Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-027-12.07.2007-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության ծրագրային հիմունքները, ինչպես նաեւ հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության կարգերը:

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին օրենսդրությունը

1. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին oրենuդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, uույն oրենքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

Հոդված 2. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունը

1. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունը տնտեսական, սոցիալական եւ իրավական միջոցառումների համակարգ է, որը հաշմանդամների համար ստեղծում է կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու, փոխարինելու ( փոխհատուցելու ) պայմաններ եւ ապահովում է նրանց իրավունքների եւ ազատությունների իրականացումը:

2. Հաշամանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակ ներն են`

ա) հաշմանդամների համար հավասար իրավունքների ապահովումը.

բ) հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը:

3. Սույն օրենքի իմաստով՝

ա) հաշմանդամների համար հավասար իրավունքների ապահովումը՝ կենսագործունեության սահմանափակումների հաղթահարման, փոխարինման (փոխհատուցման) պայմանների ստեղծմամբ հաշմանդամների համար Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված նույն իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների ապահովումն է, ինչպիսիք ունեն այլ անձինք.

բ) հ աշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը՝ կենսագործունեության սահմանափակումների հաղթահարման, փոխարինման (փոխհատուցման) պայմանների ստեղծմամբ կրթության, աշխատանքի , տեղեկատվությ ա ն, սպասարկման եւ հասարակական կյանքի այլ բնագավառներում հաշմանդամների մասնակցության՝ մյուս քաղաքացիներին համարժեք հնարավորության ապահովումն է:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 3. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ծրագրերը

1. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականություննիրականացվում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ Համալիր ծրագիր) սահմանված ժամկետներում եւ կարգով։

2. Համալիր ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքի ընդունմամբ։

3. Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ արտացոլվում հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրերում (այսուհետ՝ Տարեկան ծրագիր)։

Հոդված 4. Համալիր ծրագրի սկզբունքները եւ բովանդակությունը

1. Համալիր ծրագրի հիմնական սկզբունքներն են`

ա) առավել արդյունավետ օգտագործման համար ֆինանսական, նյութական եւ աշխատանքային ռեսուրսների համախմբումը.

բ) համալիր միջոցառումների իրականացումը.

գ) պահանջվող արդյունքին սահմանված վերջնաժամկետում հասնելը:

2. Համալիր ծրագիրը կազմված է հետեւյալ բաժիններից`

ա) հաշմանդամության հիմնախնդիրների վերլուծությունը.

բ) ծրագրի հիմնական նպատակները եւ խնդիրները.

գ) ծրագրի իրականացման փուլերը եւ ժամկետները.

դ) ծրագրի կատարմանն ուղղված միջոցառումների եւ աշխատանքների ցանկը.

ե) ծրագրի ռեսուրսային ապահովվածությունը.

զ) ծրագրի ղեկավարման կազմակերպումը եւ դրա իրականացման ընթացքի վերահսկողությունը.

է) ծրագրի իրականացումից սպասվող արդյունքի գնահատումը:

3. Հաշմանդամության հիմնախնդիրների վերլուծությունը պարունակում է հաշմանդամության առկա վիճակի նկարագրությունը, հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության խնդիրները, ինչպես նաեւ տվյալ ժամանակահատվածում որոշակի խնդիրների լուծման առաջնահերթությանեւ հնարավորության հիմնավորումները:

Հոդված 5. Համալիր ծրագրի մշակման եւ իրականացման ապահովումը

Համալիր ծրագրի մշակումը եւ իրականացումն ապահովում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` Լիազորված մարմինը), որը՝

ա) նախապատրաստում է Համալիր ծրագրի մշակման նախնական խնդիրները.

բ) համակարգում է ծրագիրը մշակող մասնագետների աշխատանքը.

գ) ծրագրի կատարողների հետ համաձայնեցնում է նախատեսվող միջոցառումների կատարման ժամկետները,  ֆինանսավորման ծավալները եւ ժամկետները.

դ) համապատասխան իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ կնքում է պայմանագրեր` ծրագրի ֆինանսավորման մտադրության մասին.

ե) ծրագիրը ներկայացնում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողովի փորձաքննությանը եւ դրա արդյունքում իրականացնում է ծրագրի լրամշակումը.

զ) ապահովում է ծրագրով նախատեսված միջոցառումների` սահմանված ժամկետներում իրականացումը.

է) ապահովում է ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությունը.

ը) օրենքով սահմանված կարգով ներկայացնում է Տարեկան ծրագրերի կատարարման մասին հաշվետվությունները:

ԳԼՈՒԽ 3

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 6. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողովը

1. Համալիր եւ Տարեկան ծրագրերի, դրանց հաշվետվությունների եւ կատարումն ապահովող այլփաստաթղթերի անկախ եւ մասնագիտական փորձաքննության, ինչպես նաեւ հաշմանդամների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով ստեղծվում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):

2. Հանձնաժողովն ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է սույն օրենքի, այլ իրավական ակտերի եւ իր կանոնադրության հիման վրա եւ ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:

Հոդված 7. Հանձնաժողովի իրավասությունը

1. Հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով՝

ա) իրականացնում է Համալիր եւ Տարեկան ծրագրերի, դրանց հաշվետվությունների եւ կատարումն ապահովող այլ փաստաթղթերի նախնական եւ ամփոփիչ փորձաքննություններ եւ տալիս է եզրակացություններ.

բ) քննարկում է հաշմանդամների իրավունքների եւ ազատությունների խախտմանը վերաբերող առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ եւ ընդունում է որոշումներ.

գ) հաստատում է հանձնաժողովի կանոնադրությունը, նրա աշխատակազմի կազմակերպական կառուցվածքը, աշխատողների առավելագույն թիվը, հաստիքացուցակը եւ հանձնաժողովի ֆինանսական միջոցների օգտագործման կարգը.

դ) կարող է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացնել հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող իրավական ակտերի նախագծեր.

ե) կրթության եւ աշխատանքային զբաղվածության ապահովման բնագավառներում հաշմանդամների եւ այլ անձանց միջեւ ծագած վեճերի լուծման նպատակով կարող է միջնորդել նրանց միջեւ հաշտության պայմանագրի կնքմանը եւ վերահսկել այդ պայմանագրի պայմանների կատարմանը (պահպանմանը).

զ) իրականացնում է գիտական եւ փորձագիտական հետազոտություններ, ամփոփում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը եւ առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.

է) համագործակցում է օտարերկրյա պետությունների պետական մարմինների եւ ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ.

ը) կատարում է հրապարակային բացատրական աշխատանք՝ օրենքով սահմանված հաշմանդամների իրավունքների եւ ազատությունների մասին հասարակությանն իրազեկ դարձնելու նպատակով.

թ) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող անհրաժեշտ տեղեկություններ.

ժ) իրականացնում է օրենքով եւ իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Սույն օրենքով սահմանված խնդիրները եւ գործառույթներն իրականացնելիս Հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից:

Հոդված 8. Հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունները

1. Հանձնաժողովը փորձագիտական եզրակացություն է տալիս Համալիր եւ Տարեկան ծրագրերի, դրանց հաշվետվությունների, ինչպես նաեւ դրանց կատարումն ապահովելու նպատակով մշակված փաստաթղթերի վերաբերյալ՝ դրանց ստացման օրվանից՝ մեկամսյա ժամկետում:

2. Հանձնաժողովի եզրակացությունները եռօրյա ժամկետում պաշտոնապես ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով եւ կառավարություն:

3. Համալիր եւ Տարեկան ծրագրերի, ինչպես նաեւ դրանց հաշվետվությունների վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը ներառում է՝

ա) ծրագրային խնդիրների եւ միջոցառումների հիմնավորվածության աստիճանը.

բ) ծրագրային խնդիրների եւ միջոցառումների ռեսուրսային, այդ թվում՝ ֆինանսական ապահովվածության գնահատականը.

գ) օրենքի պահանջներին ծրագրերի եւ դրանց հաշվետվությունների համապատասխանության գնահատականը.

դ) ծրագրերի, դրանց հաշվետվությունների մշակման եւ քննարկման ընթացքում ստացված, ինչպես նաեւ նախնական փորձաքննության արդյունքում իր ներկայացրած առաջարկությունները ծրագրերում, դրանց հաշվետվություններում ընդգրկելու կամ մերժելու մասին տեղեկանքը.

ե) ծրագրերի մշակվածության եւ իրատեսության վերաբերյալ ամփոփ գնահատականը.

զ) այլ տեղեկություններ եւ վերլուծություններ, որոնք Հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի ծրագրերի եւ դրանց հաշվետվությունների վերաբերյալ լիարժեք փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար:

4. Համալիր եւ Տարեկան ծրագրերը, դրանց հաշվետվությունները Ազգային ժողովը քննարկում է Հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:

5. Հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Հանձնաժողովի նախագահը:

Հոդված 9. Հանձնաժողովի գործունեության կարգը

1. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է դռնբաց նիստերի միջոցով:

2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ՝ ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դա վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ տեղակալը, եւ նիստին ներկա են Հանձնաժողովի առնվազն 6 անդամ:

3. Հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի առնվազն չորս անդամի պահանջով։

4. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

5. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, դրանք ստորագրում է նիստը նախագահողը:

Հոդված 10. Հանձնաժողովի անդամները

1. Հանձնաժողովը կազմված է 11 անդամից՝ նախագահ, տեղակալ եւ 9 անդամ:

2. Հանձնաժողովի կազմն ունի հետեւյալ հարաբերակցությունը`

ա) 6 անդամ՝ հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.

բ) 5 անդամ՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառի բժշկական եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

3. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հաշմանդամների հասարակական կազմակերպությունների, բժշկական եւ գիտական հաստատությունների ներկայացմամբ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում` վեց տարի ժամկետով:

4. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, ով՝

ա ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի.

բ) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

գ) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործությունների համար.

դ) օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զաբղեցնելու իրավունքից:

5. Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել ներկայացուցչական որեւէ մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, բժշկական, ստեղծագործական կամ մանկավարժական գործունեության:

6. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

ա) ավարտվել է նրա պաշտոնավարման ժամկետը.

բ) նա կորցր ել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

գ) նա դատապարտվել է ազատազրկման.

դ) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի որոշումը.

ե) նա տվել է հրաժարական.

զ) նա նշանակվել է այլ պաշտոնի.

է) նա մահացել է:

7. Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել, եթե նա հիվանդության կամ այլ պատճառով երեք ամսից ավելի չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները:

8. Հանձնաժողովի անդամին պաշտոնից վաղաժամկետ ազատելու դեպքում տվյալ պաշտոնում նշանակում կատարվում է այդ անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:

Հոդված 11. Հանձնաժողովի նախագահը

1. Հանձնաժողովի նախագահին` Հանձնաժողովի անդամների կազմից ընտրում է Հանձնաժողովը:

2. Հանձնաժողովի նախագահը՝

ա) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը.

բ) հրավիրում եւ նախագահում է Հանձնաժողովի նիստերը, համակարգում եւ ապահովում է Հանձնաժողովի եւ նրա աշխատակազմի բնականոն աշխատանքը.

գ) աշխատանքի է ընդունում, աշխատանքից ազատում է, խրախուսման կամ կարգապահական տույժի է ենթարկում Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին.

դ) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ նիստերի արձանագրությունները.

ե) կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը.

զ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին եւ քննարկվող հարցերի վերաբերյալ հայտնել իր գրավոր կարծիքը, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ.

է) մասնակցում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառի պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը եւ ներկայացմանը.

ը) իրականացնում է սույն օրենքով եւ Հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի անդամներից տարիքով առավել ավագը:

Հոդված 12. Հանձնաժողովի աշխատակազմը

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը եւ թվաքան ակը հաստատում է Հանձնաժողովը:

2. Հանձնաժողովի աշխատակազմն ունի հետեւյալ հարաբերակցությունը`

ա) երկու երրորդը՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառի բժշկական եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչներ.

բ) մեկ երրորդը՝ հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հոդված 13. Հանձնաժողովի ֆ ինանսավորումը

1. Հանձնաժողովը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Հանձնաժողովի եւ նրա աշխատակազմի աշխատողների վարձատրության եւ պարգեւավճարների չափերը հաստատում է Հանձնաժողովը:

3. Հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում ու Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (հանձնաժողովի ծախսերի նախահաշվի նախագիծը): Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքում ամրագրված՝ Հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:

4. Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշների համաձայնեցումը եւ պետական բյուջեի նախագծում դրանց ներառումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտի օրինակն առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Պետական բյուջեի ծախսային մասում հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:

ԳԼՈՒԽ 4

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 14. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Սույն օրենքի պահանջները խախտելու համար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹԵՐ

Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաս ներորդ օրը :

«ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ներկայումս աշխարհում 600 միլիոնից ավելի մարդ ունի հաշմանդամություն, Եվրոմիության երկրներում՝ 37 միլիոնից ավելի, Հայաստանում՝ 115000-ից ավելի: Գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նույնիսկ զարգացած երկրներում 50-ից 80 տարեկանի միջակայքում 70%-ի հավանականություն կա, որ ցանկացած ոք կարող է ձեռք բերել հաշմանդամություն: Հետեւաբար վերոգրյալ ցուցանիշները զգալիորեն աճելու միտում ունեն եւ առանց պետական աջակցության՝ մոտ ապագայում հաշմանդամության հինախնդիրները չեն կարող լուծվել:

Եթե նախկինում կամ ավանդաբար հաշմանդամությանն առնչվող պետական քաղաքականության գերակա ուղղությունները համարվել են հաշմանդամների բժշկական օգնությունը, վերականգնողական միջոցառումների իրականացումը եւ սոցիալական պաշտպանությունը, ապա վերջին երկու տասնամյակներում` հաշմանդամների եւ նրանց հասարակակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ ստեղծվել է հաշմանդամության հիմնախնդիրների լուծման միանգամայն նոր` հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների եւ ազատությունների ապահովման սկզբունքի վրա խարսխված հայեցակարգ: Օրինակ, հաշմանդամների սոցիալական պաշտպանության Շվեդիայի քաղաքականության հիմքում ներկայումս շրջակա միջավայրի եւ հաշմանդամության փոխկապակցվածության սկզբունքն է, ըստ որի ֆունկցիոնալ խանգարումը հաշմանդամություն է դառնում անմատչելի միջավայրում, այսինքն անմատչելի միջավայրում անգամ ամնենափոքր վնասվածքը կարող է դառնալ հաշմանդամության պատճառ, իսկ մատչելի միջավայրում նույնիսկ ամենածանր հիվանդությունը կարող է հաշմանդամության պատճառ չդառնալ:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների եւ ազատությունների ապահովման հիմնադրույթներն ամրագրված են ՄԱԿ-ի 1993թ. «Հաշմանդամների հավասար իրավունքների ապահովման ստանդարտ կանոններ» բանաձեւում: Բանաձեւն ուղղված է այնպիսի իրավիճակի ստեղծմանը, երբ հաշմանդամները կունենան նույն իրավունքները եւ պարտականությունները, ինչպիսիք ունեն հասարակության մյուս անդամները: Այդպիսի իրավիճակի հասնելու համար նախատեսվում է իրականացնել լայնածավալ քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ այլ միջոցառումներ, որոնցից առավելապես կարեւորվում է հաշմանդամությանն առնչվող օրենսդրության կատարելագործումը:

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծն (այսուհետ՝ նախագիծ) համահունչ է վերը նկարագրված քաղաքականության հիմնադրույթներին եւ ուղղված է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության համակարգի հետագա կատարելագործմանը: Նախագիծն արդեն գոյություն ունեցող՝ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կրկնությունը չէ: Այն ուղղված է վերացնելու ինչպես այդ օրենքում, այնպես էլ հաշմանդամության հիմնախնդիրներին առնչվող 50-ից ավելի այլ իրավական ակտերում արձանագրված թերությունները եւ կենսագործելու այդ իրավական ակտերում ամրագրված հռչակագրային դրույթները: «Հաշամանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը նաեւ հնացած է, քանի որ այն ընդունվել է 1993թ., այսինքն ՀՀ Սահմանադրությունից 2, իսկ ՀՀ քաղացիական օրենսգրքից 5 տարի առաջ: Բացի այդ, մի քանի օրենքով հաշմանդամության հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտության մասին է վկայում նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունը: Մասնավորապես Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում եւ Շվեդիայում հաշմանդամության հիմնահարցերը կարգավորված են ինչպես առանձին` հատուկ ակտով, այնպես էլ այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

Նախագծում ըստ էության կանոնակարգված են 2 հիմնական հարց՝

1) հաշմանդամների սոցիալական պաշտպանության համալիր ծրագրի ընդունումը.

2) հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողովի ստեղծումը:

Հաշմանդամության հիմնախնդիրների լուծման ծրագրային հիմունքները կամ Տարեկան ծրագրի գաղափարն արդեն իսկ՝ 2002թ դեկտեմբերին ամրագրվել են «Հաշմանդամերի սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում: Այդ փոփոխությունների կենսագործման ընթացքում պարզվել է, որ պետական բյուջեի կազմում Ազգային ժողովի կողմից հաստատվող Տարեկան ծրագրերը էականորեն նպաստում են որոշակի ուղղություններով հաշմանդամության հիմնախնդիրների լուծման առաջնթացին: Սակայն հաշմանդամության հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական եւ նյութական ռեսուրսների անբավարարությունը դեռեւս թույլ չի տալիս հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառում բավարար տեղաշարժ արձանագրել, որը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ներկայիս փուլում միանգամայն կանխատեսելի եւ օբյեկտիվ գործոններով պայմանավորված երեւույթ է: Հատկանշական է որ, հաշմանդամների հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցները, նույնիսկ Շվեդիայի նման զարգացած երկրում մեկ տարում չեն գոյանում այլ կուտակվում են, օրինակ՝ 15 եւ ավելի տարիների ընթացքում: Հետեւաբար նախագծի հեղինակները կարծում են, որ Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմնախնդիրների լուծման համար նախատեսվող միջոցառումները պետք է պլանավորվել ոչ միայն մեկ տարվա այլեւ տասնամյակների համար: Նկարագրված գործընթացի կարգավորմանն է ուղղված Համալիր ծրագիրը, որտեղ սահմանվելիք խնդիրները՝ ըստ հրատապության, ֆինանսական ռեսուրսների առկայության եւ դրանց կատարման համար այլ անհրաժեշտ պայմանների եւ միջոցների առկայության, կունենան լուծման տարբեր ժամկետներ:

Հաշմանդամության հիմնախնդիրները համալիր կամ հեռանկարային ծրագրերով լուծելու մեխանիզմը նորովի չի հայտնաբերվել: Ռուսաստանի Դաշնությունում արդեն 2 այդպիսի ծրագիր է ընդունվել, որոնցից՝ 1995 - 1999թ.թ. ծրագիրն արդեն իրականացվել է, իսկ 2000-2005թ.թ. «Հաշմանդամների սոցիալական աջակցության» ծրագրի կատարումը դեռեւս ընթացքի մեջ է: 1982թ. Շվեդիայում ընդունված «Հաշմանդամության հարցերով գործողությունների ազգային ծրագրով» սահմանված են այն բոլոր միջոցառումները, որոնք` անկախ տնտեսության զարգացման աստիճանից պետք է ապահովեին հաշմանդամների իրավունքների իրականացումը եւ նպաստեն նրանց եւ այլ քաղաքացիների կյանքի կենսամակարդակի միջեւ եղած տարբերության նվազեցմանը: 2000 թվականի մայիսի 31-ին Շվեդիայի խորհրդարանն ընդունել է «Հիվանդից դեպի քաղաքացի. հաշմանդամության ոլորտի քաղաքանության գործողությունների ազգային ծրագիրը», որի հիմնական խնդիրը հասարակական կյանքում հաշմանդամների լիարժեք մասնակցության ապահովումն է:

Նախագծում կանոնակարգված 2-րդ հիմնահարցը հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողովի ստեղծումն է, որը պայմանավորված է ինչպես հաշմանդամության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության բարձրացման, այնպես էլ հաշմանդամների կողմից պետական մարմինների որոշումների բողոքարկման եւ դրանց կենսագործման նկատմամբ վերահսկողության գործուն համակարգերի ստեղծման անհրաժեշտությամբ: Այսպիսի հանձնաժողովի ստեղծումը նույնպես նորույթ չէ: Օրինակ, Մեծ Բրիտանիայում 2000թ.-ից գործում է Հաշմանդամների իրավունքների կոմիտեն (ՀԻԿ), որը հաշմանդամների համար իրականացնում է խորհրդատվական ծառայություններ, մշակում է պարզաբանումներ: Իր գործունեության առաջին տարիներին ՀԻԿ-ը հաշմանդամներից ստացել է 65000 հարցում, 2500 գործ լուծել է հաշմանդամների եւ երրորդ անձանց միջեւ հաշտեցման պայմանագրերի կնքմամբ, 41 դատական գործերի վարույթներում հաշմանդամներին ցույց է տվել խորհրդատվական աջակցություն: Ներկայումս ՀԻԿ-ն ունի 150 անձից բաղկացած աշխատակազմ եւ գրասենյակներ Լոնդոնում, Մանչեստրում, Էդինբուրգում եւ Կարդիֆում: ՀԻԿ-ի կոմիսարների առնվազն 50%-ը պետք է լինեն կամ նախկինում եղած լինեն հաշմանդամ: Հաշմանդամ պետք է լինեն նաեւ ՀԻԿ-ի նախագահը կամ նախագահի տեղակալը: Ներկայումս գործում են 15 կոմիսար, որոնցից 10-ը հաշմանդամ են:

Առաջադրված նախագծով նախատեսվում է, որ 11 անդամից բաղկացած հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողովն իրականացնելու Համալիր եւ Տարեկան ծրագրերի, դրանց հաշվետվությունների եւ կատարումն ապահովող այլ փաստաթղթերի անկախ եւ մասնագիտական փորձաքննություն, ինչպես նաեւ հաշմանդամների իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն:

Հանձնաժողովի կազմը նախատեսվում է հետեւյալ հարաբերակցությամբ`

ա) 6 անդամ՝ հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.

բ) 5 անդամ՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության բնագավառի բժշկական եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Ըստ նախագծի հանձնաժողովի անդամներին նշանակում է Հանրապետության Նախագահը` հաշմանդամների հասարակական կազմակերպությունների, բժշկական եւ գիտական հաստատությունների ներկայացմամբ: Հանձնաժողովի անդամները նշանակվելու են օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում` վեց տարի ժամկետով:

Նախագծի հեղինակների կարծիքով հանձնաժողովի ստեղծմամբ լուրջ քայլ կկատարվի Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմնախնդիրների լուծման գործընթացն արագացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ կամրապնդվի պետության եւ հաշամանդամների հասարակական կազմակերպությունների համագործակցությունը: