Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-030-17.07.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է մեղրատու մեղուների բազմացման եւ խնամքի, գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման համար այդ մեղուների օգտագործման, մեղվաբուծական արտադրանքի ստացման, մեղրատու մեղուների  պահպանմանն ուղղված գործունեության իրավական հիմքերը:

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

մեղվաբուծություն- մեղրատու մեղուների բազմացումը, խնամքը, դրանց օգտագործումը գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման, մեղվաբուծական մթերքների ստացման համար,

մեղվաբույծ- մեղվաբուծությամբ զբաղվող քաղաքացի,

մեղվաընտանիք- մեղվափեթակում կամ  փչակում /բնում/ բնակվող մեղրատու մեղուների համակցություն, որը կազմված է բանվոր մեղուներից, բոռերից /արու մեղու/ եւ մեղվամայրից,

փեթակ - շինություն մեղվաընտանիքի համար,

մեղվանոց - մեղվաընտանիքների ամբողջություն, որն ապահովված է մեղվաբուծությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գույքով եւ պարագաներով,

ամրակայված (ստացիոնար) մեղվանոց - շուրջ տարին նույն տեղում գտնվող մեղվանոց,

շարժական մեղվանոց - նեկտարատու բույսերի կամ գյուղատնտեսական էնտոմոֆիլ կուլտուրաների տարածքների շրջակայքում տեղակայված մեղվանոց,

մեղուների պարս- նոր մեղվաընտանիք /ձագ տված երամը/, որը ձեւավորվել է հիմնական մեղվաընտանիքում եւ ինքնուրույնաբար բաժանվել է հիմնականից,

մեղվաբուծական արտադրանք - մեղրատու մեղուների ստեղծած  արտադրանքը /մեղր, մեղրամոմ եւ այլն/ ինչպես նաեւ հենց մեղրատու մեղուները

մոմաթերթ /մոմաչեչ/ - մեղվաբջիջների կառուցման համար հատուկ մշակում անցած մեղրամոմի շերտեր,

մեղրատու մեղուների ցեղ - բնակլիմայական որոշակի պայմաններում բնական ընտրության ճանապարհով ձեւավորված, սերնդե-սերունդ փոխանցվող հատկանիշների որոշակի ամբողջությամբ օժտված մեղվաընտանիքների խումբ,

մեղրատու մեղուների պոպուլիացիա - մեղրատու մեղուների տեսակի շրջանակում ձեւավորված մեղվաընտանիքների ամբողջություն, որը ձեւավորվել է որոշակի տարածքում եւ ունի ընդհանուր գենոֆոնդ,

էնտոմոֆիլ բույսեր - միջատների կողմից փոշոտվող բույսեր,

մեղրի գոյացման աղբյուրներ - նեկտար եւ ծաղկափոշի ձեւավորող բույսեր, որոնք մեղրատու մեղուների բնական սննդի աղբյուր են եւ ապահովում են մեղրի գոյացումը

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է մեղվաբուծության համակարգի կառավարման, մեղվաբուծական արտադրանքի արտադրության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 3. Մեղվաբուծության մասին օրենսդրությունը

Մեղվաբուծության բնագավառի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Հոդված 4. Մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտները

Մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտներն են` մեղվաբուծական հասարակական միավորումները, մեղվաբուծությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձիք:

Հոդված 5. Մեղվաընտանիքների քանակը

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար մեղվաընտանիքների թիվը չի սահմանափակվում` բացառությամբ սույն հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքային համայնքներում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար տեղական ինքնակառավարման մարմինները կարող են սահմանել մեղվաընտանիքների առավելագույն թիվը` ելնելով մեղրատու մեղուների խնամքի պայմաններից ու անասնաբուժա-սանիտարական նորմերից: Մեղվընտանիքների գրանցման եւ հաշվառման կարգը, ինչպես նաեւ անասնաբուժա-սանիտարական նորմերը սահմանվում են ՀՀ Կառավարության կողմից` սույն օրենքն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում: Ոչ առեւտրային ընկերություններում մեղվաընտանիքներով փեթակների քանակը կարգավորվում է ընկերության հիմնադիր փաստաթղթերով:

Հոդված 6. Մեղվաընտանիքներով փեթակների տեղադրումը ու տեղափոխումը

Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք մեղվընտանիքներով փեթակները տեղադրում են  սահմանված կարգով հատկացված հողատարածքներում`  պահպանելով համապատասխան  անասնաբուժա-սանիտարական նորմերը եւ մեղրատու մեղուներին պահելու կանոններ: Մեղվաընտանիքներով փեթակները տեղադրվում են առողջապահական, կրթական, մշակութային հաստատություններից քաղաքացիների համար անվտանգ հեռավորության վրա:

Մեղվաընտանիքներով փեթակների տեղադրման եւ տեղափոխման կարգը սահմանվում է ՀՀ Կառավարության կողմից` սույն օրենքն  ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում:

Հոդված 7. Մեղվաբուծության համար հողատարածքների տրամադրումը

Մեղվաբուծության բնագավառում գործունեություն իրականացնելու համար հողատարածքները տրամադրվում է ՀՀ հողային օրենսգրքին եւ ՀՀ անտառային օրենսդրությանը համապատասխան:

Շարժական մեղվանոցները տեղաբաշխվում են մեղրահումքի հավաքման աղբյուրներից այնպիսի հեռավորության վրա, որ ապահովվի մեղվաընտանիքների խնամքը եւ գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի արդյունավետ փոշոտումը:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձիք մինչեւ շարժական մեղվանոցի տեղադրումը պարտավոր են ստանալ հողի սեփականատիրոջ համաձայնությունը, տեղական ինքնակառավարման մարմնին եւ տարածքային անասնաբուժական տեսչությանը ներկայացնել անասնաբուժա-սանիտարական տեղեկանք:

Հոդված 8. Մեղվաընտանիքների օգտագործումը գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի փոշոտման համար

Գյուղատնտեսական էնտոմոֆիլ բույսերի մշակմամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձիք բերքատվության բարձրացման նպատակով կարող են օգտագործել այլ անձանց պատկանող մեղվաընտանիքները` ՀՀ Քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան կնքված պայմանագրով սահմանված պայմաններով:

Հոդված 9. Մեղվաբույծների հասարակական միավորումները

Մեղվաբույծները իրավունք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մեղվաբույծների հասարակական  միավորումներ: Մեղվաբույծների հասարակական միավորումները իրավունք ունեն սահմանված կարգով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալ համապատասխան տեղեկատվություն` մեղվաբուծության բնագավառում իրականացվող  գործունեության վերաբերյալ:

ԳԼՈՒԽ 3.

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 10. Սեփականության առարկաները մեղվաբուծության բնագավառում

Մեղվաբուծության բնագավառում սեփականության առարկա են մեղվաընտանիքները (պարսը) եւ մեղվաբուծության համար անհրաժեշտ գույքը:

Հոդված 11. Թռած-հեռացած պարսի վերադարձման իրավունքը

Մեղվի պարսը բաց թողած ֆիզիկական կամ իրավաբանական անձը այն վերադարձնելու իրավունք ունի, եթե անընդհատ հետապնդվել է պարսը: Այդ դեպքում  ֆիզիկական կամ իրավաբանական  անձը, որը բաց է թողել մեղվի պարսը, իրավունք ունի  հավաքելու այն, եթե  մեղվի պարսը տեղակայվել է ուրիշի տարածքում  կամ այլ անձի դատարկ փեթակում:

Հոդված 12. Թռած-հեռացած մեղվի պարսի ընդհանուր սեփականությունը

Տարբեր ֆիզիկական եւ/կամ իրավաբանական անձանց ընդհանուր սեփականություն են հանդիսանում իրար միացած պարսերը (մեղուների միասնական պարսը) մինչեւ փեթակ մտնելը:

Եթե միասնական պարսը ինքնուրույն բաժանվում է պարսերի, ապա դրանց նկատմամբ սեփականությունը որոշվում է վիճակահանությամբ, որի անցկացման կարգը սահմանվում է  գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի /այսուհետ լիազոր մարմին/ կողմից` սույն օրենքն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում:

Միասնական պարսը ինքնուրույն պարսերի չբաժանվելու դեպքում դառնում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի սեփականությունը, որն առավել բարձր արժեք է առաջարկում: Այդ գինը հավասար մասնաբաժիններով բաժանվում եւ վիճարկվում է մեղվի պարսի սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջեւ: Եթե մեղուների միասնական պարսը մտել է  մեղուներ պարունակող փեթակ, ապա թռած-հեռացած մեղվի պարսի արժեքի  փոխհատուցումն իրականացվում է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 13.  Թռած-հեռացած  մեղվի պարսի արժեքի փոխհատուցումը

Թռած-հեռացած մեղվի պարսի արժեքի  փոխհատուցման իրավունք ունեն  ֆիզիկական եւ իրավաբանական անձինք` պարսին անընդհատ հետապնդելու դեպքում, եթե մեղվի պարսը թռել է  /մտել է/  մեղուներ պարունակող  ուրիշ փեթակի մեջ, որը գտնվում է այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության, տնօրինման կամ օգտագործման ներքո: Թռած-հեռացած մեղվի պարսի  արժեքի փոխհատուցումը  իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համաձայն:

Հոդված 14. Մեղուների անվերահսկելի պարս

Ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից չհետապնդվող կամ անհայտ ծագում ունեցող պարսը համարվում է անվերահսկելի:

Անվերահսկելի պարսի նկատմամբ սեփականությունը որոշվում է ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: 

ԳԼՈՒԽ 4.

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 15. Մեղվաբուծության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները

Մողվաբուծության բնագավառում գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը  իրականացնում է հետեւյալ լիազորությունները.

ա/ մեղվաբուծության բնագավառում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը` համագործակցելով մեղվաբույծների հասարակական միավորումների եւ մեղվաբուծության զարգացման խորհրդի հետ,

բ/  մեղվաբուծության զարգացմանն նպատակաուղղված  հանրապետական եւ տեղական նշանակության նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը` համագործակցելով մեղվաբուծների հասարակական միավորումների եւ մեղվաբուծության զարգացման խորհրդի հետ,

գ/ մեղվաբուծության բնագավառում պետական ստանդարտների, նորմերի, կանոնների եւ կարգերի սահմանումը,

դ/ մեղրատու մեղուների պահպանման եւ մեղվաբուծական արտադրանքի որակի ապահովման նպատակով, անասնաբուժա-սանիտարական նորմերի ու կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը,

ե/ բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ մեղրատու մեղուների անվտանգ եւ բնականոն կենսակերպի ապահովումը,

զ/ մեղվաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությանը,

է/ մեղվաբուծության բնագավառում մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման աշխատանքների համակարգումը,

ը/ մեղվաբուծության բնագավառում տոհմաբուծության, մայրաբուծության, մեղրատու մեղուների արգելոցների զարգացման աշխատանքներին աջակցությունը,

-  մեղրատու մեղուների հիվանդությունների, թունավորումների կանխարգելման, բուժման, այդ մեղուների գոյությանը սպառնացող  վնասատուների դեմ պայքարի իրականացումը

- մեղվաբուծական արտադրանքի  արտահանման եւ ներմուծման նկատմամբ վերահսկողության  ապահովումը

թ/ կեղծ մեղրի հայտնաբերման դեպքում դրա առգրավումը եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացման ապահովումը:

ժ/ մեղվաընտանիքներում հիվանդությունների կանխարգելման նպատակով անհապաղ միջոցների ձեռնարկումը` ընդհուպ մինչեւ վարակ տարածող մեղվաընտանիքների վերացումը:

ի/ սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ: 

ԳԼՈՒԽ 5.

ՄԵՂՐԱՏՈՒ ՄԵՂՈՒՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Մեղրատու մեղուների պաշտպանության եւ մեղվաբուծության բնագավառում անասնաբուժա-սանիտարական հսկողության կազմակերպումը

Մեղրատու մեղուների պաշտպանությունը իրականացվում է լիազոր մարմնի կողմից:

Մեղրատու մեղուների պաշտպանության, ինչպես նաեւ մեղվաբուծության բնագավառում անասնաբուժա-սանիտարական նորմերի պահպանման միջոցառումները իրականացվում են` ապահովելով մեղվաբուծության բնագավառի հասարակական միավորումների անմիջական մասնակցությունը: Այդ նպատակով լիազորված մարմինը ստեղծում է մեղվաբուծության զարգացման խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են նաեւ մեղվաբույծների հասարակական միավորումների կողմից լիազորված անձիք:

Մեղվաբուծության բնագավառին վերաբերվող իրավական ակտերը եւ նորմատիվ փաստաթղթերը մինչեւ սահմանված կարգով ընդունվելը քննարկվում են մեղվաբուծության զարգացման խորհրդում:

Մեղվաբուծության զարգացման խորհրդի կազմավորման կարգը եւ կանոնադրությունը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:

Մեղվաբուծության ոլորտում անասնաբուժա-սանիտարական հսկողությունը իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 17. Մեղրատու մեղուների պաշտպանության հիմնական պահանջները

Մեղրատու մեղուների պաշտպանության հիմնական պահանջներն են.

ա/ մեղրատու մեղուների օգտագործման եւ վերարտադրության գիտականորեն հիմնավորված անասնաբուժական սպասարկումը,

բ/ մեղրատու մեղուների կենսամիջավայրի պահպանությունը,

գ/ մեղրատու մեղուների անասնաբուժա-սանիտարական սպասարկման ապահովումը:

Հոդված 18. Մեղրատու մեղուների պաշտպանության ապահովումը

Մեղրատու մեղուների պաշտպանության իրականացման հիմնական ձեւերն են.

ա/ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից մեղրատու մեղուների խնամքի անասնաբուժական եւ  սանիտարական նորմերի եւ կարգերի պաշտպանությունը,

բ/ բույսերի պաշտպանության զանգվածային միջոցառումների իրականացման հետեւանքով մեղրատու մեղուների թունավորման կանխարգելումը,

գ/ մեղվաընտանիքների անխափան տեղափոխման աջակցությունը,

դ/ մեղրատու մեղուների պաշտպանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների կազմակերպումը,

ե/ մեղվաբուծության պետական աջակցության եւ միջազգային համագործակցության զարգացման ապահովումը:

Հոդված 19. Անտառօգտագործման ժամանակ մեղրատու մեղուների պաշտպանությունը

Հայաստանի Հանրապետությունում անտառօգտագործումը իրականացվում է ՀՀ բնապահպանության օրենսդրությանը համապատասխան:

Անտառների պահպանմանն եւ ընդարձակմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են հաշվի առնելով մեղվաբուծության զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը

Նեկտարատու բույսերի ծաղկման շրջանում թունաքիմիկատների եւ ագրոքիմիկատների օգտագործումը դաշտերի, մարգագետինների, անտառների, պաշտպանիչ անտառաշերտերի եւ տնկիների մշակման նպատակով իրականացվում է լիազորված մարմնի գիտությամբ:

Արգելվում է մեղրահումքի հավաքման աղբյուր հանդիսացող ծառերի եւ թփերի /լորենի, թխկի, ուռենի, ակացիա եւ այլն/ հատումը, մեղվանոցների տեղաբաշխման վայրերից առնվազն 3 կմ հեռավորության վրա գտնվող ուռիների կեղեւի մթերումը` բացառությամբ անտառների սանիտարական վիճակի բարելավման եւ վերարտադրության խնդիրների լուծման նպատակով ձեռնարկվող միջոցառումների:

Հոդված 20. Մեղրատու մեղուների պաշտպանությունը դրանց բնակության բնական միջավայրում

Մեղրատու մեղուների օգտակար հատկությունների օգտագործումը ըստ դրանց բնակության բնական միջավայրի, մեղրատու մեղուների մեղվաբուծական արտադրանքի ստացումը իրականացնում է կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Արգելվում է փչակների եւ մեղրատու մեղուների բնակության բնական այլ վայրերի ոչնչացումը:

Բնակության բնական վայրում մեղվաընտանիքի առկայությունը մարդու կենսագործունեությանը խոչընդոտելու պարագայում, այդ մեղվաընտանիքների տեղափոխման անհնարինության դեպքում, դրա վերաբնակեցումը կամ ոչնչացումը իրականացվում է լիազորված մարմնի մեղվաբուծության բնագավառի  համապատասխան մասնագետների մասնակցությամբ:

Հոդված 21. Մեղրատու մեղուների հիվանդության կանխարգելումը, բուժումը, մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքարը

Մեղրատու մեղուների հիվանդության կանխարգելումը, բուժումը, մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքարը իրականացվում է լիազորված մարմնի կողմից ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք մեղվաընտանիքների հիվանդության կանխարգելման, բուժման ու մեղվաընտանիքների վնասատուների դեմ պայքար իրականացնելիս ՀՀ օրենսդրությանը համապատասխան կարող են ներգրավել անասնաբուժության ոլորտում լիցենզիա ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են մեղվանոցների սանիտարական անձնագիր ունենալ: Սանիտարական անձնագրի վարումը եւ հանձնումը իրականացվում է լիազորված մարմնի կողմից:

Հոդված 22. Մեղվաընտանիքների առավել մեղրատու տեսակների բազմացումը

Մեղուների առավել արժեքավոր տեսակների բազմացմանը ու օգտագործմանը, ինչպես նաեւ մեղվաընտանիքների առավել արժեքավոր տեսակների բարելավմանն ուղղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեությունն իրականացվում է տոհմային անասնաբուծության մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տոհմային առավել արժեքավոր մեղուների պոպուլյացիաներով ապահովելու, ինչպես նաեւ մեղրատու մեղուների տեսակների բարձրացման նպատակով տարածքներում (բնակության բնական շրջակայքում) կարող են ստեղծվել մայրաբուծարաններ:

Տոհմային վերարտադրիչների շուրջ սահմանվում են պաշտպանիչ տարածքներ` ոչ պակաս քան 10-15 կմ շառավիղով: Այդ տարածքներում արգելվում է այլ տեսակի անհայտ ծագում ունեցող մեղվաընտանիքների, պարսամայրերի տեղակայումը:

Հոդված 23. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մեղրատու մեղուների համար վտանգավոր իրավիճակների մասին տեղեկացումը

Ֆիզիկական եւ իրավաբանական անձիք, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն ժամանակին ամբողջական ու հավաստի տեղեկատվություն ստանալ շրջակա միջավայրի, ինչպես նաեւ մեղրատու մեղուների համար վտանգ ներկայացնող իրավիճակի մասին: Շրջակա միջավայրի, մեղրատու մեղուների համար վտանգ ներկայացնող իրավիճակի մասին իրազեկումը իրականացվում է լիազորված մարմնին սահմանված կարգով:

Թունաքիմիկատներ կամ ագրոքիմիկատներ օգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձիք պարտավոր են քիմիական մշակում սկսելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ, անձամբ գրավոր կամ ԶԼՄ-ների միջոցով մշակվող գյուղատնտեսական եւ անտառային բույսերի տարածքից 5 կմ-ից պակաս հեռավորության վրա գտնվող մեղվանոց ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց  եւ լիազոր մարմնին տեղեկացնել աշխատանքների սկզբի եւ ավարտի մասին: Իրազեկումը պարունակում է գյուղատնտեսական եւ անտառային բույսերի մշակման ամսաթվի, մշակման ձեւի, օգտագործվող թունաքիմիկատների եւ ագրոքիմիկատների թունավորության աստիճանի մասին տեղեկատվություն:

Հոդված 24. Աջակցություն մեղվաընտանիքների տեղափոխմանը

Մեղվաընտանիքների տեղափոխումն իրականացվում է լիազորված մարմնի տարածքային անասնաբուժական տեսչության հետ համաձայնեցված երթուղիներով:

Փեթակի գերջերմացման ու օդի խոնավության կտրուկ բարձրացման հետեւանքով մեղվաընտանիքների ոչնչացումը  կանխարգելելու նպատակով  պետական ավտոմոբիլային տեսչությանը արգելվում է մեղվի փեթակներ տեղափոխող  տրանսպորտային միջոցների շարժման կանգնեցումը 15 րոպեից ավելի, եթե դա պայմանավորված չէ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի զննությամբ:

Իբրեւ շարժական մեղվանոց օգտագործվող կցասայլերը, հենահարթակները, տաղավարները համարվում են գյուղատնտեսական տեխնոլոգիական սարքավորում:

ԳԼՈՒԽ 6.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 25. Պատասխանատվությունը մեղվաբուծության բնագավառում օրենսդրության խախտման համար

Մեղվաբուծության բնագավառում օրենսդրության խախտումը հանգեցնում է վարչական կամ այլ պատասխանատվության` ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

ԳԼՈՒԽ 7.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մեղվաբուծության մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտության մասին

Oրինագծի ընդունումը պայմանավորված է  գյուղատնտեսության այդ կարեւոր բնագավառի  հիմնախնդիրները լուծելու եւ կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը մշակելիս հիմք է ընդունվել 1998թ. ընդունված «Մեղվաբուծության մասին»  Ռուսաստանի Դաշնության օրենքը: Որոշ հարցերում օգտագործել ենք նաեւ ԱԺ պատգամավորներ  Ս. Բալասանյանի, Խ. Պետրոսյանի եւ Վ..Գյուլզադյանի հեղինակած եւ 2005թ.  շրջանառության մեջ դրված եւ չքննարկված օրինագիծը, որի հիմքում նույնպես եղել է  Ռուսաստանի Դաշնության վերոհիշյալ նախագիծը: