ է համարվում այն պատահարի (դեպքի) տեղի ունենալու հավանականությունը, որի հետ կապված իրականացվում է ապահովագրությունը:

2. Ապահովագրական պատահարը պատահական դեպք է (բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական պատահար է համարվում կուտակային (կյանքի) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ավարտը), որի վրա հասնելու հետեւանքով սկիզբ է առնում օրենսդրությամբ (պարտադիր ապահովագրության դեպքում) կամ ապահովագրության պայմանագրով (կամավոր ապահովագրության դեպքում) նախատեսված ապահովագրական հատուցում (ապահովագրական գումար) վճարելու ապահովագրողի պարտավորությունը:

ՀՈԴՎԱԾ 11. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

1. Անձնական ապահովագրության պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար սահմանվում է ապահովագրական գումար, որը տվյալ պատահարի առաջացման դեպքում ապահովագրողը պայմանագրով պարտավորվում է վճարել ապահովագրվողին կամ ապահովագրված անձին (շահառուին): Անձնական ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարը որոշվում է ապահովագրողի եւ ապահովագրվողի (ապահովադրի) հայեցողությամբ:

2. Գույքային ապահովագրության դեպքում ապահովագրական գումարը պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցման ենթակա առավելագույն չափն է: Գույքի ապահովագրության պայմանագրով սահմանվող ապահովագրական գումարը չի կարող գերազանցել պայմանագրի կնքման պահին տվյալ գույքի իրական (շուկայական) արժեքը՝ ապահովագրական արժեքը:

3. Եթե անձնական ապահովագրության պայմանագրով նախատեսված են մեկից ավելի ապահովագրական պատահարներ (բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական պատահար է հանդիսանում կյանքի ապահովագրության (կուտակային ապահովագրության) պայմանագրի ժամկետի լրանալը), ապա տվյալ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում այդ պատահարներից որեւիցե մեկի տեղի ունենալու դեպքում, եթե դրա հետեւանքով չի վերանում պայմանագրով նախատեսված այլ պատահարի կամ պատահարների տեղի ունենալու հնարավորությունը, պայմանագիրը շարունակում է գործել մինչեւ դրանով նախատեսված ժամկետի լրանալը` այդ պատահարների մասով: Այս պարագայում տվյալ ապահովագրական պատահարների համար պայմանագրով սահմանված ապահովագրական գումարները չեն պակասեցվում վճարված ապահովագրական գումարի չափով, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում ապահովագրողի կողմից վճարման ենթակա պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը չի կարող նվազեցվել այն ապահովագրավճարների չափով, որոնք ապահովագրվողը (ապահովադիրը) պարտավոր կլիներ վճարել, եթե պայմանագիրը շարունակեր գործել մինչեւ դրանով նախատեսված ժամկետի լրանալը:

5. Կյանքի ապահովագրության (կուտակային ապահովագրության) պայմանագրի ժամկետի լրանալու դեպքում, եթե տվյալ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահար տեղի չի ունեցել, ապահովագրողի կողմից վճարման ենթակա ապահովագրական գումարը չի կարող պակաս լինել ապահովագրվողի (ապահովադրի) կողմից ապահովագրության պայմանագրի համաձայն վճարված ապահովագրավճարների հանրագումարից:

Եթե կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում տեղի է ունեցել պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահար, որից հետո պայմանագիրը շարունակել է գործել մինչեւ դրանով նախատեսված ժամկետի լրանալը` պայմանագրով նախատեսված այլ պատահարների մասով, ապա պայմանագրի ժամկետի լրանալու դեպքում ապահովագրողի կողմից վճարման ենթակա ապահովագրական գումարի չափը որոշելիս ապահովագրվողի (ապահովադրի) կողմից ապահովագրության պայմանագրի համաձայն վճարված ապահովագրավճարների հանրագումարը կարող է նվազեցվել այն ապահովագրավճարների չափով, որոնք վճարվել են տեղի ունեցած ապահովագրական պատահարի ռիսկից ապահովագրության համար:

ՀՈԴՎԱԾ 12. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

1. Ապահովագրական հատուցումն այն գումարն է, որն ապահովագրողը գույքային ապահովագրության պայմանագրով պարտավորվում է վճարել ապահովադրին (շահառուին) պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարի հետեւանքով առաջացած փաստացի վնասների կամ կորուստների դիմաց: Գույքային ապահովագրության պայմանագրով կողմերի համաձայնությամբ կարող է նախատեսվել ապահովագրական հատուցման վճարման բնաիրային ձեւ:

Վճարման ենթակա ապահովագրական հատուցման գումարը չի կարող գերազանցել գույքային ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի չափը: Ապահովագրական հատուցման գումարը համապատասխանում է ապահովագրական գումարին միայն ապահովագրության օբյեկտի ամբողջական կորուստի դեպքում:

2. Ապահովագրական հատուցման վճարումից հետո գույքային ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը պակասեցվում է վճարված հատուցման չափով, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Ապահովագրողներն իրավունք ունեն, ապահովագրվողի (ապահովադրի) համաձայնությամբ եւ նրա կողմից լրացուցիչ ապահովագրավճար մուծելու դեպքում վերականգնել ապահովագրական գումարի նախնական չափը:

ՀՈԴՎԱԾ 13. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԸ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ) ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

1. Ապահովագրողներն ապահովագրական գործունեություն կարող են իրականացնել ապահովագրական գործակալների եւ բրոքերների (միջնորդների) միջոցով:

2. Ապահովագրական գործակալներն ապահովագրողների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք են, որոնք հանդես են գալիս ապահովագրողի անունից եւ նրա հանձնարարությամբ:

Ապահովագրողի կառավարման մարմինը կամ գործադիր տնօրենը պարտավոր է հաստատել գործակալների գործունեության կանոնակարգը, որի օրինակելի ձեւը եւ դրանում ներառվող պայմանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգը պետք է ներառի գործակալների լիազորությունները, նրանց վերապահված գործառնությունները, գործունեության շրջանակները, գործակալներին ապահովագրական վկայագրերի (պոլիսների) հանձնման, չվաճառված վկայագրերի (պոլիսների) վերադարձման եւ նրանց կողմից հավաքագրված ապահովագրավճարների` ապահովագրողի մոտ մուտքագրման կարգը եւ ժամկետները: Ապահովագրողի կառավարման մարմինը կամ գործադիր տնօրենը գործակալների գործունեության կանոնակարգը հաստատելիս պարտավոր է այդ կանոնակարգով սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգում նախատեսված բոլոր դրույթները: Ապահովագրողի կառավարման մարմինը կամ գործադիր տնօրենը գործակալների գործունեության կանոնակարգը հաստատելիս այդ կանոնակարգով կարող է սահմանել նաեւ գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգում չնախատեսված դրույթներ՝ որոնք չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգին: Գործակալների գործունեության կանոնակարգը պետք է ներկայացվի լիազորված պետական կառավարման մարմնին այն հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում: Առանց գործակալների գործունեության կանոնակարգի հաստատման ապահովագրական գործակալների միջոցով ապահովագրական գործունեություն իրականացնելու, լիազորված պետական կառավարման մարմնին սույն հոդվածով սահմանված ժամկետում հաստատված կանոնակարգը չներկայացնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգով սահմանված դրույթները այդ կանոնակարգում չպարունակվելու կամ դրանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ պարունակվելու դեպքում տվյալ ապահովագրողի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

3. Ապահովագրական բրոքերները (միջնորդները) ապահովագրության ոլորտում միջնորդային գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված եւ լիցենզավորված առեւտրային կազմակերպություններ են, որոնք գործում են ապահովագրվողի (ապահովադրի) հանձնարարությամբ եւ նրա անունից: Ապահովագրական բրոքերները (միջնորդները) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հիմնադրվում են որպես բաժնետիրական ընկերություններ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ:

4. Ապահովագրական բրոքերները (միջնորդները) ապահովագրվողների (ապահովադիրների) ապահովագրական ռիսկերը պարտավոր են տեղաբաշխել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված եւ լիցենզավորված ապահովագրական կազմակերպություններում:

Ապահովագրական բրոքերները (միջնորդները) ապահովագրողների ապահովագրական ռիսկերը իրավունք ունեն վերաապահովագրել նաեւ օտարերկրյա ապահովագրական կազմակերպություններում:

5. Օտարերկրյա ապահովագրական կազմակերպությունների անունից եւ նրանց հանձնարարությամբ ապահովագրության պայմանագրերի կնքման հետ կապված միջնորդային գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում չի թույլատրվում, եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

6. Ապահովագրողների հանձնարարությամբ եւ նրանց անունից ապահովագրվողների (ապահովադիրների) հետ ապահովագրության պայմանագրերի կնքման եւ ապահովագրական վկայագրերի (պոլիսների) վաճառքի հետ կապված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից միջնորդային գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է:

ՀՈԴՎԱԾ 14. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների (միջնորդների) կողմից ապահովագրական գործառնությունների եւ այլ ֆինանսական գործարքների միջոցով փողերի լվացումն ու ապօրինի գործունեության կամ գործառնության ֆինանսավորումը:

2. Լիազորված պետական կառավարման մարմինն իրավասու է ապահովագրողներից պահանջել հատուկ տեղեկություններ եւ փաստաթղթեր՝ նրանց կողմից վճարված այն ապահովագրական հատուցումների եւ ապահովագրական գումարների վերաբերյալ, որոնք գերազանցում են ապահովագրողների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափի տաս տոկոսը, բայց ոչ պակաս քան հինգ միլիոն դրամը:

ՀՈԴՎԱԾ 15 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ) ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՆԵՐՔԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

1. Ապահովագրողի եւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) կառավարման մարմինների կազմավորման եւ գործունեության կարգը, իրավասությունների շրջանակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան եւ ընկերության կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:

2. Ապահովագրողի ներքին կազմակերպական կառուցվածքում պարտադիր են վարչության նախագահի կամ գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի կամ հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի, ակտուարի կամ ակտուարային ստորաբաժանման ղեկավարի հաստիքները:

Ապահովագրական բրոքերի (միջնորդի) ներքին կազմակերպական կառուցվածքում պարտադիր են վարչության նախագահի կամ գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի կամ հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի հաստիքները:

3. Ապահովագրողի, ինչպես նաեւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված` ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը ներկայացվում է լիազորված պետական կառավարման մարմնին: Ներքին կազմակերպական կառուցվածքում փոփոխություններ կատարելու դեպքում, նշված փոփոխությունները ապահովագրողի, ինչպես նաեւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից ենթակա են ներկայացման լիազորված պետական կառավարման մարմնին դրանք կատարելու օրվանից 10 օրվա ընթացքում:

4. Ապահովագրողի, ինչպես նաեւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) գործադիր տնօրենը (վարչության նախագահը), գլխավոր հաշվապահը, իսկ ապահովագրողի դեպքում նաեւ ակտուարը (ակտուարային ստորաբաժանման ղեկավարը) պարտավոր են գտնվել ընկերության գտնվելու վայրում:

Ապահովագրողը, ինչպես նաեւ ապահովագրական բրոքերը (միջնորդը) իրենց գտնվելու վայրի փոփոխության դեպքում պարտավոր են 10 օրվա ընթացքում լիազորված պետական կառավարման մարմնին հայտնել իրենց գտնվելու վայրի նոր հասցեն:

5. Ապահովագրողը, ինչպես նաեւ ապահովագրական բրոքերը (միջնորդը) պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նշանակման մասին ընկերության բաժնետերերի ժողովի կամ մասնակիցների ժողովի որոշման պատճեն, գլխավոր հաշվապահի, իսկ ապահովագրողի դեպքում նաեւ ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի) նշանակման մասին ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) հրամանների պատճեները:

Ապահովագրողը, ինչպես նաեւ ապահովագրական բրոքերը (միջնորդը) պարտավոր են նաեւ լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գլխավոր հաշվապահի, իսկ ապահովագրողի դեպքում նաեւ ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի) ստորագրությունների նմուշները:

Սույն կետում նշված պաշտոնատար անձանց փոփոխության դեպքում, ապահովագրողը, ինչպես նաեւ ապահովագրական բրոքերը (միջնորդը) պարտավոր են 10 օրվա ընթացքում լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել նոր պաշտոնատար անձանց նշանակելու մասին համապատասխան որոշումների եւ/կամ հրամանների պատճեները, ինչպես նաեւ նրանց ստորագրությունների նմուշները:

6. Սույն հոդվածով սահմանված ժամկետներում` համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքի փոփոխությունները չներկայացնելու, գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գլխավոր հաշվապահի, իսկ ապահովագրողի դեպքում նաեւ ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի) հաստիքներ չունենալու, սույն հոդվածով սահմանված ժամկետներում իրենց գտնվելու վայրի փոփոխության մասին լիազորված պետական կառավարման մարմնին չհայտնելու, գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նշանակման մասին ընկերության բաժնետերերի ժողովի կամ մասնակիցների ժողովի որոշման պատճեն, գլխավոր հաշվապահի, իսկ ապահովագրողի դեպքում նաեւ ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի) նշանակման մասին ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) հրամանների պատճեները, ինչպես նաեւ նշված պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշները լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելու համար ապահովագրողի, ինչպես նաեւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) նկատմամբ կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պատասխանատվության միջոցները:

7. Ապահովագրողի, ինչպես նաեւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) գործադիր տնօրենի (վարչության նախագահի) իրավասություններն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ընկերության կանոնադրությամբ:

Ապահովագրողի, ինչպես նաեւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ակտուարը ֆինանսների բնագավառում պատահական դեպքերի տեղի ունենալու հավանականությունը եւ դրանց հետ կապված ռիսկերը գնահատող, որոշակի որակավորում ունեցող մասնագետ է, որը ապագա անորոշություններ պարունակող ֆինանսական խնդիրներ լուծելու համար կիրառում է, մասնավորապես, հավանականությունների տեսության, վիճակագրության եւ ռիսկերի տեսության մեթոդներ:

Ակտուարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, պետք է լինի մասնագիտությամբ մաթեմատիկոս կամ ակտուար, կամ անցած լինի համապատասխան մասնագիտական կամ որակավորման դասընթացներ, կամ ունենա ակտուար աշխատելու առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ: Ակտուարները պետք է ունենան ակտուարի համապատասխան մասնագիտական որակավորում: Ակտուարների մասնագիտական համապատասխանության չափանիշները եւ որակավորման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Ակտուարը (ակտուարային ստորաբաժանման ղեկավարը) ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) հետ մեկտեղ պատասխանատու է.

ա) ապահովագրողի կողմից ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագնի հիմնավորման համար,

բ) լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացվող ապահովագրական պահուստների այլընտրանքային հաշվարկի հիմնավորման համար,

գ) ապահովագրողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւավորվող ապահովագրական պահուստների մեծության հաշվարկի ճշտության եւ լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացվող` ապահովագրական պահուստների վերաբերյալ հաշվետվության արժանահավատության համար:

Սույն կետի ա), բ) եւ գ) ենթակետերում նշված փաստաթղթերը լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացվում են ընկերության գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գլխավոր հաշվապահի եւ ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի) ստորագրությամբ:

Ապահովագրական սակագների, ապահովագրական պահուստների այլընտրանքային հաշվարկների հիմնավորման, ապահովագրական պահուստների վերաբերյալ հաշվետվության ձեւերի կազմման ժամանակ ապահովագրողի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գլխավոր հաշվապահի եւ ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի) միջեւ տարաձայնությունների դեպքում ակտուարը (ակտուարային ստորաբաժանման ղեկավարը) կատարման է ընդունում փաստաթղթերը ապահովագրողի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ), եւ դրանց իրականացման հետեւանքների պատասխանատվությունը կրում է ապահովագրողի գործադիր տնօրենը (վարչության նախագահը):

8. Սույն հոդվածի 7-րդ կետի ա), բ) եւ գ) ենթակետերում նշված փաստաթղթերը լիազորված պետական կառավարման մարմինը կարող է չընդունել կամ հետ վերադարձնել ապահովագրողին, եթե դրանց վրա բացակայում են պահանջվող պաշտոնատար անձանց ստորագրությունները, կամ եթե այդ փաստաթղթերի վրա դրված ստորագրությունները տարբերվում են ապահովագրողի կողմից ներկայացված համապատասխան պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշներից: Նույն սկզբունքով լիազորված պետական կառավարման մարմինը կարող է չընդունել կամ հետ վերադարձնել ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից ներկայացված` սահմանված ձեւերի հաշվետվությունները եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթերը: Այս դեպքում նշված փաստաթղթերը համարվում են չներկայացված, իսկ տվյալ ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) նկատմամբ կարող են կիրառվել համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պատասխանատվության միջոցները:

Ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) պաշտոնատար անձի կողմից լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացվող փաստաթղթերը ստորագրելու անհնարինության դեպքում (աշխատանքից ազատվելու, ինչպես նաեւ հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու կամ այլ հարգելի պատճառներով), տվյալ ապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը (միջնորդը) պարտավոր են պատշաճ կերպով տեղեկացնել այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնին, ինչպես նաեւ վերջինիս ներկայացնել համապատասխան փոխարինող պաշտոնատար անձի նշանակման կամ համապատասխան պարտականությունները նրա վրա դնելու մասին` ընկերության իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման (հրամանի) պատճեն եւ նրա ստորագրության նմուշը:

Ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) պաշտոնատար անձի կողմից 2 ամսվա ընթացքում լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացվող փաստաթղթերը ստորագրելու անհնարինության դեպքում, տվյալ ապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը (միջնորդը) պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել համապատասխան փոխարինող պաշտոնատար անձի` տվյալ մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված որակավորման վկայականի պատճեն: Սույն մասով սահմանված ժամկետում պահանջվող փաստաթուղթը լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելու դեպքում, տվյալ ապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը (միջնորդը) պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել համապատասխան փոխարինող այլ պաշտոնատար անձի կամ նոր պաշտոնատար անձի նշանակման կամ համապատասխան պարտականությունները նրա վրա դնելու մասին` ընկերության իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման (հրամանի) պատճեն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված որակավորման վկայականի պատճեն եւ նրա ստորագրության նմուշը: Նշված փաստաթղթերը լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելու դեպքում, տվյալ ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) նկատմամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից կարող են իրականացվել սույն կետի 1-ին մասով նախատեսված գործողությունները, ինչպես նաեւ կիրառվել ՀՀ օրենքներով նախատեսված պատասխանատվության միջոցները:

ՀՈԴՎԱԾ 16. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ) ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ապահովագրողի եւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) ղեկավարներն են հանդիսանում ընկերության խորհրդի նախագահը եւ անդամները, գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, վարչության անդամները, գլխավոր հաշվապահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը (հսկիչը) եւ անդամները, ինչպես նաեւ ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

2. Ապահովագրողի եւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) ղեկավար չեն կարող լինել՝

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող ֆիզիկական անձինք, եթե դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

բ) դատավճռով ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) սնանկ ճանաչված ֆիզիկական անձինք.

դ) այն ֆիզիկական անձինք, որոնց ապօրինի գործողությունները նախկինում հանգեցրել են ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) սնանկացմանը, լիցիզենզիայի գործողության դադարեցմանը, կամ այլ իրավաբանական անձանց սնանկացմանը.

ե) օրենքով սահմանված դեպքում այլ անձիք:

3. Ապահովագրողի եւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) կանոնադրական կապիտալում 10%-ից ավելի բաժնեմասով (բաժնետոմսերով) հիմնադիր կամ մասնակից չեն կարող լինել՝

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող ֆիզիկական անձինք, եթե դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

բ) սնանկ ճանաչված իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, եւ լուծարման գործընթացում գտնվող իրավաբանական անձինք.

գ) այն ֆիզիկական անձինք, որոնց ապօրինի գործողությունները նախկինում հանգեցրել են ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) սնանկացմանը, լիցիզենզիայի գործողության դադարեցմանը, կամ այլ իրավաբանական անձանց սնանկացմանը.

դ) օրենքով սահմանված դեպքում այլ անձիք:

4. Ապահովագրողի եւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) գործադիր տնօրենը (վարչության նախագահը), գլխավոր հաշվապահը, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաեւ ակտուարները պետք է ունենան ապահովագրության ոլորտի համապատասխան մասնագետի որակավորում: Մասնագիտական համապատասխանության չափանիշները եւ որակավորման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

5. Ապահովագրողի եւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գլխավոր հաշվապահի, տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, ակտուարների որակավորման եւ մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով իրականացվում են որակավորման ստուգումներ:

6. Որակավորման կարգը որակավորում ստանալու համար հայտ ներկայացրած, ինչպես նաեւ այդպիսի որակավորում ունեցող անձանց /այսուհետեւ՝ հայտատուների/ գիտելիքների ստուգման ընթացակարգն է:

7. Հայտատուների որակավորման ընթացակարգի կազմակերպումը եւ անցկացումը իրականացնում է ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեությունը կարգավորող եւ վերահսկողություն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը:

8. Որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք ունեն օրենսդրությամբ սահմանված կարգով տրված դիպլոմ կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթուղթ, կամ անցել են համապատասխան մասնագիտական որակավորման դասընթացներ, կամ ունեն ոչ պակաս, քան մեկ տարի տվյալ պաշտոնում կամ ապահովագրության բնագավառում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժ:

9. Որակավորում ստանալու համար չեն կարող դիմել դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող ֆիզիկական անձանց, եթե դատվածությունը օրենսդրությամբ սահմանված կարգով հանված կամ մարված չէ, ինչպես նաեւ դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձանց:

10. Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում որակավորման հանձնաժողովի կողմից տվյալ անձին տրվում է ապահովագրության ոլորտի համապատասխան մասնագետի որակավորման վկայական: Որակավորման վկայականները տրվում են երեք տարի ժամկետով:

11. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման հանձնաժողովի կողմից որակավորված անձին տրված որակավորման վկայականը լիազորված պետական կառավարման մարմնի հայցով դատարանի կողմից կարող է չեղյալ համարվել, եթե պարզվի, որ տվյալ անձը որակավորում ստանալու համար որակավորման հանձնաժողովին հայտ ներկայացնելիս չի հայտնել սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված անձանց խմբին իր պատկանելիության մասին կամ եթե որակավորման հանձնաժողովին է ներկայացրել կեղծ փաստաթղթեր:

12. Լիազորված պետական կառավարման մարմինը իրավասու է որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման հանձնաժողովի կողմից որակավորված անձանց զրկել որակավորումից 3-6 ամիս ժամկետով, եթե նրանց կողմից պարբերաբար թույլ է տրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտում` իրենց վերապահված լիազորությունների եւ/կամ իրենց վերապահված գործառույթների իրականացման մասով: Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պարբերաբար խախտում է համարվում այն խախտումը, որի կատարման համար ապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը (միջնորդը), կամ նրանց համապատասխան պաշտոնատար անձը մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ գրավոր նախազգուշացվել է, եւ որի չկատարումը ապահովագրվողին (ապահովադրին) կամ այլ անձանց կարող էր պատճառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափը գերազանցող վնաս:

13. Սույն հոդվածի 11-րդ եւ 12-րդ կետերի համաձայն որակավորման վկայականի` դատարանի կողմից չեղյալ համարվելու կամ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից որակավորումից զրկվելու դեպքում տվյալ անձինք զրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեություն իրականացնող ընկերություններում համապատասխան պաշտոն զբաղեցնելու կամ վերջիններիս իրենց ծառայությունները մատուցելու իրավունքից (որակավորումից զրկվելու դեպքում` զրկման ժամանակահատվածի ընթացքում) եւ պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոնից համապատասխան որոշումը (վճիռը) կայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

Նշված որոշումը (վճիռը) կայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում ապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը (միջնորդը) պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել զբաղեցրած պաշտոնից համապատասխան պաշտոնատար անձի ազատման եւ նոր պաշտոնատար անձի (եթե դա ընկերության գործադիր տնօրենն է (վարչության նախագահն է), գլխավոր հաշվապահն է, իսկ ապահովագրողի դեպքում նաեւ եթե դա ակտուարն է (ակտուարային ստորաբաժանման ղեկավարն է)) նշանակման կամ համապատասխան պարտականությունները նրա վրա դնելու մասին` ընկերության իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման (հրամանի) պատճեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված որակավորման վկայականի պատճեն եւ նրա ստորագրության նմուշը: Նշված փաստաթղթերը լիազորված պետական կառավարման մարմնին սահմանված ժամկետներում չներկայացնելու դեպքում, տվյալ ապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) նկատմամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից կարող են իրականացվել սույն օրենքով նախատեսված գործողությունները, ինչպես նաեւ կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պատասխանատվության միջոցները:

ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՄԱՏԵՂ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապահովագրության օբյեկտը կարող է ապահովագրվել մի քանի ապահովագրողների կողմից համատեղ՝ մեկ ապահովագրության պայմանագրով (համատեղ ապահովագրություն): Այդ դեպքում ապահովագրության պայմանագիրը պետք է ընդգրկի յուրաքանչյուր ապահովագրողի իրավունքները եւ պարտականությունները որոշող պայմանները:

ՀՈԴՎԱԾ 18. ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Վերաապահովագրությունը մեկ ապահովագրողի (ցեդենտի) կողմից պայմանագրով որոշված պայմաններով ապահովադրի նկատմամբ ունեցած իր բոլոր կամ մի շարք պարտավորությունների կատարման ռիսկի ապահովագրումն է մեկ այլ ապահովագրողի մոտ (վերաապահովագրող):

2. Վերաապահովագրողի հետ պայմանագիր կնքած ապահովագրողը ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների ամբողջ ծավալով մնում է պատասխանատու ապահովադրի նկատմամբ:

ԳԼՈՒԽ II

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀՈԴՎԱԾ 19. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Ապահովագրության պայմանագիրը գրավոր համաձայնագիր է ապահովագրողի եւ ապահովադրի միջեւ, ըստ որի ապահովագրողը պարտավորվում է ապահովագրական պատահարի առաջացման ժամանակ կատարել ապահովագրական հատուցում կամ վճարել ապահովագրական գումար ապահովադրին կամ այն անձին, որի օգտին կնքվել է պայմանագիրը, իսկ ապահովադիրը պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետում վճարել ապահովագրավճարները, ինչպես նաեւ կարգավորում է ապահովագրության արդյունքում կողմերի միջեւ առաջացող այլ հարաբերությունները:

ՀՈԴՎԱԾ 20. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Ապահովագրության պայմանագրի կնքման իրողությունը հավաստող փաստաթուղթը ապահովագրողի կողմից ապահովադրի հետ կնքվող գրավոր պայմանագիրը կամ նրան տրվող ապահովագրական վկայագիրն է (ապահովագրական պոլիս, ապահովագրական սերտիֆիկատ):

2. Ապահովագրության պայմանագիրը կամ ապահովագրության վկայագիրը պետք է բովանդակի՝

ա) փաստաթղթի անվանումը,

բ) ապահովագրողի անվանումը,գտնվելու վայրը(հասցեն) բանկային եւ այլ ռեկվիզիտներ, լիցենզիայի եւ պետական գրանցման համարները,

գ) ապահովադրի, եթե իրավաբանական անձ է, անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), բանկային եւ այլ ռեկվիզիտները, իսկ ֆիզիկական անձանց՝ ազգանունը, անունը, անձնագրի տվյալները եւ բնակության վայրը (հասցեն),

դ) ապահովագրության օբյեկտի անվանումը եւ գտնվելու վայրը (հասցեն), եթե այդպիսիք կան,

ե) ապահովագրական գումարի չափը,

զ) հավանական ապահովագրական ռիսկի անվանումը,

է) ապահովագրավճարի չափը, մուծման ժամկետները եւ կարգը,

ը) ապահովադրի կողմից ապահովագրական պատահարի առաջացման մասին տեղեկություններն ապահովագրողին հայտնելու ժամկետը,

թ) պայմանագրի գործողության ժամկետը, իսկ անժամկետ պայմանագրի կնքման դեպքում՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը,

ժ) ապահովագրվողի անձնական մասնակցության չափը վնասի հատուցմանը, եթե այդպիսին կա (ֆրանշիզա),

ժա) կողմերի համաձայնությամբ այլ պայմաններ,

ժբ) պայմանագրի փոփոխման կարգը,

ժգ) ապահովագրողի եւ ապահովադրի ստորագրությունները,

ժդ) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքերը եւ կարգը,

ժե) օրենքով, իսկ անձնական ապահովագրության պայմանագրի դեպքում նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ պահանջներ:

3. Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովադրի կողմից առաջին ապահովագրավճարը մուծելու պահից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Ապահովագրողը պարտավոր է ապահովադրի հետ կնքած յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի համար ապահովադրին տրամադրել ապահովագրական վկայագիր (պոլիս):

ՀՈԴՎԱԾ 21. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ապահովագրողը պարտավոր է՝

ա) ապահովադրին ծանոթացնել ապահովագրության պայմաններին, ցույց տալ պետական գրանցումը եւ ապահովագրական գործունեությամբ զբաղվելու թույլտվությունը (լիցենզիան) հավաստող փաստաթղթերը.

բ) ապահովադրի պահանջով եւ սույն օրենքով սահմանված կարգով փոփոխություններ կատարել ապահովագրության պայմանագրում, եթե նրա գործողության ընթացքում տեղի է ունեցել ապահովագրված գույքի արժեքի կամ ապահովագրական ռիսկի փոփոխություն.

գ) ապահովագրության պայմանագրով նախատեսված կարգով եւ ժամկետներում ապահովագրական հատուցում վճարել ապահովադրին.

դ) ապահովագրական գումարի սահմաններում հատուցել ապահովադրի այն ծախսերը, որոնք կատարվել են ապահովագրական պատահարի ընթացքում վնասների կանխման եւ (կամ) նվազեցման նպատակով, եթե այդ ծախսերի հատուցումը նախատեսված է ապահովագրության պայմանագրով.

ե) չհրապարակել ապահովադրի առեւտրային կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ.

զ) ապահովագրողն ունի օրենքով կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

2. Ապահովագրողն իրավունք ունի՝

ա) ապահովագրական ռիսկի գնահատման նպատակով ուսումնասիրել ապահովագրության օբյեկտը, գույքի ապահովագրության պայմանագիր կնքելիս զննել ապահովագրվողի գույքը, անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն՝ դրա իրական արժեքը պարզելու նպատակով, իսկ անձնական ապահովագրության պայմանագիր կնքելիս՝ կատարել ապահովագրվող անձի բժշկական քննություն՝ նրա փաստացի առողջական վիճակը պարզելու համար.

բ) ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ստուգել ապահովագրված նյութական արժեքների պահպանման վիճակը եւ թերությունների հայտնաբերման դեպքում պահանջել դրանց վերացումը՝ սահմանելով հիմնավոր ժամկետներ.

գ) պայմանագրով նախատեսված դեպքերում՝ միակողմանի վաղաժամկետ լուծել ապահովագրության պայմանագիրը, եթե ապահովադրի կողմից չեն կատարվել օրենքով կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտականությունները.

դ) ապահովադիրների հետ իր հարաբերություններն իրականացնել ապահովագրական բրոքերների եւ գործակալների միջոցով.

ե) վերաապահովագրել ապահովագրական ռիսկերը ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

զ) ապահովագրողն ունի օրենքով կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

ՀՈԴՎԱԾ 22. ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ապահովադիրը պարտավոր է՝

ա) ապահովագրության պայմանագրում նշված ժամկետներում մուծել ապահովագրավճարները .

բ) ապահովագրության պայմանագրի կնքման ժամանակ ապահովագրողին հայտնել ապահովագրական ռիսկի գնահատման համար էական նշանակություն ունեցող՝ իրեն հայտնի բոլոր տեղեկությունները.

գ) ապահովագրական պատահարների առաջացման դեպքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասների կանխման կամ նվազեցման համար եւ ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետներում ապահովագրողին հայտնել ապահովագրական պատահարի առաջացման մասին.

դ) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ապահովագրության օբյեկտին առնչվող համապատասխան անվտանգության նորմերը եւ կանոնները.

ե) ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովագրողին հնարավորություն տալ զննել եւ ուսումնասիրել պատահարի հետեւանքով վնասված գույքը, փորձաքննություն կատարել վնասի առաջացման պատճառների եւ հետեւանքների բացահայտման ուղղությամբ.

զ) ապահովադիրն ունի օրենքով կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված այլ պարտականություններ:

2. Ապահովադիրն իրավունք ունի՝

ա) ապահովագրողից պահանջել ներկայացնել իր պետական գրանցումը եւ գործունեության թուլտվությունը (լիցենզիան) հավաստող փաստաթղթերը.

բ) ծանոթանալ ապահովագրության պայմաններին.

գ) ապահովագրողի հետ իր հարաբերություններն իրականացնել ապահովագրական բրոքերների եւ գործակալների միջոցով.

դ) անձական ապահովագրության պայմանագրում նշել այն անձին, որին ինքը լիազորում է ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների կատարման եւ ապահովագրական գումար ստանալու իրավունքը (ապահովագրության պայմանագիրը ստորագրում է նաեւ այդ անձը).

ե) ապահովագրության պայմանագիր կնքել երրորդ անձի օգտին (ապահովագրված անձ կամ շահառու).

զ) միակողմանի վաղաժամկետ լուծել ապահովագրության պայմանագիրը.

է) ապահովագրողի հետ՝ ապահովագրության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման կամ իրավունքների իրականացման շուրջ վեճերի առաջացման դեպքում՝ լսումների կարգով հարցը քննարկելու միջոցով դրա լուծման նպատակով դիմել լիազորված պետական կառավարման մարմնին.

ը) ապահովադիրն ունի օրենքով կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

ՀՈԴՎԱԾ 23. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1. Գույքային ապահովագրության պայմանագիր կնքած ապահովադրի մահվան դեպքում նրա իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են այդ գույքը ժառանգած անձին: Գույքի սեփականատիրոջ փոփոխության այլ դեպքերում ապահովադրի իրավունքներն ու պարտականությունները, ապահովագրողի համաձայնությամբ, փոխանցվում են նոր սեփականատիրոջը, եթե օրենքով կամ ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Ապահովագրության պայմանագիր կնքած ապահովադրի մահվան դեպքում երրորդ անձի օգտին պայմանագրով որոշված իրավունքներն ու պարտականությունները փոխանցվում են նրան:

3. Եթե կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրվողը (ապահովադիրը) կամ ապահովագրված անձը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ, ապա նրա իրավունքները եւ պարտականություններն իրականացնում է վերջինիս խնամակալը կամ հոգաբարձուն: Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում դատարանի կողմից ապահովագրվողին (ապահովադրին) անգործունակ ճանաչելու դեպքում՝ ապահովագրվողի (ապահովադրի) իրավունքներն ու պարտականություններն, ապահովագրողի համաձայնությամբ, իրականացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն, եթե օրենքով կամ ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովադիր հանդիսացող կազմակերպության վերակազմակերպման դեպքում նրա իրավունքներն ու պարտականություններն ապահովագրողի համաձայնությամբ փոխանցվում են նրա իրավահաջորդին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 24. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ) ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

1. Ապահովագրական հատուցումն (ապահովագրական գումարի վճարումը) իրականացվում է ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրին եւ օրենսդրության համապատասխան՝ հիմք ընդունելով ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) հայտարարությունը, վթարային հավաստագիրը, գույքային ապահովագրության դեպքում՝ նաեւ վնասների պատճառները եւ չափը հավաստող՝ համապատասխան լիազորված մարմինների կողմից հաստատված փաստաթղթերը: Եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենդրությամբ, գույքային ապահովագրություն դեպքում , որպես ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցում վճարելու համար հիմք հանդիսացող՝ վնասների պատճառներն եւ չափը հավաստող փաստաթուղթ կարող է դիտարկվել համապատասխան անկախ փորձագետի (դիսպաշերի կամ սյուրվեյերի) եզրակացությունը:

Վթարային հավաստագիրը կազմում է ապահովագրողը կամ նրա կողմից լիազորված անձը: Վթարային հավաստագիրը՝ դա ապահովագրական պատահարի փաստի եւ այդ պատահարի հետեւանքով ապահովագրության օբյեկտին պատճառված վնասների չափի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ է: Ապահովագրողն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում ապահովագրական պատահարի հետ կապված լրացուցիչ տվյալներ հավաքագրել իրավապահ մարմիններից, բանկերից, առողջապահական հիմնարկներից, նախարարություններից, պետական կառավարման մարմիններից եւ այն անձանցից, որոնք տնօրինում են ապահովագրական պատահարի առաջացման հանգամանքների մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ իրավունք ունի ինքնուրույն պարզել ապահովագրական պատահարի առաջացման պատճառները եւ հանգամանքները:

Ապահովագրողը, ապահովագրական հատուցում (ապահովագրական գումար) վճարելու (մերժելու) որոշումը ընդունելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ապահովադրին (ապահովագրված անձին, շահառուին) տալիս է գրավոր է եզրակացություն՝ ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարը) վճարելու կամ այն մերժելու վերաբերյալ:

Ապահովագրական հատուցումը տրվում է (ապահովագրական գումարը վճարում է)՝ ապահովագրական հատուցումը (ապահովագրական գումարը) վճարելու վերաբերյալ ապահովագրողի կողմից տրված եզրակացության օրվանից 30 օրյա ժամկետում, եթե ապահովագրության պայմանագրով կամ ապահովագրության վկայագրով այլ բան նախատեսված չէ:

2. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, այլ պետական կառավարման մարմինները, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են դիմելուց 30 օրվա ընթացքում ապահովագրողին հայտնել ապահովագրական պատահարի հետ կապված, այդ թվում՝ առեւտրային գաղտնիք համարվող տեղեկությունները, բացառությամբ բանկերի՝ որոնք բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ են տրամադրում «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Ապահովագրողը պատասխանատվություն է կրում ստացված՝ առեւտրային եւ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՈԴՎԱԾ 25. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

1. Ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարումը մերժելու հիմք կարող է հանդիսանալ՝

ա) ապահովադրի կամ երրորդ անձի կողմից, որի օգտին կնքվել է ապահովագրության պայմանագիրը, ապահովագրական պատահարի առաջացմանն ուղղված կանխամտածված անօրինական գործունեությունը.

բ) ապահովադրի կողմից ապահովագրողին ապահովագրության օբյեկտի վերաբերյալ դիտավորյալ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը.

գ) վնաս պատճառած անձի կողմից ապահովադրի գույքին հասցված վնասի հատուցման հանգամանքները.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքեր:

2. Ապահովագրության պայմանագրով կարող են նախատեսվել ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարումը մերժելու նաեւ այլ դեպքեր, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին:

3. Ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարման մերժման որոշումն ընդունվում է ապահովագրողի կողմից եւ ապահովադրին (ապահովագրված անձին կամ շահառուին) գրավոր տեղեկացվում է մերժման հիմնավորված պատճառների մասին:

4. Ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարման մերժման որոշման մասին ապահովագրողը պարտավոր է հայտնել ապահովադրին (ապահովագրված անձին կամ շահառուին) 30 օրվա ընթացքում այն պահից սկսած, երբ վերջինս դիմել է ապահովագրական հատուցում կամ ապահովագրական գումար ստանալու համար, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

5. Ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարման մերժման հետ կապված հարցերը, մինչեւ դատական կարգով դրանց բողոքարկումը, կողմերից մեկի ցանկության դեպքում կարող են քննարկվել լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ստեղծված՝ լսումների կարգով վեճերի քննարկման հանձնաժողովի կողմից:

6. Ապահովագրական հատուցման կամ ապահովագրական գումարի վճարումը կարող է հետաձգվել, եթե ապահովադրի (ապահովագրված անձին կամ շահառուին) նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ կապված ապահովագրական պատահարի առաջացման հետ, ինչպես նաեւ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

ՀՈԴՎԱԾ 26. ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ԱՆՑՆԵԼԸ

1. Ապահովագրական հատուցումը վճարած ապահովագրողին է անցնում վճարված գումարի շրջանակներում պահանջի իրավունքը, որն ապահովագրվողը (ապահովադիրը) կամ շահառուն ունի ապահովագրության արդյունքում հատուցված վնասի համար պատասխանատու անձի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ գույքային ապահովագրության պայմանագրով:

2. Ապահովագրական հատուցումը վճարած ապահովագրողին անցած՝ վճարված գումարի շրջանակներում պահանջի իրավունքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 27. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՈՒՄԸ

1. Ապահովագրության պայմանագիրը լուծվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված դեպքերում եւ կարգով:

2. Ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է՝

ա) ապահովագրողի կողմից ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) նկատմամբ ապահովագրության պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունների կատարման դեպքում.

բ) ապահովադրի, եթե այն իրավաբանական անձ է՝ լուծարման, իսկ եթե ֆիզիկական անձ է՝ մահվան դեպքում, բացի սույն օրենքի 23 հոդվածով նախատեսված փոփոխություններից.

գ) ապահովագրության պայմանագրից ապահովադրի (շահառուի) հրաժարվելու դեպքում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովագրողի լուծարման դեպքում՝ այդ մասին համապատասխան որոշման ընդունման օրվանից վաթսուներորդ օրը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

2. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել ապահովագրողի պահանջով՝ ապահովադրի կողմից օրենքով կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված իր պարտականությունները չկատարելու դեպքում, եթե դա նախատեսված է ապահովագրության պայմանագրով, ինչպես նաեւ կողմերի համաձայնությամբ:

3. Ապահովադրի (շահառուի) կողմից ապահովագրության պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում նրան վերադարձվում է պայմանագրի չլրացած ժամկետի համար մուծված ապահովագրավճարները՝ մասհանելով կատարված ծախսերը, եթե դա նախատեսված է ապահովագրության պայմանագրով: Այն դեպքերում, երբ ապահովադրի պահանջները պայմանավորված են ապահովագրողի կողմից ապահովագրության պայմանագրի պայմանների խախտմամբ, ապա վերջինս ապահովադրին է վերադարձնում վճարված ապահովագրավճարներն ամբողջությամբ, եթե դա նախատեսված է ապահովագրության պայմանագրով:

4. Ապահովագրության պայմանագրով նախատեսված դեպքերում, ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրի պայմանների խախտմամբ պայմանավորված՝ ապահովագրողի պահանջով պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ապահովադրին է վերադարձվում պայմանագրի չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարները՝ մասհանելով կատարված ծախսերը, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

5. Սույն օրենքով եւ ապահովագրության պայմանագրով նախատեսված դեպքերում պայմանագրի վաղաժամկետ լուծման մտադրության մասին կողմերը պարտավոր են միմյանց տեղեկացնել վաղաժամկետ լուծման նախատեսվող ժամկետից ոչ պակաս, քան երեսուն օր առաջ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

6. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովագրողի լուծարման դեպքում, այդ մասին համապատասխան որոշման ընդունման պահից երեսուն օրվա ընթացքում ընկերությունը պարտավոր է ապահովադիրներին (ապահովագրված անձանց, շահառուներին) պատշաճ կերպով տեղեկացնել իր լուծարման մասին, ինչպես նաեւ ապահովագրության պայմանագրերի վաղաժամկետ լուծման օրվա մասին: Սույն մասով սահմանված ապահովագրողի լուծարման դեպքում, վերջինս պարտավոր է վերադարձնել ապահովադիրների՝ պայմանագրի չլրացած ժամկետի համար մուծված ապահովագրավճարները, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

ՀՈԴՎԱԾ 28. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Ապահովագրության պայմանագիրն անվավեր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց պայմանագիր) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ պայմանագիր):

2. Ապահովագրության պայմանագիրն առոչինչ է, եթե՝

ա) այն կնքվել է ապահովագրական պատահարից հետո.

բ) ապահովագրության օբյեկտ է համարվում պայմանագրի կնքման պահին դատարանի որոշմամբ բռնագանձման ենթակա գույքը.

գ) պայմանագրով ապահովագրական պատահար է համարվել այնպիսի իրադարձություն, որը չունի կայացման հավանականություն եւ պատահականություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կուտակային ապահովագրության պայմանագրով ապահովագրական պատահար է համարվել տվյալ պայմանագրի ժամկետի ավարտը.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

ԳԼՈՒԽ III

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 29. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ

1. Ապահովագրողները պարտավոր են ապահովագրական պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով` ապահովագրավճարներից ձեւավորել ապահովագրական պահուստներ:

Ապահովագրողները կարող են ապահովագրության պայմաններով նախատեսված դեպքերում` ապահովագրության պայմանագրով ստանձնած ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման նպատակով ձեւավորել կանխարգելիչ միջոցառուների պահուստներ:

2. Ապահովագրողները պարտավոր են ապահովագրական պահուստները տեղաբաշխել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված ներդրումներում` առաջնորդվելով ապահովադիրների (ապահովագրված անձանց եւ շահառուների) շահերի պաշտպանության, ռիսկի դիվերսիֆիկացիայի եւ նվազեցման, ինչպես նաեւ կազմակերպության վճարունակության եւ իրացվելիության ապահովաման սկզբունքներով:

Կյանքի ապահովագրության պայմանագրերի կնքման դեպքում ապահովագրողները կարող են այդ պայմանագրերի գծով ձեւավորված ապահովագրական պահուստների հաշվին` կյանքի ապահովագրության պայմանագիր կնքած ապահովադիրներին (ապահովագրված անձանց) տրամադրել փոխառություններ, սակայն այդ փոխառության գումարը չի կարող գերազանցել տվյալ ապահովագրության պայմանագրի գծով փաստացի ձեւավորված ապահովագրական պահուստի մեծության չափը: Այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարը տեղի է ունենում մինչեւ փոխառության գումարը ապահովագրողին վերադարձնելը, վերջինիս կողմից հատուցման ենթակա գումարը նվազեցվում է փոխառության գծով վերադարձման ենթակա գումարի չափով:

3. Ապահովագրական պահուստների տեսակները, ինչպես նաեւ դրանց ձեւավորման եւ տեղաբաշխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ապահովագրական պահուստների ձեւավորման եւ տեղաբաշխման կարգով կարող են սահմանվել ապահովագրական պահուստների հիմնական տեսակները, դրանց հաշվարկման մեթոդները, ապահովագրական պահուստների հաշվարկման համար ապահովագրության տեսակների խմբերի դասակարգումը, ապահովագրական պահուստների ձեւավորման հիմնական սկզբունքները, ապահովագրողների կողմից գործավարման ծախսերին ուղղվող ապահովագրավճարների սահմանաչափերը, ապահովագրական պահուստների հաշվարկման ձեւերը եւ դրանց լրացման կարգը, ապահովագրական պահուստների տեղաբաշխման ուղղություններն ու սահմանաչափերը, ապահովագրական պահուստների տեղաբաշխման համար թույլատրելի եւ անթույլատրելի ակտիվները, դրույթներ` լրացուցիչ ապահովագրական պահուստների հաշվարկման մեթոդների սահմանման մասին: Ապահովագրական պահուստների ձեւավորման եւ տեղաբաշխման կարգով կարող են սահմանվել նաեւ այլ դրույթներ:

ՀՈԴՎԱԾ 30. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

1. Ապահովագրողների կանոնադրական կապիտալի նվազագույն չափը չպետք է պակաս լինի հիսուն միլիոն դրամից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է մեծացնել կանոնադրական կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ, կամ մի քանի տարիների ծրագրով:

2. Իրենց վճարունակությունն ու իրացվելիությունն ապահովելու համար ապահովագրողները պարտավոր են պահպանել ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները: Այդ նորմատիվների չափը եւ հաշվարկման կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 31. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովագրական ընկերությունների համար սահմանում է ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվներ.

ա) կանոնադրական կապիտալի նվազագույն չափը,

բ) ընդհանուր կապիտալի համարժեքության՝ ընդհանուր (սեփական) կապիտալի եւ ռիսկով կշռված ակտիվների գումարների նվազագույն հարաբերակցության նորմատիվ,

գ) իրացվելիության նորմատիվները՝

- բարձր իրացվելի ակտիվների եւ ապահովագրական պահուստների գումարների միջեւ սահմանային հարաբերակցությունը,

- ընթացիկ ակտիվների եւ ընթացիկ պարտավորությունների գումարների միջեւ սահմանային հարաբերակցությունը,

դ) մեկ ապահովադրի գծով առավելագույն ապահովագրական պարտավորության չափի նորմատիվ,

ե) երեք ապահովադիրների գծով առավելագույն ապահովագրական պարտավորության չափի նորմատիվ,

զ) ապահովագրական պարտավորությունների առավելագույն չափի նորմատիվը՝ ազատ կապիտալի եւ ապահովագրական պահուստների հանրագումարի հարաբերակցությունը բոլոր գործող ապահովագրական պայմանագրերով ապահովագրական գումարների հանրագումարի նկատմամբ՝ կախված պայմանագրերի թվից եւ հատուցումների աստիճանից (տեսակարար կշռից),

է) մեկ անձի եւ նրա հետ կապված անձանց նկատմամբ ապահովագրողի պահանջների առավելագույն չափը:

2. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը եւ հաշվարկման կարգը՝ կյանքի ապահովագրություն եւ ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողների համար սահմանվում են առանձին-առանձին: Վերը նշված միեւնույն խմբի ապահովագրողների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները պետք է նույնը լինեն:

Այն ապահովագրական ընկերությունների նկատմամբ, որոնք չեն պահպանել հիմնական տնտեսական նորմատիվները, լիազորված պետական կառավարման մարմինը կարող է կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմատիվները խստացնող պահանջներ` մեծացնելով կամ փոքրացնելով համապատասխանաբար նորմատիվի նվազագույն կամ առավելագույն չափը:

3. Պարտադիր ապահովագրության տեսակների ներդրման դեպքում օրենքով սահմանվում է պարտադիր ապահովագրության գծով հավաքագրվող ապահովագրավճարներից ապահովագրողի կողմից իրականացվելիք գործավարման ծախսերի առավելագույն սահմանի նորմատիվ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ պարտադիր ապահովագրության տեսակը իրականացնող ապահովագրողների համար կարող է սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների այլ չափեր:

4. Հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման նպատակով ապահովագրական ընկերությունները պարտավոր են.

ա) կնքված ապահովագրական պայմանագրերով ստանձնված պարտավորությունները միավորել եւ դիտարկել որպես մեկ միասնական ապահովագրական պարտավորություն այն դեպքում, երբ ապահովագրության օբյեկտները գտնվում են որոշակի սահմանափակ տարածքում, միեւնույն պայմաններում, կարող են ենթարկվել միեւնույն ռիսկային գործոնների ազդեցությանը, ապահովագրության պայմանագրով դրանց համար ամրագրվել են միեւնույն ապահովագրության պայմանները եւ ապահովադիր է հանդես գալիս միեւնույն անձը,

բ) կնքված ապահովագրական պայմանագրերով ստանձնված պարտավորությունները տրոհել եւ դիտարկել որպես առանձին ապահովագրական պարտավորություններ` ելնելով սույն կետի ա) ենթակետում նշված չափանիշներից,

գ) ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական պարտավորությունների ծավալը չնվազեցնել` վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վերաապահովագրողներին փոխանցված պարտավորությունների չափով, այն դեպքում, երբ վերաապահովագրության պայմանագիրը կնքված է տվյալ երկրի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ապահովագրական կամ վերաապահովագրական գործունեություն իրականացնելու համար չլիցենզավորված անձի հետ, կամ անվճարունակ կամ տվյալ երկրի օրենսդրության համաձայն սնանկ ճանաչված վերաապահովագրող ընկերության հետ, կամ այն դեպքում, երբ վերաապահովագրության պայմանագիրը կնքված է այնպիսի վերաապահովագրող ընկերության հետ, որի նկատմամբ տվյալ երկրի համապատասխան իրավասություններ ունեցող մարմինների կողմից` վերաապահովագրության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում կիրառվում է որեւէ պատասխանատվության միջոց` լիցենզիայի գործողության կասեցում, լիցենզիայի գործողության դադարեցում, բանկային հաշիվների նկատմամբ կալանքի կիրառում կամ վերաապահովագրողի գործունեությունը սահմանափակող այլ միջոցներ:

5. Հիմնական տնտեսական նորմատիվների չափերի պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գործադիր տնօրենը (վարչության նախագահը), բացառությամբ այն դեպքերի, երբ նորմատիվի սահմանային չափի խախտումը տեղի է ունեցել ընկերության այն կառավարման մարմնի որոշման հետեւանքով, որի կատարումը պարտադիր էր գործադիր տնօրենի (վարչության նախագահի) համար: Հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման կանոնակարգի պահանջների կատարման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարը):

Հիմնական տնտեսական նորմատիվի խախտման կամ այդպիսի խախտման հնարավորության ի հայտ գալու դեպքում գլխավոր հաշվապահը այդ մասին անհապաղ տեղյակ է պահում ընկերության գործադիր տնօրենին (վարչության նախագահին), որը պարտավոր է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել խախտումը վերացնելու կամ այն կանխելու ուղղությամբ: Ապահովագրողի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) եւ գլխավոր հաշվապահի միջեւ տարաձայնությունների դեպքում գլխավոր հաշվապահը կատարում է գործադիր տնօրենի (վարչության նախագահի) գրավոր կարգադրությունը (հանձնարարությունը), որի հետեւանքների պատասխանատվությունը կրում է ապահովագրողի գործադիր տնօրենը (վարչության նախագահը):

6. Յուրաքանչյուր տնտեսական նորմատիվը խախտելու դեպքում ապահովագրողը պարտավոր է լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել վերաապահովագրության եւ այլ միջոցառումների կիրառմամբ խախտումները վերացնելու ծրագիր: Ծրագրի իրականացման ժամկետները եւ կարգը համաձայնեցվում է լիազորված պետական կառավարման մարմնի հետ եւ դիտվում է որպես լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված հանձնարարական:

7. Ապահովագրողները պարտավոր են սույն հոդվածով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել հաշվետվություններ՝ որոնց ձեւերը, դրանց լրացման եւ ներկայացման կարգերը եւ ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 32. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐՎՈՂ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ) ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ապահովագրողները պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ տարեկան եւ միջանկյալ ֆինանսական եւ տեսչական հաշվետվություններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ հաշվետվություններ:

2. Ապահովագրական բրոքերները (միջնորդները) պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ տարեկան եւ միջանկյալ տեսչական հաշվետվություններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ հաշվետվություններ:

3. Ապահովագրողների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, դրա կիրառման մասին հրահանգը, ֆինանսական հաշվետվությունների եւ ֆինանսական կայունության վերահսկողության նպատակով ապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների (միջնորդների) կողմից ներկայացվող տեսչական հաշվետվությունների ձեւերը, դրանց լրացման մասին հրահանգը, ներկայացման կարգը եւ ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Ապահովագրողների կողմից կյանքի, ոչ կյանքի ապահովագրության եւ վերաապահովագրության գործառնությունները հաշվառվում են առանձին-առանձին:

ՀՈԴՎԱԾ 33. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Ապահովագրողները իրենց տարեկան հաշվապահական հաշվեկշիռները եւ ֆինանսական արդյունքների մասին տարեկան հաշվետվության ձեւերը, ինչպես նաեւ դրանց հաստատման վերաբերյալ անկախ եւ լիցենզավորված աուդիտորական ծառայությունների կողմից տրված եզրակացությունները պարտավոր են հրապարակել ոչ պակաս քան 1000 տպաքանակ ունեցող մամուլում՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը: Անկախ աուդիտորական ծառայությունների կողմից, սույն մասով նշված հաշվապահական փաստաթղթերի հաստատման վերաբերյալ տրված եզրակացությունը կազմում է այդ փաստաթղթերի անբաժանելի մասը եւ պետք է կցվի դրանց:

2. Ապահովագրողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր են հրապարակել նաեւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները:

ՀՈԴՎԱԾ 34. ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Ապահովագրողները պարտավոր են ապահովագրության պայմանագրով ստանձնած ապահովագրական պարտավորությունների վերաապահովագրության դեպքում մինչեւ յուրաքանչյուր ֆինանսական տարվա վերջը լիազորված պետական կառավարման մարմնին հայտնել տեղեկատվություն այն վերաապահովագրողների մասին, որոնց հետ տվյալ տարվա ընթացքում իրենց կողմից կնքվել են վերաապահովագրության պայմանագրեր: Նշված տեղեկատվությունը ներառում է՝

ա) օտարերկրյա վերաապահովագրողի համապատասխան գործունեության լիցենզիայի պատճեն՝ տրված տվյալ երկրի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից,

բ) վերաապահովագրողի վերջին ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը՝ հաստատված նրա համապատասխան իրավասու մարմնի կողմից, եւ այդ հաշվեկշռի վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը,

գ) ապահովագրողին հայտնի լինելու դեպքում՝ գրավոր տեղեկություններ՝ տվյալ երկրում համապատասխան իրավասություններ ունեցող մարմինների կողմից վերաապահովագրողի նկատմամբ որեւէ պատասխանատվության միջոցի՝ լիցենզիայի գործողության կասեցման, լիցենզիայի գործողության դադարեցման, բանկային հաշիվների նկատմամբ կալանքի կիրառման եւ վերաապահովագրողի գործունեությունը սահմանափակող իրենց հայտնի այլ միջոցների կիրառման մասին, կամ այդ տեղեկատվության բացակայության դեպքում համապատասխան հայտարարություն՝ այդ տեղեկատվության հայտնի չլինելու մասին:

Այն դեպքում, երբ ապահովագրողը ապահովագրության պայմանագրով ստանձնած ապահովագրական պարտավորությունները վերաապահովագրել է ապահովագրական բրոքերների միջոցով, ապա նա պարտավոր է տվյալ ապահովագրական բրոքերների վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմնին տրամադրել սույն մասով սահմանված տեղեկատվությունը՝ սույն մասով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրյա վերաապահովագրողների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող է ստանալ է տվյալ երկրների լիազորված պետական կառավարման մարմիններից, ինչպես նաեւ ապահովագրության ոլորտի հետ կապված միջազգային կազմակերպություններից՝ նրանց դիմելով հարցմամբ:

Այն դեպքերում, եթե սույն հոդվածով նախատեսված կարգով ստացված կամ այլ կերպ հավաքագրված տեղեկատվությունից պարզվում է, որ տվյալ վերաապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը անվճարունակ է կամ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, կամ եթե պարզվում է, որ տվյալ երկրի համապատասխան իրավասություններ ունեցող մարմինների կողմից նրա նկատմամբ կիրառվել է վերջինիս գործունեությունը սահմանափակող` սույն մասի գ) կետով նախատեսված որեւէ միջոցառում, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրողներին արգելվում է օգտվել տվյալ վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի ծառայություններից եւ վերաապահովագրության պայմանագրեր կնքել նրա հետ:

2. Հուսալի վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի ծառայություններից օգտվելու դեպքում ապահովագրողները ազատվում են սույն հոդվածի 1-ին մասի ա)-գ) կետերով սահմանված տեղեկությունները լիազորված պետական կառավարման մարմնին հայտնելու պարտավորությունից: Սույն օրենքի իմաստով վերաապահովագրողները կամ ապահովագրական բրոքերները համարվում են հուսալի, եթե միջազգային հեղենակավոր ռեյթինգային (վարկանշող) ծառայությունների կողմից նրանց տրված ռեյթինգային (վարկանշող) դասակարգման աստիճանը (գնահատականը) ցածր չէ ՀՀ կառավարության «Վերաապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների հուսալիության նվազագույն սահմանները հաստատելու մասին» որոշմամբ սահմանված դասակարգման նվազագույն աստիճանից (գնահատականից): Սույն մասով նշված ՀՀ կառավարության որոշմամբ՝ վերաապահովագրողների կամ ապահովագրական բրոքերների հուսալիության նվազագույն սահմանները հաստատելու նպատակով դասակարգման նվազագույն աստիճանները (գնահատականները) սահմանելիս՝ հիմք են ընդունվում միջազգային հեղենակավոր ռեյթինգային (վարկանշող) ծառայությունների դասակարգման կամ գնահատման սանդղակները:

3. Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ լիցենզավորված ապահովագրողները պարտավոր են իրենց կողմից վերաապահովագրության վերցրած ռիսկերի գծով գործարքների վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հաշվետվությունների ձեւերին, դրանց ներկայացման կարգին եւ ժամկետներին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 35 . ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

1. Ապահովագրական շուկայում չհիմնավորված ցածր ապահովագրական սակագների կիրառումը բացառելու եւ ապահովագրողների ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով ապահովագրողները պարտավոր են լիազորված պետական կառավարման մարմնին պարբերաբար ներկայացնել հաշվետվություն՝ իրենց կողմից ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագների մասին` համապատասխան հիմնավորումներով: Նշված հաշվետվության ձեւը, դրա ներկայացման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հիմնավորված է համարվում այն ապահովագրական սակագինը, որը հաշվարկված է ակտուարային մեթոդներին համապատասխան` հավաստի վիճակագրական տվյալների հիման վրա: Հավաստի են համարվում պաշտոնական վիճակագրական տվյալները, Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային եւ այլ անկախ կազմակերպությունների կողմից իրականացված վիճակագրական հետազոտությունների արդյունքում արձանագրված տվյալները կամ Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալ ապահովագրության տեսակի գծով ոչ պակաս քան 3 տարի ապահովագրական գործունեություն իրականացրած ապահովագրողների գործունեության արդյունքում արձանագրված վիճակագրական տվյալները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրներից ստացված տվյալները: Ապահովագրական սակագինը հիմնավորված է համարվում նաեւ, եթե այն հաշվարկված է վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի հետ կնքված վերաապահովագրության պայմանագրով նախատեսված սակագնի հիման վրա, եթե տվյալ վերաապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը հանդիսանում է միջազգային ֆինանսական շուկայում բարձր վարկանիշ ունեցող վերաապահովագրող կամ ապահովագրական բրոքեր` համաձայն սույն օրենքով նախատեսված կարգով ներդրված` այդպիսի վերաապահովագրողների կամ ապահովագրական բրոքերների գրանցման համակարգի կամ ռեյթինգային ծառայությունների տվյալների, կամ եթե ապահովագրողը տվյալ վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի մասին սույն օրենքով սահմանված կարգով լիազորված պետական կառավարման մարմնին տրամադրել է անհրաժեշտ տեղեկատվությունը, որից, ինչպես նաեւ այլ կերպ հավաքագրված տեղեկատվությունից չի հաստատվել, որ տվյալ վերաապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը անվճարունակ է կամ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, ինչպես նաեւ չի հաստատվել, որ տվյալ երկրի համապատասխան իրավասություններ ունեցող մարմինների կողմից նրա նկատմամբ կիրառվել է վերջինիս գործունեությունը սահմանափակող` սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված որեւէ միջոցառում:

3. Ապահովագրության առանձին տեսակների գծով կիրառվող ապահովագրական սակագների հիմնավորման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Ապահովագրողը իր կողմից իրականացվող ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվող ապահովագրական սակագների հիմնավորումները լիազորված պետական կառավարման մարմնին է ներկայացնում` ըստ առանձին ռիսկի այն դեպքում, եթե նրա կողմից ապահովագրությունը իրականացվում է կոնկրետ այդ ռիսկից:

5. Ապահովագրողները ապահովագրական սակագների հիմնավորումը պարտավոր են իրականացնել սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապահովագրական սակագների հիմնավորման կարգի պահանջներին համապատասխան: Այն դեպքում, երբ ապահովագրական սակագների հիմնավորումը չի իրականացվել սույն օրենքի եւ նշված կարգի պահանջներին համապատասխան, ապա տվյալ սակագինը համարվում է չհիմնավորված: Ապահովագրողի կողմից չհիմնավորված սակագների կիրառման համար լիազորված պետական կառավարման մարմնի կողմից կարող են կիրառվել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

6. Ապահովագրողները իրավունք չունեն ապահովագրության առաձին տեսակների գծով կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված վերջին հաշվետվությամբ նախատեսված՝ ապահովագրության տվյալ տեսակի գծով հիմնավորված սակագներից ցածր սակագներ:

ՀՈԴՎԱԾ 36. ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

1. Ապահովագրական վկայագրերը (պոլիսները) հանդիսանում են հատուկ հաշվառման բլանկներ:

2. Ապահովագրական վկայագրերը (պոլիսները) տպագրվում են՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված տպարանների կողմից (այսուհետ՝ տպագրողներ):

3. Ապահովագրական վկայագրերը (պոլիսները) տպագրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված ապահովագրական ընկերությունների կողմից մշակված եւ լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված ապահովագրական վկայագրերի (պոլիսների) տիպային օրինակներին (ձեւերին) համապատասխան: Պարտադիր ապահովագրության դեպքում ապահովագրական վկայագրերի տիպային օրինակը եւ այդ վկայագրերի նկատմաբ առանձնահատուկ պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ապահովագրական վկայագրերը (պոլիսները) պետք է տպագրվեն համարակալված եւ ունենան հերթական համար եւ սերիա: Պատվերի ընդունման ժամանակ տպագրողը պարտավոր է ապահովել բլանկների պատվիրված տպաքանակի, համարակալման եւ հսկողության իրականացումը:

5. Ապահովագրական վկայագրերը (պոլիսները) ենթակա են հաշվառման եւ պահպանման ապահովագրողի կողմից: Ապահովագրական վկայագրերի (պոլիսների) հաշվառումը պետք է տարվի` ըստ յուրաքանչյուր ապահովագրության տեսակի: Ապահովագրական վկայագրերի (պոլիսների) հաշվառման եւ պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Ապահովագրական վկայագրերի (պոլիսների) հաշվառման եւ պահպանման կարգով սահմանվում են հաշվառման հիմնական սկզբունքները, հաշվապահական փաստաթղթերի այն տեսակները, որոնց հիման վրա ապահովագրողները պարտավոր են իրականացնել ապահովագրական վկայագրերի (պոլիսների) հաշվառումը, դրույթներ` այդ հաշվապահական փաստաթղթերի տիպային ձեւերի եւ վարման կարգի սահմանման մասին, ապահովագրական վկայագրերի (պոլիսների) պահպանման կարգն ու պայմանները: Ապահովագրական վկայագրերի (պոլիսների) հաշվառման եւ պահպանման կարգով կարող են սահմանվել նաեւ այլ դրույթներ:

7. Ապահովագրողները ապահովագրական վկայագրերի (պոլիսների) հաշվառումն իրականացնելու նպատակով պարտավոր են վարել ապահովագրական վկայագրերի (պոլիսների) հաշվառման մուտքի եւ ելքի մատյան, որի բոլոր էջերը պետք է լինեն համարակալված եւ կարված: Ապահովագրական վկայագրերի (պոլիսների) հաշվառման մուտքի եւ ելքի մատյանը պետք է կնքված լինի ապահովագրողի եւ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից: Ապահովագրական վկայագրերի (պոլիսների) հաշվառման մուտքի եւ ելքի մատյանի ձեւը եւ վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Տպագրողները եւ ապահովագրական ընկերությունները տպագրված ապահովագրական վկայագրերի (պոլիսների) վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմնին են ներկայացնում եռամսյակային հաշվետվություն, որի ձեւը, ներկայացման կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Ապահովագրական վկայագրերի (պոլիսների) հաշվառման եւ պահպանման կարգի պահանջների խախտման համար, ապահովագրողի սույն հոդվածի 11-րդ կետով սահմանված պաշտոնատար անձի նկատմամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ, այդ թվում` վարչական տուգանքներ: Վարչական տուգանքների չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով:

10. Ապահովագրողները պարտավոր են վարել իրենց կողմից կնքված ապահովագրության պայմանագրերի հաշվառման գրանցամատյան: Գրանցամատյանի ձեւը եւ վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ապահովագրության պայմանագրերի հաշվառման գրանցամատյանի բոլոր էջերը պետք է լինեն համարակալված եւ կարված: Ապահովագրության պայմանագրերի հաշվառման գրանցամատյանը պետք է կնքված լինի ապահովագրողի եւ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապահովագրական վկայագրերի (պոլիսների) հաշվառման եւ պահպանման կարգի պահանջների կատարման եւ պահպանման համար պատասխանատու է ապահովագրողի գլխավոր հաշվապահը (հաշվապահական ստորաբաժանման ղեկավարը):

ԳԼՈՒԽ IV

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 37. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1. Ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության պարտադիր ապահովագրության բոլոր տեսակների վերաբերյալ օրենքների , Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեությունը կարգավորող այլ օրենքների եւ իրավական ակտերի պահանջների կատարման եւ պահպանման, ինչպես նաեւ ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների, ապահովագրողների, ապահովագրական բրոքերների (միջնորդների), այլ շահագրգիռ անձանց եւ պետության շահերի եւ իրավունքների պաշտպանության նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորումը, կարգավորումն ու վերահսկողությունը, ինչպես նաեւ ապահովագրության բնագավառում պետական քաղաքականության մշակումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (տեքստում` լիազորված պետական կառավարման մարմին):

3. Լիազորված պետական կառավարման մարմնի հիմնական պարտականություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորումը, ինչպես նաեւ լիցենզիաների, ապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների (միջնորդների) միությունների (ասոցիացիաների) մեկ միասնական գրանցամատյանի վարումը,

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, իր իրավասությունների շրջանակներում, ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը, եւ մեթոդոլոգիական փաստաթղթերի (ցուցումների) սահմանումը,

3) սույն օրենքով սահմանված` ապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների (միջնորդների) ղեկավարների, ինչպես նաեւ այլ մասնագետների որակավորման, մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով որակավորման քննությունների իրականացումը եւ որակավորման վկայականների տրամադրումը,

4) ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ թվում`

ա) ապահովագրողների հիմնական տնտեսական նորմատիվների, ապահովագրական պահուստների ձեւավորման եւ տեղաբաշխման կարգի, ապահովագրական վկայագրերի (պոլիսների) պատրաստման, հաշվառման եւ պահպանման կարգի, ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորման պայմաններով նախատեսված պահանջների կատարման ապահովումը, ինչպես նաեւ ապահովագրողների լիցենզավորման համար կազմված տնտեսական գործունեության ծրագրով (բիզնես նախագծով) նախատեսված ապահովագրության տեսակների իրականացման, ֆինանսական կայունության ապահովման նպատակով ֆինանսական առողջացման ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը,

բ) ապահովագրողների հաշվապահական հաշվառման վարման կանոնների, ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաեւ ապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների (միջնորդների) կողմից ներկայացվող տեսչական հաշվետվությունների ձեւերի, դրանց լրացման հրահանգի, ներկայացման կարգի եւ ժամկետների, ֆինանսական հաշվետվությունների հրապարակման կարգի եւ ժամկետների պահպանման նկատմամբ վերահսկողությունը,

գ) ապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների (միջնորդների) համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականությունների եւ պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պարտականությունների եւ գործառույթների իրականացումը,

5) Պարտադիր ապահովագրության բոլոր տեսակների նկատմամբ վերահսկողության իրականացումը,

6) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիա ստանալու գործընթացը կարգավորող, ապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների (միջնորդների) նկատմամբ վերահսկողության իրականացման գործընթացը կարգավորող, ինչպես նաեւ ապահովագրական հարաբերությունների մեջ գտնվող կողմերի միջեւ առաջացող հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ցանկը:

4. Լիազորված պետական կառավարման մարմինն իրավունք ունի՝

ա) ապահովագրողներից եւ ապահովագրական բրոքերներից (միջնորդներից) ստանալ սահմանված ձեւերի հաշվետվություններ եւ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր, տեղեկատվություն` իրենց գործունեության եւ ֆինանսական վիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ ապահովագրողներից ստանալ վերաապահովագրողների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկատվություն,

բ) ապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների (միջնորդների) կողմից սույն օրենքի, Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեությունը կարգավորող այլ օրենքների եւ իրավական ակտերի պահանջների կատարման եւ պահպանման, նրանց կողմից ներկայացվող հաշվետվությունների հավաստիության ապահովման, ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորման պայմաններով նախատեսված պահանջների կատարման ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ստուգումներ, ինչպես նաեւ ապահովագրողների կողմից իրականացված ապահովագրական հատուցումների հավաստիության եւ ապահովադիրներին (ապահովագրված անձանց կամ շահառուներին) պատճառված վնասի չափին ապահովագրական հատուցման գումարի համարժեքության ստուգման նպատակով ապահովադիրների (ապահովագրված անձանց կամ շահառուների) մոտ իրականացնել ուսումնասիրություններ եւ կատարել հարցումներ,

գ) ապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների (միջնորդների) կողմից ապահովագրության մասին օրենսդրության, ինչպես նաեւ ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորման պայմաններով նախատեսված պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում՝ նրանց, ինչպես նաեւ նրանց համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պատասխանատվության միջոցներ,

դ) ապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների (միջնորդների) կողմից ապահովագրության օրենսդրության խախտումների դեպքում, ինչպես նաեւ պետության շահերի եւ իրավունքների պաշտպանության նպատակով համապատասխան հայց ներկայացնել դատարան,

ե) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չլիցենզավորված ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման միջնորդագիր ներկայացնել իրավապահ եւ այլ լիազորված պետական կառավարման մարմիններին, ինչպես նաեւ այդ անձանց նկատմամբ հայց ներկայացնել դատարան,

զ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողություններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ,

է) ցանկացած պահի ապահովագրողին կամ ապահովագրական բրոքերին (միջնրդին) կատարել հարցումներ՝ պահանջելով նրանցից տեղեկությունների տրամադրում, եթե բավարար (ողջամիտ) հիմքեր կան ենթադրելու, որ ապահովագրվողների (ապահովադիրների) կամ ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը կարող են վտանգվել:

5. Յուրաքնչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո վեց ամսվա ընթացքում լիազորված պետական կառավարման մարմինը պետք է կազմի տարեկան հաշվետվություն, որը պետք է ներառի նրա կողմից սույն հոդվածում սահմանված պարտականությունների կատարմանն ուղղված միջոցառումների (գործողությունների) նկարագրությունը, ինչպես նաեւ լիազորված պետական կառավարման մարմնին հայտնի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն առեւտրային գաղտնիք չհամարվող վիճակագրական տվյալները, որոնք կնպաստեն ապահովագրական ոլորտի թափանցիկությանը եւ զարգացմանը:

6. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում լիազորված պետական կառավարման մարմինը կարող է տեղեկություններ փոխանակել այլ երկրներում ապահովագրական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հետ:

ՀՈԴՎԱԾ 38. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք իրավունք չունեն որեւէ ձեւով հրապարակել կամ շահադիտական նպատակներով օգտագործել ապահովագրողների առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները: Նման տեղեկությունների հրապարակման եւ դրա հետեւանքով ապահովագրողներին եւ այլ անձանց պատճառած վնասի համար պետական լիազորված մարմնի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 39. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ՍՆԱՆԿԱՑՈՒՄԸ

1. Ապահովագրողների լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

2. Ապահովագրողի լուծարումը կարող է օրենքով սահմանված կարգով գրանցվել միայն տվյալ ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների եւ պետության (պետական տուրքերի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելուց հետո:

3. Ապահովագրողների սնանկացումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
 
 

ԳԼՈՒԽ V.

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 40. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորումը իրականացվում է սույն օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Ապահովագրական գործունեության լիցենզիան լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սույն օրենքով եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով տրվող՝ ապահովագրական գործունեության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առանձին տեսակների իրականացման իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է, ինչպես նաեւ այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, որով սահմանվում են նաեւ տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջները կամ պայմանները, եւ դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:

3. Ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիան լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սույն օրենքով եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով տրվող՝ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության իրականացման իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է, ինչպես նաեւ այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, որով սահմանվում են նաեւ տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջները կամ պայմանները, եւ դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:

4. Լիցենզավորված անձը պարտավոր է իր գործունեության իրականացման ժամանակ պահպանել սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները:

5. Լիցենզավորման ենթակա են ապահովագրական գործունեության հետեւյալ տեսակները՝

ա) կյանքի ապահովագրություն.

բ) ոչ կյանքի ապահովագրություն:

6. Լիազորված պետական կառավարման մարմինը իր մոտ վարվող առաձին գրանցամատյանում հաշվառում է այն ապահովագրողներին, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացվող հաշվետվությունների համաձայն, հաշվետու ամսաթվի դրությամբ իրենց կողմից իրականացվող ապահովագրական գործունեության շրջանակներում՝ ստանձնած ընդհանուր ապահովագրական պարտավորությունների ծավալի 50%-ից ավելի մասը ստանձնել են վերաապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) գծով:

7. Պարտադիր ապահովագրության առանձին տեսակների ներդրման դեպքում այդ ապահովագրության յուրաքանչյուր տեսակի իրականացման համար տրվում է առանձին լիցենզիա:

8. Ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորման կարգը, պայմանները եւ չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

9. Պարտադիր ապահովագրության առանձին տեսակների մասին օրենքներով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է առանձին լիցենզավորման կարգեր, պայմաններ եւ չափանիշներ՝ ելնելով պարտադիր ապահովագրության տեսակների առանձնահատկություններից:

10. Ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիաներում նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել, այլ կերպ օտարվել կամ գրավադրվել:

11. Ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բարդ ընթացակարգով:

12. Լիազորված պետական կառավարման մարմինը լիցենզավորման ենթակա ապահովագրության տեսակների իրականացման եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիաները տալու կամ մերժելու մասին որոշումը կայացնում է հայտատուի կողմից օրենքով նախատեսված կարգով լիցենզիա ստանալու մասին հայտը ներկայացնելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում: Լիցենզիա տալու կամ մերժելու մասին որոշումը, որոշման կայացման պահից 5 աշխատանքային օրվա ժամկետում հանձնվում է հայտատուին:

13. Լիցենզիան տալու մասին որոշում կայացնելու դեպքում, լիազորված պետական կառավարման մարմինը այդ որոշումը կայացնում է այն վերապահումով, որ լիցենզիան հայտատուին կտրվի սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված ժամկետում լիազորված պետական կառավարման մարմնին ապահովագրական կամ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Նշված ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագիրը լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելու դեպքում՝ լիցենզիայի հայտը համարվում է մերժված:

14. Լիցենզիա տալու մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն պարտավոր է լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնել համապատասխանաբար՝ ապահովագրական կամ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

15. Լիցենզիան հայտատուին հանձնվում է լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորագիրը լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ժամկետում:

16. Ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիաները տրվում են անժամկետ:

17. Ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացրած հայտատուների նկատմամբ կիրառվում են ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային չափերի պահպանման պահանջները:

18. Ապահովագրական եւ/կամ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում ընկերությունը պարտավոր է համապատասխան որոշումը (վճիռը) ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում լիցենզիայի բնօրինակը վերադարձնել լիազորված պետական կառավարման մարմնին:

ՀՈԴՎԱԾ 41 . ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

1. Ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազորված պետական կառավարման մարմնին է ներկայացնում՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտը նշելով`

ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը եւ գտնվելու վայրը,

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

2) կանոնադրության պատճեն եւ պետական գրանցման վկայականի պատճեն,

3) հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) եւ ակտուարի (ակտուարական ստորաբաժանման ղեկավարի) սույն օրենքով սահմանված կարգով տրված համապատասխան մասնագիտական որակավորման վկայականների պատճենները,

4) հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նշանակման մասին ընկերության բաժնետերերի ժողովի կամ մասնակիցների ժողովի արձանագրության պատճեն, գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) եւ ակտուարի (ակտուարական ստորաբաժանման ղեկավարի) նշանակման մասին ընկերության համապատասխան իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշումների (հրամանների) պատճեները,

5) հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) եւ ակտուարի (ակտուարական ստորաբաժանման ղեկավարի) ստորագրությունների նմուշները,

6) հայտատուի համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը,

7) հայտատուի հիմնադիր հանդիսացող եւ նրա կանոնադրական կապիտալում 10%-ից ավելի բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց գրավոր հայտարարությունը այն մասին, որ նրանց հիմնադիր լինելը չի հակասում սույն օրենքով ապահովագրական ընկերությունների հիմնադիրների համար սահմանված պահանջներին,

8) հայտատուի սույն օրենքով նախատեսված ղեկավարների գրավոր հայտարարությունը այն մասին, որ նրանց կողմից համապատասխան պաշտոններ զբաղեցնելը չի հակասում սույն օրենքով ապահովագրական ընկերությունների ղեկավարների համար սահմանված պահանջներին,

9) հայտատուի գործունեության երեք տարվա բիզնես-ծրագիրը, որը պետք է ներառի հայտատուի կողմից իրականացվելիք ապահովագրության տեսակները, եւ ըստ յուրաքանչյուր տեսակի՝

ա) կնքվելիք պայմանագրերի թիվը,

բ) ապահովագրական գումարի չափը,

գ) ապահովագրական սակագները,

դ) ապահովագրավճարի չափը,

ե) կոմիսիոն վարձատրության չափը,

զ) տանտյեմների (ապահովագրական պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո, ապահովագրական դեպքի տեղի չունենալու պարագայում՝ ապահովագրողի կողմից ապահովագրվողին կամ վերաապահովագրողի կողմից ապահովագրողին վերադարձվող համապատասխանաբար ապահովագրական կամ վերաապահովագրական վճարների գումարի որոշակի մասը) չափը,

է) ֆրանշիզայի (ապահովագրության եւ/կամ վերաապահովագրության պայմանագրերով սահմանված գումար, որը ապահովագրական դեպքի տեղի ունենալու պարագայում ենթակա չէ հատուցման համապատասխանաբար ապահովագրողի կամ վերաապահովագրողի կողմից) չափը,

ը) գործավարման ծախսերի մեծությունը,

թ) հատկացումները ապահովագրական պահուստներին,

ժ) ապահովագրական պահուստները տեղաբաշխման ուղղությունները,

ժա) վերաապահովագրության ծավալները,

ժբ) վճարվելիք հատուցումների ծավալը,

ժգ) շահույթը (վնասը):

Բիզնես-ծրագրով նախատեսված ցուցանիշները պետք է լինեն հիմնավորված համապատասխան հաշվարկներով, որոնք պետք է իրականացված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համապատասխան,

10) լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ հայտատուի հաշվապահական հաշվեկշիռը, հաստատված ընկերության համապատասխան իրավասու մարմնի կողմից, եւ դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, իսկ նոր ստեղծված (եթե հայտատուն լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու ամսվա ամսի մեկի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դեռեւս գրանցված չի եղել) իրավաբանական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման օրվա դրությամբ ընկերության ակտիվների եւ պասիվների կազմի եւ կառուցվածքի մասին տեղեկանք՝ հաշվապահական հաշվեկշռի ձեւին եւ դրա լրացման կարգին համապատասխան, հաստատված ընկերության համապատասխան իրավասու մարմնի կողմից, կամ հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) եւ գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) կողմից, եւ այդ տեղեկանքի վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը,

11) հայտատուի գործունեության բիզնես-ծրագրով նախատեսված ապահովագրության յուրաքանչյուր տեսակի կանոնները՝ հաստատված հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) կողմից, որոնք ընդգրկում են՝

ա) ապահովագրության օբյեկտը,

բ) ապահովագրական պատահարների սահմանումը,

գ) ապահովագրության ժամկետները,

դ) ապահովագրավճարի (պարգեւի) վճարման կարգը եւ ժամկետները,

ե) կողմերի փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները,

զ) ապահովագրական հատուցումների հնարավոր մերժման դեպքերը,

է) վեճերի լուծման կարգը եւ պայմանների հստակությունը՝ ըստ ապահովագրության պայմանագրերի:

12) հայտատուի գործունեության բիզնես-ծրագրով նախատեսված ապահովագրության յուրաքանչյուր տեսակի համար նախատեսված ապահովագրական վկայագրի (պոլիսի) տիպային օրինակները՝ հաստատված հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի)՝ կողմից,

13) հայտատուի գործունեության բիզնես-ծրագրով նախատեսված ապահովագրության յուրաքանչյուր տեսակի համար նախատեսված ապահովագրական սակագների հիմնավորումը՝ հաստատված հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) եւ ակտուարի (ակտուարական ստորաբաժանման ղեկավարի) կողմից,

14) իրավաբանական անձանց մասնակցությամբ հիմնադրված հայտատուն, լիցենզիա ստանալու համար վերոհիշյալ փաստաթղթերից բացի ներկայացնում է նաեւ հայտատուի հիմնադիր հանդիսացող եւ նրա կանոնադրական կապիտալում 10%-ից ավելի բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող իրավաբանական անձանց վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվեկշիռները, հաստատված համապատասխան իրավասու մարմնի կողմից, եւ այդ հաշվեկշիռների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները,

15) հայտատուի կանոնադրական կապիտալի համալրման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերը,

16) օրենքով կամ ապահովագրական գործունեության լիցենզավորման կարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

2. Ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազորված պետական կառավարման մարմնին է ներկայացնում՝

1) լիցենզիա ստանալու մասին հայտը նշելով`

ա) հայտատու անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը եւ գտնվելու վայրը,

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

2) հայտատուի կանոնադրության եւ պետական գրանցման վկայականի պատճեները,

3) հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) սույն օրենքով սահմանված կարգով տրված համապատասխան մասնագիտական որակավորման վկայականների պատճեները,

4) հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նշանակման մասին ընկերության բաժնետերերի ժողովի կամ մասնակիցների ժողովի արձանագրության պատճեն, գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) նշանակման մասին ընկերության համապատասխան իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման (հրամանի) պատճեն,

5) հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) ստորագրությունների նմուշները,

6) հայտատուի համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը,

7) հայտատուի հիմնադիր հանդիսացող եւ նրա կանոնադրական կապիտալում 10%-ից ավելի բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց գրավոր հայտարարությունը այն մասին, որ նրանց հիմնադիր լինելը չի հակասում սույն օրենքով ապահովագրական բրոքերի (միջնորդի) հիմնադիրների համար սահմանված պահանջներին,

8) հայտատուի սույն օրենքով նախատեսված ղեկավարների գրավոր հայտարարությունները այն մասին, որ նրանց կողմից համապատասխան պաշտոններ զբաղեցնելը չի հակասում սույն օրենքով ապահովագրական բրոքերի (միջնորդի) ղեկավարների համար սահմանված պահանջներին,

9) լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ հայտատուի հաշվապահական հաշվեկշիռը, հաստատված ընկերության համապատասխան իրավասու մարմնի կողմից, եւ դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը, իսկ նոր ստեղծված (եթե հայտատուն լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու ամսվա ամսի մեկի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դեռեւս գրանցված չի եղել) իրավաբանական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման օրվա դրությամբ ընկերության ակտիվների եւ պասիվների կազմի եւ կառուցվածքի մասին տեղեկանք՝ հաշվապահական հաշվեկշռի ձեւին եւ դրա լրացման կարգին համապատասխան, հաստատված ընկերության համապատասխան իրավասու մարմնի կողմից, կամ հայտատուի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) եւ գլխավոր հաշվապահի (հաշվապահական հաշվառման ստորաբաժանման ղեկավարի) կողմից, եւ այդ տեղեկանքի վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը,

10) իրավաբանական անձանց մասնակցությամբ հիմնադրված հայտատուն, լիցենզիա ստանալու համար վերոհիշյալ փաստաթղթերից բացի ներկայացնում է նաեւ հայտատուի հիմնադիր հանդիսացող եւ նրա կանոնադրական կապիտալում 10%-ից ավելի բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող իրավաբանական անձանց վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվեկշիռները, հաստատված համապատասխան իրավասու մարմնի կողմից, եւ այդ հաշվեկշիռների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունները,

11) օրենքով կամ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորման կարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

ՀՈԴՎԱԾ 42 . ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

1. Ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե՝

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ ակնհայտ կեղծ, կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) հայտատուի կողմից լիցենզիա ստանալու համար լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված հայտին կից չեն ներկայացվել սույն օրենքով եւ ապահովագրական գործունեության լիցենզավորման կարգով պահանջվող փաստաթղթերից որեւէ մեկը.

5) հայտատուի բիզնես ծրագրով նախատեսված ապահովագրության տեսակների գծով ներկայացված սակագները հիմնավորված չեն.

6) հայտատուի կողմից պահպանված չեն ապահովագրողների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային չափերը.

7) հայտատուի հիմնադիների եւ/կամ ղեկավարների մասով չեն պահպանվել սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պահանջները.

8) հայտատուի բիզնես ծրագրով նախատեսված ապահովագրության տեսակների գծով ներկայացված ապահովագրության կանոններում եւ վկայագրերում չի պարունակվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկատվությունը կամ դրանցում պարունակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ.

9) պարզվել է, որ հայտատուի եւ/կամ հայտատուի կանոնադրական կապիտալում 10%-ից ավելի բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող հիմնադիր-իրավաբանական անձի զուտ ակտիվների մեծությունը կանոնադրական կապիտալի մեծությունից ավելի փոքր է.

10) հայտատուի բիզնես ծրագրով նախատեսված ցուցանիշները հիմնավորված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացված հաշվարկներով եւ/կամ նախատեսված ցուցանիշները հետագա գործունեության ընթացքում կարող են հիմք հանդիսանալ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ընկերության նկատմամբ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար.

11) օրենքով կամ ապահովագրական գործունեության լիցենզավորման կարգով նախատեսված այլ դեպքերում:

2. Ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ ակնհայտ կեղծ, կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) լիցենզիա ստանալու համար լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված հայտին կից չեն ներկայացվել սույն օրենքով եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորման կարգով պահանջվող փաստաթղթերից որեւէ մեկը.

5) հայտատուի հիմնադիների եւ/կամ ղեկավարների մասով չեն պահպանվել սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պահանջները.

6) պարզվել է, որ հայտատուի եւ/կամ հայտատուի կանոնադրական կապիտալում 10%-ից ավելի բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ունեցող հիմնադիր-իրավաբանական անձի զուտ ակտիվների մեծությունը կանոնադրական կապիտալի մեծությունից ավելի փոքր է.

7) օրենքով կամ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզավորման կարգով նախատեսված այլ դեպքերում:

3. Ապահովագրական եւ/կամ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է սույն օրենքի 40-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված ժամկետներում եւ կարգով:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում եւ կարգով ապահովագրական եւ/կամ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված՝ սույն օրենքի 40-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված վերապահումով: Միաժամանակ լիազորված պետական կառավարման մարմինը պարտավոր է սույն օրենքի 40-րդ հոդվածի 13-րդ, 14-րդ եւ 15-րդ մասերով նախատեսված կարգով եւ ժամկետներում հայտատուին տրամադրել լիցենզիա:

5. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

6. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության դեպքում հայտը լիազորված պետական կառավարման մարմնի կողմից կարող է բավարարվել վերապահումով, այն պայմանով, որ լիցենզիան հայտատուին կտրվի տվյալ թերությունների վերացման դեպքում: Հայտը վերապահումով բավարարելու մասին լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան որոշումը ստանալու պահից 10 օրվա ընթացքում հայտատուն պարտավոր է վերացնել նշված թերությունները եւ համապատասխան փաստաթղթերը ներկայացնել լիազորված պետական կառավարման մարմնին: Նշված ժամկետում թերությունները չվերացնելու, կամ ամբողջությամբ չվերացնելու, կամ համապատասխան փաստաթղթերը լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելու դեպքում՝ լիցենզիա ստանալու հայտը համարվում է մերժված:

7. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձեւով նախազգուշացումը լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ուղարկվելու օրվանը հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմինը նախազգացում է ուղարկում հայտատուին այդ փաստաթղթերը ստանալուց 10 օրվա ընթացքում:

8. Լիցենզիայի հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

ՀՈԴՎԱԾ 43 . ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

1. Ապահովագրողները եւ ապահովագրական բրոքերները (միջնորդները) իրենց կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու դեպքում պարտավոր են այդ փոփոխությունները իրավական ուժ ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում այդ փոփոխությունները ներկայացնել լիազորված պետական կառավարման մարմնին:

2. Ապահովագրողները եւ ապահովագրական բրոքերները (միջնորդները) իրենց վերակազմակերպման կամ անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում պարտավոր են այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձեւակերպման համար` կցելով նշված փոփոխությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

3. Ապահովագրողների կամ ապահովագրական բրոքերների (միջնորդների) առանձնացման ձեւով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան այդ իրավաբանական անձից առանձնացած իրավահաջորդին (իրավահաջորդներին) տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան:

4. Ապահովագրողների կամ ապահովագրական բրոքերների (միջնորդների) բաժանման ձեւով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան բաժանված իրավաբանական անձանց տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան:

5. Ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի վերաձեւակերպումը իրականացվում է լիցենզավորված անձի համապատասխան հայտը լիազորված պետական կառավարման մարմնում մուտք լինելու օրվանը հաջորդող 5-րդ օրը:

6. Ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի վերաձեւակերպման ժամանակ լիազորված պետական կառավարման մարմինը լիցենզիաների գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

7. Լիցենզիայի վերաձեւակերպման մասին հայտի մերժումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

8. Ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի վերաձեւակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում լսումների կարգով:

ԳԼՈՒԽ VI.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ) ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 44 . ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ) ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման համար լիազորված պետական կառավարման մարմինը ապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների (միջնորդների) նկատմամբ կարող է կիրառել հետեւյալ պատասխանատվության միջոցները՝

1) գրավոր նախազգուշացում.

2) տուգանք.

3) լիցենզիայի գործողության կասեցում.

4) լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի ներկայացում դատարան:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման համար լիազորված պետական կառավարման մարմինը ապահովագրողների եւ ապահովագրական բրոքերների (միջնորդների) պաշտոնատար անձանց նկատմամբ կարող է կիրառել տուգանք՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված չափով:

ՀՈԴՎԱԾ 45 . ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ) ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

1. Ապահովագրողների եւ նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հիմք կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետեւյալ խախտումները՝

1) ապահովագրողի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց գրանցման օրվանից 10 օրյա ժամկետում չեն ներկայացվել լիազորված պետական կառավարման մարմնին,

2) ապահովագրողի վերակազմակերպման, կամ անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխության մասին, այդ փոփոխությունը իրականացվելու օրվանից 10 օրյա ժամկետում չի հայտնվել լիազորված պետական կառավարման մարմնին.

3) ապահովագրողի կողմից հաստատված՝ ապահովագրական գործակալների գործունեության կանոնակարգը, ապահովագրության առանձին տեսակների ստանդարտ կանոնները եւ/կամ դրանցում կատարված փոփոխությունները, ապահովագրական վկայագրերի (պոլիսների) ձեւերը հաստատման օրվանից 10-օրյա ժամկետում չեն ներկայացվել լիազորված պետական կառավարման մարմնին.

4) ապահովագրողի կողմից չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապահովագրական վկայագրերի (պոլիսների) ձեռքբերման, հաշվառման եւ պահպանման կարգի պահանջները.

5) ապահովագրողի կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում, լիազորված պետական կառավարման մարմնին չի ներկայացվել ապահովագրության յուրաքանչյուր տեսակի համար նախատեսված ապահովագրական սակագների մասին հաշվետվությունը եւ/կամ դրանց հիմնավորումները.

6) ապահովագրողը, ապահովագրական պայմանագրեր կնքելիս, կիրառել է լիազորված պետական կառավարման մարմնին իր կողմից ներկայացված վերջին հաշվետվությամբ նախատեսված՝ առանձին ապահովագրական տեսակների գծով հիմնավորված սակագներից ցածր սակագներ կամ կիրառել է սույն օրենքով սահմանված կարգով չհիմնավորված համարվող սակագներ.

7) ապահովագրողի կողմից ստանձնած ապահովագրական պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով չեն ձեւավորվել ապահովագրական պահուստներ.

8) ապահովագրողի կողմից խախտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապահովագրական պահուստների ձեւավորման եւ տեղաբաշխման կարգի պահանջները.

9) ապահովագրողի կողմից խախտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապահովագրողների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգի պահանջները.

10) ապահովագրողի կողմից խախտվել են լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ձեւերի լրացման հրահանգի, եւ/կամ այդ հաշվետվությունների ներկայացման կարգի, եւ/կամ ժամկետների պահանջները.

11) ապահովագրողի կողմից լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները պարունակում են կեղծ կամ աղավաղված տվյալներ.

12) ապահովագրողի կողմից խախտվել է սույն օրենքով սահմանված ֆինանսական հաշվետվությունների ձեւերի հրապարակման կարգը եւ/կամ ժամկետները.

13) ապահովագրողի կողմից խախտվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման վարման կանոնները.

14) ապահովագրողի կողմից չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տնտեսական նորմատիվների հաշվարկման կանոնակարգի պահանջները.

15) ապահովագրողի կողմից չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային չափերը.

16) ապահովագրողի կողմից լիազորված պետական կառավարման մարմնին չի ներկայացվել սույն օրենքով պահանջվող տեղեկատվությունը՝ այն վերաապահովագրողների կամ ապահովագրական բրոքերների մասին, որոնց հետ իրենց կողմից կնքվել են վերաապահովագրության պայմանագրեր.

17) ապահովագրողի համապատասխան իրավասու մարմնի կողմից չի հաստատվել ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը, կամ տվյալ կառուցվածքը (կամ դրանում կատարված փոփոխությունները) սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չի ներկայացվել լիազորված պետական կառավարման մարմնին.

18) ապահովագրողի կողմից, սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, լիազորված պետական կառավարման մարմնին չեն ներկայացվել գործադիր տնօրենի (վարչության նախագահի), եւ/կամ գլխավոր հաշվապահի, եւ/կամ ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի), եւ/կամ համապատասխան փոխարինող պաշտոնատար անձի նշանակման կամ համապատասխան պարտականությունները նրա վրա դնելու մասին ընկերության համապատասխան իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման (հրամանի) պատճեն եւ/կամ նշված պաշտոնատար անձի ստորագրության նմուշը.

19) ապահովագրողի ներքին կազմակերպական կառուցվածքում գործադիր տնօրենի (վարչության նախագահի), եւ/կամ գլխավոր հաշվապահի, եւ/կամ ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի) հաստիք չունենալը.

20) ապահովագրողի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), եւ/կամ գլխավոր հաշվապահի, եւ/կամ ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի) հաստիքում նշանակված պաշտոնատար անձ չունենալը, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ ժամկետներում համապատասխան փոխարինող պաշտոնատար անձ չնշանակելը կամ համապատասխան պարտականությունները որեւէ մեկի վրա չդնելը.

21) ապահովագրողի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), եւ/կամ գլխավոր հաշվապահի, եւ/կամ ակտուարի (ակտուարային ստորաբաժանման ղեկավարի) հաստիքում համապատսխան որակավորում չունեցող անձին նշանակելը եւ/կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ ժամկետներում որակավորում չունեցող, կամ որակավորումից զրկված, կամ որակավորման վկայականը չեղյալ համարվելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձին զբաղեցրած պաշտոնից չազատելը, եւ/կամ նոր պաշտոնատար անձի կամ համապատասխան փոխարինող պաշտոնատար անձի կամ համապատասխան պարտականությունները իրականացնող պաշտոնատար անձի համապատասխան որակավորման պատճեն լիազորված պետական կառավարման մարմին չներկայացնելը.

22) ապահովագրողի կողմից սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-ին մասով նախատեսված ժամկետներում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից հանձնարարականը չի կատարվել կամ չի կատարվել ամբողջությամբ.

23) ապահովագրողի կողմից լիազորված պետական կառավարման մարմնի՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելը կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը.

24) ապահովագրողի կողմից ապահովագրական բրոքեր (միջնորդ) չհանդիսացող իրավաբանական անձանց միջոցով ապահովագրական վկայագրեր (պոլիսներ) վաճառելը կամ ապահովագրողի անունից եւ նրա հանձնարարությամբ իրավաբանական անձի կողմից ապահովագրվողների (ապահովադիրների) հետ ապահովագրական պայմանագրեր կնքելը.

25) ապահովագրողի կողմից ապահովագրական գործունեություն է իրականացվել ապահովագրական գործակալների միջոցով, առանց ապահովագրական գործակալների գործունեության կանոնակարգի հաստատման կամ հաստատված կանոնակարգում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործակալների գործունեության օրինակելի կանոնակարգով սահմանված դրույթները չպարունակվելու կամ հաստատված կանոնակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթներ պարունակվելու դեպքերում.

26) ապահովագրողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումով ապահովագրական գործունեություն կամ ֆինանսական եւ/կամ այլ գործառնություններ իրականացնելը.

27) Առանց ապահովագրության տվյալ տեսակի իրականացման ստանդարտ կանոնները եւ տվյալ ապահովագրության տեսակի գծով ապահովագրական վկայագրերի (պոլիսների) ձեւերը հաստատելու տվյալ տեսակի ապահովագրություն իրականացնելը եւ/կամ ապահովագրվողներին (ապահովադիրներին) տրամադրվող ապահովագրական վկայագրերին (պոլիսներին) կից ապահովագրության տվյալ տեսակի իրականացման կանոնների կամ պայմանների չտրամադրելը.

28) Ապահովագրողի կողմից վերաապահովագրության պայմանագիր է կնքվել այնպիսի վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի հետ, որը անվճարունակ է կամ գտնվում է ծանր ֆինանսական վիճակում, կամ եթե պարզվել է, որ տվյալ երկրի համապատասխան իրավասություններ ունեցող մարմինների կողմից տվյալ վերաապահովագրողի կամ ապահովագրական բրոքերի նկատմամբ կիրառվել է վերջինիս գործունեությունը սահմանափակող` սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված որեւէ միջոցառում.

29) Ապահովագրողը չի պահպանել սույն օրենքով սամանված՝ ապահովագրողի կողմից արտադրական եւ առեւտրամիջնորդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասնակից հանդիսանալու վերաբերյալ սահմանափակող պահանջը:

2. Ապահովագրական բրոքերների (միջնորդների) եւ նրանց պաշտոնատար անձանց նկատմամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հիմք կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության հետեւյալ խախտումները՝

1) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց գրանցման պահից 10 օրյա ժամկետում չեն ներկայացվել լիազորված պետական կառավարման մարմնին,

2) ապահովագրական բրոքերի (միջնորդի) վերակազմակերպման, կամ անվանման կամ գտնվելու վայրի փոփոխության մասին, այդ փոփոխությունը իրականացվելու օրվանից 10 օրյա ժամկետում չի հայտնվել լիազորված պետական կառավարման մարմնին.

3) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից խախտվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապահովագրական բրոքերների (միջնորդների) տեսչական հաշվետվությունների լրացման հրահանգի եւ/կամ այդ հաշվետվությունների ներկայացման կարգի եւ/կամ ժամկետների պահանջները.

4) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված տեսչական հաշվետվությունները պարունակում են կեղծ կամ աղավաղված տվյալներ.

5) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից խախտվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվապահական հաշվառման վարման կանոնները.

6) ապահովագրական բրոքերի (միջնորդի) համապատասխան իրավասու մարմնի կողմից չի հաստատվել ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը, կամ տվյալ կառուցվածքը (կամ դրանում կատարված փոփոխությունները) սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չի ներկայացվել լիազորված պետական կառավարման մարմնին.

7) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից, սույն օրենքով նախատեսված կարգով եւ ժամկետներում, լիազորված պետական կառավարման մարմնին չի ներկայացվել գործադիր տնօրենի (վարչության նախագահի), եւ/կամ գլխավոր հաշվապահի, եւ/կամ համապատասխան փոխարինող պաշտոնատար անձի նշանակման կամ համապատասխան պարտականությունները նրա վրա դնելու մասին ընկերության համապատասխան իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման (հրամանի) պատճեն եւ/կամ նշված պաշտոնատար անձի ստորագրության նմուշը.

8) ապահովագրական բրոքերի (միջնորդի) ներքին կազմակերպական կառուցվածքում գործադիր տնօրենի (վարչության նախագահի) եւ/կամ գլխավոր հաշվապահի հաստիք չունենալը.

9) ապահովագրական բրոքերի (միջնորդի) գործադիր տնօրենի (վարչության նախագահի) եւ/կամ գլխավոր հաշվապահի հաստիքում նշանակված պաշտոնատար անձ չունենալը, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ ժամկետներում համապատասխան փոխարինող պաշտոնատար անձ չնշանակելը կամ համապատասխան պարտականությունները որեւէ մեկի վրա չդնելը.

10) ապահովագրական բրոքերի (միջնորդի) գործադիր տնօրենի (վարչության նախագահի) եւ/կամ գլխավոր հաշվապահի հաստիքում համապատսխան որակավորում չունեցող անձին նշանակելը եւ/կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ ժամկետներում որակավորում չունեցող, կամ որոակավորումից զրկված, կամ որոկավորման վկայականը չեղյալ համարվելու դեպքում համապատասխան պաշտոնատար անձին զբաղեցրած պաշտոնից չազատելը, եւ/կամ նոր պաշտոնատար անձի կամ համապատասխան փոխարինող պաշտոնատար անձի կամ համապատասխան պարտականությունները իրականացնող պաշտոնատար անձի համապատասխան որոկավորման պատճեն լիազորված պետական կառավարման մարմին չներկայացնելը.

11) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-ին մասով նախատեսված ժամկետներում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված հանձնարարականը (հանձնարարականները) չի կատարվել կամ չի կատարվել ամբողջությամբ.

12) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից լիազորված պետական կառավարման մարմնի՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելը կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը.

13) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից ապահովագրողի (ապահովադրի) ապահովագրական ռիսկերը Հայաստանի Հանրապետությունում չգրանցված եւ/կամ չլիցենզավորված ապահովագրողների մոտ տեղաբաշխելը, բացառությամբ ապահովագրողի (ցեդենտի) ռիսկի (ռիսկերի) տեղաբաշխման դեպքերի.

14) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումով ապահովագրական գործունեություն կամ ֆինանսական եւ/կամ այլ գործառնություններ իրականացնելը:

ՀՈԴՎԱԾ 46 . ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ) ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

1. Սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման համար, բացառությամբ 1-ին մասի 17-րդ, կամ 19-րդ, կամ 20-րդ, կամ 21-րդ կետերով եւ 2-րդ մասի 6-րդ, կամ 8-րդ, կամ 9-րդ, կամ 10-րդ կետերով նախատեսված խախտումների, խախտումը իրականացրած ապահովագրողի եւ/կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) պաշտոնատար անձանց նկատմամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից կարող է կիրառվել տուգանք՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված չափով եւ կարգով:

2. Խախտումը իրականացրած ապահովագրողի եւ/կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) պաշտոնատար անձանց նկատմամբ տուգանքը նշանակվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի որոշմամբ: Նշված հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը (հանձնաժողովի նախագահ), համապատասխան ստորաբաժանման ղեկավարը (հանձնաժողովի նախագահի տեղակալ), ինչպես նաեւ կարող են ընդգրկվել համապատասխան ստորաբաժանման այլ աշխատակիցներն ու իրավաբանական ստորաբաժանման ներկայացուցիչը:

3. Այն դեպքերում, երբ սույն օրենքով կամ այլ իրավական ակտերով օրենսդրության առանձին պահանջների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձինք սահմանված չեն, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման համար տուգանքը կիրառվում է ապահովագրողի եւ/կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) գործադիր տնօրենի (վարչության նախագահի) նկատմամբ:

4. Եթե «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված ժամկետում լիազորված պետական կառավարման մարմնին չի ներկայացվում տուգանքի վճարման անդորրագիրը, ապա չվճարված տուգանքը ենթակա է բռնագանձման դատական կարգով:

5. Սույն օրենքով եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված տուգանքները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

ՀՈԴՎԱԾ 47. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻՆ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ) ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տրված խախտումը եւ խախտումը կատարած ապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը (միջնորդը) տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին՝ համապատասխան օրենսդրական ակտերի դրույթների վկայակոչմամբ: Նախազգուշացումը նախատեսում է նաեւ թույլ տրված խախտումը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում վերացնելու հանձնարարական եւ/կամ ապագայում նման խախտումը թույլ չտալու եւ/կամ նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական:

2. Խախտումը վերացնելու հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած ապահովագրողի եւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) համար՝ լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան նախազգուշացման մասին որոշումը պատշաճ կերպով նրան հանձնելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների համար լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ապահովագրողին եւ ապահովագրական բրոքերին (միջնորդին) նախազգուշացում տրվում է գրավոր՝ լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ:

4. Ապահովագրողին եւ ապահովագրական բրոքերին (միջնորդին) նախազգուշացում կարող է տրվել սույն օրենքի 45-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին եւ 2-ին մասով սահմանված յուրաքանչյուր խախտման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների հայտնաբերման դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ խախտումը հիմք է հանդիսանում ապահովագրական կամ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի գործողության դադարեցման նպատակով դատարան դիմում ներկայացնելու համար:

5. Նախազգուշացումը կարող է տրվել խախտումը կատարելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տեւական խախտման դեպքում՝ խախտումը բացահայտելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 48 . ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ (ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

1. Ապահովագրողի եւ/կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) նկատմամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տուգանքը կարող է կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների հետեւյալ խախտումների համար.

1) ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցումը տրվել է առանց սույն օրենքով պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության (անհիմն հատուցում).

2) ապահովագրողի կողմից թույլ է տրվել սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ, կամ 19-րդ, կամ 20-րդ, կամ 21-րդ կետով նախատեսված խախտումը.

3) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից թույլ է տրվել սույն օրենքով 45-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, կամ 8-րդ, կամ 9-րդ, կամ 10-րդ կետով նախատեսված խախտումները:

2. Եթե ապահովագրողի եւ/կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) նկատմամբ տուգանք կիրառելու համար առկա են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի հիմքեր, ապա տուգանք է կիրառվում յուրաքանչյուր հիմքով:

3. Ապահովագրողի եւ/կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) նկատմամբ տուգանքները կիրառվում են հետեւյալ չափերով.

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ վճարված ապահովագրական հատուցման գումարի 5%-ի չափով.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանհինգապատիկի չափով, իսկ նույն խախտման համար, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում, սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով.

3) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանհինգապատիկի չափով, իսկ նույն խախտման համար, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում, սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով:

4. Խախտումը իրականացրած ապահովագրողի եւ/կամ ապահովագրական բրոքերի (միջնորդի) նկատմամբ տուգանքը նշանակվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի որոշմամբ:

5. Տուգանքը ենթակա է վճարման՝ այն նշանակելու որոշումը համապատասխան ապահովագրողին կամ ապահովագրական բրոքերին (միջնորդին) պատշաճ կերպով հանձնելու օրվանից 15 օրվա ընթացքում:

6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում սահմանված ժամկետում, այն ապահովագրողը կամ ապահովագրական բրոքերը (միջնորդը), ում նշանակվել է տուգանքը, լիազորված պետական կառավարման մարմնին չի ներկայացնում տուգանքի վճարման անդորրագիրը, ապա չվճարված տուգանքը ենթակա է բռնագանձման դատական կարգով:

7. Սույն հոդվածով նախատեսված տուգանքները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

ՀՈԴՎԱԾ 49 . ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն օրենքի իմաստով՝ ապահովագրողների եւ/կամ ապահովագրական բրոքերների (միջնորդների) կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումները դասակարգվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խախտումների դասակարգման սկզբունքով (կոպիտ խախտում, չարամտորեն խախտում, պարբերաբար խախտում) եւ ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դրանց տրված իմաստը:

2. Ապահովագրական կամ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

3. Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնել կասեցման որոշմամբ սահմանված գործունեություն կամ գործառույթ կամ գործողություն, բացառությամբ նրանցից, որոնք ուղղված են լիցենզիայի գործողության կասեցման պատճառները վերացնելուն, ինչպես նաեւ կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներն իրականացնելուն: Լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում լիցենզավորված անձի կողմից արգելված գործունեության կամ գործառույթի կամ գործողության իրականացումը համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում եւ առաջացնում է օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն:

4. Ապահովագրական գործունեության լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում ապահովագրողը չի ազատվում նախկինում կնքած ապահովագրության պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումից:

5. Ապահովագրական գործունեության լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում ապահովագրողը չի կարող կնքել նոր ապահովագրության պայմանագրեր եւ ստանձնել նոր ապահովագրական պարտավորություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ ապահովագրողը զրկվել է ապահովագրական գործունեության առանձին գործառույթներ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններ իրականացնելու իրավունքից:

6. Լիազորված պետական կառավարման մարմինն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման համար ապահովագրողի եւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիազորված պետական կառավարման մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն:

7. Ապահովագրական գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել`

1) ապահովագրողի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու կամ գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

2) ապահովագրողի գտնվելու վայրի փոփոխության մասին լիազորված պետական կառավարման մարմնին 10 օրյա ժամկետում չհայտնելու դեպքում.

3) ապահովագրողի կանոնադրության փոփոխությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելուց հետո 10 օրյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելու դեպքում.

4) ապահովագրական գործունեության իրականացման ժամանակ ապահովագրական գործունեության լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաեւ ապահովագրական գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում.

5) ապահովագրողի կողմից թույլ տրված պարբերաբար խախման դեպքում.

6) ապահովագրողի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

7) ապահովագրողի կողմից լիազորված պետական կառավարման մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաեւ ապահովագրական սակագների հիմնավորումների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում.

8) ապահովագրողին ապահովագրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու դեպքում.

9) սույն օրենքով սահմանված դեպքերում ապահովագրողի համապատասխան պաշտոնատար անձի (որակավորված անձի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված որակավորման վկայականը չեղյալ համարվելու դեպքում` միայն այդ անձի մասով.

10) սույն օրենքով սահմանված կարգով ապահովագրողի համապատասխան պաշտոնատար անձին (որակավորված անձին) որակավորումից զրկելու դեպքում` միայն այդ անձի մասով.

11) ապահովագրողի դիմումի համաձայն.

12) սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից լիցենզիայի գործողության դադարեցման համար դատարան դիմում ներկայացնելու դեպքում.

13) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված հաշվետվություններում կեղծ տվյալների ներկայացման դեպքում.

15) ապահովագրողի կողմից, ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ ապահովագրավճարներից ապահովագրական պահուստներ չձեւավորելու դեպքում.

16) ապահովագրողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ապահովագրողների հիմնական տնտեսական նորմատիվների սահմանային չափերը չպահպանելու դեպքում.

17) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման համար լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ապահովագրողին տրված նախազգուշացմամբ նախատեսված խախտումը վերացնելու հաձնարարականը սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներում չկատարելու կամ ոչ ամբողջությամբ կատարելու դեպքում.

18) ապահովագրողի համապատասխան իրավասու մարմնի կողմից ընկերության լուծարման մասին որոշում կայացնելու դեպքում.

19) դատարանի վճռով (որոշմամբ) ապահովագրողին անվճարունակ (սնանկ) ճանաչելու դեպքում.

20) սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետներում ապահովագրական գործունեության լիցենզիայի վերաձեւակերպման հայտը լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելու դեպքում,

21) Ապահովագրողի կողմից սույն օրենքով սամանված՝ արտադրական եւ առեւտրամիջնորդային գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասնակից հանդիսանալու վերաբերյալ սահմանափակող պահանջը չպահպանելու դեպքում:

8. Ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել՝

1) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու կամ գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

2) ապահովագրական բրոքերի (միջնորդի) գտնվելու վայրի փոփոխության մասին լիազորված պետական կառավարման մարմնին 10 օրյա ժամկետում չհայտնելու դեպքում.

3) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կանոնադրության փոփոխությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցվելուց հետո 10 օրյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելու դեպքում.

4) ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության իրականացման ժամանակ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաեւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում.

5) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից պարբերաբար խախտումներ կատարելու դեպքում.

6) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

7) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից լիազորված պետական կառավարման մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում.

8) ապահովագրական բրոքերին (միջնորդին) ապահովագրական բրոքերերային (միջնորդային) գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամանակավորապես զրկելու դեպքում.

9) սույն օրենքով սահմանված դեպքերում ապահովագրական բրոքերի (միջնորդի) համապատասխան պաշտոնատար անձի (որակավորված անձի) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված որակավորման վկայականը չեղյալ համարվելու դեպքում` միայն այդ անձի մասով.

10) սույն օրենքով սահմանված կարգով ապահովագրական բրոքերի (միջնորդի) համապատասխան պաշտոնատար անձին (որակավորված անձին) որակավորումից զրկելու դեպքում` միայն այդ անձի մասով.

11) ապահովագրական բրոքերի (միջնորդի) դիմումի համաձայն.

12) սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից լիցենզիայի գործողության դադարեցման համար դատարան դիմում ներկայացնելու դեպքում.

13) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված հաշվետվություններում կեղծ տվյալների ներկայացման դեպքում.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման համար լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ապահովագրական բրոքերին (միջնորդին) տրված նախազգուշացմամբ նախատեսված խախտումը վերացնելու հաձնարարականը սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներում չկատարելու կամ ոչ ամբողջությամբ կատարելու դեպքում.

16) ապահովագրական բրոքերի (միջնորդի) համապատասխան իրավասու մարմնի կողմից ընկերության լուծարման մասին որոշում կայացնելու դեպքում.

17) դատարանի վճռով (որոշմամբ) ապահովագրական բրոքերին (միջնորդին) անվճարունակ (սնանկ) ճանաչելու դեպքում.

18) սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետներում ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի վերաձեւակերպման հայտը լիազորված պետական կառավարման մարմնին չներկայացնելու դեպքում.

19) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

9. Սույն հոդվածի յոթերորդ մասի 9-րդ, 10-րդ եւ ութերորդ մասի 9-րդ, 10-րդ կետերով նախատեսված դեպքերում ապահովագրական եւ ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի գործողությունը (միայն այդ անձի մասով) կասեցվում է սույն օրենքով սահմանված ժամկետում համապատսախան պաշտոնատար անձին զբաղեցրած պաշտոնից չազատելու դեպքում:

10. Սույն հոդվածի յոթերորդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 20-րդ եւ 21-րդ կետերով եւ ութերորդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ եւ 18-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցում է մինչեւ խախտման պատճառի վերացումը:

11. Սույն հոդվածի յոթերորդ մասի 1-ին եւ 5-րդ եւ ութերորդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է երկու ամիս ժամանակով:

12. Սույն հոդվածի յոթերորդ մասի 11-րդ եւ ութերորդ մասի 11-րդ կետերով նախատեսված դիմումները լիցենզավորող մարմնում քննարկվում են այն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում: Եթե դիմում տալու օրվանից 20 օրվա ընթացքում դիմումը չի քննարկվում կամ որոշում չի կայացվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված լիցենզավորված անձի կողմից նշված ժամանակով:

13. Լիցենզիայի գործողության կասեցման մասին լիցենզավորված անձի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով կամ լիցենզավորման կարգերով կամ եթե լիցենզիայի գործողության կասեցման հետեւանքով ուղղակի վնաս կհասցվի պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին ու բարի համբավին:

14. Սույն հոդվածի յոթերորդ մասի 11-րդ եւ ութերորդ մասի 11-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորված անձի կողմից նշված ժամկետով:

15. Սույն հոդվածի յոթերորդ մասի 13-րդ եւ ութերորդ մասի 13-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է օրենքով նախատեսված ժամկետով:

16. Սույն հոդվածի յոթերորդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 20-րդ եւ 21-րդ կետերով եւ ութերորդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ եւ 18-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

17. Սույն հոդվածի յոթերորդ մասի 8-րդ եւ ութերորդ մասի 8-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզավորված անձին ժամանակավորապես լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրվանից:

18. Սույն հոդվածի յոթերորդ մասի 9-րդ եւ 10րդ եւ ութերորդ մասի 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը (միայն այդ անձի մասով) կասեցված է համարվում որակավորումից զրկված եւ/կամ որակավորման վկայականը չեղյալ համարված համապատասխան պաշտոնատար անձին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից:

19. Սույն հոդվածի յոթերորդ մասի 12-րդ եւ ութերորդ մասի 12-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում մինչ դատարանի կողմից վճռված՝ լիցենզիայի գործողության դադարեցան (ուժը կորցրած ճանաչելու) օրը կամ դատարանի կողմից լիցենցիայի գործողության դադարեցման մասին լիազորված պետական կառավարման մարնի դիմումը մերժելու վերաբերյալ վճիռը կայացնելու օրը:

20. Սույն հոդվածի յոթերորդ մասի 18-րդ եւ ութերորդ մասի 16-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում մինչ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան պետական իրավասու մարմնի կողմից լիցենզավորված անձի լուծարման գրանցման օրը:

21. Սույն հոդվածի յոթերորդ մասի 19-րդ եւ ութերորդ մասի 17-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում մինչ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ անվճարունակության (սնանկության) վերաբերյալ գործի ավարտի օրը:

22. Սույն հոդվածի յոթերորդ մասի 13-րդ եւ ութերորդ մասի 13-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տարեկան պետական տուրքը չվճարելու օրվանից:

23. Սույն հոդվածի յոթերորդ մասի 18-րդ եւ ութերորդ մասի 16-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզավորված անձի համապատասխան իրավասու մարմնի կողմից ընկերության լուծարման մասին որոշումը կայացնելու օրվանը հաջորդող օրվանից:

24. Սույն հոդվածի յոթերորդ մասի 19-րդ եւ ութերորդ մասի 17-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզավորված անձին սնանկ (անվճարունակ) ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն (որոշումն) ընդունվելու օրվանը հաջորդող օրվանից:

25. Եթե լիցենզիայի գործողությունը կասեցվել է սույն օրենքով նախատեսված մեկից ավելի հիմքերով, ապա կասեցման որոշում է կայացվում յուրաքանչյուր հիմքով:

26. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը լիցենզավորված անձին պատշաճ հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

27. Լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից: Եթե լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչեւ խախտման պատճառի վերացումը, ապա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում լիցենզավորված անձի խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով)` լիազորված պետական կառավարման մարմնում մուտքագրվելու օրվանը հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում լիազորված պետական կառավարման մարմինն այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում եւ դրա մասին պատշաճ ձեւով չի հայտնում լիցենզավորված անձին:

28. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տեւական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

29. Եթե լիցենզավորման հանձնաժողովի կողմից լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին հարցի քննարկման վերաբերյալ եզրակացությունն կայացնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում պատշաճ ձեւով լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշում չի հանձնվում կամ ուղարկվում լիցենզավորված անձին, ապա լիցենզիայի գործողության կասեցման հարցը համարվում է մերժված: Այս դեպքում լիազորված պետական կառավարման մարմինն իրավունք չունի նույն հիմքերով երկրորդ անգամ հարց բարձրացնել լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման համար:

ՀՈԴՎԱԾ 50 . ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ապահովագրական գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել՝

1) ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) ապահովագրողի լուծարման դեպքում.

3) եթե ապահովագրական գործունեության իրականացման հետեւանքով պատճառվել է ծանր վնաս.

4) ապահովագրողի կողմից չարամտորեն խախտումներ կատարելու դեպքում.

5) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս քան երկու անգամ սույն օրենքի 49-րդ հոդվածի յոթերորդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 20-րդ եւ 21-րդ կետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

6) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

7) ապահովագրողի դիմումի համաձայն.

8) ապահովագրողի կամ նրա մասնաճյուղի կողմից առեւտրամիջնորդային կամ արտադրական կամ բանկային գործունեություն իրականացնելու դեպքում.

9) ապահովագրողի կողմից ապահովագրական գործառնությունների եւ այլ ֆինանսական գործարքների միջոցով փողերի լվացման, կամ ապօրինի գործունեության կամ գործառնության ֆինանսավորման իրականացման դեպքում.

10) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել՝

1) ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) ապահովագրական բրոքերի (միջնորդի) լուծարման դեպքում.

3) եթե ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության իրականացման հետեւանքով պատճառվել է ծանր վնաս.

4) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից չարամտորեն խախտումներ կատարելու դեպքում.

5) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս քան երկու անգամ սույն օրենքի 49-րդ հոդվածի ութերորդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 14-րդ, 15-րդ եւ 18-րդ կետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

6) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

7) ապահովագրական բրոքերի (միջնորդի) դիմումի համաձայն.

8) ապահովագրական բրոքերի (միջնորդի) կողմից ապահովագրական գործառնությունների եւ այլ ֆինանսական գործարքների միջոցով փողերի լվացման, կամ ապօրինի գործունեության կամ գործառնության ֆինանսավորման իրականացման դեպքում.

9) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Սույն օրենքի 49-րդ հոդվածի յոթերորդ մասի 16-րդ կետով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում ոչ պակաս քան երկու անգամ ապահովագրական գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում՝ այդ հիմքով ապահովագրական գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել միայն այն դեպքում, երբ լիցենզիայի գործողության նշված կասեցման համար հիմք է հանդիսացել միեւնույն տնտեսական նորմատիվի սահմանային չափի խախտումը:

4. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող եւ տեւական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15 օրվա ժամկետում:

6. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ եւ երկրորդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

7. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ երկրորդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով՝ լիազորված պետական կառավարման մարմնի դիմումի համաձայն:

8. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ,10-րդ եւ երկրորդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

9. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 7-րդ եւ երկրորդ մասի 2-րդ, 7-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ:

10. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ եւ երկրորդ մասի 7-րդ կետերով նախատեսված դիմումները լիազորված պետական կառավարման մարմնում քննարկվում են այն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում: Եթե դիմում տալու օրվանից 20 օրվա ընթացքում դիմումը չի քննարկվում կամ որոշում չի կայացվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը՝ դադարեցված: Լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորված անձի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով կամ լիցենզավորման կարգերով:

11. Լիազորված պետական կառավարման մարմնի կողմից կարող է սահմանվել լիցենզիայի գործողության դադարեցման դիմումում նշվածից ավելի ուշ ժամկետը, եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետեւանքով ուղղակի վնաս կհասցվի պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին ու բարի համբավին:

12. Եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետեւանքով ուղղակի վնաս կհասցվի պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ լիցենզավորող մարմնի որոշմամբ պետք է սահմանվեն նաեւ լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը դադարեցնելու հետեւանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ կամ դրա հետեւանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգ կամ հետեւանքների վերացման ժամկետ:

13. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ եւ երկրորդ մասի 7-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզավորված անձի դիմումով ավելի ուշ ժամկետում նախատեսված չէ:

14. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ եւ երկրորդ մասի 2-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված լիցենզավորված անձի լուծարման օրվանից:

ՀՈԴՎԱԾ 51 . ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՈԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

1. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձեւակերպման կամ լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենի տրամադրման վերաբերյալ հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման մասին, լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշումը չվերացնելու մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը, ինչպես նաեւ որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

2. Հայտերի մերժման մասին լիցենզավորող մարմինների որոշումները հայտատուն կամ լիցենզավորված անձն իրավունք ունի բողոքարկել համապատասխան մերժումը ստանալու օրվանից մեկ ամսյա ժամկետում:

3. Լիցենզավորող մարմինների կողմից բողոքները քննարկվում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովներում կամ լսումների կարգով:

Բողոքարկման հանձնաժողովներում եւ լսումների կարգով բողոքները քննարկվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Բողոքները քննարկվում են դրանք լիցենզավորող մարմնում մուտք լինելու օրվանից 10 օրվա ժամկետում:
 
 

ԳԼՈՒԽ VII

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 52. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են հանդես գալ որպես ապահովագրվող (ապահովադիր) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց համահավասար, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

ՀՈԴՎԱԾ 53. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Ապահովագրության հետ կապված վեճերը, կողմերից մեկի ցանկության դեպքում, կարող են լուծվել լիազորված պետական կառավարման մարմնի կողմից լսումների կարգով դրանք քննարկելու միջոցով, իսկ դրա արդյունքում կողմերի փոխադարձ համաձայնության չգալու դեպքում՝ վեճերը լուծվում են դատական կարգով:

2. Ապահովագրության հետ կապված վեճերի լուծման նպատակով լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ստեղծվում է լսումների կարգով վեճերի քննարկման հանձնաժողով: Լսումների կարգով վեճերի քննարկման հանձնաժողովը իրավասու է քննել ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի), ինչպես նաեւ ապահովագրական բրոքերի (միջնորդի) միջեւ առաջացած ցանկացած տարաձայնությունների եւ վեճերի հետ կապված հարցեր, եթե դրանք վերաբերվում են ապահովագրության (վերաապահովագրության կամ ապահովագրական միջնորդային) պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը կամ իրավունքների իրականացմանը:

3. Լսումների կարգով վեճերի քննարկման հանձնաժողովի կողմից կայացրած որոշումների կատարումը պարտադիր չէ կողմերի համար, որոնք քննարկումների արդյունքում համաձայնության չգալու դեպքում կարող են դիմել դատարան:

ՀՈԴՎԱԾ 54. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1 . Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզավորված ապահովագրողները եւ ապահովագրական բրոքերները (միջնորդները) պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի դրույթներին:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տրված ապահովագրական գործունեության բոլոր տեսակների լիցենզիաները համարվում են ոչ կյանքի ապահովագրության լիցենզիաներ:

ՀՈԴՎԱԾ 55. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դրույթների, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքի այն դրույթները, որոնցով սահմանվում են լիցենզավորման ենթակա նոր գործունեության տեսակներ կամ որոնցով նախատեսվում է լիցենզիայի պայմանների եւ պահանջների այնպիսի փոփոխություն, որը սահմանափակում է ապահովագրողների կամ ապահովագրական բրոքերների (միջնորդների) իրավունքները կամ նրանց համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

3. Սույն օրենքը` ակտուարներին (ակտուարային ստորաբաժանման ղեկավարներին) վերաբերվող պահանջների մասով ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երկու տարի հետո:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-87 օրենքը: