Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 62-րդ հոդվածը «ֆոնդային մասի ֆինանսական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաս» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերով՝
«բացառությամբ՝ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար ավագանու առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների բյուջեի վարչական մաս ուղղման դեպքերի (ընդ որում նշված նպատակով ներգրավող ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները ենթակա են մինչեւ նույն բյուջետային տարվա ավարտը հետ վերադարձման համայնքի բյուջեի ֆոնդային մաս):»:
Նույն հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրաված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցները մինչեւ նույն բյուջետային տարվա ավարտը ամբողջ ծավալով համայնքի բյուջեի ֆոնդային մաս հետ չվերադարձնելու դեպքում համայնքի ղեկավարը պետական լիազորված մարմնի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մշակում է այդ գումարները ֆոնդային մաս վերադարձնելու ծրագիր: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում դա համայնքի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրաված ֆոնդային մասի ժամանակավոր ազատ միջոցների ֆոնդային մաս չվերադարձված գումարները հետ վերադարձնելու ծրագրի իրականացման առնչությամբ»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով:
2002 թվականին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով սահմանվում է, որ համայնքի բյուջեի ֆոնդային մասի ֆինանսական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաս:
Սակայն համայնքների բյուջեների վարչական մասում բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջանում են դեֆիցիտներ (պակասուրդներ), որոնք պայմանավորված են բյուջետային տարվա ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման անհամաչափությամբ։
Միեւնույն ժամանակ, նույն համայնքների բյուջեների ֆոնդային մասում բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջանում են ժամանակավոր ազատ ֆինանսական միջոցներ:
Համայնքների ղեկավարները բազմիցս դիմել են ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ առաջարկելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, որոնց ընդունումը հնարավոր կդարձնի բյուջեների ֆոնդային մասում առկա ժամանակավոր ազատ ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի բյուջեի վարչական մաս՝ առաջացած պակասուրդները ապահովելու նպատակով։
Առաջարկվող նախագծով սահմանվում է, որ համայնքի բյուջեյի ֆոնդային մասից միջոցները ժամանակավորապես կարող են ուղղվել համայնքի բյուջեյի վարչական մաս համայնքի ավագանու որոշմամբ, այդ առաջարկությունը ներկայացնելով ՀՀ կառավարությանը՝ հաստատման։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ընդունվելուց հետո ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի կարգ, որով կսահմանվեն միջոցները համայնքի բյուջեյի ֆոնդային մասից վարչական մաս ուղղելու պայմաններն ու սահմանափակումները, ինչպես նաեւ այն երաշխիքներն ու գործընթացները, որոնք կապահովեն այդ միջոցների վերադարձը համայնքի բյուջեյի վարչական մասից ֆոնդային մաս ինչպես ընթացիկ բյուջետային տարվա ընթացքում, այնպես էլ հաջորդ բյուջետային տարում՝ եթե ընթացիկ տարում այն ամբողջ ծավալով չի վերադարձվել։